• am
  • ru
  • en
Версия для печати
03.02.2011

ԹԵՐԹԱՔԱՐԱՅԻՆ ԳԱԶԻ ՈՒՐՎԱԿԱՆԸ

EnglishРуский

   

Սերգեյ Սարգսյան

Ս.Սարգսյան՝ «Նորավանք» ԳԿՀ Քաղաքական հետազոտությունների կենտրոնի ղեկավարի տեղակալ

Մաս 1. Լավատեսական հույսեր

Շատերի համար անսպասելիորեն Ամերիկայի Միացյալ Նահանգները 2008թ. շեշտակի՝ 7,5%-ով կամ 41,7 մլրդ մ3-ով ավելացրեց բնական գազի սեփական արտադրությունը, իսկ 2009-ին՝ արդյունահանելով 624 մլրդ մ3, այդ ցուցանիշով առաջ անցավ Ռուսաստանից, որն արդյունահանել էր «ընդամենը» 582 մլրդ մ3։

ԱՄՆ-ը նման հաջողության հասավ ի հաշիվ թերթաքարային գազի1 արդյունահանման, գազ, որը պարունակվում է թերթաքարի շերտերում. հինգ գազահանքից արդյունահանվեց 80 մլրդ մ3։ Կանխատեսվում է2, որ թերթաքարային գազի արդյունահանումն ԱՄՆ-ում մինչև 2035թ. տարեկան միջինը կաճի 5,3%-ով՝ 2015թ. հասնելով 109 մլրդ մ3-ի (բնական գազի արդյունահանման ընդհանուր ծավալի մոտ 20%-ը), իսկ 2030թ.՝ 156 մլրդ մ3-ի (24,6%)։

ԱՄՆ-ը այս ցուցանիշներին ձգտում էր համառորեն և երկար ժամանակ. առաջին թերթաքարային գազահորն ԱՄՆ-ում հորատվեց դեռ 1821թ.։ Թերթաքարային բնական գազն աննշան ծավալներով արդյունահանվում է արդեն մոտ 100 տարի։

1946թ. ԱՄՆ միլիարդատեր Ջորջ Փ.Միչելը (George Phydias Mitchell) ստեղծեց նավթա-գազարդյունահանման «Mitchell Energy & Development» խոշոր ընկերությունը։ 17 տարվա ընթացքում այն թերթաքարի շերտերի արդյունավետության բարձրացման տարբեր տեխնոլոգիաների ներդրման փորձարկումներ էր կատարում։ Եվ միայն 1981թ. Barnett հանքավայրում սկսվեց դրա առաջին արդյունաբերական արտադրությունը։ Արդյունահանման մակարդակի բարձրացումը սկզբում դանդաղ էր ընթանում. 1990-ականների վերջին այն կազմում էր մոտ 13 մլրդ մ3։ Հորիզոնական հորատման տեխնոլոգիայի յուրացումից հետո 2002թ. (2001-ին «Mitchell Energy & Development»-ը վաճառվեց «Devon Energy» ընկերությանը $3,5 մլրդ-ով) հորատանցքերի արդյունավետությունը զգալիորեն ավելացավ, իսկ հորիզոնական հորատման տեխնոլոգիաներին զուգընթաց թերթաքարի շերտի հիդրոճեղքման տեխնոլոգիան3 օգտագործելն ապահովեց հորատանցքի դեբիտի հարյուրավոր անգամներով ավելացումը, ինչը բեկում մտցրեց թերթաքարե հանքահորերի արդյունաբերական յուրացման մեջ. 2009թ. արդեն արդյունահանվեց 67 մլրդ մ3 (ԱՄՆ-ում գազարդյունահանման ընդհանուր ծավալի 11,3%-ը)։ Իսկ 2020թ., Wood Mackenzie-ի կանխատեսմամբ, թերթաքարային գազի բաժինն ԱՄՆ գազի ընդհանուր արդյունահանման մեջ կարող է հասնել 35%-ի4։

Թերթաքարային գազի արդյունահանման նոր տեխնոլոգիաների գործնական ներդրումը հնարավորություն ստեղծեց արմատապես վերագնահատել ԱՄՆ-ում բնական գազի արդյունահանվող պաշարների ծավալների ավելացումը 36,8 տրլն-ից մինչև 58,7 տրլն մ3-ի։ Ելնելով ընթացիկ ամենամյա սպառումից՝ դա սեփական պահանջմունքները կբավարարի մոտավորապես 90 տարի։

Ինչ վերաբերում է բուն թերթաքարային գազին, ապա ԱՄՆ-ում դրա ապացուցված պաշարները կազմում են մոտ 1 տրլն մ3, այն դեպքում, երբ կանխատեսվող պաշարները հասնում են մոտ 20 տրլն-ի։ ԱՄՆ-ում այդ գազի խոշոր հանքավայրերն են՝ Barnett-ը (Տեխասի նահանգ, ապահովում է թերթաքարային գազի ամբողջ հանույթի մոտ կեսը), Haynesville-ը, Fayetteville-ը և Marcellus-ը (որի գազի պաշարները գնահատվում են մոտավորապես 14 տրլն մ3։

ԱՄՆ-ում թերթաքարային գազի արտադրության ավելացումը հանգեցրեց ներմուծվող գազի ծավալների կրճատման (հիմնականում կրճատվեց հեղուկ բնական գազի (ՀԲԳ) ներմուծման ծավալը), որը մատակարարները շտապեցին Եվրոպա ուղարկել, ինչն առաջ բերեց 22%-ով դրա ներմուծման ավելացում։ Քանի որ դա տեղի էր ունենում, նախ, շարունակվող տնտեսական ճգնաժամի ֆոնին, որը պայմանավորեց գազի սպառման նվազում 6%-ով, և երկրորդ՝ քանի որ ազատականացվեցին գազի վերջնական սպառողների՝ գազատար համակարգից օգտվելու և մատակարարումների աղբյուրների դիվերսիֆիկացման պայմանները, ՀԲԳ գներն իջան մինչև $70-90-ի (մատակարարումներ Կատարից)։ Եվ սպառողները նախապատվությունը տվեցին դրան, քանի որ ռուսական «Գազպրոմ» կոնցեռնը գազը եվրոպական երկրներ էր մատակարարում միջինը $270-275-ով՝ 1000մ3-ի դիմաց։

ԱՄՆ օրինակը հանգեցրեց այն բանին, որ տեղական թերթաքարային գազի արտադրության հնարավորությունը դարձավ զանգվածային լրատվամիջոցներում ամենից շատ քննարկվող թեման փորձագիտական հանրության և քաղաքական վերնախավի կողմից։

Թերթաքարային գազի շուրջ առաջացած աշխուժությունը խթանվում է փորձագիտական մի շարք կանխատեսումներով։ Օրինակ, Միջազգային էներգետիկական գործակալության5 վերլուծաբանները կարծում են, որ 2035թ. թերթաքարային գազին բաժին կընկնի բնական գազի համաշխարհային հանույթի քառորդ մասը։

Ըստ որոշ գնահատումների՝ ոչ ավանդական աղբյուրները կարող են գազի համաշխարհային պաշարներն ավելացնել 3,5 անգամ, ընդ որում՝ այդ նոր պաշարների մի մասը գտնվում է աշխարհի «կայուն» մասերում, մասնավորապես՝ Եվրոպայում։ Միջազգային էներգետիկական գործակալությունը ոչ ավանդական գազի համաեվրոպական պաշարները գնահատում է 35 տրլն մ3։ Թեև դա զգալիորեն քիչ է, քան Հյուսիսային Ամերիկայում և Ռուսաստանում, բայցևայնպես, այդ պաշարները կբավականացնեն, որպեսզի 40 տարի փոխարինեն գազի ներմուծմանը սպառման ներկայիս մակարդակով6։

Սակայն ներկայումս արդյունաբերական մասշտաբներով թերթաքարային գազի արտադրությամբ զբաղվում են միայն ԱՄՆ-ը և Կանադան7, և մինչև երկրաբանական որոնումների արդյունքներն ստանալը՝ այլ երկրներում դրա պաշարների հնարավոր առկայության վերաբերյալ կարելի է դատել մոտավորապես, ԱՄՆ հանքավայրերի երկրաբանական նմանությամբ։ Նշվում է, որ գազաբեր թերթաքարային հանքահորեր հանդիպում են ավանդական էներգառեսուրսների՝ նավթի, գազի կամ ածխի հանքաշերտերի հարևանությամբ։ Այսպես, Եվրոպայում և Չինաստանում թերթաքարային գազի պաշարները գնահատման այդ մոտավոր մեթոդիկայով կարող են կազմել մոտավորապես 10-15 տրլն մ3։

Ենթադրվում է, որ Եվրոպայում թերթաքարային գազի պաշարներ կան Գերմանիայում, Ավստրիայում, Լեհաստանում, Ուկրաինայում, Ռումինիայում և Շվեդիայում։

Շվեդիայում Shell PLC ընկերությունը դեռ 2009թ. սկսեց թերթաքարային գազահանքերի հորատումը, այդ գազը, ըստ կանխատեսումների, նրան 10 տարի կբավականացնի լրիվ ինքնապահովման համար8։

Առավել հեռանկարային է թերթաքարային գազի հանքաշերտերի հետախուզումը Լեհաստանում, որի կառավարությունը խիստ ակտիվ է այդ գործընթացին օտարերկրյա էներգետիկական ընկերություններ ներգրավելու հարցում։ 2009-2010թթ. ավելի քան 400 հազար հեկտար տարածության վրա, լեհական պետական PGNiG նավթագազային ընկերությունից բացի, երկրաբանահետախուզական աշխատանքներ իրականացնելու արտոնագրեր ստացան նաև այնպիսի հայտնի կորպորացիաներ, ինչպիսիք են ամերիկյան ExxonMobil-ը, ConocoPhillips-ը, Marathon Oil-ը, Chevron-ը, կանադական Talisman Energy-ն և այլն։ Ընթացիկ տարվա ավարտին արդեն սպասվում է, որ կստացվեն հետազոտությունների առաջին արդյունքները։

Երկրի հյուսիս-արևմուտքում արդեն հայտնաբերվել են հզոր թերթաքարե շերտեր՝ մինչև 200 մետր հաստությամբ, 2-3 կմ խորության վրա։ Wood Mackenzie քոնսալթինգային ընկերության գնահատականներով՝ թերթաքարային գազի պաշարները Լեհաստանի հյուսիսային և կենտրոնական շրջաններում կարող են հասնել 1,36 տրլն մ3-ի։

Սակայն առավել լավատեսական կանխատեսումներով, հաշվի առնելով երկրի հարավ-արևելքում թերթաքարային գազահանքերի առկայությունը՝ դրա պաշարները կարող են հասնել նաև 12 տրլն մ3-ի, և արդեն 2020թ. թերթաքարային գազի արդյունահանումը կարելի կլինի հասցնել մինչև տարեկան 20 մլրդ մ3-ի, ինչը կապահովի սեփական պահանջարկը և կազատի առաջին հերթին Ռուսաստանից ներմուծման կախվածությունից։

Ուկրաինան նույնպես հետաքրքրված է երկրաբանահետախուզական աշխատանքների իրականացմամբ և թերթաքարային գազի ու ածխային մեթանի արդյունահանմամբ՝ ամերիկյան Shell և ExxonMobil ընկերությունների հետ միասին։ Այստեղ թերթաքարի հանքաշերտեր կան Կարպատների ուկրաինական մասի ողջ երկայնքով։ Մենիլիտային թերթաքարերի ընդհանուր երկրաբանական պաշարները գնահատվում են 520 մլրդ տոննա։ Լվովի մարզի տարածքում հայտնաբերվել է հինգ, Իվանո-Ֆրանկովսկի մարզում՝ վեց, Զակարպատիեում՝ երկու, Չեռնովիցկու մարզում՝ մեկ հանքավայր9։ Կիևը նախատեսում է դրանցից գազի արդյունահանումն արդեն երեք-չորս տարի հետո հասցնել տարեկան 7-10 մլրդ մ3-ի։

«Թերթաքարային հեղափոխության» հաջողություններն ԱՄՆ-ում ունեն ոչ միայն տնտեսական նշանակություն. շատ փորձագետներ դա դիտարկում են որպես աշխարհի գլոբալ նոր աշխարհաքաղաքական քարտեզի ձևավորման հիմք։ Ենթադրվում է, որ ԱՄՆ-ում, Եվրոպայում և Չինաստանում թերթաքարային գազի արդյունահանման շեշտակի ավելացման ուղղակի հետևանքները կարող են լինել.

  1. Առաջատար գազարդյունահանող երկրները, առաջին հերթին՝ Ռուսաստանը, Իրանը և Վենեսուելան, կկորցնեն գազի մատակարարի իրենց դիրքն օգտագործելու հնարավորությունը սեփական ռազմաքաղաքական նպատակներին հասնելու համար։
  2. Կնվազի Չինաստանի աջակցությունն Իրանին, համապատասխանաբար՝ ի հայտ կգա Թեհրանի վրա միջազգային հանրության ճնշման ուժեղացման հնարավորություն՝ նրա միջուկային ծրագրի մշակման հարցի հետ կապված, որը, Վաշինգտոնի և Երուսաղեմի կարծիքով, չի կարող ռազմական հավելված չունենալ։
  3. Կվերանա Իրանի՝ նոր ԱԷԿ-ներ կառուցելու անհրաժեշտության տնտեսական հիմնավորումն այն իրավիճակում, երբ արդյունահանված, բայց պահանջարկ չվայելող գազը (քանի որ Եվրոպան իրեն ապահովում է թերթաքարային գազով) կուղղվի սեփական ոչ միջուկային էներգետիկայի կարիքները հոգալուն։
  4. Կնվազի ԱՄՆ Ռազմածովային ուժերի կողմից Հարավարևելյան Ասիայի նեղուցների (որոնցով Չինաստանն ստանում է ներմուծվող էներգակիրների հիմնական մասը) վերահսկողության առնչությամբ Պեկինի արձագանքի «զգայականությունը», այն պակաս «հիվանդագին» կդառնա։
  5. Անիմաստ կդառնա գազային կարտելի ստեղծումը ՕՊԵԿ-ի համանմանությամբ։
  6. Անշահավետ կդառնա ռուսական երկու գազատարների՝ Հյուսիսային և Հարավային հոսքերի կառուցումը, որոնք Մոսկվայի համար ռազմավարական կարևոր նշանակություն ունեն։
  7. Արտադրող երկրները կհրաժարվեն գազի գինը կապել նավթի գնի հետ։
  8. Առաջ կգա բնական և հեղուկ գազի համաշխարհային գների նկատելի իջեցում։

Եվրոպայի կողմից ներմուծվող գազի զգալի քանակությունից հրաժարվելն անմիջական առնչություն ունի Հայաստանի հետ, մասնավորապես՝ Հարավային Կովկասի տարածաշրջանում ուժերի աշխարհաքաղաքական հավասարակշռության վերաբաշխման (կնվազի Ռուսաստանի և Իրանի քաղաքական-տնտեսական ազդեցությունը), ինչպես նաև այն բանի հետ կապված, որ Ադրբեջանը կկորցնի միջնաժամկետ հեռանկարում նավթի արդյունահանումից և արտահանումից ստացվող եկամուտների անկումը գազից ստացվող եկամուտներով փոխարինելու հնարավորությունը։ Դա, ընդհանուր առմամբ, կարող է հանգեցնել ինչպես երկրի սոցիալ-տնտեսական իրավիճակի վատթարացման՝ դրան հաջորդող քաղաքական կայունության նվազմամբ, այնպես էլ Բաքվի արտաքին քաղաքական ակտիվության, առաջին հերթին՝ խաղաղ բանակցային գործընթացի միջոցով ԼՂ հակամարտության լուծման հարցի վերաբերյալ։

Սակայն, երկրի էներգետիկ հաշվեկշռում թերթաքարային գազի բաժնի ավելացման (ընդհուպ մինչև լիակատար ինքնապահովում) ԱՄՆ փորձի մեխանիկական փոխադրումը եվրոպական աշխարհամաս այնքան էլ կոռեկտ չի թվում մի շարք պատճառներով։

Որոշակի հարցեր է առաջ բերում ինչպես թերթաքարային գազի արդյունահանման տեխնոլոգիայի անվտանգությունը, այնպես էլ դրա հայտարարված ինքնարժեքը։

Ներկայումս արտադրողներից դեպի սպառողներ համաշխարհային գազի հոսքերի վերաբաշխման պատկերը՝ պայմանավորված «թերթաքարային հեղափոխությամբ», դեռ միանշանակ և հասկանալի ուրվագծեր չի ստացել, ինչը վկայում է, մասնավորապես, այն, որ Շտոկմանի հսկայական գազահանքից գազի հանույթի հեռանկարների մասին որոշումը Ռուսաստանը, լավագույն դեպքում, կայացնելու է 2011թ. ընթացքում։

1Թերթաքարային գազն այսպես կոչված ոչ ավանդական գազի (անգլ. unconventional gas) տեսակներից է, այսինքն՝ բնական գազ, որը պարունակվում է կավե թերթաքարի հանքատեսակներում, ածխի շերտերում, խիտ ավազաքարերում, որոնք գտնվում են երկրաբանական խոր գոտիներում, ոչ բարձր ճնշման տակ։

2ԱՄՆ էներգետիկայի նախարարության վիճակագրական գործակալության կանխատեսումներով, http://www.energy.gov

3Շերտի հիդրոճեղքումը նավթի և գազի հորատանցքերի ինտենսիֆիկացման մեթոդ է, որով շերտում ճեղքեր են ստեղծվում դեպի հանքախորշ արդյունահանվող ռեսուրսի՝ գազի, ջրի, խտանյութի, նավթի և այլն, հոսքի ապահովման համար։ Շերտի հիդրոճեղքման տեխնոլոգիան ներառում է հզոր պոմպակայանների օգնությամբ ճեղքման հեղուկ (որի կազմում կան մածուկ, ավազ, ջուր կամ թթուներ, որը քայքայում է շերտի ճեղքերի պատերը) մղել հորատանցք՝ նավթագազաբեր շերտի ճնշումից բարձր ճնշման տակ։ Այնուհետև ջուրը դուրս են մղում, իսկ ավազը լցնում է լայնացած ճեղքերը և ազատ դուրս է թողնում գազը դեպի հորատանցք, որով այն մակերևույթ է դուրս գալիս։ Առաջին անգամ շերտի հիդրոճեղքում կատարել է Halliburton ընկերությունը 1949թ.։

4«Коммерсантъ» թերթ, №188, 11 հոկտեմբերի 2010թ.։

5 http://www.iea.org

6«Business New Europe», 20.01.2010.

7Կանադայում թերթաքարային գազ արդյունահանվում է երկու հանքավայրում՝ Horn River-ում և Montney-ում։ Կանադական National Energy Board-ի մասնագետների կարծիքով՝ 2020թ. թերթաքարային գազի և խիտ ավազաքարերից գազի հանույթը երկրում կհասնի տարեկան 200 մլրդ մ3-ի։

8 http://naer.gov.ua/archives/2064

9Նույն տեղում։

«Գլոբուս Էներգետիկ և տարածաշրջանային անվտանգություն», թիվ 1, 2011

դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր