• am
  • ru
  • en
Версия для печати
03.12.2013

ՍՆՈՈՒԴԵՆԻ ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄՆԵՐԸ. ԱՇԽԱՐՀՆ ԱՄԵՐԻԿՅԱՆ ԵՎ ԲՐԻՏԱՆԱԿԱՆ ԳԱՂՏՆԱԼՍՄԱՆ ՏԱԿ

EnglishРуский

   

Սամվել Մարտիրոսյան
«Նորավանք» ԳԿՀ Տեղեկատվական հետազոտությունների կենտրոնի փորձագետ

Ամերիկյան Ազգային անվտանգության գործակալության (NSA, National Security Agency) նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենի բացահայտումները ԱՄՆ գաղտնի ծառայությունների կողմից համացանցում կատարվող գործողությունների մասին փոխեցին պատկերացումները տեղեկատվական անվտանգության մասին։ Արդեն հասկանալի է դառնում, որ բոլոր մտավախությունները, որ շրջանառվում էին դավադրության զանազան տեսություններում, ավելի իրական են, քան կարելի էր պատկերացնել։

Սնոուդենի բացահայտումներից երևում է, որ ամերիկյան, բրիտանական գաղտնի գործակալություններն ակտիվորեն օգտագործում են սոցիալական ցանցերը, էլեկտրոնային փոստի ծառայություններն ամբողջ աշխարհի մասշտաբով գաղտնալսումներ կատարելու համար։ NSA գործընկերն է Բրիտանական կառավարական կապի կենտրոնը (GCHQ)։ Պարզ դարձավ, որ գաղտնալսումների համար օգտագործվում են բոլոր հնարավոր ճանապարհները՝ միջամտում սերվերների աշխատանքին, տվյալների կորզում մալուխներից, վիրուսային ծրագրերի տեղադրում և այլն։

Սնոուդենի առաջին բացահայտումները ցույց տվեցին, որ ամերիկյան գաղտնի գործակալությունը կարողանում է ներթափանցել սոցիալական ցանցերի և այլ հարթակների սերվերները և այնտեղից օգտատերերի մասին փակ տվյալներ ստանալ։ Այդ համակարգը կոչվում է PRISM և թույլ է տալիս օգտատերերի մասին ստանալ բոլոր տեսակի տեղեկատվություն․ներքին նամակագրություն, կապերն այլ օգտատերերի հետ, IP հասցեներ և այլն։ Խոսքը համաշխարհային ամենախոշոր սոցիալական ցանցերի, էլեկտրոնային նամակագրության և շփման այլ հարթակների մասին է․ Microsoft (օրինակ, Hotmail), Google (նաև GMail), Yahoo!, Facebook, YouTube, Skype, AOL, Apple, Paltalk1։ PRISM համակարգը թույլ է տալիս ներխուժել ոչ միայն մարդկանց նամակագրության, այլ նաև ցանցային հեռախոսազանգերի (VoIP), տեսազանգերի (Video conferencing), իրար փոխանցած ֆայլերի մեջ, ինչը երևում է Սնոուդենի կողմից բացահայտված NSA գաղտնի սլայդից (տե՛ս Նկար 1

Նկար 1
Սնոուդենի բացահայտած NSA գաղտնի սլայդը PRISM համակարգի աշխատանքի մասին

PRISM համակարգի ինտերնետային խոշոր կորպորացիաներին NSA-ն սկսել է ներքաշել դեռ 2007թ.՝ սկսելով տեղեկատվություն ստանալ Microsoft-ից։ 2012թ. վերջինը ներգրավվել է Apple-ը։ Կարելի է ասել, որ խոշորագույն ցանցերից միայն Twitter-ի անունը չի շոշափվել (տե՛ս Նկար 2

Նկար 2
Սնոուդենի բացահայտած NSA գաղտնի սլայդը, որից երեում է, թե երբ են սկսել գործակալության հետ համագործակցել տարբեր կորպորացիաները

Կորպորացիաները հերքում են իրենց անմիջական մասնակցությունը համակարգին։ Սակայն հասկանալի է, որ տեղեկատվության ինչ-որ մի մաս, ըստ դատարանի որոշման, դրանք այսպես թե այնպես տրամադրում են գաղտնի գործակալությանը։

Բացի անմիջական սերվերներից տեղեկատվություն ստանալը, ամերիկյան և բրիտանական գործակալությունները կորզում են տվյալներն անմիջապես մալուխներից։ Դա հնարավոր է, քանի որ համաշխարհային ինտերնետային և հեռախոսային հոսքերի մեծագույն մասն անցնում են ԱՄՆ տարածքով (տե՛ս Նկար 3

Նկար 3
Սնոուդենի բացահայտած NSA գաղտնի սլայդը, որից երևում է, որ համաշխարհային հեռահաղորդակցությունն անցնում է ԱՄՆ տարածքով, ինչը թույլ է տալիս իրականացնել էլեկտրոնային նամակագրության և հեռախոսազանգերի գաղտնալսում

Տվյալների ահռելի քանակի մշակման համար նույնպես գործում է առանձին համակարգ՝ MUSCULAR: Հայտնի է դարձել, որ գաղտնի գործակալություններին հաջողվել է ներթափանցել Yahoo և Google ներքին ցանցեր, ինչի շնորհիվ NSA-ն և GCHQ-ը ամսական ստանում է 180 միլիոնից ավելի գրառում՝ նամակագրություններ, լուսանկարներ, տեսանյութեր, ինչպես նաև այլ տիպի մետատվյալներ։

NSA մեկ այլ համակարգ, որը կոչվում է Boundless Informant, թույլ է տալիս հետևել քարտեզի վրա, թե որ երկրներից ինչ ակտիվությամբ է կորզվում տեղեկատվությունը (տե՛ս Նկար 4)։ Սնոուդենի տրամադրած պատկերից երևում է, որ 2013թ. մարտ ամսվա ընթացքում միայն ԱՄՆ տարածքից ստացվել է մոտ 3 միլիարդ տարբեր տիպի տեղեկատվություն։ Երկրները ներկայացված են ըստ այդ ամսվա ընթացքում դրանց հանդեպ NSA համակարգի ակտիվության, կանաչ գույնը վկայում է ցածր ակտիվության մասին, կարմիրը՝ հակառակը։ Տվյալ պատկերի վրա, օրինակ, Հայաստանը դեղին գույնի է՝ ԱՄՆ-ի պես, ինչը խոսում է NSA-ի կողմից միջին ակտիվության մասին2։

Նկար 4
Սնոուդենի բացահայտած NSA գաղտնի սլայդը, որից երևում է Boundless Informant համակարգի աշխատանքը

Ամերիկյան և բրիտանական գործակալությունները կիրառել են նաև թիրախային գաղտնալսումներ։ Ըստ Սնոուդենի, գաղտնալսվել են 35 երկրների ղեկավարների հեռախոսները։ Չնայած նրանց անունները նա չի բացահայտել, բայց արդեն հայտնի է, որ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն է հանդիսացել զոհերից մեկը։

Հայտնի է դարձել նաև, որ բելգիական Belgacom խոշորագույն կապի մատակարարողի ներքին ցանցերը բրիտանական գաղտնի գործակալությունների կողմից վարակված են եղել հատուկ վիրուսային ծրագրով, որն ապահովել է գաղտնալսումներ։ Նշենք, որ Belgacom-ը կապ է տրամադրում Եվրամիության բոլոր ղեկավար օղակներին3։

Սնոուդենի բացահայտումները դեռ շարունակվում են, և արդեն հասկանալի է, որ ամերիկյան ու բրիտանական կառավարությունները ստացել են հնարավորինս լայն տեղեկատվություն. խոսքը ողջ աշխարհով մեկ կատարվող գործողությունների մասին է, որոնցից տուժել են գրեթե բոլոր երկրները։ Եվրամիությունն արդեն ծրագրում է ստեղծել սեփական հետախուզություն, որը կկարողանա դիմադրել նման զարգացումներին4։ Արդեն հասկանալի է, որ բոլոր հնարավոր ֆանտազիաներն այս ոլորտի վերաբերյալ արդեն գերազանցել են իրականությունը։ Եվ հասկանալի է, որ հեռահաղորդագրությունն այլևս նույնը մնալ չի կարող, քանի որ գաղտնիությունը կորցրել է ավանդական իմաստը, և պետություններն ու հասարակությունները ողջ աշխարհում դեռ պետք է գտնեն պատասխաններ ստեղծված իրավիճակի համար։

1 NSA slides explain the PRISM data-collection program, http://www.washingtonpost.com/wp-srv/special/politics/prism-collection-documents/

2 Boundless Informant: the NSA's secret tool to track global surveillance data http://www.theguardian.com/world/2013/jun/08/nsa-boundless-informant-global-datamining#

3 Бельгия требует от Лондона объяснений по поводу шпионажа против бельгийской компании связи, http://www.novostimira.com.ua/news_71553.html

4 Собственные ниндзя для Европы? http://rus.ruvr.ru/2013_11_05/249063570/

«Գլոբուս» վերլուծական հանդես, թիվ 11, 2013

դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր