ԹՈՒՐՔԻԱՅԻ ՌԱԶՄԱԿԱՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ՇՈՒՐՋ
Հայկ ԳաբրիելյանԹուրքագետ
2011թ. աշնանն իշխող Արդարություն և զարգացում կուսակցության (ԱԶԿ) փոխնախագահ Հուսեին Չելիքը ներկայացրեց մինչև 2023թ. ռազմական բարեփոխումների վերաբերյալ 15 կետանոց գործողությունների պլանը, ինչը որակվեց որպես զինվորական-քաղաքացիական հարաբերությունների «ճանապարհային քարտեզ»: Այն առնչվում էր Գլխավոր շտաբը (ԳՇ) Պաշտպանության նախարարությանը (ՊՆ) կցելուն, Թուրքիայի զինված ուժերի (ԹԶՈւ) Ներքին ծառայության օրենքի 35-րդ հոդվածը վերացնելուն, ժանդարմերիայի կառուցվածքը վերափոխելուն, պրոֆեսիոնալ բանակին անցում կատարելուն, պարտադիր զինծառայության ժամկետը կրճատելուն, դպրոցներում ազգային անվտանգության դասընթացներ անցկացնելուն, ռազմական կրթությանը, բանակային հրամանատարությունների քանակին և տեղակայման վայրերին, ռազմական ծախսերի թափանցիկությանը, ԹԶՈւ արդյունավետության մեծացմանը և այլն:
Կետերից մեկն առնչվում էր Էգեյան կամ 4-րդ բանակի վերացմանը, որը Թուրքիայի 4 բանակներից մեկն է: Այն ստեղծվել է 1975թ. հուլիսի 20-ին` 1974թ. ԹԶՈւ-ի կողմից Հյուսիսային Կիպրոսը գրավելուց հետո: Այժմ, սակայն, նվազել է Հունաստանից և ընդհանրապես Բալկաններից եկող սպառնալիքը, ինչն էլ առաջացրել է Էգեյան բանակը (կենտրոնակայանը` Իզմիր) վերացնելու անհրաժեշտություն1:
2014թ. մայիսի սկզբին Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլը հայտարարեց, որ Թուրքիան հպարտանում է իր բանակով, սակայն այն արդիականացման կարիք ունի: Գյուլի խոսքերով՝ աշխարհի բոլոր երկրներն արդիականացնում են իրենց բանակները, և Թուրքիան չպետք է դառնա բացառություն: Գյուլը կարևորել է պաշտպանական ոլորտի բարեփոխումների անցկացումը, որոնք կնպաստեն ԹԶՈւ պրոֆեսիոնալացման աճին2:
Գլխավոր շտաբ, Ազգային անվտանգության խորհուրդ (ԱԱԽ) - Դեռևս 2010թ. աշնանը Taraf թերթը գրել էր, որ ԳՇ-ին փոխարինելու է ՊՆ շտաբը, որն ամբողջովին ենթարկվելու է պաշտպանության նախարարին, միևնույն ժամանակ՝ ՊՆ-ն ու ՊՆ շտաբը կտեղակայվեն մի շենքում, ինչպես Պենտագոնը: Դրանով իսկ Թուրքիայի ցամաքային զորքերի (ՑԶ), ռազմաօդային ուժերի (ՌՕՈւ) և ռազմածովային ուժերի (ՌԾՈւ) հրամանատարությունները նույնպես անմիջականորեն կենթարկվեն նախարարությանը, սակայն առավելագույնս բաժանված և հեռացված կլինեն միմյանցից: ԱԶԿ-ն այդպիսով կբաժանի բանակի գեներալիտետին, ինչը միտված է երկրի ներսում ռազմական հեղաշրջումները բացառելուն3:
2013թ. փետրվարին Թուրքիայի Ազգային մեծ ժողովի (ԹԱՄԺ) Սահմանադրության հաշտեցման հանձնաժողովը հայտարարեց, որ ԹԱՄԺ-ում ներկայացված քաղաքական հիմնական ուժերը պայմանավորվածության են եկել ԳՇ-ը ՊՆ-ին կցելու մասին: Քաղաքական ուժերը որոշել են, որ ԹԶՈւ գործունեությունը լինելու է ոչ թե «ազգային անվտանգության ապահովումը», այլ «ազգային պաշտպանությունը», որով և զինվորականների գործունեությունից դուրս է մնում ներքին անվտանգությունը: Բացի այդ, նրանք պայմանավորվել են, որ ԱԱԽ-ը կդադարի սահմանադրական ինստիտուտ լինելուց, ինչը նշանակում է, որ այն կարող է ամբողջովին վերացվել կամ էլ ենթարկվել կառուցվածքային և գործունեության ոլորտի փոփոխությունների4:
Պարտադիր զինծառայություն - 2013թ. հոկտեմբերի 25-ին հրապարակվեց պարտադիր զինծառայության ժամկետը երեք ամսով կրճատելու մասին որոշումը: Այն պարտադիր զինծառայության ժամկետը 15 ամսից նվազեցնում է մինչև 12 ամսվա (երկարաժամկետ զինծառայություն), իսկ բուհերի շրջանավարտների համար պահպանում է 6 ամիս ժամկետը (կարճաժամկետ զինծառայություն): Փոփոխությունը կառավարութան առաջարկով ուժի մեջ մտավ 2014թ. հունվարի 1-ին, թեև զինվորականները նախընտրում էին 2014թ. մարտի 1-ը: Պարտադիր զինծառայության ժամկետի կրճատման արդյունքում Թուրքիայում պետք է վաղաժամ զորացրվի մոտ 280.000 զինծառայող, որից 70.000-ը՝ առաջին փուլում5: ԹԶՈւ ԳՇ պետ, բանակի գեներալ Նեջդեթ Օզելը շտապեց հայտարարել, որ չեն ծրագրում վերացնել պարտադիր զինծառայությունը6: Ի դեպ, 2003թ. ԱԶԿ-ական կառավարությունը նախաձեռնեց երկարաժամկետ զինծառայությունը 18 ամսից հասցնել 15 ամսվա, ինչը պահպանվեց շուրջ 10 տարի:
Պարտադիր զինծառայության ժամկետի և, հետևաբար, ԹԶՈւ թվակազմի (տվյալ ժամանակ՝ մոտ 650.000 մարդ) կրճատումն ունի մի քանի պատճառ: Նախ՝ անցել են այն ժամանակները (1990-ականներ), երբ, ինչպես կարծում էին Թուրքիայում, ԹԶՈւ-ն պետք է ի վիճակի լիներ միաժամանակ մղել 2.5 պատերազմ (հյուսիս-արևմուտքում՝ Հունաստանի, հարավ-արևելքում՝ Սիրիայի, իսկ երկրի ներսում՝ Քրդստանի աշխատավորական կուսակցության (PKK) դեմ): Ավելին, 2013թ. մայիսին մեկնարկեց Թուրքիայից PKK-ականների հեռանալու գործընթացը, որը թեև չստացավ ավարտուն տեսք, սակայն հիմնականում անդորր ապահովեց երկրի հարավարևելյան նահանգներում, ուր ակտիվորեն գործում էր PKK-ն:
Բացի այդ, խոշոր բանակ պահելը նշանակում է ֆինանսական խոշոր ծախսեր (2013թ. Թուրքիայի ռազմական ծախսերը կազմել են $19.1 մլրդ, որով նա աշխարհում զբաղեցրել է 14-րդ տեղը), և ԹԶՈւ անձնակազմի կրճատումը կհանգեցնի ֆինանսական զգալի միջոցների տնտեսման (ԱՄՆ 40-րդ նախագահ (1981-1989թթ.) Ռոնալդ Ռեյգանի խոսքերով` Թուրքիայում մեկ զինծառայող պահելը տարեկան արժենում էր շուրջ $6000 (օրական` $16.5), մինչդեռ ԱՄՆ-ում այդ ցուցանիշը կազմում էր շուրջ 15 անգամ ավելի` $90.000 ($246):
Պարտադիր զինծառայության ժամկետի կրճատումը կնպաստի նաև զինծառայությունից խուսափողների քանակի կրճատմանը (Էրդողանի տվյալներով՝ նրանց թիվը կազմում է 600.000 մարդ): Վերջին շրջանում Թուրքիայում գործուն քայլեր են ձեռնարկվում ԹԶՈւ պրոֆեսիոնալացումը բարձրացնելու (քանակից որակի անցում կատարելու) ուղղությամբ, և պարտադիր զինծառայության ժամկետի կրճատումը տեղավորվում է այս համատեքստում: Եվ վերջապես, չպետք է մոռանալ, որ պարտադիր զինծառայության ժամկետի կրճատմանը պետք է հաջորդեր 1.5-ամյա ընտրական մարաթոնը՝ բաղկացած ՏԻՄ, նախագահական (2014թ.) և խորհրդարանական (2015թ.) ընտրություններից, ինչը հավելյալ քվեներ կապահովեր ԱԶԿ-ի համար:
Ինչ վերաբերում է նրան, որ կառավարությունը պնդում էր, որ փոփոխությունն ուժի մեջ մտնի հենց 2014թ. հունվարի 1-ից, ապա դա կապված է Թուրքիայում զորակոչ/զորացրման ժամկետների հետ: Թուրքիայում զորակոչն անցկացվում է տարեկան 4 անգամ` փետրվար, մայիս, օգոստոս և նոյեմբեր ամիսներին (ամեն անգամ զինծառայության է անցնում 70.000-80.000 մարդ): Սա նշանակում է, որ եթե փոփոխությունն ուժի մեջ մտներ մարտի 1-ին, ապա այն իր արդյունքները սկսելու էր տալ միայն մայիսից (մարտի 30-ի ՏԻՄ ընտրություններից հետո), մինչդեռ հունվարի 1-ին ուժի մեջ մտնելու դեպքում` փետրվարից (ՏԻՄ ընտրություններից առաջ): Երկրորդ դեպքում վաղաժամ զորացրվելու հնարավորություն ստացան 2012թ. նոյեմբերին ԹԶՈւ զորակոչվածները (ծնված 1992թ., 4-րդ զորակոչ):
2014թ. փետրվարին Աբդուլա Գյուլը հաստատեց «Զինծառայության մասին» օրենքում փոփոխությունները, ըստ որոնց` Թուրքիայում զինակոչիկների տարիքային ստորին ժամկետը 20-ից բարձրացվեց մինչև 21-ի: Թուրքիայի պաշտպանության նախարար Իսմեթ Յըլմազը դա պատճառաբանեց պարտադիր զինծառայության ժամկետի կրճատմամբ և տարեկան 2 անգամվա փոխարեն 4 անգամ զորակոչ/զորացրում անելու հանգամանքով` հավելելով, որ ըստ էության՝ տարիքային փոփոխություն չի գրանցվել (նկատի ունենալով, որ նորակոչիկները նախորդի համեմատ ավելի ուշ կզորակոչվեն ԹԶՈւ, սակայն ավելի շուտ կզորացրվեն):
Ուղղումների համաձայն, ԳՇ պետի և զորատեսակների հրամանատարների նկատմամբ հետաքննություն կարող է անցկացվել վարչապետի, իսկ ժանդարմերիայի հրամանատարի դեպքում` ներքին գործերի նախարարի թույլտվությամբ: Նրանց դատելու իրավունք կունենա Գերագույն դատարանը (Yüce Divan)7: Ի դեպ, 2012թ. հունվարին Թուրքիայի Հանրապետության (ԹՀ) պատմության մեջ գրանցվեց աննախադեպ իրադարձություն, երբ քաղաքացիական դատարանը կալանքի տակ առավ ԳՇ նախկին պետին` Իլքեր Բաշբուղին, որն այս տարվա մարտին հայտնվեց ազատության մեջ:
Ռազմական հեղաշրջումներ – 2013թ. հուլիսի 13-ին ԹԱՄԺ-ը հաստատեց ԹԶՈւ ներքին ծառայության օրենքի 35-րդ հոդվածում ուղղումներ մտցնելու մասին օրինագիծը: 35-րդ հոդվածում գրված էր, որ ԹԶՈւ պարտականությունն է ԹՀ տարածքները և Սահմանադրությունը պահպանելն ու պաշտպանելը: Սակայն կատարված ուղղումների համաձայն, ԹԶՈւ պարտականությունները դարձան արտերկրից եկող սպառնալիքներին դիմագրավելը, հայրենիքը պաշտպանելը, զսպման ապահովումը, ռազմական հզորության պահպանումն ու մեծացումը, խորհրդարանի որոշմամբ` արտերկրում առաքելություն կատարելը և միջազգային խաղաղության պահպանումը:
Քաղաքացիական կառավարման մեջ զինվորականների միջամտության համար իրավական հիմք ստեղծած այդ հոդվածում ուղղումներ անելը որակվեց որպես պատմական քայլ: Այդպիսով, ԹԶՈւ-ն զրկվեց Սահմանադրությունը պաշտպանելու պատրվակով ներքին քաղաքականությանը միջամտելու և զինվորական հեղաշրջումներն օրինականացնելու հնարավորությունից8։ Այստեղ աչքի է զարնում այն, որ Թուրքիայի կառավարությունը 35-րդ հոդվածի փոփոխությունը նախաձեռնեց «Գեզի» այգու համար բողոքի ակցիաների թեժ պահին:
35-րդ հոդվածը մտցվել է 1960թ. մայիսի 27-ի ռազմական հեղաշրջումից հետո: Ավելի ուշ այն օգտագործվել է որպես իրավական հիմք 1971թ. մարտի 12-ի և 1980թ. սեպտեմբերի 12-ի ռազմական հեղաշրջումների, ինչպես նաև 1997թ. փետրվարի 28-ին հետմոդեռնիստական (թավշյա) հեղաշրջման և 2007թ. ապրիլի 27-ին զինվորականների հուշագրի համար:
Հիշեցնենք, որ դեռևս 2010թ. փետրվարի սկզբին Թուրքիայում վերացվել էր EMASYA արձանագրությունը, որը ԳՇ-ի և Ներքին գործերի նախարարության միջև կնքվել է 1997թ. հուլիսի 7-ին, այսինքն` փետրվարի 28-ի հեղաշրջումից անմիջապես հետո: 27 հոդվածից բաղկացած այդ արձանագրության համաձայն` թուրքական բանակի հրամանատարությունն արտակարգ դրության (հասարակական անկարգությունների) ժամանակ իրավասու էր դիմելու վճռորոշ միջոցների (զորք ուղարկելու)` առանց քաղաքացիական կառույցների թույլտվության:
Բացի այդ, 2010թ. սեպտեմբերի 12-ին սահմանադրական բարեփոխումների շուրջ Թուրքիայում անցկացված հանրաքվեի արդյունքներով էլ վերացվել էր Սահմանադրության 15-րդ ժամանակավոր հոդվածը, որով 1980թ. ռազմական հեղաշրջման կազմակերպիչները զրկվեցին անձեռնմխելիությունից, ինչն էլ հանգեցրեց նրան, որ Թուրքիայի նախկին նախագահը (տվյալ հեղաշրջման կազմակերպիչ և ԳՇ պետ Քենան Էվրեն) երկրի պատմության մեջ առաջին անգամ կանգնեց դատարանի առջև:
Ազգային հետախուզական կազմակերպություն (MIT) - 2014թ. գարնանը Թուրքիայի կառավարությունն առաջարկեց MIT լիազորություններն աննախադեպ ընդլայնող օրինագիծ: 2014թ. ապրիլի 17-ին օրինագիծն ընդունվեց ԹԱՄԺ-ի կողմից, իսկ ապրիլի 26-ին այն հաստատեց Աբդուլա Գյուլը: Եթե մինչ այդ MIT գործունեության ոլորտներն էին արտաքին անվտանգությունը, ահաբեկչության դեմ պայքարն ու ազգային անվտանգությունը, ապա այժմ` արտաքին հետախուզությունը, ազգային պաշտպանությունը, ահաբեկչության և միջազգային հանցանքների դեմ պայքարը, կիբեռանվտանգությունը: Նախատեսվում է ԹԱՄԺ-ում ստեղծել Անվտանգության և հետախուզության հանձնաժողով (17 անդամ):
MIT աշխատակիցներին թույլատրել են ուղիղ շփումներ հաստատել տեղի և օտար ամեն տիպի կազմակերպության ու կառույցի, այդ թվում նաև ահաբեկիչների հետ (նկատի են առնվում Իմրալըի ու Ղանդիլի հետ շփումները, որոնք ավելի վաղ սկանդալների են հանգեցրել): MIT-ի համար մատչելի են դառնում ամեն տիպի փաստաթղթերը (արխիվներ, տվյալների բազա): MIT-ը կարող է, առանց դատարանի համապատասխան որոշման, իրականացնել հեռախոսազրույցների գաղտնալսումներ, եթե դա բխում է տրված առաջադրանքների կատարման շահերից (Թուրքիայի հեռահաղորդակցային վարչության (TIB) պատրաստած զեկույցի համաձայն, 2012-2013թթ. երկրում գաղտնալսվել է 1.190.000 հեռախոսազրույց, որոնք առնչվել են 509.516 մարդու (երկրի չափահաս բնակչության 1%), որից 257.454-ին` 2012թ., իսկ 252.062-ին՝ 2013թ.):
MIT աշխատակիցներն ազատվում են հատուկ գործողություններ անցկացնելու ժամանակ հնարավոր օրինախախտումների համար քրեական հետապնդումից: Օրինագիծը բարդացնում է MIT աշխատակիցներին քրեական պատասխանատվության ենթարկելը, անհնար է դառնում նրանց նույն գործով երկու անգամ դատելը` անգամ հավելյալ հանցանշանների կամ վկաների առկայության դեպքում, այսինքն` կայացված դատավճիռները ենթակա չեն լինի վերանայման (անձեռնմխելիության տեսանկյունից MIT աշխատակիցներին Թուրքիայում սկսել են համեմատել պատգամավորների հետ):
Պետական մարմինները, բանկերը, ընկերությունները պարտավոր են տրամադրել MIT պահանջած փաստաթղթերը, հակառակ դեպքում սպառնում է 2-5 տարվա ազատազրկում: MIT ներքին (գաղտնի) փաստաթղթերը հրապարակած լրագրողին սպառնում է 4-10 տարվա ազատազրկում (սա կապված է այս տարի Սիրիայի վերաբերյալ Թուրքիայի ղեկավարության գաղտնի խորհրդակցության ձայնագրության տարածման սկանդալի հետ, ինչը հանգեցրեց Թուրքիայում YouTube–ի արգելափակմանը): MIT աշխատակիցների և նրանց ընտանիքների ինքնությունը բացահայտողներին սպառնում է 3-7 տարվա ազատազրկում:
MIT աշխատակցին հարցաքննելու համար պահանջվում է MIT ղեկավարի, իսկ MIT ղեկավարին հարցաքննելու համար՝ վարչապետի թույլտվությունը: MIT ղեկավարին կարող է դատել միայն Վճռաբեկ դատարանը, սակայն երկրի նախագահը կարող է վետո դնել MIT ղեկավարի նկատմամբ հետաքննության վրա: MIT աշխատակիցների ընտանիքների անդամներն ահաբեկչության դեմ պայքարի շրջանակներում գտնվելու են պետական պաշտպանության ներքո9:
Թուրք իրավապաշտպաններին խիստ անհանգստացրել է այս օրինագիծը: Նրանք կարծում են, որ օրինագիծը հակասում է Թուրքիայի Սահմանադրության 2-րդ հոդվածին, որում գրված է, որ Թուրքիան իրավական պետություն է: Նրանք օրինագիծը համեմատում են 1982թ. Սահմանադրության 15-րդ (վերոնշյալ) հոդվածի հետ, և կարծում են, որ այն Թուրքիան կվերածի երրորդ աշխարհի տիպիկ երկրի, կվերադարձնի 1990-ականները, որոնք հայտնի են հազարավոր չբացահայտված սպանություններով, կսպանի սոցիալական անդորրն ու ժողովրդավարությունը: Նրանք չեն բացառում, որ MIT-ը կդառնա JITEM (Ժանդարմերիայի հետախուզական ծառայության) նման կառույց, որը երկրի հարավ-արևելքում սպանել ու առևանգել է հազարավոր մարդկանց, որով և ողջ հանրությունն ամբողջովին անպաշտպան կդառնա նրա առջև: Ընդդիմությունն անհանգստացած է, որ MIT-ը կհանդիսանա ոչ թե երկրի, այլ ԱԶԿ հատուկ ծառայությունը, որի աշխատակիցներին, ըստ էության, տրվել է ամեն ժամանակ հանցանք գործելու արտոնություն:
Հարկ է նշել, որ MIT ներկայիս ղեկավար Հաքան Ֆիդանը Էրդողանի վստահելի մարդկանցից մեկն է: Նա MIT ղեկավար է նշանակվել 2010թ. մայիսի 25-ին, ինչից հետո «մաքրման» գործընթաց է սկսել հակաիսլամական ամրոց հանդիսացած այդ կառույցում, որպեսզի այն այսուհետ առավել բարյացակամ տրամադրված լինի Էրդողանի կառավարության հանդեպ: Թուրքական մամուլը քանիցս ուշադրություն է հրավիրել այն բանին, որ Ֆիդանն ամենուրեք ուղեկցում է Էրդողանին` չբացառելով, որ հենց նա կարող է դառնալ երկրի հաջորդ վարչապետը: Իսկ 2013թ. դեկտեմբերի 17-ին Թուրքիայում անցկացված հակակոռուպցիոն գործողությունից օրեր անց թուրքական մամուլը գրեց, որ Էրդողանը կարող է ներքին գործերի նախարար նշանակել Հաքան Ֆիդանին, սակայն դեպքերը ցույց տվեցին, որ Էրդողանը նախընտրեց ուժեղացնել MIT-ը` չվստահելով «գյուլենական ՆԳՆ-ին»:
Սահմանների պաշտպանություն - Թուրքիայի ԳՇ-ը 2013թ. օգոստոսին հայտնեց, որ երկրի ցամաքային սահմանները (2949 կմ) պահպանում է ավելի քան 51.107 զինծառայող, որոնք կենտրոնացած են ցամաքային սահմաններին ստեղծված 317 սահմանապահ ուղեկալներում10: Դա նշանակում էր, որ Թուրքիայում ժանդարմերիան (որը խաղաղ ժամանակ ենթարկվում է ՆԳՆ-ին, իսկ պատերազմական ժամանակ՝ ԳՇ-ին) ամբողջովին հեռացվել է երկրի հարավարևելյան ցամաքային սահմանի անվտանգության պահպանման գործընթացից: Դա տրամաբանական է՝ հաշվի առնելով, որ նույն թվականի մայիսին մեկնարկել էր PKK զինյալների հեռանալու գործընթացը: Տարիներ շարունակ PKK-ի դեմ պայքարի շրջանակներում հենց ժանդարմերիան է պահպանել Իրաքին սահմանակից Շըրնաք և Հաքքարի նահանգների սահմանները, ինչն այսուհետ անելու է ՑԶ-ը11:
2013թ. գարնանը (երբ Էրդողան-Գյուլեն առճակատումը դեռ չէր հասել գագաթնակետին) հայտնի դարձավ, որ 2018թ. Թուրքիայում սահմանների պաշտպանությունը զինվորականներից փոխանցվելու է ՆԳՆ-ին. «Թուրքիայի ՆԳՆ-ում ստեղծվում է երկու նոր կառույց՝ Սահմանային անվտանգության կազմակերպությունը և Ներգաղթի ղեկավարման գլխավոր վարչությունը: Երկու նախագծերն էլ առաջ են քաշվել և իրագործվում են «ԵՄ-ին ինտեգրվելու սահմանային ղեկավարման ռազմավարության» շրջանակներում: Տվյալ ուղղությամբ առաջին քայլերն արվել են 2000-ականների սկզբին: Պլանավորված է, որ նախագծերի իրագործումը կավարտվի 2018թ., երբ սահմանների վերահսկողությունը կվերցվի զինվորականներից և կտրվի Սահմանային անվտանգության կազմակերպությանը, որի անձնակազմը բաղկացած կլինի 61.000 մարդուց: Նախագիծը գնահատվում է 6.5 միլիարդ եվրո: Վերջին 15 տարիներին Թուրքիայի տարածքով ապօրինի ճանապարհներով ԵՄ ներթափանացել փորձած մարդիկ առաջին հերթին խնդիրներ են ստեղծել Թուրքիայի համար՝ խոչընդոտելով ԵՄ-ին նրա ինտեգրմանը: Այդ ընթացքում Թուրքիայում ձերբակալվել է նմանատիպ փորձ կատարած 800.000 մարդ: Պլանի համաձայն, առաջիկա 5 տարում Հունաստանի և Բուլղարիայի, առաջիկա 10 տարում Վրաստանի, Հայաստանի, Ադրբեջանի ու Սիրիայի, ինչպես նաև կառավարության սահմանած ժամկետում Իրանի և Իրաքի հետ Թուրքիայի սահմանների պաշտպանությունը հանձնվելու է Սահմանային պահպանման կազմակերպությանը»12: Սակայն Թուրքիայի վերջին զարգացումները (ՆԳՆ հակաէրդողանյան կեցվածքը) կարող են սպառնալիքի տակ դնել այս նախագծի իրագործումը, թեև վերջին շրջանում այդ կառույցում սկսվել են մասշտաբային «մաքրումներ»:
Գյուլենականների մաքրում – 2014թ. ապրիլի 30-ին տեղի ունեցավ ԱԱԽ նիստը, որում որոշվեց պայքար ծավալել ԹԶՈւ-ում «զուգահեռ կառույցի» (գյուլենական շարժման) բարձրաստիճան ներկայացուցիչների դեմ և իրականացնել «զուգահեռ մաքրում»: Ընդգծվեց ԹԶՈւ-ն նման անձանցից հնարավորինս շուտ ազատելու կարևորությունը, ինչը կնպաստի երկրի անվտանգության մեծացմանն ու ժողովրդի խաղաղությանը: «Զուգահեռ կառույցի» ներկայացուցիչները տարիներ շարունակ արմատներ են ձգել նաև ԹԶՈւ-ում: Այժմ Բարձրագույն կարգապահական կոմիտեն (YDK) պետք է ԹԶՈւ կազմում հայտնաբերի տվյալ մարդկանց և հեռացնի բանակի շարքերից: YDK կազմում մտնելու են ԳՇ, ՑԶ, ՌՕՈւ, ՌԾՈւ, Ժանդարմերիայի և Առափնյա պաշտպանության հրամանատարությունների ներկայացուցիչները: Օգոստոսի 1-ին Թուրքիայում կայանալու է Բարձրագույն ռազմական խորհրդի (YAŞ) նիստը, քննարկվելու է «կասկածելի» զինվորականների հարցը: Հատուկ հետախուզության պետ Աբդուռահման Շիմշեքի տվյալներով` ԹԶՈւ գնդապետների 10%-ը, իսկ մայորների 40%-ը գյուլենականներ են13: Թուրքիայի իշխանություններին ցայժմ քանիցս մեղադրել են «Էրգենեքոն», «Բալյոզ» և այլ գործերի շրջանակներում ԹԶՈւ-ին վնաս պատճառելու մեջ, և չնայած դրան՝ Էրդողանը չի խորշում ԹԶՈւ-ին նոր հարված հասցնելուց (նրա շարքերից «գյուլենականներին» հեռացնելու միջոցով)՝ առավելապես կարևորելով սեփական դիրքերի ամրապնդումը պետական բոլոր կառույցներում:
Այսպիսով, ականատես ենք լինում, որ վերջին շրջանում Թուրքիայում ձեռնարկվում են ռազմական ոլորտի մասշտաբային բարեփոխումներ, որոնց հիմքում ընկած են թե´ ռազմական (ԹԶՈւ արդյունավետության մեծացում), թե´ տնտեսական (գումարների տնտեսում), թե´ ներքաղաքական (ռազմական հեղաշրջումների բացառում, քաղաքացիական իշխանությունների դիրքերի ամրապնդում, PKK), թե´ արտաքին քաղաքական գործոններ (արտաքին սպառնալիքների նվազում): Թուրքիայում արդեն ներկայիս ռազմական բարեփոխումները համեմատում են 18-րդ դարի վերջին և 19-րդ դարի սկզբներին Օսմանյան կայսրությունում իրականացված մասշտաբային ռազմական բարեփոխումների («նիզամ-ը ջեդիդ») հետ:
1 Ömer Şahin, En batıdan en doğuya 'sivilleşme' hamleleri, Radikal, 01.09.2011.
2 TSK yeniden yapılanacak!, Ulusal Kanal, 02.05.2014.
3 Mehmet Baransu, Genelkurmayin tabelasi inecek!, Taraf, 27.11.2010.
4 4 parti MGK ve Genelkurmay konusunda uzlaştı, Sabah, 21.02.2013.
5 Askerlik süresinin 12 aya indirilmesi kararı Resmi Gazete'de, Zaman, 25.10.2013.
6 Özel: Zorunlu askerlik kalkmayacak, T24, 11.10.2013.
7 Askerlik yaşı 21 oldu, Bugün, 22.02.2014.
8 TSK 35. madde değiştirildi, Hürriyet, 14.07.2013.
9 MİT Kanunu Resmi Gazete'de, Anadolu Ajansı, 26.04.2014.
10 Sınır Kara Kuvvetleri’ne bırakıldı, Milliyet, 19.08.2013.
11 Jandarma sınırdan çekildi, Ulusal Kanal, 19.08.2013.
12 Sınır koruması 6.5 milyar Euro, Akşam, 14.05.2013.
13TSK'da paralel temizliği başlıyor!, Star, 03.05.2014.
դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր
- ՔՐԴԱԿԱՆ ԳՈՐԾՈՆԸ ԹՈՒՐՔԻԱՅԻ ԱՐՏԱՀԵՐԹ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ[05.06.2018]
- «ՁԻԹԵՆՈՒ ՃՅՈՒՂ» ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԹՈՒՐՔԻԱՅԻ ՀԵՌԱՀԱՐ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ[18.04.2018]
- ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ ՍՏԱՄԲՈՒԼԻ ՋՐԱՆՑՔԻ ԿԱՌՈՒՑՄԱՆ ՇՈՒՐՋ[26.03.2018]
- ԿԱՐՄԻՐ ԾՈՎՈՒՄ ԹՈՒՐՔԻԱՅԻ ՌԱԶՄԱԿԱՆ ՆԵՐԿԱՅՈՒԹՅԱՆ ՀԱՍՏԱՏՄԱՆ ԽՆԴՐԻ ՇՈՒՐՋ[21.03.2018]
- 21-ՐԴ ԴԱՐԸ՝ «ՔՐԴԱԿԱ՞Ն ԴԱՐ»[19.12.2017]
- ԲԱՔՈՒ-ԹԲԻԼԻՍԻ-ԿԱՐՍ ԵՐԿԱԹԳԾԻ ԲԱՑՄԱՆ ՇՈՒՐՋ[13.12.2017]
- «ՆՈՐ ԹՈՒՐՔԻԱ». ՊԱՏՄԱԿԱՆ ՋՐԲԱԺԱՆՆԵՐ[10.11.2017]
- ԿԱՏԱՐԻ ՇՈՒՐՋ ՃԳՆԱԺԱՄԸ ԵՎ ԹՈՒՐՔԻԱՆ[21.07.2017]
- «ԻՆՋԻՐԼԻՔԻ» ԹՆՋՈՒԿԸ ԳԵՐՄԱՆԻԱՅԻ ԵՎ ԹՈՒՐՔԻԱՅԻ ՄԻՋԵՎ[27.06.2017]
- ԹՈՒՐՔԻԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ՀԱՆՐԱՔՎԵԻՑ ՀԵՏՈ[11.05.2017]
- ԹՈՒՐՔԻԱՅԻ «ԵՓՐԱՏԻ ՎԱՀԱՆ» ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆԸ[04.04.2017]