• am
  • ru
  • en
Версия для печати
02.08.2012

ՌԱԶՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ԻՐԱՎԻՃԱԿԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՈՐՈՇ ԱՍՊԵԿՏՆԵՐ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ՇՈՒՐՋ

EnglishРуский

   



Սերգեյ Սարգսյան

«Նորավանք» ԳԿՀ Քաղաքական հետազոտությունների կենտրոնի փոխղեկավար, փորձագետ

Ներկայումս ռազմաքաղաքական իրավիճակը Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ հիմնականում բնորոշվում է հետևյալ գործոնների ընդհանուր ներգործությամբ.

  • հակամարտող կողմերի զինված ուժերի մարտական պատրաստվածությամբ և մարտունակությամբ, նրանց միջև հարձակողական/պաշտպանական սպառազինությունների հավասարակշռության պահպանմամբ,
  • նրանով, որ ՀՀ-ն, ԼՂՀ-ն և Ադրբեջանն ունեն բավականաչափ մոբիլիզացիոն ռեսուրսներ և ռեզերվներ, ներառյալ նրանց սփյուռքյան պոտենցիալը,
  • դաշնային պետությունների հետ Հայաստանի և Ադրբեջանի ռազմատեխնիկական, ռազմաքաղաքական համագործակցությամբ, առանձին ռազմաքաղաքական դաշինքներին ուղղակի մասնակցությամբ,
  • բոլոր երեք պետություններում էլ ներքաղաքական իրավիճակի կայունության սպառնալիքների առկայության/բացակայության զարգացման միտումներով,
  • հակամարտության հանդեպ տարածաշրջանային և արտատարածաշրջանային ուժերի հետաքրքրության մակարդակով,
  • բանակցային գործընթացի դինամիկայով և արդյունավետությամբ,
  • Հայաստանի, ԼՂՀ և Ադրբեջանի տնտեսական զարգացման վիճակով և դինամիկայով.
  • ռազմաքաղաքական իրադրության զարգացմամբ Սևծովյան-Կասպյան և Մերձավորարևելյան տարածաշրջաններում։

Այն իրավիճակում, երբ արդի աշխարհում նոր, անկախ պետությունների գոյացման (Արևելյան Թիմորից և Կոսովոյից մինչև Աբխազիա, Հարավային Օսիա, Էրիթրեա և Հարավային Սուդան) փորձի կուտակման գործընթաց է տեղի ունենում, Լեռնային Ղարաբաղի հակամարտության հայկական կողմերը ոչ միայն համոզված են, որ Ադրբեջանին չի հաջողվի գործնականում իրականացնել իր որոշ առավելությունները, այլև՝ որ ժամանակի գործոնը Բաքվի օգտին չէ, որ աշխատում է։

Այդ մասին է վկայում նաև անցյալ դարի 90-ականների և նույնիսկ 2000-ականների սկզբի համեմատ միջազգային կազմակերպությունների բավական լայն շրջանակի արմատապես փոխված վերաբերմունքը ԼՂ հակամարտության հանդեպ, որոնք նախապատվությունը տալիս էին Ադրբեջանի տարածքային ամբողջականության սկզբունքին և չէին խորանում իրավաբանական նրբությունների մեջ։

Այս միտումն ինչ-որ չափով պայմանավորված է նաև Ադրբեջանի ներքաղաքական իրավիճակի զարգացման դինամիկայով, որը բնութագրվում է, մի կողմից, պետության կառավարման ավտորիտար մեթոդներից հանրային դժգոհության աճով, մյուս կողմից՝ հասարակության իսլամացման գործընթացի սաստկացմամբ։

Վերջին գործոնը նպաստում է, որպեսզի Ադրբեջանն ավելի հեշտ տրվի աֆրիկյան և մերձավորարևելյան մահմեդական երկրների «հեղափոխությունների ալիքին», քանի որ այդ բոլոր պետությունները, որոշակի պատմամշակութային, էթնոազգային, սոցիալ-տնտեսական և հասարակական-քաղաքական տարբերությունների առկայությամբ հանդերձ, միավորվում են այսպես կոչված «մուսուլմանական փողոցի» (բնակչության սոցիալապես առավել չպաշտպանված մասը, որն ավելի շատ է հակված իսլամական և իսլամիստական քարոզչությունն ընկալելու որպես իշխող ռեժիմի գաղափարախոսության այլընտրանք) մոբիլիզացիոն պոտենցիալի գործադրմամբ։

Համաշխարհային քաղաքականության հանգուցային դերակատարների ընթացիկ շահերը, որոնք հիմնականում չեն համընկնում կամ նույնիսկ լրիվ հակասում են միմյանց, մի շարք պատճառներով օբյեկտիվորեն «աշխատում» են այն բանի օգտին, որ թույլ չտրվի, որպեսզի Ադրբեջանը գործադրի հակամարտության լուծման ուժային սցենարը։

ԵՄ-ի համար Ադրբեջանը հետաքրքիր է նախևառաջ որպես էներգառեսուրսների ռուսական աղբյուրներին այլընտրանք և որպես տարանցիկ միջանցք Կենտրոնական Ասիայի պետություններից նավթի և գազի մատակարարման համար՝ շրջանցելով Ռուսաստանի տարածքը։ Նրա դերն ավելի կարևորվեց Հյուսիսային Աֆրիկայի և Մերձավոր Արևելքի պետություններում և հատկապես Իրանի շուրջ (նրա նկատմամբ տնտեսական ու քաղաքական պատժամիջոցների հետևողական խստացման, էլ չենք ասում արդեն Իրանի Իսլամական Հանրապետության դեմ ռազմական գործողության հնարավորության համատեքստում) իրավիճակի անկայունության խորացման ֆոնին։

Միացյալ Նահանգների (և Իսրայելի) համար այդ հետաքրքրությունը խորանում է նաև նրանով, որ Ադրբեջանին հատկացվում է գուցե երկրորդական, օժանդակ, բայց և կարևոր դեր Իրանի դեմ հնարավոր ռազմական գործողության դեպքում։

Ռուսաստանն Ադրբեջանի հետ սերտ գործընկերային հարաբերություններով հետաքրքրված է, առաջին հերթին, Կասպիայում փոխշահավետ համագործակցության, նրա ջրավազանում ոչ կասպիական պետությունների ռազմանավերի մուտքը թույլ չտալու, ինչպես նաև Գաբալա ավանից ոչ հեռու գտնվող «Դարյալ» տեղեկատվավերլուծական կենտրոնի (հրթիռային հարձակումից նախազգուշացման ՌԼԿ համակարգ, որն ավելի շատ ռազմաքաղաքական, այլ ոչ թե ռազմատեխնիկական հետաքրքրություն է ներկայացնում) վարձակալության պայմանագրի (ժամկետը լրանում է 2012թ.) երկարաձգման համատեքստում։

Սակայն ԵՄ-ի հետ տնտեսական և ԱՄՆ-ի ու Ռուսաստանի հետ ռազմական նման համագործակցության հեռանկարներն անմիջականորեն կախված են Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում առնվազն համեմատական կայունության, առկա ստասուս-քվոյի պահպանումից և ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում վարվող բանակցային գործընթացի շարունակումից, ինչի մասին բազմիցս հայտարարվել է տարբեր մակարդակներով և տարբեր քաղաքական հարթակներից։ Այսինքն՝ փաստորեն, ԼՂ հակամարտության գոտում մարտական գործողությունների սրացման հետ կապված ռազմաքաղաքական ռիսկերի միանշանակ բացառումից։

Որպես հետևանք՝ Ադրբեջանի կողմից մարտական գործողությունների վերսկսումը կարող է նախաձեռնվել բացառապես երկրում ներքաղաքական իրավիճակի զարգացման սպառնալի միտումների, ԱՀ իշխանական ընտրանու կողմից այդ իրավիճակի վերահսկողությունը կորցնելու հեռանկարի և վերջինի քաղաքական, չի բացառվում նաև ֆիզիկական գոյության համար երկյուղների ազդեցության տակ։

Նշենք, որ ԼՂ հակամարտության գոտում լարվածության թեժացման սցենարը կարող է գործադրվել միայն ադրբեջանական կողմից, քանի որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կողմից մարտական գործողությունների վերսկսումը.

  • նախ՝ կհանգեցնի վերջին 20 տարիներին հայկական քաղաքական-դիվանագիտական բոլոր ձեռքբերումների կորստին՝ սեփական դիրքորոշման, ԼՂ հակամարտության հեռանկարների ու պատմական հենքի պարզաբանման առումով,
  • երկրորդ՝ իռացիոնալ է ռազմական և քաղաքական տեսակետներից։ Դիմակայության գծի առկա և կայուն պատկերի փոփոխությունը հայկական կողմերի համար գործնական ոչ մի իմաստ չունի. այն այժմ առավել օպտիմալն է պաշտպանության ծախսերը՝ թե՛ մոբիլիզացիոն, թե՛ տեխնիկական, նվազագույնի հասցնելու համար։ Ուժերի հավասարակշռությունը ներկա պահին զգալի չափով ապահովվում է ի հաշիվ այն բանի, որ հայկական կողմերն ունեն խոր էշելոնացված պաշտպանության արդիական և հագեցած ինժեներատեխնիկական ենթակառուցվածք։ Այդ գծից դուրս գալը ՀՀ-ի ու ԼՂՀ-ի համար կհանգեցնի ուժերի հավասարակշռության անցանկալի փոփոխության՝ հօգուտ Ադրբեջանի,
  • երրորդ՝ միանգամայն չի համապատասխանում իշխանության և հասարակության լայն ժողովրդավարացման միջոցով ԼՂՀ անկախության ճանաչմանը հասնելու՝ Երևանի և Ստեփանակերտի դիրքորոշմանը, ինչը շահեկանորեն տարբերվում է Ադրբեջանում կառավարման ավտորիտար մեթոդների ուժեղացման միտումից,
  • չորրորդ՝ եթե մարտական գործողությունները վերսկսեն հայկական կողմերը, դա կհանգեցնի ՀՀ և ԼՂՀ տնտեսությունների մեծ լարվածության, բնակչության սոցիալ-տնտեսական և բարոյահոգեբանական դրության կտրուկ վատթարացման։ Որպեսզի այդ իրավիճակը չվերածվի չվերահսկվող քաղաքական գործընթացների, հասարակությանը պետք է ներկայացվի պատերազմի վերսկսման խիստ ծանրակշիռ պատճառաբանում, պետք է բացատրվեն դրված օբյեկտիվ, թե իրական նպատակներն ու խնդիրները, որոնք ներկա պահին չկան։

Հայաստանում և Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում քաղաքական ուժերի իրական դասավորվածությունը, ընդդիմադիր կուսակցությունների և շարժումների ազատ գործառնությունը, իշխանության հանձնման ժողովրդավարական ընթացակարգն ընտրությունների արդյունքներով (այլ ոչ թե ըստ ժառանգականության, ինչպես Ադրբեջանում է) ներքաղաքական կայունության խախտման վտանգ չեն առաջացնում, չեն սադրում այնպիսի իրավիճակ, երբ հայ հասարակության ուշադրությունն արհեստականորեն կտեղափոխվի հակամարտության գոտում տիրող իրավիճակի վրա, առիթ չեն տալիս խստացնել վերահսկողությունը հասարակական-քաղաքական կյանքի հանդեպ՝ «պատերազմի վիճակում գտնվելու» պատրվակի ներքո։

Բացի այդ, Ադրբեջանի իշխանություններն են, որ կարիք ունեն, որպեսզի մեղմվի ԼՂ հակամարտության լուծմանն ուղղված իրենց թե՛ դիվանագիտական, թե՛ ռազմական գործունեության հասցեին հնչող քննադատությունն այն առումով, որ չեն կատարվում ավելի վաղ տրված խոստումները, փաստորեն անօգուտ են պետության ուժային կառույցների ամրապնդմանն ուղղված բյուջեի միջոցների ծախսերը։ Իսկ քննադատությունը հնչում և անընդհատ ուժգնանում է ինչպես գործող անվանական աշխարհիկ, այնպես էլ անընդհատ «քաշ հավաքող» իսլամական ու իսլամիստական ընդդիմության կողմից։

Տարածաշրջանում արդեն երկար տարիներ վարվող սպառազինությունների մրցավազքի, «զավթված 20 տոկոսը» վերադարձնելու համար երկրի զինված ուժերը գործի դնելու բազմաթիվ սպառնալիքների քաղաքականության տեսանելի արդյունքների բացակայությունն այն ֆոնին, երբ չկա հակամարտության գոտում մարտական ակտիվության իրական ուժեղացում, ընդդիմության կողմից գնահատվում է որպես գործող ղեկավարության անարդյունավետության, պետական մակարդակով ռազմական բյուջեի մասշտաբային թալանի և միայն իշխանական էլիտայի ինքնապահպանման նպատակով ԱՀ ուժային կառույցների ամրապնդման ցուցիչ։

Միևնույն ժամանակ, հակամարտության գոտում լարվածության թեժացումը սպառազինությունների շարունակվող մրցավազքի ֆոնին, հավելյալ՝ ռազմական ռևանշի խոստումների ու թշնամի հայի կերպարի սերմանման քաղաքականությունը, վտանգավոր է նրանով, որ շատ շուտով այն կարող է մտնել Ադրբեջանի իշխանությունների կողմից թույլ վերահսկվող արագացման և ինքնուրույն թափ հավաքելու ռեժիմ։

Ըստ Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարար Մովսես Հակոբյանի հայտարարության՝ ադրբեջանական կողմը տարեցտարի թեժացնում է լարվածությունն առաջին գծում. ընթացիկ տարվա առաջին կիսամյակում Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի խախտումների թիվը, անցած տարվա նույն ժամանակամիջոցի համեմատ, կրկնակի ավելացել է, դիվերսիաների թիվը քառապատկվել է։ Անցած տարվա առաջին կիսամյակում հակառակորդը երկու դիվերսիոն գործողություն է իրականացրել, իսկ այս տարի արձանագրվել են չորսը1։

Նման սադրանքներն ուղղված են մի շարք ռազմական և քաղաքական նպատակների ձեռքբերմանն ինչպես ներքին, այնպես էլ արտաքին քաղաքական օգտագործման համար, ինչպիսիք են, մասնավորապես՝

  • ԼՂՀ և ՀՀ ԶՈւ ստորաբաժանումների մարտական պատրաստվածության ու մարտունակության, Ղարաբաղի պաշտպանության բանակի պաշտպանական համակարգի, ՀՀ պետական սահմանի պահպանման ռեժիմի, կրակային միջոցներով ինժեներատեխնիկական շինությունների գծի հագեցածության, Ղարաբաղի պաշտպանության բանակի և ՀՀ ԶՈւ ստորաբաժանումների արձագանքման մարտավարության ու օպերատիվության բացահայտումը,
  • հատուկենտ մարտական բախումներն ու փոխհրաձգությունը, դիպուկահարների կրակոցներն ադրբեջանական հասարակությանը որպես ռազմական ուժի հզորացման ինդիկատոր և Ադրբեջանի տնտեսության աճի, բնակչության լայն շերտերի սոցիալ-տնտեսական իրավիճակի բարելավման՝ հայտարարված տեմպերին անհամապատասխանության արդարացում ներկայացնելը,
  • ԱՀ հասարակության մեջ «պատերազմական հոգեվիճակի» պահպանումը, որի մակարդակի նվազման մասին, հատկապես ադրբեջանցի երիտասարդության շրջանում, հայտարարում են ռևանշիստական տրամադրություններ ունեցող կազմակերպություններն ու առանձին ակտիվիստներ,
  • ներքին քաղաքականությունում ավտորիտարիզմի, հասարակական-քաղաքական, իրավապաշտպան կազմակերպությունների, Ադրբեջանի քաղաքացիների կողմից կարծիքի ազատ արտահայտման սահմանափակումների, ինչպես նաև հետագայում այդ ամենի հնարավոր խստացման արդարացումը,
  • Լեռնային Ղարաբաղի հակամարտության չլուծվածության խնդրի հանդեպ միջազգային հանրության ուշադրության գրավումը/պահպանումը։

Միևնույն ժամանակ, ԱՀ իշխանական էլիտան պետք է հասկանա, որ ռազմական իրավիճակի սրումը ԼՂ հակամարտության գոտում օբյեկտիվորեն «աշխատում» է հօգուտ իսլամական ու իսլամիստական ընդդիմության, քանի որ, նախ, մարտական գործողությունների գրեթե ցանկացած սցենար, բացի, թերևս, «բլիցկրիգից», ակնհայտորեն բացասական ազդեցություն կունենա իշխող ռեժիմի կայունության վրա, և երկրորդ՝ հարմար առիթ կծառայի, որպեսզի այդ ընդդիմությունը դիմի իսլամական երկրների օգնությանը, նրանցից ֆինանսական աջակցություն ստանա, այդ թվում և շրջանցելով պաշտոնական պետական կառույցները, ինչպես նաև կարող են հիմնականում իսլամիստական գաղափարախոսություն կրող մարդկային ռեսուրսներ ներգրավել մարտական գործողություններին մասնակցելու համար, որոնք իրենց մարտունակությունը ցուցաբերեցին 2011-12թթ. լիբիական և սիրիական իրադարձություններում2։

Այն մասին, որ վերջին մի քանի տարիներին ԱՀ իսլամական ընդդիմությունն ակտիվացել է այս ուղղությամբ, վկայում են Ադրբեջանի Իսլամական կուսակցության կոչերը երկրում ռազմական դրություն և ջիհադ3 հայտարարելու վերաբերյալ. 2010թ. օգոստոսին այն ստեղծեց Իսլամական ղարաբաղյան դիմադրության կազմակերպությունը4, որը գործում է նմանատիպ «աշխարհիկ» կազմակերպություններին զուգահեռ, որոնցից ամենաակտիվն ու անախորժը, թերևս, Ղարաբաղի ազատագրման կազմակերպությունն է։

ԱՀ իշխանության ողջ ուղղահայացի ներկայացուցիչների ռևանշիստական հայտարարությունների աճը, ԵԱՀԿ ՄԽ միջնորդությամբ վարվող բանակցային գործընթացից դուրս գալու և հակամարտությունն ուժային մեթոդներով լուծելու սպառնալիքները հանգեցրին այն բանին, որ ճշգրտվեց ռազմատեխնիկական համագործակցության իրականացման ռեժիմը, ընդ որում՝ ոչ միայն Ադրբեջանի, այլ նաև Հայաստանի հետ։ Չնայած Բաքուն հայտարարում է, թե անհանգստացած է ադրբեջանա-իրանական հարաբերությունների լարմամբ և այն օգտագործում է որպես իր հարվածային ծանր սպառազինության ավելացման պատրվակ, այնուամենայնիվ, գլոբալ դերակատարներն ԱՀ-ին մատակարարվող սպառազինության և ռազմատեխնիկայի վերահսկողության խստացման ակնհայտ միտում են դրսևորում։ Ասվածի վկայությունն է ԱՄՆ Պետդեպարտամենտի որոշումը՝ հանել Ադրբեջանն այն երկրների ցանկից, որոնց մոտ ապագայում վաճառվելու է ամերիկյան ռազմատեխնիկա. որոշումն ընդունվել է՝ ելնելով այն հիմնավորված երկյուղներից, թե այն կարող է կիրառվել Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի դեմ5։

Եվ հակառակը, հակամարտության հայկական և ադրբեջանական կողմերի միջև էական ռազմատեխնիկական անհավասարակշռության ի հայտ գալու դեպքում հնարավոր բացասական հետևանքները հանգեցրին այն բանին, որ Ռուսաստանը վերանայի ՀԱՊԿ անդամ երկրների ռազմատեխնիկական համագործակցության շրջանակներում Հայաստանին մատակարարվելիք ծանր հարձակողական սպառազինությունների սահմանափակումները և երկու կողմերի ռազմաքաղաքական համագործակցության մակարդակի բարձրացումը։

Ռազմական գերազանցության խաբուսիկ զգացողության ձևավորումն էյֆորիկ տոնական, բայց իրականությունից և տարածաշրջանային ու գլոբալ քաղաքականության միտումներից կտրված մթնոլորտում չպետք է գայթակղի Ադրբեջանի ղեկավարությանը՝ ուժ կիրառել ԼՂ հակամարտության գոտում։ Թեկուզև նկատի ունենալով հարևան Վրաստանի ղեկավարության տխուր փորձը, որը նույնատիպ հոգեբանա-զգացմունքային վիճակում էր 2008թ. օգոստոսի պատերազմի նախօրեին։

1 http://panorama.am/ru/politics/2012/07/09/m-hakobyan/, 2012թ. հուլիսի 9։

2 Председатель Исламской партии Азербайджана: В случае войны в Карабахе джихад обязателен для каждого мусульманина. http://www.salamnews.org/ru news/ read/8421/eksklyuziv-predsedatel-islamskoy-partii-azerbaydana-v-sluchae-voyni-v-karabaxe-dixad-obyazatelen-dlya-kajdogo-musulmanina/, 2010թ. մայիսի 20։

3 Объявить в стране военное положение», призывает Исламская партия Азербайджана. http://www.zerkalo.az/2009-07-17/politics, 2009թ. հուլիսի 17։

4 Azeri Press Agency, 02 августа 2010г., http://ru.apa.az/print.php?id=169031

5 http://news.am/rus/news/111528.html, 2012թ. հունիսի 29։

«Գլոբուս» վերլուծական հանդես, թիվ 8, 2012

դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր