• am
  • ru
  • en
Версия для печати
07.07.2015

ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ՀՈՒՆԱԿԱՆ ԴԵՖՈԼՏ ՉԻ ՍՊԱՌՆՈՒՄ. ԱՇՈՏ ԹԱՎԱԴՅԱՆ

   

Հայաստանին որևէ դեֆորլտ չի սպառնում: Այս մասին Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՀՀ Վերահսկիչ պալատի հիմնադիր նախագահ, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Աշոտ Թավադյանն՝ անդրադառնալով մամուլում տեղ գտած հրապարակումներին, թե չի նույն հունական դեֆոլտը կարող է կրկնվել նաև Հայաստանում:

«Դա բլեֆ է, սակայն կարող եմ վստահեցնել, որ Հայաստանին որևէ դեֆոլտ չի սպառնում, պարզապես պետք է Հայաստանը արդյունավետ և կառուցողական վարկեր վերցնի ու ճիշտ օգտագործի: Իհարկե, պետական պարտքի վերին սահմանը չգերազանցելը անհրաժեշտ է: Սակայն առաջնահերթ է վարկ վերցնելուց հստակ վերլուծել վարկի նպատակը` առաջին հերթին նա պետք է ուղղված լինի տնտեսության ներուժի և մրցունակության աճին, այլ ոչ թե զուտ սպառման դեր կատարի: Երկրորդ, չափազանց կարևոր է վերլուծել վարկի կառուցվածքը, քանզի ոչ արդյունավետ բաղադրիչները կարող են փաստացի վերածվել անուղղակի տոկոսի` դարձնելով արտոնյալ վարկը ակնհայտ ոչ շահավետ: Իհարկե, կարևոր է նաև վարկի օգտագործման հրապարակայնությունը և անընդհատ մոնիտորինգը: Իսկ ինչ վերաբերում է դեֆոլտին, ապա դա մեզ այս պահին չի սպառնում, ուղղակի նաև այստեղ վարկերի հաշվին պետք է լուծենք ռազմավարական խնդիրներ, որպեսզի երկարաժամկետ առումով նախ ապահովենք տնտեսական աճի ավելի բարձր տեմպ, և դրանով իսկ նաև ապահովենք տվյալ վարկերի վերադարձելիությունը:»,- ասաց տնտեսագետը:

Հիշեցնենք, որ «Հայկական ժամանակ» օրաթերթը հիշեցրել էր, թե «ՀՀ կառավարության պաշտոնական կանխատեսումներով, ՀՀ պետական պարտքը 2015 թվականի վերջին կկազմի 4.9 միլիարդ դոլար: Դրանով պետական պարտքը կկազմի մեր համախառն ներքին արդյունքի շուրջ 45 տոկոսը: Իրականում, սակայն, պատկերը այլ կլինի:

Քանի որ ՀՆԱ-ի աճը խիստ կասկածելի է, սպասվում է, որ գործնականում՝ մինչև տարեվերջ ՀՀ պետական պարտքը կկազմի ՀՆԱ-ի 55-57 տոկոսը։ Բայց սա էլ չի արտահայտի իրականությունը: Խնդիրն այն է, որ ՀՀ պետական պարտքի մեջ ներառված չեն գումարներ, որոնք տրամաբանորեն պետք է ներառվեին: Մասնավորապես կառավարության երաշխիքներով բանկերը հսկայական ծավալների վարկեր են տրամադրել տարբեր կազմակերպությունների»,- գրել էր թերթն ու հորդորել համապատասխան մարմիններին ուշադիր հետևել թե ինչ է այս օրերին կատարվում Հունաստանում: «Այդ նույնը կարող է կատարվել նաև Հայաստանում»,- հավելել էր թերթը:

04.07.15

http://www.aysor.am/am/news/2015/07/04/%D4%B1%D5%B7%D5%B8%D5%BF-%D5%A9%D5%A1%D5%BE%D5%A1%D5%A4%D5%B5%D5%A1%D5%B6/972201


դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր