• am
  • ru
  • en
Версия для печати
15.12.2009

ԱԴՐԲԵՋԱՆԻ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԵԿՆԱԲԱՆՈՒՄ` «ԵՎՐՈՆՅՈՒԶ»-Ի ԴԵՄ ԿԱԶՄԱԿԵՐՊՎԱԾ ԱՐՇԱՎԻ ՕՐԻՆԱԿԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ

   

Վահրամ Միրաքյան

«Եվրոնյուզ»-ը (Euronews) նոյեմբերի 28-ին ցուցադրել էր Մայքլ Ռիչմանի «Փոփոխությունների քամին Լեռնային Ղարաբաղում» ("Winds of change in Nagorno Karabakh") հաղորդումը, որտեղ ներկայացվել են ԼՂՀ պատմությունը, Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացը, ինչպես նաև ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հետ հարցազրույցը:

Չնայած ֆիլմում տեղ գտած որոշ անճշտություններին (հայերի կրած մարդկային կորուստները 7 հազարի փոխարեն 17 հազար էր հաղորդվում, ԼՂՀ տարածքը երկու անգամ քիչ էր նշված)՝ Արցախի մասին իրականությունն այնտեղ հիմնականում ներկայացված էր օբյեկտիվորեն: Ռեպորտաժում ասվում էր, որ 1991թ. ԼՂՀ-ն անկախություն է հայտարարել, ինչը հանգեցրել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պատերազմի: «1994թ. հրադադար է կնքվել, բայց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը դեռ ճանաչված չէ միջազգային մակարդակում»: Լրագրողը պատմում է նաև ավանդական հայկական եկեղեցիների մասին՝ նկատելով, որ «շատ հայերի համար հավատը մեծ դեր ունի: Տարածաշրջանում հարյուրավոր հայկական եկեղեցիներ և վանքեր կան»:

Հաղորդման ցուցադրման հաջորդ օրից Ադրբեջանն այդ ռեպորտաժի դեմ տեղեկատվական պայքար սկսեց, որի ներկայացումն ու ուսումնասիրումը կօգնի պատկերացում կազմել Ադրբեջանի տեղեկատվական ռազմավարության մասին:

«Եվրոնյուզ»-ի դեմ պայքարի մեթոդաբանությունը

Ադրբեջանի տեղեկատվական պայքարը «Եվրոնյուզ»-ի դեմ ընթացավ հետևյալ մեթոդներով.

  1. խնդրի վերաբերյալ ներքին (մասամբ նաև արտաքին) լսարանի վերաբերմունքի ձևավորում` հայտարարությունների, մեկնաբանությունների միջոցով,
  2. պաշտոնական բողոքի նոտաների հղում,
  3. լայն զանգվածների բողոք-նամակների հոսքի կազմակերպում,
  4. բողոքի ցույցերի կազմակերպում:

Ադրբեջանի վերլուծական շրջանակները ֆիլմի մասին արձագանքեցին` սկսած նոյեմբերի 29-ից: Ֆիլմի ցուցադրման հաջորդ օրը ադրբեջանցի քաղաքագետ Վաֆա Գուլուզադեն հայտարարեց, որ «Եվրոնյուզ»-ի ֆիլմն ամբողջովին հիմնված է «հայկական միֆոլոգիայի վրա և ոչ մի կապ չունի իրականության հետ»1:

Նույն օրը «Եվրոնյուզ»-ը հեռարձակող երկրների դեսպաններին բողոքի նոտա հղեց Ադրբեջանի արտգործնախարարությունը: Հեռուստաընկերությանը բողոքի նամակ գրեց նաև Ադրբեջանի ղեկավարող՝ «Յենի Ադրբեջան» կուսակցությունը2: Ընդհանրապես, այս շրջանում շատ կուսակցություններ և պատգամավորներ հրապարակավ բողոքեցին «Եվրոնյուզ»-ի դեմ:

Բողոքի նամակ ուղարկեցին նաև Ադրբեջանի Դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչները3:

Ադրբեջանական բողոքները հանգեցրին նրան, որ «Եվրոնյուզ»-ի գլխավոր խմբագիր Փիթր Բարաբասը (Peter Barabas) Day.az-ին տված հարցազրույցի ժամանակ խոստացավ ֆիլմ նկարահանել ադրբեջանցի փախստականների մասին:

Փիթր Բարաբասի հայտարարությունը մեկնաբանությունների նոր առիթ տվեց։ Մասնավորապես` Ադրբեջանի Մեջլիսի պատգամավոր Հայդին Միրզազադեն, մեկնաբանելով «Եվրոնյուզ»-ի գլխավոր խմբագրի հարցազրույցը Day.az-ին, նշեց, որ «Եվրոնյուզ»-ը հայկական պատվեր էր կատարում4:

Բանը հասավ սպառնալիքներին. «Եթե «Եվրոնյուզ»-ն ու մյուս օտարերկրյա հեռուստաալիքները շարունակեն Ադրբեջանի դեմ հաղորդումներ պատրաստել, մենք որոշում կընդունենք երկրի տարածքում մալուխային հեռուստատեսության միջոցով այդ ալիքների հեռարձակման դադարեցման մասին»,- հայտնել էր Ադրբեջանի ազգային հեռուստառադիոխորհրդի նախագահ Նուշիրևան Մագերամլին5:

Նրա խոսքով` Ադրբեջանի իշխանությունների նման քայլի հնարավորություն երկրի օրենսդրությունը թույլ է տալիս:

Հաղորդման ցուցադրումից մոտ 10 օր անց Ադրբեջանի ԱԳՆ-ն տարածեց ևս մեկ հայտարարություն, որտեղ ասվում էր, թե իրենք պատրաստ են «Եվրոնյուզ»-ին տրամադրել Արցախյան խնդրի իրական կողմերը ցուցադրող տեսանյութեր և կազմակերպել «Եվրոնյուզ»-ի լրագրողների այցն Ադրբեջան՝ խնդրին մոտիկից ծանոթանալու համար6:

Դեկտեմբերի 11-ին, երբ «Եվրոնյուզ»-ի քննադատություններն արդեն ավարտվել էին, կազմակերպվեց ևս մեկ ակցիա, որը տեղեկատվական առիթ հանդիսացավ և «Եվրոնյուզ»-ի քննադատության նոր ալիք բարձրացրեց: Բողոքողներն Ireli երիտասարդական շարժման ակտիվիստներն ու Ֆրանսիայում սովորող ադրբեջանցի ուսանողներն էին, որոնք Լիոնում՝ «Եվրոնյուզ»-ի կենտրոնական գրասենյակի դիմաց, բողոքի ցույցի դուրս եկան7: Իրավիճակը մի քիչ սրելու համար նույնիսկ հայտարարվեց, թե հայերը զանգահարում են ադրբեջանցի ցուցարարներին և սպառնում8:

Այս ամենի ֆոնին հայկական կողմից միայն մեկ անգամ ԼՂՀ ԱԳՆ-ն հայտարարեց, թե «Եվրոնյուզ»-ը ներկայացրել է ԼՂՀ-ում ճշմարիտ իրավիճակը։

Առաջին հայացքից թվում է, թե նմանատիպ տեղեկատվական արշավի կազմակերպման համար անհրաժեշտ է մեծ գումարներ ու մեծաքանակ մարդկային ներուժ ներգրավել, սակայն իրականությունն այլ է: Նմանատիպ տեղեկատվական ակցիան, լավ կազմակերպելու դեպքում, հնարավոր է իրականացնել գրեթե առանց ծախսերի:

Ասվածը պարզաբանենք վերոնշյալ չորս կետերի հիման վրա:

1) Խնդրի վերաբերյալ ներքին (մասամբ նաև արտաքին) լսարանի վերաբերմունքի ձևավորում հայտարարությունների, մեկնաբանությունների միջոցով. այս կետի իրականացման համար բավական է միայն, որ մեկ լրատվամիջոց հետևողականորեն, համապատասխան դիրքորոշում ունեցող մի քանի փորձագետից հարցազրույց վերցնի: Մյուս լրատվամիջոցներն, այնուհետև, հղում են տալիս այդ հարցազրույցներին: Այսպիսի տեղեկատվական քաղաքականության մեկ կամ երկու օրը մոբիլիզացնում է ներքին (ինչ-որ չափով նաև արտաքին) լսարանը և հող է նախապատրաստում հակառակորդի դեմ հետագա պայքարի համար:

2) Պաշտոնական բողոքի նոտաների հղում. այս գործողությունները ցանկալի է իրականացնել տեղեկատվական արշավի ամենասկզբից, որը նաև ազդանշան կհանդիսանա բողոքի այլ ակցիաների կազմակերպման համար: Այստեղ քննարկվող դեպքում նմանատիպ օրինակ հանդիսացավ արտգործնախարարության բողոքի նոտայի հղումը «Եվրոնյուզ»-ին: Ճիշտ է, այս դեպքում Ադրբեջանի ԱԳՆ-ն ակտիվ մասնակցություն ունեցավ նաև բողոքի կազմակերպման այլ փուլերում, ինչը կարող է միայն դրական հետևանքներ ունենալ տեղեկատվական արշավի վրա:

3) Լայն զանգվածների բողոք-նամակների հոսքի կազմակերպում. այս դեպքում գրվում է թիրախին ուղղված նամակի տեքստը, որը տեղադրվում է որևէ լայն լսարան ունեցող համացանցային լրատվամիջոցում: Տարբեր անհատներ վերցնում են տեքստը, և միայն անուն-ազգանունը փոխելով, ուղարկում են հասցեատիրոջը: Դա հնարավորություն է տալիս կարճ ժամանակահատվածում կազմակերպել հազարավոր բողոքի նամակների հղում: Այս փուլին նախորդող միջոցառումները լայն զանգվածների շրջանում բողոքելու տրամադրություն արդեն ստեղծել էին, այդ պատճառով նամակների թիվը, ամենայն հավանականությամբ, մեծ կլինի:

4) Բողոքի ցույցերի կազմակերպում. սա արդեն տեղեկատվական արշավի վերջին ալիքն է, որը կազմակերպվում է մինչև այս փուլը բավարար արդյունքներ չունենալու դեպքում:

Տեղեկատվական արշավի հետագա զարգացման համար անհրաժեշտ է ստեղծել այլ տեղեկատվական առիթներ):

Ինչպես տեսնում ենք, այս չորս կետերից երեքին կարելի է հասնել առանց ֆինանսական ներդրումների, միայն անհրաժեշտ է ձեռքի տակ ունենալ պետական որոշում և լրատվամիջոց: Որոշ ֆինանսական ներդրումներ պահանջում է միայն բողոքի ցույցը:

Այս պարզ, բայց իր արդյունավետությունն ապացուցած սխեմայով է գործում Ադրբեջանը, և նմանատիպ սխեմայով կարող է գործել նաև Հայաստանը՝ հակահայկական տեղեկատվական դրսևորումների կանխարգելման համար: Բացի այդ, անհրաժեշտ է, որ Ադրբեջանի գրոհի թիրախ դարձած տեղեկատվամիջոցներին աջակցություն ցուցաբերի նաև հայկական կողմը, քանի որ Ադրբեջանի նման քաղաքականության շարունակության դեպքում լրատվամիջոցները, վախենալով բողոքի ալիքից, իրենց նյութերը պատրաստելիս ավելի շատ կհիմնվեն ադրբեջանական աղբյուրների վրա:

1Вафа Гулузаде: «На Евроньюс нужно подать в суд», http://1news.az

2Телеканал Euronews хочет снять программу об азербайджанских беженцах, которые покинули регион из-за нагорно-карабахского конфликта - главный редактор, http://ru.trend.az/

3Демократическая партия Азербайджана расценила действия иностранных телеканалов как провокацию. Day.az

4Айдын Мирзазаде: «В репортаже Euronews чувствуется заказной характер», 05 Декабря 2009 Day.Az

5Глава НСТР сказал, какие меры могут быть приняты против каналов, транслирующих антиазербайджанские передачи, 05 Декабря 2009 Day.Az

6МИД Азербайджана: «В случае обращения представители Euronews могут посетить Азербайджан», 07 Декабря 2009, Day.Az

7Азербайджанцы намерены провести акцию протеста перед офисом Euronews в Лионе, http://panarmenian.net/

8Армяне угрожают азербайджанской молодежи, планирующей пикет перед офисом Euronews, http://apa.az


դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր