ՀԱԿԱՀԱՅԿԱԿԱՆ ՔԱՐՈԶՉՈՒԹՅՈՒՆՆ ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԿԻՆԵՄԱՏՈԳՐԱՖՈՒՄ
Սերգեյ ՍարգսյանԱդրբեջանի հակահայկական քարոզչությունում թշնամի հայի կերպարի կերտման գործում էական դեր է հատկացվում կինեմատոգրաֆին։ Եվ դա պատահական չէ, քանի որ քարոզչությունը՝ որպես «հայացքների, գաղափարների, կարծիքների տարածում ու ներշնչում՝ լսարանին (ցանկացած կազմ ունեցող՝ մի քանի մարդուց մինչև զանգվածներ և նույնիսկ ամբողջ հասարակությունը) դրականորեն կամ բացասաբար տրամադրելու նպատակով, և ցանկալի ուղղությամբ նրա արձագանքի խթանում»1, առավել հաջողության է հասնում կենտրոնացված, համալիր ազդեցության պարագայում։
Այս տեսակետից մեծ է կինեմատոգրաֆի դերը և, առաջին հերթին, նրա լսարանի պատճառով, որն ավելի լայն է, քան ցանկացած ձևաչափի տպագիր արտադրանքի լսարանը։
Ադրբեջանի քարոզչամեքենան, օգտագործելով արդի կինեմատոգրաֆի հարուստ տեխնիկական և գեղարվեստական պոտենցիալը, բավական հեշտ է հասնում կինոդիտողի վրա ուղղակի հոգեբանական ազդեցության՝ պահանջվող էֆեկտին հասնելու համար լավ մշակված փսիխոտեխնիկայի և տեխնոլոգիաների օգտագործման միջոցով։
Կինեմատոգրաֆի հնարավորությունները թույլ են տալիս քարոզչությունն անցկացնել դրա հիմնական օրենքներին համապատասխան, որոնք ձևակերպվել են լրագրության տեսաբան, Բեռլինի համալսարանի պրոֆեսոր Էռնստ Դաֆիֆաթի կողմից «Թերթագիտություն» երկհատորյակում, որն առաջին անգամ հրատարակվել է Գերմանիայում դեռ Վեյմարյան հանրապետության ժամանակ, վերահրատարակվել III Ռեյխի, այնուհետև՝ նաև կանցլեր Կ.Ադենաուերի օրոք։ Այդ օրենքներն են.
- մտավոր պարզեցման օրենքը,
- նյութի սահմանափակման և զտման օրենքը,
- «գլուխը մտցնող կրկնության» օրենքը և
- հուզական ճնշման օրենքը։
Մտավոր պարզեցման օրենք.- Ի տարբերություն գրքի, երբ տեսողական օրգանների միջոցով ստացվող տեղեկատվությունն ակտիվացնում է կերպարների ստեղծումն ընթերցողի կողմից, կինոֆիլմ դիտելիս հանդիսատեսին առաջարկվում են արդեն պատրաստի, ձևավորված կերպարներ։ Հետևաբար՝ այդ տեղեկատվության ադապտացման գործընթացը ենթագիտակցությամբ տեղի կունենա զգալիորեն ավելի արագ2։
Նյութի սահմանափակման և զտման օրենք.- Ազդեցության օբյեկտին մեծ ծավալի տեղեկատվության տրամադրումը վտանգավոր է նրանով, որ օբյեկտը կարող է կորցնել հետաքրքրությունը դրանում զետեղված քարոզչական նյութի հանդեպ, և երկրորդ՝ այն կարող է սեփական օբյեկտիվ կարծիք կազմել կամ, առնվազն, տպավորություն ունենալ, թե առարկան բազմակողմ է, ինչը հետագայում կդժվարացնի նրա մեջ հարկավոր, պարզեցված և «միակ ճիշտ» տեսակետի ձևավորումը։
Գեղարվեստական ֆիլմերում, որպես կանոն, տեղեկատվությունը գործող անձանց մասին և նրանց հանդեպ դիտողների վերաբերմունքի ձևավորումը տեղի են ունենում սահմանափակ, հատվածայնացված տեղեկատվության հիման վրա։ Ֆիլմն ստեղծող հեղինակային խումբն ապրիորի հերոսին դրական կամ բացասական դեր է նախատեսում, և հետագա ամբողջ տեղեկատվությունը հարթ, դյուրին և հստակ դրվում է նախապես գրված սցենարային կերպարի մեջ։
Տեղեկատվության հաղորդումը խաղարկային կինոյում ըստ էության սուբյեկտիվ է. ֆիլմն արտացոլում է խնդրի հեղինակային տեսլականը։ Այլ բան է, որ տարբեր լսարանները տարբեր կերպ են ընկալում այն, բայց տարբեր լսարաններում այն այլ կերպ էլ ներկայացվում է։
Դա առավել ցայտուն դրսևորվեց «Ամեն ինչ էլ ավելի լավի է տանում» կարճամետրաժ ֆիլմի առնչությամբ (ռեժ՝ Վ.Մուսթաֆաև, 1997թ.), որի սյուժեն «անմիջականորեն կապված է վերջին պատերազմի հետ։ Տրագիկոմիկական սցենարը և նկարահանումներն առաջին հայացքից թույլ են տալիս թեթև վերաբերվել թեմային՝ ցինկե դագաղները շփոթել են, և ադրբեջանական ընտանիքում հայ զինվորի մարմին են բերել, որը ժամանակին Բաքվի գրանցում է ունեցել։ Սյուժեն ավարտվում է նրանով, թե ինչպես են Վրաստանի տարածքում վերջապես փոխանակում զոհվածների մարմինները»3։
1998թ. Օբերհաուզեն քաղաքում (Գերմանիա) կայացած միջազգային կինոփառատոնում այն միանգամից չորս մրցանակի է արժանացել.
- Միջազգային մեծ ժյուրիի մրցանակ «Խաղաղության և հումորի համար»,
- Կաթոլիկ եկեղեցու «Իմաստնության և հումանիզմի համար» մրցանակ,
- Կաթոլիկ ֆիլմերի ասոցիացիայի մրցանակ,
- «Դոն Քիշոտ» մրցանակ՝ պատվի ու արժանապատվության համար։
Սակայն ռեժիսորն ինքը, արդեն ներքին, ադրբեջանական լսարանի համար, կինոնկարն արդեն բոլորովին այլ լույսով է ներկայացրել. «Եթե դուք կինոնկարը հիշում եք, ըստ սյուժեի՝ Ադրբեջանում հայտնված հայի մարմինը ոչ մի կերպ հողին հանձնել չեն կարողանում։ Որովհետև Ադրբեջանը նրա հողը չէ։ Ահա սա պետք է հասկանան բոլորը, այդ թվում և հայերը։ Վաղ թե ուշ նրանք պետք է հասկանան, որ մեր հողերի 20%-ը նրանք զավթել են, և նրանք չեն կարողանա երջանիկ լինել օտար հողում։ Այդ հողում նրանք ոչինչ չեն կարողանա աճեցնել և չեն կարողանա հողին հանձնել իրենց մերձավորներին։ Օտար հողը նրանց չի ընդունի»4։
Կինոժապավենի հիմնական գաղափարը, պարզվում է, ոչ թե «իմաստնությունն ու հումանիզմն» են, այլ այն, որ «ոչ միայն իմ, այլև յուրաքանչյուր ադրբեջանցու՝ սկսած մեր հարգարժան նախագահից և վերջացրած Վագիֆ Մուսթաֆաևով5, նվիրական երազանքն է՝ հայերը մեզ պետք է վերադարձնեն մեր հողերը»6։
«Գլուխը մտցնող կրկնության» օրենքը.- Որքան ավելի հաճախ է ազդեցության օբյեկտը տարբեր աղբյուրներից հաղորդվող տեղեկատվություն ստանում՝ երկրորդական տարրերի ոչ մեծ մեկնաբանությամբ, բայց տեղեկատվություն, որն իդենտիկ քարոզչական հիմք է կրում, այնքան ավելի պակաս քննադատաբար է վերաբերվում դրան և, հետևաբար, այն սկսում է ընկալել որպես անվիճելի փաստ։
Ինչպես Պ.Յո. Գեբելսն է գրել, «Մասսաները ճշմարտություն են անվանում այն տեղեկատվությունը, որն առավել ծանոթ է։ Սովորական մարդիկ սովորաբար անհամեմատ ավելի պրիմիտիվ են, քան մենք պատկերացնում ենք։ Ուստի, քարոզչությունը, ըստ էության, միշտ պետք է պարզ լինի և անընդհատ կրկնվող։ Վերջին հաշվով, հանրային կարծիքի վրա ազդեցության ամենաակնառու արդյունքների հասնում է միայն նա, ով ի վիճակի է խնդիրները հանգեցնել պարզագույն խոսքերի և արտահայտությունների և ով քաջություն կունենա մշտապես կրկնել դրանք այդ պարզեցված ձևով՝ չնայած բարձրաճակատ ինտելեկտուալների առարկություններին»7։
Խորհրդային շրջանում Ադրբեջանում տարեկան թողարկվում էր մոտ չորս գեղարվեստական և մի քանի հեռուստատեսային ֆիլմ, 40-ի կարգի վավերագրական ֆիլմեր։
1993-2001թթ., երբ Ադրբեջանի կինեմատոգրաֆը ենթարկեցվեց «Ազերկինովիդեո»-ին, տարեկան նկարահանվում էին միջինը երկու գեղարվեստական ֆիլմեր։ Այն բանից հետո, երբ ԱՀ կինոարդյունաբերությունն անցավ մշակույթի նախարարության ենթակայությանը, նկարահանվող ֆիլմերի թիվը հասավ տարեկան երեքի։
Սակայն 2008-ից բյուջեի կտրուկ ավելացումն առնչվեց ոչ միայն Ադրբեջանի ուժային կառույցներին, այլև կինոարդյունաբերությանը. դրա կարիքների համար հատկացվեց 6 մլն մանաթ՝ 6 լիամետրաժ և 8 կարճամետրաժ ֆիլմերի համար։ Ներկայումս «2008-2018թթ. ադրբեջանական կինոյի զարգացման պետական ծրագրի» շրջանակում նախատեսվում է թողարկվող արտադրանքի կայուն աճ։ Մեծ վստահությամբ կարելի է ենթադրել, որ կավելանա նաև այն կինոնկարների թիվը, որոնք այս կամ այն չափով կանդրադառնան ադրբեջանա-հայկական հարաբերություններին։
Միանգամայն բացատրելի է, որ 90-ականների առաջին կեսին ֆիլմերն անմիջականորեն անդրադառնում էին Ղարաբաղի մարտական գործողություններին. հայերի դիվերսիաներին («Ծուղակ», 1991թ.), Խոջալուի իրադարձություններին («Կանչ», 1993թ.), վիրավոր ու սպանված ադրբեջանցի զինվորներին («Արձագանք», 1993թ., «Հույս», 1995թ., «Ամեն ինչ էլ ավելի լավի է տանում», 1997թ.), հայկական գերության չարչարանքներին («Ճիչ», 1993թ., «Սարը Գյալին», 1998թ.), մանկական ռազմական հայրենասիրությանը («Սպիտակ ձիով տղան», 1997թ.) և այլն։
Ժամանակի ընթացքում «ռազմական» ֆիլմերի թիվը պակասեց, հակահայ քարոզչությունը դրանցում ավելի նրբին դարձավ, որն ավելի էր համապատասխանում ևս մի կանոնի, այն է՝ հիմնական թեզիսի հստակ փոխանցում (ինչի համար էլ նկարահանվել է ֆիլմը) ընդհանուր առմամբ հրապուրիչ, երբեմն էլ՝ բացահայտ զվարճալի ֆոնին։
Այսպես, «Գալա» («Ամրոց», 2008թ.) ֆիլմում գործողությունը ծավալվում է հին ամրոցի ավերակներում կատարվող պատմական-հերոսական ֆիլմի նկարահանումների ֆոնին, ամրոց, որը կանգուն է մնացել բոլոր պաշարումների ժամանակ, բայց տնտեսական կարիքների համար քանքնդվել է խորհրդային իշխանության տարիներին։ Կինոխմբի անդամների հարաբերությունները զարգանում են ըստ իրենց սցենարի այնքան ժամանակ, քանի դեռ այս վայրեր չի հասնում ղարաբաղյան պատերազմը։ Տարհանվում են բոլորը՝ թե՛ նկարահանող խումբը, որն իր հետևից թողնում է հերոսական էպոսի ստվարաթղթե դեկորացիաները, թե՛ մերձակա գյուղի բնակիչները՝ իշխանությունների ցուցումով։ Մնում են միայն գյուղական ուսուցիչը, որի պատմածով էլ խումբն իմանում է ամրոցի պատմության մասին, և ֆիլմի երիտասարդ մի քանի հերոս՝ արդեն ոչ թե ստվարաթղթե, այլ իսկական, որպեսզի պաշտպանեն այն թշնամուց։
Իսկ «Ազգային ռումբ» ֆիլմը (ռեժ.՝ Վ.Մուսթաֆաև, 2004թ.) տրագիկոմեդիայի ժանրից է։ Ֆիլմի սյուժեն զարգանում է տրագիկոմիկական մի շարք իրադարձությունների ֆոնին՝ կապված այն բանի հետ, որ կինոխումբը փորձում է ավարտին հասցնել կինոնկարի նկարահանումը ֆինանսավորման դադարեցման պայմաններում։ Այդ ցանկությունն այնքան մեծ է, որ կինոնկարի գլխավոր գործող անձանցից մեկը վաճառում է սեփական բնակարանը, իսկ փողը բաժանում է հարազատների միջև, որոնք իրենց գերակա նախագծերն ունեն, մասնավորապես՝ նրա որդին տարված է «ազգային ռումբ» ստեղծելու գաղափարով. «Մենք այն կնետենք ոչ թե ուրիշների, այլ մեզ վրա։ Ռումբը կլինի էկոլոգիապես մաքուր, որպեսզի հարևան երկրները չտուժեն։ Որովհետև, եթե Հայաստանը տուժի, համաշխարհային հանրությունը կմտածի, թե մենք հատուկ ենք այդ ռումբը մեզ վրա գցել, որ վնասենք հայերին»8։
Ի վերջո, համաշխարհային հանրությունն, այնուամենայնիվ, արգելում է նրան նետել ազգային ռումբը, ինչի առնչությամբ նրա հայրը փիլիսոփայում է. «Լավ է, որ այդպես է։ Նշանակում է՝ մենք դեռ ինչ-որ մեկին պետք ենք»։
Բացի Իլհամ Ալիևի տոհմական գահաժառանգության հետ կապված ադրբեջանական իրողությունների բավական թափանցիկ ակնարկներից, հումորից, որ Ադրբեջանն ուշադրության կենտրոնում է հայտնվում միայն այն դեպքում, երբ նրա գործողությունները կարող են լուրջ խնդիրներ առաջացնել շրջակայքում, ֆիլմում անցկացվում է այն միտքը, որ Ադրբեջանի ձեռքերը, այն պատճառով, որ համաշխարհային հանրությունը պաշտպանում է, իհարկե, հայերին, կապված են։
Հուզական ճնշման օրենքը.- Քարոզչության հիմնական կանոններից մեկի համաձայն՝ առաջին հերթին հարկավոր է դիմել ոչ թե բանականությանը, այլ մարդու զգացումներին։ Պաշտպանվելով քարոզչական տեղեկություններից՝ մարդը ռացիոնալ մակարդակում միշտ ի վիճակի է կառուցել հակափաստարկների համակարգը և «հատուկ մշակմանն» ուղղված բոլոր ջանքերը հանգեցնել զրոյի։ Իսկ եթե մարդու վրա քարոզչական ազդեցությունը տեղի է ունենում հուզական մակարդակում, նրա գիտակցական վերահսկողությունից դուրս, ոչ մի ռացիոնալ հակափաստարկ չի գործում9։
Կինոնկարի դիտման ժամանակ դիտողի ենթագիտակցության վրա ազդեցությունն ուժեղացնում է նաև պատկերի ձայնային ուղեկցությունը՝ ոչ միայն խոսքը, այլև երաժշտությունը։ Կինոդիտողի տեսողական և լսողական օրգանների վրա համալիր ազդեցությունը զգալիորեն պարզեցնում է հուզական ճնշման էֆեկտի հասնելն ինչպես հանդիսատեսի մեջ քարոզչության հանդեպ մշտական հետաքրքրություն պահպանելու, այնպես էլ այն բանի համար, որ տեղեկատվությունը հեշտ «մտնի գլուխը»։ Երբ խոսում են հույզերն ու զգացումները, բանականությունը լռում է10։
Ընդ որում՝ այդ էֆեկտը, որպես կանոն, շատ ավելի երկար է տևում, քան կինոնկարի դիտման սեանսը։
Կինոյի աշխարհում արդյունավետ է նաև հուզական ռեզոնանսի տեխնիկան՝ «լայն լսարանի շրջանում որոշակի տրամադրության ստեղծումը՝ քարոզչական տեղեկատվության միաժամանակյա փոխանցմամբ։ Հուզական ռեզոնանսը թույլ է տալիս հանել հոգեբանական պաշտպանությունը, որը մտավոր մակարդակում կառուցում է մարդը՝ գիտակցաբար փորձելով պաշտպանվել «ուղեղների քարոզչական կամ գովազդային լվացումից»11։
Ընդհանուր առմամբ, կինեմատոգրաֆի քարոզչական լայն հնարավորություններն աչքի են ընկնում նրա լսարանի զանգվածայնությամբ և քարոզչության օբյեկտի վրա հուզական մակարդակում ուղղակի ազդեցությամբ, սակայն դրանք այդքանով չեն սահմանափակվում։
Մարդկանց մեծ խմբերի վրա քարոզչական ազդեցության արդյունավետ տեխնիկաներից է այսպես կոչված տեղեկատվական ալիքի նախաձեռնումը։ Քարոզչական գործողությունն անցկացվում է այնպես, որ ստիպում է զանգվածային հաղորդակցության մեծաթիվ միջոցների մեկնաբանել նախնական տեղեկությունը։ Այս հնարքի օգտագործման հիմնական նպատակն այսպես կոչված «երկրորդային տեղեկատվական ալիքի» ստեղծումն է միջանձնային շփման մակարդակում՝ համապատասխան քննարկումների, գնահատականների նախաձեռնում, համապատասխան ասեկոսեներ և այլն։ Այս ամենը թույլ է տալիս քանիցս մեծացնել նպատակային լսարանների վրա տեղեկատվա-հոգեբանական ներգործության հզորությունը12։
Զանգվածային լրատվական հաղորդակցությունների արդի միջոցների հեղափոխական զարգացման իրավիճակում կինեմատոգրաֆում ցանկացած հրատապ քարոզչական ուղերձի վերաբերյալ «երկրորդ ալիքի» առաջացումը գրեթե անխուսափելի է՝ տարղունակ հանդիսասրահի և ինտերնետում, մասնավորապես՝ բլոգոսֆերայում և սոցիալական ցանցերում լայն տարածման պատճառով։
***
Ամփոփելով՝ նշենք, որ քանի որ դժվար է պատկերացնել, թե մոտ ապագայում Ադրբեջանի էկրաններին կարող է ցուցադրվել ոչ թե հայկական, այլ նույնիսկ ցանկացած կինոֆիլմ, որը հանդիսատեսին կներկայացնի պաշտոնական Բաքվի տեսակետին այլընտրանքային մոտեցում հայ-ադրբեջանական հարաբերությունների, ղարաբաղյան պատերազմի վերաբերյալ, և անգամ պարզապես հայերի ցուցադրում սովորական ադրբեջանցու կողմից հեշտ ճանաչելի թշնամու կերպարի դիտանկյունից դուրս, ապա Հայաստանի կողմից ադրբեջանցի կինոդիտողի վրա որևէ ազդեցության գործադրման հնարավորությունը խիստ սահմանափակ է։
Այլ բան է, որ հայկական կինեմատոգրաֆը միջազգային կինոփառատոներում իր ընդլայնված ներկայությամբ13, արտասահմանում ֆիլմերի պրոկատով միանգամայն ի վիճակի է հայ-ադրբեջանական հարաբերությունների վայրիվերումներին անծանոթ հանդիսատեսին միայնակ չթողնել ադրբեջանական կինոքարոզչության հետ։ Իսկ դրա համար անհրաժեշտ է ընդլայնել և՛ ամենատարբեր ժանրերի կինոֆիլմերի թողարկումը, և՛ բարձրացնել հայրենական կինոարտադրանքի որակը՝ այն հասցնելով էլ ավելի բարձր գեղարվեստական մակարդակի։
1 Новая философская энциклопедия, в 4 т., М., Мысль. Под редакцией В.С. Стёпина, 2001г.
2 С.А. Зелинский, Кинематограф и литература. Гл. 30. Единство и борьба противоположностей в контексте влияния на подсознание. http://psyfactor.org/lib/zel9.htm
3 http://www.echo-az.com/archive/2005_08/1144/kultura01.shtml
4 http://www.echo-az.com/archive/2005_08/1144/kultura01.shtml
5 Վ.Մուսթաֆաևն իր մասին խոսում է երրորդ դեմքով։
6 Նույն տեղում։
7 В.Сороченко, Энциклопедия методов пропаганды, 2002 г. http://psyfactor.org/propaganda1.htm
8 http://zerkalo.az/rubric.php?id=13706
9 В.Сороченко, Энциклопедия методов пропаганды, 2002 г. http://psyfactor.org/propaganda1.htm
10 А.Гогун, Черный PR Адольфа Гитлера. http://psyfactor.org/lib/naziprop1.htm
11 В.Сороченко, Энциклопедия методов пропаганды, 2002 г. http://psyfactor.org/propaganda1.htm
12 Նույն տեղում։
13 2011թ. ադրբեջանական կինոն ներկայացվել է ավելի քան 20 արտասահմանյան կինոփառատոներում։
դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր
- ԻՐԱՆ. ՊԱՏԺԱՄԻՋՈՑՆԵՐԸ ՇՐՋԱՆՑԵԼՈՒ ՓՈՐՁ[30.06.2015]
- ՎՈՒԱՄ-Ը ՎԵՐԱԾՆՎՈ՞ՒՄ Է[01.09.2014]
- ՀԱՅԱՍՏԱՆԸ ՎԻԼՆՅՈՒՍԻ ԳԱԳԱԹԱԺՈՂՈՎԻՑ ՀԵՏՈ. «ՀԱՆՈՒՆ ՍՐՏԵՐԻ ԵՎ ՄՏՔԵՐԻ» ՊԱՅՔԱՐԸ ՆՈՐ Է ՍԿՍՎՈՒՄ[20.03.2014]
- ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՄԻՏՈՒՄՆԵՐԸ ՎՐԱՍՏԱՆՈՒՄ 2013Թ. ՍԵՊՏԵՄԲԵՐ-ՆՈՅԵՄԲԵՐԻՆ[22.12.2013]
- ՀԱՅԱՍՏԱՆԻ ԻՆՏԵԳՐԱՑԻՈՆ ՄՏԱԴՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ՀՀ ԵՎ ԼՂՀ ՌԱԶՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՈՐՈՇ ՀԱՐՑԵՐ[17.09.2013]
- ԹՈՒՐՔԻԱ. ԱՇԽԱՐՀԻԿ ԿԱՐԳԻ ՀՈԳԵՎԱՐՔ[31.07.2013]
- ՀԵՏԽՈՐՀՐԴԱՅԻՆ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՆՏԵԳՐԱՑԻՈՆ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐԸ ՂՐՂԶՍՏԱՆԻ ԵՎ ՈՒԿՐԱԻՆԱՅԻ ՕՐԻՆԱԿՈՎ (ԱԿՆԿԱԼԻՔՆԵՐ ԵՎ ՄՏԱՎԱԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ)[03.06.2013]
- ՌՈՒՍԱՍՏԱՆ-ԹՈՒՐՔԻԱ. ԱՆՈՒՂՂԱԿԻ ՌԱԶՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ԴԻՄԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՈՒԺԵՂԱՑՈՒՄ[25.02.2013]
- ՎՐԱՍՏԱՆ. ՄԱՆԵՎՐԵԼՈՒ ՓՈՐՁ ՆԵՂ ԿԱԾԱՆՈՒՄ[14.01.2013]
- ՌԱԶՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ԻՐԱՎԻՃԱԿԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՈՐՈՇ ԱՍՊԵԿՏՆԵՐ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ՇՈՒՐՋ[02.08.2012]
- «ԱՆՀՐԱԺԵՇՏ Է ԲԱՐՁՐԱՑՆԵԼ ԷՆԵՐԳԵՏԻԿ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏՈՒԹՅՈՒՆԸ»,- «ԳԱ»-ի հետ հարցազրույցում ասում է «Նորավանք» ԳԿՀ Քաղաքական հետազոտությունների կենտրոնի փոխղեկավար Սերգեյ ՍԱՐԳՍՅԱՆԸ[25.07.2012]