• am
  • ru
  • en
Версия для печати
21.07.2017

ԿԱՏԱՐԻ ՇՈՒՐՋ ՃԳՆԱԺԱՄԸ ԵՎ ԹՈՒՐՔԻԱՆ

   

Հայկ Գաբրիելյան
Թուրքագետ, ՄԱՀՀԻ Ասոցացված փորձագետ

2017թ. հունիսի 5-ին Բահրեյնը, Սաուդյան Արաբիան, Եգիպտոսն ու ԱՄԷ-ն խզեցին Կատարի հետ դիվանագիտական հարաբերությունները՝ նրան մեղադրելով ահաբեկչական խմբավորումներին («Ալ Քաիդա» և ԻՊ) աջակցելու, իրենց ներքին իրավիճակն ապակայունացնելու համար։ Ավելի ուշ նման քայլի դիմեցին Եմենը, Լիբիան, Մալդիվները, Մավրիկիան, Մավրիտանիան, Կոմորյան կղզիները, իսկ Հորդանանը և Ջիբութին նվազեցրին Կատարում իրենց դիվանագիտական ներկայացուցչությունների մակարդակը։ Բացի այդ, Կատարից իրենց դեսպաններին հետ կանչեցին Սենեգալը, Նիգերն ու Չադը։ Այս ամենը դարձավ մայիսյան տեղեկատվական սկանդալի շարունակությունը. մայիսի 23-ին Կատարի QNA լրատվական գործակալությունը հրապարակել էր էմիր Թամիմ բեն Համադ ալ-Թանիի խոսքերը, որն Իրանը որակում էր ուժեղ երկիր և տարածաշրջանի կայունության երաշխավոր, իսկ ՀԱՄԱՍ-ը՝ Պաղեստինի ժողովրդի օրինական ներկայացուցիչ։ Ավելի ուշ Կատարի ՆԳՆ-ն հայտարարեց, որ QNA կայքը կոտրել են ցանցահենները1, սակայն Սաուդյան Արաբիան, ԱՄԷ-ն ու Բահրեյնը հերքումը համարեցին ոչ համոզիչ և սկսեցին ցամաքային, օդային ու ծովային շրջափակման ենթարկել Կատարը։

Դժվար է մեկնաբանել, թե իսկապես այդ երկրի էմիրն արել է նման հայտարարություն, թե դա եղել է կիբեռհարձակման հետևանք (հուլիսի կեսին ամերիկյան մամուլը գրեց, թե QNA-ի վրա կիբեռհարձակումն իրականացվել է ԱՄԷ-ից), սակայն հայտնի է, որ նա լավ հարաբերությունների մեջ էր Իրանի հետ, ինչը չէր կարող դուր գալ Սաուդյան Արաբիայի իշխանություններին, ինչպես նաև ԱՄՆ նոր վարչակարգին։ Ուշագրավ է, որ Կատարի շուրջ դիվանագիտական ճգնաժամը գրանցվեց 2017թ. մայիսի երկրորդ կեսին Սաուդյան Արաբիա ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի այցից հետո։ Փորձագետների մի մասի կարծիքով՝ դա պատահական չէր. ԱՄՆ-ը դժգոհ է, որ Կատարը ֆինանսավորում է ահաբեկչությունը։ Ի դեպ, Թրամփը հայտարարեց, որ մերձավորարևելյան շրջագայության ժամանակ իրեն պատմել են, որ Կատարն օգնում է ահաբեկիչներին. «Մերձավոր Արևելք կատարած այցի ժամանակ կոչ արեցի վերջ դնել ահաբեկչության ֆինանսավորմանը, և Պարսից ծոցի երկրները, խզելով Դոհայի հետ դիվանագիտական հարաբերությունները, մատնացույց արեցին Կատարը»2։ Թերևս պատահական չէր նաև այն, որ հունիսի 5-ին բրիտանական Financial Times թերթը հայտնեց, որ Կատարի քաղաքական վերնախավը 2017թ. ապրիլին գործարք է կնքել «Ալ Քաիդայի» հետ կապված «Թահրիր աշ-Շամ» ահաբեկչական խմբավորման ներկայացուցիչների հետ, զինյալներին վճարել է $1 մլրդ փրկագին՝ Իրաքում գերեվարված 26 պատանդների խմբի, այդ թվում նաև թագավորական ընտանիքի անդամների ազատման համար3։

Ի դեպ, մերձավորարևելյան այցի ժամանակ Թրամփը ՀԱՄԱՍ-ը որակեց ահաբեկչական կազմակերպություն, ինչն ուշագրավ է նաև այն տեսանկյունից, որ Թրամփն այդպիսով Թուրքիային անուղղակիորեն մեղադրեց ահաբեկչությունը հովանավորելու համար։ Հայտնի է, որ Թուրքիան ՀԱՄԱՍ-ը չի ճանաչում ահաբեկչական կազմակերպություն, նախագահ Ռեջեփ Էրդողանն էլ ՀԱՄԱՍ-ի զինյալներին որակել է «դիմադրության զինյալներ»։ Հայտնի է նաև, որ մինչ այս Թուրքիան էր շարունակ ԱՄՆ-ին մեղադրում «ահաբեկչությունը սատարելու» (Ֆեթհուլա Գյուլեն, Սիրիայի քրդեր) համար, և Թրամփի այս հայտարարությունը կարելի է համարել նաև ԱՄՆ պատասխանը Թուրքիային4։ Հասկանալի է, որ Թրամփի հայտարարությունն ուղղված էր նաև ՀԱՄԱՍ-ի մեկ այլ աջակցի՝ Կատարին, որն էլ հունիսի սկզբին սկսեց արտաքսել ՀԱՄԱՍ-ի ղեկավարության անդամներին5, իսկ մեկ ամիս անց ԱՄՆ-ի հետ ստորագրեց ահաբեկչության դեմ պայքարի ուժեղացման մասին համաձայնագիր6։

Ինչ վերաբերում է Կատարի շուրջ ճգնաժամի վերաբերյալ թուրքական կողմի դիրքորոշմանը, ապա հունիսի 5-ին Թուրքիայի ԱԳՆ-ն հայտարարեց. «Թուրքիան պատրաստ է անել իրենից կախված ամեն բան՝ բարեկամական ու եղբայրական երկրների միջև ծագած խնդիրները կարգավորելու համար։ Թուրքիան ցավով է ընդունել Սաուդյան Արաբիայի, ԱՄԷ-ի, Եգիպտոսի ու Բահրեյնի կողմից Կատարի հետ դիվանագիտական հարաբերությունները խզելու և Կատարի հանդեպ պատժամիջոցներ սահմանելու լուրը։ Անկարան հուսով է, որ Պարսից ծոցի արաբական երկրների համագործակցության խորհրդի (ԾՀԽ) անդամները կկարողանան երկխոսության միջոցով լուծել բոլոր խնդիրները»7։

Էրդողանը ճգնաժամի կապակցությամբ հեռախոսազրույցներ ունեցավ Կատարի էմիր Թամիմ բեն Համադ Ալ Թանիի, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի, Քուվեյթի էմիր Սաբահ ալ-Ահմեդ աս Սաբահի ու Սաուդյան Արաբիայի թագավոր Սալմանի հետ, որոնցում ընդգծվեց երկխոսության և դիվանագիտական լծակների կիրառման անհրաժեշտությունը՝ առկա լարվածության վերացման համար8։ Էրդողանը հայտարարեց. «Մենք ճիշտ չենք համարում Կատարի դեմ պատժամիջոցներ սահմանելու որոշումը։ Այն ժամանակ, երբ մեզ հատուկ անհրաժեշտ է համերաշխություն, այս իրավիճակը մեր տարածաշրջանում օգուտներ չի բերի որևէ մեկին։ Մենք ողջունում ենք Կատարի սառնասրտությունը և հետագայում նույնպես շարունակելու ենք զարգացնել նրա հետ հարաբերությունները։ Ահաբեկչության դեմ արդյունավետ պայքար մղող Կատարին մեկուսացնելու փորձերը չեն նպաստում խնդիրների լուծմանը։ Կատարին ներկայացված մեղադրանքները չափազանց լուրջ են։ Հուսով եմ, որ շատ շուտով կնվազի լարվածությունը, և Դոհայի հանդեպ սահմանափակումները կվերացվեն» 9։

Այսպիսով, Թուրքիան Կատարի շուրջ ճգնաժամի հարցում հայտնվել էր մուրճի ու սալի արանքում։ Թեև սկզբնական շրջանում Թուրքիայի դիրքորոշումը կարելի էր հիմնականում որակել չեզոք, հավասարակշռված, սակայն քիչ անց ակնհայտ դարձավ, որ Թուրքիան չի աջակցում Կատարի մեկուսացմանը, շարունակելու է զարգացնել նրա հետ հարաբերությունները։ Կատարի շուրջ ճգնաժամի սկզբնամասը Թուրքիայի համար առաջացրեց թե՛ երկընտրանքներ ու ռիսկեր, թե՛ հնարավորություններ։

Հնարավորություններ

1. Տվյալ կոնֆլիկտը հնարավորություն է տալիս ամրապնդել Թուրքիայի դիրքերը Կատարում, մեծացնել Անկարայից Դոհայի կախվածությունը, որը Կատարի համար նման բարդ ժամանակներում ոչ միայն պահպանեց տնտեսական հարաբերությունների ստատուս-քվոն, այլև սկսեց օգնել նրան։

2. Տվյալ կոնֆլիկտը հնարավորություն է տալիս, որ ապագայում էլ ավելի ամրապնդվեն Թուրքիայի և Կատարի միջև տնտեսական կապերը։ Դա հատկապես վերաբերում է Թուրքիայի տնտեսությունում Կատարի ներդրումների, Կատարից Թուրքիա զբոսաշրջիկների հոսքի աճի հնարավորությանը։

3. Տվյալ կոնֆլիկտը հնարավորություն է բացում Թուրքիայի և Իրանի միջև որոշակի մերձեցման համար, որոնք տվյալ հարցում հայտնվել են մեկ ճամբարում և ընդգծում են, որ կողմ են արտահայտվում տարածաշրջանային կայունությանը (հունիսի սկզբին Թուրքիա այցելեց Իրանի արտգործնախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը, որը հանդիպումներ ունեցավ Էրդողանի և Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուի հետ և քննարկեց Կատարի հարցը10

4. Տվյալ կոնֆլիկտը Թուրքիային հնարավորություն է տալիս Կատարի հանդեպ սեփական դիրքորոշման որոշ մեղմացման շնորհիվ (այնպես, որ լրջորեն չխաթարվեն սեփական շահերը Կատարում) սակարկության մեջ մտնել արաբական երկրների հետ և նրանցից կորզել մի շարք զիջումներ։ Սա առաջին հերթին վերաբերում է Սաուդյան Արաբիային (նաև ԱՄՆ-ին)։

5. Տվյալ կոնֆլիկտը Թուրքիայի համար հնարավորություններ է բացում տարածաշրջանում միջնորդական առաքելությամբ հանդես գալու և այդպիսով իր կարևորությունն ընդգծելու համար (Էրդողանը հուլիսի 10-ին չբացառեց, որ ռազմական հեղաշրջման փորձի մեկամյակից հետո կարող է այցելել Կատար, Քուվեյթ և Սաուդյան Արաբիա)։

Երկընտրանքներ ու ռիսկեր

1. Եթե Թուրքիան երես թեքեր Կատարից, ապա կզրկվեր իր համար կարևոր երկրից և կարող էր հայտնվել Կատարի աջակցած ահաբեկչական խմբավորումների թիրախում։ Կատարը Մերձավոր Արևելքի այն երկրներից է, որը բավական լավ հարաբերությունների մեջ է Թուրքիայի հետ, ավելին, Կատարին կարելի է համարել տարածաշրջանում Անկարայի մերձակա դաշնակից։ Այդ երկիրը Թուրքիայի համար շատ կարևոր է և՛ տնտեսական (էներգետիկա, առևտուր, ներդրումներ, զբոսաշրջություն, շինարարություն), և՛ ռազմական առումով (թուրքական զենքի պոտենցիալ և հարուստ գնորդ, ռազմակայանի տեղակայում)։

2. Եթե Թուրքիան շարունակեր սերտ կապեր պահպանել Դոհայի հետ, ապա ռիսկի էր դիմում փչացնել հարաբերություններն արաբական մյուս երկրների (հատկապես Սաուդյան Արաբիայի) հետ, որոնք հակամարտության մեջ են Կատարի և վատ հարաբերությունների մեջ չեն Թուրքիայի հետ։

3. Եթե Թուրքիան շարունակեր սերտ կապեր պահպանել Կատարի հետ, ապա ռիսկի էր դիմում էլ ավելի վատթարացնել հարաբերություններն ԱՄՆ-ի հետ, որը դժգոհ էր Կատարի պահվածքից։ Այս ամենը կարող է ուժեղացնել Թուրքիայի մեկուսացումը միջազգային ասպարեզում։

4. Թուրքիան և Կատարն աջակցել ու աջակցում են Սիրիայում գործող ահաբեկչական խմբավորումներին, ինչպես նաև Եգիպտոսի «Մուսուլման եղբայրներ» կազմակերպությանը, և ներկայիս կոնֆլիկտն այդ համատեքստում կարող է ազդանշան ծառայել նաև Անկարայի համար՝ այդ խմբավորումներին Թուրքիայի աջակցելու տեսանկյունից։

5. Ներկայիս կոնֆլիկտը թուլացնում է Կատարի դիրքերը Սիրիայի հակամարտությունում, ինչը շահավետ չէ Թուրքիայի համար։

6. Ներկայիս կոնֆլիկտը նպաստում է Կատարում Իրանի դիրքերի ուժեղացմանը։ Թեհրանն Անկարայի նման Կատարի համար բարդ ժամանակաշրջանում օգնում է Դոհային՝ դրա հետ մեկտեղ շարունակելով մնալ Անկարայի տարածաշրջանային գլխավոր մրցակիցը։

7. Ներկայիս կոնֆլիկտը որոշակի առումով խաթարում է արաբա-մուսուլմանական աշխարհի միասնությունը՝ կապված մերձավորարևելյան տարածաշրջանում Իրանին զսպելու հետ։

8. Ներկայիս կոնֆլիկտը հերթական անգամ ապացուցեց, որ արաբական (սուննի) աշխարհում ավելի շատ կշիռ և առաջնորդի դեր ունի Սաուդյան Արաբիան, քան Թուրքիան11։

2017թ. հունիսի 23-ին Բահրեյնը, Եգիպտոսը, ԱՄԷ-ն ու Սաուդյան Արաբիան 13 պահանջից բաղկացած ցուցակ ներկայացրին Կատարին, որից պահանջվում էր դրանք կատարել 10 օրում (ավելի ուշ այն երկարաձգվեց ևս 2 օրով)։ Կատարից մասնավորապես պահանջվում էր դադարեցնել աջակցությունը «Ալ Քաիդային», ԻՊ-ին, «Մուսուլման եղբայրներին» և ահաբեկչական մյուս խմբավորումներին, խզել դիվանագիտական հարաբերություններն Իրանի հետ, փոխհատուցում վճարել պահանջների ցուցակը ներկայացրած բոլոր երկրներին, փակել Al Jazeera հեռուստաալիքը և այլն։ Ուշագրավ է, որ պահանջներից մեկն էլ առնչվում էր Կատարում թուրքական ռազմակայանի վերացմանը։ Արաբական երկրները Կատարին սպառնացին, որ հակառակ դեպքում մեկուսացման մեջ կարող է գտնվել երկար տարիներ։ Սակայն տարածաշրջանային գերտերություններ Իրանի և Թուրքիայի աջակցությունը վայելող Կատարը, ինչպես և ակնկալվում էր, մերժեց այդ պահանջները՝ դրանք որակելով անիրագործելի։

Կատարում թուրքական ռազմակայանի վերացման մասին պահանջը կարող էր անսպասելի լինել Թուրքիայի համար, քանի որ ռազմակայանի ստեղծումը նախատեսված էր դեռևս 2014թ. Թուրքիայի ու այդ երկրի միջև ստորագրված երկկողմ պայմանագրով, որն ուժի մեջ մտավ 2015թ. հունիսի 15-ին։ Պայմանագրի իրագործումը սկսվեց 2015թ. հոկտեմբերին, երբ Կատարում անցկացվեցին Nasr-2015 համատեղ զորավարժությունները։ Դրանց մասնակցած 100-150 թուրք զինծառայողները չվերադարձան Թուրքիա, ինչի կապակցությամբ թուրքական մամուլը գրեց, որ թուրք զինվորը Կատար վերադարձավ ուղիղ մեկ դար անց (օսմանյան զինվորները Կատարը լքել են 1915թ.): 2015թ. դեկտեմբերին Կատարում Թուրքիայի դեսպան Ահմեթ Դեմիրոկն էլ հայտարարեց, որ թուրքական բազմանշանակ ռազմակայանում տեղակայվելու է մոտ 3000 զինծառայող, որոնք ներկայացնելու են Թուրքիայի բոլոր զորատեսակները։ Այս ամենը վկայում է, որ Կատարում Թուրքիայի ռազմակայանի ստեղծումը նորույթ չէր արաբական երկրների համար, և այն, որ նրանք տվյալ հարցը բարձրացրին հենց այդ ժամանակ, ուներ մի շարք պատճառներ.

1. Սաուդյան Արաբիայի, ինչպես նաև Եգիպտոսի համար Թուրքիան մրցակից է սուննի աշխարհում առաջնորդության համար (հունիսի 14-ին Եգիպտոսի խորհրդարանը հավանության արժանացրեց Կարմիր ծովում գտնվող Տիրան ու Սանաֆիր կղզիները Սաուդյան Արաբիային հանձնելը, ինչն էլ ավելի ջերմացրեց երկկողմ հարաբերությունները)։ Կատարի ռազմակայանը Թուրքիայի առաջին ռազմակայանն է Մերձավոր Արևելքում։ Թեև Թուրքիան ցանկանում էր ռազմակայան կառուցել նաև Սաուդյան Արաբիայում, թուրքական մամուլի պնդմամբ՝ ստացել է մերժում։

2. Հունիսի 21-ին Սաուդյան Արաբիայում գահաժառանգ դարձավ 31-ամյա Մուհամեդ բեն Սալմանը՝ դառնալով թագավորության փոխվարչապետ, սակայն դրա հետ մեկտեղ պահպանելով պաշտպանության նախարարի պաշտոնը։ Ավելի վաղ նա աչքի էր ընկել որպես տարածաշրջանում Սաուդյան Արաբիայի ուժեղ ներկայության ակտիվ ջատագով։

3. Թուրքիան ծրագրել էր Կատարի ռազմակայանի օգնությամբ վերածվել Պարսից ծոցի տարածաշրջանի անվտանգության մեխանիզմներն անմիջականորեն կարգավորող երկրներից մեկի։ Դա կարող է դուր չգալ Դոնալդ Թրամփին, և դրա համար էլ չենք բացառում, որ արաբական երկրների այդ պահանջների հետևում կարող է կանգնած լինել հենց նա: Կատարին 13 պահանջի ներկայացվելուց անմիջապես անց Սպիտակ տան մամլո քարտուղար Շոն Սփայսերը Կատարի ու հարևան երկրների հարաբերություններում աճող ճգնաժամը որակեց «ընտանեկան խնդիր»՝ հավելելով, որ ԱՄՆ-ը կարող է աջակցություն ցուցաբերել տվյալ խնդրի քննարկմանը։ Սա վկայում է, որ ԱՄՆ-ը, որը նույնպես ռազմակայան ունի Կատարում, առնվազն դեմ չէ արաբական 4 երկրների տվյալ պահանջներին։

4. Ճգնաժամի սկզբում Թուրքիան չաջակցեց Կատարի մեկուսացմանը, իսկ ավելի ուշ հստակ հասկացրեց, որ շարունակելու է զարգացնել Կատարի հետ հարաբերությունները։

5. Ճգնաժամի սկսվելուց հետո արաբական երկրները սկսեցին մեկուսացնել Կատարը՝ հուսալով այդպիսով արագորեն ծնկի բերել նրան (մինչև ճգնաժամը Կատարին մատակարարումների մոտ 40%-ը բաժին էր ընկնում Սաուդյան Արաբիային), սակայն Կատարին Թուրքիայի ու Իրանի օգնությունը խարխլեցին այդ պլանները։ Այդ երկրի դեմ պատժամիջոցներ սահմանելուց հետո Թուրքիան սկսեց նրան մատակարարել մեծ քանակությամբ սննդամթերք և ջուր։ Թուրքիայի առևտրի ու մաքսային հարցերով նախարար Բյուլենթ Թյուֆենքչին հայտարարեց, որ Պարսից ծոցի ճգնաժամի սկսվելուց հետո Թուրքիայից Կատար արտահանման ծավալն աճել է 3 անգամ. «Վերջին տվյալներով՝ հունիսի 5-21-ին Կատար է արտահանվել $32.5 մլն ապրանքներ։ Այդ ցուցանիշը եռակի գերազանցել է նորմը։ Արտահանված ապրանքների $12.5 մլն-ը բաժին է ընկել սննդամթերքին»։ Թուրքիայի արտահանողների միության ղեկավար Մեհմեթ Բույուքբեքշին իր հերթին հայտարարեց, որ Թուրքիան պատրաստ է ջրով ու սննդով ապահովել Կատարին՝ փոխարինելով ԱՄԷ-ին ու Սաուդյան Արաբիային։

6. Կատարի շուրջ ծագած դիվանագիտական ճգնաժամի համատեքստում Թուրքիայի ու Իրանի դիրքորոշումները համընկան, երկու երկրները հայտնվեցին մեկ ճամբարում, և պատահական չէր, որ Մոհամադ Ջավադ Զարիֆն անմիջապես այցելեց Թուրքիա, ուր հայտարարեց, որ Թեհրանն ու Անկարան պետք է քննարկեն տարածաշրջանի տագնապահարույց իրադարձությունները։ Բնականաբար, թուրք-իրանական որոշակի ջերմացումը չէր կարող դուր գալ Սաուդյան Արաբիային։

7. Հունիսի 7-ին Թուրքիայի խորհրդարանը հավանության արժանացրեց Կատարի ռազմակայանում թուրք զինծառայողների տեղակայելն արտոնող օրենքը։ Դա ճգնաժամի համատեքստում գնահատվեց որպես Դոհային Անկարայի քաղաքական աջակցության օրինակ։ Արդեն 10 օր անց Կատար մեկնեց թուրք զինվորականների առաջին խումբը՝ մասնակցելու համար համատեղ զորավարժությունների, որոնք, ի դեպ, անցկացվում էին հարևանների հետ Կատարի հարաբերությունների սրացման ֆոնին։ Կատարի ՊՆ հաղորդմամբ՝ «Թուրքիայի հետ համատեղ անցկացվող զորավարժությունները կոչված են բարձրացնել ահաբեկչության ու ծայրահեղականության դեմ պայքարում, ինչպես նաև խաղաղապահ առաքելություններում Թուրքիայի ու Կատարի պայքարի արդյունավետությունը»։

8. 2017թ. մայիսին արաբական «Ալ Արաբի Ալ Ջադիդ» թերթը, որը հրատարակվում է Մեծ Բրիտանիայում, հայտնեց, որ Թուրքիան Կատարից հետո ռազմակայան է բացելու Քուվեյթում, որ համապատասխան պայմանավորվածությունը ձեռք է բերվել 2017թ. մայիսի սկզբներին՝ Էրդողանի քուվեյթյան այցի ընթացքում։ Կատարին արաբական երկրների ներկայացրած պահանջները սպառնալիքի տակ են դնում նաև Քուվեյթում թուրքական ռազմակայանի ստեղծումը։

9. Սաուդյան Արաբիան, ըստ ամենայնի, վերջին շրջանում գոհ չէ Սիրիայի հարցում Թուրքիայի դիրքորոշումից։ Հիշեցնենք, որ Թուրքիան Ռուսաստանի ու Իրանի հետ նախաձեռնել է Աստանայի բանակցային գործընթացը և դարձել է Սիրիայում հրադադարի երաշխավորներից մեկը։ Ավելին, հունիսի 22-ին Էրդողանի մամլո քարտուղար Իբրահիմ Քալընը Սիրիայում ապառազմականացված գոտիների ստեղծման հարցի կապակցությամբ հայտարարեց, որ Իրանը, Ռուսաստանը և Թուրքիան մշակում են այնպիսի մեխանիզմ, որին համապատասխան Իդլիբ նահանգում կտեղակայվեն թուրք և ռուս զինվորականները, իսկ Դամասկոսի մերձակայքում՝ ռուսական ու իրանական ուժերը, Սիրիայի հարավում (Դերաա նահանգում) էլ՝ ամերիկյան ու հորդանանյան ուժերը։ Մինչդեռ Սիրիայի տարածքի որևէ հատվածում սաուդյան զորքերի առաջիկա տեղակայման մասին ոչինչ չհաղորդվեց12։

Ինչպես արդեն նշվեց, Կատարը մերժեց թուրքական ռազմակայանը երկրից դուրս բերելու մասին պահանջը, ինչը ողջունվեց Թուրքիայի կողմից։ Հունիսի 23-ին Թուրքիայի պաշտպանության նախարար Ֆիքրի Ըշըքը հայտարարեց, որ Անկարան չի պատրաստվում վերանայել Կատարի հետ արաբական այդ երկրում իր ռազմակայանը տեղակայելու մասին համաձայնագիրը. «Մենք չենք ծրագրում վերանայել այն։ Ռազմակայանի փակման մասին արաբական երկրների պահանջն ուղիղ միջամտություն է Կատարի հետ մեր հարաբերություններին։ Կատարում ռազմակայանը կոչված է ապահովել էմիրության ու ողջ տարածաշրջանի անվտանգությունը»։ Ըշըքը նաև ընդգծեց, որ Թուրքիան այդպես էլ չի ստացել Կատարում իր ռազմակայանը փակելու մասին ուղիղ պահանջ13։

Մևլյութ Չավուշօղլուն էլ հայտարարեց, որ ռազմակայանի բացման մասին որոշումն ընդունել են երկու ինքնիշխան պետությունները՝ Կատարն ու Թուրքիան. «Տարածաշրջանի բոլոր խաղացողները պետք է հստակ գիտակցեն, որ Թուրքիան այն երկիրը չէ, որի վրա կարելի է ճնշում գործադրել։ Եթե Դոհային ներկայացված պահանջների մեջ տեղ է գտել Կատարում Թուրքիայի ռազմակայանի փակման պահանջ, ապա Անկարան պետք է հստակ ասի «ո՛չ»։ Նման պահանջը Թուրքիայի ու Կատարի ինքնիշխանության կոպիտ ոտնահարում է։ Ռազմակայանի հարցն առնչվում է միայն երկու երկրներին, մնացյալ բոլորը պետք է հարգեն այդ որոշումը։ Սաուդյան Արաբիայի արտգործնախարար Ադել ալ-Ջուբեյրի հետ զրույցում ընդգծեցի Անկարայի դիրքորոշումն այդ հարցի շուրջ։ Հուսով եմ, որ սխալ մոտեցումները կվերանայվեն, և մեր եղբայրներ Սաուդյան Արաբիան, Բահրեյնը, Կատարն ու ԱՄԷ-ն կհարթեն բոլոր տարաձայնությունները։ Թուրքիան տարբերություն չի դնում Պարսից ծոցի երկրների միջև և ճգնաժամի հանդեպ մեր դիրքորոշումը կլիներ նույնպիսին, եթե Կատարի փոխարեն սահմանափակումներ կիրառվեին Սաուդյան Արաբիայի դեմ։ Մենք բոլոր երկրներին համարում ենք եղբայրական»14։

Հուլիսի սկզբներին Էրդողանը France 24 հեռուստաալիքի հետ հարցազրույցում հայտարարեց, որ թուրքական ռազմակայանը կարող է Կատարից դուրս բերվել միայն պաշտոնական Դոհայի պահանջով, և քանի դեռ նա հանդես չի եկել նման նախաձեռնությամբ, ռազմակայանի դուրս բերման հարց չի քննարկվում. «Թուրքիան շարքային երկիր չէ։ Թուրքիան ու Կատարը պաշտպանական ոլորտում համագործակցության մասին համաձայնագիրը ստորագրել են դեռևս 2014թ., որը նախատեսում է արաբական այդ երկրի տարածքում թուրքական ռազմակայանի ստեղծման բացում։ Թուրքիան նաև Սաուդյան Արաբիային է առաջարկել ռազմակայան բացել նրա տարածքում, ինչին Էր-Ռիյադն ասել է, որ կպատասխանի, սակայն ցայժմ պատասխան չի ստացվել։ Կատարին ներկայացված 13 կետերը միջազգային իրավունքի նորմերի խախտում են և խաչ են քաշում Կատարի պետականության վրա։ Նման պահանջներն ընդունելը պարզապես հնարավոր չէ»։ Էրդողանն ուշադրություն հրավիրեց նրա վրա, որ Կատարում գտնվում են նաև այլ երկրների և մասնավորապես ԱՄՆ ու Ֆրանսիայի ռազմակայանները, սակայն Էր Ռիադը որևէ կերպ չի առարկում դրան15։

Էրդողանի այս խոսքերը վկայում են, որ Սաուդյան Արաբիան խնդիր ունի հենց Թուրքիայի հետ։ Ամեն դեպքում Սաուդյան Արաբիան ու արաբական մնացյալ երկրները Թուրքիային չեն ներկայացրել Կատարում սեփական ռազմակայանը փակելու մասին ուղիղ պահանջ, ինչը նշանակում է, որ ներկա փուլում նրանք չեն ցանկանում խստապես փչացնել Թուրքիայի հետ իրենց հարաբերությունները, թեև դրանց ճակատագիրը մեծապես կախված կլինի այդ երկրի հարցում Թուրքիայի դիրքորոշումից։

Այսպիսով, Կատարի շուրջ ճգնաժամը շարունակվում է ավելի քան 40 օր, և Թուրքիան գնալով է՛լ ավելի է ընդգծում իր աջակցությունը Կատարին։ Թուրքիան ձգտում է ամեն կերպ պահպանել Մերձավոր Արևելքում (Կատար) իր առաջին ռազմակայանը, որի հաջողությունից է նաև կախված տարածաշրջանում թուրքական այլ ռազմակայանների հայտնվելու հարցը։ Դա շատ կարևոր է վերջին շրջանում «ռազմակայանային քաղաքականություն» որդեգրած Թուրքիայի համար, ինչը նրա նեօսմանյան քաղաքականության բաղադրիչներից (Թուրքիան ձգտում է ռազմակայաններ բացել նախկինում Օսմանյան կայսրության կազմում մտած տարածաշրջանների ռազմավարական նշանակության կետերում) և տարածաշրջանային գերտերություն հանդիսանալու ցուցիչներից է։ Կատարի ճգնաժամը մի կողմից նպաստեց այդ երկրում Թուրքիայի դիրքերի ամրապնդմանը, սակայն մյուս կողմից էլ բավական մեծ հարված հասցրեց Թուրքիայի հեղինակությունը։ Վերջին տարիներին հարևան բազմաթիվ երկրներ Թուրքիային մեղադրել են իրենց ներքին գործերին միջամտելու համար, մինչդեռ ներկայումս Թուրքիան է նախկինում Օսմանյան կայսրության մեջ մտած արաբական երկրներին մեղադրում իր ներքին գործերին միջամտելու համար։ Եվ թեև Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան շարքային երկիր չէ, որի վրա կարելի է ճնշում գործադրել, սակայն Կատարի ճգնաժամը ցույց տվեց, որ Թուրքիան Էրդողանի պատկերացրած այն երկիրն էլ չէ, որի հետ մյուսները չէին համարձակվի խոսել նման լեզվով։ Ինչ վերաբերում է հետագա անելիքներին, ապա Թուրքիայի համար գերխնդիրը շարունակելու է մնալ ստատուս-քվոյի պահպանումը՝ մի կողմից Կատարում իր ռազմակայանի (նաև գործող իշխանությունների), իսկ մյուս կողմից Սաուդյան Արաբիայի ու արաբական մյուս երկրների հետ լավ հարաբերությունների պահպանումը։

1 Катар вновь подвергся хакерским атакам, Росбалт, 08.06.2017.

2 Трамп рассказал о подозрениях в финансировании радикалов в адрес Катара, Lenta.ru, 06.06.2017.

3 The $1bn hostage deal that enraged Qatar's Gulf rivals, Financial Times, 05.06.2017.

4 Габриелян Айк, ХАМАС – «новый фронт» в турецко-американских отношениях, Институт Ближнего Востока, 07.07.2017.

5 Катар начал депортировать членов руководства ХАМАСа, MIGnews.com, 04.06.2017.

6 U.S., Qatar sign agreement on combating terrorism financing, Reuters, 11.07.2017.

7 Анкара надеется на урегулирование ситуации вокруг Катара, Anadolu Ajansı, 05.06.2017.

8 Эрдоган в поисках путей выхода из кризиса вокруг Катара, Anadolu Ajansı, 06.06.2017.

9 Турция продолжит развивать отношения с Катаром, заявил Эрдоган, РИА Новости, 06.06.2017.

10 Cumhurbaşkanı Erdoğan, İran Dışişleri Bakanı Zarif'i kabul etti, TRT Haber, 07.06.2017.

11 Габриелян Айк, Дипломатический скандал вокруг Катара и интересы Турции, Институт Ближнего Востока, 09.06.2017.

12 Габриелян Айк, O судьбе турецкой базы в Катаре на фоне требований арабских стран, Институт Ближнего Востока, 28.06.2017.

13 Ankara'dan Körfez ülkelerine Katar üssü cevabı, Haber7, 23.06.2017.

14 Турецкая база в Катаре — дело двух суверенных государств, Anadolu Ajansı, 25.06.2017.

15 Erdoğan: Üssü Katar isterse kapatırız, CNN Türk, 06.07.2017.


դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր