
ԹՈՒՐՔԻԱ. ԱՇԽԱՐՀԻԿ ԿԱՐԳԻ ՀՈԳԵՎԱՐՔ
Սերգեյ Սարգսյան«Նորավանք» ԳԿՀ Քաղաքական հետազոտությունների կենտրոնի ղեկավարի տեղակալ
Մայիսի վերջից Թուրքիայում չեն դադարում բողոքի ակցիաները, որոնց առիթ են հանդիսացել Ստամբուլի իշխանությունների՝ Թաքսիմի հրապարակին հարող Գեզի պուրակի մի քանի ծառեր հատելու և դրանց տեղում առևտրային-զվարճանքային կենտրոն ստեղծելու անվան տակ այդ վայրում երբեմնի օսմանյան զորանոցները վերականգնելու ծրագրերը։ Բայց եթե խոսում ենք պատմության մասին, ապա պետք է հիշենք, որ այն վայրում, որտեղ այժմ հրապարակն է, պուրակ է գցված և մի քանի շինություն է կառուցված, 1551-1939թթ. այստեղ է գտնվել հայկական Սուրբ Հակոբ գերեզմանատունը (մոտ 850 հազ. քառ. մետր մակերեսով)։
Բացի նրանից, որ առևտրա-զվարճանքային համալիրի կառուցման այս նախագիծը ծրագրվում էր իրականացնել Արդարություն և զարգացում (ԱԶԿ) իշխող կուսակցությանը մոտ կանգնած բիզնես-խմբերից մեկի տնտեսական շահերից ելնելով, որպես հավելյալ փաստարկ նշվում էր նաև այն, որ այդ ոչ մեծ պուրակը երիտասարդության սիրելի վայրերից մեկն է, երիտասարդություն, որը, վիրավորելով մահմեդական սովորույթները, անպարկեշտ վարքագիծ էր դրսևորում հանրային վայրում. երիտասարդ տղաներն ու աղջիկները հավաքվում էին այստեղ, ոգելից խմիչքներ խմում, գրկախառնվում և համբուրվում։
Սակայն հենց այս փոքրիկ պուրակի վերացման նախագծին էր վիճակված դառնալ երկրում ընթացող հանրային դժգոհության այն գործընթացների հրահրիչը, որոնք էլ զուգորդվում են իշխող կուսակցության գործունեության, ինչպես նաև անձամբ վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։
Սկզբում պուրակի ծառերը հատելուն ընդդիմանում էր «Թաքսիմի համերաշխություն» հանրային հարթակը, որը ներառում է ճարտարապետների և էկոլոգների ասոցիացիաները, բայց շատ արագ նրանց միացան նաև միջին դասի և ուսանողության ներկայացուցիչները, ազգայնականներն ու անարխիստները, կոմունիստները, մահմեդականները, մի շարք արհմիութենական միավորումներ, թուրքեր, քրդեր և ալևիներ, մտավորականությունն ու ֆուտբոլային ակումբների երկրպագուները, իսկ ընդվզումները ձեռք բերեցին հստակ արտահայտված քաղաքական բնույթ։
Թուրքիայի ՆԳՆ տվյալներով՝ ընդդիմադիր շարժումներին միաժամանակ մասնակցել է ավելի քան երկու միլիոն մարդ. ցույցեր տեղի ունեցան թուրքական գրեթե յուրաքանչյուր քաղաքում1։
Միևնույն ժամանակ, ուշագրավ է նաև այն, որ ինչպես տարերային ընդվզումները, այնպես էլ արհմիությունների ավելի կազմակերպված գործողություններն ընդդիմադիր կուսակցությունների ակնհայտ ու լիակատար աջակցությանը չեն արժանանում, քանի որ առաջինները նրանց ընտրազանգվածի ընդամենը մի մասն են, այն էլ՝ գաղափարապես ոչ ամենակայունը։ Բացահայտ աջակցությունը կարող է հանգեցնել այն բանին, որ այդ կուսակցությունները կարող են կորցնել իրենց մշտական ու պակաս հուզական ընտրողների մի մասին, որոնց դիրքորոշումը շատ ավելի կարևոր է կուսակցական ղեկավարության համար։
Դժգոհությունների ալիքը ցույց տվեց, որ ԱԶԿ իշխանության գտնվելու 11 տարվա ընթացքում թուրքական հասարակության զգալի մասը հիանալի հասկացել է, թե ինչի է հանգեցրել Քեմալ Աթաթյուրքի պատգամների ու սկզբունքների վրա հիմնված աշխարհիկ պետության հիմքերի, զսպումների և հակակշիռների համակարգի փոփոխությունը, որտեղ Թուրքական Հանրապետության բանակը խաղացել է առանցքային դերերից մեկը։
Այդ համակարգի արմատական փոփոխություններն Արդարություն և զարգացում կուսակցությունն սկսեց թվում է, թե աննշան փոքր քայլերից, հաճախ՝ Թուրքիայի արդիականացման և ներքին ու արտաքին քաղաքականության եվրոպականացման կարգախոսի ներքո։ Նման մարտավարության շնորհիվ զինվորականները, որոնք իրավամբ համարվում էին Աթաթյուրքի ժառանգության և երկրի աշխարհիկ բնույթի պահապանները, «հայտնվեցին եվրածուղակում»։ Նրանք՝ Արևմուտքի հետ Թուրքիայի սերտ ինտեգրման ջատագովները, երկրում իշխանության ուղղահայացի կառուցվածքային փոփոխությունների (ի դեպ, ԵՄ պահանջով) անցկացման ընթացքում շատ արագ զրկվեցին քաղաքական որոշումների կայացման վրա իրենց ունեցած վճռական ազդեցությունից։ Եվ իսլամամետ ուժերը հասան այն բանին, ինչին չէին կարողացել հասնել Ն.Էրբաքանի օրոք, իսլամիստների ուղղագիծ «հեծելազորային» հարձակման ընթացքում, որն ավարտվել էր 1997թ. անարյուն ռազմական հեղաշրջմամբ։
Միևնույն ժամանակ, երկրի անշեղ իսլամացման տեմպերն առաջացնում են ինչպես Թուրքիայի եվրոպականացման կողմնակիցների, այնպես էլ նրանց դժգոհությունը, ովքեր հանդես են գալիս հասարակության շուտափույթ և արմատական իսլամացման օգտին։ Իսկ Թուրքիայի պատմության մեջ տնտեսական խնդիրները երկրի քաղաքական իրավիճակից հասարակության դժգոհության «վրա գցելը» միշտ ռազմական հեղաշրջումների նախագուշակն է եղել։ Եվ այսօր Թուրքիան մի կողմ չի մնացել համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամից։ Եթե իշխանությունում գտնվելու առաջին տարիներին ԱԶԿ ժողովրդականության պահպանման, ինչպես նաև միջին դասի կողմից նրան աջակցելու պատճառն այն էր, որ իշխող կուսակցության համար տնտեսական գործոնները բավական նպաստավոր էին դասավորվել, և այդ գործոններն ապահովում էին Թուրքիայի նկատելի և կայուն տնտեսական աճը տարեկան միջինը 7%-ով (համեմատության համար նշենք, որ նրա տնտեսության աճի տեմպերը 1993-2002թթ. կազմել են ընդամենը 2,6%), ապա անցած տարի՝ 2012-ին, դրանք կրկին վերադարձել են 2,6% նիշին։
Չնայած այժմ ԱԶԿ-ն բավական վստահաբար պահպանում է վարչական ռեսուրսի լծակները, Թուրքիայի պատմության մեջ արդեն եղել են նման վիճակներ. օրինակ, 1960թ. հեղաշրջման ժամանակ Դեմոկրատական կուսակցությունը (ԴԿ) մեծ և հետևողական աջակցություն էր վայելում, իսկ 1980թ. հեղաշրջումից առաջ բանակին դիմակայում էին ինչպես աջ, այնպես էլ ձախ արմատականները, և իրենց խայտաբղետ կազմով ընդվզողները կարող էին «մրցել» ներկայիս շարժման հետ։
Սակայն այսօր իրավիճակն, այնուամենայնիվ, ավելի նման է 1950-ականների վերջի իրադրությանը, երբ Ժողովրդա-Հանրապետական կուսակցությունը (ԺՀԿ), որի ստեղծման ակունքների մոտ կանգնած էր ինքը՝ Աթաթյուրքը2, առաջին անգամ կորցրեց իշխանությունը՝ խորհրդարանական ընտրություններում զիջելով Դեմոկրատական կուսակցությանը։
Բազմակուսակցական համակարգը Թուրքիայում սկսեց ձևավորվել, ընդ որում՝ ոչ առանց միջազգային հանրության ճնշման, 1946թ. հունվարին։ 1945թ. Ժողովրդա-Հանրապետական կուսակցությունից սերած մի շարք ազդեցիկ քաղաքական գործիչներ, մասնավորապես՝ Ջելալ Բայարը (ԹՀ վարչապետ 1937-39թթ.) և Ադնան Մենդերեսը (խոշոր հողատեր Այդին նահանգում, Մենդերես գետի հովտում), ձևավորեցին Թուրքիայի Դեմոկրատական կուսակցությունը։ Դրա գրանցումից մի քանի ամիս հետո՝ 1946թ. հուլիսին տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններում կուսակցությունը խորհրդարանական 465 տեղից ստացավ ընդամենը 61-ը (ԺՀԿ՝ 396, անկախ թեկնածուներ՝ 7)։
Այդ ընթացքում ԺՀԿ մենիշխանությունից դժգոհություն սկսեց ի հայտ գալ նաև բանակում. 40-ական թթ. կեսերից զինվորականների շրջանում սկսեցին ձևավորվել թուրքական բանակի համար արդեն ավանդական դարձած գաղտնի սպայական կազմակերպություններ, որոնք զբաղվում էին երկրի քաղաքական կյանքին ուղղակի միջամտության տեսական հիմնավորմամբ և գործնական հարցերի դիտարկմամբ։ Դժգոհության պատճառներից մեկն իշխանությունից ԺՀԿ մենիշխանության (հաճախ բռնապետություն հիշեցնող) վերացման և հիրավի դեմոկրատական վերափոխումների անցկացման անհրաժեշտությունն էր։
Սակայն Թուրքիայի քաղաքական ասպարեզում երկրորդ կուսակցության՝ Դեմոկրատականի ի հայտ գալը որոշ ժամանակով կասեցրեց առաջին հետաթաթուրքյան զինվորական հեղաշրջման սպառնալիքը, թեև բուն գաղափարը չվերացրեց։
Ժողովրդա-Հանրապետական կուսակցության բազմամյա մենիշխանությունից հոգնածությունը, ընտրության իրական այլընտրանքի ի հայտ գալն անդրադարձան արդեն Թուրքիայի Ազգային մեծ ժողովի (ԹԱՄԺ) հաջորդ ընտրությունների (1950թ.) արդյունքների վրա. ԴԿ-ն ստացավ 408 տեղ, 69 տեղ մնաց ԺՀԿ-ին։
Հաղթանակից անմիջապես հետո Դեմոկրատական կուսակցությունն ամբողջ ուժով ձեռնամուխ եղավ օգտագործելու իր ձեռքում հայտնված օրենսդրական և գործադիր իշխանությունն իր մրցակցին չեզոքացնելու համար. ԺՀԿ ամբողջ գույքը և նրա բոլոր միջոցներն ազգայնացվեցին, կուսակցությունն ինքը սկսեց մեղադրվել հակաիրավական ելույթների և դժգոհություն հրահրելու մեջ։
Քաղաքական ասպարեզում ԴԿ հայտնվելն ուղեկցվեց նպաստավոր տնտեսական և միջազգային ռազմաքաղաքական իրավիճակով. Թուրքիան 1947թ. սեպտեմբերի 1-ից միացավ ԱՄՆ նախագահ Հ.Թրումենի արտաքին քաղաքական օգնության դոկտրինին, որի հիմք հռչկավեց «զինված փոքրամասնության կամ դրսից ճնշմանն ընդդիմացող ազատ ժողովուրդներին»3 աջակցություն ցուցաբերելու անհրաժեշտությունը։
1954թ. ԹԱՄԺ ընտրություններում Դեմոկրատական կուսակցությունն էլ ավելի ամրապնդեց իր դրությունը, բայց այդ ընթացքում երկրում սկսել էին զարգանալ իշխանության համար բացասական գործընթացներ՝ թե՛ տնտեսական, թե՛ քաղաքական բնույթի։
Եթե 1946-52թթ. գների միջին տարեկան աճը կազմում էր 2,2%, ապա 1953-59թթ.՝ արդեն մոտ 17%: Թուրքիայի ներքին շուկայի բացումը ամենալայն տեսականու ապրանքների ներմուծման համար՝ գնաճի բարձր մակարդակի պայմաններում, երկրին 1958թ. կանգնեցրեց դեֆոլտի առջև։ 1958թ. կեսին ԴԿ-ն ձեռնամուխ եղավ այսպես կոչված Տնտեսության կայունացման ծրագրի իրագործմանը, որը, մասնավորապես, ենթադրում էր թուրքական լիրայի արժեզրկում, դրամական և վարկային թողարկման (էմիսիայի) վերահսկման կոշտացում, գների ավելացում պետձեռնարկությունների արտադրանքի համար, պետական բյուջեի դեֆիցիտի կրճատում և այլն, բայց երկրում տնտեսական իրավիճակի արագ և արդյունավետ կայունացման ժամանակն արդեն բաց էր թողնվել։ Թուրքական լայն հասարակության կարծիքով՝ Ա.Մենդերեսի կառավարությունը գործում էր բացառապես Դեմոկրատական կուսակցությանն ու Թուրքիայի Գործարար բանկին մոտ կանգնած իշխող ընտրանու շահերից ելնելով։
Մյուս կողմից, ԴԿ անցկացրած միակողմ տնտեսական վերափոխումները, տնտեսության մասնավոր հատվածի ուժեղացման նրա մոտեցումները, երբ արդեն վերացվել էր ԺՀԿ մենիշխանությունը, հիասթափեցրին սպայական կազմին։
Բացի այդ, չնայած արդեն 1945թ., այսինքն, երբ դեռ ԺՀԿ-ն էր իշխանության ղեկին, հավատացյալների հանդեպ վերաբերմունքը երկրում դարձավ ավելի հանդուրժողական; հասարակությունը հեռացավ այսպես կոչված «չափազանց լաիցիզմից»; խորհրդարանն ընդունեց մի շարք փոփոխություններ Սահմանադրությունում; երկրում սկսեցին բացվել մեդրեսեներ և այլն, հենց ԴԿ իշխանության գալուց հետո Աթաթյուրքի պատգամների խախտման գործընթացներն ու կրոնի վերադարձը հասարակության ամենօրյա կյանք մասշտաբային և սպառնալի բնույթ ստացան։ Այսպես, 1951թ. Ա.Մենդերեսի կառավարությունը պաշտոնապես թույլ տվեց բացել իմամ-խաթիբներ (հոգևոր դպրոցներ), ինչը հնարավորություն տվեց իմամներ պատրաստել երկրի ներսում. հանվեց արաբերենով ազան կարդալու արգելքը; առաջին անգամ կրոնի դասեր ներառվեցին միջնակարգ դպրոցի ծրագրում; Թուրքիայում սկսեցին կառուցել նոր մզկիթներ և մեդրեսեներ։
Երկու հիմնական քաղաքական ուժերի մրցակցությունը, փոխզիջման հասնելու նրանց անկարողությունը փաստորեն խափանեցին խորհրդարանի աշխատանքը, փոխադարձ քննադատությունը հասավ գագաթնակետին, սկսվեց միջկուսակցական պայքար սադրանքների հարթությունում։
1959թ. ապրիլի 30-ին, իշխանությունների կազմակերպած մահափորձի ժամանակ Թուրքիայի նախկին նախագահ և ԺՀԿ առաջնորդ Իսմեթ Ինոնյուն վիրավորվեց։ Մի քանի օր հետո՝ մայիսի 4-ին, ԴԿ կողմնակիցների իրականացնելիք հաշվեհարդարից նրան փրկեց միայն զինվորականների միջամտությունը։
Տնտեսական իրավիճակի ընդհանուր վատթարացումը, քաղաքական դիմակայության թեժացումը, «սադրիչ գործունեության» հետաքննության հանձնաժողով ստեղծելու մասին հետադիմական և ռեպրեսիոն օրենքի ընդունումը դժգոհությունը դուրս բերեց փողոց. զանգվածային ելույթների հիմնական մասնակիցներն էին ուսանողները։ 1960թ. ապրիլի 28-ին, ոստիկանության և ԴԿ կողմնակիցների կողմից Ստամբուլի համալսարանի ուսանողների ցույցը ցրելու ժամանակ ոստիկանությունը զենք կիրառեց, ի հայտ եկան առաջին վիրավորները, մի մարդ սպանվեց։ Անկարայում և Ստամբուլում մտցվեց արտակարգ դրություն, բայց ուսանողական հուզումները նոր թափ ստացան։
Հարկ է նշել, որ ԺՀԿ և ԴԿ կողմնակիցների դիմակայության գագաթնակետին բանակը ոչ մի հնարավորություն չուներ առնչվելու արձագանքման անհրաժեշտության, ձևի ու մեթոդների հետ։ Իրավիճակի անորոշության և բարձրագույն հրամկազմի պասիվության պայմաններում Անկարայի կայազորը, զինվորական ուսումնարանների դասախոսների և կուրսանտների աջակցությամբ, 1960թ. մայիսի 27-ի գիշերն իր հսկողության տակ վերցրեց մայրաքաղաքը։ Հեղաշրջման անմիջական ղեկավարներից մեկը գնդապետ Արփասլան Թյուրքեշն էր։ Ստեղծվեց Ազգային միասնության կոմիտե (ԱՄԿ), որի կազմում 38 սպա կար՝ կապիտանից մինչև գեներալ, որը գլխավորեց ԴԿ քաղաքականության հետ անհամաձայնության պատճառով հրաժարական տված Ցամաքային զորքերի հրամանատար Ջեմալ Գյուրսելը։ Հեղաշրջման արդյունքում հայտարարվեց ԹԱՄԺ-ը ցրելու, կառավարությունը ձերբակալելու, քաղաքական կուսակցությունների գործունեությունն արգելելու մասին. ԴԿ մի շարք անդամներ դատապարտվեցին, իսկ Ա.Մենդերեսը և ևս երկու նախարար մահապատժի ենթարկվեցին։
Բայցևայնպես, Դեմոկրատական կուսակցությունը շատ ավելի կողմնակիցներ ու հետևորդներ ուներ, քան սպասում էին զինվորականները. 1961թ. հոկտեմբերյան ընտրություններում նրա հաջորդը՝ Արդարություն կուսակցությունը, կարողացավ մտնել խորհրդարան՝ ստանալով Ազգային ժողովի (ԹԱՄԺ ստորին պալատի) 158 և Սենատի (վերին պալատի) 70 մանդատ։ Ավելին, ԺՀԿ-ն, որը համապատասխանաբար ստացել էր 173 և 36 տեղ, ստիպված էր գնալ նրա հետ կոալիցիոն կառավարություն ստեղծելուն, իհարկե՝ բանակի ուժեղ ճնշման ներքո։ ԱՄԿ ղեկավար Ջ.Գյուրսելն ընտրվեց Թուրքիայի նոր նախագահ, իսկ ԺՀԿ առաջնորդ Ինոնյուն գլխավորեց կառավարությունը։
Սակայն 1960թ. հեղաշրջումը, ըստ էության, այդպես էլ ոչինչ չորոշեց, և բանակն ստիպված էր ևս մեկ անգամ խառնվել քաղաքականությանն ամենաարմատական ձևով։
Ի վերջո, թուրք զինվորականները հասկացան, որ հեղաշրջումից հեղաշրջում, լինեն դրանք 1960, 71, 80թթ. անկարգությունների արյունալի ճնշումները, թե 1997թ. անարյուն կաբինետային հեղաշրջումը, դրանք աստիճանաբար կորցնում են հասարակության աջակցությունը։ Հասարակությունը փոխվել էր, և այն հոգնել էր զինվորականներից քաղաքականության մեջ։
Մյուս կողմից, փոխվել էր նաև բանակն ինքը։
Արդարություն և զարգացում կուսակցության վստահ հաղթանակը 2011թ. հունիսի 12-ի խորհրդարանական ընտրություններում, որն ստացավ 550 մանդատից 325-ը, վկայեց աջակցության այն աստիճանի մասին, որը կար հասարակությունում, և թույլ տվեց նրան շարունակել թուրքական բանակի վերափոխումն ըստ իր շահերի։
ԱԶԿ-ն հասարակության բարձր վստահությունն ստացավ ազգայնական ուղղվածության գաղտնի կազմակերպության («Էրգենեքոնի») հակաբանակային ուղղվածության վառ արտահայտված դատավարությունների համապատկերում. այդ կազմակերպությանն է վերագրվում գործող իշխանությունը տապալելու նախապատրաստությունը, որի ընթացքում ձերբակալվել և դատապարտվել է մի քանի հարյուր մարդ։ Նույնը կարելի է ասել նաև «Բալյոզ»4 գործողության մասին, որը հերթական զինվորական հեղաշրջումն էր պատրաստում Թուրքիայում։
Բանակի վերջին դեմարշը տեղի ունեցավ Թուրքիայի Բարձրագույն զինվորական խորհրդի նիստի նախօրեին, որը նախատեսված էր 2011թ. օգոստոսի 1-4-ին, երբ երկրի բոլոր բարձրագույն զինվորական ղեկավարները՝ Թուրքիայի ԶՈւ գլխավոր շտաբի պետ, բանակի գեներալ Ի.Քոշաները, ցամաքային, ՌԾՈւ և ՌՕՈւ գլխավոր հրամանատարները, ի նշան բողոքի ոչ միայն նախկին, այլև գործող զինվորականների դեմ շարունակվող դատական հետապնդումների, հրաժարական տվեցին։ Մեկնաբանելով դա՝ նախագահ Ա.Գյուլն ասաց լրագրողներին. «Արտակարգ իրադարձություններ են տեղի ունեցել, բայց ճգնաժամ չկա։ Մենք հարգանքով ընդունեցինք գլխավոր շտաբի պետի որոշումը, թեև մենք կուզենայինք, որ նա շարունակեր ծառայությունը։ Մենք կարողացանք արտակարգ իրավիճակը մտցնել բնականոն հուն։ Բարձրագույն զինվորական խորհրդի նիստը տեղի կունենա նախատեսված ժամկետում և օրենքի շրջանակներում»5։ Իսկ փոխվարչապետ Բ.Բոզդաղը նշեց, որ թուրքական հասարակության ընդամենը 10%-ն է արձագանքել այս հանգամանքին։ Նա ընդգծել է, որ «այսօրվանից զինված ուժերում խնդիրներ չկան»6։
Իսկապես, եթե Թուրքիայի բանակում ներկա պահին գտնվեն էլ այնպիսի սպաներ, որոնք պատրաստ են ըստ Աթաթյուրքի պատգամների աշխարհիկ Թուրքիայի վերականգնման հերթական փորձը ձեռնարկել, նրանք պետք է ուշադրության առնեն.
- այն ամբողջ ընթացքում, ինչ բանակը դեռ ի վիճակի է եղել միջամտել քաղաքականությանը, ինչպես և այն դատավարություններին, որոնց միջով անցել են ինչ-որ կերպ նախորդ կամ նոր պատրաստվող հեղաշրջումներին մասնակցություն ունեցած հազարավոր սպաներ, զինվորականները որևէ նշանակալի աջակցություն հասարակության կամ աշխարհիկ կուսակցությունների կողմից չեն ստացել;
- շնորհիվ ԱԶԿ ջանքերի, բանակում հաստատվել է ամուր հակահետախուզական վերահսկողություն,
- Եվրոպան, որը միանշանակ չի վերաբերվում Թուրքիայի եվրոպական հեռանկարներին, զինվորականների ցանկացած նոր միջամտության փորձ երկրի ներքաղաքական կյանքին ընկալում է որպես առիթ՝ հերթական անգամ մերժելու Անկարային Եվրոպական միություն ընդունելու բանակցությունները շարունակելու գործում,
- Արևմուտքի կոշտ արձագանքը եգիպտական զինվորականների հանդեպ, որոնք տապալեցին ժողովրդավարական ճանապարհով ընտրված նախագահ Մ.Մուրսիին (Ազատություն և արդարություն կուսակցության՝ «Մուսուլման եղբայրների» քաղաքական թևի առաջնորդ), և որքան հնարավոր է շուտ իշխանությունը քաղաքացիական կուսակցությունների ձեռքը հանձնելու ցանկությունը։ Եգիպտոսում և՛ բանակն էր դեռ ի վիճակի վճռական գործողություններ իրականացնելու, և՛ բանակին աջակցող հակաիսլամիստական ուժերն, իրենց հերթին, վայելում են բնակչության լայն աջակցությունը։ Նոր իշխանություններն այդպես էլ չկարողացան մեկ տարվա ընթացքում արմատական փոփոխություններ մտցնել բանակում, կոտրել նրա ընդհանուր հակաիսլամական տրամադրությունը, միասնությունն ու կառավարելիությունը։
«Իր» բանակի հանդեպ վստահությունը տեղ է գտել Ռ.Էրդողանի կառավարության որոշման մեջ, ըստ որի՝ պետք է փոխել ԹՀ Զինված ուժերի կանոնադրությունը՝ խորհրդարան ուղարկելով բանակի դերի հետագա նվազեցման, երկրի ներքաղաքական կյանքից նրան բացառելու և նրա համար գործնականում միայն արտաքին ագրեսիան հետ մղելու գործառույթը թողնելու մասին առաջարկությունների փաթեթ բողոքի ելույթների հենց թեժ պահին՝ ս.թ. հունիսի 27-ին, գիտակցելով, որ այն կքննարկվի աշնանից ոչ շուտ, խորհրդարանական արձակուրդներից հետո։
Այսօր, երբ և՛ բանակն այն չէ, և՛ զանգվածային բողոքները ցույց տվեցին, որ դրանք այնքան էլ մեծ աջակցություն չեն վայելում Թուրքիայի բնակչության, հիմնականում՝ քաղաքաբնակների շրջանում, իսկ Ռ.Էրդողանի կուսակցությունը դեռևս մեծ ժողովրդականություն է պահպանում իր ընտրազանգվածի շրջանում, բանակի միջամտության հավանականությունը, ինչպես երբեք Թուրքիայի Հանրապետության պատմության մեջ, քիչ է։
1 Информационно-аналитическое агентство ARMENIA Today, 3 июля 2013г., http://armtoday.info/default.asp?Lang=_Ru&NewsID=91901
2 Ժողովրդական կուսակցությունը վերանվանվեց Թուրքիայի Ժողովրդա-Հանրապետական կուսակցություն 1924թ. նոյեմբերի 10-ին։
3 Նախագահ Հարի Թրումենի՝ 1947թ. մարտի 12-ին ԱՄՆ կոնգրեսում ունեցած ելույթից։ Մեջբերվում է ըստ՝ Золов А.В., США: борьба за мировое лидерство. Калининград, 2000, с. 7.
4 «Բալյոզ»՝ թուրք. «Կռան»։
5 Гурьев А. Спецслужбы и военные Турции под прессом правосудия, http://www.iimes.ru/rus/stat/2012/13-02-12c.htm
6 Նույն տեղում։
դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր
- ԻՐԱՆ. ՊԱՏԺԱՄԻՋՈՑՆԵՐԸ ՇՐՋԱՆՑԵԼՈՒ ՓՈՐՁ[30.06.2015]
- ՎՈՒԱՄ-Ը ՎԵՐԱԾՆՎՈ՞ՒՄ Է[01.09.2014]
- ՀԱՅԱՍՏԱՆԸ ՎԻԼՆՅՈՒՍԻ ԳԱԳԱԹԱԺՈՂՈՎԻՑ ՀԵՏՈ. «ՀԱՆՈՒՆ ՍՐՏԵՐԻ ԵՎ ՄՏՔԵՐԻ» ՊԱՅՔԱՐԸ ՆՈՐ Է ՍԿՍՎՈՒՄ[20.03.2014]
- ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՄԻՏՈՒՄՆԵՐԸ ՎՐԱՍՏԱՆՈՒՄ 2013Թ. ՍԵՊՏԵՄԲԵՐ-ՆՈՅԵՄԲԵՐԻՆ[22.12.2013]
- ՀԱՅԱՍՏԱՆԻ ԻՆՏԵԳՐԱՑԻՈՆ ՄՏԱԴՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ՀՀ ԵՎ ԼՂՀ ՌԱԶՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՈՐՈՇ ՀԱՐՑԵՐ[17.09.2013]
- ՀԵՏԽՈՐՀՐԴԱՅԻՆ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՆՏԵԳՐԱՑԻՈՆ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐԸ ՂՐՂԶՍՏԱՆԻ ԵՎ ՈՒԿՐԱԻՆԱՅԻ ՕՐԻՆԱԿՈՎ (ԱԿՆԿԱԼԻՔՆԵՐ ԵՎ ՄՏԱՎԱԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ)[03.06.2013]
- ՌՈՒՍԱՍՏԱՆ-ԹՈՒՐՔԻԱ. ԱՆՈՒՂՂԱԿԻ ՌԱԶՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ԴԻՄԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՈՒԺԵՂԱՑՈՒՄ[25.02.2013]
- ՎՐԱՍՏԱՆ. ՄԱՆԵՎՐԵԼՈՒ ՓՈՐՁ ՆԵՂ ԿԱԾԱՆՈՒՄ[14.01.2013]
- ՌԱԶՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ԻՐԱՎԻՃԱԿԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՈՐՈՇ ԱՍՊԵԿՏՆԵՐ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ՇՈՒՐՋ[02.08.2012]
- «ԱՆՀՐԱԺԵՇՏ Է ԲԱՐՁՐԱՑՆԵԼ ԷՆԵՐԳԵՏԻԿ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏՈՒԹՅՈՒՆԸ»,- «ԳԱ»-ի հետ հարցազրույցում ասում է «Նորավանք» ԳԿՀ Քաղաքական հետազոտությունների կենտրոնի փոխղեկավար Սերգեյ ՍԱՐԳՍՅԱՆԸ[25.07.2012]