
ԶԱՐԳԱՑՄԱՆ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Գագիկ ՀարությունյանՀայ-թուրքական վերջին զարգացումները և Մեծ եղեռնի 100-ամյակի տարելիցի մոտեցումը առիթ հանդիսացան նորովի դիտարկելու Հայության ներկայիս հիմնախնդիրները, անդրադառնալու մեր քաղաքական պատմությանն ու հնարավոր հեռանկարներին։ Նման միտումները խիստ ակտուալ են, քանի որ և՛ մեզանում, և՛ մեզ շրջապատող աշխարհում, ընթանում են փոփոխություններ, որոնք թելադրում են մշակել նոր իրողություններին ադեկվատ ռազմավարություն։ Ցանկալի է, իհարկե, որ ազգային հիմնահարցերի շուրջ քննարկումները կրեն շարունակական բնույթ. դեռևս 19-րդ դարում անգլիացի մտածող Ջոն Սթյուարտ Միլն ասել է, թե «հիմնարար սկզբունքների շուրջ լուրջ բանավեճերի բացակայությունը կազմալուծում, աղճատում է անգամ այդ նույն հիմնարար գաղափարները», և նման պնդման հետ դժվար է չհամաձայնել։ Ակնհայտ է, որ առանց նոր մոտեցումների` համահայկական հիմնախնդիրների (իսկ դրանց թիվը մեծ է) լուծումն առնվազն վիճահարույց է։ Փորձենք համառոտակի անդրադառնալ դրանցից մի քանիսին։
Սփյուռք. ավանդույթներ և նոր հրամայականներ
Սփյուռքում տիրող իրադրության հետ անգամ հպանցիկ ծանոթությունից հետևում է, որ առանձին հաջողությունների հետ մեկտեղ այդ ոլորտում ունենք լուրջ հիմնախնդիրներ և կորուստներ։ Ընդհանուր տպավորությունն այնպիսին է, որ գոյատևմանն ուղղված «հայկական գաղութների» ռազմավարությունն այսօր բավարար չէ, որպեսզի հայ համայնքներին նետված բազմաբնույթ մարտահրավերներին տրվեն արդյունավետ պատասխաններ։ Նախկինում ընդունված կացութաձևն այժմ կազմալուծվում է տարաբնույթ արտաքին և ներքին գործոնների ազդեցության հետևանքով, ու մեղմել, կամ առավել ևս՝ արգելել այդ ազդեցությունները` գրեթե անհնար է։ Գաղտնիք չէ, որ այդ իրողությունները մասամբ բնորոշ են նաև հայաստանյան (ՀՀ, ԼՂՀ և Ջավախք) իրականությանը։ Կարելի է արձանագրել, որ ստեղծված իրադրությունը հասունացել է, որպեսզի հայկական ընտրանին փորձի վերիմաստավորել ավանդական դարձած ինքնակազմակերպման ընտանեկան, համայնքային, կուսակցական, կրոնական ձևաչափերը և փորձի մշակել ազգային նոր հայեցակարգեր։ Սակայն եթե նշված ուղղություններով իրոք կատարվեն քաղաքական ինովացիաներ, ապա պետք է խուսափել «քանդենք հինը, կառուցենք նորը» բոլշևիկյան կարգախոսի կիրառումից (հատկապես, երբ դեռ «նորի» վերաբերյալ պատկերացումներն աղոտ են, և երբ դեռ չեն ձևավորվել նորին անցնելու անհրաժեշտ նախապայմանները)։ Նման թվացյալ (քվազի) հեղափոխական մոտեցումներն առաջացնում են, այսպես կոչված, «խզումներ» ազգային հոգևոր ու մտավոր ոլորտում, որոնք և արգելակում են հանրության առաջընթացը։
Մասնավորապես այսօր կարելի է լսել կարծիքներ, թե Ցեղասպանության խնդիրն արդեն իրեն «սպառել» է և ժամանակն է Հայությունը համախմբել ոչ թե «անցյալի ողբերգական» դեպքերի, այլ «այժմեական և պոզիտիվ» գաղափարների շուրջ։ Նման հարցադրումը, անշուշտ, դիլետանտական է. պետք է հստակ տարանջատել ազգային հիշողության խնդիրը, միջազգային ճանաչման քաղաքական գործընթացները և նոր, համահայկական նախագծերի ձևավորումն ու իրագործումը։
Հոգևոր տեսանկյունից Ցեղասպանության և հայրենազրկության (գուցե ավելորդ չէ միջազգային շրջանառության մեջ դնել «դեպատրիացիա»1 եզրը և, «գենոցիդին» զուգահեռ, տալ դրա քաղաքական-իրավաբանական գնահատականները) իրողությունն ազգային գիտակցության մասն են կազմում և, համաձայն այդ սահմանման, քննարկման առարկա չեն կարող լինել (եթե, իհարկե, տոտալ չկիրառվեն մանիպույլատիվ տեխնոլոգիաներ)։ Նկատենք նաև, որ հոգեբանական տեսակետից էլ այդ ողբերգության հիշողությունը պարունակում է հատուցման գործողությունների դիմելու շարժառիթ (մոտիվացիա), և դրա արտահայտություններից մեկը Ցեղասպանության միջազգային ճանաչման քաղաքական գործընթացն է։
Ցեղասպանության ճանաչման խնդիրը
Այս գործընթացը Հայության համար ոչ միայն բարոյական, այլև քաղաքական նշանակություն ունի։ Միջազգային հանրությունում խնդրի նկատմամբ ձևավորված մոտեցումներն անդրադառնում են Թուրքիայի և, մասամբ, նրա դաշնակից Ադրբեջանի «վարկանիշի» վրա` նրանց որակելով որպես «գենոցիդոգեն» երկրներ։ Այդպիսով, Ցեղասպանության միջազգային ճանաչումը թուրք–ադրբեջանական հնարավոր ոտնձգությունների տեսանկյունից յուրօրինակ զսպաշապիկ է և բարձրացնում է Հայաստանի ազգային անվտանգության մակարդակը։ Այդ գործոնը լրացուցիչ հիմնավորում է նաև մեր դիրքորոշումը ԼՂՀ խնդրում վարվող բանակցություններում, իսկ հայ-թուրքական վերջին դիվանագիտական զարգացումներում խնդրի միջազգային արծարծումը որոշակիորեն նպաստեց ՀՀ վարած քաղաքականությանը։ Նկատենք նաև, որ Ցեղասպանության ճանաչման գործընթացի ածանցյալները՝ մշակութային ժառանգության պահպանման հարցերը և առանձին գույքային-նյութական արժեքների վերաբերյալ դատավարությունները, ինչպես հայտնի է, բավական արդյունավետ են և արժանի են հատուկ ուշադրության։
Միևնույն ժամանակ, առայսօր Ցեղասպանության քաղաքական գործոնն առավել օգտագործվում է այլոց կողմից։ Օրինակ, ԱՄՆ նախագահի կողմից այդքան սպասվող «գենոցիդ-ցեղասպանություն» բառն արտասանվել է, ինչպես հետևում է Հ.Նահապետյանի հոդվածից2, դեռևս 1981թ. ապրիլի 22-ին։ Հոլոքոստի հիշատակի օրվա առիթով թիվ 4838 նախագահական ելույթի տեքստում նախագահ Ռոնալդ Ռեյգանը նշել է. «Հոլոքոստի դասերը չպետք է մոռացվեն, ինչպես չպետք է մոռացվեն Հոլոքոստին նախորդած Հայերի ցեղասպանությունը և հաջորդած Կամբոջայի ցեղասպանությունը...»։ Նման հայտարարությունը ենթարկվում էր Սառը պատերազմի տրամաբանությանը և ուղղված էր ԽՍՀՄ-ի դեմ, քանի որ խորհրդային տարիներին Հայաստանում (ինչպես նաև այլ հանրապետություններում) ծայր առած ազգային շարժումների աջակցումը բխում էր Միացյալ Նահանգների ազգային շահերից3։ Ներկայումս իրավիճակն այլ է, և մոտ ապագայում ԱՄՆ նախագահը դժվար թե արտասանի «գենոցիդ» բառը, քանի որ դա հակասում է Միացյալ Նահանգների քաղաքականությանը։
Սակայն հասկանալի է նաև, որ եթե ողջ աշխարհն էլ ընդունի Ցեղասպանության փաստը, ապա դա դեռ ամենևին չի նշանակում, թե Արևմտյան Հայաստանը կվերադարձվի Հայությանը։ Այդ խնդրում, թերևս, պետք է հրաժարվել հրեականության նախադեպի գերագնահատումից. Գերմանիայի կողմից Հոլոքոստի ընդունումը և ռեպարացիաների կատարումը պայմանավորված էին այդ երկրի պարտությունով՝ դաշնակիցների զորքերը կանգնած էին Բեռլինում։ Նկատենք նաև, որ հրեաներն իրենք էին «նախապատրաստել» իրենց պետության ստեղծումը տասնամյակներ տևած մտավոր-գաղափարախոսական և կազմակերպչական-տնտեսական նպատակաուղղված աշխատանքով։ Մեր պարագայում անգամ Թուրքիայի կողմից Ցեղասպանության փաստի ընդունումը (սա ավելի քան տեսական տարբերակ է և չի առնչվում այդ երկրի առնվազն ներկա իշխանությունների հետ), ամենայն հավանականությամբ, կընդունի մոտավորապես այն ձևը, որին ականատես եղանք, երբ Սերբիայի պառլամենտը զղջում արտահայտեց Բոսնիայի բնակչության դեմ կատարված գործողությունների կապակցությամբ։ Անկարան կհամաձայնվի փոխհատուցումների միայն այն պարագայում, երբ կունենա կազմալուծված երկրի կարգավիճակ։
Այսպիսով, կարելի է փաստել, որ Ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացը, ընդհանուր առմամբ դրական նշանակությամբ հանդերձ, ունի արդյունավետության որոշակի սահմանափակումներ և չի կարող վերջնանպատակ ծառայել Հայաստանի և Հայության համար։ Այլ խոսքերով, եթե Ցեղասպանության փաստը համընդհանուր ճանաչվեց, ապա խիստ մշուշոտ է, թե ինչպիսին պետք է լինի դրանից հետո Հայության քաղաքական ռազմավարությունը։ Հարցին հստակ պատասխան չունենալը վկայում է, որ առայժմ մեր հանրությունում բացակայում են անհրաժեշտ ռազմավարական մտածողության ռեսուրսները, մինչդեռ այդ ընդհանրական ռեսուրսների չափն անմիջականորեն կապված է Ազգային անվտանգություն (ԱԱ) հասկացության հետ։
Ազգային անվտանգության արդիական մեկնաբանություններ
Այսօր ԱԱ հասկացությունը ենթարկվում է վերափոխումների և, ի լրումն անվտանգության ապահովման համար անհրաժեշտ ռեսուրսների վերաբերյալ նախկին պատկերացումների, ԱԱ գլխավոր չափանիշներից է դարձել հանրության զարգացման կարողությունը4։ Մասնավորապես համարվում է, որ ԱԱ նախկինում արդյունավետ համարվող «մարտահրավեր-ադեկվատ պատասխան» համակարգն արդի պայմաններում արդեն բավարար չէ, և միայն այդ սկզբունքի կիրառումը կարող է անգամ փակուղի տանել։ Նոր մոտեցումները ենթադրում են, ըստ Ալ.Վլադիմիրովի հիմնարար աշխատության, որ «զարգացման և անվտանգության համաձայնեցման պարադիգմը հնարավոր է իրագործել «անվտանգություն՝ զարգացման միջոցով և զարգացում՝ անվտանգության միջոցով» սկզբունքի դիալեկտիկայով»։ Նման մեթոդաբանությամբ դիտարկելով անվտանգության խնդիրները` կարելի է հանգել ոչ այնքան բարդ եզրահանգման, թե զարգացման գործընթացի (այսինքն՝ անվտանգության) հիմնական «պատասխանատուն» կամ, այլ խոսքերով՝ կրիտիկական ենթակառուցվածքը, մարդը և մարդկային հանրությունն են, որոնց զարգացման (մեր մեկնաբանությամբ՝ կազմակերպման, գիտելիքների ձեռքբերման և դրանց կիրառման ունակությունների) մակարդակն է, որ պայմանավորում է ազգ-պետության անվտանգությունը։ Այստեղից հետևում է նաև, որ զարգացումը ռազմավարության արտահայտություններից է, որը ենթադրում է և՛ «փոքր քայլերի», և՛ «թռիչքային» («փոքր քայլերով» ձեռքբերումների կրիտիկական քանակի կուտակումից հետո) ռազմավարություն, ինչն էլ, համաձայն չինական սահմանման, ապահովում է «ապագայի նվաճումը»։
Վերոնշյալի համատեքստում դիտարկելով Հայության և Հայաստանի ապագայի խնդիրները` պետք է արձանագրենք, որ զարգացման տեսանկյունից ունենք լուրջ հիմնախնդիրներ։ Հայտնի է, որ Հայաստանի մտավոր ներուժը վերջին քսանամյակում որակապես նվազել է, իսկ ոլորտի զարգացման նախագծերն առայժմ մեծ լավատեսություն չեն ներշնչում և, ի լրումն, տեսական բնույթ են կրում։ Առավել վատ են գործերը Սփյուռքում, որտեղ դեռևս չեն ձևավորվել ազգային գիտության անհրաժեշտության գիտակցությունը, համապատասխան մտածողությունը և մշակույթը5։ Ինչպես հայտնի է, արտերկրում գործում են հայկական հազարավոր հասարակական-քաղաքական կազմակերպություններ, որոնք, սակայն (և այստեղ, թերևս, բացառություն է Գալուստ Գյուլպենկյան հաստատությունը), գիտակրթական ոլորտին սակավ են անդրադառնում (այստեղ չենք դիտարկում համայնքային ու կիրակնօրյա դպրոցների խնդիրը, որոնք առավել հայապահպանական ուղղվածություն ունեն, և սակայն այդ առումով էլ այսօր բավական ճգնաժամային իրադրության մեջ են հայտնվել)։ Նկատենք նաև, որ սփյուռք ունեցող այլ ազգեր գիտակրթական գործունեությունը հովանավորող բազմաթիվ հիմնադրամներ են ստեղծել։
Ըստ մեզ, վերոնշյալ ռազմավարական թերացումը պայմանավորված է ոչ թե միջոցների հարաբերական պակասությամբ6, այլ հայկական ընտրանու աշխարհայացքային մոտեցումներով։ Հաճախ որպես գերխնդիր ընկալվում է միմիայն Ցեղասպանության ճանաչման գործընթացը, որի լոբբինգի վրա, օրինակ՝ ԱՄՆ-ում, ծախսվում են բավական մեծ միջոցներ, արտակարգ նշանակություն է տրվում եկեղեցիների, հուշարձանների կառուցմանը։ Անշուշտ, անվիճելի է, որ այդ ամենը խիստ կարևոր է, սակայն, դրա հետ մեկտեղ, անուշադրության է մատնվում ամենաառաջնայինը՝ մարդկային կապիտալի ձևավորումը և զարգացումը, այսինքն՝ վտանգվում է մեր ազգային անվտանգությունը։ Միևնույն ժամանակ, այստեղ գուցե հիմնավորված է այն հարցը, թե ինչ կոնկրետ նպատակների պետք է ծառայեն ազգային անվտանգության ռազմավարությունը և զարգացումը։
Հնարավոր սցենար «Երրորդ սառը պատերազմում»
Նորագույն պատմությունում Հայաստանի և Հայության համար առանցքային իրադարձությունները կապված են եղել աշխարհաքաղաքական տեղաշարժերի հետ։ Առաջին համաշխարհային պատերազմը և հեղափոխությունը հանգեցրին Ցեղասպանության և Արևմտյան Հայաստանի կորստին, Առաջին ու Երկրորդ հանրապետությունների ստեղծմանը։ Երկրորդ համաշխարհայինից հետո մեծ էր ԽՍՀՄ–Թուրքիա բախման հավանականությունը, որը խոշոր չափով կարող էր լուծել հայկական հարցը։ Սառը պատերազմի և երկբևեռ աշխարհակարգի փլուզման արդյունքում ստեղծվեցին ՀՀ-ն և ԼՂՀ-ն։ Ներկայումս ձևավորվում է քաղաքական մի իրադրություն, երբ հասունանում են նոր գլոբալ տեղաշարժեր` պայմանավորված բազմաբևեռ համակարգի ձևավորմամբ։ Համաձայն որոշ վերլուծաբանական տեսակետների, որոնք հիմնվում են արդեն այսօր նշմարվող միտումների վրա, ներկայիս «բաժանման» գործընթացներին հետևելու է նոր, քաղաքակրթական հատկանիշների հիման վրա ստեղծված ասոցիացիաների ձևավորում։ Որոշ սխեմատիկ սցենարային զարգացումներում, մասնավորապես, չի բացառվում Եվրոպա–Ռուսաստան (որոշ տարբերակներում՝ ԱՄՆ-ի հետ միասին) ռազմաքաղաքական ասոցիացիայի ձևավորում` ուղղված Արևելքից սպասվող սպառնալիքների դեմ7։ Նման նոր բնույթի և արդեն երրորդ «Սառը պատերազմի» պայմաններում Հայաստանի տեղը, առավել հնարավոր է, որ լինի պայմանական Եվրոպա-ՌԴ բլոկում, իսկ մեր թուրքալեզու հարևանները՝ պայմանական «Արևելքում»։ Այդ պարագայում Հայաստանը կարող է ձեռք բերել «սահմանային» պետության կարգավիճակ (ինչպիսին որ ունի Իսրայելը Մերձավոր Արևելքում)` դրանից բխող մեծ ռիսկերով և հնարավորություններով։ Մեզ համար դրական որոշակի զարգացումների պարագայում այդ «հնարավորությունները» կարող են ներառել Թուրքիայի կազմալուծումը և Արևմտյան Հայաստանի գոնե մասնակի վերադարձը։
Անշուշտ, վերոնշյալ սցենարը տեսական բնույթ է կրում, սակայն միշտ պետք է հիշել, որ դեռ 1980թ. գրեթե անհնար էր պատկերացնել, որ մեկ տասնամյակ հետո կընթանա պատերազմ, և կստեղծվեն հայկական երկու հանրապետություններ։ Միևնույն ժամանակ, հայտնի է, որ որևիցե «դրական սցենարի» իրագործումը հնարավոր է միայն այդ զարգացումներին նախապես պատրաստվելու և շահեկան սցենարներն իրականություն դարձնելու համար ջանքեր գործադրելու պարագայում, որն էլ, իր հերթին, հնարավոր է միայն ռազմավարական զարգացման պայմաններում։
1Որոշ հետազոտողներ առաջարկում են «պատրիցիդ» տերմինը։
2Հայկարամ Նահապետյան, «Արդյոք Միացյալ Նահանգները չի՞ ճանաչել Հայոց ցեղասպանությունը», Գլոբուս. Ազգային անվտանգություն, #2 (12), էջ 19, 2010, http://noravank.com/arm/articles/detail.php?ELEMENT_ID=4631
3Այս առիթով արդարությունը պահանջում է նշել, որ ինչ-որ չափով նաև «դրսից» աջակցվող ազգային շարժման առկայությունը Երկրորդ Հանրապետությունում մեծապես նպաստեց Ղարաբաղյան հակամարտությունում հաջողության հասնելուն։
4Александр Владимиров, «Государство и война», Политический класс, #2 (50), с. 95, 2009.
5Այս երևույթը բնորոշող օրինակ կարող է ծառայել հետևյալը. ամերիկահայ Գաֆեսճյանի աջակցությամբ ՀՀ-ում ստեղծված ջրածնային էներգետիկայի խնդիրներով և վառելիքային մարտկոցներով զբաղվող «H2 ECOnomy» լաբորատորիան, որն իր տեսակի մեջ միակն էր տարածաշրջանում, արդյունավետ գործելով շուրջ 8 տարի, վերջերս փակվեց «ցածր եկամտաբերության» պատճառով։
6Նկատենք այս առիթով, որ նյութական միջոցների որոշակի սահմանափակությունը նույնպես պայմանավորված է Հայության գիտակրթական ոլորտի թերզարգացմամբ. մասնավորապես հայկական կապիտալը (և՛ Սփյուռքում, և՛ Հայաստանում) ավելի քան համեստ է ներկայացված տնտեսության բարձր տեխնոլոգիաների ոլորտում, որոնք այսօր համարվում են ամենաշահութաբերը։
7Գագիկ Հարությունյան, Ռուսաստան-Գերմանիա. հնարավոր սցենարներ տարածաշրջանային անվտանգության համատեքստում, Գլոբուս. էներգետիկ և տարածաշրջանային անվտանգություն, #3 (9), էջ 15, 2010։
դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր
- ԴԵՆ ՍՅԱՈՊԻՆ ԵՎ «ԳԻՏՆԱԿԱՆՆԵՐԻ ԿԱՅՍՐՈՒԹՅՈՒՆ»[27.12.2018]
- ՆԱԽԻՋԵՎԱՆԻ ԽՆԴԻՐԸ ԱՇԽԱՐՀԱԿԱՐԳԱՅԻՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿԱՇՐՋԱՆՈՒՄ[10.12.2018]
- ՄՈՍԿՎԱ-ԵՐԵՎԱՆ ՏԵՍԱԿԱՄՈՒՐՋ՝ «ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ՄԱՐԱԹՈՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԵՎ ՀԱՅ-ՌՈՒՍԱԿԱՆ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀՐԱՏԱՊ ՀԱՐՑԵՐԸ»[27.11.2018]
- «ԳԱՂՈՒԹՆԵՐ», «ԿԱՅՍՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ» ԵՎ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆ[20.11.2018]
- ԱՊԱԳԱՅԻՆ ՊԱՏՐԱՍՏ ԼԻՆԵԼՈՒ ԽՆԴԻՐԸ[08.10.2018]
- «ԲԱՐԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ» ԱԴԵԿՎԱՏ ԸՆԿԱԼԵԼՈՒ ՀՐԱՏԱՊՈՒԹՅՈՒՆԸ[06.08.2018]
- ՀՈԳԵՎՈՐ-ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԸ ԵՎ ԴԱՇՆԱԿՑԱՅԻՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՐՑԵՐԸ ՀԻԲՐԻԴԱՅԻՆ ԻՐՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ[23.07.2018]
- «ԲԱՐԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ» ԱԴԵԿՎԱՏ ԸՆԿԱԼՈՒՄԸ ԵՎ ՔԱՂԱՔԱԿՐԹԱԿԱՆ ԳՈՐԾՈՆԸ[09.07.2018]
- «ՉԻՆԱԿԱՆ ՇԱԽՄԱՏ»[23.05.2018]
- ՖՐԱԳՄԵՆՏԱՑՎԱԾ ԿԱՄ «ՄԻՆՉՎԵՍՏՖԱԼՅԱՆ» ԱՇԽԱՐՀԱԿԱՐԳ[28.03.2018]
- ԳԱԳԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ. «ԿԱՌԱՎԱՐԵԼԻ ՔԱՈՍԸ» ԱՍՏԻՃԱՆԱԲԱՐ ԿՐՈՆԱԿԱՆ ԵՐԱՆԳԱՎՈՐՈՒՄԸ ՓՈԽՈՒՄ Է ԷԹՆԻԿԱԿԱՆԻ[22.01.2018]