• am
  • ru
  • en
Версия для печати
04.04.2012

«ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ» ԱՄՍԱԳՐԻ 100-րդ ՀԱՄԱՐԸ

EnglishРуский

   

2003թ. մարտից մինչ օրս արդեն 100-րդ անգամ լույս է տեսնում Հայաստանի Հանրապետական կուսակցության պաշտոնաթերթ «Հանրապետական» ամսագիրը, որը փաստորեն 1990-ական թթ. լույս տեսած «Հանրապետական» ամսաթերթի գաղափարական իրավահաջորդն է: Մեր մամուլի պատմության մեջ քիչ է պատահել, որ կուսակցական պաշտոնաթերթն ընթերցողին ներկայացել է վերկուսակցական հրապարակումներով եւ վաստակել ընթերցողների լայն շրջանակ, որում անկուսակցականների կամ այլ քաղաքական հայացքներ ունեցողների թիվը զգալի է: Այդ հանգամանքը հիմնականում պայմանավորված է այն թեմատիկայով, որին անդրադառնում է «Հանրապետական»-ը: Եթե փորձենք ընդհանրացնել ամսագրում տեղ գտած հոդվածների ուղղվածությունը, ապա պարզ է դառնում, որ գաղափարախոսության խնդիրներին նվիրված հրապարակումներն առաջնային տեղ են զբաղեցնում ամսագրի էջերում, ուր ներկայացվում են ոչ միայն հայ հասարակական-գաղափարական մտքի ներկայացուցիչների հայացքները, ինչպես օրինակ` Գարեգին Նժդեհ, Հայկ Ասատրյան, այլեւ համաշխարհային ընկալումներն ու տեսություններն ազգայնականության, պահպանողականության վերաբերյալ: Դրանով փաստորեն փորձ է արվում ամսագրի էջերում համադրելու հայ եւ համաշխարհային ազգային-պահպանողական աշխարհընկալումները, զուգահեռներ անցկացնել նրանց միջեւ, ինչպես նաեւ ընդգծել հայ ազգային-պահպանողական գաղափարախոսության յուրօրինակությունները:

Ամսագրում տեղ գտած հոդվածների հաջորդ կարեւոր խումբը նվիրված է աշխարհաքաղաքական եւ տարածաշրջանային զարգացումների վերլուծություններին, որոնց շարքում հատկապես կարեւորվում են Իրանին, Թուրքիային եւ արաբական-իսլամական աշխարհին վերաբերող անդրադարձները:

Մեր իրականության մեջ «Հանրապետական»-ն է թերեւս առաջիններից մեկը, որ իր էջերում տեղ հատկացրեց այլախոս եւ այլադավան հայերին վերաբերող հետազոտություններին, որով, փաստորեն, գիտական եւ հասարակական հետաքրքրություն սերմանեց ինչ-որ առումով «կորսված» հայկական այդ շերտերի նկատմամբ: Չենք կարող չարժեւորել նաեւ «Հանրապետականի» առանձնահատկություններից եւս մեկը. գրեթե յուրաքանչյուր համարում թարգմանաբար ներկայացվող հոդվածներն ու հարցազրույցները, որով հայ ընթերցողը հնարավորություն է ստանում ծանոթանալու համաշխարհային վերլուծական եւ փորձագիտական կենտրոնների մասնագետների վերլուծություններին եւ կանխատեսումներին, ինչպես նաեւ հասարակագիտական եւ քաղաքագիտական մտքի այնպիսի անհատականությունների տեսակետներին ու դիրքորոշումներին, ինչպիսիք են Հ. Քիսինջերը, Զ. Բժեզինսկին, Ս. Կարագանովը, Յու. Վեդրինը եւ այլք:

Պետք է կարեւորել նաեւ ամսագրի շապիկին տեղ գտած ճանաչողական եւ դաստիարակչական բնույթի լուսանկարները, որտեղ պատկերված են հայ ընթերցողին հաճախ անհայտ հայկական պատմաճարտարապետական հուշարձաններ կամ հայրենի բնության անձեռակերտ կոթողներ: Այդ լուսանկարների մեծ մասի հեղինակն է հայտնի հուշարձանագետ Սամվել Կարապետյանը:

«Հանրապետական»-ն իր ստեղծման օրվանից սերտորեն համագործակցում է հանրապետության գիտական հաստատությունների, վերլուծական կենտրոնների, հատկապես «Նորավանք» գիտակրթական հիմնադրամի հետ: Ամսագիրը համագործակցում է նաեւ սփյուռքահայ գիտական շրջանակների հետ:

Այս տարիների ընթացքում ամսագրին հաջողվել է իր շուրջը համախմբել հանրապետության գիտական եւ փորձագիտական մտքի որոշակի շրջանակ եւ իր հրապարակումներով ու դրանցում առկա հստակ շեշտադրումներով հայ հասարակական-քաղաքական միտքը կարողացել է հասցնել զարգացման որակական նոր մակարդակի:

Այսպիսով` ջերմորեն շնորհավորում ենք «Հանրապետական» ամսագրին, նրա խմբագիր` Հայաստանի Հանրապետական կուսակցության փոխնախագահ Մուշեղ Լալայանին, ընթերցողներին եւ բոլոր նրանց, ովքեր այս կամ այն կերպ կապված են ամսագրին հոբելյանական 100-րդ համարի լույս ընծայման կապակցությամբ:

Պատմությունից հայտնի է, թե ինչպիսի կարեւոր դեր կարող է ունենալ մամուլը ժողովրդի կյանքում: Համոզված ենք, որ տասնամյակներ հետո, երբ արժեւորելու լինենք 21-րդ դարասկզբի հայ հասարակական-քաղաքական եւ գաղափարական միտքը եւ դրա ձեւավորման գործում մամուլի ունեցած դերը, անպայման անհրաժեշտ է լինելու խոսել «Հանրապետական»-ի ունեցած կարեւոր եւ անփոխարինելի նշանակության մասին:

Էդգար Հովհաննիսյան, Պատմական գիտությունների թեկնածու,
Հայաստանի ազգային արխիվի փոխտնօրեն


դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր