• am
  • ru
  • en
Версия для печати
27.04.2015

ԻՆՏԵՐՆԵՏԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀՆԱՐԱՎՈՐ ՄՈԴԵԼՆԵՐԸ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐԸ

EnglishРуский

   

Սամվել Մարտիրոսյան
«Նորավանք» ԳԿՀ Տեղեկատվական կենտրոնի փորձագետ

Ինտերնետի կառավարման հարցերն այսօր ամենաբարդ խնդիրներից են, քանի որ հաճախ դրանց կարգավորման համար պատրաստի լուծումներ չկան:

Այսօր գոյություն ունի ինտերնետի կառավարման մի քանի մոդել: Մեկն ամբողջությամբ պետության կողմից մենաշնորհելն է, երբ պետությունն անտեսում է հասարակության այլ շահագրգիռ կողմերի նկատառումները: Այսօր մենք նման մոտեցման ամրապնդման ականատեսն ենք մի շարք երկրներում: Նման մոտեցում գործում է Չինաստանում:

Այս մոտեցման հակառակ բևեռը ցանցի կարգավորումների բացարձակ բացակայությունն է, երբ ծառացած խնդիրները փորձում են լուծել եղած օրենսդրությամբ, որը նկարագրում է ռեալ կյանքը: Այս մոտեցումներն աստիճանաբար մոռացվում են, քանի որ ինտերնետը ստեղծում է, օրինակ, միջսահմանային խնդիրներ, որոնց լուծումն ավանդական մեթոդներով պարզապես անհնարին է դառնում:

Մյուս մոտեցումն այսպես կոչված բազմաշահառու մոդելն է (multistakeholder model), որը ենթադրում է բոլոր շահառուների համագործակցություն և դրա համար աշխատող մեխանիզմներ: Խոսքը պետական մարմինների, քաղաքացիական հասարակության, բիզնեսի, ակադեմիական և տեխնիկական համայնքների համագործակցության մասին է: Օրինակ, նմանատիպ մոդել կիրառվում է համացանցային դոմենային անունների ոլորտի կառավարման հետ կապված1: Նաև գործում է միջազգային ինտերնետի կառավարման հարթակ՝ Internet Governance Forum (IGF)2: Բրազիլիան համարվում է ամենամեծ հաջողությունների հասած երկիրն այս տիպի կառավարման հարցում3:

Կառավարման այսօրինակ մոդելը թույլ է տալիս հասնել հարցերի համապարփակ քննարկման, գտնել բոլոր շահառուների կողմից ընդունվող լուծումներ: Մյուս կողմից՝ նման մոդելին անցնելը պետությունից պահանջում է ազատվել մի շարք լծակներից՝ հանուն ընդհանուր շահի:

Հայաստանի Հանրապետության կառավարությունը 2014թ. օգոստոսին ընդունեց համացանցի զարգացման կարևոր փաստաթուղթ, որը պետք է օժանդակի երկրում ինտերնետի զարգացման հետ կապված հարցերի ներդաշնակ լուծմանը: Խոսքը վերաբերում է «Ինտերնետ կառավարման սկզբունքները հաստատելու մասին» որոշմանը: Այս որոշումը լուրջ փոփոխություններ է մտցնում ինտերնետի կառավարման, համացանցում տեղի ունեցող փոփոխությունների ընկալման և դրանց վերաբերյալ որոշումներ կայացնելու գործում:

Փաստորեն, Հայաստանում պետությունը դիմեց լուրջ քայլի՝ ինտերնետի կառավարման խնդիրները հանելով բաց ձևաչափ: Որոշման համաձայն, ստեղծվում է հարթակ, որտեղ պետք է քննարկվեն և լուծումներ գտնվեն ինտերնետի հետ կապված բոլոր խնդիրների համար: Ստեղծվում է հարթակ ինտերնետի բազմաշահառու մոդելով կառավարման համար, ինչը հնարավորություն է տալիս հավասարակշռել շահագրգիռ կողմերի հաճախ իրարամերժ պատկերացումները և մոտեցումները:

Հայաստանի համար սա նոր ձևավորվող մոդել է, որը պետք է ապացուցի իր կենսունակությունը: Մյուս կողմից՝ արդեն հայտնի են այն հիմնական դրույթները, որոնց շուրջ համաձայնել են որոշումներ կայացնել շահառուները:

ՀՀ-ում ինտերնետ կառավարման հիմնական նպատակներն են.

  • աջակցել համաշխարհային սարդոստայնի զարգացմանը և հաճախակի ու մատչելի շփման նպաստավոր պայմաններ ստեղծել մեր հայրենակիցների ու կազմակերպությունների համար՝ անկախ բնակության վայրից և գործունեության բնույթից, օգտվելով համացանցային որակյալ ծառայություններից, համակարգչային դյուրակիր սարքերից, ծրագրային ապահովություն ունեցող հեռախոսներից, ԱյՓի (IP) տեսաձայնային հեռակապից,
  • նպաստել մեր մշակութային առանձնահատկություններին համահունչ հասարակության մասնակցությանը համաշխարհային տեղեկատվական շտեմարանների ձևավորման գործընթացներին, լեզվական խոչընդոտների հնարավորինս հաղթահարմանը և նորամուծություններից ու տեղեկատվական շտեմարաններից օգտվելու դյուրությանը,
  • աջակցել գիտելիքահենք հասարակության ձևավորմանը, համաշխարհային արդի զարգացումներում մեր ուրույն տեղն ու դերը գրավելուն՝ մեր մշակութային արժեքները արժանավորապես ներկայացնելու նպատակով, Մեծ եղեռնի հարյուրամյա տարելիցին ընդառաջ համացանցում Ազգային միասնական տեղեկատվական տարածքի ձևավորմանը (նյութերի դասակարգման, որոնման, ուղեցույցների, հղումների կազմակերպման ընդհանուր համակարգով),
  • օժանդակել ՀՀ-ում ժամանակակից տեղեկատվական «էլեկտրոնային» հասարակության ձևավորմանը։

ՀՀ ինտերնետ կառավարման համար անհրաժեշտ է նաև ձևավորել՝

  • Միջազգային ինտերնետ կառավարման հանձնաժողովին, միջազգային այլ ատյաններին ՀՀ տեսակետները, մոտեցումները և դիրքորոշումները ներկայացնող, ՀՀ-ում համացանցի կարգավորման և կառավարման գործընթացների համակարգման խորհրդատվական մարմին՝ կազմված շահագրգիռ կողմերի՝ ՀՀ կառավարության, Հանրային խորհրդի, հասարակական կազմակերպությունների և տնտեսվարող սուբյեկտների ներկայացուցիչներից,
  • ինտերնետ կառավարման հիմնական սկզբունքներ, որոնք հաշվի կառնեն ՀՀ-ում առկա առանձնահատկությունները և միջազգային լավագույն փորձը,
  • համաշխարհային ինտերնետ կառավարման համաժողովների աշխատանքների արդյունքում մշակված և ընդունված փաստաթղթերի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության դիրքորոշումները։

Հարկավոր է նաև՝

  • աջակցել ինտերնետ կառավարման միջպետական, միջազգային կազմակերպությունների, ինչպես նաև տարածաշրջանային միավորումների և ոլորտին առնչվող այլ կազմակերպությունների հետ համագործակցությանը,
  • ապահովել հասարակական, մասնավոր և պետական կառույցների ներդաշնակ մասնակցությունը,
  • աջակցել ՀՀ-ում համապատասխան ենթակառուցվածքների զարգացմանը, այդ թվում՝ ա) տեղեկատվական նյութերի պահպանման կենտրոնների («դատակենտրոնների») ձևավորմանը, բ) օպտիկամանրաթելային կապուղիներով ճյուղավորված ցանցերի զարգացմանը, գ) ՀՀ բնակավայրերում հանրային ինտերնետ (Wi-Fi) հասանելիության կետերի տեղադրմանը, դ) փոխկապակցման արդյունավետ համակարգի ձնավորմանը, համացանցի հետ առնչվող ներքին ցանցերի հուսալիության բարձրացման, անվտանգության ապահովման և զարգացման խնդիրների լուծմանը, ե) տեղեկատվական ընդհանուր տարածքից, համակարգչային սարքերից, ժամանակակից հեռախոսներից արդյունավետ օգտվելուն նպաստող մայրենի լեզվով ուղեցույցների, հեռախորհրդատվության, հեռաուսուցման մեդիա-ձեռնարկների, համացանցային հիմնական ծառայություններից օգտվելուն նպաստող ուղեցույցների և ձեռնարկների որակյալ հայերեն թարգմանությանը և մշակմանը, զ) ազգային մշակութային արժեքների թվայնացման գործընթացի արագացմանը և խթանմանը:

Ինտերնետ կառավարման սկզբունքներն են.

1. հասանելիության հնարավորության ապահովումը,

2. դոմենային անվանումների լայն տարածումը,

3. դոմենային անվանումների համակարգի անվտանգության ընդլայնումը (DNSSEC) արձանագրության տարածման սատարումով,

4. ԱյՓի 6-րդ վարկածի (IPv6) տարածման սատարումը,

5. ինտերնետում մարդու իրավունքների պաշտպանության սատարումը,

6. ցանցերում օգտվողների նույնականացումը՝ ապահովելով անհատական տվյալների պաշտպանվածությունը,

7. նորամուծություններին աջակցումը,

8. մտավոր սեփականության իրավունքի պաշտպանության աջակցումը,

9. ինտերնետի թրաֆիկի տեղական փոխանակման կենտրոնների ստեղծման աջակցումը,

10. ինտերնետի կարգավորման առավել ընդհանուր մոտեցումները,

11. ինտերնետ համարակալման և հասցեագրման համակարգի զարգացումը,

12. տեղեկատվական հոսքերի երթուղիների արդյունավետ լուծումների առաջարկումը,

13. ՀՀ-ում ինտերնետի անվտանգության ապահովման աջակցումը,

14. բաց ստանդարտների ընդունման աջակցումը,

15. երեխաների առցանց պաշտպանության աջակցումը,

16. ցանցի չեզոքության սկզբունքի կիրառման աջակցումը։

1 Introduction To The ICANN Multi-Stakeholder Model http://toronto45.icann.org/meetings/toronto2012/presentation-multi-stakeholder-model-14oct12-en.pdf

2 http://www.intgovforum.org/cms/aboutigf

3 Finding a Formula for Brazil: Representation and Legitimacy in Internet governance Milton Mueller and Ben Wagner, http://www.internetgovernance.org/wordpress/wp-content/uploads/MiltonBenWPdraft_Final_clean2.pdf


դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր