• am
  • ru
  • en
Версия для печати
14.03.2011

ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ. ՆՈՐ ԱՇԽԱՐՀԱԿԱՐԳԻ ԿԵՐՏՄԱՆ ԱՎԱՐՏԸ ԵՎ ԳԼՈԲԱԼ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՍՑԵՆԱՐՆԵՐԸ

Руский

   

Գագիկ Հարությունյան, Սերգեյ Գրինյաև

Աֆրիկյան աշխարհամասի սկսված վերաբաժանումն ու շղթայական հեղափոխությունն արաբա-իսլամական աշխարհում իրենց նշանակությամբ համադրելի են գուցե թե ԽՍՀՄ և «սոցհամակարգի» փլուզման հետ. իզուր չէ, որ ԱՄՆ նախագահն այդ իրադարձությունները համեմատել է «բեռլինյան պատի քանդման» հետ։ Բնական է, որ այդ գործընթացն առաջ է բերել բազմաթիվ հարցեր, որոնց պատասխանները փորձում է տալ վերլուծաբանական հանրությունը։

Ներքին հանգամանքներ. Այդ իրադարձությունները լուսաբանվում են տարբեր տեսանկյուններից։ Մեկնաբանները պատճառների թվում նշում են համաշխարհային տնտեսական ճգնաժամը և սննդամթերքի գների աճը. Չիկագոյի բորսայում պարենային ֆյուչերսները դեռ 2010թ. աշնանը բարձրացան 74%-ով, ինչը հանգեցրեց սննդամթերքի գների ինֆլյացիայի։ Դա անդրադարձավ Թունիսի (բնակչության մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ն՝ $3.0 հազ.) և հատկապես ավելի աղքատ Եգիպտոսի վրա ($1.2 հազ.), որտեղ պարենի ինֆլյացիան կազմեց 30%, այն դեպքում, երբ բնակչությունը (որի 50%-ն ապրում է աղքատության սահմանագծից ցածր պայմաններում, իսկ միջին ամսական աշխատավարձը հավասար է 50 եվրոյի) եկամուտների 30%-ը ծախսում է միայն սննդի վրա։ Ինչ վերաբերում է համեմատաբար հարուստ Լիբիային (բնակչության մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ն՝ 6.0 հազ.), նշվում են միջցեղային (մոտ երեսուն ցեղ կա) երկպառակություններն ու հակասությունները։ Որոշ ցեղերի թվաքանակը հասնում է միլիոնի, միևնույն ժամանակ՝ Քադաֆիի հանդեպ թշնամաբար տրամադրված ցեղերն ապրում են երկրի արևելքում՝ էներգակիրներով հարուստ շրջաններում, և այս համատեքստում են մեկնաբանները զուգահեռներ անցկացնում Իրաքի հետ։ Ըստ էության, այս հանգամանքներն են նպաստել քաղաքացիական պատերազմի բռնկմանը։ Բահրեյնում՝ այդ երկրների մեջ ֆինանսական առումով ամենաբարեկեցիկ երկրում, սրվել են հարաբերությունները շիա և սուննի դավանական խմբերի միջև, ինչը նույնպես հղի է երկարատև քաղաքացիական դիմակայությամբ։ Շատ վերլուծաբանների, հիմնականում Իսրայելի անվտանգության համատեքստում, անհանգստացնում է կիսաընդհատակից դուրս եկած իսլամիստների ակտիվությունը՝ հանձին, օրինակ, «Մուսուլման եղբայրների»։

Տարածաշրջանի երկրների համար ընդհանուր է հոգնածությունը միևնույն ազգային առաջնորդների երկարամյա կառավարումից (երևույթ, որը «խորհրդային մարդկանց» ծանոթ է որպես «Բրեժնևի ախտանիշ»), պերմանենտ բռնաճնշումներից, կոռուպցիայի աճից և սոցիալական այլ անհաջողություններից։ Աչքի է զարնում նաև ժողովրդագրական հիմնախնդիրը. տարածաշրջանում ընդհանուր առմամբ բուռն աճում են քաղաքներն ու քաղաքային բնակչությունը, իսկ արաբական աշխարհում, ինչպես գրում են, «չափից ավելի մեծացել է գրագետ, բայց գործազուրկ երիտասարդության թիվը»։ Ուստի, զարմանալի չէ, որ «հեղափոխական պոտենցիալի» ինդեքսով (revolting-index)1 16 երկրներից աղյուսակի վերին 5 սանդղակները զբաղեցնում են արաբական երկրները, չորսը «սև Աֆրիկայի» երկրներ են (հետաքրքիր է, որ Հայաստանի հարևան Ադրբեջանը ցանկում զբաղեցնում է 10-րդ տեղը)։

Արտաքին գործոններ. Այս օբյեկտիվ ներքին հանգամանքներին ավելանում են արտաքին գործոնները՝ ԱՄՆ-ից և ԵՄ-ից հնչող «ժողորդավարացնող» հորդորները, գունավոր հեղափոխությունների իրագործման հայտնի տեխնոլոգիաների գործարկումը, այս անգամ՝ «ուրբաթօրյա աղոթքների» շեշտադրմամբ։ Ընդ որում՝ կարևոր դեր են խաղում «Ապրիլի 6-ի շարժման» տիպի կազմակերպությունները՝ «քեֆայա» - «բավական է» կարգախոսով (հիշենք «կմարան» Վրաստանում), մարտական դիրքում է գտնվում ժողովրդավարության աջակցման ամերիկյան Ազգային ֆոնդը և այլն։ Բնական է, որ այս իրադարձությունների հանդեպ անտարբեր չմնացին նաև իսլամական աշխարհում առաջնորդության հավակնող Իրանն ու Թուրքիան։

Զանգվածային լրատվամիջոցները համատարած նշում են, որ հեղափոխական շարժման մեջ ի հայտ է եկել ցանցակենտրոն-տեղեկատվական պատերազմների այնպիսի արդյունավետ գործիք, ինչպիսին են սոցիալական ցանցը (Facebook, Twitter և այլն), բազմաթիվ բլոգներ2։ Օրինակ, դեռ 2010թ. հունիսին Google-ի մերձավորարևելյան բաժնի մենեջեր Վաել Գոնիմը Facebook-ում հակամուբարաքյան էջ էր բացել, որն օրական կես միլիոն այցելու էր ունենում3։ Իրենց առանձնահատուկ դերը, հատկապես Թունիսում, խաղացին նաև WikiLeaks-ի «արտահոսքերը»։ Կարևոր գործոն էր, իհարկե, նաև «Ալ Ջազիրան», որի ռեպորտաժներն իրենց արձագանքն էին գտնում «արաբական փողոցում»։ Սակայն նշենք, որ «Ալ Ջազիրան» ընդամենը տեղեկատվություն էր փոխանցում, այնինչ ինտերնետ միջոցները կատարում էին նաև կազմակերպող և ուղղորդող դեր։

Բնութագրական է, բայց, ինչպես վերջերս հաճախ է պատահում, սոցիալական ցունամիների հզոր ալիքի առաջացումը դուրս մնաց համաշխարհային վերլուծաբանական հանրության տեսադաշտից. գրեթե ոչ ոք չխոսեց նման բանի հնարավորության մասին։ Մասնագետներն այս առնչությամբ նշում են ևս մեկ հետաքրքիր մանրամասն՝ կապված WikiLeaks-ի հետ։ 2010թ. դեկտեմբերն անցավ այդ նախագծի նշանի տակ. դժվար էր գտնել գոնե մեկ ԶԼՄ, որն անմասն մնացած լիներ լուրերի քննարկումից։ Դրանով զբաղվում էին նաև հատուկ ծառայությունները՝ գիգաբայթերի մեջ որոնելով բառակապակցություններ, որոնցով ամերիկյան դիվանագետներն արտահայտվել են այս կամ այն երկրի առաջնորդների մասին։ Բայց չէ՞ որ անգամ նման ծառայությունների ռեսուրսներն անսահման չեն. դե, հենց արաբական աշխարհի իրապես նշանակալի իրադարձությունների բացահայտման համար էլ ուժերն արդեն չբավականացրին։ Վերլուծաբաններն զբաղված էին միայն ամերիկյան դիվանագիտության աղտոտ սպիտակեղենը փորփրելով՝ մոռանալով մնացած ամեն ինչի մասին։

Բայց արտաքին ճնշումը չի սահմանափակվում տեղեկատվական պատերազմներով։ Ամերիկյան նավատորմը հայտնվել է Լիբիայի ափերին, իսկ բրիտանական հատուկ ջոկատայինները՝ երկրի ապստամբած շրջաններում։ Սաուդյան Արաբիան, ի նշան աջակցության Բահրեյնի սուննի վարչախմբին, որտեղ տեղի ունեցող հուզումների մեջ «տեսնում» են «Թեհրանի ձեռքը», ցուցադրում է իր զրահատանկային զորքերի հնարավորությունները։ Իրանն ինքը, առաջին անգամ շատ տասնամյակներ հետո, որոշեց ռազմածովային ուժերի խմբավորում ուղարկել Միջերկրական ծով։ Այս փուլում, հնարավոր է, այս բոլոր գործողությունները կատարվում են «սպառնալիքն ավելի ուժեղ է, քան դրա իրագործումը» սկզբունքի ոգով, բայց հազիվ թե որևէ մեկը կարողանա երաշխավորել, թե այս գործողությունները չեն վերաճի ռազմական գործողությունների։

Անխուսափելի փոխակերպում. Այս բոլոր ներքին և արտաքին գործոնները, որոնք թե՛ ընդհանրություններ, թե՛ տարբերություններ ունեն, արդյունքում հանգեցրին վարչակարգերի տապալմանը Թունիսում և Եգիպտոսում։ Իսկ այն երկրները, որոնք կանգուն մնացին, ամենայն հավանականությամբ այս կամ այն չափով փոխակերպումների կենթարկվեն (կամավոր-հարկադրական, պարզապես հարկադրված կամ էլ դրսից ռազմական միջամտության հետևանքով, ինչպես ցույց են տալիս զարգացումները Լիբիայի շուրջ) տեսանելի ապագայում։ Արդեն այս փուլում Ալժիրի ղեկավարությունը չեղյալ է հայտարարել 1992-ից մտցված արտակարգ իրադրությունը, Սուդանի և Եմենի նախագահները հայտարարել են, որ չեն առաջադրի իրենց թեկնածությունները գալիք ընտրություններին, Հորդանանում պաշտոնանկ են արել վարչապետին, Սիրիայի նախագահը բարեփոխումներ է խոստացել, Լիբիայում հանել են մի շարք հարկեր, Մարոկոյի թագավոր Մոհամեդ VI-ը մտադիր է արմատական «սահմանադրական բարեփոխում» իրականացնել, իսկ որոշ ղեկավարներ էլ «ժողովրդից ազատվել են» շռայլ ֆինանսական ներարկումներով (Քուվեյթ և Սաուդյան Արաբիա)։

Վերոնշյալ հանգամանքները, իհարկե, օբյեկտիվ բնույթ են կրում և փոքրիշատե ընդհանուր պատկերացում են տալիս տեղի ունեցողի վերաբերյալ։ Բայցևայնպես, արդի հեղափոխական գործընթացներն ավելի բարդ և բազմամակարդակ երևույթներ են, քան դրանք երբեմն ընկալվում են։ Ուստի, այս իրադարձությունների ինչպես թեժ հետքերով առաջադրվող փաստագրական, այնպես էլ կոնսպիրոլոգիական (բայց դրանով հանդերձ ոչ պակաս իրական) վարկածները բացահայտում են, ինչպես ասում են իրավաբանները, «ճշմարտությունը, բայց ոչ ամբողջ ճշմարտությունը», իսկ դա, հետևելով նույն «իրավաբանական» տերմինաբանությանը, կարող է նաև սուտ լինել։

Օրինակ, կասկած չի հարուցում, որ այս բոլոր իրադարձություններում կա «նյութական» ասպեկտի ավելի քան զգալի մասնաբաժին. հանուն ռեսուրսների պայքար է մղվում առաջատար երկրների միջև։ Այդ պայքարն ինչ-որ տեղ մեզ հայտնի «սառը պատերազմների» կլոնն է, բայց ի տարբերություն դրանց, ընթանում է «բոլորը բոլորի դեմ» բանաձևով։ Որոշ փորձագետներ կարծում են, որ նման դիմակայությունը մի ինչ-որ արդեն ոչ հեռավոր պահի՝ այսպես կոչված «այսինչ օրը, այսինչ ժամին», կարող է փոխակերպվել դասական «թեժ» պատերազմի՝ հանուն պարզապես գոյատևելու։

Միևնույն ժամանակ, մենք կարծում ենք, որ «ճշմարտության պահը» կբացահայտվի (եթե ընդհանրապես բացահայտվի) միայն այն ժամանակ, երբ «գաղտնազերծվեն» գործընթացի աշխարհաքաղաքական և աշխարհատնտեսական համատեքստերը՝ հաշվի առնելով սոցիալական, ժողովրդագրական այն հայեցակարգերը, որոնք այսօր գերակշռում են կառավարման գլոբալ մակարդակում։

Ստորև ներկայացնում ենք տեղի ունեցողի վերաբերյալ մեր տեսլականը հերթական «նոր աշխարհակարգի» կերտման տերմիններով, այն սցենարների շրջանակում, որոնք կապված են համաշխարհային կառավարելիության (կամ էլ անկառավարելիության) հետ։

«Մեր նոր աշխարհը կկերտենք մենք». Ընդունված է կարծել, որ «Յալթա-պոտսդամյան» աշխարհն ավարտվեց 1991թ. ԽՍՀՄ փլուզմամբ։ Այնինչ սոցհամակարգի փլուզումից հետո նույնպես պայքարը հին աշխարհի «մնացուկների» հետ չէր մարում։ Նման «մնացուկ» էր, օրինակ, Հարավսլավիան. այս երկրի ռմբակոծումների հետևանքով 1999-ին քարտեզին հայտնվեցին ոչ մեծ, ոչ այնքան ինքնաբավ, փոխարենը նոր իրողություններին միանգամայն համահունչ մի քանի պետություններ։

Աֆրիկայում և Մերձավոր Արևելքում նույնպես մնացել են բազմաթիվ երկրներ, որոնք այս կամ այն չափով նախկին աշխարհակարգի ծնունդն էին։ Այս տարածաշրջանում քսաներորդ դարի երկրորդ կեսին տեղի ունեցան հեղաշրջումներ, որոնց արդյունքում հին ռեժիմի կառավարիչներին փոխարինելու եկան երիտասարդ ռեֆորմատորները՝ ապագա նախագահները, հեղափոխության առաջնորդները և նույնիսկ թագավորները։ Նոր առաջնորդներին բաժին ընկավ ոչ վատ նյութական բազա (նավթ, գազ, վերահսկողություն կարևոր հաղորդակցությունների նկատմամբ) և, անկախ արտաքին քաղաքական իրավիճակից, նրանք արևելյան ոճի կայուն վարչակարգեր ստեղծեցին։ Սակայն այդ վարչակարգերը, մեծ ռեսուրսների տիրապետելու, ինչպես նաև իրենց առանձնահատկության պատճառով, միշտ չէ, որ լիովին են ենթարկվել «մեծ խաղի» կանոններին, որը վարում էին (ժամանակին) «սովետները» գաղափարախոսա-աշխարհաքաղաքական, և անգլոսաքսերն (մշտապես) ու չինացիները (համեմատաբար վերջերս)՝ հիմնականում աշխարհատնտեսական շարժառիթներով։ Այսօր այդ երկու՝ ռեսուրսների տիրապետելու և անկառավարելիության գործոնների համատեղումն այդ վարչակարգերը գրեթե դատապարտված են դարձրել։

Աշխատանքի կատարմանը ձեռնամուխ եղան 1991թ., սակայն Իրաքում ռազմական գործողության եզրափակիչ փուլը՝ «Անապատի սուր»-ը, տարբեր պատճառներով անավարտ մնաց, և գործը տրամաբանական ավարտի հասցրին միայն 2003թ.։ Այսպիսով, տարածաշրջանը (որը կոչվում էր Մեծ Մերձավոր Արևելք, իսկ այսօր, ինչպես գրում է Ուիլյամ Էնգդալը4, հայտնի է «պակաս սպառնալի անվամբ՝ Նոր Մերձավոր Արևելք»), հատկապես հաշվի առնելով աֆղանական գործոնը, հիմնավորապես խարխլվեց։ «Հին կարգերի» վերացման հերթական փուլը հասունացավ արդեն մեր օրերում։ Բազմաբևեռ (կամ էլ, ըստ որոշ փորձագետների ախտորոշման՝ անբևեռ) աշխարհի ձևավորման խառնակ ժամանակներում հիմնախնդրին հավելյալ հրատապություն հաղորդեցին աֆրիկյան աշխարհամասում «արևելքում շառագունող» Չինաստանի ակտիվ գործողությունները, ինչպես նաև ԲՌՀՉ-ի (Բրազիլիա, Ռուսաստան, Հնդկաստան, Չինաստան) աճող հավակնությունները (որը դարձավ ԲՌՀՉՀԱՀ՝ նրա շարքերում Հարավաֆրիկյան Հանրապետության ավելանալուց հետո)։

Սակայն լավ հայտնի է, որ քաղաքական մեգանախագծերի իրականացումը միշտ չէ, որ տալիս է այն արդյունքները, որոնք ի սկզբանե հույս ունեին ստանալ դրանք կազմողները։ Մասնավորապես, դա վերաբերում է հետհեղափոխական արաբական աշխարհի «կառավարելիության» հիմնախնդրին, որի զարգացման միտումները հեռու են միանշանակ լինելուց։ Այս համատեքստում օգտակար է ծանոթանալ գլոբալ կառավարման հիմնախնդրի վերաբերյալ քաղաքական-փորձագիտական հանրությունում գերակշռող կոնցեպտներին։

Գլոբալ կառավարման սցենարներ. 2010թ. վերջին հրապարակվեց (դեռ տարեսկզբին պատրաստ) «2025թ. գլոբալ կառավարումը. կրիտիկական իրավիճակ» զեկույցը5։ Այս նախագծում, բացի հիմնական կազմակերպիչներից՝ ԱՄՆ Հետախուզության ազգային խորհրդից (NIC) և ԵՄ անվտանգության ուսումնասիրման ինստիտուտից (EUISS), մասնակցում էին նաև մի շարք հեղինակավոր փորձագետներ Ռուսաստանից, Չինաստանից, Հնդկաստանից և այլ երկրներից6։ Որպես ելակետային թեզիս ընդունվեց այն, որ գլոբալ կառավարման համակարգը (նկատի է առնված պետական, միջազգային և ոչ պետական ինստիտուտների, անդրազգային ընկերությունների և նույնիսկ ցանցային կառույցների ամբողջությունը) այն տեսքով, ինչպես որ ստեղծվել է Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո և ժամանակին եղել է արդյունավետ, արդեն անզոր է 21-րդ դարի բարդ հիմնախնդիրների առջև։ Փորձագետները կարծում են, որ նման իրավիճակը պայմանավորված է նրանով, որ «գլոբալացման արագ տեմպերը» շատ ավելի են մեծացրել այն ռիսկերը, որոնք կապված են էթնիկ հակամարտությունների և ահաբեկչության, վարակիչ հիվանդությունների, ինչպես նաև սպառնալիքների նոր տեսակների հետ. կլիմայի փոփոխություն, էներգիայի, պարենի և ջրային ռեսուրսների անբավարարություն, միգրացիոն հոսքեր և նույնիսկ նոր տեխնոլոգիաներ (հատկապես կենսատեխնոլոգիաների ոլորտում, քանի որ այս ոլորտի զարգացումը շատ ռիսկեր է պարունակում, մասնավորապես՝ էթնիկ բնույթի)։ Փաստաթղթի հեղինակները նշում են հետևյալ չորս հնարավոր սցենարները, որոնցով կարող են զարգանալ իրադարձությունները հաջորդ 15 տարիներին.

  1. «Մնալ նավարկության մեջ»
  2. «Հատվածայնացում» (ֆրագմենտացիա)
  3. «Եվրոպական կոնցերտի» վերադարձը»7
  4. «Խաղի իրականությունը. հակամարտությունը գերազանցեց համագործակցությանը»։

«Նավարկության մեջ մնալու» սցենարը կարելի է անվանել չափավոր-լավատեսական։ Փորձագետները կարծում են, որ չնայած աճող ռիսկերին և կառավարման միջազգային համակարգի համեմատաբար դանդաղ կատարելագործմանը, այդ համակարգն առաջիկա տարիներին դեռ ի վիճակի է գլուխ հանել իրավիճակից։ Ավելին, նրանց կարծիքով՝ նման սցենարն ամենահավանականն է թվում։ Միևնույն ժամանակ, նախագծի հեղինակները հակված են այն մտքին, որ ավելի հեռավոր ապագայում կառավարման ինստիտուտները ներկա տեսքով կենսունակ չեն և արդեն ի վիճակի չեն լինի «մնալ նավարկության մեջ»։

Երկրորդ սցենարը («Հատվածայնացում») չափավոր հոռետեսական է։ Այս տարբերակի համաձայն՝ աշխարհում տեղի է ունենում տարածաշրջանների հատվածայնացում. Ասիան կառուցում է իր կարգը, Եվրոպան ասես պարփակվում է ինքն իր մեջ և ձգտում է լուծել բնակչության կենսամակարդակի անկման հետ կապված հիմնախնդիրները։ Միացյալ Նահանգները, հաշվի առնելով աշխատուժի աճը, կարող է համեմատաբար լավ վիճակում հայտնվել, եթե, իհարկե, հաղթահարի բյուջետային դեֆիցիտի և պարտքերի հայտնի հիմնախնդիրները։ Այս պայմաններում, շնորհիվ նոր հաղորդակցային տեխնոլոգիաների, գլոբալացման գործընթացը (այս հասկացությանը փորձագետները բացառապես դրական իմաստ են տալիս) շարունակվում է, բայց անհամեմատ ավելի չափավոր տեմպերով։

Երրորդ սցենարը («Եվրոպական կոնցերտի» վերադարձը») առավել հուսալին է։ Ըստ այս սցենարի՝ չնայած էկոլոգիական ռիսկերին և հակամարտային իրավիճակներին, միջազգային համագործակցությունը, գլոբալ հիմնախնդիրների լուծման առումով, ընդհանուր առմամբ բոլորովին էլ վատ չի ընթանում։ Դրան նպաստում է այն, որ ԱՄՆ-ը, այլ երկրների հետ միասին, ինչպես նաև Չինաստանը և Հնդկաստանը համատեղ ջանքեր են գործադրում։ ԵՄ-ը, իր հերթին, սկսում է ավելի գլոբալ դեր կատարել, քան մինչ այդ։ Իրենք՝ նախագծի փորձագետները, կարծում են, որ սույն սցենարը պակաս հավանական է, քան առաջին երկուսը, ուստի այն պետք է ընկալել որպես մի ինչ-որ նպատակ, որին պետք է ձգտել։ Նկատենք նաև, որ վերլուծաբանական հանրությունում գերիշխում է այն կարծիքը, թե Եվրոպայի գլոբալ կարգավիճակի բարձրացումը հնարավոր է միայն Եվրասիայում քաղաքակրթական ոգով և տնտեսական շահերով նրան մոտ քաղաքական տարածքի ձևավորմամբ8։ Ուստի, չի կարելի բացառել, որ նման սցենարի երևան գալն ինքնատիպ ռևերանս է նախագծի մասնակիցների կողմից՝ արված ընդունող կողմին՝ իրենց եվրոպացի գործընկերներին։

Առավել հոռետեսական է համարվում չորրորդ սցենարը («Խաղի իրականությունը. հակամարտությունը գերազանցել է համագործակցությանը»)։ Չինաստանի և ԱՄՆ հարաբերությունները լարվում են, մեծանում է ԲՌՀՉՀԱՀ-ի անդամների միջև մրցակցությունը։ Խորտակվում են Եվրոպայում միջին դասի լավագույն կյանքի հույսերը, ինչը հանգեցնում է լարվածության սոցիալական ոլորտում։ Մերձավոր Արևելքում միջուկային սպառազինությունների մրցավազք է ընթանում։ Տիրում է կասկածի և լարվածության մթնոլորտը, ինչն անհնար է դարձնում, հատկապես Ասիայում, կառավարման գլոբալ ինստիտուտների հետագա բարեփոխումները։

Սակայն վերադառնանք Մերձավոր Արևելք և փորձենք համադրել գլոբալ կառավարման սցենարներն այս տարածաշրջանում հնարավոր զարգացումների տարբերակների հետ։

«Մնալ նավարկության մե՞ջ», թե՞ «հատվածայնացման» սկիզբ. Արաբական աշխարհում ընթացող գործընթացների նույնիսկ հպանցիկ վերլուծությունից երևում է, որ արտաքին ուժերի շահագրգռվածությունը, մասնավորապես, այն է, որ տարածաշրջանն ավելի կառավարելի դարձնեն. չէ՞ որ ավելի կառավարելի լինելը նշանակում է ոչ միայն ընդլայնել ազդեցության ոլորտները, այլև ենթադրում է ռեսուրսային բազայի արտոնյալ հասանելիություն։ Առաջին հայացքից կարելի է կարծել, թե իրենց նախնական տրամաբանությամբ իրադարձությունները տարածաշրջանում ենթարկվում են «Մնալ նավարկության մեջ» սցենարին։ Չէ՞ որ մեծ հավանականությամբ կարելի է ենթադրել, որ ավտորիտար վարչակարգերի տապալման և փոխակերպման արդյունքում տեղի կունենա (արդեն զգալի չափով տեղի է ունենում) արաբական երկրների որոշակի ապաինդիվիդուալացում։ Ներկա միտումները վկայում են այն մասին, որ այդ երկրներում գրեթե անխուսափելիորեն կմտցվի բոլորի համար ընդհանուր սահմանադրական-ժողովրդավարական ատրիբուտիկա։ Արդյունքում՝ արաբական աշխարհը, իր բոլոր ներքին հակասություններով ու հիմնախնդիրներով հանդերձ, կդառնա ավելի հոմոգեն, քան մինչև հեղափոխական շարժումը, անկախ այն բանից, թե ինչով է այն ավարտվել։ Բայց դրա կողքին, տարածաշրջան կվերադառնա շատ կարևոր, քաղաքակրթական և կրոնական տարր՝ իսլամը, այսինքն՝ տեղի կունենա տարածաշրջանի որոշակի ապասեկուլյարացում։ Հավանաբար, հարկ է համաձայնել նաև այն վերլուծաբանների կարծիքի հետ, որ գոնե սկզբում «Մուսուլման եղբայրների» (ի դեպ, չի մտցված ահաբեկչական կազմակերպությունների ամերիկյան ցուցակում) նման իսլամիստական հոսանքները բավական չափավոր դիրքորոշում կորդեգրեն։

Կան բոլոր հիմքերը ենթադրելու, թե տարածաշրջան քաղաքական իսլամի վերադարձի գործընթացը հիմնականում նման կլինի նրան, ինչ տեղի ունեցավ Թուրքիայում, որտեղ Էրբաքանի գլխավորած ֆունդամենտալիստներին փոխարինելու եկան Ռեջեփ Էրդողանի Արդարություն և զարգացում կուսակցության չափավոր իսլամիստները։ Հայտնի է նաև, որ «չափավոր իսլամիզմի» տեխնոլոգիան շատ բանով հենվում է RAND-ի «Չափավոր իսլամական ցանցերի ձևավորումը» (Building Moderate Muslim Networks)9 նախագծի վրա։ Հիշենք նաև, որ NIC «Գլոբալ միտումներ – 2025. փոփոխվող աշխարհ» զեկույցում կանխատեսվում է, որ «Ալ-Քաիդայի» դերը ժամանակի ընթացքում զգալիորեն կնվազի10։ Քաղաքական իսլամի այսպիսի մոդելը, ի տարբերություն ֆունդամենտալիզմի, ավելի կանխատեսելի է և կառավարելի, ուստի և ավելի ընդունելի է արտաքին աշխարհի համար։ Ի դեպ, այս նմուշի արաբական աշխարհը, հնարավոր է, ավելի մոտ կլինի այդ նույն Թուրքիային (իսկ որոշ իմաստով՝ նաև Իրանին, որը կկորցնի իր բացառիկությունը՝ որպես միակ «իսլամական իսկական պետություն»)11, քան հիմա է։

Միևնույն ժամանակ, ըստ երևույթին «Նավարկության մեջ մնալու» սցենարը տարածաշրջանում կարող է այնքան էլ երկար չտևել։ Օրինակ, եթե շարունակենք համեմատությունն այդ նույն Թուրքիայի հետ, «չափավոր իսլամի» էվոլյուցիան կարող է թեքվել արմատականության կողմը, ինչը խնդիրներ կստեղծի ոչ միայն հարևանների (Իսրայել), այլև ընդհանրապես Եվրոպայի հետ։ Մինչդեռ, «բազմամշակութայնության» դեմ պայքարի գիծ որդեգրած ԵՄ-ն այսօր անջրպետվում է նույնիսկ «չափավոր իսլամացած» Թուրքիայից (ինչը հաճախ իր արտահայտությունն է գտնում դիվանագիտական սկանդալներում)։ Սա նշանակում է, որ կան բոլոր հիմքերը՝ ենթադրելու, թե նման հարաբերություններ կհաստատվեն ԵՄ-ի և արաբական երկրների միջև, եթե այնտեղ գերակշռող լինի քաղաքական իսլամի գաղափարախոսությունը։ Հայտնի է, որ այդ հիմնախնդիրն արդեն ակտուալացվել է՝ կապված աֆրիկյան աշխարհամասից բազմաթիվ փախստականների հետ, և չի թվում, թե այդ գործընթացն առաջիկայում կսկսի նվազել. չէ՞ որ հասարակությունները թանկ են վճարում հեղափոխության համար և երկար ուշքի չեն գալիս կառավարման ապակազմակերպումից ու տնտեսության փլուզումից հետո։

Այսպիսով, արաբական երկրների ներքին մերձեցումը և իսլամացումը կուղեկցվեն Եվրոպայի հետ քաղաքակրթական-գաղափարախոսական սահմանազատմամբ, ինչն իր հերթին կուժեղացնի «Հատվածայնացում» սցենարում նկարագրված աշխարհակարգի ձևավորման միտումները։ Այնինչ, «Նոր Մերձավոր Արևելքը»՝ Մարոկոյից մինչև Պակիստան, ամենևին էլ մնացյալ աշխարհից համեմատաբար «մեկուսացված» ողջ Ասիան չէ, որի մասին խոսվում է NIC–ի և ISS-ի զեկույցում. այդ տարածաշրջանը նաև «հատված» է աշխարհի այդ մասում։

Իսկ ի՞նչ կլինի հետո։ Որոշ վերլուծաբաններ կարծում են, որ «Նոր Մերձավոր Արևելքը» շուտով կդառնա ինքնատիպ «բուֆերային գոտի» Չինաստանի և Արևմտյան աշխարհի միջև։ Մինչդեռ, հենց բուֆերային գոտիներն են ամենից հաճախ դառնում սուր դիմակայության ասպարեզ։ Այնպես որ՝ միանգամայն հնարավոր է, որ «Հատվածայնացումը» շատ շուտով կարող է փոխակերպվել մեկ այլ վիճակի, որը կենթարկվի առավել հոռետեսական՝ «Խաղի իրականությունը. հակամարտությունը գերազանցել է համագործակցությանը» սցենարի տրամաբանությանը։

Հետևություն

ԱՄՆ ազգային անվտանգության առումով «մուսուլմանական գործոնի» ազդեցության հետազոտությունների շրջանակում դեռ 2003թ. RAND կորպորացիայի կողմից իրականացված հետազոտություններից12 մեկում նշվում էր, որ իրավիճակի կտրուկ բարդացումը մուսուլմանական աշխարհում, որը նպաստել է հակաամերիկյան տրամադրությունների աճին և հանգեցրել ողջ աշխարհում ԱՄՆ ազգային շահերը վտանգող սպառնալիքների ավելացմանը, նախևառաջ կապված է 2001թ. սեպտեմբերի 11-ից հետո վարվող ամերիկյան արտաքին քաղաքականության հետ։ Միևնույն ժամանակ, ինչպես ցույց տվեցին հետազոտությունները, այդ գործընթացի բազմաթիվ շարժիչ ուժեր ձևավորվել են ոչ ակնթարթորեն, այլ անցած տասնամյակների ընթացքում և կապված չեն գլոբալ հակաահաբեկչական գործողության հետ։ Նշվում էր նաև, որ ի հայտ եկած միտումների զարգացման շարունակությունն առաջիկա տարիներին անվտանգության կառավարման գործընթացի համար լուրջ խնդիրներ կստեղծի մուսուլմանական աշխարհում, ինչը կհանգեցնի նրան, որ ԱՄՆ-ը էապես կավելացնի քաղաքական և ռազմական ռեսուրսները՝ մոլորակի մուսուլմանական տարածաշրջաններում կայունության պահպանման համար։ Այս առնչությամբ հատուկ շեշտադրվում էր մուսուլմանական աշխարհի փոխակերպման միասնական ռազմավարության ստեղծման խիստ կարևոր նշանակությունը, որը կնպաստեր կրոնական և քաղաքական ծայրահեղականության ազդեցության ու հակաամերիկյան տրամադրությունների նվազմանն աշխարհում։

Հետազոտության ծանրակշիռ արդյունքներից մեկը մուսուլմանական աշխարհի տարբեր ոլորտներում գաղափարախոսական միտումների տիպաբանության զարգացումն էր։ Մշակվել է նաև մուսուլմանական գաղափարախոսության և ընդհանրապես իսլամի տարբեր հոսանքների դասակարգման մեթոդաբանությունը։ Ստեղծված մեթոդաբանությունը հաշվի է առնում մուսուլմանական խմբերի ավելի ճշգրիտ դասակարգումը և թույլ է տալիս նույնականացնել այն տարածաշրջանները, որոնց վրա Միացյալ Նահանգները և նրա դաշնակիցները կարող են հույս դնել՝ իրենց քաղաքականությունը մուսուլմանական աշխարհում առաջ տանելու համար։ Արդյունքում՝ ձևավորվեց, այսպես կոչված, «մուսուլմանական աշխարհի կրոնաքաղաքական քարտեզը», որը թույլ է տալիս նույնականացնել մուսուլմանական աշխարհի հանգուցային պառակտումների և հակասությունների գծերը, նախևառաջ՝ շիաների և սուննիների, ինչպես նաև իսլամական աշխարհի արաբ և ոչ արաբ բնակչության միջև։ Ահա այս և համանման հետազոտությունների արդյունքներն էլ իրենց գործնական իրականացումը գտան 2011թ. ձմռան հեղափոխական իրադարձություններում։

Իսկ վերլուծաբանների մեծամասնությանը մնում է միայն հիանալ նրանով, թե որքան պլանաչափ ու գրագետ են աշխատում «վարպետները» Նոր աշխարհակարգի Տաճարի կառուցման վրա։

1 http://blogs.wsj.com/source/2011/02/25/introducing-the-revolting-index/?KEYWORDS=azerbaijan. Մի փոքր շեղվելով թեմայից՝ նշենք, որ մեր կարծիքով՝ նման ինդեքսի երևան գալը Wall Street Journal-ի բլոգում պատահական չէ, և բանն այստեղ միայն արաբական երկրները չեն։ Գլոբալ տնտեսության վատթարացումը խորացրեց սոցիալական լարվածությունը ողջ աշխարհում և նույնիսկ բարեկեցիկ Եվրոպայում (նկատի ունենալով ոչ միայն Հունաստանը)։ Որոշ ֆուտուրոլոգներ մռայլ կանխատեսումներ են անում նաև ԱՄՆ-ի համար. Միտումների հետազոտման ինստիտուտի տնօրեն Ջերալդ Սելենտեն (որին անվանում են ամերիկյան Նոստրադամուս, քանի որ կանխատեսել է ֆոնդային շուկաների անկումը 1987թ., Խորհրդային Միության փլուզումը և 1997թ. ասիական ճգնաժամը) կարծում է, որ շուտով կգա ամերիկյան հեգեմոնիայի վերջը, և որ Ամերիկային սպասվում են ներքին ապստամբություններ, որոնք կավարտվեն հեղափոխությամբ։

2 «Бархатные революции» в Северной Африке: как это делается в Египте, http://www.csef.ru/studies/defence/projects/theory_of_information_war/articles/1194

3 Այս գործոնի կարևորության մասին է վկայում թեկուզև այն, որ Պետդեպարտամենտը չինարեն, ռուսերեն, հինդի լեզվով միկրոբլոգներ է բացում Twitter կայքում, և այս համատեքստում զարմանալի չէ, որ Մուբարաքի հրաժարականից հետո Բարաք Օբաման (որին կնքել են «on-line նախագահ» անվամբ) առանձին հանդիպում է ունեցել խոշոր IT ընկերությունների ղեկավարների հետ (հաղթողների յուրօրինակ «խրախճանք»)։

4 Уильям Энгдаль, Египетская революция: «творческое разрушение» для Большого Ближнего Востока? http://www.warandpeace.ru/ru/exclusive/view/55198/

5 «Global Governance 2025: Аt a Critical Juncture» արտահայտության մի փոքր ազատ թարգմանությունն է։

6 Global Governance 2025: At a Critical Juncture, National Intelligense Council, Europian Union Institute for Security Studies, September 2010, http://www.iss.europa.eu/uploads/media/Global__Governance_2025.pdf.

7 Զեկույցի հեղինակները համեմատություն են անցկացնում Վիեննայի կոնգրեսից (1814թ.) հետո ստեղծված իրավիճակի հետ, երբ եվրոպական կարգավորման սկզբունքները գործում էին մոտավորապես կես դար։ Տե՛ս Г.Киссинджер, Дипломатия (гл. 4, «Европейский концерт»: Великобритания, Австрия и Россия, с. 66), М., Ладомир, 1994.

8 Տե՛ս Тимофей Бордачев, Новый стратегический союз. Россия и Европа перед вызовами ХХI века: возможности «большой сделки», М., «Европа», 2009. Հիշենք նաև, որ 19-րդ դարի «Եվրոպական կոնցերտը» եվրոպական տերությունները «կատարում» էին Ռուսաստանի հետ միասին։

9 http://www.rand.org/pubs/monographs/2007/RAND_MG574.pdf

10 Նշենք, որ NIC զեկույցի համաձայն՝ ահաբեկչությունը նախկինի նման համաշխարհային սպառնալիք է մնում նաև 2025թ., այն դեպքում, երբ «Ալ-Քաիդան» մոտ ապագայում, ամենայն հավանականությամբ, կդադարեցնի գոյությունը։ «Ալ-Քաիդայի» թույլ տեղերը,- կարծում են NIC փորձագետները,- անիրականանալի ռազմավարական նպատակներն են և զանգվածային աջակցություն գտնել չկարողանալն ու ինքնաքայքայիչ գործողությունները»։

11 Նկատենք, որ այդ գործընթացները, թեև որոշ վերլուծաբաններ հակառակն են պնդում, ըստ էության պետք է նվազեցնեն Իրանի և Թուրքիայի դերը տարածաշրջանում, չնայած նրանց՝ ներկայումս այնտեղ տեղի ունեցող գործընթացներից իրենց շահաբաժիններն ստանալու փորձերին։

12 http://www.csef.ru/studies/politics/projects/russia_future/articles/838/


դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր