• am
  • ru
  • en
Версия для печати
22.12.2013

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՄԻՏՈՒՄՆԵՐԸ ՎՐԱՍՏԱՆՈՒՄ 2013Թ. ՍԵՊՏԵՄԲԵՐ-ՆՈՅԵՄԲԵՐԻՆ

EnglishРуский

   

Սերգեյ Սարգսյան
«Նորավանք» ԳԿՀ Քաղաքական հետազոտությունների կենտրոնի ղեկավարի տեղակալ

2013թ. աշունը քաղաքական իրադարձություններով հարուստ էր Վրաստանում։ Հիմնական իրադարձությունների շարքում անհրաժեշտ է նշել նախագահական ընտրությունները, պաշտոնական քաղաքականությունից վարչապետ Բիձինա Իվանիշվիլու հեռանալը, որի մասին նա ինքը նախապես հայտարարում էր, ինչպես նաև Վիլնյուսի գագաթաժողովում ԵՄ-ի հետ Վրաստանի ասոցիացման համաձայնագրի նախաստորագրումը։

Ս.թ. հոկտեմբերի 27-ին տեղի ունեցած նախագահական ընտրությունները, որոնցում հենց առաջին փուլում հաղթանակ տարավ վարչապետ Բ.Իվանիշվիլու «մարդը»՝ Գեորգի Մարգվելաշվիլին, վերջ դրեցին երկիշխանությանը երկրում, Վրաստանում ուժերի նոր դասավորություն հաստատեցին, բայց և շատ հարցեր թողեցին անպատասխան։

Բավական ճշգրիտ կլինի թե՛ նախագահական, թե՛ անցած տարի տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունները բնութագրել որպես ընտրություններ, որոնցում հաղթանակ տարավ Բ.Իվանիշվիլին։ Որպես հետևանք՝ հրատապ է դառնում այն հարցը, թե ինչ է լինելու նրա հեռանալուց հետո։

Վրաստանում թե՛ խորհրդարանական, թե՛ նախագահական ընտրություններն անցան մեկ կարգախոսով՝ «ընդդեմ Սաակաշվիլու»։ Դա հանգեցրեց այն բանին, որ, նախ՝ Բ.Իվանիշվիլու շուրջ համախմբվեցին քաղաքական ամենատարաշերտ ուժեր, երկրորդ՝ Մ.Սաակաշվիլու անցումն անհաշտ ընդդիմության շարքեր բերեցին նրան, որ Միասնական ազգային շարժում (ՄԱՇ) կուսակցությունը, որի նախագահ վերընտրվեց նա հոկտեմբերի սկզբին, այժմ շատ ավելի միասեռ է, քան նոր իշխանությունները։

ՄԱՇ-ին և, մասնավորապես, Սաակաշվիլուն, ի թիվս այլ բաների, համախմբում է նաև ռևանշի տենչը, ուստի գործող իշխանությունների ամբողջ գործունեությունն իրականացվելու է ուժեղ ընդդիմության սևեռուն ու կանխակալ ուշադրության ներքո, և միայն 2014թ. հունիսին կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններն ավելի հստակ պատկերացում կտան նոր իշխանության կազմակերպչական ունակությունների ու նրա ներկայիս կոնֆիգուրացիայի, Միասնական ազգային շարժման իրական աջակցության աստիճանի ու հետագա կենսունակության մասին։

Ինչ վերաբերում է արտաքին քաղաքականությանը, ապա Գ.Մարգվելաշվիլին ավելի ընկալելի ֆիգուր է բոլորի համար՝ թե՛ ԱՄՆ-ի, թե՛ Եվրամիության և թե՛ Ռուսաստանի։ Թեև Մոսկվայի համար բացահայտորեն հակառուսական տրամադրվածություն ունեցող Սաակաշվիլու հետ հարաբերությունների կառուցման գործընթացն, այնուամենայնիվ, ավելի դյուրին էր, այդ թվում և մինչև 2008թ. օգոստոսի 8-ը։

Սակայն Գ.Մարգվելաշվիլին զգալիորեն ավելի քիչ իշխանություն ունի, քան իր նախորդը։ «Վրացական երազանքը» խորհրդարան գալուց գրեթե անմիջապես հետո ձեռնամուխ եղավ Վրաստանի Սահմանադրության փոփոխություններին, նախ, որպեսզի ավելի ռացիոնալ ձևով (իրենց կարծիքով) հավասարակշռի իշխանությունը նախագահի, խորհրդարանի ու վարչապետի միջև, երկրորդ՝ որպեսզի «հարթի» Սաակաշվիլու՝ իրեն հարմարեցված լրացումները։ Նախագահի պաշտոնից հեռանալուց հետո նա հույս ուներ զբաղեցնել վարչապետի պաշտոնը, և հենց գործադիր իշխանության ղեկավարի ձեռքում էր, համաձայն Սահմանադրության բարեփոխման, որն ընդունել էր Վրաստանի խորհրդարանը 2010թ. հոկտեմբերի 15-ին, կենտրոնանալու իրական իշխանությունը երկրում։ Իսկ այժմ, չնայած վարչապետի դերի շոշափելի ուժեղացմանը, խորհրդարանը պահպանում է գործադիր իշխանության հանդեպ վերահսկողության լծակները։

Ինչ վերաբերում է Բ.Իվանիշվիլուն, ապա նա, ինչպես և խոստացել էր, նախագահական ընտրություններից հետո, որոնցում հաղթանակ տարավ իր թեկնածուն, պաշտոնաթող եղավ։ Ձևականորեն նա հեռացավ նաև քաղաքականությունից՝ հայտարարելով, որ իր ջանքերը կենտրոնացնելու է Համաներդրումային ֆոնդի (որի շնորհանդեսը տեղի ունեցավ սեպտեմբերի 30-ին Թբիլիսիում) աշխատանքների վրա՝ $6 մլրդ-ի չափով, այսինքն՝ որպեսզի Վրաստանի բյուջեն ավելի շատ լինի։

Ենթադրվում է, որ ֆոնդը հավելյալ ներդրումներ է ներգրավելու և սուբսիդավորելու է էներգետիկ, գյուղատնտեսական, արդյունաբերական, տրանսպորտային և զբոսաշրջային նախագծեր։ Լավագույն բիզնես գաղափարները ֆոնդից կստանան 25-75% ֆինանսավորում։

Համաներդրումային ֆոնդի ներդրողներ են հանդիսանում Dhabi Group և «Ռակիա» (RAK Investment Authority) մասնավոր ընկերությունները ԱՄԷ-ից (ժամանակին այս ընկերություններն ակտիվորեն համագործակցում էին նաև Վրաստանի նախկին կառավարության հետ), Ադրբեջանի պետական նավթային հիմնադրամը (State Oil Fund of the Republic of Azerbaijan), Ղազախստանի «ԿազՏրանսՕյլ» ընկերության ներկայացուցիչ Բաթումի արդյունաբերական հոլդինգը, թուրքական Calik Holding A.S ընկերությունը, ինքը՝ Բիձինա Իվանիշվիլին, հանգուցյալ գործարար Բադրի Պատարկացիշվիլու ընտանիքը, ղազախստանցի գործարար Ալեքսանդր Մաշկևիչը (այժմ ապրում է Իսրայելում)1։ Բ.Իվանիշվիլու ավանդը կազմում է $1 մլրդ, այսինքն՝ նրա կապիտալի մոտ 15%-ը։

Համաձայն բիզնես ծրագրի՝ ֆոնդը նախատեսված է ինը տարվա համար, ինչից հետո ավանդատուները պետք է իրենց մեջ բաշխեն իրենց հասնող բաժինը դրամական միջոցների ու ակտիվների ձևով2։

Բացի այդ, Բ.Իվանիշվիլին ծրագրում է ստեղծել վենչուրային ֆոնդ ներդրումային նախագծերին աջակցելու համար։

Այսպիսով, մի կողմից՝ նա իր ձեռքում է պահում երկրի կառավարման իրական լծակները՝ օգնելով նախագահին խաղալու մրցավարի դեր իշխանական էլիտայի բավական բարդ միջկուսակցական և միջխմբային հարաբերություններում, ինչպես նաև էլիտա-ընդդիմություն հարաբերություններում։

Մյուս կողմից՝ Վրաստանի տնտեսական հաջողությունները կկապվեն նրա ֆոնդի գործունեության հետ՝ երկիր ներդրումների ներգրավման առումով, իսկ անհաջողության դեպքում պատասխանատվությունը ներգրավված ֆինանսական միջոցները գրագետ ձևով չտնօրինելու համար, ամենայն հավանականությամբ, կդրվի գործադիր իշխանության, հատկապես նրա տնտեսական հատվածի վրա։

Իշխանության հետ Բ.Իվանիշվիլու փոխհարաբերությունների նման մեխանիզմը կարող է արդյունավետ, պահանջված և շարունակական դառնալ։ Եվ «Իվանիշվիլու գործոնը» վճռական կդառնա Վրաստանի տնտեսության ու քաղաքականության համար առնվազն միջնաժամկետ հեռանկարում, մանավանդ ԵՄ-ի կողմից Վրաստանին աջակցության ֆոնին, որի հետ Ազատ առևտրի գոտու (ԱԱԳ) ձևավորման պատրաստակամությունը հերթական անգամ դրսևորվեց «Արևելյան գործընկերության» ծրագրի Վիլնյուսի գագաթաժողովում՝ Համաձայնագրի նախաստորագրմամբ։

ԵՄ-ի կողմից ֆինանսական ներդրումների ավելացման Թբիլիսիի ակնկալիքները կարող են էլ ավելի արդարացված լինել այն առումով, որ Հայաստանը, Ադրբեջանը և, համենայնդեպս առայժմ, Ուկրաինան փաստորեն հայտարարել են, որ դուրս են գալիս ԱԱԳ ստեղծման գործընթացից։ Դա Բրյուսելին թույլ կտա հօգուտ Վրաստանի և Մոլդովայի վերաբաշխել թեկուզև ոչ մեծ այն գումարները, որոնք նախատեսվում էր տրամադրել «Արևելյան գործընկերության» հինգ գործող (այսինքն՝ առանց Բելառուսի) մասնակիցներին։

Վրաստանը հետևողականորեն նշել է, որ շահագրգռված է, առաջին հերթին, համապարփակ ազատ առևտրի պայմանագիր (Deep and Comprehensive Free Trade Areas, DCFTA) կնքել, և հաճախ ակնհայտորեն չափազանցել է դրա նշանակությունը Եվրամիության հետ քաղաքական հարաբերությունների ամրապնդման գործընթացում։ Այսպես, 2011թ. ամռանը Բաթումում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ փոխխոսնակ Գեորգի Բարամիձեն հայտարարել է, թե ԱԱԳ ստեղծումը ենթադրում է ոչ միայն էլ ավելի շատ ներդրումների ներգրավում Վրաստանի տնտեսությունում, այլև, փաստորեն, այն հավասարազոր է ԵՄ-ի հետ լրիվ ինտեգրմանը3։

2008թ. օգոստոսյան պատերազմից և հատկապես Մոսկվայի կողմից Աբխազիայի ու Հարավային Օսիայի անկախության ճանաչումից հետո Վրաստանը նվազագույնի հասցրեց իր քաղաքական և, զգալի չափով, տնտեսական շփումները Ռուսաստանի հետ, ինչպես նաև դուրս եկավ ԱՊՀ կազմից։

Երկրի տարածքով բեռնափոխադրման տարանցումից բյուջեի ավելացող կախվածության, տնտեսության մեջ թուրքական և ադրբեջանական բիզնեսի ֆիզիկական ու ֆինանսական աճող ներթափանցման ֆոնին, հիմնականում ադրբեջանաբնակ հարավարևելյան շրջանի (Քվեմո-Քարթլի) առկայության պայմաններում, Թբիլիսին արտաքին քաղաքական մանևրի և Եվրամիությունից բացի արտաքին քաղաքական ու տնտեսական ինտեգրման այլ վեկտորի ընտրության հնարավորություն գրեթե չունի։

Բացի այդ, 1992-2007թթ. Վրաստանը տարբեր ծրագրերի իրականացման համար ստացել է 530,8 մլն եվրո։ 2008թ. Եվրոպական հանձնաժողովն օգոստոսյան պատերազմի հետևանքների հաղթահարման համար մոտ 500 մլն եվրո է հատկացրել4։ Իսկ 2010թ. ապրիլի 15-ին ԵՄ-ը նախատեսել էր 2011-2013թթ. համար նրան հատկացնել ևս 180 մլն, մասնավորապես՝ ժողովրդավարության զարգացմանը, օրենքի գերակայությանը, պատշաճ կառավարմանը, տարածաշրջանային և կայուն տնտեսական ու սոցիալական զարգացմանը, աղքատության հաղթահարմանը, հակամարտությունների խաղաղ կարգավորմանն աջակցելու համար5։

Որպես հետևանք՝ Վրաստանը դարձավ ԵՄ-ի հետ երկկողմանի համաձայնագրերի կնքման և դրանց իրականացման գծով առաջատարը Հարավային Կովկասի պետությունների շարքում։

Միևնույն ժամանակ, այն, որ վրացական ղեկավարությունն իր համար ուրիշ այլընտրանք չի տեսնում արևմտյան կառույցների հետ ինտեգրումից բացի, բարձրացնում է նրա քաղաքականության վրա «պայմանավորվածության»6 (conditionality, “more for more”) սկզբունքի միջոցով ազդեցության արդյունավետությունը. «որքան շատ բարեփոխումներ, այնքան շատ փող»՝ հավելյալ միջոցների հատկացմամբ, բայց և ավելի շատ փոխադարձ հաշվետվողականությամբ։

Որոշ գնահատականներով, որոնք արվել են Ասոցիացիայի համաձայնագրի և ԱԱԳ պայմանագրի տեքստի պատրաստման սկզբում, ԱԱԳ ստեղծումը Վրաստանին թույլ կտա 6,5%-ով ապահովել իր ՀՆԱ-ն. առաջին հինգ տարվա ընթացքում 13,5%-ով ավելացնել արտահանման ընդհանուր ծավալը, մասնավորապես՝ տեքստիլ արդյունաբերության արտադրանքինը՝ 55%-ով, քիմիական արտադրանքինը՝ 19%-ով, մետալուրգիայինը՝ 30%-ով, փայտամշակմանը՝ 21%-ով, գյուղատնտեսական արտադրանքինը՝ 4%-ով7։

Սակայն, կան նաև Վրաստանի տնտեսական իրավիճակի զարգացման պակաս լավատեսական կանխատեսումներ, ընդհուպ քաղաքական և տնտեսական խոր ճգնաժամի սկսվելը 2014թ. երկրորդ կեսին։

Թե որքան իրական կլինեն Վրաստանի ակնկալիքները՝ կարելի կլինի գնահատել արդեն մոտ ապագայում։ Իսկ Վրաստանի փորձը (դրական, թե բացասական) Ասոցիացիայի համաձայնագրի ստորագրման և դրա դրույթների հետագա իրագործման ճանապարհին՝ հետաքրքիր կլինի «Արևելյան գործընկերության» ծրագրի մյուս մասնակից պետությունների համար, ծրագիր, որը թեև դուրս է թողնվել ԵՄ գերակայական նախագծերի ցուցակից8, համենայնդեպս՝ 2014թ. առաջին կեսի համար, բայց և շարունակում է իրականացվել։

1 Мечте Михаила Саакашвили поставили жирную точку. "Georgian Times", Վրաստան, 4 հոկտեմբերի 2013թ., http://www.geotimes.ge/index.php?m=home&newsid=28767&lang=rus

2 Նույն տեղում։

3 Еврокомиссар о демократических реформах в Грузии. 23 июля 2011г., http://kavkaz-news.info/portal/cnid_178851/alias__Caucasus-Info/lang__en/tabid__2434/default.aspx. 23 հուլիսի 2011թ.։

4 Georgia and the European Union: perspectives for 2011. Alexander Russetsky, Оlga Dorokhina. Dec. 16, 2010. http://www.easternpartnership.org/publication/politics/2010-12-16/georgia-and-european-union-perspectives

5 http://www.enpi-info.eu/files/publications/15.04.Georgia_NIP_2010_R.pdf

6 Jos Boonstra, Natalia Shapovalova, 'The EU's Eastern Partnership: One year backwards', FRIDE, 17.05.2010. http://www.fride.org/publication/764/the-eu'-s-eastern-partnership:-one-year-backwards

7 Prospects of Deep and Comprehensive Free Trade Agreement between Georgia and the EU, Amb. Konstantin Zaldastanishvili, February 8, 2011. http://www.easternpartnership.org/community/debate/prospects-deep-and-comprehensive-fr

8 Программа «Восточное партнерство» более не является приоритетом Евросоюза, http://moldnews.md/rus/news/64408, 5 դեկտեմբերի 2013թ.։


«Գլոբուս» վերլուծական հանդես, թիվ 12, 2013

դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր