
ԵԱՏՄ ԵՐԿՐՆԵՐԻ ՀԱԿԱՃԳՆԱԺԱՄԱՅԻՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՀԱՄԱՁԱՅՆԵՑՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր, ինտեգրացիոն գործընթացների հետազոտման հեղինակային կոլեկտիվի ղեկավար, Եվրասիական փորձագիտական ակումբի անդամ
Զեկուցում՝ կարդացված երիտասարդ քաղաքագետների և միջազգայնագետների համար, Եվրասիական փորձագիտական ակումբի «Գլոբալ մարտահրավերները և Եվրասիական ինտեգրացիան» թեմայով կլոր սեղանի ժամանակ, 2015թ. փետրվարի 27-ին, «Նորավանք» ԳԿՀ-ում, Երևան։
Ռուսաստանի տնտեսության վիճակը, որի ՀՆԱ-ն կազմում է ԵԱՏՄ երկրների ՀՆԱ 85%-ը, դրամական փոխանցումների (մասնավորապես՝ Հայաստան) կրճատվող ծավալները, ընդհանուր պահանջարկի իջնող մակարդակը հանգեցնում են ՀՆԱ տեմպի աճի նվազմանը և վճարային հաշվեկշռի վատթարացմանը ԵԱՏՄ երկրներում։ Միևնույն ժամանակ, ԵԱՏՄ երկրների վարկանիշների իջեցումը միջազգային գործակալությունների կողմից կարող է բացասաբար անդրադառնալ վարկային ռեսուրսների ստացման հնարավորությունների վրա։ ԵԱՏՄ երկրներում տնտեսության անորոշության միջակայքի կտրուկ աճի պայմաններում տնտեսության կայունության հավանականությունը կարող է էապես բարձրանալ հակաճգնաժամային միջոցառումների արդյունավետ իրականացվող համաձայնեցված քաղաքականությամբ։ Եվրասիական տնտեսական միության կարևոր խնդիրը Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Հայաստանի և Ղրղզստանի տնտեսությունների ներուժի ավելացումն է։
«ՌԴ արդյունաբերական քաղաքականության մասին» օրենքը միջնաժամկետ հեռանկարում կարող է նպաստել այն բեկումնային ներուժի ստեղծմանը, որը թույլ կտա մոտ ապագայում հասնել արմատական փոփոխության երկարաժամկետ դինամիկ տնտեսական աճի ապահովման հնարավորությունների հարցում՝ հիմք ունենալով մարդկային և ինովացիոն ներուժը, հինգերորդ տեխնոլոգիական կարգի վերականգնման և վեցերորդ տեխնոլոգիական կարգին անցնելու համար պայմանների ստեղծման նպատակով։ Սա կարող է նաև հիմք ծառայել, որպեսզի Ռուսաստանը ներկայանա ոչ թե միայն որպես խոշոր տարածաշրջանային երկիր, այլև պետություն՝ խոշոր ներուժով, առաջին հերթին՝ տնտեսության այն ոլորտներում, որոնք կապահովեն նոր ինդուստրիալիզացումը։ Ռուսաստանը մի շարք նորարարական ոլորտների գծով զբաղեցնում է առաջատար դիրքեր աշխարհում, բայց առայժմ դա համընդհանուր բնույթ չունի։ Ռուսաստանն, անկասկած, կարող է կտրուկ հզորացնել ինովացիոն հատվածը տնտեսության շատ ոլորտներում և այս առումով միավորիչ դեր կարող է խաղալ նաև Եվրասիական միության երկրների համար։ Դա անհրաժեշտ է Ռուսաստանին, ինչպես նաև ԵԱՏՄ բոլոր անդամներին, քանի որ փոքր տնտեսություն ունեցող երկրները, ինչպես ցույց է տալիս համաշխարհային փորձը, սովորաբար չեն կարող արժանի տեղ գրավել արդի ինդուստրիալիզացման ոլորտում՝ առանց տարողունակ շուկայի, համաձայնեցված տնտեսական քաղաքականության և ֆինանսական ու հումքային ներուժի համատեղման։
Նշենք, որ գոյություն ունի առասպել այն մասին, թե զարգացած երկրների հետ ինտեգրման պարագայում կարելի է շատ արագ դառնալ ինովացիոն երկիր, բայց եթե համագործակցության այս վեկտորը չի համապատասխանում երկրի տնտեսական զարգացման իրական վեկտորին, ապա ակնկալվող արդյունքը չի ստացվի։ Տնտեսական զարգացման վեկտորն առաջին հերթին որոշում են պետության տնտեսական շահերը, այլ ոչ թե այս կամ այն համաձայնագրերը։ Բացի այդ, այստեղ կարևոր է ոչ միայն զուտ տնտեսական աճը, այլ նաև զարգացման սցենարը։ Եթե ինտեգրացիան հանգեցնում է հիմնականում միայն ներքին շուկայի աշխուժացմանը՝ ի հաշիվ վարկերի, դրամաշնորհների և դրամական փոխանցումների, ապա հարկ կլինի երկար սպասել ՀՆԱ էական աճի և արդի ինովացիոն կառուցվածքի, դրա հավանականությունը շատ փոքր է։ Իսկ եթե ինտեգրացիայի միջոցով էապես զարգացվի արտահանումը, ընդ որում՝ հնարավորինս բարձր ավելացված արժեք ունեցող արտադրանքինը (այդ թվում՝ ինովացիոն), ապա դա, իհարկե, կայուն կերպով կնպաստի որակապես նոր տնտեսական աճի կայացմանը։
Զարգացած փոքր երկրներում արտահանման և ՀՆԱ հարաբերակցությունը ցածր չէ 30%-ից, քանի որ ակնհայտ է, որ շուկան այնտեղ մեծ չէ, և արտահանումը դառնում է զարգացման վճռական գործոն։ Արտահանման զգալի աճն առաջին հերթին հնարավոր է զարգացմամբ և նպատակներով մոտ հետխորհրդային երկրներում, որտեղ ակնհայտ է դրա գերակայությունը որպես համապետական խնդիր։ Այս գիտակցումն էլ, բնականաբար, ենթադրում է նրանց տնտեսությունների ինտեգրացիա և տնտեսական ծրագրերի կոորդինացում։
Արտահանման աճը հավանական է այն ոլորտներում և այն երկրներում, որտեղ կա տվյալ ապրանքի պահանջարկը։ Այն հնարավոր մակարդակի չի հասնում նաև այն պատճառով, որ առայժմ բավարար չափով համաձայնեցված չէ հարկաբյուջետային և դրամավարկային քաղաքականությունը, մասնավորապես՝ պայմանավորված ԵԱՏՄ-ում ազգային արժույթների փոխարժեքների չհամաձայնեցվածությամբ։ Հայաստանի համար արտահանման ներուժ ունեն գյուղատնտեսական և գինու-կոնյակի արտադրանքները, թեթև և քիմիական արդյունաբերությունը, գունավոր մետաղների խոր վերամշակումը, թանկարժեք քարերի և մետաղների մշակումը։ Կարևոր է նաև պաշտպանության, նանոտեխնոլոգիաների արտադրությունում սեփական տեղը գտնելը։ Մեծ նշանակություն ունի կոոպերացիան այն երկրների ձեռնարկությունների հետ, որոնք վաղուց համագործակցում են մեր հանրապետության հետ։
Անհրաժեշտ է ճշգրտել և համաձայնեցնել ԵԱՏՄ երկրների տնտեսական քաղաքականության գերակայությունները, հստակ որոշել նրա նպատակները, ձևավորել տնտեսության զարգացման նոր մոդելը, կանխատեսել ակնկալվող արդյունքները։ Չափազանց կարևոր է տնտեսական քաղաքականության, հատկապես դրամավարկային և հարկաբյուջետային քաղաքականության արձագանքը տնտեսական անվտանգության խախտման արձանագրվող ազդակներին՝ ՀՆԱ անկում, առևտրային հաշվեկշռի պակասուրդի մեծացում, գնաճի և գործազրկության աճ։ Արտաքին բացասական ազդեցություններին դիմակայելու ունակությունը տնտեսության զարգացման կարևոր պայման է։
ՌԴ հակաճգնաժամային ծրագիրը մի շարք կարևոր ուղղություններ ունի, մասնավորապես՝ ոչ հումքային, հատկապես բարձրտեխնոլոգիական ապրանքների ներմուծման փոխարինմանը և արտահանմանն աջակցությունը, փոքր և միջին բիզնեսի, պաշտպանության պատվերի իրականացման խրախուսումը, քաղաքացիների խոցելի հատվածին փոխհատուցումը, բյուջետային ծախսերի օպտիմալացումը և բանկային համակարգի կայունության բարձրացումը։ ԵԱՏՄ երկրները պետք է համաձայնեցնեն հակաճգնաժամային ծրագրերը և առաջնահերթ տնտեսական խնդիրների լուծման համատեղ միջոցներ մշակեն։ Միասնական տնտեսական տարածքում կոոպերացիան պարզապես անհրաժեշտ է նաև հակաճգնաժամային միջոցառումների առումով, հատկապես բարձրտեխնոլոգիական ապրանքների, պաշտպանության արտադրության ոլորտներում, հումքի վերամշակման խնդիրները լուծելիս։ Հայաստանում առայժմ մշակված չէ հատուկ հակաճգնաժամային ծրագիր, բայց ձեռնարկվում են որոշ հակաճգնաժամային միջոցառումներ։ Դրանցից նշենք «Շահութահարկի մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ մտցնելու մասին» օրինագիծը։ Նախատեսվում է լրացուցիչ հարկային խթաններ տրամադրել ռեզիդենտ հարկատուներին, որոնք ըստ երկրի կառավարության հավանությանն արժանացած արտահանման ծրագրի՝ զբաղվում են արտահանմամբ Հայաստանի տարածքից։ Ծրագրվում է 10 անգամ (ներկայիս 20-ից մինչև 2%-ի) իջեցնել շահութահարկը տնտեսվարող այն սուբյեկտների համար, որոնք տարեկան 50 մլրդ դրամի (մոտ $105 մլն) ապրանքներ են արտահանում, բացի լեռնահանքային ձեռնարկություններից։ Նպատակահարմար է իջեցնել նշված 50 մլրդ դրամի մակարդակը՝ էապես ընդլայնելով արտոնություն ստացող արտահանական ոլորտները։ Անհրաժեշտ է մշակել հատուկ հակաճգնաժամային ծրագիր՝ համաձայնեցված ՌԴ հակաճգնաժամային ծրագրի հետ, առավել ևս ԵԱՏՄ երկրների տնտեսությունները սերտորեն փոխկապակցված են և գտնվում են միասնական տնտեսական տարածքում։
Արտահանողներին և, առաջին հերթին՝ ներքին շուկայում ներմուծմանը փոխարինող արտադրությանը պետք է տրվեն պետական երաշխիքներ, որոնք, ի տարբերություն բյուջետային վարկերի, չեն ենթադրում առանց այդ էլ սահմանափակ պետական միջոցների ծախսում։ Միևնույն ժամանակ, գերակայություն պետք է ունենա ոչ թե հումքային արդյունաբերությունն իր էքստենսիվ աճով, այլ այն ձեռնարկությունները, որոնք հենվում են հումքի վերամշակման խոր արդիականացման վրա՝ ավելացված արժեքի էական ավելացման նպատակով։
Նպատակահարմար է պետական երաշխիքներն առաջին հերթին տրամադրել արտադրության այն տեսակներին, որոնցում՝ օգտագործվում են տեղական հումքը, վերամշակումը հնարավոր է տեղում, կա կայուն պահանջարկ տեղի կամ համաշխարհային շուկայում և, հետևաբար, բարձր է տվյալ արտադրանքի արտահանման հնարավորությունը։ Երաշխիքներ տրամադրելիս պետք է խրախուսել ընկերությունների՝ բաց տիպի ընկերությունների վերակազմակերպվելու հնարավորությունը։ Հակառակ պարագայում փոքրանում է լուրջ ներդրումների հավանականությունը։
Անհրաժեշտ է արագացնել հարկման բարեփոխումը ինչպես հարկերի տոկոսադրույքների ճշտման, այնպես էլ վարչարարության մասով, ինչը թույլ կտա աշխուժացնել տնտեսությունը, այդ թվում շոշափելիորեն նվազեցնել ներկրվող ապրանքների մենաշնորհային մակարդակն ու խթանել արտահանման դիվերսիֆիկացիան։ Ավելացված արժեքի հարկը Հայաստանում ավելի բարձր է, քան ՌԴ-ում և Ղազախստանում, ընդ որում՝ ավելի ցածր տոկոսադրույք չի կիրառվում։ Նպատակահարմար է ԱԱՀ-ն նվազեցնել առնվազն 20-ից մինչև 18%-ի, իսկ որոշ ապրանքների համար սահմանել նույնիսկ ավելի ցածր։ Հաշվի առնելով, որ այս միջոցները պետք է խթանեն տնտեսությունը, բյուջետային կորուստներ (հատկապես երկարաժամկետ առումով) չեն սպասվում։ Անուղղակի հարկի իջեցումը, զսպելով անկումը, խթանում է տնտեսությունը, ինչպես նաև հակազդում է գնաճին։ Նպատակահարմար է նաև ԵԱՏՄ երկրների մյուս հարկային տոկոսադրույքների համաձայնեցումը։ Հայաստանում չեն կիրառվում նաև հումքի արտահանման մաքսատուրքերը։
Բյուջետային ծախսերի օպտիմալացումը, հատկապես ճգնաժամային իրավիճակում, չափազանց կարևոր է։ Պետական բյուջեի ծախսերի կրճատումը, օրինակ, օտարերկրյա սարքավորումների և մեքենաների ձեռքբերման վրա, և նվազագույն աշխատավարձի ու թոշակի բարձրացումը նպաստում են ոչ միայն սոցիալական խնդիրների լուծմանը։ Խթանվում է նաև հայրենական արտադրանքի ներքին պահանջարկը՝ հավելյալ ազդակ հաղորդելով հայրենական արտադրության, հատկապես գյուղատնտեսության զարգացմանը։
Բնակչության սակավապահով խավերի եկամուտների աճը՝ ի հաշիվ պետական բյուջեում առաջարկվող փոփոխությունների, հանգեցնում է առաջին հերթին հանրապետությունում արտադրվող արտադրանքի պահանջարկի աճին և ներկրվող արտադրանքի հանդեպ պահանջարկի համապատասխան կրճատմանը։ Այս խմբում առաջին անհրաժեշտության արտադրանքների սպառման բաժինը էապես բարձր է։ Հետևաբար, թոշակների և նպաստների բարձրացումը, սոցիալական խնդիրներ լուծելուց բացի, նպաստավոր է նաև տեղական արտադրության համար։
Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրում մի շարք բաժիններ առանցքային նշանակություն ունեն, մասնավորապես XIV՝ «Արժութային քաղաքականություն» բաժինը և համապատասխան N15 հավելվածը՝ «Համաձայնեցված արժութային քաղաքականության անցկացմանն ուղղված միջոցառումների մասին»։ Այս բաժնի դրույթների առաջնահերթ կոնկրետացումը շատ կարևոր է ճգնաժամային իրավիճակում։
Այլ երկրների արժույթներից կախվածությունը նվազեցնելը, ազգային արժույթի դերի և ոսկու պաշարների նշանակալիության բարձրացումը արտաքին տնտեսական հաշվարկներում արդարացված են։ Բայց դա արդյունք չի տա, եթե չիրականացվի համաձայնեցված դրամավարկային քաղաքականություն։ Անհրաժեշտ է փուլային անցում, որպեսզի Եվրասիական տնտեսական միության երկրներում գնաճը 5%-ից բարձր չլինի։ Իսկ ազգային արժույթների փոխարժեքների նվազումը ԱՄՆ և Եվրամիության արժույթների համեմատ պետք է համապատասխանի գնաճին։ Միևնույն ժամանակ, պետք է ապահովել փողայնացման աճը և ունենալ վերաֆինանսավորման համաձայնեցված տոկոսադրույք։
Ռուսաստանում փողայնացման մակարդակը մոտ 50% է, ԵԱՏՄ մյուս երկրներում՝ էլ ավելի ցածր, այն դեպքում, երբ Եվրամիության երկրներում այդ ցուցանիշը 100%-ի կարգի է։ Չինաստանում և Ասիայի արագ զարգացող երկրներում դրամայնացումը զգալիորեն բարձր է 100%-ից։ Փողայնացման մակարդակը փուլ առ փուլ պետք է մոտենա 70%-ի սահմանին, հակառակ դեպքում պարբերաբար առաջ կգան որոշակի դժվարություններ տնտեսության կայուն աճի և դրա դիվերսիֆիկացման հնարավորությունների հետ կապված։
Եթե հաջողվի ԵԱՏՄ երկրների միջև ապրանքաշրջանառությունից դուրս մղել այլ պետությունների արժույթները, ապա, մեր գնահատականներով, ԵԱՏՄ երկրներում փողայնացման մակարդակն էապես կբարձրանա։ Հարկ է փոխադարձ հաշվարկներում փուլ առ փուլ անցում կատարել ԵԱՏՄ երկրների արժույթներին։
Ճգնաժամային իրավիճակում կարևոր նշանակություն է ստանում նաև կոռուպցիայի մակարդակը ԵԱՏՄ երկրներում։ Transparency International-ի դասակարգմամբ՝ կոռուպցիայի մակարդակը ԵԱՏՄ երկրներում չի կարելի բավարար համարել, վիճակը համեմատաբար բարվոք է գնահատվում Հայաստանում, թեև այստեղ էլ կոռուպցիայի ընկալման ինդեքսը դեռ բավարար չէ։ Կոռուպցիայի ընկալման առավելագույն հնարավոր ինդեքսի (100 միավոր) պարագայում Հայաստանում այդ ինդեքսի մեծությունը հավասար է 37-ի, ԵԱՏՄ մյուս երկրներում՝ 31 և ավելի ցածր։ Հնարավոր 100 միավորից այդ ինդեքսի կրիտիկական շեմին՝ 50 միավորին արագ հասնելը պետք է ուղենիշ դառնա ԵԱՏՄ երկրների համար։
Անհրաժեշտ է մշակել կոռուպցիայի հակազդման համաձայնեցված միջոցառումներ, այստեղ դեր կարող է խաղալ նաև Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրի 69-րդ՝ «Թափանցիկություն» հոդվածը։
Անարդյունավետությունը, մանավանդ կոռուպցիոն դրսևորումները սկզբից ևեթ պետք է հանգեցվեն նվազագույնի։ Դա շատ ավելի արդյունավետ է, քան կամա թե ակամա կոռուպցիոն ռիսկեր թույլ տալը և դրանից հետո միայն դրանք վերահսկելն ու չարաշահումները բացահայտելը։ Վաղուց հասունացել է հակակոռուպցիոն փորձաքննության, հատկապես տնտեսական գործունեությունը կարգավորող օրենքների անհրաժեշտությունը։
դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր
- ՄԵՐ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆԸ ՀԻՎԱՆԴ Է. Աշոտ Թավադյան[28.08.2022]
- ՉԵՆՔ ԿԱՐՈՂ ՄԻԱՆԳԱՄԻՑ ԵԿԱՄՏԱՀԱՐԿԸ ԻՋԵՑՆԵԼ. ԱՆՀՐԱԺԵՇՏ Է ԿԲ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔԻ ԵՎ ԴՐԱՄԱՎԱՐԿԱՅԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ[13.09.2018]
- ԵԹԵ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԸ ՇԱՐՈՒՆԱԿԻ ՎԱՐԵԼ ԹԱՆԿ ՓՈՂԵՐԻ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ, ԼՈՒՐՋ ԽՆԴԻՐ ԵՆՔ ՈՒՆԵՆԱԼՈՒ[07.09.2018]
- ՀԱՅԱՍՏԱՆԻ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆԸ 2018Թ. ԱՌԱՋԻՆ ԿԻՍԱՄՅԱԿՈՒՄ ԵԱՏՄ-ԻՆ ԵՐԿՐԻ ԱՆԴԱՄԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՏԵՔՍՏՈՒՄ[04.09.2018]
- ՀԱՅԱՍՏԱՆԸ ԵԱՏՄ-ՈՒՄ. ԻՆՏԵԳՐՄԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏՈՒԹՅՈՒՆԸ[11.07.2018]
- «ԼՈՒՐՋ ԽՆԴԻՐ ԿԱ ՀԱՐԿԱԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ԵՎ ԴՐԱՄԱՎԱՐԿԱՅԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՐԴԻՆԱՑՄԱՆ ՀԱՐՑՈՒՄ». «ՓԱՍՏ»[01.06.2018]
- ՏՆՏԵՍԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԴՈԿՏՈՐ, ՊՐՈՖԵՍՈՐ ԱՇՈՏ ԹԱՎԱԴՅԱՆԻ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑԸ «ԱՐԱՐԱՏ» ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ «ՀԵՏՀԱՇՎԱՐԿ» ՀԱՂՈՐԴԱՇԱՐԻՆ[18.01.2018]
- ՀԱՅԱՍՏԱՆԻ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՁԵՌՔԲԵՐՈՒՄՆԵՐԸ 2017Թ. ԵՎ ԵԱՏՄ ՀՐԱՏԱՊ ԽՆԴԻՐՆԵՐԸ[16.01.2018]
- ԿԱՐԵԼԻ՞ ԷՐ ՈՐՈՇԱԿԻՈՐԵՆ ԶՍՊԵԼ ԳՆԱՃԸ[15.01.2018]
- ՏՆՏԵՍԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԴՈԿՏՈՐ, ՊՐՈՖԵՍՈՐ ԱՇՈՏ ԹԱՎԱԴՅԱՆ. «ՆԵՐՔԻՆ ԽՆԴԻՐՆԵՐԸ ՊԵՏՔ Է ԼՈՒԾՎԵՆ. ԵՄ-Ն ԵՎ ԵԱՏՄ-Ն ՄԻԱՅՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ԵՆ»[30.10.2017]
- ԳՆԱՃԻ, ԱԶԳԱՅԻՆ ԱՐԺՈՒՅԹԻ ՓՈԽԱՐԺԵՔԻ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆԸ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՃԻ ՎՐԱ[20.09.2017]