• am
  • ru
  • en
Версия для печати
06.06.2013

PKK-Ի ԴԵՄ ԹՈՒՐՔԻԱՅԻ ՊԱՅՔԱՐԸ ՆԵՐՔԱՂԱՔԱԿԱՆ ԵՎ ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՈԼՈՐՏՆԵՐՈՒՄ

Руский

   

Հայկ Գաբրիելյան
Թուրքագետ

Քրդստանի աշխատավորական կուսակցության (PKK) դեմ Թուրքիայի մղած պայքարի հետևանքները կարելի է պայմանականորեն արտացոլել չորս ոլորտում` ռազմական, տնտեսական, ներքաղաքական-հասարակական և դիվանագիտական-արտաքին քաղաքական: Առաջին երկուսին անդրադարձել ենք նախորդ հոդվածում, այստեղ անդրադառնում ենք PKK-ի դեմ Թուրքիայի պայքարի ներքաղաքական-հասարակական և դիվանագիտական-արտաքին քաղաքական կողմերին:

Ներքաղաքական-հասարակական.- PKK-ի դեմ պայքարն ուրույն ազդեցություն ունի Թուրքիայի ներքաղաքական գործընթացների և հասարակական կյանքի վրա: Այդ պայքարում կրած ռազմական բազմաթիվ կորուստները հանգեցնում են նրան, որ թուրք մայրերն այլևս չեն ցանկանում իրենց զավակներին ուղարկել բանակ (PKK-ի դեմ պատերազմի): Երիտասարդ թուրք զինծառայողն այդ պայքարում մեծ դժվարություններ է կրում քուրդ զինյալի դեմ, որը լեռներում պատերազմելու մի քանի տարվա փորձ ունի: Այդ ամենը հանգեցրեց նրան, որ երկրի իշխանությունները որոշեցին ստեղծել պայմանագրային զինծառայողների պրոֆեսիոնալ բանակ, որը 24 ժամ շարունակ կհսկի թուրք-իրաքյան և թուրք-սիրիական սահմանները: Պայմանագրային զինծառայողներն ակտիվ գործունեություն են ծավալելու քրդաբնակ նահանգներում: Դեռևս 2011թ. մարտին կառավարությունը որոշել էր, որ պրոֆեսիոնալ բանակը պետք է բաղկացած լինի 50.000 պայմանագրային զինծառայողից1:

Դժգոհության տեղիք է տալիս նաև այն, որ 2009թ. ապրիլից մեկնարկել է Քրդական համայնքների միության (KCK) գործի շրջանակներում ձերբակալությունների ալիքը: Թուրքական կողմը KCK-ն համարում է PKK քաղաքացիական թևը և տվյալ գործի շրջանակներում արդեն կալանավորել է մոտ 8000 մարդ, որոնցից 36-ը գործող և նախկին քուրդ քաղաքապետներ են: Այդ անձինք մեղադրվում են PKK օգտին քարոզչություն իրականացնելու մեջ: Քրդական կողմը KCK գործով ձերբակալությունները որակում է որպես «քաղաքական ցեղասպանություն»2: Սա բացասաբար է ազդում Թուրքիայի ժողովրդավարական կերպարի ու ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության գործընթացի վրա: PKK խնդիրը լուծելու հարցում լուրջ տարաձայնություններ են առաջանում Թուրքիայի քաղաքական կուսակցությունների միջև: Հիմնական ընդդիմադիր Ժողովրդա-հանրապետական (ԺՀԿ) և Ազգայնական շարժում կուսակցությունները (ԱՇԿ) այդ հարցում շարունակ քննադատում են իշխող Արդարություն ու զարգացում կուսակցությանը (ԱԶԿ): Վերջին շրջանում դրա ամենացայտուն օրինակներից մեկը դարձավ Ուլուդերեի միջադեպը, երբ թուրքական F-16 կործանիչները 2011թ. դեկտեմբերի 28-ին Իրաքի սահմանին ոչնչացրին 34 խաղաղ քուրդ բնակչի` նրանց դնելով PKK զինյալների տեղ, մինչդեռ զոհվածները խաղաղ բնակիչներ էին և Հյուսիսային Իրաքից մաքսանենգ ճանապարհով Թուրքիա էին ներկրում մազութ և ծխախոտ: ԺՀԿ-ն կատարվածի պատասխանատվությունը դրեց կառավարության վրա` վարչապետ Էրդողանին անվանելով «երկրի 34 քաղաքացիների մարդասպան»3:

ԱՇԿ-ն, իր հերթին, քննադատում է ԱԶԿ-ին` քուրդ առաջնորդ Աբդուլա Օջալանի (իր բնորոշմամբ` ահաբեկչի) հետ բանակցելու, ինչպես նաև 2009թ. աշնանը «Քրդական նախաձեռնություններն» առաջ քաշելու համար, որոնցով նախատեսվում էին մի շարք իրավունքներ շնորհել քրդերին: ԱՇԿ նախագահ Դևլեթ Բահչելին «Քրդական նախաձեռնություններն» անվանել է «Թուրքիան մասնատելու պլան»4: Նա Թուրքիայի պատմության մեջ «ամենամեծ խայտառակություն» է որակել PKK-ի հետ ԱԶԿ մերձեցման փորձերը՝ հիշատակելով Օսլոյում PKK ու MIT հինգ հանդիպումները5: 2012թ. աշնանը Թուրքիայում խաղաղության գործընթացի մեկնարկից հետո Բահչելին անխնա քննադատում է Էրդողանին. «ԱԶԿ-ն գրեթե գրկախառնության մեջ է ահաբեկչական PKK-ի հետ», «Էրդողանի կուսակցության վախճանը մոտ է», «Էրդողանը PKK-ի հետ ծուղակ է պատրաստում Թուրքիայի ժողովրդի ու բանակի համար», «Վարչապետն առևտրի մեջ է մտել երեխաներին սպանած հանցագործների հետ», «Էրդողանն ու Օջալանը սիամական երկվորյակներ են»: Բահչելին Էրդողանին է հղում իրեն (և ոչ միայն) հուզող գլխավոր հարցը. «Ինչի՞ դիմաց է PKK-ն վայր դնելու զենքը»: Հարկ է նշել, որ Բահչելին երկար ժամանակ Էրդողանին սուր քննադատելու առիթներ չէր ունեցել` ի տարբերություն ԺՀԿ-ի (Ուլուդերե, Սիրիա): Պատճառն այն էր, որ շատերի կարծիքով` վերջին շրջանում Էրդողանի կուսակցությունը դարձել է ամենաազգայնականը Թուրքիայում:

PKK-ի դեմ պայքարին առնչվող հարցերում տարաձայնություններ կան նաև ԱԶԿ ներսում: Օրինակ, 2012թ. հունիսի 15-ին Թուրքիայի փոխվարչապետ Բյուլենթ Արընչը հայտարարեց, որ Աբդուլա Օջալանին կարող է տնային կալանք տրվել, եթե PKK-ն վայր դնի զենքը: Սակայն Էրդողանը հակադարձեց նրան՝ հայտարարելով, որ Բյուլենթ Արընչի որոշումը դատական որոշում չէ, և նա լիազորված չէ այդպիսի հայտարարություն անելու6: ԱԶԿ ներսում տարաձայնություններ ծագեցին նաև Ուլուդերեի միջադեպի վերաբերյալ: Թուրքիայի տվյալ ժամանակվա ներքին գործերի նախարար Իդրիս Նաիմ Շահինն այդ միջադեպի զոհերին անվանեց «PKK դերակատարներ»: Սակայն դրան հակադարձեց ԱԶԿ փոխնախագահ Հուսեին Չելիքը` ընդգծելով, որ եթե այդ մարդիկ իրենց ամենօրյա հացը վաստակել են մաքսանենգությամբ, ապա դա ամենևին էլ չի նշանակում, թե նրանք PKK դերակատարներ են7:

2012թ. նոյեմբերի վերջին Էրդողանի կառավարությունը խորհրդարանի հաստատմանը ներկայացրեց ԽԺԿ 10 պատգամավորին անձեռնմխելիությունից զրկելու օրինագիծը. բանն այն է, որ 2012թ. օգոստոսին նրանք Հաքքարի նահանգի Շեմդինլի շրջանում գրկախառնվել և ջերմ զրույց էին ունեցել PKK զինյալների հետ: ԽԺԿ-ն, իր հերթին, Էրդողանից պահանջեց նախ պատասխան տալ Ուլուդերեի միջադեպի համար8: Աբդուլա Օջալանին ազատ արձակելու կամ նրա բանտային պայմանների մեղմացման համար Թուրքիայում բազմիցս կազմակերպվում են քրդերի զանգվածային բողոքի ակցիաներ, որոնց ընթացքում բախումներ են լինում թուրքական անվտանգության ուժերի հետ: 2012թ. սեպտեմբերի 12-ին Օջալանի բանտային պայմանների մեղմացման և քրդերին մի շարք իրավունքներ շնորհելու պահանջով Թուրքիայի 58 բանտերում 690 բանտարկյալ զանգվածային հացադուլ հայտարարեց, որը տևեց 68 օր: Չնայած դրան` Էրդողանը, հացադուլը որակեց «շոու»`ընդգծելով, որ հացադուլավորներին ղեկավարում են «մահվան վաճառականները» (PKK առաջնորդները), որոնք մի կողմից ոչխարի քաբաբ են ուտում, իսկ մյուս կողմից էլ բանտում գտնվողներին ասում են՝ «Հացադուլ արեք ու մեռեք»9:

2011թ. փետրվարին Թուրքիայի խորհրդարանում ԱԶԿ ու ԽԺԿ պատգամավորների միջև ծեծկռտուք տեղի ունեցավ, ինչի պատճառն այն էր, որ ԽԺԿ ներկայացուցիչը, խոսելով Օջալանի մասին, օգտագործել էր «պարոն Օջալան» արտահայտությունը, ինչը դուր չէր եկել ԱԶԿ ներկայացուցիչներին: Վերջիններս քուրդ պատգամավորներին զգուշացրել են «պարոն» բառը չօգտագործել մի մարդու պարագայում, որը Թուրքիայում «դարձել» է 40.000 մարդու մահվան պատճառ, ինչից հետո էլ բռնկվել էր ծեծկռտուքը10: Էրդողանն, իր հերթին, տեղի հեռուստաալիքներին կոչ է արել չցուցադրել PKK-ի դեմ պայքարում զոհված զինծառայողների հուղարկավորությունը, քանի որ, նրա կարծիքով` դա PKK օգտին ակամա քարոզչության ձև է: 2012թ. մայիսի վերջերին Ստամբուլի 9-րդ դատարանի որոշմամբ՝ 1 ամսով փակվեց քրդական Demokratik Vatan («Ժողովրդավարական հայրենիք») շաբաթաթերթը, որը մեղադրվել էր PKK օգտին քարոզչության մեջ11:

Այսպիսով, «PKK անդամ հանդիսանալու» կամ «PKK օգտին քարոզչություն կատարելու» մեղադրանքով (պատրվակով) Թուրքիայում ձերբակալվել ու կալանավորվել են հազարավոր անձինք (մեծ մասամբ քրդեր), այդ թվում` լրագրողներ և պատգամավորներ, փակվել են թերթեր: Այս ամենը խիստ բացասաբար է անդրադառնում Թուրքիայի ժողովրդավարական կերպարի վրա և վնասում է ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության գործընթացին: Մեջբերման արժանի է 2011թ. սեպտեմբերի 11-ին ընդառաջ 66 երկրում (որոնց բաժին է ընկնում աշխարհի բնակչության 70%-ը) ահաբեկիչների թվաքանակի շուրջ ամերիկյան Associated Press (AP) գործակալության անցկացրած հետազոտությունը` կապված սեպտեմբերի 11-ի ահաբեկչության 10-րդ տարելիցի հետ: Հետազոտությունը ցույց էր տվել, որ վերջին 10 տարում դատապարտած ահաբեկիչների թվով Թուրքիան աշխարհի բացարձակ առաջատարն է։ 2001թ. սեպտեմբերի 11-ի ահաբեկչությանը հաջորդած 10 տարվա ընթացքում աշխարհում որպես ահաբեկիչ դատապարտվել է 35.117 մարդ, որի 1/3-ը (12.897 մարդ) բաժին է ընկել Թուրքիային։ AP-ն ընդգծել էր, որ Թուրքիայում որպես ահաբեկիչ դատապարտված անձանց հարցում կարծիքները կիսվում են. մի մասը նրանց (քրդերին) դիտարկում է որպես ահաբեկիչներ, մի մասն էլ՝ ազատության համար պայքարի մարտիկներ12։

Դիվանագիտական-արտաքին քաղաքական.– Թուրքիան PKK պատճառով բախվում է բազմաթիվ երկրների հետ` նրանց մեղադրելով PKK-ին ուղղակի և անուղղակի աջակցություն ցուցաբերելու մեջ: Սա, մասնավորապես, վերաբերում է հարևան երկրներին, որոնք, թուրքական կողմի պնդմամբ, PKK խաղաքարտի գործադրմամբ իրեն դժվարին վիճակի մեջ են դնում:

2012թ. սեպտեմբերի վերջին Էրդողանը հայտարարեց, որ Գերմանիայի տարածքում գտնվում է PKK 13.000 զինյալ. «PKK-ի դեմ քաղաքական և ռազմական պայքարում Գերմանիան Եվրոպայի ամենակարևոր երկիրն է, քանի որ Եվրոպայում PKK-ին ամենամեծ աջակցությունն է ցուցաբերում: Այստեղ քուրդ գործարարները միլիոնավոր եվրոներ են նվիրաբերում կամ ստիպված են տալ PKK-ին: Վերջին տարիներին PKK-ն եվրոպական մի շարք երկրներում զգալիորեն ակտիվացրել է իր շահերի լոբբինգը: Եվրոպական երկրներում հավաքված գումարը (ըստ ՆԱՏՕ տնտեսական հանձնաժողովի զեկույցի` տարեկան ավելի քան 200 մլն եվրո) ոչ պետական ճանապարհով` միջնորդների միջոցով, ուղարկվում է Ղանդիլ: Ընդհանուր առմամբ` PKK-ն ֆինանսավորվում է եվրոպական 14 երկրից` Գերմանիա, Հունաստան, Ռումինիա, Նիդերլանդներ, Իտալիա, Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա, Ավստրիա, Շվեյցարիա, Շվեդիա, Նորվեգիա, Ֆինլանդիա, Իսպանիա, Իռլանդիա»13:

2012թ. նոյեմբերի 23-ին Իդրիս Նաիմ Շահինը հարևան երկրներին մեղադրեց PKK-ին աջակցելու մեջ. «Մենք տեղյակ ենք, որ Շեմդինլիում և Յուքսեքովայում գրանցված բախումների ժամանակ վիրավորված PKK-ականները բուժվում են Իրանի հիվանդանոցներում, իսկ Աղրըում (Արարատ) վիրավորված զինյալները` Հայաստանում: Իր ժողովրդին զուլումի ենթարկող Սիրիան թշնամական դիրքորոշում է որդեգրել Թուրքիայի նկատմամբ և աջակցում է PKK-ին` նրան տալով գործելու հնարավորություն: Ինչպես հայտնի է, Իրաքի հյուսիսը վերածվել է ահաբեկչական կազմակերպության լոգիստիկ և կրթական կենտրոնի»14:

2012թ. սեպտեմբերի սկզբներին թուրքական հատուկ ծառայությունների անցկացրած հետաքննությունը պարզեց, որ Բինգյոլում թուրք 8 իրավապահների և 10 զինծառայողների վերացման գործողության ժամանակ PKK զինյալներն օգտվել են իսրայելական Tadiran Telecom ընկերության արտադրության գերժամանակակից լրտեսական սարքավորումից, ինչը հնարավորություն է տվել գաղտնալսել թուրք ուժայինների խոսակցությունները, իմանալ նրանց պլանների մասին և դարանակալել նրանց15: 2012թ. հունիսի 30-ին ինքնահռչակ Հյուսիսային Կիպրոսի թուրքական հանրապետության (ՀԿԹՀ) նախագահ Դերվիշ Էրօղլուն, մեկնաբանելով հուլիսի 1-ից վեց ամսով Կիպրոսի կողմից ԵՄ նախագահության ստանձնումը, հայտարարեց, թե (Հարավային) Կիպրոսում «գտնվում» է PKK 3000 զինյալ, որոնց ռազմական կրթությունն իրականացնում է Իսրայելը: Էրօղլուի խոսքով` ցայժմ Կիպրոսում Իսրայելի կողմից «ռազմական կրթություն է ստացել» 15.000 քուրդ զինյալ, որոնք Կիպրոսից տեղափոխվել են Հյուսիսային Իրաք16:

2012թ. նոյեմբերի 28-ին Հունաստանի ՊՆ-ին կից՝ պաշտոնական կառույց Աթենքի ռազմական թանգարանում տեղի ունեցավ PKK առաջնորդներից մեկի՝ Մուրադ Քարայըլանի «Մի պատերազմի անատոմիա» գրքի շնորհանդեսը, որից անմիջապես հետո Ահմեդ Դավութօղլուն հեռախոսազրույց ունեցավ իր հույն գործընկեր Դիմիտրիս Ավրամոպուլոսի հետ՝ հայտնելով իր դժգոհությունը17: PKK պատճառով Թուրքիան խնդիրներ է ունեցել նաև Դանիայի հետ` այդ երկրի իշխանություններից պահանջելով դադարեցնել աշխարհի 68 երկրում քրդական Roj TV հեռուստաալիքի գործունեությունը, որը, թուրքական կողմի պնդմամբ, զբաղված է PKK օգտին քարոզչությամբ18:

Ահմեդ Դավութօղլուի խոսքով` PKK-ի դեմ պայքարն իր բացասական կնիքն է թողել ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության գործընթացի վրա: 2012թ. նոյեմբերի 8-ին Դավութօղլուն Բրյուսելում հայտարարեց. «1990-ականներին Թուրքիան բաց թողեց ԵՄ գնացքը, իսկ այսօր ԵՄ-ն է բաց թողնում Թուրքիայի գնացքը: 1990-ականներին Բալկանները փոփոխություններ էին վերապրում, մինչդեռ Թուրքիան ահաբեկչական վտանգի (PKK) պատճառով առաջնահերթությունը տվել էր իր անվտանգության ապահովմանը: Դրա հետևանքով Թուրքիայում հետաձգվեցին բարեփոխումները, և Թուրքիան բաց թողեց ԵՄ գնացքը»19:

Այսպիսով, PKK պատճառով Թուրքիան ստիպված է լինում բախվել բազմաթիվ երկրների հետ` տարբեր մակարդակներով մեղադրանքներ ներկայացնելով նրանց: PKK-ն լրջորեն սասանում է ներկայում տարածաշրջանային առաջնորդի դերին հավակնող Թուրքիայի հեղինակությունը, որը շարունակ միջամտում է հարևան երկրների ներքին գործերին, իսկ վերջիններս անմիջապես մատնացույց են անում Թուրքիայի ներքին խնդիրները` ընդգծելով, որ Թուրքիան ի վիճակի չէ լուծել անգամ PKK խնդիրը:

Հետևություններ.– 2013թ. մարտի 21-ին (Նովրուզ) Աբդուլա Օջալանը բանտից պատմական կոչ հղեց PKK զինյալներին՝ հանուն նոր Թուրքիայի վերջ դնել պայքարի ռազմական ձևերին և անցում կատարել ժողովրդավարական, քաղաքական պայքարին, վայր դնել զենքն ու քաշվել Հյուսիսային Իրաք20: Պետք է նշել, որ խաղաղության այդ գործընթացը հաջողությամբ ավարտելուն խոչընդոտում է կողմերի միջև առկա անվստահությունը: Օջալանի կոչից հետո կողմերն աչքի ընկան մի շարք իրարամերժ հայտարարություններով: Թուրքական կողմը նշում է, որ քուրդ զինյալները երկրի տարածքը փուլերով լքելու են մինչև նոյեմբեր (նշվում է, որ այդ գործընթացը վերահսկելու է Ազգային հետախուզական կազմակերպությունը (MIT): Սակայն ԽԺԿ-ն հայտարարել է, որ կոնկրետ ժամկետներ չեն սահմանվել: Բացի այդ, Էրդողանը դեմ է PKK-ականների կողմից Թուրքիայի տարածքն անվտանգ լքելու վերաբերյալ խորհրդարանում օրինագիծ ընդունելուն` ընդգծելով, որ դա կհակասի սահմանադրությանը, իսկ PKK-ականների համար անվտանգ ելքն ապահովված կլինի զենքը հանձնելուց հետո: PKK-ն, իր հերթին, հրաժարվում է լքել երկրի տարածքը, քանի դեռ խորհրդարանի կողմից չեն ընդունվել անհրաժեշտ օրենսդրական միջոցներ:

Միևնույն ժամանակ, Էրդողանը կտրականապես հերքում է Օջալանին տնային կալանք տալը. նա նշում է, որ նրա բանտային պայմանները բարելավվել են, անգամ բանտախցում տեղադրել են հեռուստացույց` Թուրքիայում տեղի ունեցող և քուրդ ժողովրդին առնչվող իրադարձություններին հետևելու համար21: Արդարադատության նախարար Սադուլա Էրգինը նույնպես հավաստիացրել է, որ իրենք չեն վերանայելու Օջալանի գործը: Իսկ նախագահ Աբդուլա Գյուլը կարևորել է PKK-ականների կողմից զենքի հանձնումը. «Կարգավորման գործընթացում պետք է ձգտել հասնել խնդրին բացարձակապես վերջակետ դնելուն: Եթե այդ մարդիկ վայր չդնեն զենքը և չսկսեն նորմալ կյանք վարել, ապա խնդիրը կարող է վերսկսվել 3-5 տարի անց: Այդ դեպքում արդյունքը կլինի էլ ավելի վատ»22:

Հարկ է նշել, որ ներկայիս գործընթացը հաջող ավարտելու դեպքում Էրդողանը հազիվ թե խնդիրներ ունենա հաջորդ տարվա օգոստոսին կայանալիք նախագահական ընտրություններում, մինչդեռ Թուրքիայում անցկացված վերջին հարցախույզները վկայում են, որ նա զիջում է Գյուլին: Հաշտեցումը կարող է դրական ազդեցություն ունենալ նաև 2014թ. մարտին Թուրքիայի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների վրա, որոնց մեծ կարևորություն է տալիս Էրդողանը` ԱԶԿ-ի առջև խնդիր դնելով քրդաբնակ նահանգներում անպայմանորեն հաղթել ԽԺԿ-ին: Միևնույն ժամանակ, հնարավոր է, որ խաղաղության գործընթացի հաջող ավարտից հետո Էրդողանը հայտնվի էյֆորիայի մեջ և ավելի խիստ դիրքորոշում որդեգրի քրդերի հանդեպ, ինչն էլ կարող է հանգեցնել Գյուլի հիշատակած սցենարին:

Այսպիսով, չպետք է բացառել, որ այս բարդ գործընթացը կարող է տապալվել, եթե կողմերից մեկը խախտի պայմանավորվածությունը: Չպետք է մոռանալ նաև դրանում արտաքին ուժերի (առաջին հերթին՝ Իրանի) շահագրգռվածության մասին: Բանն այն է, որ, ինչպես այս տարվա փետրվարի կեսին դիպուկ նկատել է MIT նախկին ղեկավարի տեղակալ Ջևաթ Օնեշը, Թուրքիան «Քրդական հարցի» լուծման դեպքում խոշոր ոստյուն կկատարի տարածաշրջանում: Դա կարող է ազդել նաև սիրիական ճգնաժամի կարգավորման վրա:

Ինչ վերաբերում է քրդական կողմին, ապա PKK-ում ոչ բոլորն են ողջունում զինաթափման մասին Օջալանի կոչը: Կարելի է կարծել, թե PKK-ն մեծ ռիսկի չի դիմում` համաձայնելով Թուրքիայի տարածքը լքելուն, քանի որ նրա համար հետագայում հազիվ թե դժվարություն ներկայացնի Հյուսիսային Իրաքից (ինչպես նաև Իրանից ու Սիրիայից) Թուրքիա ներթափանցելը: Զենքը հանձնելու հետ կապված` անհրաժեշտության դեպքում քրդական կողմը կարող է զենք հայթայթել` հաշվի առնելով արտաքին ուժերի՝ Թուրքիային զսպելու և Թուրքիայում ապակայունություն առաջացնելու ձգտումները: Թուրքական իշխանությունները պետք է լուծեն նաև PKK-ի դեմ պայքարի շրջանակներում ստեղծված «գյուղական պահապանների» (քուրդ վարձկաններ) համակարգի հարցը: Գյուղական պահապանները գտնում են, որ իրենք գտնվում են PKK-ականների թիրախում, և որ պետությունը պետք է, PKK-ի հետ հաշտվելուց բացի, իրենց նույնպես հաշտեցնի PKK-ի հետ, քանի որ, հակառակ դեպքում, Թուրքիայում կարող է սկսվել արյունոտ վրեժխնդրության ժամանակաշրջան:

1 TSK'da yeni dönem!, Habertürk, 21.11.2012.

2 KCK operasyonlarında 8 bin kişi gözaltına alındı, 4 bin kişi tutuklandı, Bilgili Dünya, 06.10.2011.

3 Uludere katliamı, Radikal, 30.12.2011.

4 Erhan Başyurt, Kürt açılımı ve MHP, Bugün, 04.08.2009.

5 Bahçeli MİT-PKK görüşmesine için sert konuştu, Haber7, 18.09.2011.

6 AKP'de yeni çatlak mı?, Vatan, 17.06.2012.

7 Çelik'ten Bakan Şahin'e Uludere tepkisi, Sabah, 24.05.2012.

8 BDP'li 10 vekilin dokunulmazlık fezlekesi Meclis'te, Dünya, 27.11.2012.

9 Erdoğan: Açlık grevi yok, şov yapıyorlar!, Vatan, 31.10.2012.

10 'Sayın Öcalan' kavgası, Hürriyet, 11.02.2011.

11 Demokratik Vatan gazetesine kapatma cezası, Radikal, 22.05.2012.

12 Teröristlerin’ üçte biri Türkiye’de", CNN Türk, 05.09.2011.

13 Uğur Ergan, 13 bin PKK’lı Almanya’da, Hürriyet, 29.09.2012.

14 PKK'ya yardım eden ülkeleri tek tek açıkladı, Sabah, 23.11.2012.

15 İsrail'den PKK'ya 'anlık' istihbarat, Yeni Şafak, 20.09.2012.

16 "Güney Kıbrıs'ta 3 bin PKK'lı var!", Ahaber, 30.06.2012.

17 Türkiye'den Yunanistan'a PKK uyarısı, Dünya Bülteni, 30.11.2012.

18 Roj TV kapandı, Haber Türk, 27.09.2012.

19 Davutoğlu: 'AB, Türkiye trenini kaçırmasın', EurActiv, 08.11.2012.

20 Öcalan: Silahlar sussun, sınırdışına çıkın, Dünya Bülteni, 21.03.2013.

21 Erdoğan: Öcalan'a ev hapsi gündemimizde yok, Zaman, 29.03.2013.

22Gül: PKK silah bırakmazsa bu iş yeniden başlar, Radikal, 03.04.2013.

«Գլոբուս» վերլուծական հանդես, թիվ 5, 2013

դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր