• am
  • ru
  • en
Версия для печати
29.03.2012

ԱԶԳԱՅՆԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

   

Մուշեղ Լալայան

ՀՀԿ նախագահի տեղակալ

Հասարակական գիտության կողմից առ այսօր չի տրված ազգայնականության միասնական, ընդունված սահմանում. կա շփոթ` ազգայինի, ազգայնականության եւ ազգայնամոլության: Մենք, հետեւելով հայ ազգայնականության դասական մոտեցումներին, նույնացնում ենք «ազգային» եւ «ազգայնական» հասկացությունները (պատահական չէ, որ արեւմտահայերենում դրանք նույնիմաստ են), միաժամանակ, մերժում` ազգայնամոլությունը, ինչպես ամեն մի մոլություն:

Ըստ այդմ, ազգայնականությունը (նացիոնալիզմ)` իբրեւ զգացում, մտածում եւ գործելակերպ, որեւէ ազգի արդար եւ բնական ձգտումն է հավատարիմ մնալ սեփական կենսաձեւին եւ հարատեւել իր հայրենիքում, առանց ուրիշի հայրենիքի վրա աչք ունենալու, առանց ուրիշին իր կենսակերպը պարտադրելու, այսինքն` առանց ազգերի ներդաշնակ գոյակցության բնական-արարչական կարգը խախտելու: Ազգայնականությունն, ուրեմն, ինքնին թելադրված է ազգերի գոյությամբ եւ որպես այդպիսին` հավիտենական արժեք է:

Այս ձեւակերպմամբ, ազգայնականությանն անհարիր է այլամերժությունը, օտարատյացությունը, անբնական ծավալապաշտությունը, որը հատուկ է ազգայնամոլությանը (շովինիզմ):

Մեզանում, ցավալիորեն, դեռեւս ընդունված է ազգայնականությունը գնահատել արեւմտյան ինչ-ինչ չափանիշներով կամ նախկին` կոմունիստական ըմբռնումներով եւ ներկայացնել իբրեւ ծայրահեղականություն, ազգայնամոլություն: Այսօր էլ մեր գիտնականների, պետական ու քաղաքական գործիչների զգալի մասը ազգայնականությունը գնահատում է այլ երկրների այն քաղաքական հոսանքների օրինակով, որոնք իբրեւ հենարան օգտագործում են հասարակության անգիտակից եւ խաժամուժ (լյումպեն) տարրերը. երբեք ի ցույց չեն դրվում այդ երկրների ազգայնական առողջ ուժերը: Գրեթե ուրացության են մատնվում բուն հայ ազգայնականության պատմությունը, արդեն ձեւակերպված գաղափարաբանությունները, դրանք ներկայացնող անհատների հզոր իմացականությունը:

Կարծիք կա, որ ազգայնականությունն այսօր մեզանում հող չի կարող ունենալ, քանզի Հայաստանն էթնիկապես գրեթե միատարր է: Սա, անշուշտ, ազգայնականության էությունը չընկալելու եւ այն ստվերոտ կողմերով տեսնելու հետեւանք է: Ազգայնականությունը, ինչպես վերը նշեցինք, տվյալ ազգի` իր բնական հայրենիքում հարատեւելու եւ սեփական արժեքներին հավատարիմ մնալու, դրանք զարգացնելու խնդիր ունի: Ըստ այդմ, անկախ այն բանից` Հայաստանն էթնիկապես միատարր է, թե ոչ, միեւնույն է, մեզ համար գոյություն ունի Հայրենիքի ամբողջական վերատիրման եւ սեփական կենսաձեւով ապրելու խնդիր:

Իսկ որ այսօր անհրաժեշտություն կա հայրենատիրական գաղափարների վերարծարծման, մեր բարոյական, մշակութային արժեքների կորստի ահազանգման, փաստ է: Հայության մի զգալի մասի մեջ (ինչպես Հայաստանում, այնպես էլ Սփյուռքում) հայրենատիրության կրակն աստիճանաբար մարում է. Հայկական բարձրավանդակի վերատիրման կամ, ինչպես ընդունված է ասել, Հայ դատի խնդիրը շատերի համար դարձել է անիրականանալի երազ եւ դրա արծարծումն էլ` ժամանակավրեպ: Այսօր հայությունը օտար արժեքների լայնաճակատ քարոզչության ազդեցությամբ, աստիճանաբար հեռանում է իր հոգեւոր, մշակութային, բարոյական արժեքներից, իսկ Հայաստան թափանցած աղանդները, հազարումի «մարդասիրական», «բարեգործական» կազմակերպությունները ազատ, անարգել հունձք են անում: Այսքանն էլ բավարար է ասելու, որ մեզանում այսօր ազգայնականության պակաս կա:

Բայց որքան անցանկալի է ազգայնականության պակասը, նույնքան էլ` դրա չարաշահումը:


դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր