
ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՑԱՆՑԵՐԸ ԻՆՏԵՐՆԵՏԻ ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՏՎԱԾՈՒՄ
Սամվել Մարտիրոսյան
Ս.Մարտիրոսյան՝ «Նորավանք» ԳԿՀ Տեղեկատվական հետազոտությունների կենտրոնի փորձագետ
Հայաստանում սոցիալական ցանցերն աստիճանաբար ավելի մեծ ազդեցություն են ձեռք բերում ինտերնետում և դրանից դուրս տեղեկատվական դաշտի ձևավորման վրա։ Ինտերնետից օգտվողների թվի աճին զուգահեռ հանրապետությունում մեծանում է նաև սոցիալական ցանցերի ազդեցությունը։ Հայաստանում գերակշիռ ազդեցություն ունեն ոչ հայկական Odnoklassniki.ru, Facebook.com սոցիալական ցանցերը։ Միևնույն ժամանակ, գոյություն ունեն զուտ հայկական մի շարք ցանցեր, որոնք թեև փոքր, բայցև որոշակի դեր ունեն ցանցի հայկական հատվածում։
Խոշոր սոցիալական ցանցեր այցելությունների հաճախակիությունը
Հայաստանում սոցիալական ցանցեր այցելությունների թվաքանակի ճշգրիտ գնահատական չկա, քանի որ չկա միասնական համարժեք, հրապարակային հասանելի վիճակագրական համակարգ, որը հաշվի կառներ այցելությունների թիվը հիմնական հարթակներ։ Այս կապակցությամբ հարկ է լինում կատարել տվյալների համեմատական վերլուծություն, որոնք միմյանցից տարբերվում են հաշվարկման մեթոդիկայով։
Համաձայն Alexa.com կայքի վիճակագրության, որն անցկացնում է կայքեր այցելությունների գլոբալ մոնիթորինգ, Հայաստանում սոցիալական ցանցերից առաջին տեղում է Facebook.com1 պորտալը։ Երկրորդ տեղում է Youtube տեսասերվիսը, որը նույնպես սոցիալական ցանցի տարրեր ունի։ Այնուհետև Odnoklassniki.ru կայքն է։ Միևնույն ժամանակ, թրաֆիկի հաշվառման Alexa.com-ի առանձնահատկությունը, այն, որ օգտվողները հատուկ ծրագիր են տեղադրում, որը հաշվում է նրանց այցելությունները, հանգեցնում է նրան, որ ավելի շուտ հաշվառվում է օգտվողների այն մասի վիճակագրությունը, որը տիրապետում է համակարգչային որոշակի գրագիտության։
Միևնույն ժամանակ, շատ օգտվողներ այցելում են աննշան թվով կայքեր, սոցիալական ցանցերի ակտիվ մասնակիցներ են՝ գրեթե չտիրապետելով համակարգչից օգտվելու իմացությանը (ինչի հետ կապված՝ Alexa.com-ի ցուցանիշը համակարգչից օգտվելու թույլ մակարդակ ունեցողների համար կոռեկտ չէ)։ Բացի այդ, Հայաստանում օգտվողների ընդհանուր թվի աճն ուղեկցվում է մոբիլ օպերատորների ակտիվ ծավալմամբ, որոնք էժան անլար ինտերնետ են տրամադրում։ Արդյունքում՝ ավելանում է օգտվողների թիվը Հայաստանի շրջաններում։ Ընդ որում՝ օգտվողների այդ նոր հատվածի համար հիմնական հարթակներն են սոցիալական ցանցերը և VoIP ձայնային կապի հաճախորդները. առավել տարածվածն է Skype–ը (Նկ. 1)։
Նկար 1
Alexa.com-ի վիճակագրությունը Հայաստանի համար
Միևնույն ժամանակ, եթե դատելու լինենք Liveinternet.ru վիճակագրական համակարգի տվյալներով, Հայաստանում առավել տարածված սոցիալական ցանցը շարունակում է մնալ ռուսական Odnoklassniki.ru2 նախագիծը։ Ամեն օր Հայաստանից այստեղ ավելի քան 500 հազար այցելություն է լինում (Նկ. 2)։
Նկար 2
Odnoklassniki.ru-ի աշխարհագրությունն ըստ Liveinternet.ru-ի վիճակագրության
Ամսական կտրվածքով ևս այցելուների թիվը գերազանցում է կես միլիոնը։ Բացի այդ, դիտվում է այցելությունների կտրուկ աճ վերջին վեց ամսվա ընթացքում՝ մոտ 40%-ի կարգի։ Ընդ որում՝ նման աճ նկատվում է նաև հետխորհրդային այլ երկրներում, օրինակ՝ Վրաստանում և Մոլդովայում (տե՛ս Նկ. 3)։
Նկար 3
Liveinternet.ru-ի վիճակագրությունը Հայաստանում, Վրաստանում և Մոլդովայում Odnoklassniki.ru այցելողների թվի ավելացման վերաբերյալ
Դինամիկ կերպով աճում է նաև Facebook ցանցից օգտվողների թիվը։ Վերջին 6 ամիսների ընթացքում աճը կազմել է 87%։ Սակայն, պաշտոնական վիճակագրությունից ելնելով, գրանցված օգտվողների բացարձակ թիվը, այնուամենայնիվ, լրջորեն զիջում է Odnoklassniki.ru-ի լսարանին. ապրիլի սկզբի տվյալներով՝ Facebook ցանցում գրանցված է 150 հազ. օգտվող3։
Նշենք նաև ռուսական ամենախոշոր սոցիալական ցանցի՝ Vkontakte.ru-ի մասին։ Հայաստանում այն այնքան էլ տարածված չէ, սակայն ցանցի պաշտոնական վիճակագրությամբ 2011թ. ապրիլի սկզբի դրությամբ այստեղ գրանցված է 235 հազ. այցելու Հայաստանից (ինչը չի նշանակում, թե նրանք բոլորն ակտիվ այցելուներ են)4։
Լոկալ սոցիալական ցանցերը
Հայկական ինտերնետի առանձնահատկություններից է նաև բավականաչափ թվով միջին և մանր սոցիալական ցանցերի առկայությունը, որոնց լսարանը կազմում են հայաստանցիները և սփյուռքահայերը։ Այդ ցանցերը հենց զուտ հայկական են։
Ամենից շատ այցելվող զուտ հայկական սոցիալական ցանցը Hayland.am–ն է։ Պորտալի պաշտոնական տվյալների համաձայն՝ այստեղ գրանցված է ավելի քան 120 հազ. այցելու։ Circle.am համակարգի վիճակագրության համաձայն՝ 2011թ. մարտին պորտալն ամեն օր կայուն կերպով մոտ 11 հազ. այցելություն է ունեցել, որոնց 46%-ը կազմում են այցելությունները Հայաստանի տարածքից։
Մեկ այլ սոցիալական ցանցի՝ Druzja.am-ի օրական այցելությունները, ըստ Circle.am-ի վիճակագրության, 5 հազարի կարգի են, որոնց 82%-ը այցելություններն են Հայաստանի տարածքից։ Hayutyun.am, Aelxa.com–ի տվյալներով, օրական այցելում է մոտ հազար օգտվող։
Բացի այդ, մի շարք հարթակներ, որոնք համատեղում են ֆորումի և կայքի գործառույթները, ներկայանում են որպես սոցիալական ցանցեր։ Նման հարթակների թվում նշենք Armenia-Online.Ru–ն (օրական մոտ 10 հազ. այցելու, ըստ Circle.am–ի վիճակագրության, որոնց 20%-ը կազմում են այցելությունները Հայաստանի տարածքից)։ Viparmenia.com ֆորումն է սկսել ներկայանալ որպես սոցիալական ցանց (օրական մոտ 3 հազ. այցելություն, ըստ Circle.am–ի վիճակագրության, որոնց 16%-ը այցելություններն են Հայաստանի տարածքից)։
Ընդհանուր առմամբ, նկատվում է զուտ հայկական սոցիալական ցանցերի ստեղծման միտումներ, ինչպես նաև ֆորում-հարթակների տեղափոխում ավելի առաջավոր պլատֆորմներ՝ օգտվողների առկա բազան սոցիալացնելու նպատակով։ Արժե նշել, որ մրցակցությունը համաշխարհային հսկաների հետ էապես նվազեցնում է լոկալ սոցիալական հարթակների հնարավորությունները։ Այսօրվա դրությամբ կարելի է քիչ թե շատ հաջող նախագիծ համարել Hayland.am–ը։ Մնացած հարթակները չափազանց փոքր կշիռ ունեն ինտերնետի հայկական հատվածում, դրանց մեծամասնությունը շարունակում է գործել ի հաշիվ ծանոթությունների ծառայության մատուցման կամ եղած օգտվողների թիվը պահպանելով։
1 http://www.alexa.com/topsites/countries/AM
2 http://www.liveinternet.ru/stat/odnoklassniki.ru/countries.html
3 http://www.socialbakers.com/facebook-statistics/
4 http://vkontakte.ru/ads.php?act=union_create_ad
դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր
- ԸՍՏ ՕՐԻՆԱԳԾԻ «ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿԸ» ՀԱՆԳԻՍՏ ԿԱՐՈՂ Է ԴԻՏԱՐԿՎԵԼ ՈՐՊԵՍ ԱՆԱՆՈՒՆ ՀՂՈՒՄ. Սամվել Մարտիրոսյան[20.10.2021]
- ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ԻՆՏԵՐՆԵՏԻ ՏՐԱՆՍՖՈՐՄԱՑԻԱՆԵՐԸ[27.09.2018]
- ՈՒՂԻՂ ԵԹԵՐՆԵՐԻ ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ (ինչպես ձևափոխվեց տեղեկատվական դաշտը)[08.06.2018]
- ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴԵՄ ՀԱՔԵՐԱՅԻՆ ՀԱՐՁԱԿՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ[05.04.2018]
- ՀԱՄԱՑԱՆՑԻ ԵՎ ԲՋՋԱՅԻՆ ԿԱՊԻ ՆԵՐԹԱՓԱՆՑՈՒՄԸ, ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՄԵԴԻԱՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ (2017Թ.)[07.12.2017]
- ՀԱՅԱՍՏԱՆԸ ԿԻԲԵՌԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՎԱՐԿԱՆԻՇԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ[06.10.2017]
- ՀԱՄԱՑԱՆՑԻ ԵՎ ԲՋՋԱՅԻՆ ԿԱՊԻ ՆԵՐԹԱՓԱՆՑՈՒՄԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ 2016Թ.[26.07.2017]
- ՀԱՅԱՍՏԱՆԻ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԿՐԻՏԻԿԱԿԱՆ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԸ[31.05.2017]
- ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀՈՍՔԵՐԻ ՍՂՈՒԹՅՈՒՆԸ՝ ԿՐԻՏԻԿԱԿԱՆ ԽՆԴԻՐ[10.05.2017]
- ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՀԱՔԵՐՆԵՐԸ ԹԻՐԱԽԱՎՈՐՈՒՄ ԵՆ ՀԱՅ ՕԳՏԱՏԵՐԵՐԻՆ[29.03.2017]
- ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԿԻԲԵՌԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ․ ԻՐԱՎԻՃԱԿԸ 2016Թ.[30.01.2017]