• am
  • ru
  • en
Версия для печати
13.10.2014

ԻՆՏԵԳՐԱՑԻՈՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐԻ ԻՐԱԿԱՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

   

Աշոտ Թավադյան
ՀՊՏՀ տնտեսամաթեմատիկական մեթոդների ամբիոնի վարիչ, տ.գ.դ., պրոֆեսոր

Պետությունների տնտեսական միավորումների ձևավորումը երկարաժամկետ տնտեսական քաղաքականության կարևորագույն գործոններից է: Դրա արդյունավետ իրագործումը հնարավոր չէ առանց ինտեգրացիոն գործընթացների զարգացման հայտանիշների և նախընտրելի ուղղությունների բազմակողմանի վերլուծության: Ակնհայտ է, որ ինտեգրացիոն գործընթացների հիմնական նպատակը ժողովրդի կենսամակարդակի աճն է: Այս նպատակին հասնելու համար անհրաժեշտ է ապահովել համախառն ներքին արդյունքի առավելագույն հնարավոր աճ: Ընդ որում, հաշվի առնելով Հայաստանում ստեղծված իրավիճակը` հնարավորինս կարճ ժամկետում և պետության համար հնարավորինս անվտանգ պայմաններում:

Ինտեգրացիոն գործընթացներն իրականացնելիս պետք է ձևավորել հստակ հայտանիշներ: Այս կամ այն ինտեգրացիոն միավորում մտնելու կամ համագործակցելու ժամանակ անհրաժեշտ է գնահատել, թե որքանով է այդ քայլը մեծացնում երկրի անվտանգության աստիճանը, մասնավորապես՝ նրա տնտեսական անվտանգության աստիճանը, որքանով է ինտեգրացիան նպաստում ՀՆԱ աճին, նրա կառուցվածքի բարելավմանը, արտահանման աճին ու առևտրային հաշվեկշռի պակասուրդի հիմնախնդրի լուծմանը և, իհարկե, ինչպես է դա անդրադառնում զբաղվածության կարևորագույն հիմնախնդրի լուծման վրա:

Եվրամիության հետ ինտեգրման հիմնախնդիրները

Եվրամիությունում, ի տարբերություն նոր միությունների, արդեն ձևավորված են հստակ պահանջներ, որոնք այդ կառույցի նոր անդամները խստորեն պետք է կատարեն: Իսկ պահանջներն ապրանքների և ծառայությունների շուկայի նկատմամբ, փաստորեն, ձևավորել են Եվրամիության առաջին անդամները, որոնք հիմնականում բավարարում են նրանց չափորոշիչները: Արդյունքում՝ փաստորեն, եվրոպական շուկան, հատկապես պատրաստի արտադրանքինը, վաղուց զբաղեցված և բաժանված է, և դրա հասանելիությունը Եվրամիության անգամ նոր անդամների համար չափազանց դժվար է: Եվրաքաղաքականության վրա ազդեցությունը նույնպես վաղանցիկ է, քանի որ գործնականում, ասենք, Եվրախորհրդարանի որոշումների վրա ազդում են Եվրոպայի խոշոր երկրները՝ զարգացմամբ նրանց մոտ պետությունների հետ միասին:

Ինտեգրման պարագայում հարկ է գնահատել, ընդ որում՝ համալիր կերպով, դրա ոչ միայն դրական, այլև բացասական կողմերը և, իհարկե, ունենալ ինտեգրման կանոնների վրա ազդելու իրական հնարավորություն և դրանց կատարման վերահսկողության լծակներ:

Այս կամ այն միություն մտնելը, անշուշտ, պետք է ուժեղացնի երկրի տնտեսական անվտանգությունը, այսպես կոչված տնտեսական հոմեոսթազը: Սակայն 2008թ. տնտեսական ճգնաժամի հետևանքները Եվրոպայում ամենից շատ զգալի եղան Մերձբալթյան երկրների համար: Եվրամիությունում 2009թ. ՀՆԱ 4.3% նվազման պարագայում ՀՆԱ-ն Էստոնիայում կրճատվեց 14.1%, Լիտվայում՝ 14.8%, իսկ Լատվիայում՝ 17.7%1:

ՀՆԱ նման անկումը Լատվիայում 2009թ. ամենավատ արդյունքն էր Եվրոպայում: Ի դեպ, Հայաստանում ՀՆԱ 14.1% նվազման պարագայում Forbes2 հանդեսը մեր երկիրը ներառել էր տնտեսական առումով ամենախոցելի երկրների եռյակի մեջ. հավանաբար, Լատվիայի մասին այնտեղ պարզապես «մոռացել» էին: Ընդ որում՝ ճգնաժամից դուրս գալու համար Լատվիան 7.5 մլրդ եվրոյի վարկ ստացավ՝ կտրուկ ավելացնելով պետական պարտքը: Իսկ Հայաստանում հաջողվեց ճգնաժամային իրավիճակից դուրս գալ մոտ 1 մլրդ եվրո վարկով:

Տնտեսության անկումը նշված երկրներում (ի դեպ, այդ թվում և Հայաստանում) տնտեսության թույլ դիվերսիֆիկացիայի արդյունք է, երբ զարգանում է ներքին պահանջարկը և արդյունքում՝ ճգնաժամային իրավիճակում կարող են կտրուկ կրճատվել շինարարությունը, անշարժ գույքը, մանրածախ առևտուրը: Իսկ վարկերը շատ հաճախ ուղղվում են հին վարկերը մարելուն և բյուջեի պակասուրդը լրացնելուն՝ ձևավորելով այսպես կոչված «պարտքային օղակի» երևույթը:

Եվրամիությունն ապահովել է մարդկանց ազատ տեղաշարժը, էժան վարկեր և նույնիսկ դոտացիաներ ստանալու հնարավորություն ստեղծել, իհարկե, կոշտ պահանջների կատարման պայմանով: Դա կարող է հանգեցնել հետևյալ բավական վտանգավոր պատճառահետևանքային շղթային. պահանջների կատարում → արտադրության կրճատում → եկամուտների կորուստ (այդ թվում և բյուջետային) → վարկերի և դոտացիաների անհրաժեշտություն, որոնք այս շղթան առաջացրած պահանջների կատարման դեպքում համեմատաբար հեշտ են տրվում: Հարկ է հստակ գնահատել այս շղթայի հավանականությունն ու հնարավոր հետևանքները:

Լատվիայում և Լիտվայում առևտրային հաշվեկշիռը բացասական է, ընդ որում՝ արտահանումը կտրուկ կրճատվեց 2009թ.3: Դա, իհարկե, արևելյան շուկան կորցնելու արդյունքն է, այն դեպքում, երբ արտադրությունն այդ երկրներում կողմնորոշված էր դեպի Արևելք: Հատկապես արտահանման կրճատումը զգալի է Լատվիայում: Ակնառու է Բուլղարիայի օրինակը. Եվրամիությանն անդամակցելուց հետո այդ երկիրը կորցրեց իր արտահանման հնարավորությունների բացարձակ մեծամասնությունը4:

Մաասթրիխթյան չափանիշները ենթադրում են կոշտ պայմաններ Եվրամիությանն անդամագրվելու համար. գնաճը փաստացի պետք է փոքր լինի 3%-ից, ազգային արժույթը չի կարող շեղվել եվրոյից, բյուջեի պակասուրդը պետք է լինի 3%-ից ոչ ավելի: Ի դեպ, նման կոշտ պահանջների պարագայում բավական լիբերալ է պահանջը պետական պարտքի նկատմամբ, որը կարող է կազմել ՀՆԱ 60%-ը5: Ինչպես տեսնում ենք, պահանջները մշակված են՝ ելնելով ավելի շուտ Արևմտյան Եվրոպայի երկրների տնտեսությունների իրականությունից, այլ ոչ թե Եվրամիություն մտնող երկրների տնտեսական իրավիճակից:

Գնաճի և ազգային արժույթի փոխարժեքի հանդեպ կոշտ պահանջը, դրա փաստացի գերագնահատումը հանգեցնում են երկրի տնտեսական հոմեոսթազի թուլացմանը: Ի դեպ, այս պայմանների կատարումը դրվում է նաև Հայաստանի առջև: Արդյունքում՝ ԱՄՆ-ում և Արևմտյան Եվրոպայում, ծագած ֆինանսատնտեսական ճգնաժամի պայմաններում, ՀՆԱ անկումը զգալիորեն ավելի ցածր է, քան Մերձբալթյան երկրներում:

Հարց է ծագում` ինչո՞ւ Գերմանիայում գնաճը 1970-ականների սկզբին, տնտեսության էական աճի դեպքում, հասել էր մինչև անգամ 8%-ի (1973թ.)6: Շատ ավելի խելամիտ է վերաբերմունքը գնաճին ՌԴ-ում: Ռուսաստանի Պետդումայի կողմից ԿԲ նախագահ նշանակվելիս (09.04.2013թ.) Էլ.Նաբիուլինան միանգամայն արդարացիորեն ընդգծել է. «Ցածր գնաճը ներդրումների պահպանման պարտադիր պայման է երկարաժամկետ ծախսերի փոխհատուցման նախագծում, ուստի գնաճի աստիճանական նվազումը մինչև 3-4% դրամավարկային քաղաքականության կենտրոնական խնդիրը պետք է լինի, բայց այդ նվազման տեմպերը պետք է թելադրվեն տնտեսական իրավիճակով: Գնաճն ավելի արագ նվազեցնելու փորձը նշանակում է՝ սպառնալիքի տակ դնել տնտեսական աճը»: Հաշվի առնելով այս փաստը՝ ԱՊՀ ինտեգրվող երկրների հետ համաձայնեցված դրամավարկային քաղաքականությունը արդյունավետ կլինի նաև Հայաստանի համար:

Այս կամ այն պայմանն ընդունելիս անհրաժեշտ է հստակ գնահատել դրանց հետևանքները տնտեսական աճի, առևտրային հաշվեկշռի և, իհարկե, զբաղվածության վրա։ Մանավանդ որ Արևմտյան Եվրոպայի և հետխորհրդային երկրների հիմնախնդիրներն ամենևին էլ միշտ չէ, որ նույնն են, և այդ հիմնախնդիրների «բուժման» արդյունավետ մեթոդներն, իհարկե, կարող են տարբերվել, ու միշտ չէ, որ կարող են հայտնի լինել միջազգային կազմակերպությունների խորհրդատուներին։ Իհարկե, մեթոդների տարբերությունները հետապնդում են զուտ տնտեսական խնդիրների առավել արդյունավետ լուծման նպատակ։

Տնտեսական համաձայնությունները և շահը

Քաղաքականությունը և տնտեսագիտությունը սերտ փոխկապակցված են: Սակայն, իհարկե, ունեն ճիշտ է՝ մոտ, բայց տարբեր նպատակներ և օգուտներ: Էական օգուտի դեպքում պետք է կարողանալ առանձնացված դիտարկել տնտեսական խնդիրները քաղաքական խնդիրներից: Ընդ որում՝ տնտեսական հարաբերությունների զարգացումը կարող է նպաստել նաև քաղաքական խնդիրների լուծմանը: Հայաստանին, ինչպես նաև Վրաստանին, որևէ դեպքում չի կարելի կորցնել Եվրասիական միության շուկան, այդ թվում նաև ռուսական շուկան: Անհրաժեշտ է ուղղակի զարգացնել այդ ուղղությունը` ձևավորելով համապատասխան ռազմավարություն, ստանդարտներ, համաձայնեցված տնտեսական քաղաքականության իրականացման մեթոդներ:

Տնտեսության զարգացման վեկտորն առաջին հերթին թելադրում են ոչ թե պայմանագրերը, այլ զուտ տնտեսական շահը: Վրաստանը, որը ստորագրել է ասոցացման համաձայնագիրը Եվրամիության հետ, արտահանում է Արևմուտքի խոշորագույն երկրներ` ԱՄՆ և Գերմանիա, իր արտադրանքի մոտ 5%-ը համապատասխանաբար, իսկ Հայաստան` 11%-ը7: Ի դեպ, Հայաստանը, որը չի նախաստորագրել այդ պայմանագիրը, արտահանում է ԱՄՆ և Գերմանիա իր արտադրանքի ավելի բարձր տոկոսը` համապատասխանաբար 6.1% և 10.7%8: Այսպիսով, չենք կարծում, որ տվյալ համաձայնագիրը Վրաստանի համար, Հայաստանի համեմատ, ստեղծում է էական լրացուցիչ հնարավորություններ արտահանման աճի և տնտեսական աճի տեսանկյունից:

Նույն ժամանակ, երբ Ռուսաստանը թուլացրեց սահմանափակումները վրացական արտադրանքի արտահանման համար, Վրաստանի արտահանումը ԱՊՀ երկրներ միանգամից աճեց 17%-ով9: Արտահանման տոկոսը ԱՊՀ երկրներ աճեց 47-ից 55%10: Այլ խոսքով` իրականում տնտեսության արտահանման վեկտորն է կանխորոշում տնտեսական շահը:

Ինչպես տեսնում ենք, Վրաստանին ակնհայտ շահավետ է համագործակցությունն ինչպես Մաքսային միության երկրների, այնպես էլ Հայաստանի հետ: Տնտեսական շահը փաստացի այստեղ ունի վճռորոշ դեր: Այնպես որ, չեմ կարծում, թե Հայաստանի համար տարանցիկ տեղափոխումների ժամանակ խնդիրներ լինեն: Տարանցիկ երկիրն ունի իր առանձին առավելությունները. կարելի է միանալ միայն այն նախագծերին, որոնք հատկապես շահավետ են Վրաստանի համար: Օրինակ` նավթամշակման գործարան, գյուղատնտեսական արտադրանքի վերամշակում, որը պահանջարկ ունի Եվրասիական տնտեսական միությունում, երկաթուղային կապ՝ դեպի Պարսից ծոցի, Հարավ- և Հարավարևելյան Ասիայի շուկաներ ելքով: Երկիրը միայն շահում է, եթե կարողանում է հմտորեն առանձնացնել քաղաքական հիմնախնդիրներն իր ժողովրդի սոցիալ-տնտեսական մակարդակի էական բարձրացման հնարավորությունից: Բացի այդ, հարևան երկրները հնարավորություն ունեն ստանալ և լրացուցիչ օգուտներ: Հայաստանը կարող է ներկայացնել Վրաստանի շահերը Եվրասիական միությունում, իսկ Վրաստանը՝ Հայաստանի շահերը Եվրամիությունում: Դրա մասին նաև նշվեց ՀՀ նախագահի՝ Վրաստան կատարած վերջին այցի ժամանակ:

Առանց արտահանման էական աճի Հայաստանը, ինչպես նաև Վրաստանը, չեն կարող լուծել ՀՆԱ էական աճի խնդիրը, նրա կառուցվածքի բարելավման և, իհարկե, զբաղվածության խնդիրը: Առանց Եվրասիական շուկայի այդ հիմնախնդրի լուծումը գրեթե անհնար է: Իսկ այլ ուղղություններով, այդ թվում՝ Եվրամիության ուղղությամբ, պետք է պահպանել հարաբերությունները և զարգացնել ու կոորդինացնել այդ ուղղությունները:

Եվրասիական միության ձևավորումն առնվազն չի կարող խոչընդոտել չճանաչված հանրապետությունների հիմնախնդիրների լուծմանը: Ուղղակի աբսուրդ է այն տեսակետը, որ, ասենք, հայ ժողովրդի մի մասի կենսամակարդակի աճը կարող է հակասել Ղարաբաղյան հիմնախնդրի լուծմանը: Ճիշտ այդպես կենսամակարդակի աճը Ղրիմում կամ որևէ ինքնորոշված հանրապետությունում, ակնհայտ է, որ չի կարող հակասել հետխորհրդային երկրների հիմնախնդիրների լուծմանը:

Դե-ֆակտո Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը, ինչպեսև հետխորհրդային տարածքի չճանաչված այլ հանրապետություններ և տարածքներ, արդեն գտնվում են և կմնան միասնական տնտեսական տարածքում: Այդպիսին է իրականությունը, և Եվրասիական միության երկրներն այդ հանգամանքը փաստացի հաշվի են առնում և ընդունելու են: Այստեղ գործում են նաև հայրենակիցների գործոնը, խոր տնտեսական, պատմական կապերը և մոտ հոգևոր արժեքները, ի վերջո՝ «վատ խաղաղությունը շատ ավելի ընդունելի է, քան լավ վեճը» սկզբունքը: Իսկ քաղաքական հիմնախնդիրների լուծման տեսանկյունից սոցիալ-տնտեսական համագործակցությունը միայն նպաստում է այդ խնդիրների լուծմանը:

Հայաստանի հիմնախնդիրները Եվրասիական միությանը չանդամակցության դեպքում

Եվրասիական միությանը չանդամակցելու դեպքում իրական տնտեսական հարաբերությունները չեն մնա անփոփոխ: Կարող են առաջանալ որոշակի հետևանքներ.

• էներգակիրների գների աճ` գազի համար մինչև $400 1000մ3-ի դիմաց (Եվրամիությունը դա չի փոխհատուցի),

• ռազմավարական նշանակության ապրանքների գների աճ (այդ տեսակի ապրանք Եվրամիությունից չի ներկրվելու),

• հնարավոր է նաև մաքսատուրքերի և ոչ սակագնային սահմանափակումների աճ Հայաստանից Եվրասիական միություն արտահանվող ապրանքների համար,

• տրանսֆերտների էական կրճատում (Եվրամիության հետ ասոցացման պայմանագիրը չէր նախատեսում ՀՀ քաղաքացիների ազատ տեղաշարժը Եվրամիության երկրներ),

• եվրասիական երկրներից ուղղակի ներդրումների նվազում, քանզի, ակնհայտ է, որ դրանք առաջին հերթին կուղղվեն Եվրասիական միության անդամ երկրներ և այն երկրներ, որոնք ունեն համաձայնեցում ինտեգրվելու Եվրասիական միությանը:

Եվրամիությունը կարող է տրամադրել վարկեր և որոշակի չափով գրանտներ, ուղղակի ներդրումների հավանականությունը ցածր է, և ինչպես ցույց է տալիս պրակտիկան, տնտեսական էֆեկտն այդ վարկերից և գրանտներից ավելի ցածր է, քան ուղղակի ներդրումները: Տվյալ էֆեկտները չեն կարող փոխհատուցել ուղղակի ներդրումները:

Եվրամիությունը շահագրգռված է գունավոր մետաղների հանքանյութի ստացման մեջ և կարող է հանել տվյալ ապրանքի մաքսատուրքերը: Սակայն այդ գումարը մոտ $30 մլն է և, իհարկե, չի կարող փոխհատուցել ուղղակի ներդրումների կրճատումը, առավել ևս էներգակիրների գների փոփոխությունը: Միայն գազի գնի իջեցումը $270-ից մինչև $189 տալիս է տարեկան մոտ $140 մլն-ի էֆեկտ, իսկ Եվրասիական միությանը չանդամակցելու դեպքում կորուստը կլինի մոտ այդքան: Այսինքն՝ միայն գազի գնի իջեցումից գումարային էֆեկտը Հայաստանի Հանրապետության համար գերազանցում է տարեկան $250 մլն-ը:

ՀՀ տնտեսության զարգացման իրական հետագիծը

Եվրասիական միությանը Հայաստանի անդամակցությունն ապահովում է նոր իրական հնարավորություններ տնտեսության զարգացման և կառուցվածքային փոփոխությունների համար: Եվրասիական միությունում բոլոր չորս` ապրանքների, ծառայությունների, կապիտալի և հատկապես աշխատանքային ռեսուրսների ազատ տեղաշարժը պետք է գործի առանց սահմանափակումների: Այս դրույթը հիմնարար է, և որոշակի սահմանափակումներ ունենալու են ժամանակավոր բնույթ: Բոլոր սակագնային սահմանափակումները Եվրասիական միությունում պետք է չեղյալ հայտարարվեն:

Հայաստանի արտաքին տնտեսական կապերի իրական վիճակը և ուղղվածությունն ուղղակի ցույց են տալիս տնտեսության զարգացման հետագիծը.

• պատրաստի արտադրանքի գերակշիռ մասն արտահանվում է Ռուսաստան,

• տրանսֆերտների 86%-ը ստացվում է Ռուսաստանից11,

• էներգակիրների գերակշիռ մասը ներմուծվում է Հայաստան Ռուսաստանի Դաշնությունից (գազ, ատոմային վառելիք),

• արտասահմանյան ուղղակի ներդրումների 44,1%-ը իրականացրել են ռուսական կազմակերպությունները12:

Միգրացիան որոշվում է եվրասիական երկրներ ազատ մուտքով, մեկ շնչին ընկնող ՀՆԱ տարբերությամբ և ամենամեծ հայկական սփյուռքի առկայությամբ: Տրանսֆերտները ՌԴ-ից կազմում են ՀՀ պետբյուջեի մոտ 65%-ը:

Մեկ շնչին ընկնող ՀՆԱ էական տարբերությունը, ինչպես նաև գործազրկության մակարդակի տարբերությունները (ՀՀ` մոտ 20%, ԵՄ` 12%) Եվրամիության և Հայաստանի Հանրապետության միջև ունեն չնչին ազդեցություն միգրացիայի վրա: Ակնհայտ է, որ Հայաստանից Եվրամիություն աշխատանքի միգրացիայի գլխավոր խոչընդոտ են հանդիսանում մարդկանց ազատ տեղաշարժի հնարավորության բացակայությունը, աշխատանքի ձևակերպման բարդությունները, ֆինանսական և լեզվի իմացության խնդիրները:

Հայաստանի տնտեսության հիմնախնդիրները և Եվրասիական միությանն անդամակցությունից սպասվող արդյունքները

Մեր տնտեսությունում առկա են հետևյալ հիմնախնդիրները: Առաջինն արտաքին առևտրային հաշվեկշռի ճեղքվածքի կարևորագույն հիմնախնդիրն է: Երկրորդ հիմնախնդիրը կապված է գործազրկության և դրան փոխկապակցված միգրացիայի հետ: Հաջորդ հիմնախնդիրը, որն ունի քաղաքական պատճառ, մեր երկրի տրանսպորտային փակուղային վիճակն է չորս ուղղություններից երկուսի դեպքում: Չորրորդն անվտանգության հիմնախնդիրն է:

Այս հիմնախնդիրների լուծմանն էապես աջակցելու համար Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելը տալիս է բացառիկ հնարավորություններ: Էապես աճում են արտահանման հնարավորությունները, հատկապես պատրաստի արտադրանքի: Անհրաժեշտ են ուղղակի ներդրումներ, ինչի հնարավորությունը կտրուկ մեծանում է, էժան էներգակիրներ, և վերջապես՝ անվտանգության տեսանկյունից անհրաժեշտ են համապատասխան միջոցներ և ապրանքներ, որոնց գինն էապես ցածր է համաշխարհային գներից:

Առաջին երկու ինտեգրացիոն գործընթացները` ուղղակի ներդրումներ և էներգակիրների, ինչպես նաև այլ հումքերի և ռազմավարական բնույթի արտադրանքի գների իջեցում, Հայաստանին ապահովելու է անմիջապես Եվրասիական միության առաջնորդ Ռուսաստանի Դաշնությունը: Այս հիմնախնդիրների լուծմանը նպաստելու համար Ռուսաստանն իրականացնելու է խոշոր ուղղակի ներդրումներ, ընդ որում՝ համակարգաստեղծ ոլորտներում. երկաթուղու զարգացմանը տրամադրվելու է մոտ $0,5 միլիարդ, Հյուսիս-Հարավ ճանապարհաշինությանը՝ մոտ $200 մլն, ներդրումներ են արվելու նաև «Նաիրիտ» գործարանում և մի շարք ձեռնարկություններում, որոնք ունեն ռազմավարական նշանակություն: Իհարկե, այս կարգի ոլորտներում ներդրումներն ունեն նաև կումուլյատիվ էֆեկտ և նպաստում են փոքր ու միջին բիզնեսի զարգացմանը:

Ռուսաստանն արդեն հանել է արտահանման մաքսատուրքերը Հայաստան էներգակիրներ, մի շարք այլ հումքատեսակներ ներկրելու դեպքում: Խոսքը վերաբերում է սահմանին 30%-ով գազի գնի էժանացմանը: Սահմանին 1000մ3 գազի գինը նվազել է $270-ից մինչև $189: Մոտ 30%-ով էժանանալու են նաև նավթամթերքները:

Վերացվել է նաև 6.5% մաքսատուրքը չմշակված ադամանդներ ներկրելու պարագայում: Քանի որ այդ ոլորտում շահութաբերությունը համարժեք է այդ թվին, այս քայլը, փոխարժեքի ռացիոնալ քաղաքականություն վարելու պարագայում, կտրուկ կմեծացնի արտադրությունն այս ոլորտում:

Այսպիսով, գումարային օգուտը միայն գազի ներկրումից Հայաստանի Հանրապետության համար 5 տարվա ընթացքում կազմելու է ավելի քան $2 մլրդ: Դա, իհարկե, պետք է հաշվի առնել, և անհրաժեշտ է ռացիոնալ ու արդյունավետ օգտագործել էներգակիրների գների էական իջեցումը: Մեր նպատակն է առաջին հերթին ՀՆԱ, աշխատավարձերի, թոշակների աճը և գործազրկության կրճատումը: Այդ դեպքում գազի, էներգակիրների հարաբերական գինը կնվազի, քանզի տեղի կունենա աշխատավարձերի և թոշակների աճ գազի գնի նկատմամբ:

Եվրասիական տնտեսական միության երկու ինտեգրացիոն գործընթացների ուղղությունները` ուղղակի ներդրումների աճը և ներկրվող հումքի գների էական իջեցումը, անշուշտ, կնպաստեն արտահանման աճին, ձեռներեցության զարգացմանը, գործազրկության նվազմանը և ժողովրդի սոցիալական վիճակի բարելավմանը: Ներդրումները և ներկրվող էներգակիրների գների զգալի իջեցումը դրականորեն կանդրադառնան նոր աշխատատեղերի ստեղծման և տեղական արտադրանքի մրցունակության բարձրացման վրա:

«Ճանապարհային քարտեզի» էֆեկտը

Էական ներուժ ունի նաև ինտեգրացիոն գործընթացների երրորդ ուղղությունը` «ճանապարհային քարտեզը», որն իրականացվում է զուտ Մաքսային միության շրջանակներում: Դա բացառիկ հնարավորություն է՝ նպաստելու հետևյալ առանցքային հիմնախնդիրների լուծմանը. պաշտպանել տեղական արտադրողին՝ ստեղծելով նոր աշխատատեղեր, և աջակցել սոցիալական խնդիրների լուծմանը: Իհարկե, այս բացառիկ հնարավորությունը նպատակահարմար է իրականացնել՝ դրա համար վճարելով ցածր գնաճ:

Մաքսային միությանը միանալու միջոցառումների ծրագիրն անդրադառնում է բոլոր ոլորտներին, որոնք անհրաժեշտ են, որպեսզի Հայաստանը դառնա այդ միության լիիրավ անդամ: Տվյալ ծրագիրը ներառում է 20 բաժին, 262 միջոցառում: Վերջինս հստակորեն սահմանում է գերատեսչությունների կատարելիք քայլերն ու դրանց ժամկետները: 262 միջոցառումներից 150-ը պետք է իրականացվեն մինչև Հայաստանի՝ Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելը, իսկ մնացածը՝ անդամակցությունից հետո:

«Ճանապարհային քարտեզի» քայլերի զգալի մասն ունի տեխնիկական կամ կազմակերպչական բնույթ: Սակայն միջոցառումների մեջ կան այնպիսիները, որոնք ունեն կենսական նշանակություն մեր պետության և ժողովրդի համար: Մասնավորապես` այն կետերը, որոնց իրականացումը հնարավորություն կտա ներդաշնակեցնել ֆիզիկական անձանց համար ապրանքների և տրանսպորտային միջոցների տեղափոխման գործընթացը: Հաշվի առնելով մեր կիսաշրջափակված վիճակը` առանցքային է դառնում նաև կետը Մաքսային միության ապրանքների տեղափոխման ժամանակ օդանավակայաններում հսկողության վերացման մասին:

Երրորդ բաժինը վերաբերում է սանիտարական, բուսասանիտարական, անասնաբուժական ոլորտների միջոցառումների իրականացմանը, որոնք, անշուշտ, նպաստավոր են ՀՀ սննդամթերքի, խմիչքների արտահանման համար: Պարզ է, որ այս բաժինը համապատասխանում է մեր արտադրողների շահերին և որևէ առարկություն չի առաջացնում:

Բոլոր 20 բաժինների քայլերի արդյունավետ իրականացումը, անշուշտ, նպաստելու է Հայաստանի սահուն ինտեգրմանը Եվրասիական տնտեսական միությանը: Իհարկե, միջոցառումների ցանկում հատկապես առանցքային նշանակություն ունի և անմիջապես մեր ժողովրդի կենսական շահերի վրա է անդրադառնում հինգերորդ բաժինը, որը վերաբերում է սակագնային և ոչ սակագնային կարգավորման ոլորտին:

Հատկապես այս բաժինը բացառիկ հնարավորություն է ստեղծում պաշտպանելու մեր արտադրողներին և նպաստելու գործազրկության կրճատմանը, շտկելու այն բացթողումները, որոնք թույլ տվեցինք Առևտրի համաշխարհային կազմակերպության անդամ դառնալու ժամանակ: Քանզի այն ժամանակ որոշակի սահմանափակումներ չձևավորելը բացասաբար անդրադարձավ ՀՀ առևտրային հաշվեկշռի վրա:

Այս բաժնի միջոցառումներն իրականացնելու ժամանակ պետք է հստակ սահմանել այն սկզբունքները, որոնք ուղղակի ձեռնտու են մեր տնտեսությանը: Անհրաժեշտ է հարցին մոտենալ համակարգված ձևով, այլ ոչ թե զուտ նպատակ սահմանել ամեն գնով նվազագույն գնաճի ապահովումը: Այստեղ պետք է ընտրել ռացիոնալ տարբերակը, որն առավելագույնս կնպաստի մեր իրական նպատակին` հնարավորինս պաշտպանել մեր արտադրողին, բարելավել առևտրային հաշվեկշիռը և լրացնել պետական բյուջեն՝ միայն այդ պայմաններին համապատասխանող ցածր գնաճի պայմաններում: Այդ դեպքում ինտեգրացիայի երրորդ ուղղությունը կներդաշնակվի առաջին երկու ուղղությունների` ուղղակի ներդրումների աճի և էներգակիրների գների իջեցման հետ:

Վերը նշված նպատակն իրականացնելու համար ապրանքային խմբերն արդյունավետ է ներկայացնել չորս խմբով.

1. Առաջին անհրաժեշտության ապրանքներ, որոնք մենք չենք արտադրում կամ կարող ենք արտադրել ոչ բավարար չափերով: Այս ապրանքների համար մաքսատուրք սահմանելը նպատակահարմար չէ, քանզի փաստացի չենք սատարի մեր արտադրողներին և կարող ենք հարված հասցնել չպաշտպանված խավերին:

2. Ներկրվող հումք, արտադրանք, որոնք Հայաստանում ենթարկվում են հետագա վերամշակման: Արտադրական և բժշկական սարքավորումներ: Այս խմբերի ապրանքների համար մաքսատուրքերի կիրառումը նույնպես նպատակահարմար չէ, քանզի դա չի նպաստի տեղական արտադրությանը և սոցիալական խնդիրների լուծմանը:

3. Ապրանքներ, որոնք մենք արտադրում ենք կամ կարող ենք արտադրել էականորեն ավելի մեծ չափերով: Այստեղ մաքսատուրքերն ուղղակի անհրաժեշտ են:

4. Ոչ առաջին անհրաժեշտության ապրանքներ: Որոշակի մաքսատուրքերի սահմանումն այստեղ նպաստում է մեր բյուջեի լրացմանը։ Այդ լրացուցիչ գումարներն առաջին հերթին պետք է ուղղվեն սոցիալական խնդիրների լուծմանը: Սակայն այս ապրանքների համար մաքսատուրքեր սահմանելիս՝ չպետք է ընկնել հակառակ ծայրահեղության մեջ։ Նպատակահարմար է հետևել «ոսկե միջինի» կանոնին: Անհրաժեշտ է պաշտպանել նաև սպառողի՝ բարձրորակ արտադրանքից օգտվելու իրավունքը: Այսինքն՝ գների աճն այս ապրանքների համար չպետք է հանգեցնի դրանց սպառման կտրուկ նվազմանը:

Երրորդ և չորրորդ կետերը, իհարկե, չպետք է որևէ պարագայում հանգեցնեն գնաճի էական փոփոխության: Գնաճը մեր կարգի երկրների համար հստակ անվտանգ է համարվում մինչև 7-8%, փաստացի այստեղ մեր ռեզերվը մոտ 3% է, այլ ոչ թե 1,5: Երրորդ և չորրորդ կետերն իրականացնելու համար նպատակահարմար է օգտագործել նաև այդ ռեզերվը: Քանզի մաքսատուրքեր սահմանելու այդպիսի հնարավորությունը եզակի է և հետագայում՝ քիչ հավանական:

Իհարկե, ուղղակի սատարելով մեր տեղական արտադրողին և լրացնելով մեր պետական բյուջեն` չպետք է մոռանալ գնաճի փոփոխությունը սոցիալապես չպաշտպանված խավերին հնարավորինս արագ փոխհատուցելու մասին:

Առաջին խմբին ակնհայտորեն կարելի է դասել հացահատիկային մշակաբույսերը, դեղագործական ապրանքները, երկրորդ խմբին՝ հանքային ապրանքները, վառելիքը, սարքավորումները, փայտը, թուղթը: Այս երկու խմբերի համար նպատակահարմար է ունենալ զրոյական մաքսատուրք: Երրորդ խմբին կարելի է դասել խմիչքը, ծխախոտը, հրուշակեղենը, քարից, կերամիկայից և ապակուց պատրաստված արտադրանքը, որոշ տեսակի պատրաստի այլ արտադրանքներ, որոնք նույնպես արտադրվում են մեզ մոտ: Այստեղ մաքսատուրքերի հավասարեցումը նպաստավոր է մեր արտադրողների համար: Չորրորդ խմբին կարելի է դասել Հայաստանում չարտադրվող, սակայն հիմնականում բարձր եկամուտներ ունեցողների կողմից սպառվող պատրաստի արտադրանքները:

Հայաստանի տնտեսության զարգացման նախընտրելի սցենարը

Անհրաժեշտ է ճշտել հետևյալ առանցքային հիմնահարցը. ի՞նչ սցենարով պետք է զարգանա ՀՀ տնտեսությունը: Առաջին տարբերակը ենթադրում է առևտրային հաշվեկշռի հետ կապված խնդիրների լուծում, տեղական արտադրության զարգացում, գործազրկության կրճատում և սոցիալական ոլորտի բարելավում: Երկրորդ սցենարն ուղղված է հիմնականում միայն ներքին շուկայի սահմանափակ թվով ոլորտների զարգացմանը` շինարարության, անշարժ գույքի շուկայի, մանրածախ առևտրի, հիմնականում վարկերի, գրանտների և տրանսֆերտների հաշվին: Հայաստանի ինտեգրացիան Եվրասիական միության երկրների հետ հնարավորություն է տալիս զարգանալ հենց առաջին սցենարով:

Հիմնականում ներքին շուկայի և ծառայությունների զարգացման պայմաններում Հայաստանին ուղղակի անհրաժեշտ է արտահանման և տեղական արտադրության զարգացման հնարավորությունների էական ընդլայնում:

Զարգացած երկրներում արտահանման և ՀՆԱ հարաբերակցությունը գերազանցում է 30%-ը, քանզի շուկան այդ երկրներում փոքր է, և արտահանումը դառնում է զարգացման համար առանցքային գործոն: Արտահանման էական աճն առաջին հերթին հնարավոր է Եվրասիական միության երկրներում, որտեղ ակնհայտ է այդ խնդրի գերակայությունը, ծրագրերի կոորդինացման հնարավորություններն ավելի մեծ են, մեր ապրանքը ճանաչելի է և ունի պահանջարկի մեծ ներուժ: Այդ խնդիրը դեռևս չի լուծվել նաև ազգային արժույթի չհիմնավորված բարձր արժևորման պատճառով և փաստացի ոչ բավարար ինտեգրացիայի մակարդակով:

Ինտեգրումը Եվրասիական միության երկրների հետ կարող է տալ տարեկան մոտ 2% ՀՆԱ լրացուցիչ աճ (մոտ $200 մլն)` հաշվի առնելով ուղղակի ներդրումների աճի տեմպը և էներգակիրների գների նվազումը13: Միայն գազի գնի նվազեցման կարճաժամկետ էֆեկտը տարեկան կազմում է մոտ $140 մլն և համադրելի է Եվրամիության հետ ասոցիացիայի պայմանագրով կանխատեսվող ամբողջ ՀՆԱ $146 մլն աճի հետ: Այստեղ նաև նշված են որոշակի էական ռիսկային գործոններ14:

Եվրասիական երկրների աջակցությամբ ատոմային էլեկտրակայանի վերակառուցումը և նոր էլեկտրակայանների հնարավոր կառուցումը, Իրանի հետ երկաթգիծը, Հյուսիս-Հարավ տրանսպորտային միջանցքը, աբխազական երկաթուղու բացումը ՀՆԱ աճի տեմպը կդարձնեն ավելի կայուն` մեծացնելով Հայաստանի Հանրապետության տնտեսական անվտանգությունը:

Մինչև այժմ Հայաստանը զարգանում էր այնպիսի սցենարով, որը հիմնականում ենթադրում է ներքին պահանջարկի աճ տրանսֆերտների, վարկերի և գրանտների աճի հաշվին: Ակնհայտ է տնտեսության ոլորտների անհավասարակշիռ վիճակը, որտեղ գերակշռում են ներքին շուկան սպասարկող ոլորտներ: Շինարարության, առևտրի, տրանսպորտի և ծառայության ոլորտը ՀՆԱ-ում կազմում է մոտ 60%: Այդպիսի կառուցվածքն ուղղակի կախված է տրանսֆերտներից և վարկերից, որը, մի կողմից, խթանում է ներմուծվող ապրանքների սպառումը, մյուս կողմից՝ ապահովում է գերազանցապես այնպիսի ոլորտների աճը, ինչպիսիք են ծառայությունների ոլորտը, տրանսպորտը, շինարարությունը և առևտուրը: Տրանսֆերտների և վարկերի կրճատման, ինչպես նաև փոխարժեքի կտրուկ փոփոխության պարագայում առաջանում է այդ ոլորտների զգալի կրճատման վտանգ: Առանց Եվրասիական միությանն անդամակցելու Հայաստանն իրականում ստիպված է հետևել այս բավական ռիսկային զարգացման սցենարին:

Հայաստանը, ընտրելով արտահանման զարգացման ուղղությունը, ստանում է մի շարք առանցքային հնարավորություններ.

• ՀՆԱ ավելի բարձր աճի տեմպ, որը հնարավորություն կստեղծի զգալիորեն բարձրացնել ժողովրդի կենսամակարդակը,

• ուղղակի ներդրումներ արտահանմանն ուղղված ոլորտներում, էներգակիրների գների համահարթեցում և մուտք առանց սահմանափակումների մեծ ու պաշտպանված եվրասիական շուկա՝ բարձր ավելացված արժեքով ապրանքներ իրացնելու համար (նշենք, որ ինտեգրացիոն գործընթացներն էական ազդեցություն չունեն հումքի ու խտանյութի իրացման վրա),

• հնարավոր ճանապարհային և երկաթուղային ծրագրերի իրականացումը հնարավորություն կստեղծի էապես ավելացնել ապրանքաշրջանառությունը և մեծացնել Հայաստանի դերը որպես տարանցիկ երկիր:

* * *

Կարևոր է, որ Հայաստանը դառնում է Եվրասիական միության անդամ միության ձևավորման սկզբում: Տվյալ քայլն էապես մեծացնում է ՀՀ տնտեսության աճի հնարավորությունը: Այս քայլը ոչ միայն կմեծացնի արտահանման աճի հնարավորությունը` դրույքների և քվոտաների վերացումով և էներգակիրների գների իջեցումով, այլ նաև կնպաստի օրենքների և կանոնների համաձայնեցմանը տնտեսության բոլոր ոլորտներում, ինչը, անշուշտ, ուժեղացնում է ներդրողների վստահությունը: Հեռանկարում տնտեսական ինտեգրացիան կբերի աշխատավարձի և զբաղվածության աճ, սոցիալական ստանդարտների բարելավում: Առաջանում է նաև Եվրասիական միության տարածքում պետպատվերների մրցույթներին հայկական կազմակերպությունների մասնակցության հնարավորություն:

Այսպիսով, ընդգծենք, որ Հայաստանի Հանրապետության ինտեգրացիան Եվրասիական միության հետ ունի մի շարք կառուցվածքային առավելություններ, որոնք կամրացնեն հանրապետության տնտեսական դիրքերը և կմեծացնեն նրա կայուն զարգացման հնարավորությունները: Թե որքանով հնարավոր կլինի իրականացնել այս ներուժը՝ կապված է արտահանման և էներգետիկայի ոլորտում առանցքային հիմնախնդիրների լուծման, ներդրումային գրավչության բարձրացման հետ: Հրամայական է նաև մեր հիմնախնդիրները հստակ ներկայացնելը և դրանց ակտիվ պաշտպանությունը:

1 International Monetary Fund, World Economic Outlook Database.

2 http://www.forbes.com/sites/danielfisher/2011/07/05/the-worlds-worst-economies/

3 International Monetary Fund, World Economic Outlook Database.

4 http://www.u-picardie.fr/eastwest/fichiers/art110.pdf

5 http://ria.ru/spravka/20130701/946779167.html

6 Historic inflation Germany – CPI inflation // http://www.inflation.eu/inflation-rates/germany/historic-inflation/cpi-inflation-germany.aspx

7 http://newsgeorgia.ru/point/20140111/216288981.html

8 http://www.ved.gov.ru/exportcountries/am/about_am/ved_am/

9 http://www.georgians.ru/news.asp?idnews=138999

10 http://bizzone.info/stats/EFyAFlyZpA.php

11 http://www.armbanks.am/2014/02/24/71837/

12 http://www.ved.gov.ru/exportcountries/am/about_am/ved_am/

13 «Армения и Таможенный союз: Оценка экономического эффекта интеграции», руководитель авторского коллектива А.А. Тавадян, ЕАБР, N20, 2013, с. 28. http://www.eabr.org/general//upload/CII - izdania/2014/Армения-ТС/doklad_20_ru_preview.pdf

14 “Trade Sustainability Impact Assessment in support of negotiations of DCFTA between the EU and the Republic of Armenia”, Final Report, p. 14, http://trade.ec.europa.eu/doclib/docs/2013/july/tradoc_151659.pdf

«21-րդ ԴԱՐ» N 5, 2014

դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր