
ՄԵՐՁԱՎՈՐ ԱՐԵՎԵԼՔՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՒՄ Է ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՆՈՐ ՁԵՎ Գագիկ Հարությունյանի հարցազրույցը ԱրմԻնֆո լրատվական գործակալությանը
ՄԱԿ ԱԽ-ում վերջերս տեղի ունեցած վիճաբանություններից և Իրանի ու Իսրայելի արձագանքից դատելով՝ պետք է ենթադրել, թերևս, որ սիրիական հակամարտությունն աստիճանաբար նոր հարթություն է տեղափոխվում։ Ձեր կարծիքով՝ այս իմաստով Սիրիայի իրադարձությունների հետ կապված ի՞նչ ազդակներ կարող ենք սպասել առաջիկայում։
Սիրիական հակամարտությունում Իրանի և Իսրայելի ներգրավվածության մասին բազմիցս է խոսվել։ Թեհրանում հիանալի հասկանում են, որ Սիրիային հաջորդելու է Իրանը, դրա համար էլ «Հեզբոլլահը», իսկ որոշ գնահատականներով՝ նաև Իսլամական հեղափոխության պահապանների հետ կապված խմբերը, ակտիվորեն գործում են Սիրիայում։ Բնական է, որ Սիրիան ներկայիս տեսքով այնքան էլ ձեռնտու չէ Իսրայելին, թեև որոշ փորձագետներ հակված են կարծելու, թե Թել Ավիվը շահագրգռված չէ Ասադի անկմամբ։ Այդ դեպքում Սիրիան, իբր, կլցվի ամեն տեսակ ահաբեկիչներով, որոնք այնտեղից կսպառնան Իսրայելի անվտանգությանը։ Իմ կարծիքով, Իսրայելի համար սպառնալիք է ուժեղ, միասնական Սիրիան, այլ ոչ թե ցաքուցրիվ ահաբեկչական խմբերը, որոնց հետ իսրայելցիները փայլուն կերպով են հաշիվ տեսել, և այժմ էլ տեսնում են։ Ուստի, խոսելով արտաքին միջամտության մասին՝ մենք պետք է նկատի ունենանք, որ Սիրիայում իսկական պատերազմ է ընթանում, այլ ոչ թե ընդդիմության կամ տեղի ապստամբների ելույթներ։ Կառավարական զորքերի դեմ մարտնչող կազմավորումներում սիրիացի քաղաքացիների թիվը, փորձագետների և դիտորդների գնահատականներով, չի գերազանցում 15-20%-ը։ Մնացածը վարձկաններ են Լիբիայից, Կատարից, Սաուդյան Արաբիայից, Մերձավոր Արևելքի այլ վարչակարգերից, կան նաև քաղաքացիներ որոշ արևմտյան երկրներից և հետխորհրդային հանրապետություններից (օրինակ՝ Ադրբեջանից)։ Այդ բոլոր ուժերին ակտիվորեն աջակցում են ՆԱՏՕ հատուկ ծառայությունները՝ առաջին հերթին այդ կազմակերպության անդամ հանդիսացող Թուրքիայի միջոցով։ Այլ կերպ ասած՝ Թուրքիան ակտիվորեն մարտնչում է Սիրիայի դեմ, հենց թուրք կադրային զինվորականների են վերացրել և գերեվարել Սիրիայում կառավարական զորքերը։
Տեղեկատվություն կա, որ Թուրքիան հընթացս փորձում է Սիրիայում լուծել իր համար երկար տարիներ ցավագին հանդիսացող Հայկական հարցը՝ ավերելով հայկական եկեղեցիները և հարկադրելով Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության զոհերի սերունդներին լքել իրենց ապաստանած հյուրընկալ Սիրիան...
Եթե Թուրքիայում անգամ գոյություն չունենար հայերին Սիրիայից դուրս մղելու, հայկական մշակութային և առհասարակ քրիստոնեական արժեքների ոչնչացման հատուկ ծրագիր, միևնույն է, փաստ է, որ թուրքերի կազմակերպած հայերի ցեղասպանության զոհերի սերունդները Սիրիայում հերթական անգամ ստիպված են գաղթել այդ նույն Թուրքիայի ջանքերով։ Մեր հայրենակիցներն արևմտահայ մշակութային-քաղաքակրթական կոդի կրողներն են։ Մերձավորարևելյան համայնքներն են, որ Արևելյան, անգամ Արևմտյան Եվրոպայի, Ամերիկայի երկրներում հսկայական ազդեցություն են ունեցել հայության, հայկական քաղաքակրթության, մշակույթի պահպանման գործում։ Եվ հիմա, երբ Սիրիայի և ընդհանրապես Մերձավոր Արևելքի հայ համայնքների ներկայացուցիչներն սկսել են հեռանալ Եվրոպա, Հյուսիսային և Հարավային Ամերիկա, մենք կորցնում ենք մեզ համար շատ կարևոր ազգային հատվածը։ Նշենք, նաև, որ Սիրիայում հարցն այսպես է դրված. նոր Սիրիայում, որն ի հայտ կգա բացասական սցենարի իրագործման պարագայում, տեղ չեն ունենա ոչ միայն հայերը և ընդհանրապես քրիստոնյաները, այլ նաև սիրիական ալևիները։
Ինչո՞վ է տարբերվում սիրիական իրավիճակը տարածաշրջանն ալեկոծած «արաբական հեղափոխություններից»։
Սիրիական իրադարձությունները հարկ է դիտարկել միայն այն համատեքստում, թե ինչ է կատարվել և կատարվում Մերձավոր Արևելքում վերջին տարիներին։ Հիշում ենք, թե ինչպես Իրաքի դեմ ագրեսիայի արդյունքում բարեհաջող կերպով կախաղան հանվեց տիպիկ արևելյան բռնապետ Սադամ Հուսեյնը, որը քիմիական հարձակմամբ 5 հազար քուրդ էր ոչնչացրել։ Այնինչ, Հուսեյնի տապալումից, այդ նույն Իրաքում ամերիկացիների գալուց հետո, ամենահամեստ տվյալներով, զոհվել է մոտ կես միլիոն մարդ։ Իրաքում գործադրվել է մի մեխանիզմ, որի միջոցով իրաքցիները սպանում էին իրաքցիներին, արաբները՝ արաբներին, երկրից հեռացել է ավելի քան մեկ միլիոն մարդ։ Սա չեն վիճարկում ոչ ՄԱԿ-ը, ոչ այլ միջազգային իրավապաշտպան կազմակերպություններ։ Եվ ամերիկյան գործողություններից հետո Իրաքի արաբական հատվածում գրեթե հայ չմնաց. ոմանք ապաստան գտան Իրաքյան Քրդստանում։ Համեմատելով Իրաքի և Սիրիայի իրավիճակները՝ կարելի է գալ այն եզրահանգման, որ այս տարածաշրջանում, խիստ հավանական է, գործի է դրվել մի մեխանիզմ, ցեղասպանության մի նոր ձև, երբ այդ երկրների ժողովուրդները զբաղվում են ինքնաոչնչացմամբ։ Դա կատարվում է պլանաչափ և կայուն ձևով, ամեն օր, պետականության ընդհանուր անկման համապատկերում։ Եվ այս համատեքստում շատ կարևոր է գտնել պատվիրատուին, որի շնորհիվ գործի է դրվել այդ մեխանիզմը, ցեղասպանության այդ նոր ձևը, որը չի տեղավորվում ցայժմ գոյություն ունեցող կանոններում և հասկացություններում։ Այդ նույն Սիրիայում կառավարական զորքերը, շնորհիվ իրանական, ռուսական և մի փոքր անուղղակի՝ չինական աջակցության, էական հաջողություն ունեն արևմտյան հատուկ ծառայությունների աջակցությունը վայելող տարաշերտ խռովարարների դեմ պայքարում։ Սակայն, անգամ այդ հաջողությունը չի կանխում Սիրիայի՝ որպես պետության, դեգրադացումը, քանի որ կյանքը խախտվել է, միջազգային կազմակերպությունների տվյալներով՝ երկիրը լքել է մոտ 1,2 մլն մարդ, իսկ զոհերի թիվը հասնում է ավելի քան 80 հազարի։ Տնտեսության վիճակի մասին խոսելն առհասարակ իմաստ չունի։
Իսկ ո՞վ է , ըստ Ձեզ, պատվիրատուն։
Այսօր, ըստ իս, գրեթե անհնար է մատնացույց անել պատվիրատուին, այդ ժամանակները վաղուց անցել են։ Ամեն բան խիստ միահյուսված է, և նման հարցերում ու գործերում շատ մեծ դեր են խաղում ինչպես որոշ արևմտյան երկրներ, այնպես էլ Կատարը և Սաուդյան Արաբիան, ինչպես նաև վերազգային ընկերությունները։ Անձամբ ինձ դուր է գալիս Գերմանիայի դիրքորոշումը, որը, ի տարբերություն Ֆրանսիայի, դեմ է քվեարկել հակասիրիական բանաձևին և բավական զուսպ դիրքորոշում է որդեգրել սիրիական հակամարտության հարցում։ Ուստի, այս ամենևին էլ չկառավարվող քաոսի մեկ պատվիրատու երկիր նշելը չափազանց բարդ է։ Եվ ամերիկացիներն իրենք էլ խիստ մտահոգված են Սիրիայում «Ալ-Քաիդայի» ազդեցության ուժեղացումից։ Մերձավոր Արևելքում ամեն օր ահաբեկչական գործողություններ են կատարվում, որոնք առնվազն հավասարազոր են բոստոնյան դեպքերին, հազարավոր մարդիկ են զոհվում, ինչը պետք է մեծ ողբերգություն լինի ողջ աշխարհի համար։ Այսպիսով, սիրիական գործընթացները որակապես տարբերվում են լիբիական, թունիսյան, եգիպտական և անգամ իրաքյան գործընթացներից, որոնցում հակամարտող արտաքին ուժեր, համենայնդեպս՝ կազմակերպված ձևով, չեն մասնակցել։ Այդ նույն Իրանը, Ռուսաստանը և Չինաստանը փաստորեն Ասադի կողմից են՝ պայքարելով սիրիական հակամարտության արժանավայել, խաղաղ կարգավորման համար։ Եվ այս գործում, որը տեղի է ունենում Հայաստանի սահմանին մոտ, մեծ չափով խառնված են Թուրքիան, Ադրբեջանը, որի ավազակախմբերը կռվում են Սիրիայի կառավարական զորքերի դեմ։
Ինչպե՞ս կանդրադառնա Սիրիայում Թուրքիայի և Ադրբեջանի հույժ ակտիվությունը Մոսկվայի հետ Անկարայի և Բաքվի հարաբերությունների վրա։
Թուրքիայի մասնակցությունը սիրիական հակամարտությունում, միանշանակ, որևէ կերպ չի նպաստում ռուս-թուրքական հարաբերությունների զարգացմանը։ Այսօր Թուրքիան և նրա մերձավոր դաշնակից Ադրբեջանն իրենց ինքնուրույն դերակատարներ են զգացել և համարձակվել են ռուսներից խնդրել Գաբալան։ Ի պատասխան՝ Մոսկվան դադարեցրել է Բաքու-Նովոռոսիյսկ նավթատարի գործարկումը, սահմանափակել ռազմական տեխնիկայի մատակարարումներն Ադրբեջանին։ Այս ամենը վկայում է այն մասին, որ Բաքվի և Մոսկվայի հարաբերությունները վատթարացման միտում ունեն։ Եվ այդ հարաբերություններն, իհարկե, արդեն այն չեն, ինչպիսին էին դեռ 2 տարի առաջ։ Մոսկվա կատարված այցելությունների ընթացքում, իհարկե, լավ խոսքեր հնչում են, բայց realpolitik-ը դրանից հազիվ թե փոխվի։ Այս ամենը չի կարող չմտահոգել Հայաստանին, քանի որ Թուրքիան, իրեն տարածաշրջանային մակարդակի գերտերություն զգալով, սիրիա-իրանական ճակատում հաջողություն ունենալու պարագայում, կարող է դիմել ցանկացած քայլի։ Թուրքերն այլևս ՆԱՏՕ այն հլու անդամները չեն, ինչպիսին էին «սառը պատերազմի» տարիներին, և այսօր, ուժեղ բանակ ունենալով, արդեն կարող են իրենց նաև ինքնուրույն քայլեր թույլ տալ։ Ադրբեջանն, իր հերթին, նման հովանավորի ստվերի ներքո, իրեն բավական արտոնյալ վիճակում է զգում, ինչի մասին է վկայում պաշտոնական Բաքվի հռետորաբանությունը։
Ձեր կարծիքով, դա ինչպե՞ս կարող է անդրադառնալ ղարաբաղյան կարգավորման վրա՝ նկատի ունենալով այն, որ Ռուսաստանը շարունակում է գլխավոր միջնորդը մնալ ղարաբաղյան հակամարտությունում։
Շատ բարդ հարց է, քանի որ պատասխանը կարելի է փնտրել միայն ռուսաստանյան պաշտոնական անձանց, օրինակ՝ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժայի հայտարարություններում։ Չգիտես ինչու, ավելի շատ հիշողությանս մեջ տպավորվել է նախկին նախագահ Դմիտրի Մեդվեդևի՝ բավական վաղուց արված ակնարկը, որը խորհուրդ էր տալիս «այնպես չանել, որ Ռուսաստանը նորից ստիպված լինի 5 օրվա մեջ լուծել բոլոր հարցերը»։ Կարծում եմ, որ Ռուսաստանի հետ դաշնակցային հարաբերությունները, ՀԱՊԿ-ին անդամությունը մեզ համար հավելյալ երաշխիք են, որ ցանկացած ագրեսիա հակահարված կստանա։ Դա, թերևս, հասկանում են Բաքվում։
Մայիսի 20-ին Միլի մեջլիսի մամլո ծառայությունը հերքեց մեկ օր առաջ կառավարամետ մի շարք լրատվամիջոցների տարածած տեղեկությունները, որոնք անգամ մեջբերում էին «Ադրբեջանի օկուպացված տարածքների մասին» օրինագծի տեքստը, որով քրեական պատիժ էր նախատեսվում այն ՀԿ-ների, Ադրբեջանի առանձին քաղաքացիների համար, որոնք համագործակցում են Հայաստանի հետ։ Ձեր կարծիքով, ո՞րն է տեղեկատվության նման արտանետումների պատճառը։
Մենք ուշադիր հետևում ենք լրատվամիջոցներում արվող նման արտանետումներին (որոնք հաճախ հետո չեն հաստատվում), և ես այնպիսի զգացողություն ունեմ, որ Ադրբեջանը ներքաղաքական առումով մի քիչ տենդի մեջ է։ Ներքին ճակատում նրանց մոտ բավական անկայուն է։ Այստեղ և՛ ազգային փոքրամասնությունների հարցերն են, և՛ կրոնական հոսանքների հետ կապված խնդիրները՝ վահաբականներ, սուննիներ, շիաներ, որոնք շատ ակտիվ են Ադրբեջանում։ Այսինքն՝ այնտեղ իսկական կրոնական առճակատում կա։ Դրան գումարած այն, որ Իլհամ Ալիևն անցնում է բոլոր երևակայելի ու աներևակայելի սահմանները՝ անփոփոխ կառավարելով երկիրը Սահմանադրությունում բավական ոչ միանշանակ ուղղումների հիման վրա։ Այս ամենը վկայում է այն մասին, որ Ադրբեջանում բանակի վրա ծախսվող հսկայական միջոցներն ամենևին էլ չեն դարմանում բոլոր ներքին ցավերը։ Ուստի, Ալիևն ստիպված է անընդհատ անցնել նորանոր անթույլատրելի սահմաններ։ Եվ «Հայաստանի հասարակական այս կամ այն կազմակերպության ու կառույցի հետ համագործակցող Ադրբեջանի քաղաքացիներին՝ ընդհուպ մինչև օկուպացված հողերի լիակատար ազատագրումը, քրեական պատասխանատվության ենթարկելու» առաջարկությունը այդ սահմանն անցնել է նշանակում։ Բայց ինչ-որ հավանաբար խելոքի մեկը նրանց խորհուրդ է տվել չանել դա, ինչով էլ բացատրվում է հրաժարումը նախապես հայտարարված բռնաճնշումներից։
դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր
- ԴԵՆ ՍՅԱՈՊԻՆ ԵՎ «ԳԻՏՆԱԿԱՆՆԵՐԻ ԿԱՅՍՐՈՒԹՅՈՒՆ»[27.12.2018]
- ՆԱԽԻՋԵՎԱՆԻ ԽՆԴԻՐԸ ԱՇԽԱՐՀԱԿԱՐԳԱՅԻՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿԱՇՐՋԱՆՈՒՄ[10.12.2018]
- ՄՈՍԿՎԱ-ԵՐԵՎԱՆ ՏԵՍԱԿԱՄՈՒՐՋ՝ «ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ՄԱՐԱԹՈՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԵՎ ՀԱՅ-ՌՈՒՍԱԿԱՆ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀՐԱՏԱՊ ՀԱՐՑԵՐԸ»[27.11.2018]
- «ԳԱՂՈՒԹՆԵՐ», «ԿԱՅՍՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ» ԵՎ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆ[20.11.2018]
- ԱՊԱԳԱՅԻՆ ՊԱՏՐԱՍՏ ԼԻՆԵԼՈՒ ԽՆԴԻՐԸ[08.10.2018]
- «ԲԱՐԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ» ԱԴԵԿՎԱՏ ԸՆԿԱԼԵԼՈՒ ՀՐԱՏԱՊՈՒԹՅՈՒՆԸ[06.08.2018]
- ՀՈԳԵՎՈՐ-ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԸ ԵՎ ԴԱՇՆԱԿՑԱՅԻՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՐՑԵՐԸ ՀԻԲՐԻԴԱՅԻՆ ԻՐՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ[23.07.2018]
- «ԲԱՐԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ» ԱԴԵԿՎԱՏ ԸՆԿԱԼՈՒՄԸ ԵՎ ՔԱՂԱՔԱԿՐԹԱԿԱՆ ԳՈՐԾՈՆԸ[09.07.2018]
- «ՉԻՆԱԿԱՆ ՇԱԽՄԱՏ»[23.05.2018]
- ՖՐԱԳՄԵՆՏԱՑՎԱԾ ԿԱՄ «ՄԻՆՉՎԵՍՏՖԱԼՅԱՆ» ԱՇԽԱՐՀԱԿԱՐԳ[28.03.2018]
- ԳԱԳԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ. «ԿԱՌԱՎԱՐԵԼԻ ՔԱՈՍԸ» ԱՍՏԻՃԱՆԱԲԱՐ ԿՐՈՆԱԿԱՆ ԵՐԱՆԳԱՎՈՐՈՒՄԸ ՓՈԽՈՒՄ Է ԷԹՆԻԿԱԿԱՆԻ[22.01.2018]