• am
  • ru
  • en
Версия для печати
09.02.2010

ՌԱԴԻՈՅԻ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

   

Վահրամ Միրաքյան

«Ամեն մի հաղորդակցության միջոց, բացի այլ բաներից,
նաև հզոր զենք է այլ հաղորդակցության միջոցների և
այլ խմբերի վրա հարձակվելու համար»:
Մարշալ Մաքկլուեն1

Ռադիոն ազդեցության համար մեծ լսարան գրավելու հնարավորություն ունի և կարող է օգտագործվել և´ խաղաղ, և´ պատերազմական շրջանում: Ռադիոքարոզչությունը մեծ դեր է ունեցել 20-րդ դարի մի շարք հակամարտությունների լուծման հարցում: Շատ դեպքերում ռադիոընդունիչները նախօրոք ինքնաթիռներով են նետվել հակամարտության վայր: Այդպես է եղել Վիետնամում, Իրաքում, Աֆղանստանում, Հաիթիում և այլ երկրներում տեղի ունեցած հակամարտությունների ժամանակ2:

Ռադիոյի միջոցով տեղեկատվահոգեբանական ազդեցությունն ունի հետևյալ առավելությունները և թերությունները3.

Առավելությունները

  1. Ինտելեկտուալ և զգայական ազդեցության համատեղելիություն. ռադիոյին զգայական ազդեցության մեծ հնարավորություն է տալիս ձայնի տոնայնության, իմաստային դադարների, աղմուկի, երաժշտության և այլ միջոցների օգտագործումը:
  2. Լսարանի հետ ուղիղ կապ հաստատելու հնարավորություն. ռադիոյի միջոցով տեղեկատվություն հաղորդողը և ստացողը գտնվում են ակուստիկ հաղորդակցման վիճակում, ինչը մտերմացնում է նրանց և առաջացնում է «մասնակցի էֆեկտ»:
  3. Տեղեկատվության հաղորդման մեծ օպերատիվություն. ռադիոհաղորդում պատրաստելու համար պահանջվող ժամանակն ավելի փոքր է, քան տպագրության, ինտերնետի կամ հեռուստաեթերի հեռարձակման համար անհրաժեշտ ժամանակը:
  4. Զանգվածային լսարան գրավելու լայն հնարավորություններ. ռադիոն կարող է ներառել լսարանի բոլոր շերտերին` երիտասարդներ, երեխաներ, կանայք, ծերեր, զինվորներ և այլն:
  5. Ռադիոհեռարձակումը կախված չէ օրվա ժամից կամ եղանակից. այն հնարավոր է իրականացնել երբ կարիք լինի` նույնիսկ թաքցնելով հեռարձակողի ինքնությունը և նպատակները: Ռադիոհեռարձակման կայանի տեղը կարելի է հայտնաբերել միայն համապատասխան տեխնիկայի միջոցով:
  6. Տարբեր ժանրերի կիրառում` քարոզչական նպատակին հասնելու համար:
  7. Ունկնդրելու հնարավորություն այլ գործով զբաղվելու ժամանակ. եթե թերթ կարդալիս կամ հեռուստացույց դիտելիս գրեթե հնարավոր չէ այլ գործով զբաղվել, ռադիո կարելի է լսել մեքենա վարելիս, քայլելիս (ականջակալներով), խոհանոցային և այլ աշխատանքների ժամանակ:

Թերությունները4

  1. Տեսապատկերի հաղորդման անհնարինություն:
  2. Եթե թերթի նյութը կարելի է պահել և կարդալ առավել հարմար վայրում և առավել հարմար ժամանակ, ռադիոն լսում են միայն մեկ անգամ (երբեմն նաև մի քանի, երբ նյութը վերահեռարձակվում է):
  3. Ռադիոհաղորդագրությունն, ի տարբերություն տպագիր մամուլի հաղորդած տեղեկատվության, «ապրում» է այնքան, որքան տևում է ռադիոհաղորդումը:

Ռադիոյով տեսապատկերի հաղորդման անհնարինությունը, բացի թերություն լինելուց, ունի նաև առավելություն: Հետազոտություններն ապացուցել են5, որ ռադիոհաղորդումներում տեսապատկերի բացակայությունն ակտիվացնում է լսողի պատկերացումը, ինչը հաղորդվող տեղեկատվությանը տալիս է լրացուցիչ հավաստիություն և զգացմունքայնություն:

Կանադացի սոցիոլոգ Մարշալ Մաքկլուենը ռադիոն անվանում է տեղեկատվության փոխանցման «տաք» միջոց, իսկ հեռուստատեսությունը՝ «սառը», որովհետև այն լսարանի համար պատկերացումների դաշտ չի թողնում6: Նա նշում է, որ տպագրությունը խորացրել և զարգացրել է մարդկանց անհատականությունը, իսկ ռադիոն կատարել է հակառակը` վերադարձնելով մարդկանց ցեղային կյանքի սարդոստայն: «50-ականներից սկսած, երբ ռադիոն տարածվեց ամենուր, մեր պատանիները սկսեցին ցուցադրել ցեղային պահվածքի շատ նմանություններ, ցեղային կենսակերպին հատուկ վարքագծեր»7:

Ռադիոյի միջոցով հոգեբանական ազդեցությունը Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ

Լուսաբանման համար ընտրվել է Երկրորդ համաշխարհային պատերազմը, քանի որ պատերազմի ժամանակ ռադիոքարոզչության փորձը սկսեց ձևավորվել այս շրջանում, և շատ տեխնոլոգիաներ մինչև այժմ անփոփոխ են մնացել:

Երկրորդ համաշխարհայինի սկզբում ռադիոյի քարոզչական հնարավորությունները լավագույնս օգտագործեց Գերմանիան: 1940թ. Գերմանիայում պատրաստում էին ռադիոհաղորդումներ 30 լեզուներով: Իսկ այլ երկրների քարոզչական ազդեցությունը կանխելու համար 1939-ից Գերմանիայում արգելվում էր լսել այլ երկրների պատրաստած ռադիոհաղորդումները. դրանցից ստացած տեղեկատվության տարածման համար նույնիսկ մահապատիժ էր նախատեսված8: Հիտլերը ռադիոյին մեծ դեր էր տալիս նաև սեփական բնակչության վրա տեղեկատվահոգեբանական ազդեցություն իրականացնելու առումով: Նրա բոլոր ելույթները հեռարձակվում էին ռադիոյով` օգտագործելով ձայնային ազդեցության այնպիսի տեխնոլոգիաներ, որոնք ավելացնում էին ագրեսիվ զգացողությունները: Հիտլերի բոլոր ելույթներն ուղեկցվում էին Վագների օպերաներով, որոնք հզորության, մոտեցող ռազմական մեքենայի տպավորություն էին թողնում9:

Գերմանիայում ռադիոքարոզչության ոլորտի ամենամեծ հաջողություններից էին 1940թ. Ֆրանսիայի օկուպացիային նախորդած գործողությունները, երբ այսպես կոչված «սև» ռադիոհեռարձակիչ կայանները (դրանք գործում էին ֆրանսիական ռադիոկայանների անվան տակ) տարածում էին խուճապ առաջացնող լուրեր և քննադատում էին ֆրանսիական կառավարության գործողությունները: Նմանատիպ ռադիոկայաններ սկսեցին գործել ռազմական գործողություններից երկու ամիս առաջ, և արդյունքը եղավ այն, որ բուն ռազմական հարձակման ժամանակ ֆրանսիական բանակի բարոյական ոգին այնքան ցածր էր, որ լուրջ դիմադրություն գրեթե չցուցաբերեց10:

Երկրորդ համաշխարհայինի սկզբին գերմանական զորքերն ունեին շարժական ռադիոկայաններ, որոնք հեռարձակում էին գերմաներեն լեզվով` սեփական զորքերի և ռուսերեն լեզվով (խորհրդային բանակի ճակատում)՝ հակառակորդի զորքերի և բնակչության համար11:

1938-ից բրիտանական ԲիԲիՍի-ն սկսեց ընդլայնել գերմաներեն լեզվով հեռարձակումները: Բրիտանացիները սկզբում նաև խլացնում էին գերմանական ռադիոհաղորդումները, որոնք հեռարձակվում էին Անգլիայի տարածքում, իսկ հետագայում, երբ համոզվեցին դրա անարդյունավետության հարցում, դադարեցին խլացնել դրանք:

ԽՍՀՄ-ից նույնպես հեռարձակվում էին գերմաներեն հաղորդումներ. նույնիսկ Մոսկվայից ռադիոհեռարձակում էին իրականացնում գերմանացի հակաֆաշիստները: Մոսկվայի ռադիոկայանի լսարանը Գերմանիայում մեծացավ Ստալինգրադի ճակատամարտից հետո, երբ խորհրդային ռադիոն եթերում սկսեց հաղորդել գերմանացի գերիների անունները և հեռարձակել գերիների նամակները` ուղղված հարազատներին12:

Պատերազմի ժամանակ ռադիոյի դերը հսկայական էր նաև ներքին լսարանի վրա ազդելու հարցում:

Խորհրդային հայտնի լրագրող Յուրի Գալպերինը գրում է. «Հայրենական պատերազմը ռադիոն դարձրեց հացի պես կարևոր: Երբ ավարտվեց պատերազմը, մարդիկ ոգևորությամբ սկսեցին վերականգնել երկիրը, և ռադիոն ամենածայրամաս էր հասցնում բարի լուրերը` վերականգնվող քաղաքների, գյուղերի, գործարանների մասին: Ամեն առավոտ մարդիկ գործի գնալուց առաջ լսում էին «Վերջին լուրերը»13:

Մի քանի տասնամյակ անց մարդիկ սկսեցին նույն ոգևորությամբ լսել ամերիկյան և բրիտանական ռադիոեթերը։ 1980թթ. սկսած՝ ԽՍՀՄ-ը ռադիոյի խլացման հնարավորությունների 70%-ն օգտագործում էր «Ազատ Եվրոպա», «Ազատություն» ռադիոկայանների խլացման համար, իսկ «Ամերիկայի ձայնին» հատկացվում էր 10%: 20%-ն էլ օգտագործվում էր այլ երկրների ռադիոեթերը խլացնելու համար14: Թե ինչո՞ւ էր խորհրդային մարդը նախընտրում արտասահմանյան ռադիոեթերը` առանձին ուսումնասիրության թեմա է:

1Маршал Маклюэн, “Понимание медия: внешние расширение человека”. Москва, “Гипербория”, 2007г., c. 25.

2Г.Почепцов, “Психологические войны”. “Рефл-бук”, Киев, 2002г., c. 446.

3В.Б. Вепринцев, А.В. Манойло, А.И. Петренко, Д.Б. Фролов, “Операции информационно-психологической войны”, Краткий энциклопедический словарь-справочник. Москва, 2005г., c. 61.

4С.Н. Бухарин, В.В. Цыганов, “Методы и технологии информационных вoйн”, Академический проект-2007г., c 233.

5Т.В. Евгеньев, “Технологии социальных манипуляций и методы противодействия им”, “Питер”, 2007г., c. 57.

6Маршал Маклюэн, “Понимание медия: внешнeе расширение человека”. Москва, “Гипербория”, 2007г., c. 27.

7Նույն տեղում, Էջ 345:

8И.Н. Панарин, “Информационная война, PR и мировая политика”, Москва, Горячая линия-Телеком, 2006г,. c. 66.

9Сергей Романюха, “Психология пропаганды: сходства и отличия с PR-деятельностью”, http://www.prexclusive.ru/prevents/prportfolio/propaganda/index.htm

10Владимир Криско, “Секреты психологической войны” (цели, задачи, методы, формы, опыт). Минск, Харвест, 1999г., c. 351.

11Նույն տեղում, էջ 359:

12Նույն տեղում, էջ 375:

13Юрий Гальперин, «В эфире слово». Москва, «Искуство», 1977г., c. 163.

14Беспалова А.Г., Коронилов Е.А., Короченский А.П., Луинский Ю.В., Станько А.И. “История мировой журналистики”, “Старые русские”, Растов На-Дану, 2000г., c. 297.


դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր