• am
  • ru
  • en
Версия для печати
16.04.2010

ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

   

Վահրամ Միրաքյան

«Եթե հեռուստաէկրանը գնդակոծում է անհրաժեշտ ռազմամթերքով
անհրաժեշտ մարդկանց, ուրեմն այն լավն է»:
Մարշալ Մաքկլուեն1

Հեռուստատեսությունն (ՀՏ) իր ստեղծման օրից, որպես ազդեցության գործոն, եղել է գիտնականների ուսումնասիրությունների առարկա: ՀՏ ազդեցության հնարավորությունների ուսումնասիրման առաջատարն է ԱՄՆ-ը, որին բաժին է ընկնում ողջ աշխարհում այդ ոլորտի ուսումնասիրությունների 60 տոկոսը2: ԱՄՆ հեռուստաընկերություններում աշխատում է մոտ 4500 հոգեբան, որոնք մասնագիտական խորհրդատվություն են անցկացնում լսարանի ուսումնասիրման, հաղորդավարների իմիջի ձևավորման, ազդեցությունների ուժեղացման և այլ ոլորտներում: Եվրոպայում նույնպես իրականացվում են հեռուստատեսության ազդեցության ոլորտի ուսումնասիրություններ: 1960-ականներից սկսած` սոցիոլոգների, հոգեբանների և լրագրողների օգնությամբ իրականացվող ուսումնասիրությունները նոր թափ են առել:

Հեռուստատեսությունն ազդեցության ամենահզոր գործիքներից է, և նրա ազդեցությունն աստիճանաբար էլ ավելի է մեծանում` արբանյակային, թվային, ինտերնետային հեռուսատատեսության զարգացմանը զուգընթաց: ՀՏ հայտնի հերոսները դառնում են հասարակությանը բարոյականություն, ոճ, մտածելակերպ, բառապաշար թելադրողներ: Հեռուստատեսությունը, թերևս, համացանցից հետո ամենաանձնավորված հաղորդակցության միջոցն է, որը հեռուստադիտողի մեջ կարող է տպավորություն առաջացնել, թե հաղորդավարը հե´նց իր հետ է զրուցում: Որոշ մասնագետներ հեռուստատեսությունը նույնիսկ համարում են նոր սերնդին դաստիարակող երրորդ ծնող3: Այն (որոշ չափով նաև այլ տեղեկատվական տեխնոլոգիաները) խախտեց անձի ձևավորման ավանդական ձևերը և խորացրեց հայրերի և որդիների տարանջատումը: Սերունդների ավանդական դաստիարակության մեթոդներն այլևս կորցրին իրենց արժեքն ու հնարավորությունները: Այն հասարակությունները, որոնք չեն գիտակցում հեռուստատեսության հեղափոխիչ ու կարևոր դերը սերունդների դաստիարակության, «աշխարհի պատկերի» ձևավորման գործում, ունենում են անհաղթահարելի խնդիրներ:

ԱՄՆ-ում, 1960-ականներից սկսած, հեռուստաեթերի ուսումնասիրություններն ապացուցել են, որ հեռուստատեսությունը բոլոր դեպքերում ներկայացնում է կեղծ իրականություն4: Օրինակ, ուսումնասիրությունների շրջանում ԱՄՆ հեռուստաեթերում ագրեսիվ գործողությունների է դիմել ցուցադրվող կերպարների 50 տոկոսը, իսկ համաձայն Հետաքննությունների դաշնային բյուրոյի տվյալների՝ նույն ժամանակահատվածում ագրեսիվ քայլերի է դիմել ամերիկացիների միայն 1 տոկոսը:

Մեդիա մեկնաբան Մ.Մաքկլուենի կարծիքով` հեռուստատեսությունն ազդում է` անկախ իր բովանդակությունից: «Հեռուստատեսության ազդեցությունը շատ դժվար է գիտակցել, որովհետև այն ազդել է մեր կյանքի բոլոր` անձնական, սոցիալական, քաղաքական ոլորտների վրա»5:

Ժամանակակից ղեկավարներն այլևս ոչ միշտ են դիմում ժողովրդին կենտրոնական հրապարակներից, դրա փոխարեն ելույթ են ունենում հեռուստատեսությամբ: Ժամանակակից պատերազմները շատ դեպքերում սկսվում են հեռուստակայանների, ոչ թե ռազմաբազաների կամ ռազմավարական այլ կարևոր օբյեկտների ռմբակոծություններից6:

Հեռուստատեսությունը միավորում և մասնատում է ազգերին, աջակցում հեղափոխություններին և լռեցնում դրանք: Հեռուստաէկրանը դարձել է ընտանիքի միավորման կենտրոնը, ինչպես ժամանակին կրակն էր (օջախը): Էկրանի առջև միջին վիճակագրական մարդն ավելի շատ ժամանակ է անցկացնում, քան որևէ դարում անցկացրել է տաճարներում կամ պաշտամունքային այլ վայրերում: Հեռուստատեսությունն է դարձել մարդկանց զրույցի նյութ տվող հիմնական աղբյուրը, և այն իրադարձությունները դարձնում է կարևոր կամ ոչ կարևոր:

Հեռուստատեսությունը թույլ է տալիս ընտրել` ազդեցությունն իրականացնել տեքստային/վերբալ, թե պատկերային ձևով: Տեքստային ձևն ուղղված է մասնագիտական և ինտելեկտուալ լսարանին, որը պահանջում է փաստեր, թվեր, հաշվարկներ, վիճակագրություն: Իսկ պատկերային ազդեցությունն ուղղված է հասարակ, ոչ մասնագիտական լսարանին, որոնց ավելի շատ անհրաժեշտ են հուզիչ տեսարաններ, դրամատիկ պատմություններ ու սենսացիաներ: Երկրորդ տարբերակն առավել ազդեցիկ է, քանի որ ազդեցությունը գործում է զգացմունքների վրա` ենթագիտակցական մակարդակում:

Էլեկտրոնային հաղորդակցության միջոցներն ընդհանրապես և հեռուստատեսությունը` մասնավորապես, ժամանակակից հասարակությունում, բացի մանիպուլյացիայի հնարավորությունից, առաջացնում են նաև մի շարք խնդիրներ, օրինակ` տեխնոլոգիապես հագեցած մարդուն բնորոշ ձանձրույթը. «Չորս ժամ հեռուստացույց դիտող մարդն, ամենայն հավանականությամբ, ձանձրանում է, այսինքն՝ հեռուստացույցը ոչ այնքան «փրկում» է ձանձրույթից, որքան դառնում դրա արտահայտման միջոցը»7: Գերմանիայում 1996թ. արված ուսումնասիրությունները պարզել են, որ բնակչության 57%-ն անհանգստացած է միջանձնային հաղորդակցության վրա նորագույն տեխնոլոգիաների ունեցած ազդեցությունից, քանի որ դրանք աջակցում են միայնակությանը, որովհետև հեռուստացույցը կամ հեռախոսը փոխարինում են մարդկանց կենդանի շփումներին8:

Հեռուստատեսության առաջացրած խնդիրներից է նաև բռնություն կիրառելու ցանկության առաջացումը: Օրինակ` 1980-ականների սկզբին ԱՄՆ-ում հարցման ենթարկված դատապարտյալների 63%-ը հայտարարել է, որ հանցագործությունը կատարել է` կրկնելով հեռուստատեսային հերոսներին, իսկ 22%-ը հանցագործության տեխնիկան վերցրել է հեռուստատեսությունից9: Ռուսաստանում դեռահասների հանցագործությունների բարձր տոկոսի պատճառը նույնպես որոշ մասնագետներ կապում են մարտաֆիլմերի առատության հետ10: Ըստ հաշվարկների` մինչև 15 տարեկան պատանին ականատես է լինում միջինը 13 հազար հեռուստատեսային սպանությունների, ինչը հսկայական ազդեցություն է թողնում նրա աշխարհայացքի, հոգեբանության և բնավորության ձևավորման վրա11:

Բնականաբար, կոմերցիոն հեռուստատեսությունն ունի նաև իր պաշտպանները, որոնք պնդում են, թե հեռուստատեսությունը որևէ ազդեցություն չունի: Մեդիայի և հաղորդակցության տեսաբան Ջեյմս Հալորանը, չնկատելով կամ չցանկանալով նկատել բազմաթիվ վերլուծությունները և ապացույցները, մեդիայի և բռնության միջև փոխկապակցվածության մասին գրում է. «Դեռևս չկա բավարար վկայություն, որը կհաստատեր ուղղագիծ, պատճառահետևանքային կապեր հեռուստապաստառին պատկերվածի և սոցիալական վարքի միջև` ո´չ դրական, ո´չ բացասական առումով»12: Նման փորձագետների կարծիքների վրա են հիմնվում հեռուստատեսությունների կոմերցիոնացման կողմնակիցների փաստարկները և պնդումները:

Հոգեբան Ալբերտ Նալչաջյանի կարծիքով` հեռուստատեսությունն, անշուշտ, ավելացնում է մարդկանց ագրեսիվությունը, սակայն ավելի շատ այն դեպքերում, երբ նախկինում արդեն կային ագրեսիվ վարքի դրսևորումներ, կամ էլ եթե ընտանիքը խրախուսում է անհատի նման վարքը13:

1990-ականների սկզբներին մի խումբ սոցիալական հոգեբաններ հեռուստահաղորդումների դիտումը տեղափոխեցին լաբորատորիա, ինչը նրանց թույլ տվեց հսկել բռնության քանակը հեռուստատեսությամբ: Փորձերին մասնակցող տարրական դասարանների երեխաներին բաժանեցին երկու խմբի. մի խմբին ցուցադրեցին դաժանություն պարունակող, մյուսին` առանց դաժանության հեռուստանյութեր: Այն երեխաները, ովքեր միայն մեկ դրվագ էին դիտել այն ժամանակների համար ԱՄՆ-ում հայտնի` «Անհաղթահարելի ռեյնջերներ» մանկական հաղորդաշարից (այստեղ կային բռնության դրվագներ), դիտումից հետո երկու րոպեների ընթացքում ցուցադրեցին յոթ անգամ ավելի շատ ագրեսիվ պահվածք, քան այն երեխաները, ովքեր չէին դիտել այդ հաղորդումը14:

«Էկրանային դաժանությունները կարող են սկզբում ենթագիտակցական, հետագայում` նաև գիտակցական մակարդակում էքստրեմիստական, ֆանատիկ, դաժան արարքների ձևավորողները լինել, որոնց հիմքը հանդիսանում է սոցիալական արդարության սեփական հասկացողությունը»15:

Քանի որ ընդօրինակումը ուսուցողական հիմնական ձևերից է, հեռուստատեսությունը դարձել է այս ոլորտի առաջատարներից մեկը, եթե ոչ` առաջատարը: Մարդկանց վրա ընդօրինակման միջոցով սովորեցնելու փորձեր է իրականացրել հոգեբան Ա.Բանդուրան: Գիտափորձերից մեկի ժամանակ նա երեխաներին տեսանյութ է ցուցադրել, որտեղ մեծահասակը մուրճով խփում է տիկնիկի գլխին: Երբ դրանից հետո երեխաներին տիկնիկների հետ խաղալու հնարավորություն են տվել, նրանք շատ առումներով նույնանման վարքագիծ են ցուցաբերել16: Դիտումն ու ընդօրինակումը ամենաարդյունավետ ուսուցման մեխանիզմներից են. այդ պատճառով արժե լուրջ մտածել, թե մեր փոքրիկներն ինչ համակարգչային խաղեր են խաղում, ինչ մուլտֆիլմեր և հաղոր-դումներ են դիտում:

Հեռուստատեսությունն առաջացնում է նաև կախվածություն:

Այսօր մարդկանց կախվածությունը հեռուստատեսությունից կրում է գրեթե համընդհանուր բնույթ: Հանրության որոշ շերտերում (երեխաներ և դեռահասներ) այդ կախվածությունը հասնում է ֆիզիկական առողջությանը վնաս պատճառելու աստիճանի: Այս առումով, վերջին տասնամյակում հեռուստատեսությանը գումարվել է նաև համացանցը:

Հեռուստատեսության զարգացման սկզբում արդեն որոշ գիտնականներ զգուշացնում էին, որ հեռուստատեսության, այլ ոչ թե գրավոր տեղեկատվության սպառումը լայն զանգվածների կողմից կհանգեցնի նոր տեսակի զանգվածային գիտակցության ձևավորման17. այն ձևավորում է ոչ թե գիտակցական ընկալողականության, այլ զգացմունքայինի վրա հիմնված վարք: Նման վիճակում գործողությունների դրդող հիմնական պատճառները ձևավորվում են ոչ գիտակցական՝ զգացմունքային մակարդակում: Նման հոգեբանությունն առաջացնում է քաոսային վարք: Հեռուստատեսությունում զգացմունքային ազդեցության գերակայության մասին է գրում նաև BBC-ի տնօրենը, որը նշում է, թե նույնիսկ հեռուստալուրերը զվարճանքի տեսակ են18: Նա նշում է, որ լրատ-վական ծրագրերի բովանդակության որոշողներն, անկասկած, առաջնորդվում են նյութերում զվարճանքի տարրերի առկայության առաջնահերթությամբ:

Նորագույն տեխնիկական միջոցներն ու ժամանակակից միջազգային օրենքները հնարավորություն են տալիս ներխուժել այլ երկրների տեղեկատվական տարածություն և ազդել տեղական հանրային կարծիքի վրա: Առայժմ նման նպատակների իրականացման հիմնական գործիքներից է հեռուստատեսությունը: Ազատ տեղեկատվական հոսքերն, առաջին հայացքից, բոլոր երկրներին հնարավորություն են տալիս տեղեկատվություն տարածել աշխարհի ցանկացած կետ: Սակայն իրականում «ազատ տեղեկատվական» հոսքերի հնարավորություններից կարող են օգտվել միայն գերհզոր տերությունները, որոնք ունեն գիտելիք և տեխնիկական միջոցներ: Օրինակ` գրեթե ամեն օր մեր գլխավոր լրատվական հաղորդումներում կա անդրադարձ ԱՄՆ-ին, իսկ թե ԱՄՆ-ում Հայաստանի մասին համարժեք մակարդակով քանի՞ անգամ են անդրադարձել` կարելի է հաշվել մատների վրա: Հայտնի սոցիոլոգ Էնթոնի Գիդենսը կարծում է, որ 1980-ականների վերջերին Արևելյան Եվրոպայի սոցիալիստական երկրների հակախորհրդային հեղափոխությունները «հեռուստատեսային հեղափոխություններ» էին` նկատի ունենալով հեռուստատեսության մեծ դերը հեղափոխությունների գործում19:

Արևմտյան հեռուստահաղորդումների տեխնիկական մակարդակը և հոգեբանների աջակցությամբ այդ հաղորդումների հարմարեցումը կոնկրետ լսարանի պահանջին և ճաշակին, դրանք միջազգային հեռուստատեսային շուկայում պահանջվող արտադրանք են դարձնում: Այնպես է ստացվում, որ որևէ երկրի «զանգվածային մարդն» իրեն խաբված և զրկված կզգա, եթե նրան չցուցադրեն այդ «արևմտյան նախագծերը»: Դրանից օգտվելով` Արևմուտքը և ԱՄՆ-ը հասել են նրան, որ հեռուստահաղորդումների արտահանվող ձևաչափերն արգելում են փոխել կամ տեղայնացնել: Այսպիսով, իդեալական հնարավորություն է ստեղծվում գաղափարական և արժեքային քարոզչության համար:

Երբ 2003թ. Հայաստանի Հանրային հեռուստաընկերությունը դարձավ Եվրոպայի հեռարձակողների միության անդամ, Հայաստանում ևս եվրոպական և ամերիկյան հաղորդաշարերի նախագծերի ներհոսք սկսվեց, որոնք, իհարկե, իրենց հետ ավելի շատ օտար արժեքներ և գաղափարներ սկսեցին բերել:

Այժմ միջազգային իրադրության պատճառով գրեթե անհնար է դարձել նաև «երկաթե վարագույրների» ստեղծումը, որոնք երբեմն հնարավորություն են տալիս պաշտպանվել տեղեկատվական էքսպանսիայից: 1990-ականների սկզբից Հայաստանի հանրությանը Թուրքիայի հոգեբանական ազդեցությունից պաշտպանող յուրօրինակ «երկաթե վարագույրների» քաղաքականու-թյուն էին վարում մեր լրատվամիջոցները, երբ Թուրքիային անդրադառնում էին որպես թշնամի պետության: Իսկ եթե Թուրքիայի հետ հարաբերությունները բարելավվեն, Թուրքիայի համար, բարեկամի անվան տակ, հոգեբանական ազդեցության հնարավորություններն ավելի կմեծանան: 2009 թվականի սկզբին հայտնի դարձավ, որ Հայաստանի Հանրային հեռուստաընկերությունը Թուրքիային աջակցում է հայալեզու հեռուստաալիք հիմնելու գործում` Հայաստանի բնակչության համար այն հեռարձակելու նպատակով20:

Նմանատիպ գործընթաց կատարվեց նաև ԽՍՀՄ-ի հետ, որի մասնատումից հետո նրա հակառակորդ ու գլխավոր մասնատող ԱՄՆ-ը ստացավ ազդեցության ավելի մեծ հնարավորություն, քանի որ հաստատվեցին «բարեկամական» հարաբերություններ:

Ադրբեջանը նույնպես, հետևելով Թուրքիային, ստեղծել է հայալեզու միջազգային հեռուստաընկերություն21: Այն կոչվում է ATV İnternational (ATV İNT) և արդեն 2009թ. հոկտեմբերի 5-ից սկսել է գործել22: ATV İNT-ը հեռարձակում է հաղորդումներ ռուսերեն, պարսկերեն, անգլերեն, թուրքերեն և հայերեն: Ադրբեջանի հեռուստատեսության ազգային հանձնաժողովը ATV İNT-ի ստեղծումն արդարացրել է այն փաստով, որ Ադրբեջանի տարածքում միջազգային հեռուստաընկերությունների հեռարձակումն արգելելուց հետո, ATV İNT-ը պետք է լրացնի այդ բացը` մոռանալով նշել, որ Ադրբեջանում հեռարձակվող միջազգային հեռուստատեսությունները հայերեն կամ պարսկերեն չէին….

Ադրբեջանա-թուրքական հայալեզու հեռուստաալիքների հնարավոր վտանգները կարելի է բաժանել երկու մասի.

  1. Հակահայկական տեղեկատվական գործողությունների ժամանակ ադրբեջանա-թուրքական տեղեկատվական դաշտի հզորացում: Նրանք կունենան ևս մի տեղեկատվամիջոց, որն ազդեցություն կունենա հայկական տեղեկատվական դաշտում և ադրբեջանա-թուրքական համացանցային լրատվամիջոցների նման կարող է օգտագործվել հակահայկական տեղեկատվական գործողությունների ժամանակ:
  2. Ազդեցություն արժեքային համակարգի վրա (երաժշտության, մշակույթի միջոցով), որն ավելի խորքային վտանգներով է հղի:

Մեդիայի մասնագետ, գերմանացի Ռայներ Պացլաֆը գրում է. «Երբ մտածում ես, թե որքան հզոր է ժամանակակից ժողովրդավարությունը` մաս-մեդիայի ազդեցության հնարավորութուններն օգտագործելու դեպքում, և որքան մեծ դեր ունի հեռուստատեսությունն այդ հարցում, հարց է առաջանում. մենք չե՞նք ապրում արդյոք սուտ ժողովրդավարության ժամանակաշրջանում, որն աջակցում է միայն հանրության ինքնուրույնության պատրանքի ստեղծմանը և որն իրականում առաջացնում է իրական ինքնուրույնության կորուստ: Ժողովրդավարության գոյությունը կախված է նրանից, թե կկարողանանք մենք ազատվել հեռուստատեսության բացահայտ կախարդանքից` այն օգտագործելով գիտակցորեն»23:

1Маршал Маклюэн, “Понимание медия: внешние расширения человека”, Москва, “Гипербория”, 2007г., с. 14.

2Л.В. Матвеева, Т.Я. Аникеева, Ю.В. Мочалова, “Психология телевизионной комуникации”, Москва, 2004г. с. 59.

3Նույն տեղում, էջ 29:

4Эллиот Аронсон, “Общественное животное”, Санкт-Петербург, “Прайм-Еврознак”, 2006г., с. 108.

5Маршал Маклюэн, “Понимание медия: внешние расширения человека”, Москва, “Гипербория”, 2007г., с. 363.

6Օրինակ` 2003թ. Բաղդադի ռմբակոծությունը սկսվեց Իրաքի հեռուստակայանի պայթեցումից: Փոխարենն իրաքցիներին լայնորեն մատուցվում էին ամերիկացիների պատրաստած հեռուստահաղորդումները: Իսկ 1991թ. Իրաքյան պատերազմի ժամանակ ամերիկյան երկու EC–130 ինքնաթիռ օրը 24 ժամ ռադիո-հեռուստահեռարձակում էին իրականացնում Իրաքի տարածքում: Артур Атанесян, “Актуальные проблемы современных политических и конфликтных коммуникаций”, ЕГУ, Ереван, 2008г., с. 129.

7Հրաչ Բայադյան, «Սպառողականություն 7 ձանձրույթ». 2009/03/16, «Հետաքննող լրոգրողների ընկերակցության» կայք` http://hetq.am/am/culture/dzandzruyt/

8Райнер Пацлаф, “ЗАСТЫВШИЙ ВЗГЛЯД”, Физиологическое воздействие телевидения на развитие детей, Перевод с немецкого В. Бакусева, Москва, 2003г., с. 18.

9С.Г. Кара-Мурза, “Власть манипуляции”, Москва, “Академический проект”, 2007г., с. 348.

10С.А. Зелинский, “Информационно-психологическое воздействие на массовое сознание”, Санкт-Петербург, 2008г. с. 145.

11Аронсон Э., Пратканис Э.Р, “Эпоха пропаганды: Механизмы убеждения, повседневное использование и злоупотребление”, http://lib.rus.ec/b/132715/read

12Հրաչ Բայադյան, «Գովազդ և մշակութային արժեքներ», 2009/06/30. «Հետաքննող լրոգրողների ընկերակցության» կայք` http://hetq.am/am/society/govazd-2/

13Налчаджян А., “Агресивность человека”, “Питер”, 2007г., с. 301.

14Дейвид Майерс, “Социальная психология”, Москва, “Питер”, 2009г., с. 39.

15В.Д. Попов, “Тайны информационной политики” (социокоммуникативный психоанализ информационных процессов). РАГС, Москва, 2009г., с. 58:

16Ալբերտ Նալչաջյան, «Հոգեբանության հիմունքներ»: «Հոգեբան», Երևան, 1997թ., էջ 228:

17Т.В. Евгенев, “Технологии социальных манипуляаций и методы противодействия им”, “Питер”, Москва, 2007г., с. 7.

18Эллиот Аронсон, “Общественное животное”, Санкт-Петербург, “Прайм-Еврознак”, 2006г., с. 67.

19Энтони Гидденс, “Ускользающий мир: как глобализация меняет нашу жизнь”, Москва, 2004г., с. 31.

20“В Турции вплотную взялись за армянскую культуру”, «Ռեգնում» լրատվական գործակալության կայք՝ http://www.regnum.ru/news/1107273.html

21“В Азербайджане появится телеканал, вещающий и на армянском языке”, 05.03.2009, «Ռեգնում» լրատվական գործակալության կայք՝ http://www.regnum.ru/news/1133789.html

22Apa.az ադրբեջանական լրատվական գործակալության կայք՝ http://ru.apa.az/news_Телеканал,_который_будет_вещать__143918.html

23Райнер Пацлаф, “ЗАСТЫВШИЙ ВЗГЛЯД”, Физиологическое воздействие телевидения на развитие детей, Перевод с немецкого В. Бакусева, Москва, 2003г., с. 18.


դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր