• am
  • ru
  • en
Версия для печати
08.06.2015

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԿԱՌՈՒՅՑՆԵՐԻ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄՆԵՐԸ ՀԱԿԱՍԱԿԱՆ ԵՆ

   

Հարցազրույց տնտեսագետ ԱՇՈՏ ԹԱՎԱԴՅԱՆԻ հետ

-Պարոն Թավադյան, իրատեսակա՞ն եք համարում Հայաստանի տնտեսության վերաբերյալ միջազգային ֆինանսական կառույցների բացասական կանխատեսումները. մասնավորաբար ԱՄՀ-ն հայտարարեց, թե Հայաստանը տնտեսական շոկի մեջտեղում է, ու տարին կամփոփի 0 տոկոս տնտեսական աճով, իսկ ՎԶԵԲ-Ը կանխատեսեց 1,5 տոկոս տնտեսական անկում:

-Տեսեք, Համաշխարհային բանկն էլ կանխատեսում է 0,8 տոկոս աճ, Եվրասիական բանկը նույնպես աճ է կանխատեսում` 1,6 տոկոս, Ասիական բանկը եւս` 1,8 տոկոս աճ: Մինչդեռ, խնդրեմ, ինչպես նշեցիք, ԱՄՀ-ն ու ՎԶԵԲ-ը անկում են կանխատեսել: Նման` ճշգրիտ թվերով կանխատեսումները համարում եմ անհիմն:

Վերջերս Մոսկվայում լույս տեսավ իմ հեղինակած «Տնտեսության անորոշության միջակայքերը» գիրքը, ուր գրում եմ, որ անորոշության իրավիճակում նման կանխատեսումներ անելը նշանակում է հետո պատճառաբանել, թե ինչու քո կանխատեսումը չիրականացավ: Կարծում եմ, որ անորոշ իրավիճակներում շատ ավելի ճիշտ է միջակայքային, կարճ կանխատեսումներ իրականացնելը: Այդ առումով ԱՄՀ-ի` 0,8 տոկոս աճը կամ ՎԶԵԲ-ի` 1,5 տոկոս անկումը համարում եմ չհիմնավորված կանխատեսում:

Այս իրավիճակում իմ կանխատեսումը հետեւյալն է` 1 տոկոս անկումից մինչեւ 2,5 տոկոս աճ, այսինքն՝ Հայաստանի տնտեսությունը կարող է աճ ունենալ այս թվերի միջակայքում:

-Իսկ ի՞նչ կասեք վարչապետի կանխատեսման մասին` կառավարությունը կապահովի՞ 2% տնտեսական աճ:

-Հայաստանի կառավարությունը ճիշտ է արել, որ այս իրավիճակում նման շեմ է սահմանել: Ինչո՞ւ. որովհետեւ կառավարության սկզբունքներից մեկը ոչ թե «չի լինի»-ն է, այլ հակառակը` ռացիոնալ լավատեսությունը, ինչը շատ կարեւոր է ցանկացած աշխատանք, հատկապես երկրին առնչվող նման խոշոր խնդիր կատարելիս:

Հետեւաբար նման պայմաններում 2 տոկոսը լինելով բարձր՝ միաժամանակ ռացիոնալ շեմ է: Նման նշաձողի սահմանումը պահանջում է ուժերի համախմբում, լարում` այս կարեւոր խնդրի իրականացման նպատակով: Այնպես որ, դրական եմ վերաբերվում նրան, որ կառավարությունն իր առաջ նման խնդիր է դրել:

Հայաստանի տնտեսության զարգացման վրա կարեւոր ներգործություն ունեն հետեւյալ գործոնները. տարածաշրջանային կայունությունը, ԵԱՏՄ երկրների կողմից վարվող համաձայնեցված տնտեսական քաղաքականությունը եւ Հայաստանի կառավարության արդյունավետ քայլերը, որոնք նպատակաուղղված կլինեն վարչապետի նախանշած ցուցանիշի իրականացմանը:

Իսկ ոլորտների առումով կարեւորում եմ գյուղատնտեսության, մանավանդ ջերմոցային տնտեսությունների զարգացումը, նանոտեխնոլոգիաների, դեղագործության, գունավոր մետաղների հումքի խորը մշակումը, անպայմանորեն ռազմավարական բնույթի արտադրության զարգացումը:

Փոքր տնտեսություն ունեցող երկիրը դա միանգամից չի կարող անել, բայց մենք պետք է օգտվենք այն հնարավորությունից, որ մեզ տալիս է ԵԱՏՄ-ն:

-Ուշագրավ է, որ մինչեւ Հայաստանի՝ ԵԱՏՄ անդամակցումը միջազգային ֆինանսական կառույցները առանձնապես հակված չէին Հայաստանի տնտեսությունը գնահատել «մութ ակնոցների» հետեւից: Մինդեռ այսօր արձանագրելով խիստ բացասականը՝ նաեւ ենթատեքստում հետեւություն են անում, թե Հայաստանը տուժել է ԵԱՏՄ անդամակցումից: Սրանում քաղաքական ենթատեքստ չե՞ք տեսնում:

-Ձեր հարցին կպատասխանեմ այսպես` անորոշության պայմաններում նրանց արած կանխատեսումը ուղղակի հիմնավոր չէ: Ի՞նչ է նշանակում` Հայաստանը տուժել է ԵԱՏՄ անդամակցումից. բազմիցս ասել եմ, այս անկումը մեր տնտեսության մեջ տեղի կունենար նաեւ այն դեպքում, եթե չլինեինք ԵԱՏՄ անդամ, չէ՞ որ Հայաստանի տնտեսությունը շատ կապակցված է ԵԱՏՄ լիդեր պետության` Ռուսաստանի տնտեսության հետ:

Ի դեպ, մեր տնտեսությունը մեծ հարված ստացավ հոկտեմբեր, նոյեմբեր ամիսներին, երբ մենք դեռ ԵԱՏՄ անդամ չէինք, իսկ Հայաստանն ընդամենը հունվարի 1-ից է անդամակցում այդ միությանը:

Ուզում եմ արձանագրել կարեւոր մի հանգամանք. Ռուսաստանում տնտեսությունը սկսել է կայունանալ, քանի որ կայունացել են նավթի գները, կայունացել է ռուսական ռուբլին: Ինչ վերաբերում է պատժամիջոցներին, ապա դրանց արդյունավետությունը պետք չէ գերագնահատել, դրանք նաեւ երկարատեւ բնույթ չեն ունենա, քանի որ այդ հարցում ԵՄ երկրներում չկա միասնական կարծիք:

Բայց անգամ այդ դրական միտումի առկայությամբ, դարձյալ շեշտում եմ, որ կա անորոշություն, որը պայմանավորված է նաեւ ԵԱՏՄ պայմանագրի առանցքային կետերի ընդհանուր ձեւակերպմամբ: Խնդիրը հետեւյալն է. եթե ԵԱՏՄ-ում հնարավոր լինի վարել համաձայնեցված տնտեսական, հատկապես դրամավարկային քաղաքականություն, ու սրա հետ մեկտեղ բարձրանա մեր կառավարման արդյունավետությունը, ապա, կարծում եմ, Հայաստանի տնտեսական աճը կլինի դրական:

-Այն, որ Հայաստանի համար դեռ զգալի չեն ԵԱՏՄ անդամակցման ցանկալի արդյունքները, որ 170 միլիոնանոց շուկայից դեռ չենք ստացել մեր ակնկալիքը, իբրեւ պատճառ բերվում են ենթաօրենսդրական ակտերը, որոնք հնարավորություն չեն տալիս մեզ լիարժեքորեն աշխատելու: Համակարծի՞ք եք նման պատճառաբանությանը:

-Պետք է աշխատել նպատակասլաց: Սխալ կլինի մեր պահվածքը, եթե միայն գնանք ու ասենք` տվեք մեզ այս, այն, լուծեք մեր այս կամ այն խնդիրը: Դա արդյունավետ ճանապարհ չէ: Պետք է լուծումների ուղղություն ցույց տալ, որը կհամապատասխանի նաեւ գործընկերների շահերին:

Այսինքն՝ հստակ պետք է դնես քո խնդիրը, միաժամանակ ցույց տալով, որ դրա լուծումը բխում է ոչ միայն Հայաստանի, այլեւ գործընկեր երկրների շահերից: Ինչպես ասացի, աշխատել է պետք, այսինքն՝ ԵԱՏՄ-ի կառույցներում աշխատող Հայաստանի ներկայացուցիչները պետք է առաջարկները ներկայացնեն այնպես, որ դա բխի բոլորի շահերից:

ԵԱՏՄ-ում Հայաստանն ունի լիդեր պետությանը` Ռուսաստանին հավասար ձայնի իրավունք, ու այդ հնարավորությունից պետք է կարողանանք հնարավորինս արդյունավետ օգտվել: Բայց դա չի նշանակում` նստեմ թախտին, սպասեմ բախտին. այդպես չի լինելու:

ԱՐՄԻՆԵ ՍԻՄՈՆՅԱՆ

http://www.armworld.am/detail.php?paperid=5088&pageid=155939&lang=


դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր