
ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՊԱՏԺԱՄԻՋՈՑՆԵՐԸ ԿԱԶԴԵ՞Ն ՀԱՅԱՍՏԱՆԻ ՎՐԱ

Հանրության, ինչպես նաեւ որոշ քաղաքական գործիչների շրջանակում լայնորեն շրջանառվում են խոսակցություններն այն մասին, որ Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների ազդեցությունն անխուսափելիորեն կզգա նաեւ Հայաստանը: Քանի որ պատժամիջոցների ցանկում ներառված ռուսական հայտնի ընկերություններից մի քանիսը սերտ համագործակցության մեջ են Հայաստանի հետ: Թե իրականում ինչ ազդեցություն կունենա Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների կիրառումը Հայաստանի վրա, փորձեցինք պարզել տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր, ինտեգրացիոն գործընթացների վերլուծական խմբի ղեկավար ԱՇՈՏ ԹԱՎԱԴՅԱՆԻՑ, ով մասնավորապես ասաց.
-Այնպես չէ, որ միայն Եվրասիական միության անդամ երկրները կարող են վնասներ կրել Ռուսաստանի նկատմամբ կիրառվող պատժամիջոցներից: Ռուսաստանի հետ առեւտրաշրջանառությունը պատժամիջոցներ հայտարարած երկրների առեւտրային հաշվեկշռում էլ զգալի տոկոս է կազմում. Եվրամիության երկրների դեպքում, ասենք, գյուղատնտեսական ապրանքների ավելի քան 10 տոկոսն արտահանվում է Ռուսաստան, իսկ ԵՄ որոշ երկրների համար այդ տոկոսն ավելի բարձր է: Այնպես որ, այդ պատժամիջոցներն այս կամ այն չափով ազդելու են շատ պետությունների, իհարկեª նաեւ եվրոպական երկրների վրա:
- Իսկ ինչպե՞ս այդ պատժամիջոցները կանդրադառնան Հայաստանի տնտեսության վրա:
- Նախ ասենք, որ պատժամիջոցները վերաբերում են Ռուսաստանի առեւտրային հաշվեկշռի մոտ հինգ տոկոսին: Եվրասիական միությանն անդամակցելովª Հայաստանը նախ էժան էներգակիրներ ստանալու հնարավորություն ստացավ: Չնայած, մենք դեռ վերջնականապես չենք միացել ԵՏՄ-ին, բայց փաստացի այս առավելություններից, որոնք ունեն միայն ԵՏՄ անդամ պետությունները, արդեն օգտվում ենք: Բացի այդ, կան մաքսատուրքերի զեղչեր` նաեւ ներմուծվող ադամանդների մասով: Այս ուղղություններով, անխոս, պատժամիջոցները որեւէ ազդեցություն չեն կարող ունենալ Հայաստանի վրա:
- Իսկ ներդրումների առումով` խնդիրներ չե՞նք ունենա, չէ որ Ռուսաստանը Հայաստանում իրականացրել է ուղղակի ներդրումների գրեթե 40%-ը:
- Բավական խոշոր ներդրումներ էին սպասվում "Նաիրիտի" վերագործարկման հետ կապված` մոտ կես միլիարդ դոլար, Անվադողերի գործարանում, Հյուսիս-հարավ ճանապարհի համար նախատեսվում է մոտ երկու հարյուր միլիոն, երկաթուղու զարգացման հետ կապված` մոտ կես մլրդ դոլար: Այստեղ մենք որոշակի վտանգներ ունենք, քանի որ պատժամիջոցների արդյունքում ՌԴ-ում ազատ ֆինանսական միջոցների սղություն առաջացել է: Բայց ես կարծում եմ` այս ուղղությամբ ամեն դեպքում ներդրումներ կկատարվեն, քանզի ԵՏՄ-ի կայացման համար սա բավականին կարեւոր հարց է:
-Արտահանման առումով խոչընդոտներ չե՞ն լինի:
- Հստակ կարող եմ ասել, որ Եվրամիության ուղղությամբ` ոչ: Մեր` ԵՏՄ-ին անդամակցությանը Եվրամիության պատասխանատու պաշտոնյաներն ու ազդեցիկ պետությունների ղեկավարները, ասենք` Ֆրանսիայի նախագահը, քանիցս հայտարարել են, որ ըմբռնումով են մոտենում: Ի դեպ, մինչեւ իսկ Արժույթի միջազգային հիմնադրամի Հայաստանի ներկայացուցիչը համաձայնեց Հայաստանի` ԵՏՄ-ին անդամակցելու տնտեսական առավելությունները հաստատող մեր փորձագիտական խմբի կողմից կատարված հաշվարկներին:
Ինչ վերաբերում է ԵՏՄ-ի ուղղությամբ մեր արտահանմանը, ապա պատժամիջոցների արդյունքում այստեղ ոչ թե անկումներ, այլ աճ ենք սպասում: Հետաքրքիր է նաեւ Վրաստանի օրինակը, որը չլինելով ԵՏՄ անդամ, այդ պատժամիջոցների արդյունքում կարող է կտրուկ մեծացնել իր գյուղատնտեսական ապրանքների արտահանումը դեպի Ռուսաստան: Միակ խնդիրն այստեղ այն է, որ դրամի արժեւորումը ռուսական ռուբլու նկատմամբ չնայած կարող է մի կողմից նպաստել մեր երկիր ներկրվող ռուսական ապրանքների գների նվազմանը, սակայն մյուս կողմից էլ՝ նաեւ որոշակի դժվարություններ կարող է առաջացնել մեր արտահանման համար: Սակայն այստեղ խնդիրը միայն ռուբլու արժեզրկումը չէ. կարծում եմ, որ մենք վարում ենք կոշտ դրամավարկային քաղաքականություն, եւ դա ընդհանուր առմամբ նպաստավոր չէ արտահանման եւ ներդրումների համար:
- Կանդրադառնա՞ն արդյոք պատժամիջոցները մեզ վրա` տրանսֆերտների կրճատման տեսքով:
- Մենք Ռուսաստանից ստանում ենք տարեկան 2 մլրդ դոլարից ավել տրանսֆերտներ, որը կազմում է բոլոր տրանսֆերտների 85%-ը: Ցուցանիշ, որը էապես գերազանցում է մեր արտահանումը: Պատժամիջոցները կարող են հանգեցնել Ռուսաստանում աշխատատեղերի որոշակի կրճատման, համապատասխանաբարª նաեւ տրանսֆերտների ծավալի նվազեցման: Բայց մեր միգրանտների զգալի մասը զբաղված է այնպիսի ոլորտներում, որոնք սպասարկում են Ռուսաստանի ներքին շուկան: Այնպես որ, տրանսֆերտների կտրուկ կրճատման հեռանկար չեմ տեսնում:
ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ
http://iravunk.com/index.php?option=com_content&view=article&id=21113:2012-04-04-19-36-17&catid=52:tntesutyun&Itemid=116դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր
- ՄԵՐ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆԸ ՀԻՎԱՆԴ Է. Աշոտ Թավադյան[28.08.2022]
- ՉԵՆՔ ԿԱՐՈՂ ՄԻԱՆԳԱՄԻՑ ԵԿԱՄՏԱՀԱՐԿԸ ԻՋԵՑՆԵԼ. ԱՆՀՐԱԺԵՇՏ Է ԿԲ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔԻ ԵՎ ԴՐԱՄԱՎԱՐԿԱՅԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ[13.09.2018]
- ԵԹԵ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԸ ՇԱՐՈՒՆԱԿԻ ՎԱՐԵԼ ԹԱՆԿ ՓՈՂԵՐԻ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ, ԼՈՒՐՋ ԽՆԴԻՐ ԵՆՔ ՈՒՆԵՆԱԼՈՒ[07.09.2018]
- ՀԱՅԱՍՏԱՆԻ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆԸ 2018Թ. ԱՌԱՋԻՆ ԿԻՍԱՄՅԱԿՈՒՄ ԵԱՏՄ-ԻՆ ԵՐԿՐԻ ԱՆԴԱՄԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՏԵՔՍՏՈՒՄ[04.09.2018]
- ՀԱՅԱՍՏԱՆԸ ԵԱՏՄ-ՈՒՄ. ԻՆՏԵԳՐՄԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏՈՒԹՅՈՒՆԸ[11.07.2018]
- «ԼՈՒՐՋ ԽՆԴԻՐ ԿԱ ՀԱՐԿԱԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ԵՎ ԴՐԱՄԱՎԱՐԿԱՅԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՐԴԻՆԱՑՄԱՆ ՀԱՐՑՈՒՄ». «ՓԱՍՏ»[01.06.2018]
- ՏՆՏԵՍԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԴՈԿՏՈՐ, ՊՐՈՖԵՍՈՐ ԱՇՈՏ ԹԱՎԱԴՅԱՆԻ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑԸ «ԱՐԱՐԱՏ» ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ «ՀԵՏՀԱՇՎԱՐԿ» ՀԱՂՈՐԴԱՇԱՐԻՆ[18.01.2018]
- ՀԱՅԱՍՏԱՆԻ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՁԵՌՔԲԵՐՈՒՄՆԵՐԸ 2017Թ. ԵՎ ԵԱՏՄ ՀՐԱՏԱՊ ԽՆԴԻՐՆԵՐԸ[16.01.2018]
- ԿԱՐԵԼԻ՞ ԷՐ ՈՐՈՇԱԿԻՈՐԵՆ ԶՍՊԵԼ ԳՆԱՃԸ[15.01.2018]
- ՏՆՏԵՍԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԴՈԿՏՈՐ, ՊՐՈՖԵՍՈՐ ԱՇՈՏ ԹԱՎԱԴՅԱՆ. «ՆԵՐՔԻՆ ԽՆԴԻՐՆԵՐԸ ՊԵՏՔ Է ԼՈՒԾՎԵՆ. ԵՄ-Ն ԵՎ ԵԱՏՄ-Ն ՄԻԱՅՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ԵՆ»[30.10.2017]
- ԳՆԱՃԻ, ԱԶԳԱՅԻՆ ԱՐԺՈՒՅԹԻ ՓՈԽԱՐԺԵՔԻ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆԸ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՃԻ ՎՐԱ[20.09.2017]