• am
  • ru
  • en
Версия для печати
01.07.2015

ԱՆԱՉԱՌ ԵՎ ԲԱԶՄԱԿՈՂՄԱՆԻ ԱՈՒԴԻՏԸ ՀՐԱՄԱՅԱԿԱՆ Է

   

Հարցազրույց տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր, Վերահսկիչ պալատի նախկին նախագահ ԱՇՈՏ ԹԱՎԱԴՅԱՆԻ հետ

-Ինչպես հայտնի է, հանրապետության նախագահը առաջարկել է ՀԷՑ-ում միջազգային աուդիտ անցկացնել եւ պարզել, թե որքանով է հիմնավորված էլեկտրաէներգիայի թանկացումը: Ըստ ձեզ՝ աուդիտի անցկացումը լավագույն ե՞լքն է ստեղծված իրավիճակի համար:

-Հանրապետության նախագահը, կարծում եմ, ճիշտ որոշում է կայացրել՝ միջազգային աուդիտ նախաձեռնելով: Իսկապես մանրակրկիտ աուդիտը հիմա անհրաժեշտություն է եւ, կարծում եմ, ամենալավ ելքն է:

Բայց անհրաժեշտ է, որպեսզի աուդիտը բազմակողմանի լինի: Բանն այն է, որ միջազգային աուդիտորական կազմակերպությունները հիմնականում իրականացնում են հաշվապահական աուդիտ՝ պարզելով, թե միջազգային չափորոշիչներին համապատասխա՞ն են կազմվել ընկերության հաշվետվությունները: Ծախսերը, շահույթը ճի՞շտ են գրանցվել եւ հարկային պարտավորությունները լիարժե՞ք են կատարել:

Նման աուդիտը լիարժեքորեն բավարար է միայն այն մասնավոր կազմակերպությունների համար, որոնք մրցակցային դաշտում են գործում: Բայց բավարար չէ պետական կամ ակնհայտ մենաշնորհային դիրք ունեցող կազմակերպությունների համար: Այդպիսի կազմակերպություններում հարկավոր է իրականացնել նաեւ համեմատական եւ արդյունավետության աուդիտ:

Արդյունավետության աուդիտ անցկացնելով՝ հնարավոր կլինի բացահայտել այն ծախսերը, որոնք արվել են ոլորտի կառավարման համար, եւ հասկանալ՝ արդյունավետորե՞ն են դրանք կատարվել, նպաստե՞լ են համակարգի զարգացմանը, թե՞ համակարգը դոփել է տեղում:

Համեմատական աուդիտով հարկավոր է որոշել՝ ընկերության իրականացրած գնումները համապատասխանո՞ւմ են շուկայական արժեքներին, թե՞ գերազանցում են: Ըստ այդմ հայտնի կլինի՝ չարաշահումներ եղե՞լ են, թե՞ ոչ:

-Ի՞նչ կարելի է ակնկալել աուդիտի արդյունքներից։ Ակնհայտ է, որ ՀԷՑ-ն իրոք չարաշահումներ է թույլ տվել, որի համար պարտավորեցնում է վճարել հանրությանը:

-Տրամաբանությունը հուշում է, որ ՀԷՑ-ը սակագնի բարձրացման համար իբրեւ հիմնավորում ներկայացնելով, օրինակ, տարադրամի փոխարժեքը, դա փաստացի որպես պատրվակ է օգտագործել:

Իրոք, 2014թ. վերջին դրամի փոխարժեքը նվազեց 20 տոկոսով, եւ մեկ դոլարի համար այն 410-ից հասավ մինչեւ 475-480-ի սահմաններին: Իսկ քանի որ ՀԷՑ-ն իր հասույթը ստանում է միայն դրամով, բայց սարքավորումները գնում է եւ աշխատավարձերը գնահատվում է նաեւ տարադրամով, ապա պարտադրված էր սակագնի բարձրացման միջոցով ավելացնել իր հասույթը: Բայց այս պատճառաբանությունը միայն առաջին հայացքից է հիմնավորված թվում:

Բանն այն է, որ 1999 թվականից մինչեւ 2008թ. էլէներգիայի գինը Հայաստանում չի թանկացել: Մինչդեռ 2003թ. դոլարի միջին փոխարժեքը Հայաստանում եղել է 580 դրամ, մինչեւ 2005թ. գերազանցել է 500 դրամը: 2008թ. հասել է 305 դրամի, այսինքն՝ ՀԷՑ-ի եկամուտները մոտ 2 անգամ ավելացել են: Նշենք, որ մինչեւ 2012թ. փոխարժեքը չի գերազանցել 400 դրամը: 2003-2005թթ. ՀԷՑ-ն աշխատել է իր համար ոչ նպաստավոր փոխարժեքով, սակայն այն ժամանակ սակագնի բարձրացման հարց չի բարձրացրել:

Իսկ այսօր, երբ դոլարի փոխարժեքը չի գերազանցում այդ տարիների ցուցիչը եւ մոտ 100 դրամով էլ ցածր է, ՀԷՑ-ը սակագնի վերանայման հայտ է ներկայացնում:

Աուդիտի ժամանակ շատ կարեւոր է փոխարժեքի փոփոխման այս դինամիկան հաշվի առնելը՝ վերջին 10 տարիների ընթացքում եւ ըստ այդմ նաեւ հասկանալ, թե որքանով է ճիշտ մենեջմենթ իրականացրել ընկերությունը. նպաստավոր տարիներին, երբ փոխարժեքը ցածր էր, ինչպես նաեւ սարքավորումներն անհամեմատ էժան էին ազգային արժույթով, ընկերությունը մեծացրե՞լ է ներդրումների ծավալը, թե՞ դա թողել է ծանր ժամանակների համար: Սխալ մենեջմենթի դեպքում իր կրած կորուստների համար պետք է ընկերությունը պատասխան տա եւ ոչ թե հասարակությունը:

Նախապես լիարժեք հնարավոր չէ կանխատեսել աուդիտի արդյունքները, սակայն հասարակությունը այս դեպքում պետք է հստակ հարցեր առաջադրի եւ պահանջի դրանց պատասխանները:

-Ոմանք չեն հավատում աուդիտի արդյունքներին՝ ասելով, որ դրանով իշխանություններն ընդամենը փափուկ բարձ են դնում հասարակության գլխի տակ:

-Աուդիտի օբյեկտիվությունը կախված է նաեւ հասարակությունից: Նա պետք է հստակեցնի, թե ինչ սպասելիքներ ունի դրանից: Ուստի հստակ հարցեր պետք է դրվեն ու ակնկալվեն դրանց պատասխանները:

Օրինակ, աուդիտի ժամանակ կարեւոր է դիտարկել, թե ՀԷՑ-ը էներգամատակարարներից գնումներ կատարելով՝ արդյոք զուտ սուբյեկտիվ դիրքորոշումներով չի՞ առաջնորդվել՝ ավելի էժան էներգիայի առկայության դեպքում ինչ-ինչ պատճառներով նախապատվությունը տալով թանկ էներգակրին:

Պետք է անպայման համեմատական վերլուծություն կատարվի՝ էլեկտրաէներգիա արտադրողներից ձեռք բերվող հոսանքի մեծածախ գնի եւ սպառողներին առաջարկվող գնի տարբերությունն ինչքա՞ն է կազմում: Արդյոք ՀԷՑ-ն այդտեղ չհիմնավորված մեծ ծախսեր չի՞ իրականացնում, եւ այդ ծախսերը չե՞ն գերազանցում բանականության սահմանը:

Հարցադրումները նաեւ պետք է ուղղված լինեն էներգահամակարգի կառավարմամբ զբաղվող պետական կառույցին: Դա մասնավորապես վերաբերում է էներգակիրների հարցը համակարգված լուծելուն:

Դիցուք, Հայաստանում գազի գինը ԵԱՏՄ անդամ դառնալուց հետո սահմանին դարձավ 165 դոլար, ինչը փոխհատուցեց փոխարժեքի 20 տոկոս տատանումը, եւ գազը բնակչության համար չթանկացավ: Բայց ի տարբերություն բնակչության՝ խոշոր սպառողների, այդ թվում՝ ՋԷԿ-երի համար գազի գինը դոլարով անփոփոխ է մնացել, այսինքն՝ դրամով թանկացել է 20 տոկոսով: Արդյունքում ստացվում է, որ դրա պատճառով ՋԷԿ-ի արտադրած հոսանքն ավելի թանկ է, ինչն էլ վերջնարդյունքում ազդում է հենց հասարակ քաղաքացու գրպանի վրա, որի համար գազի սպառման գինը չի բարձրացվել:

Ուստի եթե մենք հասարակության համար մատակարարվող էներգակիրների հարց ենք լուծում, ապա նպատակահարմար է այդ խնդիրը համակարգված դիտարկել, ոչ թե իրարից անկախ:

Չափազանց կարեւոր է, որ դիտարկման առարկա լինի նաեւ էլեկտրաէներգիայի համար սահմանված գինը՝ տարածաշրջանի երկրներում գործող սակագնի համեմատ՝ որքանով է մեր էլեկտրաէներգիան մատչելի հանրությանը մյուս պետություններում մատակարարվող էլեկտրաէներգիայից, եւ եթե այստեղ այն ավելի թանկ է, ապա ի՞նչ հիմնավորումով:

Նաեւ անպայման անհրաժեշտ է համեմատել, թե ինչ գնով է ՀԷՑ-ը գնում էլեկտրաէներգիան եւ վաճառում սպառողներին, եւ արդյոք այդ տարբերությունը էապես չի՞ գերազանցում տարածաշրջանի երկրների այդ ցուցանիշը:

Աուդիտի հարցադրումները պետք է հստակ լինեն, բացարձակապես թափանցիկ, համացանցում հասանելի, որ հասարակությունը կարողանա իր հարցերի պատասխանները գտնելու անձամբ հետեւել ուսումնասիրություններին եւ դրա արդյունքներին:

Միայն այս պայմանների առաջադրմամբ հնարավոր կլինի հասարակության համար ընդունելի որոշակի լուծումների հասնել, ինչպես նաեւ ապահովել տնտեսության մրցունակությունը:

ԹԱԳՈՒՀԻ ԱՍԼԱՆՅԱՆ

http://www.armworld.am/detail.php?paperid=5105&pageid=156414&lang=


դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր