• am
  • ru
  • en
Версия для печати
07.05.2012

ՀԱՅԿԱԿԱՆ ԲԱՐՁՐԱՎԱՆԴԱԿԸ ՀԱՅԵՐԻ ՀԱՅՐԵՆԻՔՆ Է

   

Մուշեղ Լալայան

«Հայկական բարձրավանդակն է Հայոց պատմության գլխավոր թատերավայրը եւ դա է պատկերվում ու զգացվում իբրեւ մեր ամբողջական հայրենիք` անկախ ազգագրական պայմաններից եւ ժամանակների քաղաքական սահմանագծումներից»:
Հայկ Ասատրյան

Մարդու եւ աշխարհագրական միջավայրի փոխադարձ կապը վաղուց հաստատված է գիտությամբ: Այս իմաստով, ինչպես ուսուցանում է Ցեղային աշխարհայեցողությունը, Ազգը եւ Հայրենիքը` Բացարձակի ու Հավերժի հարթության մեջ կազմում են մեկ, անքակտելի ամբողջություն. Հայաստանը մնայուն հայրենիք է միայն հայերի համար, իսկ հայը հարատեւելի է միայն Հայաստանում: Ըստ այդմ, երբ մասնատված է հայոց հայրենիքը, խաթարված է նաեւ հայի էությունը, եւ քանի դեռ չունենք ամբողջական Հայաստան, հոգեբանորեն, հետեւապես եւ դիմագծորեն մնում ենք աղճատված:

Իսկ ո՞րն է այդ բնական Հայաստանը` հայոց հավիտենական հայրենիքը, որին, ինչպես ծնողին, չեն ընտրում:

Ցեղային աշխարհայեցողության մեջ առկա է տարբերակումը պատմական ու բնական Հայաստանի: Առաջինը պատմա-ազգագրական հասկացություն է, որով` հարափոփոխ, ենթակա սեղմումի կամ ընդլայնումի: Կա, սակայն, բնական Հայաստանը` որպես բնաշխարհագրական ըմբռնում, խիստ որոշակի բնական սահմաններով, որով եւ անփոփոխ: Դա բնաշխարհագրական այն անբաժանելի ամբողջությունն է, շրջապատի նկատմամբ բարձրադիր «լեռնային կղզին», որն աշխարհագրական գիտության կողմից կոչվում է Հայկական բարձրավանդակ: Հայկական բարձրավանդակը Աստծուց կամ Բնությունից հայերիս տրված այն հողակտորն է, որին են միայն հարազատ եւ բնորոշ մեր հոգե-մարմնական գծերը: Սա այն բնատարածքն է, հայերիս միակ եւ կայուն «անվտանգության գոտին», որից դուրս այլ «հայրենիքներ» փնտրելը ազգային ինքնասպանություն է, որից դուրս` ոգու եւ բնատարածքի անհամատեղելիության պայմաններում, հայը ենթակա է վատասերումի, ձուլումի:

Պատկերացրեք, որ հայերը, թեկուզ հոծ զանգվածներով եւ մեկուսացված, ապրում են, օրինակ, Մադագասկարում, ուր չեն տեսնում եւ չեն տենչում Արարատն ու Սեւանը, Արագածն ու Արաքսը, ապրում են տեղի բնական պայմաններից թելադրված կենցաղով, բարձրաբերձ լեռների փոխարեն` անծայրածիր օվկիանոսն է դառնում նրանց մտքի եւ հոգու երեւակայության սնուցիչը, փոխվում է նրանց դիմագիծը եւ այլն. անվիճելի է, որ նրանք աստիճանաբար կհեռանան իրենց էությունից ու կենթարկվեն տեսակափոխումի:

Քաղաքական սահմանագծումներով, Հայկական բարձրավանդակի մեծ մասն այսօր մերը չէ. ազգագրական պայմանները եւս ի նպաստ մեզ չեն` Արեւմտահայաստանը գերազանցապես բնակեցված է թուրքերով եւ քրդերով: Բայց արդյո՞ք այդ կորսվածը դադարում է Հայոց հայրենիք լինելուց: Դիմենք Նժդեհի խորհրդին. «Իմ երկիրը ժամանակավորապես մնալով օտար լծի տակ, չի՛ կարող դառնալ այդ օտարի Հայրենիքը, քանզի Արեւելքի անուղղա խուժը, որ թրքություն կկոչվի, ոչինչ ունի տված այդ երկրին - ո՛չ մեծ մեռելներ, ո՛չ միտք, ո՛չ զգացում... այն ամենը, որ աննյութեղեն Հայրենիքը կստեղծե»: Ահա՛ թե ինչո՛ւ է Ցեղակրոնությունը նշանաբանում` «Հայաստանը` հայերին», որ ասել է` Հայկական բարձրավանդակը միայն Հա՛յ ցեղի հայրենիքն է: Այլ կերպ ասած` Հայկական բարձրավանդակի նկատմամբ հայրենատիրոջ (կուզեք` սեփականատիրոջ) մենաշնորհ իրավունքը հայերի՛նս է:

Վերն ասվածից հետեւում է նաեւ, որ Հայկական բարձրավանդակի ամբողջական սահմաններում (իմա` ողջ բարձրավանդակին տիրելով) միայն մենք կարող ենք իբրեւ ազգություն եւ պետություն ներդաշնակորեն զարգանալ ու հարատեւել: Հայկական բարձրավանդակի` Առաջավոր Ասիայի այս ռազմավարական բանալու ամբողջական ձեռքբերումով է միայն Հայաստան պետությունը հնարավորություն ստանում ունենալու աշխարհառազմավարական նշանակություն. այն վերստին դառնում է տարանցիկ ուղիների խաչմերուկ, հսկում առաջավորասիական չորս խոշոր գետերի ակունքները (հանգամանք, որը զգալի դեր է խաղում` այսօր Թուրքիան դարձնելու տարածաշրջանում գերիշխող), ինչպես եւ, որ պակաս կարեւոր չէ, տեր դառնում շատ ժողովուրդների բաղձանք հանդիսացող մեր փարթամ արոտավայրերին (մի գրեթե անտեսված իրողություն, որը էական է հանդիսացել քոչվոր մի շարք ցեղերի` մեր բարձրավանդակում վերջնական հանգրվան գտնելու գործում): «Հայկական լեռնաշխարհը ներկայացնում է աշխարհագրական, մշակութապատմական, ինչպես նաեւ տնտեսական եւ ընդհանուր էթնիկական մի ամբողջություն: Այստեղ հիմնված պետությունը չի կարող համարվել կայուն, եթե ամբողջապես չի զբաղեցնում այդ լեռնային տանիքը` իր բնական թեքություններով»,- ասում է Ադոնցը:

Այսօր խաթարված է նաեւ մեր էությա՛ն ամբողջականությունը. հայությունը սեղմված է իր Հայրենիքի ընդամենը 1/10-ում, իսկ դա նշանակում է, որ մնացած մեծ մասի բնական ներուժը նա չի ստանում: Չի կարելի հիշողության կամ մտապատկերի մեջ տեղավորել պապերից լսած, գրքերում կարդացած եւ լուսանկարներում տեսած Նեմրութի վեհությունը կամ Վանա լճի գեղեցկությունը եւ համարել, թե սեփական հոգեկան կերտվածքն անհրաժեշտ սնունդ ստացավ բնական միջավայրից: Պետք է այդ միջավայրում ապրե՛լ: Կորցնելով այս կամ այն բարբառը, տարազը, մոռացության տալով «տեղական» սովորույթ կամ ավանդույթ` հայությունը կորցնում է իր էության ամբողջականությունը: Ահա՛ թե ինչու հայության առաջնային խնդիրն է` հայրենատիրությո՛ւն:

Սա մեզ համար տնտեսական խնդիր չէ՛, այլ` գոյաբանակա՛ն, ուր փնտրում ենք ո՛չ թե տնտեսական շահավետություն, այլ` էություն: «Հայրենիք տենչալով, մենք ավելի կուզենք Մասիսի ճակատը տեսնել, քան Արարատյան դաշտի մեջ բամբակ մշակել: Մեր նախահայրերու սրբաստանները եւ գերեզմանները ձգողական ավելի մեծ խորհուրդ ունին, քան Մշո, Կարնո կամ Վանա շուկաները»,- այսպես էին ասում 30-ականների ցեղային-հայրենատիրական շարժման մեր մեծերը. այդպես պետք է հասկանանք եւ մենք:

Այսպիսով, հայրենատիրությունը հայության մոտակա առաքելությունն է, որը պատմության բերումով, պետք է իրականացվի նա՛խ թուրքի հետ անխուսափելի բախումով: Այո՛, բախումով, քանզի մնացած ճանապարհները պատմությամբ արդարացված չեն: Եվ «խաղաղ գոյակցության» անարժեք քարոզները միայն մե՛զ կարող են խաբել, բայց ո՛չ թուրքին:

- Թող լինի խաղաղ գոյակցություն,- ասում ենք մենք,- միայն ո՛չ մեր Հայրենի հողում:

Ի՞նչ է նվաճել Հայոց բանակը Արցախյան ազատամարտի տարիներին: Նա ազատագրել է այն, ինչն ի վերուստ տրված է մեզ: Մնացած բացատրությունները, պատմության հավիտենության մեջ, արժեք չունեն:

- Ենթադրենք ազատագրել ենք Արեւմտահայաստանը եւ Հայկական բանակը հուսալիորեն պաշտպանում է այն, միեւնույն է` այդ տարածքները վերաբնակեցնել չենք կարող, քանզի ոչ ոք չի գնա այնտեղ ապրելու,- այսպես դատողներ մեզանում քիչ չեն: Մենք նայում ենք պատմությանը եւ փաստում, որ այն հագեցած է ժողովուրդների զանգվածային վերաբնակեցումներով: Ինչո՞ւ Շապուհն ու Շահ Աբասը, թուրքերն ու բոլշեւիկները, կանգ չառնելով միջոցների առաջ, կարողացան հայերիս տեղահանել եւ հաստատել օտար ափերում, իսկ մենք ընդունակ պիտի չլինենք սեփական ժողովրդին վերաբնակեցնել Հայրենի հողում: Հրեաները` մեծագույն կամքի ուժով, վերատիրեցին ու վերաբնակեցրին թշնամիներով շրջապատված եւ շուրջ երկու հազարամյակ կորսված իրենց հայրենիքը1:

Ուրեմն, էականը նպատակադրումն է եւ այն իրացնելու անընկճելի կամքը:

Մենք հավատում ենք մեր Ցեղի կամքի ամենազորությանը, եւ մնում է, որ հաղորդակից լինենք նրան:

1Հայրենատիրության խնդրի հետ կապված` հաճախ են տարվում զուգահեռներ մեր եւ հրեաների միջեւ, ինչը, կարծում ենք, հիմնազուրկ չէ: Հակաճառողներն ասում են` մի՞թե կարելի է մեզ համեմատել հրեաների հետ. նրանք գաղափարախոսություն ունեն, կապիտալ, իսկ մե՞նք... Երեւի թե հասկանալի է, որ այդ ամենը միանգամից կամ ինքնին չի ստեղծվել: Սկզբում շարադրել են Մովսեսի հնգամատյանը (Թորա), տարագրվելուց հետո` պայմանները ստիպել են գրել Թալմուդը: Երկար դեգերումներից հետո, մի շարք մտածված քայլերով, նախ` հիմնել են ընդամենը 14.000 քառ. կմ տարածքով պետություն, ապա` իրենց հարեւանների հաշվին ընդլայնել այն... Մենք ստեղծած ունենք Ցեղակրոնություն, Տարոնականություն, որոնց հիմքի վրա, նույնիսկ մեկ սերնդի նպատակամղված ջանքերով, կարելի է ամբողջացնել Հայոց ազգային գաղափարախոսությունը: Բայց, ի տարբերություն հրեաների, դրանք մեզ համար կյանքի ուղենիշ չեն, եւ մեզանում, որպես կանոն, յուրաքանչյուր նոր սերունդ փորձում է ամեն ինչ սկսել նորից: Անշուշտ, նաեւ համեմատելի չեն մեր եւ հրեաների կապիտալները, հատկապես որ հայ մեծահարուստները, հիմնականում, նախընտրում են իրենց ունեցվածքը թողնել օտարներին, քան ծառայեցնել Հայրենիքին (դարձյալ` ի տարբերություն հրեաների): Բայց չհուսահատվենք. Իսրայելը ստեղծվեց գրեթե ոչնչից, իսկ մենք ունենք Հայաստան պետություն եւ, որ պակաս կարեւոր չէ, միատարր բնակչություն:


դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր