• am
  • ru
  • en
Версия для печати
04.11.2011

ԹՈՒՐՔԻԱՆ ԵՎ ԻՐ ՀԱՐԵՎԱՆՆԵՐԸ

   

Հայկ Գաբրիելյան

Դեռեւս նախորդ տարվա աշնանը Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն իրեն աշխարհի 100 մտածողների թվում ընդգրկած ամերիկյան Foreign Policy պարբերականին տված հարցազրույցի ժամանակ նշել էր. «Երբ 2003 թվականին ես` որպես վարչապետ Էրդողանի գլխավոր խորհրդական, առաջ քաշեցի «զրո խնդիր հարեւանների հետ» սկզբունքը, շատերը դա տիպիկ ուտոպիա էին համարում: Սակայն վերջին տարիները հօդս ցնդեցրին այդ մտքերը: Այսօր դա իրականություն է. ոչ ոք ճգնաժամ չի ակնկալում Թուրքիայի եւ նրա հարեւան երկրներից մեկնումեկի միջեւ»:

Սակայն այսօր Թուրքիան խնդիրներ ունի իր գրեթե բոլոր հարեւանների հետ, եւ ուշագրավն այն է, որ բոլոր դեպքերում էլ դրա նախաձեռնողի դերում հանդես է եկել հենց Թուրքիան, ինչը վկայում է նրա տարածաշրջանային եւ անգամ միջազգային մեծ հավակնությունների, ինչպես նաեւ կանխամտածված քայլերի մասին: Այս ամենն ամենեւին էլ զարմանալի չէ, եթե հիշում ենք Դավութօղլուի հետեւյալ հայտարարությունը. «Երբ մտածում ենք այն հոգեբանությամբ, թե շրջապատված ենք թշնամիներով, ապա, նախաձեռնությամբ հանդես գալու փոխարեն, առաջնորդվում ենք պաշտպանական ռեֆլեքսով: Երբ հասնենք մեր հարեւանների հետ զրո խնդիր մակարդակի, այդ ժամանակ արտաքին քաղաքականության վարման առումով վերին աստիճանի լայն մանեւրելու դաշտ կստանանք»: Այլ կերպ ասած` «զրո խնդրին» հաջորդելու էր նեոօսմանիզմը:

Իսրայել

Վարչապետ Էրդողանի գլխավորությամբ Թուրքիան շարունակում է զարգացնել արաբական աշխարհի առաջնորդ դառնալու գործընթացը, ինչի համար պետք է անպայմանորեն վատթարացներ Իսրայելի հետ իր հարաբերությունները` փոխարենը շահելով արաբական երկրների համակրանքը: Հենց դրան էր միտված նախորդ տարվա մայիսի 31-ին գրանցված «Ազատության նավատորմի» միջադեպը, երբ թուրքական «Մավի Մարմարա» նավի վրա իսրայելցի հատուկջոկատայինները սպանեցին Թուրքիայի 9 քաղաքացիների: Էրդողանը միջադեպի կապակցությամբ Իսրայելին անվանեց «ծովահեն»` ընդգծելով, որ դա իրեն օրինական հիմք էր տալիս այդ երկրին պատերազմ հայտարարելու համար, իսկ Դավութօղլուն դա որակեց որպես «թուրքական սեպտեմբերի 11»` միջազգային հանրության ուշադրությունը հրավիրելով այն բանի վրա, որ իր երկրի քաղաքացիները սպանվել են այլ երկրի կանոնավոր բանակի կողմից: Միջադեպից հետո թուրքական կողմն Իսրայելից շարունակ պահանջում է ներողություն խնդրել ու փոխհատուցում վճարել, ինչն էլ ավելի կբարձրացնի Թուրքիայի հեղինակությունն արաբական աշխարհի աչքում:

Սակայն Թուրքիայի ավելի քան մեկամյա հույսերը խորտակվեցին այս տարվա սեպտեմբերի սկզբին, երբ ՄԱԿ-ը հրապարակեց «Ազատության նավատորմի» միջադեպի վերաբերյալ իր 105 էջանոց զեկույցը, որով օրինական ճանաչվեց Գազայի հատվածի շրջափակումն Իսրայելի կողմից: Դրանով որոշակիորեն սասանվեց Թուրքիայի հեղինակությունը, սակայն նա հայտարարեց, որ Իսրայելի հետ հարաբերությունները դեռ կարող են կարգավորվել, եթե վերջինս ներողություն խնդրի, փոխհատուցում վճարի եւ վերացնի Գազայի շրջափակումը: Ի պատասխան` Իսրայելի փոխվարչապետ Մոշե Այալոնը հայտարարեց, որ եթե իրենք ներողություն խնդրեն, ապա դրանից հետո Էրդողանը կդառնա Կենտրոնական Արեւելքի առաջնորդը, եւ որ անգամ դրանից հետո հանգիստ չի թողնի Իսրայելին:

Հարկ է նշել, որ եթե նախկինում Թուրքիան աջակցում էր մոտ 7 միլիոն բնակչություն ունեցող Իսրայելին եւ իր դեմ լարում մոտ 350 միլիոն բնակչություն ունեցող ավելի քան 20 արաբական երկրների, ապա վերջին շրջանում Թուրքիան գիտակցել է, որ իր համար ավելի ձեռնտու է հակառակ տարբերակը: Դրա համար էլ Էրդողանը միայն վերջին շրջանում է հիշել, որ Իսրայելն ունի միջուկային ռումբ` ընդգծելով, որ Թուրքիան պատրաստ է Իսրայելի հետ պատերազմին: Հաշվի առնելով, որ Թուրքիան դեռեւս չի հրաժարվել արաբական աշխարհում իր դիրքերն ամրապնդելու քաղաքականությունից, ապա կարելի է կարծել, որ առաջիկայում շարունակելու է Իսրայելի հետ հարաբերությունների վատթարացման գործընթացը` այդ ընթացքում շարունակ հանդես գալով հակաիսրայելական հնչեղ հայտարարություններով:

Կիպրոս. Հունաստան

Իսրայելի դեմ պայքարին զուգահեռ, Թուրքիան սկսեց պայքարել նաեւ Միջերկրական ծովի արեւելյան հատվածում իր քաղաքական ու ռազմական ներկայության ամրապնդման ուղղությամբ: Այն մեծ կարեւորություն է տալիս տվյալ շրջանին, որտեղ թուրքական նավատորմը խոշորներից մեկն է: Դեռեւս 2010 թվականի գարնանը հայտնի դարձավ, որ Թուրքիան պլանավորել է Միջերկրական ծովում ստեղծել «թուրքական խաղաղապահ ուժեր», որոնց առաջադրանքը Միջերկրածովյան ավազանում` Ջիբրալթարից մինչեւ Լիբանան, միջազգային ջրերում պարեկություն իրականացնելն է (ինչպես ԱՄՆ 6-րդ նավատորմը):

Ներկայումս Թուրքիան առաջ է քաշել «Բարբարոսա» պլանը (անվանվել է 16-րդ դարի թուրք ծովակալ Հայրեդդին Բարբարոսայի պատվին), որով նախատեսվում է Սեւ եւ Մարմարա ծովերում տեղակայված մի շարք ռազմանավերի փոխադրումը դեպի Միջերկրական եւ Էգեյան ծովեր: Սակայն Արեւելյան Միջերկրածովում իր ռազմական ներկայության ընդլայնման համար Թուրքիային պատրվակներ էին անհրաժեշտ, եւ Թուրքիան անմիջապես գտավ միանգամից երկուսը.

ա) Երբ Կիպրոսը մտադրություն հայտնեց իր եւ Իսրայելի բացառապես տնտեսական գոտում (ԲՏԳ) նավթի ու գազի որոնողական աշխատանքներ իրականացնելու մասին, Թուրքիան անմիջապես հայտարարեց, թե ԲՏԳ-ի սահմանների որոշման հարցը վերջնականապես հստակեցված չէ: Թուրքիան հայտարարեց, որ չի ճանաչում Իսրայելի եւ Լիբանանի հետ Կիպրոսի կնքած համաձայնագրերը, որոնք առնչվում են ԲՏԳ-ի սահմանների հստակեցմանը։ Թուրքիան վստահեցնում էր, որ դրանով «խախտվում» են ինքնահռչակ Հյուսիսային Կիպրոսի թուրքական հանրապետության (ՀԿԹՀ) իրավունքները։

Թուրքական կողմը Կիպրոսին անգամ սպառնաց Արեւելյան Միջերկրածովում նավթի ու գազի որոնողական աշխատանքներ սկսելու դեպքում ռազմական պատասխան տալ: Սակայն երբ Կիպրոսն անտեսեց թուրքական սպառնալիքը եւ գնաց այդ քայլին, Թուրքիան, ռազմական պատասխանի փոխարեն, տվեց գազային պատասխան. ՀԿԹՀ-ի հետ կնքեց գազային համաձայնագիր եւ սկսեց գազի որոնողական աշխատանքներ անցկացնել, ինչի համար քննադատության արժանացավ Հունաստանի կողմից (վերջինս սեպտեմբերի 4-ին Երուսաղեմում ռազմական համագործակցության հուշագիր է ստորագրել Իսրայելի հետ): Այս կապակցությամբ կիպրական մամուլը գրեց. «Թուրքիան հաչում է, սակայն չի կծում»:

բ) Երկրորդ պատրվակը վերաբերում է նույն «Ազատության նավատորմի» միջադեպին: Էրդողանը հայտարարեց, որ Գազայի հատված մեկնող նավերին կուղեկցեն թուրքական ռազմանավերը, որոնք այսուհետ ավելի հաճախ նկատելի կլինեն Արեւելյան Միջերկրածովում: Իսկ Դավութօղլուն հայտարարեց, որ Թուրքիան այդ քայլին է գնում Արեւելյան Միջերկրածովում «ազատ նավարկության պաշտպանության համար»:

Այս ամենի արդյունքում թուրքական ռազմանավերն արդեն իսկ հայտնվել են Արեւելյան Միջերկրածովում եւ սկսել են խոչընդոտներ հարուցել տվյալ հատվածով երթեւեկող իսրայելական առեւտրանավերին: Այսպիսով, այս ամենն ի ցույց է դնում, որ Արեւելյան Միջերկրածովում խնդիրը ոչ թե գազն ու նավթն է, այլ Թուրքիայի ռազմաքաղաքական դիրքերի ուժեղացումը, ինչը պլանավորված էր նախապես:

Սիրիա

Սեպտեմբերի 19-ին Դավութօղլուն ամերիկյան The New York Times թերթին տված հարցազրույցի ժամանակ հայտարարեց, որ Թուրքիան Սիրիայի կողմից դավաճանված ու խաբված է զգում, քանի որ Սիրիայի նախագահ Բաշար Ալ-Ասադն իրենց շարունակ կեղծ խոստումներ է տվել` չիրագործելով 14 կետանոց «ճանապարհային քարտեզը»: Սեպտեմբերի 20-ին Նյու Յորքում տեղի ունեցած Էրդողան-Օբամա հանդիպման ժամանակ կողմերը պայմանավորվեցին Ասադի վրա քաղաքական ճնշումների մեծացման շուրջ: Արդեն հաջորդ օրն իսկ Էրդողանի հրահանգով` Թուրքիան դեպի Սիրիա ռազմական բեռներ փոխադրող ինքնաթիռների համար փակեց իր օդային տարածքը։ Ի պատասխան` Սիրիան արգելեց ամեն տիպի թուրքական ապրանքների ներկրումը:

Սեպտեմբերի 26-ին CNN հեռուստաալիքին տված հարցազրույցի ժամանակ Էրդողանը հայտարարեց, որ Ասադի հանդեպ շատ համբերատար է գտնվել, սակայն նա արդեն լցրել է իր համբերության բաժակը: Ապա եգիպտական «Ալ-Ահրամ» թերթը գրեց, որ Ասադից Էրդողանի հիասթափվելու պատճառն ամենեւին էլ նրա կողմից ժողովրդավարական բարեփոխումների խափանումը չէ. «Հունիսին Էրդողանն Ասադին առաջարկել է Սիրիայում հակակառավարական ելույթների դադարեցման հարցում իր աջակցությունը, եթե Ասադը սիրիական կառավարության մեջ 3-4 նախարարական պորտֆելներ հատկացնի Սիրիայում արգելված «Մուսուլման եղբայրներ» կազմակերպությանը: Սակայն Ասադը կտրուկ մերժել է Էրդողանի այդ առաջարկը` ընդգծելով, որ քաղաքական կուսակցության տեսքով իսլամիստների վերադարձը բացառվում է, քանի որ նրանց կրոնական բնույթը չի համապատասխանում Սիրիայի աշխարհիկ բնույթին»:

Հոկտեմբերի 7-ին Ասադը դժգոհեց, որ Թուրքիան միակողմանի պատժամիջոցներ է սահմանում Սիրիայի նկատմամբ, երբ անգամ ՄԱԿ-ը դա չի անում. «Իմ կարծիքով` ԱՄՆ-ը դեմ է Թուրքիայի եւ Սիրիայի միջեւ բարեկամությանը, իսկ Անկարան վերածվել է Օբամայի խոսնակի։ Թուրքիան զենք է մատակարարում սիրիացի ապստամբներին։ Այն հանդես է գալիս «Մուսուլման եղբայրներ» կազմակերպության օգտին, որը Սիրիայի համար նույնն է, ինչ Թուրքիայի համար Քրդստանի աշխատավորական կուսակցությունը (PKK): Թուրքիան 30 տարի շարունակ նոր Սահմանադրություն չի ընդունել, փոխարենը Սիրիայից պահանջում է 3 ամսվա ընթացքում ձեռնարկել լայնամասշտաբ ժողովրդավարական բարեփոխումներ»:

Նույն օրը Դավութօղլուն հայտարարեց, որ Թուրքիան պատրաստ է Սիրիայի հետ ամեն տիպի սցենարի` ներառյալ պատերազմը: Բացի այդ, այժմ Թուրքիան Ասադին ճնշելու համար կազմել է 4 կետից բաղկացած պլան: Խոսքը Սիրիայի դեմ կիրառվելիք քաղաքական, տնտեսական, ռազմական ու հոգեբանական պատժամիջոցների մասին է: Այսպիսով, մենք տեսնում ենք, որ Թուրքիան ներկայումս ձգտում է իշխանափոխություն իրականացնել Սիրիայում, քանի որ Ասադն իր ինքնուրույն քայլերով սկսել է ձեռք չտալ նրան: Թուրքիայի համար ավելի ցանկալի կլինի Ասադի փոխարինումը սուննի իսլամիստներով, որոնք ավելի բարյացակամ տրամադրված կլինեն Թուրքիայի նկատմամբ, եւ որոնց վրա ավելի քիչ ազդեցություն կունենա շիա Իրանը:

Իրան

Սեպտեմբերի 14-ին Թուրքիան ու ԱՄՆ-ը Անկարայում հուշագիր ստորագրեցին Թուրքիայի տարածքում ՆԱՏՕ ռադիոտեղորոշիչ կայանի (ՌՏԿ) տեղակայման մասին, որի որոշումը կայացվել էր դեռեւս նախորդ տարվա նոյեմբերին Լիսաբոնում տեղի ունեցած ՆԱՏՕ համաժողովում: ՌՏԿ-ն տեղակայվելու է Թուրքիայի Մալաթիա նահանգի Քյուրեջիք վայրում` թուրք-իրանական սահմանից 540 կիլոմետր հեռավորության վրա: Թեեւ համաձայնագրում նշված չէ, որ դա ուղղված է Իրանի դեմ, սակայն բոլորի համար դա ակնհայտ է: Դրա համար էլ Իրանն ամենատարբեր մակարդակով սկսեց թուրքական կողմին զգուշացնել թուրք-իրանական հարաբերությունների համար այդ քայլի վնասակարության մասին. «Թուրքիան սխալ քաղաքականություն է վարում Իրանի հանդեպ եւ շարժվում ԱՄՆ գծած ուղիով: Այդ ՌՏԿ-ն ուղղված է Իրանի ու Սիրիայի դեմ եւ ծառայելու է Իսրայելի պաշտպանությանը: Թուրք-իսրայելական լարվածությունն էլ ուղղակի բեմականացում է, Թուրքիան ու Իսրայելը կուլիսների հետեւում շարունակում են բանակցել միմյանց հետ: ՌՏԿ տեղակայման նպատակն Իրանի հրթիռային հզորության ճնշումն է, քանի որ հակառակ դեպքում Թուրքիան կարող էր դա տեղակայել իր արեւմտյան եւ ոչ թե արեւելյան հատվածում»:

Սեպտեմբերի վերջին Էրդողանը փորձեց հանգստացնել իրանական կողմին. «Առաջին հերթին ցանկանում եմ ընդգծել, որ Թուրքիայում ՌՏԿ տեղակայումը ՆԱՏՕ նախագիծ է։ Այդ պայմանագրում նշված չէ կոնկրետ երկրի մասին։ Թուրքիան ինքն է ընդունում իր տարածքին առնչվող ցանկացած որոշում։ Ես բաց հայտարարում եմ, որ մենք երբեք չենք թույլատրի, որ մեր տարածքից որեւէ հարձակում ձեռնարկվի Իրանի վրա, քանի դեռ Թուրքիայի համար վտանգ չի առաջացել»:

Թուրքական կողմն ընդգծում էր, որ Քյուրեջիքի ՌՏԿ-ից ստացված տվյալները չեն փոխանցվելու Իսրայելին` որպես ՆԱՏՕ անդամ չհանդիսացող երկրի: Սա նախորդ տարվա Լիսաբոնյան գագաթաժողովում Թուրքիայի ներկայացրած 3 նախապայմաններից մեկն էր: Սակայն The New York Times-ը գրեց, որ Քյուրեջիքի ՌՏԿ-ից ստացված տվյալներն ԱՄՆ-ը փոխանցելու է Իսրայելին: Ըստ թերթի` ՌՏԿ տեղակայումը վերջին 20 տարիներին Վաշինգտոնի եւ Անկարայի միջեւ ռազմական համագործակցության շրջանակներում արված առավել նշանակալից նախագիծն է, եւ ամենանշանակալից քայլը` սկսած 2003 թվականի իրաքյան պատերազմից։

Թուրք փորձագետ ու ընդդիմադիր պատգամավոր Սինան Օղանը ՌՏԿ-ի կապակցությամբ նշել է. «Թուրքական կառավարությունը ցանկանում է ստեղծել Իսրայելի հետ հարաբերությունների վատթարացման տեսիլք, սակայն դա չի համապատասխանում նրա գործունեությանը։ ՌՏԿ տեղակայումն ի ցույց է դնում Իսրայելի հետ լարվածության քաղաքականության կեղծ լինելը։ Աշխարհագրությանը տեղյակ մարդիկ գիտեն, որ այդ համակարգի տեղակայման նպատակն Իսրայելին պաշտպանելն է, քանի որ Իրանից արձակված հրթիռն ի վիճակի չէ հասնել Եվրոպա։ Աշխարհագրական տեսանկյունից Մալաթիան ամենահարմար կետն է Իսրայելի եւ Իրանի միջեւ։ ՌՏԿ-ն ոչ թե պաշտպանական, այլ, ընդհակառակը, հարձակման միջոց է։ Այն կարող է Թուրքիայի եւ Իրանի միջեւ պատերազմի պատճառ դառնալ»։

Պետք է նշել, որ թուրք-իրանական հարաբերությունների վրա բացասաբար են անդրադառնում նաեւ Սիրիայի վերաբերյալ երկու երկրների տարբեր մոտեցումները: Իրանական կողմը Թուրքիային բազմիցս հայտարարել է, որ եթե նրա գործողությունների պատճառով ստիպված լինի ընտրություն կատարել Սիրիայի ու Թուրքիայի միջեւ, ապա անպայմանորեն ընտրելու է արաբական երկիրը: Իրանը Թուրքիային նաեւ զգուշացրել է, որ դեմ է Սիրիայում ՆԱՏՕ ռազմական միջամտությանը, ինչի համար կարող է օգտագործվել նրա տարածքը:

Այսպիսով, թուրք-իրանական հարաբերություններն էլ ավելի սրվելու միտում ունեն` հաշվի առնելով Քյուրեջիքի ՌՏԿ-ի եւ Սիրիայի շուրջ հետագա զարգացումները: Թուրքիան շարունակելու է տարածաշրջանում ու արաբական աշխարհում Իրանի ազդեցության նվազեցմանն ուղղված քաղաքականությունը:

Իրաք

Այն բանից հետո, ինչ PKK-ն կտրուկ ակտիվացավ Թուրքիայում, թուրքական ավիացիան օգոստոսի 17-ից սկսեց հարվածներ հասցնել Հյուսիսային Իրաքում գտնվող նրա ճամբարներին: Սա հարուցեց Իրաքի ղեկավարության դժգոհությունը, որը բողոքի նոտա հղեց Թուրքիային: Սակայն Դավութօղլուն հայտարարեց, որ իրենք չեն հանդուրժի, որ PKK-ն Իրաքից սպառնա Թուրքիային, իսկ Էրդողանը հայտարարեց, որ Իրաքը պարտավոր է մաքրել այդ տարածքն ահաբեկիչներից, եւ եթե Իրաքը դա չանի, ապա նրա փոխարեն դա կանի Թուրքիան, եւ Իրաքը կզղջա դրա համար:

Հոկտեմբերի 5-ին Թուրքիայի խորհրդարանը մեկ տարով երկարաձգեց անդրսահմանային օպերացիաներ անցկացնելու ժամկետը, որը սպառվում էր հոկտեմբերի 17-ին: 1950 թվականից ի վեր` դա թուրքական խորհրդարանի 33-րդ նմանատիպ որոշումն էր, որով թուրքական բանակի առջեւ «կանաչ լույս» վառվեց Հյուսիսային Իրաք ներխուժելու համար, ինչը կարող է տեղի ունենալ ամեն պահի: Անգամ նշվում է, որ Թուրքիան այնտեղ ներխուժելու է միանգամից 7 կետից: Թուրքիան ներկայումս ցանկանում է նաեւ երկու ռազմակայան կառուցել Հյուսիսային Իրաքում` PKK-ի զինյալների հոսքի դեմն առնելու համար:

Հատկանշականն այն է, որ Թուրքիային հաջողվեց ԱՄՆ-ի հետ պայմանավորվածության հանգել Predator անօդաչու հետախուզական ինքնաթիռների տեղափոխման շուրջ։ Ըստ դրա` Իրաքից ամերիկյան զորքերի դուրսբերումից հետո Predator-ները տեղափոխվելու են Թուրքիա, տեղակայվելու են Ինջիրլիքի ամերիկյան ռազմակայանում եւ գործածվելու են PKK-ի դեմ պայքարում։ Սրանով Թուրքիան փոխհատուցում է Իսրայելի հետ հարաբերությունների վատթարացումից իր կրած թերեւս ամենամեծ վնասը: Խոսքը ռազմական ոլորտում թուրք-իսրայելական համագործակցության եւ, մասնավորապես, Heron անօդաչու թռչող սարքերի մասին է, որոնք Թուրքիան կիրառում է PKK-ի դեմ եւ իր խողովակաշարերի պաշտպանության համար:

Ադրբեջան

Սեպտեմբերի 19-ին Ադրբեջանում Թուրքիայի դեսպան Հուլուսի Քըլըչը ադրբեջանական կողմից պահանջեց վերանայել Իսրայելի հետ իր հարաբերությունները` ընդգծելով, որ Ադրբեջանի պատճառով Թուրքիան 18 տարի շարունակ փակ է պահում հայ-թուրքական սահմանը, եւ որ Թուրքիայի խնդիրը պետք է դառնա նաեւ Ադրբեջանի խնդիրը: Սակայն ներկայումս ողջ մուսուլմանական աշխարհում Իսրայելի հետ ամենաջերմ հարաբերություններն ունեցող Ադրբեջանն անարձագանք թողեց դա:

Ուշագրավ է, որ ընդամենը 5 օր անց Թուրքիայի Նախարարների խորհուրդը խորհրդարանի օրակարգ վերադարձրեց օգոստոսի 22-ին անվավեր ճանաչված հայ-թուրքական արձանագրությունները: Բնականաբար, սա չի կարող չանհանգստացնել Ադրբեջանին: Այս կապակցությամբ Բաքվի «Զերկալո» թերթը գրեց. «Մինչ ցյուրիխյան արձանագրությունների ստորագրումը, Անկարայի ու Բաքվի միջեւ գոյություն ուներ գաղտնի համաձայնագիր, ըստ որի` կողմերը «չէին նկատում» խնդրահարույց հարցերի վերաբերյալ միմյանց դիրքորոշումները։ Թուրքիան «չէր նկատել» Ադրբեջանի կողմից ՀԿԹՀ-ի չճանաչումը, իսկ Բաքուն իր հերթին «չնկատելու է տվել» Թուրքիայի կողմից Կոսովոյի անկախության ճանաչումը, ինչը հակասում է Ադրբեջանի շահերին։

Իրավիճակը, սակայն, կտրուկ փոխվեց հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի գործարկումից հետո։ Ադրբեջանը հրապարակավ օգտագործեց բոլոր հնարավոր ճնշալծակները` Անկարային հաշտեցման գործընթացից հետ պահելու համար։ Ամենաբարձր մակարդակով հայտարարվեց, որ եթե Անկարայի ու Երեւանի միջեւ երկխոսությունը հաջողությամբ ավարտվի, ապա Ադրբեջանը կարող է վերանայել Թուրքիայի հետ հարաբերությունների բնույթը։ Մինչդեռ այժմ առաջին անգամ այդպիսի հայտարարությամբ հանդես է գալիս թուրքական կողմը»: Իսկ Բաքվի «Պոլիգոն» թերթը, վկայակոչելով իր թուրքական աղբյուրներին, գրեց, որ Էրդողանը որոշել է աջակցել ադրբեջանական ընդդիմությանը, քանի որ ցանկանում է Բաքվում տեսնել իր հանդեպ առավել բարյացակամ տրամադրված ռեժիմ` սեփական հավակնություններն առաջ տանելու համար։

Ադրբեջանցի քաղաքագետ Առասթուն Օրուջլուն նկատել է. «Պաշտոնական Բաքուն արտաքին քաղաքական առաջնահերթություններ չունի, ինչն էլ լուրջ բարդություններ է առաջացնում։ Այսօր քաղաքականությունից այնքան էլ չհասկացող մարդու համար ակնհայտ է, որ անհնար է միաժամանակ լավ հարաբերություններ ունենալ Իրանի եւ ԱՄՆ-ի, Թուրքիայի եւ Ռուսաստանի, Իրանի եւ Իսրայելի, Թուրքիայի եւ Իսրայելի հետ։ Այսօր անհնար է գտնել գեթ մեկ երկիր, որին կարելի լինի համարձակորեն անվանել Ադրբեջանի դաշնակից։ Եթե պաշտոնական Բաքվի այդ քաղաքականությունը հանգեցրել է անգամ եղբայրական Թուրքիայի հետ բարդությունների առաջացմանը, ապա Ռուսաստանի, Եվրոպայի եւ ԱՄՆ-ի մասին կարելի է ընդհանրապես չխոսել»:

Ռուսաստան

Օգոստոսի վերջին Թուրքիայի էներգետիկայի նախարար Թաներ Յըլդըզը վերջնագիր ներկայացրեց Ռուսաստանին` Թուրքիային հատկացվող գազի գինը նվազեցնելու վերաբերյալ: Ըստ Յըլդըզի` ռուսական «Գազպրոմ»-ը վերջին 29 ամիսների ընթացքում 39 տոկոսով բարձրացրել է գազի գինը։ Սակայն ռուսական կողմը չարձագանքեց դրան, ինչից հետո Թուրքիան հայտարարեց, որ չի երկարաձգում դեռեւս 25 տարի առաջ կնքված գազային համաձայնագրի ժամկետը, որը սպառվում էր այս տարեվերջին: Ըստ դրա` Ռուսաստանը Արեւմտյան գազատարով (Ուկրաինա, Ռումինիա, Բուլղարիա) տարեկան 6 միլիարդ խորանարդ մետր գազ էր հատկացնում Թուրքիային: Ընդհանուր առմամբ, Թուրքիայի սպառած գազի 64 տոկոսը բաժին է ընկնում Ռուսաստանին, որն Արեւմուտքի համար առաջնահերթ համարվող «Նաբուկո» գազատարի մրցակից հանդիսացող «Հարավային հոսք» գազատարի նախագծի իրագործման հարցում կախվածության մեջ է Թուրքիայից:

Փորձագետներն անմիջապես նշեցին, որ դրանով «Գազպրոմ»-ը կորցրեց Թուրքիայի 20 տոկոսը` 2.7 միլիարդ դոլար: Բացի այդ, Թուրքիայի այդ քայլը Ռուսաստանին դնում է Ուկրաինայից տարանցիկ կախվածության մեջ, իսկ Ռումինիային ու Բուլղարիային (մասամբ նաեւ Ուկրաինային) զրկում ռուսական գազի տարանցումից։ Յըլդըզի կարծիքով` Թուրքիան ժամանակին 3-4 գազային համաձայնագիր է կնքել Ռուսաստանի հետ, եւ ներկայումս դրանցից մեկի ժամկետի չերկարաձգելը մեծ ազդեցություն չի ունենա երկրի ընդհանուր վիճակի վրա, քանի որ Թուրքիան շարունակում է ռուսական գազ ներկրել «Երկնագույն հոսք» գազատարով:

Ռուս վերլուծաբանները կարծում են, որ պաշտոնական Անկարան շատ հարմար ժամանակ է ընտրել ռուսական «Գազպրոմ»-ին հարված հասցնելու համար` հաշվի առնելով ոչ վաղ անցյալում «Գազպրոմ»-ի եվրոպական դուստր ընկերություններում Եվրահանձնաժողովի իրականացրած ստուգումները։ Նրանք կարծում են, որ Թուրքիան օգնում է ԵՄ-ին ռուսական գազային մենատիրության թուլացման հարցում, եւ որ Եվրահանձնաժողովի իրականացրած ստուգումների ու թուրքական գազային դեմարշի ժամկետների համընկնումը պատահական չէր։

Ամփոփում

Այսպիսով, մենք ականատեսն ենք դառնում արտաքին քաղաքական ոլորտում Թուրքիայի աննախադեպ ակտիվության, ինչը համապատասխանում է նեոօսմանիզմի ոգուն: Ներկայումս կարծիքներ են շրջանառվում, թե Թուրքիայի որդեգրած «զրո խնդիր հարեւանների հետ» սկզբունքը տապալվել է, եւ Թուրքիան թուլացած է դուրս գալիս «Արաբական գարունից»` ավելացնելով իր հակառակորդների թիվը. սակայն դա այդքան էլ այդպես չէ: Հոկտեմբերի 17-ին Դավութօղլուն հայտարարեց, որ «զրո խնդիր հարեւանների հետ» քաղաքականությունը չի ավարտվել, այն շարունակվում է, եւ որ Թուրքիան ներկայումս խնդիր ունի միայն Սիրիայի հետ, իսկ մնացած հարեւանների հետ գտնվում է լավ հարաբերությունների մեջ:

Ներկայումս Թուրքիայի դիրքերն ու ազդեցությունն ավելի են ամրագրվել «Արաբական գարուն» վերապրած երկրներում եւ, մասնավորապես, Եգիպտոսում ու Լիբիայում: Էրդողանը մեծ ընդունելության արժանացավ Եգիպտոսում եւ կնքեց մի շարք պայմանագրեր, մինչդեռ չպետք է մոռանալ, որ Եգիպտոսի նախկին նախագահ Հոսնի Մուբարաքն ամենեւին չէր սիրում Թուրքիային` վերջինիս դիտարկելով որպես մրցակից իսլամական աշխարհում: Լիբիայում նույնպես ակնհայտ է Թուրքիայի հաջողությունը. Լիբիայի Ազգային անցումային խորհրդի առաջնորդ Մուսթաֆա Աբդուլջելիլը պատմական իրադարձություն է որակել Էրդողանի լիբիական այցը` ընդգծելով, որ Էրդողանն ու թուրք ժողովուրդն իսլամական աշխարհի առաջնորդներն են։ Արեւելյան Միջերկրածովում արդեն իսկ տեսանելի են Թուրքիայի ձեռքբերումները: Գազայում պատրաստ են Էրդողանին դիմավորել աստծու նման: ԱՄՆ նախկին պետքարտուղար, միջազգային հարաբերությունների փորձագետ Հենրի Քիսինջերի կարծիքով` Թուրքիան լցնելու է այն վակուումը, որն առաջանալու է Իրաքից եւ անգամ Աֆղանստանից ԱՄՆ հեռանալուց հետո:

Այսօր բանը հասել է նրան, որ Թուրքիան 7 կետանոց վերջնագիր է ներկայացնում ԵՄ-ին` սպառնալով սառեցնել նրա հետ իր հարաբերությունները, եթե կիպրական հարցը լուծում չստանա, նախքան 2012 թվականին Կիպրոսի կողմից ԵՄ նախագահության ստանձնումը: Թուրքիայի հնչեղ հավակնությունների մասին է վկայում նաեւ այն, որ ներկայումս այն բարձրաձայնում է թուրքերենը ՄԱԿ 6 պաշտոնական լեզուների շարքում ներառելու եւ ՄԱԿ ԱԽ կառուցվածքը փոխելու անհրաժեշտության մասին` գտնելով, որ սխալ է, երբ նրա 5 մշտական անդամ երկրները տնօրինում են մնացյալ 188 երկրների ճակատագիրը:


դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր