ԲԱՆԱԿԻ ԴԵՐԸ ՄԵՐՁԱՎՈՐ ԱՐԵՎԵԼՔՈՒՄ

Թուրքիայում պետության նախագահի ընտրության հարցի շուրջ երկրի կառավարության եւ ռազմական վերնախավի բախումը եւս մեկ անգամ առիթ տվեց խոսելու Մերձավոր Արեւելքում բանակի հատուկ դերի եւ կարեւորության մասին։
Այս տարածաշրջանում բանակն ավելին է, քան ուղղակի ցանկացած պետության անօտարելի մաս հանդիսացող զինված ուժերը։ Ի տարբերություն, օրինակ, Արեւմուտքի երկրների, որտեղ բանակը քաղաքացիական իշխանությունների ամբողջական վերահսկողության տակ է գտնվում եւ քաղաքական իշխանության աղբյուր չի հանդիսանում, Մերձավոր Արեւելքում բանակն ակտիվորեն մասնակցում է հասարակական կյանքի բոլոր գործընթացներին` ընդհուպ մինչեւ իշխանության ձեւավորումը։
Տարբեր են ոչ միայն բանակի կերպարը եւ ընկալումը հասարակությունում, այլ նաեւ գործառույթները։
Պետական շինարարությունից դեպի իշխանություն
Մերձավորարեւելյան տարածաշրջանի պատմության ամբողջ ընթացքում բանակը ոչ միայն կայսրությունների եւ պետությունների ռազմական ուժի խորհրդանիշ էր, այլ նաեւ տնտեսական բարեկեցության (օրինակ, Օսմանյան կայսրության տնտեսությունը նույնիսկ նոր ժամանակներում հենվում էր բանակի իրականացրած հաջող արշավանքների վրա) եւ քաղաքական իշխանության կայունության հոմանիշ։ Եվ եթե Եվրոպայում «գեներալների իշխանությունն» արդեն 18-19-րդ դդ. անշեղորեն փոխարինվում էր քաղաքացիական իշխանությամբ, եւ այս երկու ոլորտները տարանջատվում են, ապա Մերձավոր Արեւելքում եւ, ընդհանրապես, Առաջավոր Ասիայում բանակն ու քաղաքական իշխանությունները սերտաճած էին մնում։
Ավանդույթը շարունակվեց նաեւ 20-րդ դարում, երբ Օսմանյան կայսրության փլուզումից եւ մանդատային համակարգի լուծարումից հետո անկախություն հռչակած երկրներում պետական շինարարության գործընթացը գլխավորեց հենց բանակը` իբրեւ հասարակության ամենակազմակերպված եւ կայացած կառույց: Արդյունավետ քաղաքական ինստիտուտների բացակայության պայմաններում այն օբյեկտիվորեն գերագույն լեգիտիմություն ձեռք բերեց եւ սկսեց իրականացնել իր սովորական գործառույթներից դուրս գտնվող միջոցառումներ` ընդհուպ մինչեւ տնտեսական եւ սոցիալական հարցերի կարգավորում: Բանակը սկսեց դիտարկվել իբրեւ երկրում կայունություն ապահովող ուժ եւ, հաճախ, նաեւ քաղաքական հակասությունների դեպքում` իբրեւ վճռորոշ դատավոր:
Այս արտոնյալ կարգավիճակը բավական խոր ազդեցություն թողեց մերձավորարեւելյան հասարակությունների հետագա զարգացման վրա: Հետագա տարիներին բանակը բազմաթիվ անգամներ խառնվեց տարածաշրջանի երկրների քաղաքական կյանքին: Նրա ազդեցության վերելքի ժամանակաշրջան կարելի է համարել 1950–1960-ական թթ., երբ Մերձավոր Արեւելքի պետություններում հիմնական հարցերը լուծվում էին անընդհատ իրականացվող ռազմական հեղաշրջումների եւ բանակի ճնշման միջոցով: Հետագայում քաղաքական իշխանությունները կարողացան որոշակիորեն ավելացնել սեփական կշիռը եւ հասարակական գործընթացների նկատմամբ սեփական վերահսկողության մակարդակը, սակայն, այնուամենայնիվ, բանակը պահպանում էր իր խիստ էական դերակատարությունը։ Դրա մասին են վկայում, օրինակ, 1970–1980-ական թթ. տեղի ունեցած ռազմական հեղաշրջումներն Իրաքում եւ Թուրքիայում։
Զինվորականությունն իբրեւ հասարակական էլիտա
Այս պարագայում բարձրաստիճան զինվորականությունը Մերձավոր Արեւելքի երկրներում սոցիալական շեշտակի վերելք ապրեց եւ դարձավ հասարակական վերնախավի կարեւորագույն մասը:
Նախ ձեւավորվեց զինվորականի կերպարի նկատմամբ խոր հարգանքի զգացում, որը սերմանվում է փոքր հասակից` կրթադաստիարակչական համակարգի միջոցով։ Պետությունն իր հերթին սպաների համար սահմանեց բավական բարձր աշխատավարձեր եւ բազմաթիվ հատուկ առավելություններ` մաքսավճարներից ազատում, անվճար բուժսպասարկում եւ բնակարաններ, տրանսպորտային արտոնություններ։ Նրանց տրամադրվեցին նաեւ տնտեսական եւ իրավական արտոնություններ ձեռնարկատիրական գործունեության բնագավառում։ Արդյունքում` Մերձավոր Արեւելքի շատ երկրներում բարձրագույն զինվորականությունը կազմեց արտաքին առեւտրում մենաշնորհային դիրք ունեցող ձեռնարկատերերի մի հատուկ շերտ։
Բացի այն, որ զինվորականությունն անհատական ֆինանսական վիճակի բարելավման հնարավորություն էր ստանում, պետությունը նաեւ ապահովում էր բանակին ուղղվող հսկայական միջոցների ներհոսք։ Ազգային բյուջեի զգալի մասը տրվում էր բանակին։ Առանցքային արաբական երկրների բանակի ծախսերը կազմում են պետական բյուջեի մոտ մեկ երրորդը։ Բանակը տնօրինում է պատկառելի սեփականություն, ինչպես նաեւ հսկայական միջոցներ են ծախսվում ժամանակակից զինատեսակներ ձեռք բերելու համար։
Բացի այդ, բանակի կողմից իշխանություններին նետվող մարտահրավերի բացառման համար` բարձրաստիճան զինվորականության համալրումը հաճախ իրականացվում է` հաշվի առնելով ոչ թե մասնագիտական հմտությունները, այլ իշխանություններին հավատարիմ լինելու հանգամանքը։
Այս ամենը շատ տրամաբանական է, քանի որ բոլոր ավտորիտար պետություններում իշխանությունները գիտակցում են, որ սոված եւ թույլ բանակը չի ցանկանա պաշտպանել գործող վարչակարգը, իսկ բանակի կորպորատիվ կարիքների եւ բարձրագույն զինվորական հրամանատարության անձնական հետաքրքրությունների բավարարումը ռազմական էլիտայի ներսում կստեղծի շահագրգռվածություն իշխող վարչակարգի պաշտպանության հանդեպ։
Դերի սահմանափակում
Այս իրավիճակում բանակը` հասարակությունում իր ունեցած դրական կերպարով եւ մեծ ռեսուրսներով, իրական վտանգ է ներկայացնում քաղաքական վերնախավի համար։ Այսօր բանակի արտոնյալ դերն անընդհատ ներքին եւ արտաքին մեծ ճնշումների պատճառ է դառնում։
Իշխանությունները բազմաթիվ մեթոդներով փորձում են ավելի վերահսկելի դարձնել բանակը եւ նրա ազդեցությունը որոշակիորեն սահմանափակել։ Դա կատարվում է հիմնականում երկու ճանապարհով` հատուկ ծառայությունների թվի եւ ազդեցության բարձրացմամբ եւ զուգահեռ ռազմական կառույցների ստեղծմամբ։
Մի քանի հատուկ ծառայությունների առկայությունը (որոնց միջեւ մրցակցությունն իշխանությունների կողմից խրախուսվում է) հատկանշական է գրեթե բոլոր արաբական երկրներին։ Հատուկ ծառայությունների ղեկավարներին (որոնք իշխող վերնախավի հետ հաճախ կապված էին լինում կրոնական, համայնքային, տեղայնական կամ բարեկամական կապերով) ընդգրկելով կարեւորագույն քաղաքական հարցերի շուրջ որոշումներ ընդունողների շրջանակի մեջ` իշխանությունները հակակշիռ են ստեղծում զինվորականության ազդեցությանը եւ հեղինակությանը։
Մեկ այլ գործուն միջոց է զուգահեռ ռազմական ստորաբաժանումների ստեղծումը։ Իրաքում դա Հանրապետական գվարդիան էր Սադամ Հուսեյնի օրոք, Սաուդյան Արաբիայում` Ազգային գվարդիան, Իրանում` Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը, Սիրիայում` պաշտպանական ջոկատները եւ Հանրապետական գվարդիան։ Փաստորեն, տեղի է ունենում աշխատանքի յուրատեսակ բաժանում։ Եթե կանոնավոր բանակը պաշտպանում էր երկիրն արտաքին թշնամուց, ապա էլիտային ստորաբաժանումները, հիմնականում, օգտագործվում էին երկրի ներսում ծագող անկարգությունները ճնշելու համար։ Այս զուգահեռ զինված ուժերի անձնակազմը, որպես կանոն, հավաքագրվում էր վարչակարգի հետ սերտ կապ ունեցող համայնքային եւ էթնոկրոնական խմբերի ներկայացուցիչներից (Սիրիայում` ալաուիական փոքրամասնությունից, Սաուդյան Արաբիայում` ալ-Խասսա եւ էլ-Նեջդ նահանգների բնակիչներից, Իրաքում` Սադամ Հուսեյնի ծննդավայր Տիքրիտի շրջանում բնակվող սուննիական փոքրամասնության ներկայացուցիչներից) եւ ենթարկվում է անմիջապես երկրի ղեկավարին։ Էլիտար ստորաբաժանումների զինվորները հատուկ գաղափարական մշակման են ենթարկվում, ավելի մեծ արտոնություններ ունեն, քան կանոնավոր բանակը եւ բանակի ազդեցությունը հավասարակշռող միավոր են։
Արտաքին ճնշումները նույնպես որոշակիորեն թուլացնում են բանակի դերը մերձավորարեւելյան հասարակություններում։ 20-րդ դարի վերջին–21-րդ դարի սկզբին այս երկրներում տեղի է ունենում անցում դեպի ժողովրդավարություն եւ քաղաքացիական հասարակություն։ Այս ամենը (նույնիսկ եթե դա կրում է զուտ իմիտացիոն բնույթ) ստիպում է իշխանություններին որոշակի քայլեր ձեռնարկել բանակի դերակատարությունը նվազեցնելու համար։
Բանակն ընդդեմ իսլամականության
Այս պայմաններում զինվորականությունը ստանձնում է նոր դեր, որը թույլ է տալու նրան պահպանել իր ազդեցությունը։ Բանակը Մերձավոր Արեւելքում մշտապես գտնվում է գաղափարախոսական վերահսկողության տակ։ Զինված ուժերում աշխատող գաղափարախոսական աշխատակիցները եւ հատուկ հրահանգիչները զերծ են պահում այս ոլորտն իսլամիստական քարոզչության ներթափանցումից։ Այն դառնում է տարածաշրջանի երկրներում անշեղորեն աճող իսլամականությանը հակազդելու ամենաիրական եւ նույնիսկ ինչ-որ չափով միակ ուժը։
Թուրքիայում բանակը, պետական հեղաշրջումների կամ դրանց սպառնալիքների միջոցով, բազմիցս պայքարել է իսլամականության աճի եւ քեմալիզմի դիրքերը սասանելու դեմ (1971, 1980 եւ 1998թթ.)։ 1982թ. Սիրիայում միայն բանակի օգնությամբ հնարավոր եղավ ճնշել երկրում մի քանի տարի ընթացող պայքարն իսլամականների դեմ։ Ալժիրում 1990-ականների սկզբին բանակը կանխեց իսլամականների հաղթանակն ընտրություններում։ Եմենում, Եգիպտոսում եւ Հորդանանում, թեեւ բանակն ակտիվորեն չի ներգրավված իսլամականությունը պատնեշելու գործին, սակայն, օրինակ, վերջին շրջանում հենց ռազմական դատարանների միջոցով իսլամականներին դատելու երեւույթը կոչված էր ցույց տալու, որ անհրաժեշտության դեպքում զինվորականությունը պատրաստ է կոշտ եւ արմատական միջոցների դիմել։
Փաստորեն, ստացվում է այնպես, որ զինված ուժերը դառնում են հասարակության աշխարհիկության պահպանման ամենամեծ ջատագովը։ Ուժային կառույցների եւ ուժեղ գաղափարական կուսակցությունների բացակայության պայմաններում վակուումը լցվելու է արմատական իսլամով։ Եվ շատ հասարակություններ կանգնելու են հետեւյալ երկընտրանքի առջեւ` ավտորիտար իշխանության թուլացում, ռազմական կառույցների դերի նվազում եւ իսլամականության աճ կամ աշխարհիկ իշխանությունների պահպանման համար բանակի արտոնյալ եւ գերիշխող դիրքի հետ համակերպում։ Երրորդ ճանապարհ, կարծես թե, չկա։ Գոնե անուղղակիորեն դա ցույց տվեցին նաեւ վերջին դեպքերը Թուրքիայում։
դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր
- ՎԵՐՆԱԽԱՎԵՐԻ ՓՈՓՈԽՈԻԹՅԱՆ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐԸ ԱՐԱԲԱԿԱՆ ԱՇԽԱՐՀՈՒՄ[16.02.2011]
- ՊԱՅՔԱՐ ԼԱՏԻՆԱԿԱՆ ԱՄԵՐԻԿԱՅԻ ՀԱՄԱՐ[27.07.2010]
- ԹՈՒՐՔԱԿԱՆ ԺԽՏՈՂԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ [21.04.2009]
- ԻՍՐԱՅԵԼԸ ԵՎ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՉՄԱՆ ՀԱՐՑԸ [25.02.2009]
- «ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՄԻՏՈՒՄՆԵՐ–2025» [06.02.2009]
- «ՀՈԼՈԴՈՄՈՐ»-Ը ՈՐՊԵՍ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԳՈՐԾՈՆ[15.01.2009]
- ՆՈՐԱԴԱՐՁ ՄԱՀՄԵԴԱԿԱՆՆԵՐ[08.12.2008]
- ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐՆԵՐ ԳԼՈԲԱԼԱՑՄԱՆԸ. ՀԱԿԱԳԼՈԲԱԼԻՍՏՆԵՐ ԵՎ ԱԼՏԵՐԳԼՈԲԱԼԻՍՏՆԵՐ[19.05.2008]
- ԱՅԼԱՏՅԱՑՈՒԹՅՈՒՆԸ ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ԵՎՐՈՊԱՅՈՒՄ. ՀԱԿԱՍԵՄԻՏԻԶՄ [21.04.2008]
- ԱՅԼԱՏՅԱՑՈՒԹՅՈՒՆԸ ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ԱՐԵՎՄՈՒՏՔՈՒՄ. ԻՍԼԱՄԱՖՈԲԻԱՅԻ ՄԱՍԻՆ[10.04.2008]
- ՊԱԿԻՍՏԱՆ. ԱՆՈՐՈՇ ՀԵՌԱՆԿԱՐ[18.02.2008]