• am
  • ru
  • en
Версия для печати
17.09.2009

ԳԱԶԱՏԱՐՆԵՐԻ ԱՇԽԱՐՀԱՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՍԵՎԾՈՎՅԱՆ-ԿԱՍՊՅԱՆ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆՈՒՄ

Руский

   

Սերգեյ Սարգսյան

Արդի աշխարհում էներգետիկ զենքը չափից ավելի արդյունավետ է այն բանի համար, որպեսզի դրա կիրառումն իրենց անտեսել թույլ տան ոչ միայն էներգակիրների խոշոր արտահանողներն ու սպառողները, այլ նաև տարանցող երկրներն ու նրանց հարևան պետությունները։

Համաշխարհային տնտեսական ճգնաժամն այդ «զենքով խաղացողներին» հարկադրեց փոքր-ինչ վերանայել քաղաքական և, ըստ էության, տնտեսական բաղադրիչների հարաբերակցությունը նավթի և գազի արտահանման գործող նախագծերի զարգացման և հեռանկարային նախագծերը լոբբինգի ենթարկելու գործում, և համաշխարհային ճգնաժամի հաղթահարումից հետո պահանջված կմնան առաջին հերթին միայն այն նախագծերը, որոնք առավել կարևոր աշխարհատնտեսական կամ աշխարհաքաղաքական նշանակություն կունենան։

Այս համատեքստում ամենանկատելի տեղերից մեկը տարածաշրջանային, արտատարածաշրջանային և գլոբալ դերակատարների պլաններում զբաղեցնում է Կասպյան-կենտրոնաասիական տարածաշրջանը։

Որքանով է հիմնական դերակատարների համար կրիտիկական իրենց էներգետիկ պաշարները համաշխարհային շուկա հանելու, և որ գլխավորն է՝ դրանց ծավալների ու տեղափոխման երթուղիների վերաբերյալ նախագծերի հաջողության կամ ձախողման հեռանկարը. սրանից է կախված այն, թե արդյոք տարածաշրջանի երկրները՝ և՛ արտադրողները, և՛ տարանցողները, և՛ պարզապես հարևանները, կկարողանան իրենց տնտեսական կամ «աշխարհագրական» պոտենցիալը փոխարկել քաղաքականի։

Հայաստանի և Ադրբեջանի շարունակվող ռազմաքաղաքական դիմակայության պայմաններում խիստ կարևոր է որոշել, թե ինչպիսին է տարածաշրջանի երկրների իրական նշանակությունը և դրանցից յուրաքանչյուրի դերը նոր «Մեծ էներգետիկական խաղում», ինչպիսին են դրա բոլոր մասնակիցների ռազմավարական նպատակներն ու մարտավարական խնդիրները, ընդ որում՝ ոչ միայն և ոչ այնքան դրա հենց էներգետիկական կտրվածքով։

Ինչպես և յուրաքանչյուր խաղում, կարևոր է որոշել, թե դրա որ քայլերն են հանդիսանում նոր երկարատև զարգացումների նախանշանները, և որոնք են, որ ընդամենը սովորական սակարկության գործընթացի տարրեր են։ Սրանից է կախված սեփական պատասխան գործողությունների մարտավարության ճիշտ որոշումը, իսկ վերջնարդյունքում՝ ռազմավարական շահերի իրականացման հնարավորությունը։

Այսպես, Հարավկովկասյան տարածաշրջանում ռազմաքաղաքական իրավիճակի զարգացման հեռանկարները ներկա պահին կախված են իրական այն նպատակների ու կոնկրետ խնդիրների որոշման ճշմարտացիությունից, որոնք «ընկած» են Ադրբեջանի և Ռուսաստանի նախագահների Բաքվի բանակցությունների հետևում, իրենց շահերը տնտեսական հարթություն տեղափոխելու կողմերի հնարավորությունից և ունակությունից, ինչպես նաև նրանից, թե որքանով իրական ու արդյունավետ կլինի նրանց կողմից իրենց «էներգետիկ զինանոցի» կիրառումը Կասպիցի և Կենտրոնական Ասիայի նավթի ու գազի պաշարների շուրջ ընդհանուր աշխարհաքաղաքական իրավիճակի զարգացման պայմաններում։

Կասպյան-կենտրոնաասիական տարածաշրջանի հանդեպ մեծ ուշադրությունը՝ գազի առկայության, արդյունահանման հնարավորությունների և դեպի համաշխարհային շուկաներ տեղափոխելու տարբերակների առումով, պայմանավորված է հետևյալ գործոններով.

  • համաշխարհային ճգնաժամի հաղթահարումից հետո Եվրոպայի և Ասիայի արդյունաբերական առումով զարգացած տարածաշրջաններում գազի սպառման էական աճի կանխատեսումներով,
  • սպառողների ձգտմամբ՝ տարբերակել էներգառեսուրսների հոսքերը՝ իրենց մատակարարումների կայունության ապահովման նպատակով,
  • էներգառեսուրսների գների աճի պայմաններում դրանց առաջարկի ծավալներն ավելացնելու ցանկությամբ,
  • շեշտադրումը այս տարածաշրջանի նոր նավթատարների շինարարության նախագծերի իրականացումից (հատկապես Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթատարի գործարկումից հետո) դրանք նավթով լցնելու խնդիրների վրա տեղափոխելով,
  • դեպի տարածաշրջան աշխարհաքաղաքական և աշխարհատնտեսական հետագա ներթափանցման ձգտմամբ,
  • ԱՄՆ-ի, ԵՄ-ի, Ռուսաստանի և ՉԺՀ-ի միջև ընդհանուր աշխարհաքաղաքական ու աշխարհատնտեսական մրցակցության հարցերով։

Մինչճգնաժամային շրջանում1 Ռուսաստանը Եվրոպայի երկրներին մատակարարում էր տարեկան մոտ 160 մլրդ մ3 բնական գազ2։ Հաշվի առնելով այն, որ երկարատև հեռանկարում գազի պահանջարկը Եվրոպայում աճելու է, ռուսական գազը, «Wood Mackenzie» կոնսալտինգային ընկերության կանխատեսումներով, կարող է գրավել շուկայի մինչև մեկ երրորդը3։ Իսկ Եվրոպայի որոշ պետություններում ռուսական գազի բաժինը այժմ արդեն գերազանցել է այդ ցուցանիշը (տե՛ս Աղյուսակ 1)։ քաշել .pdf ֆայլ

Եվրոպայի գազի շուկայում իր ներկայությունը հետագայում ավելի մեծացնելու Ռուսաստանի ծրագրերը, «Եվրոպայի և Ասիայի սահմանակից տարածաշրջաններում միասնական էներգետիկ և էներգափոխադրական ենթակառուցվածքի ստեղծումը, միջազգային էներգափոխադրական համակարգերի զարգացումը, էներգակիրների ոչ խտրական տարանցման ապահովումը»4 էլ ավելի են խորացնում Մոսկվայից չափից ավելի կախման մեջ հայտնվելու երկյուղները։ Հարցն այստեղ նրա՝ որպես առևտրատնտեսական գործընկերոջ, հուսալիությունը չէ, անգամ չնայած 2006-ից Ուկրաինայի տարածքով գազի, իսկ 2007-ին՝ Բելառուսի տարածքով նավթի տարանցման առկա դժվարություններին. Ռուսաստանի օպերատիվ հակազդեցությունն այդ դժվարություններին թույլ չտվեց, որպեսզի իր՝ որպես էներգառեսուրսների մատակարարի, նկատմամբ վստահությունը նկատելիորեն նվազի։ Ի հավաստումն Ռուսաստանի անվերապահ հուսալիության՝ ռուս փորձագետները պատմական զուգահեռներ են անցկացնում ԽՍՀՄ-ից Արևմուտք մատակարարումների կայունության հետ դժվարին՝ Սառը պատերազմի ժամանակաշրջանում։

Սակայն այստեղ պետք է ուշադրություն դարձնել այն հանգամանքին, որ այդ ժամանակաշրջանում Եվրոպայի՝ որպես սպառողի և ԽՍՀՄ-ի՝ որպես մատակարարի կախվածությունը փոխադարձ էր։ Այն իրավիճակում, երբ Մոսկվան, այն էլ՝ բավական համառորեն, հսկայական ջանքեր է գործադրում իր էներգառեսուրսների արտահանման և առաջին հերթին՝ Չինաստան, երթուղիների դիվերսիֆիկացման ուղղությամբ, ավելի վաղ գոյություն ունեցող փոխկախյալությունն առավել հարաբերական է դառնում։

Անշուշտ, խոսքն այստեղ չի կարող լինել դեպի Եվրոպա գազի մատակարարումների լիակատար դադարեցման կամ նույնիսկ կնքված պայմանագրերով ավելի վաղ ստանձնած պարտավորությունների չկատարման մասին։ Սակայն էներգառեսուրսների պակասուրդի պայմաններում, երբ՝

  • Եվրոպայի տնտեսության աճը ավելի ու ավելի շատ նավթ ու գազ կպահանջի, իսկ
  • ավանդական էներգակիրները այլընտրանքային վերականգնվող աղբյուրներով կամ ատոմային էներգիայով լիակատար փոխարինելուն սպասելը գոնե միջնաժամկետ հեռանկարում անիրական է թվում,

հիմնական մատակարարներից մեկի կողմից, ինչպիսին Ռուսաստանն է, տնտեսական կամ քաղաքական ճնշում բանեցնելու արդյունավետ մեթոդ կարող է դառնալ ոչ միայն էներգակիրների արտահանման ուղղությունների, այլ նաև դրանց լրացուցիչ, համեմատաբար ոչ մեծ ծավալների մանիպուլացումը։

Եվրոպային առավել շատ պետք է անհանգստացնեն.

  1. Մոսկվայի՝ համաշխարհային գազարդյունահանման (Աղյուսակ 2) համակարգում ունեցած դիրքն ավելի ակտիվորեն օգտագործելու ձգտումը՝ իր քաղաքական նպատակներին հասնելու համար։ Ռուսաստանի մինչև 2020թ. էներգետիկական ռազմավարությունում ուղղակիորեն ասվում է, որ «էներգետիկ հիմնախնդիրների գլոբալ բնույթը և դրանց էլ ավելի քաղաքականացումը, ինչպես նաև համաշխարհային էներգետիկայի համակարգում Ռուսաստանի վառելիքաէներգետիկ համալիրի ազդեցիկ դրությունը էներգետիկ գործոնը դարձրին ռուսական դիվանագիտության հենակետային տարրերից մեկը»5։Ընդ որում՝ նավթի և գազի գործոնի օգտագործումը ռուսաստանյան արտաքին քաղաքականությունում ռուսաստանյան վառելիքաէներգետիկ համալիրի առաջատար ընկերությունների շահերի լոբբավորման դիվանագիտություն կիրառելուն զուգահեռաբար է ընթանալու։
  2. Ռուսաստանի փորձերը՝ այս կամ այն տեսքով ստեղծելու վերազգային կառույցներ, գազամատակարար երկրների կողմից համաձայնեցված գնային և արտահանական քաղաքականություն ձևավորելու և վարելու համար։ (Աղյուսակ 2)քաշել .pdf ֆայլ

Եվրոպան Ռուսաստանից տնտեսական, իսկ ժամանակի ընթացքում՝ նաև քաղաքական կախվածությունը կանխելու մի քանի հնարավորություն ունի.

  1. բազմակողմ և երկարաժամկետ համաձայնագրերի ստորագրում էներգառեսուրսների մատակարարների հետ, որոնք կորոշեն հենակետային հարաբերությունները մատակարար-սպառող համակարգում, կկարգավորեն էներգակիրների համաշխարհային շուկան,
  2. էներգահաշվեկշռում հեղուկ բնական գազի (ՀԲԳ) բաժնի ավելացումը,
  3. էներգառեսուրսների մատակարարումների դիվերսիֆիկացումը՝ ինչպես մատակարարների, այնպես էլ երթուղիների ցանկի ընդլայնման առումով։

Երկարաժամկետ համաձայնագրեր

Էներգակիրների աճող պահանջարկի պայմաններում հասնել այն բանին, որ մատակարարը (առավել ևս՝ Ռուսաստանն իր ինքնաբավության աստիճանով ու հավակնությունների մակարդակով) համընդգրկուն, երկարաժամկետ համաձայնագրեր կնքի, քիչ հավանական է թվում, ինչի մասին կարող է վկայել, մասնավորապես, նաև նրա հրաժարումը՝ վավերացնել Էներգետիկական խարտիան։ Թվում է՝ եթե անգամ հանվեն խարտիայի, Մոսկվայի կարծիքով՝ խտրական դրույթները, դա էլ չի հանգեցնելու դրա նախաստորագրմանը, քանի որ Ռուսաստանը փորձում է, «Էներգետիկ ռազմավարությանը» համապատասխան, իր համար դաշտ մաքրել «էներգադիվանագիտական» մանևրների համար։

Մոսկվան նման քաղաքականություն է վարում նաև ԱՊՀ ձևաչափում։ Որպես օրինակ կարելի է բերել այն, որ 2007թ. հոկտեմբերի 31-ին Մոսկվան դուրս եկավ Համագործակցության երկրների հետ 1996թ. ապրիլին ստորագրված «Նավթը և նավթամթերքները մայրուղային խողովակաշարերով տարանցելու բնագավառում համաձայնեցված քաղաքականություն վարելու մասին» ժամանակավոր համաձայնագրից։ Այդ պայմանագրի համաձայն՝ նրա մասնակիցները6 պարտավորվում էին իրենց տարածքներով անցնող խողովակաշարերով նավթի ու նավթամթերքների ազատ տարանցում ապահովել, ինչպես նաև միակողմանի կարգով չընդունել այնպիսի որոշումներ, որոնք վատթարացնում են տարանցման պայմանները։

Ռուսաստանի այս քայլը պայմանավորված է նրա՝ արտահանման գների, ծավալների և ուղղությունների շուրջ մանևրելու հնարավորություններն ընդլայնելու ցանկությամբ. այժմ Ղազախստանի նավթի տարանցման հարցերը Ռուսաստանի տարածքով, իսկ Ռուսաստանինը՝ Ուկրաինայի ու Բելառուսի տարածքներով կարգավորվելու են բացառապես երկկողմանի պայմանագրերով, որոնք ժամկետների մշտական (որպես կանոն, 2-5 տարվա սահմաններում) երկարաձգում են պահանջում։

Հեղուկ բնական գազ

Եվրոպայի՝ որպես սպառողի, համար ՀԲԳ տեխնոլոգիայի առավել գրավիչ կողմերը հետևյալներն են.

  • լրացուցիչ ծավալների ներմուծման օպերատիվ ավելացման հնարավորությունը գազի ամենաշատ սպառման շրջանում,
  • դրա մատակարարման հնարավորությունն էլ ավելի մեծ թվով սպառողներին, որոնք «կապված» չեն մայրուղային գազատարների ենթակառուցվածքին,
  • առավել ցածր աշխարհաքաղաքական և տարանցիկ ռիսկեր նոր տրանսսահմանային և տրանսկոնտինենտալ գազատարների անցկացման համեմատ։

Միևնույն ժամանակ, զսպիչ գործոններ են հանդիսանում.

  • զգալի նախնական կապիտալ ներդրումների անհրաժեշտությունը,
  • գազի հեղուկացման համալիրների շինարարության երկարատևությունը,
  • գազահանքերից վերջնական սպառողին գազը հասցնելու ճանապարհին գազի մշակման առավել բարդ տեխնոլոգիաները։
AMimage001 (original)

Եվրոպայի հանդեպ իր նոր խողովակաշարային քաղաքականությունում Ռուսաստանը, հաշվի առնելով ՀԲԳ տեխնոլոգիաների օգտագործման այս բոլոր ուժեղ և թույլ կողմերը, ձգտում է ոչ միայն խոշոր արտադրող դառնալ, այլև ավելի մեծ դերակատարում ունենալ նրա շուկայում։

Դիվերսիֆիկացումը

Եվ այնուամենայնիվ, էներգետիկ ապահովմանն ուղղված Եվրոպայի քաղաքականության հիմնական բովանդակությունը էներգակիրների աղբյուրների և մատակարարումների ուղղությունների դիվերսիֆիկացումն է։ (Աղյուսակ 3) քաշել .pdf ֆայլ

AMimage002 (original)

 

Եվրամիության և Մերձկասպյան տարածաշրջանի նավթ և գազ արտադրող պետությունների միջև էներգետիկական շուկայի ստեղծման մտադրությունների մասին հնչեցվել է դեռ 2004թ. նոյեմբերի 13-ին, Բաքվում, էներգետիկայի նախարարների մակարդակով տեղի ունեցած կոնֆերանսի ամփոփիչ փաստաթղթում։ «Բաքվի նախաձեռնությունը» հետագա զարգացում ստացավ 2006թ. նոյեմբերի 30-ին Աստանայում, նախարարների մակարդակով երկրորդ՝ ԵՄ-ի, մերձսևծովյան և մերձկասպյան երկրների միջև էներգետիկ համագործակցությանը նվիրված կոնֆերանսում, ստորագրված Էներգետիկ ճանապարհային քարտեզով։ Դրա նպատակն էր Կասպյան տարածաշրջանի նավթ և գազ արտադրողների և ԵՄ սպառողների՝ խողովակաշարային համակարգով ուղղակի կապի նախագծերի իրականացումը։ Դեպի Եվրոպա ածխաջրածինների տեղափոխման հիմնական միջանցք հաստատվեց Ռուսաստանը շրջանցող Հարավկովկասյան երթուղին։ Ծավալուն այս նախագծի հետագա որոշակիացման խնդիրներին էին նվիրված միջազգային մի շարք էներգետիկ գագաթաժողովներ, ինչպիսիք են, օրինակ, Կրակովի (2007թ. մայիս), Վիլնյուսի (2007թ. նոյեմբեր), Կիևի (2008թ. մայիս), Բաքվի (2008թ. նոյեմբեր), Սոֆիայի (2009թ. ապրիլ) գագաթաժողովները։

1Հոդվածում դիտարկվում է գազի մատակարարման և սպառման մինչճգնաժամային, կայուն շրջանը։

2Statistical Review of World Energy. www.bp.com, 2008

3G.Chazan, Russia Outflanks EU's Pipeline Plan. Wall Street Journal, June 16.

4 «Энергетическая стратегия России на период до 2020 года», «Внешняя энергетическая политика» բաժին, www.minprom.gov.ru

5 Նույն տեղում։

6Ուկրաինան և Հայաստանը համաձայնագիրը ստորագրել են վերապահումներով։


դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր