• am
  • ru
  • en
Версия для печати
07.06.2010

ԱՆԴՐԿԱՍՊՅԱՆ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՌԱԶՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՌԻՍԿԵՐԸ

EnglishРуский

   

Սերգեյ Սարգսյան

00 expert.ru.jpg (original)Կասպից ծովում պետական սահմաններին և նավագնացությանը վերաբերող իրավաբանա-իրավական հարցերը մինչև ԽՍՀՄ փլուզումը լուծվում էին երկու փաստաթղթի հիման վրա. Խորհրդային Ռուսաստանի և Պարսկաստանի միջև 1921թ. պայմանագրով և ԽՍՀՄ-ի ու Իրանի միջև առևտրի և նավարկության մասին 1940թ. պայմանագրով։

Կասպից ծովի շուրջ նորանկախ պետությունների ձևավորումը չեղյալացրեց այդ պայմանագրերի գործողությունը, և դրանց փոխարինելու եկան երկկողմ պայմանագրերը Ադրբեջանի, Ռուսաստանի և Ղազախստանի միջև, որոնք վերաբերում են, առնվազն, հյուսիսային Կասպիային։

Միևնույն ժամանակ, ծովի կարգավիճակի որոշման և բաժանման վերաբերյալ անհրաժեշտ կոնսենսուսի բացակայությունը նշանակում է, որ բաց է մնում միջազգային սահմանների մասին հարցը նրա կենտրոնական և հարավային հատվածներում։

Ռուսաստանը և Ղազախստանը հանդես են գալիս Կասպիայի հատակը և ռեսուրսները բաժանելու օգտին, բայց ցանկանում են, որ կասպյան ջրավազանը մնա ընդհանուր օգտագործման և մերձափնյա երկրների համար որոշվեն քվոտաներ ձկնարդյունաբերության համար։

Թուրքմենստանը համանման դիրքորոշում ունի, այն է՝ առաջարկում է որոշել տարածաշրջանի յուրաքանչյուր երկրի բաժինը էներգետիկ և ձկնային ռեսուրսների արդյունահանման հարցում, բայց ծովի կենտրոնական հատվածը թողնել համատեղ օգտագործման համար։

Ադրբեջանն առաջարկում է Կասպիայի վրա տարածել միջազգային ծովային իրավունքի նորմատիվները, այսինքն՝ հստակ որոշել և՛ հատակի, և՛ ջրավազանի պետական պատկանելությունը։

Իրանի դիրքորոշումն առավել կոշտն է. Կասպիան պետք «արդարացիորեն բաժանել՝ բոլոր երկրներին հատկացնելով 20-ական տոկոս։ Ջրավազանն ընդհանուր օգտագործման մնալու դեպքում տարածաշրջանի յուրաքանչյուր երկիր պետք է ունենա նավթագազային և ձկնային ռեսուրսների յուրացման հավասար բաժին։

Բացի այդ, Իրանը հանդես է գալիս «երեք դեմ»-երի ծրագրով.

  • Ծովի հատակով խողովակաշար չպետք է անցնի,
  • Ղազախստանի նավթն անդրկասպյան երթուղով չպետք է հասնի Բաքու-Թբիլիսի-Ջեյհան (ԲԹՋ) նավթատարին՝ երկյուղներ ունենալով ծովի էկոլոգիայի առնչությամբ,
  • Կասպյան տարածաշրջանում չպետք է լինեն օտարերկրյա ռազմակայաններ։

Կողմերը Կասպից ծովի կարգավիճակի և պետական ծովային սահմանների որոշման հարցում ունեցած դիրքորոշումներով պաշտպանում են իրենց տնտեսական շահերը և, առաջին հերթին, նավթագազային ոլորտում։

Աղյուսակ 1
Կասպից ծովի նավթի ու գազի ռեսուրսների բաշխումն ըստ երկրների, դրա բաժանման տարբերակների դեպքում1

100 (original)

Որտեղ`

Ա – բաժանումն է ըստ միջին գծի 26մ խորության վրա

Բ – բաժանումն է ըստ միջին գծի 28մ խորության վրա

Գ – բաժանումն է ըստ միջին գծի 28մ խորության վրա, ռուս-ղազախական հատվածը հավասարաչափ է բաժանվում

Դ – բաժանումն է ըստ միջին գծի 28մ խորության վրա, ռուս-ղազախական հատվածը բաժանվում է Ղազախստանի պայմաններով

Ե – բաժանումն է ըստ «պրագմատիկ» գծի (հաշվի առնելով արդեն առանձնացված և/կամ մշակվող հանքավայրերը)

Զ – ազգային իրավասության 10 մղոնանոց գոտին է, հավասար իրավունք մնացած ռեսուրսների հանդեպ

Տնտեսական գործունեության, և առաջին հերթին` գազա- և նավթարդյունահանման գծով, և դրանց փոխադրման ակտիվացումը վաղ թե ուշ պետք է հանգեցներ մերձկասպյան պետությունների շահերի բախման:

Մասնավորապես, մինչև այժմ լուծված չէ «Օսման» և «Խազար» (ադրբեջանական տարբերակով` «Չրաղ» և «Ազերի») հանքավայրերի պատկանելության հարցը, որոնցում արդյունահանումը կատարվում է այսպես կոչված «Դարի պայմանագրի», ինչպես նաև «Ալթըն Ասըր» (ադրբեջանական տարբերակով` «Շարգ») նախագծի շրջանակներում: Աշգաբադը մեկ անգամ չէ, որ հայտարարել է այն մասին, որ դրանք զավթել է Ադրբեջանը, և որ նա պաշտպանելու է իր դիրքերը հնարավոր բոլոր միջոցներով:

Մանր միջադեպերի և թյուրիմացության ֆոնին լայնորեն հայտնի դարձավ 2001թ. հուլիսին վիճելի տարածքից («Ալով» նավթային պլատֆորմի մերձակայքում) Իրանի ՌԾՈւ նավերի կողմից ադրբեջանական «Երկրաֆիզիկոս», «Ալիֆ Հաջիև» գիտահետազոտական նավերի ուժային վտարումը, որոնք նավթ էին հետախուզում «British Petroleum»–ի համար:

Կասպիայի սահմանները որոշելու հարցում փոխզիջման հասնելու անհնարինությունը և տարածաշրջանի պետությունների միջև առկա հակասությունները նավթի ու գազի վիճելի հանքավայրերի պատկանելության շուրջ հանգեցրել են այն բանին, որ փորձ է արվում ցանկալի արդյունքի հասնել իրենց Զինված ուժերը (հատկապես ռազմածովային) հզորացնելու միջոցով:

Դեռ ԽՍՀՄ փլուզման գործընթացում անկախ Ադրբեջանի իշխանությունները դրեցին Կասպյան նավատորմիկի բաժանման հարցը, որն էլ տեղի ունեցավ 1992թ. գարուն-ամռանը (1992թ. ապրիլի 16-ի արձանագրությամբ): Ադրբեջանն ստացավ նավատորմիկի նավերի մոտ 25%-ը (17 մարտական նավ և ռազմանավակ, որոնց մի մասն այդ ժամանակ արդեն մարտական արժեք չէր ներկայացնում) և դրա ողջ ենթակառուցվածքն իր երկրի տարածքում:

Ղազախստանը և Թուրքմենստանը նավատորմիկի բաժանման ժամանակ «կամավոր-հարկադրական» կարգով հրաժարվեցին իրենց բաժնից: 1993-97թթ. Ղազախստանը փորձեց փոքր տարողությամբ ռազմական նավեր արտադրել սեփական ուժերով, բայց անհաջողությունից հետո, նախագահ Նուրսուլթան Նազարբաևի 1997թ. նոյեմբերի 17-ի հրամանով, Ղազախստանի ռազմածովային ուժերը լուծարվեցին:

Ավելի ուշ, 2003թ. փետրվարի 17-ին Ղազախստանի պաշտպանության նախարար Մուխթար Ալթինբաևը հայտարարեց 2010-15թթ. ազգային ռազմածովային ուժեր ձևավորելու մտադրության մասին, որոնք, ըստ նրա, պետք է «ապահովեն Կասպիայի նավթաբեր շրջանների անվտանգությունը, որտեղ օտարերկրյա մեծ ներդրումներ են կատարվել»: Եվ թեև ՂՀ ղեկավարության այսօրինակ պլանները վաղուց գոյություն ունեին, այս անգամ ռուսական կողմն առաջին անգամ բավական կտրուկ արձագանքեց. արդեն փետրվարի 26-ին ՌԴ փոխարտգործնախարար Վիկտոր Կալյուժնին հայտարարեց, թե «իմաստ չունի նոր զինված ուժեր ստեղծել Կասպիայում, ինչպես առաջարկում է Ղազախստանը»:

Անհրաժեշտ է նշել, որ ՌԴ-ն ընդհուպ մինչև 2002թ. ակտիվորեն փորձում էր ապառազմականացնել Կասպից ծովը, մասնավորապես` Մոսկվան առաջարկում էր դիտարկել ՌԴ Պետդումայի` պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի նախագահ Անդրեյ Նիկոլաևի փուլային պլանը: Ըստ այդ պլանի` առաջին փուլում մերձկասպյան պետությունները (Ռուսաստան, Իրան, Ադրբեջան, Ղազախստան և Թուրքմենստան) պետք է համաձայնագիր ստորագրեին, որով պարտավորություն պետք է ստանձնեին չավելացնելու Կասպիայում իրենց ունեցած ռազմածովային ուժերը, իսկ երկրորդ փուլում` հրաժարվեին տորպեդոներ, հրթիռներ և ականազենք կրող մարտանավերից, միաժամանակ արգելելով ստորջրյա ուժերը, պահպանելով միայն սահմանապահ ծառայության, ձկնապահպանության և փրկարար նավերը:

Եվ իսկապես, մինչև 2002թ. Կասպիայի Ռազմածովային նավատորմի ռազմատեխնիկական վերազինումը զարգանում էր սահմանապահ և ձկնապահ ծառայությունների ոչ մեծ ռազմանավակների ձեռքբերման շրջանակներում, որոնք հրաձգային սպառազինում ունեին:

Կասպից ծովի իրական ռազմականացման ազդանշան հանդիսացավ 2002թ. ապրիլին լիճ-ծովի կարգավիճակի որոշման հարցերին նվիրված գագաթաժողովի ձախողումը, երբ մերձկասպյան հինգ պետությունների աշգաբադյան հանդիպման ժամանակ ոչ մի փաստաթուղթ չստորագրվեց:

Ի պատասխան` այդ նույն` 2002թ. Մոսկվան վճռականություն ցուցաբերեց օգտագործել իր նավատորմը սեփական տնտեսական շահերը պաշտպանելու նպատակով` տարածաշրջանում խոշոր ռազմածովային վարժանքներ անցկացնելով (Ադրբեջանի ՌԾՆ և Ղազախստանի ՌՕՈւ մասնակցությամբ), որոնց ընթացքում մշակվեցին պահպանական գործառույթների համալիրն ու ձկնագողերի դեմ պայքարի մեթոդները:

Այս զորավարժությունների նախապատրաստման շրջանում Ադրբեջանը փորձեց իր ռազմական անվտանգության համար Ռուսաստանի կողմից նախապես երաշխիքներ ստանալ հորատման և ածխաջրածինների արդյունահանման շրջաններում, այդ թվում նաև վիճելի տարածքներում: Սակայն հատուկ հանձնարարությունների գծով դեսպան, ՌԴ ԱԳՆ աշխատանքային խմբի ղեկավար Անդրեյ Ուռնովը հայտարարեց, որ Մոսկվան, ողջունելով մերձկասպյան երկրների, մասնավորապես` Իրանի ու Ադրբեջանի ձգտումը` Կասպիայի վիճելի խնդիրները լուծել խաղաղ ճանապարհով, չի բռնելու որևէ մեկի կողմը կասպյան հանքավայրերի շուրջ երկկողմ հակամարտություններում ու վեճերում:

Որպես հետևանք` Ադբեջանն ակտիվացրեց գործնական համագործակցությունն ԱՄՆ-ի հետ: Արդեն 2003թ. օգոստոսի կեսին Բաքվում անցկացվեցին նավթա- և գազարդյունահանման պլատֆորմների պահպանության «GOPLAT» ռազմածովային զորավարժությունները` ԱՄՆ տասնութ ռազմածովայինների մասնակցությամբ: Առաջին անգամ իրապես (թեև խորհրդանշական ձևով) ամերիկյան զինվորականները հայտնվեցին Կասպիայում:

Մոսկվան պաշտոնապես այս զորավարժություններին բավական զուսպ վերաբերվեց, սակայն տառացիորեն մի շաբաթ անց սեփական ռազմածովային զորավարժություններ անցկացրեց, որոնց ընթացքում, արդեն ավանդական դարձած «ձկնագողերի ու ահաբեկիչների» դեմ պայքարի» կողքին, մշակվեցին պայմանական հակառակորդի գրոհներին դիմադարձելու խնդիրները վերջրյա նավերի միջոցով, որոնք ենթարկվեցին հրթիռա-հրետանային հարվածների, արձակվեցին թևավոր հրթիռներ:

Վարժանքների քողի ներքո 2003թ. օգոստոսի 31-ին Կասպյան նավատորմիկի մարտական կազմը համալրվեց «Թաթարստան» պարեկանավով, որը, բացի տորպեդա-հրետանային սպառազինությունից, ուներ նաև 2 ПУ (4-ական կոնտեյներով) «Ուրան» թևավոր հրթիռ, որոնք կարող են ոչնչացնել հակառակորդի 5000 տ ջրատարողությամբ նավերը և ափամերձ ենթակառուցվածքի օբյեկտները 130 կմ հեռավորությամբ:

Մի ամիս անց, 2003թ. սեպտեմբերի վերջին, Իրանն, իր հերթին, հայտարարեց Կասպից ծովի ջրեր «Փեյքան» հրթիռանավն իջեցնելու մասին: ԻԻՀ ռազմաքաղաքական ղեկավարությունը որոշում ընդունեց Կասպից ծովում օպերատիվ-տակտիկական միավորում` էսկադրա իջեցնելու մասին, որի կազմում վերջրյա և ստորջրյա նավերի մի քանի բրիգադ և դիվիզիոն կար, ինչպես նաև օժանդակ նավեր ու ծովային ավիացիա: Իրանն ի վիճակի է կարճ ժամանակում ավելացնել Կասպիայի իր նավերի խմբավորումը` Պարսից ծոցից այստեղ ռազմանավակներ տեղափոխելու հաշվին: Սակայն իրավիճակի ապակայունացման հիմնական վտանգը նավթարդյունահանման շրջաններում Իրանի ունեցած 3 գերփոքր սուզանավերն են (կառուցվել են ըստ հյուսիսկորեական նախագծի), որոնք ի վիճակի են 120 մղոն անցնել` լողորդ-պայթեցնողի հետ (այսինքն` դրանց գործունեության գոտին Կասպից ծովի ողջ ջրավազանն է ընդգրկում): Իրանցի մարտական լողորդների դպրոցը նույնպես գտնվում է Կասպիայում ՌԾՈւ հրամանատարության տրամադրության տակ:

Հատուկ, «միջանկյալ» դիրք գրավելով Կասպից ծովի կարգավիճակի որոշման հարցում` Թուրքմենստանն իր Ռազմածովային ուժերի համար այդ հանգամանքն օգտագործում է ինչպես Ռուսաստանից, այնպես էլ Իրանից այդ թվում և ռազմածովային օգնություն ստանալու նպատակով: Այսպես, Թեհրանը Աշգաբադին երկար ժամանակով վարձակալության է տվել առափնյա պաշտպանության 7 ռազմանավակ, իսկ Մոսկվան, ըստ պայմանագրի, ոչ միայն ռազմատեխնիկական օգնություն կցուցաբերի, այլև կպատրաստի նրա ՌԾՈւ անձնակազմը: Թուրքմենստանի ՌԾՈւ մինչև 2015թ. զարգացման պլաններում նախատեսվում է գնել 2 փոքր հրթիռակիր նավ և կառուցել ՌԾՆ բազա:

Զգալիորեն ավելի ինքնուրույն դիրքորոշում է որդեգրել Ղազախստանը. չհրաժարվելով Ռուսաստանի ռազմատեխնիկական օգնությունից՝ այն միևնույն ժամանակ հասկանալ է տալիս, որ պատրաստ է այն ընդունել առաջին փուլում, իսկ հետագայում ՌԾՈւ-ն կկառուցի ըստ ՆԱՏՕ նմուշի և հենվելով սեփական արտադրական հզորությունների վրա։ Որպես հետևանք՝ դեռ 2007թ. 500-1000 տ ջրատարողությամբ ռազմանավեր ձեռք բերելու համար հայտարարված մրցույթում հաղթեց Հարավային Կորեան։ Մինչև 2025թ. ՌԾՈւ զարգացման հայեցակարգի դրույթների համաձայն՝ հանրապետությունը ծրագրում է ոչ միայն փոքր ու միջին տարողության նավեր գնել, այլև ինքնուրույն արտադրություն սկսել։

Ընդհանուր առմամբ, վերջին 15 տարիներին ռազմանավերի ընդհանուր թիվը Կասպիայում ավելի քան կրկնակի ավելացել է, դրանց մարտական հզորությունը որակապես նոր մակարդակի է բարձրացել, ակտիվորեն աճում է առափնյա ենթակառուցվածքը։

Կասպիայում սպառազինությունների մրցավազքի մշտական համալրում պետք է սպասել Թուրքիայի ՌԾՈւ փուլային վերազինման և նավատորմի կազմից դուրս բերվող նավերն ու ռազմանավակներն Ադրբեջանին հանձնելու հետ կապված։ Սպառազինությունների մրցավազքը Կասպիայում օբյեկտիվորեն կնպաստի Ադրբեջանի ԶՈւ մարտունակության և մարտական պատրաստության, զինծառայողների բարոյական-մարտական ոգու բարձրացմանը, ինչը Ղարաբաղյան հիմնախնդիրը ռազմական ճանապարհով լուծելու փորձի լրացուցիչ խթան կհանդիսանա։

Այն, որ Իրանը ծովում դիվերսիոն գործողություններ վարելու ուժ և միջոցներ ունի, ԱՄՆ-ին ստիպում է կասպյան տարածաշրջանի վերաբերյալ իր քաղաքականության մեջ հաշվի առնել դիվերսիոն և ահաբեկչական գործողությունների կանխման գծով անվտանգության ամբողջական համակարգի ստեղծման անհրաժեշտությունը և, միևնույն ժամանակ, պատրվակ է տարածաշրջանում ռազմաքաղաքական ներկայությունն ամրապնդելու համար։ Միացյալ Նահանգները սկսել է ֆինանսական և նյութատեխնիկական օգնություն ցուցաբերել մերձկասպյան պետություններին հակաահաբեկչական ստորաբաժանումների և կառույցների ձևավորման, ուսուցման և զինման ուղղությամբ, որոնք կապահովեն կենսականորեն կարևոր հաղորդակցային օբյեկտների և էներգաարտահանման ենթակառուցվածքի պահպանությունը։

«Կասպյան պահապան» («Casрian Guard») ծրագրի շրջանակներում ԱՄՆ-ը Ադրբեջանին և Ղազախստանին է տրամադրել մոտ $135 մլն։ Ծրագրի հիմնական խնդիրներն են.

  • օդային և ծովային տարածքի հսկման համակարգի կառուցումը,
  • արագ արձագանքման և սահմանապահ վերահսկողության ուժերի ստեղծումը,
  • մասնակից երկրների ռազմական համակազմի պատրաստումը,
  • տնտեսական և քաղաքական օգնության ցուցաբերումը գործընկերներին։

Այս ծրագրի շրջանակներում Ադրբեջանի տարածքում ռադիոլոկացիոն երկու կայանների տեղակայումը (երկրի հյուսիում և հարավում), այսինքն՝ Կասպից ծովի մոնիթորինգի՝ արդեն գործող ռուսական համակարգի (կենտրոնը՝ Աստրախան քաղաքում) փաստացի կրկնօրինակումը ոչ վերջին հերթին պայմանավորված էր նաև ռուս-իրանական հարաբերությունների ամրապնդման հետ կապված ԱՄՆ մտավախությամբ, հատկապես ռազմատեխնիկական համագործակցության ոլորտում և ԻԻՀ միջուկային ծրագրի առնչությամբ։ Սակայն «Կասպյան պահապանի» լիարժեք գործունեության համար ցանկալի է ծրագրում ներգրավել Ղազախստանին և/կամ Թուրքմենստանին։

Ծրագիրն սկսելը խորացրեց Մոսկվայի և Թեհրանի երկյուղները Ադրբեջանի տարածքում այս կամ այն անվամբ ԱՄՆ ռազմակայաններ տեղակայելու առնչությամբ։

Հզորացնելով իր Կասպյան նավատորմիկը՝ Ռուսաստանը ջանում է պահպանել գերիշխող ռազմաքաղաքական դերը տարածաշրջանում, որը կփորձի տարածել նաև տնտեսական հարթությունում։ Ռազմածովային ուժերի անվերապահ առավելություն ունենալով՝ Ռուսաստանը, ի լրումն հռչակված այնպիսի նպատակների, ինչպիսիք են՝ ա) պայքարն ահաբեկչության, զանգվածային ոչնչացման զենքի տարածման, թմրաթրաֆիքի դեմ, բ) տարածաշրջանային անվտանգության ամրապնդումը, գ) մերձկասպյան երկրներում արտակարգ իրավիճակների ծագման դեպքում օպերատիվ արձագանքումը, ակտիվացնում է Կասպից ծովում ոչ տարածաշրջանային երկրների նավերի նավարկության արգելմանն ուղղված քայլերը։

Այս նպատակին է ծառայում նաև Մոսկվայի առաջարկը՝ Կասպիայում մերձկասպյան երկրների օպերատիվ-տակտիկական միավորման՝ «Կասֆորի» ստեղծման մասին, ԱՄՆ նախաձեռնությամբ Սև ծովում ստեղծված «Blackseafor»-ի նման։ Մոսկվան այս գաղափարը փայփայում է 2002 թվականից, բայց որոշակիորեն այն սկսեց դիտարկվել միայն 2005թ. հուլիսին, Կասպյան նավատորմիկի հրամանատարական՝ «Թաթարստան» պարեկանավի վրա մերձկասպյան հինգ երկրների ՌԾՈւ ներկայացուցիչների կոնֆերանսից հետո։

Միևնույն ժամանակ, Կասպից ծովի ռազմականացումը պետք է դիտարկել նաև որպես անհամեմատ ավելի խոր աշխարհաքաղաքական գործընթացների հետևանք Եվրասիական ողջ աշխարհամասում։ Կասպիայում սպառազինությունների մրցավազքի մեջ ամենաուղղակի դեր կարող է խաղալ Չինաստանը, մասնավորապես.

  • ուղղակիորեն և միջնորդավորված ձևով ֆինանսավորելով տարածաշրջանի ռազմածովային և առհասարակ զինված ուժերը,
  • Կենտրոնական Ասիայից դուրս մղելով ԱՄՆ և ՆԱՏՕ այլ երկրների ռազմակայանները։

Գաղտնիք չէ, որ Կենտրոնական Ասիայում ԱՄՆ և ՆԱՏՕ ռազմակայանների տեղակայումը Պեկինն իր անվտանգության, քաղաքական տնտեսական շահերի հիմնական սպառնալիքն է համարում, իսկ դրանց հետևողական տեղակայման գործընթացը՝ երկարատև պլանի իրականացման սկիզբ, ինչպես սառը պատերազմի ժամանակներում ԽՍՀՄ սահմանի պարագծով ՆԱՏՕ ռազմակայանների տեղակայման «Անակոնդա» պլանն էր։ Ուզբեկստանի նախագահ Իսլամ Քարիմովին Չինաստանի ցուցաբերած աջակցությունը 2005թ. մայիսին Անդիջանում կառավարական ուժերի և ընդդիմության արյունալի բախումներից հետո թույլ տվեց Տաշքենդին պնդել, որ Քարշի քաղաքից ոչ հեռու և Աֆղանստանի կոալիցիոն ուժերին աջակցելու համար տեղակայված ԱՄՆ К2 (Kharshi-Khanabad) ռազմաօդային հանգրվանը դուրս բերվի երկրից։ Իսկ Ղրղզստանում ԱՄՆ ՌՕՈւ «Հանսի» ռազմակայանի պահպանման համար Պենտագոնը պարբերաբար ստիպված է ֆինանսական նոր զիջումներ անել Բիշքեկին։

Կասպից ծովի ռազմականացումը կարող է ծառայել Չինաստանի շահերին.

  • որպես Կասպիայի արևելյան ափից դեպի արևմտյան ափ նավթի տեղափոխման ռիսկերի ավելացման՝ Պեկինի շահերի համար նպաստավոր գործոն, դրանով իսկ նպաստելով Կենտրոնական Ասիայի նավթի ու գազի «միակցմանը» սպառման ասիական, առաջին հերթին՝ չինական շուկայում,
  • ուժեղացնելով ռազմաքաղաքական կոոպերացիան Թեհրանի հետ՝ Պեկինն ամրապնդում է ազդեցությունը էներգառեսուրսներով հարուստ Կասպյան տարածաշրջանում,
  • ԱՄՆ «զսպման» գոտու ստեղծման միջոցով հեռավոր մատույցներում՝ ՇՀԿ սահմանին։

Ամփոփելով՝ հարկ ենք համարում նշել.

1. Մերձկասպիայի երկրներին ԱՄՆ և Թուրքիայի ցուցաբերած օգնությունն ազգային ՌԾՈւ արդիականացման և զարգացման գործում ուղղված է նաև այն բանին, որ թույլ չտրվի ստեղծել միավորված ռազմածովային ուժեր, որտեղ առաջատար դեր կունենա Ռուսաստանը։

2. Մերձկասպյան երկրներում ՌԾՈւ հզորացման նոր ալիքը պայմանավորված է, մասնավորապես.

  • տարածաշրջանի պետությունների կողմից «նավթադոլարների» կուտակմամբ,
  • օտարերկրյա պետությունների ֆինանսական, ռազմատեխնիկական և կազմակերպական-ուսումնական օգնությամբ,
  • նրանով, որ լուծված չէ Կասպից ծովի կարգավիճակի որոշման խնդիրը,
  • էներգաարտահանման և էներգատարանցման նախագծերի «նոր ալիք» սկսվելու ակնկալիքով (այդ թվում՝ Nabucco գազատարը, որը գազի աղբյուրների սուր կարիք ունի),
  • Անդրկասպյան համալիր հաղորդակցային համակարգի գործարկման հեռանկարով։

3. Մերձկասպյան պետությունների զինված ուժերը չեն կիրառվի մինչև այն պահը, երբ.

  • աշխարհաքաղաքական և աշխարհատնտեսական նշանակություն ունեցող անդրկասպյան նախագծերը կմտնեն իրենց գործնական իրականացման փուլ,
  • կասպյան պետությունների միջև կսրվեն հակասությունները վիճելի նավթա- և գազահանքերի պատկանելության հարցի շուրջ,
  • կտրուկ կուժեղանա լարվածությունը Իրանի միջուկային ծրագրի շուրջ։

4. Կասպյան տարածաշրջանի միանգամից մի քանի երկրներում ծովային դիվերսիոն ստորաբաժանումների առկայությունը լրացուցիչ գործիք է տարածաշրջանում ռազմաքաղաքական և տնտեսական իրավիճակի զարգացման առկա միտումների և ուղղությունների արմատական փոփոխության փորձի իրականացման համար։ Այն բարձրացնում է ոչ միայն էներգակիրների արդյունահանման և տեղափոխման նախագծերի ռազմական, այլև էկոլոգիական բնույթի ռիսկերը, քանի որ ցանկացած էկոլոգիական աղետ կարող է հանգեցնել թանկ արժեցող նախագծերի կանգնեցմանը։ Միևնույն ժամանակ, չի բացառվում գաղտնի դիվերսիոն գործողությունների անցկացումը «օտար» դրոշի ներքո։

1Ամփոփ աղյուսակ` ըստ «Нефтегазовая вертикаль» (ՌԴ) ամսագրի տվյալների:
2Նավթային համարժեքով:


դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր