• am
  • ru
  • en
Версия для печати
12.04.2012

ԳՈՅՈՒԹՅԱՆ ԿՌԻՎԸ ԱԶԳԵՐԻ ԿՅԱՆՔՈՒՄ

   

Մուշեղ Լալայան
ՀՀԿ նախագահի տեղակալ

Կյանքը գոյության անընդհատ պայքար է: Առանց այդ պայքարի չկա կյանքում զարգացում, կատարելագործում:

Լինելով մասնիկը Բնության` ազգերը ենթակա են գոյության կռվի հավերժական օրենքին եւ, ըստ այդմ, մշտապես պիտի պայքարեն իրենց ապրելու իրավունքի համար: Ազգերի մեջ, ինչպես Բնության մեջ ընդհանրապես, իշխում է բնական ընտրության սկզբունքը. Բնությունն ընտրում է ուժեղներին, եւ ազգերը դատապարտված են ուժով նվաճելու ապրելու սեփական իրավունքը` իրենց հոգու, մտքի եւ բազկի բովանդակ ուժով:

Եվ այդ «փորձությունում» իբրեւ մարդկային տեսակՙ մենք կարող ենք ինչպես հավերժել, այնպես էլ վերանալ, կախված մեր` սեփական ինքնության հանդեպ հավատարմությունից եւ անընդհատ զարգանալու, ժամանակի ոգուն համընթաց գործելու ունակությունից:

Այն ազգերը, որոնք ճանաչում են Բնության օրենքներն ու օրինաչափությունները եւ գործում են դրանց համապատասխան, առավել կենսունակ ու մրցունակ են գոյության պայքարում: Եվ յուրաքանչյուր ազգ, որ ձգտում է ինքնահավիտենականացման, փորձում է որակապես ու քանակապես գերազանցել մյուսներին: Լավ է դա, թե՞ վատ, այդպես է թելադրում Բնությունը, եւ բոլոր փորձերըՙ սրբագրելու այն, դատապարտված են ձախողման:

Միաժամանակ, սակայն, սեփական բնատարածքից ավելիին ձգտելը (ծավալապաշտություն) եւ սեփական բարքերը ուրիշ ազգերի պարտադրելը կամ նրանց ձուլելը ե՛ւս հակաբնական են, քանզի խաթարում են տիրապետող ազգի նկարագիրը, որով` սպառնում նրա գոյությանը:

Գոյության պայքարի բնական դրսեւորումներից է պատերազմը, որը, Նժդեհի բառերով ասած, «մեկն է մարդկային էվոլյուցիայի ամենաբուռն արտահայտություններից»: Որքան բնական է գիշերվա եւ ցերեկվա հերթափոխությունը, նույնքան բնական է եւՙ պատերազմի ու խաղաղության հաջորդականությունը: Եվ աղոթել «խաղաղության աստծուն», կնշանակի չհասկանալ, որ պատերազմները գալիս են մեր կամքից անկախ, հակառակ մեր «բարի ցանկության», քանզի այդպես է պահանջում գոյության կռվի անսրբագրելի օրենքը: Իսկ խաղաղությունը, եթե այդպիսին կա ընդհանրապես, պետք է նվաճե՛լ, նվաճել հաղթանակա՛ծ:

Այսպիսով, ամեն ազգ ինքն է կերտում իր ճակատագիրը. կերտումՙ անցյալի հիշողությամբ, ապագայի հաստատուն հավատով եւ օրվա հարատեւ պայքարով, միաժամանա՛կ: Եվ երբ մեռնում է ազգի մեջ ինքնահավիտենականացման կամքը, վերջինս` ենթակա բնական ընտրությանը, դադարում է արեւի տակ տեղ զբաղեցնելուց` զիջելով այն առավել ուժեղներին:


դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր