• am
  • ru
  • en
Версия для печати
radio22.01.2010

ՌԱԴԻՈՆ ՈՐՊԵՍ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՆ

   

Վահրամ Միրաքյան

Ռադիոն առաջին հաղորդակցական միջոցն էր, որը հեշտությամբ հատում էր պետական սահմանները և կարողանում էր լսարան ու ազդեցություն ապահովել նաև այլ երկրներում: Դա անմիջապես գնահատեցին պետությությունների քաղաքական և ռազմական ղեկավարները` ռադիոն դարձնելով տեղեկատվա-հոգեբանական ազդեցության և քարոզչության կարևոր միջոց:

Առաջինն այլ երկրներ ռադիոյի միջոցով տեղեկատվություն հաղորդել են գերմանացիները, 1915թ.1: Չնայած առաջին հեռարձակումները կատարվում էին Մորզեի այբուբենի միջոցով` դրանք իրենց հաղորդակցական դերը կատարեցին: Հետագայում, արդեն ժամանակակից տեսքով, այլ երկրների բնակչության ուղղությամբ հեռարձակում իրականացվեց ԱՄՆ-ում, որտեղ 1924թ. «Պանամերիկյան միություն» անվան տակ հեռարձակում իրականացվեց Լատինական Ամերիկայի երկրների ուղղությամբ: 1930-ական թվականների երկրորդ կեսին ամերիկացի միլիոնատեր Ռոքֆելերի միջոցներով ստեղծվեց «Համաշխարհային ռադիոհեռարձակման ֆոնդ», որը կազմակերպեց հեռարձակում լատինաամերիկյան և եվրոպական լսարանի համար2:

Միջազգային հեռարձակում իրականացնող առաջին երկրներից էր նաև ԽՍՀՄ-ը, որը սկսելով 1927թ., 1930-ին արդեն ռադիոհաղորդումներ էր պատրաստում 58 լեզուներով: 1938թ. Մոսկվայում տեղադրվեց ռադիոհեռարձակիչ կայան, որի հեռարձակումները կարելի էր լսել հինգ մայրցամաքներում միաժամանակ:

1930-ականներին ռադիոյի` արագ տեղեկատվություն փոխանցելու հնարավորությունները սկսեցին օգտագործել գաղութատիրական երկրները` Ֆրանսիան, Անգլիան, Հոլանդիան, որոնք հեռարձակումներ կազմակերպեցին իրենց տիրապետության տակ գտնվող երկրների համար:

Միևնույն ժամանակ, անգլիական ԲիԲիՍի-ն առաջին անգամ սկսեց եվրոպական երկրներ և ԱՄՆ արտահանել մշակութա-կրթական ու սպորտային հաղորդումներ, որոնք հետագայում լայն տարածում գտան3: ԲիԲիՍի-ի կազմում ձևավորվեց նաև Եվրոպական ծառայությունը, որի նպատակը քարոզչական գործունեությունն էր` ընդդեմ նացիզմի ծավալապաշտության:

1942թ. փետրվարի վերջին գերմաներեն և իտալերեն լեզուներով առաջին հաղորդումները սկսեց «Ամերիկայի ձայնը», որը նաև հեռարձակվում էր ասիական երկրների զինուժի և բնակչության համար, քանի որ ԱՄՆ-ը այնտեղ ռազմական գործողություններ էր իրականացնում:

1946թ. ԲիԲիՍի-ն սկսեց հաղորդումներ պատրաստել ԽՍՀՄ բնակչության համար, իսկ մեկ տարի անց նույնն արեց նաև «Ամերիկայի ձայնը»: 1950թ. նույն նպատակի համար հիմնադրվեցին նաև «Ազատ Եվրոպա», «Ազատություն» ռադիոկայանները: 1952թ. արդեն գործում էին «Ազատ Եվրոպայի» հինգ ազգային խմբագրություններ` ուղղված Լեհաստանի, Չեխոսլովակիայի, Ռումինիայի, Բուլղարիայի և Հունգարիայի լսարաններին4:

Այս ռադիոընկերությունները բացի քարոզչական գործունեությունից, ունեին նաև հետախուզական նպատակներ, որոնք իրականացվում էին հիմնականում «հետախուզություն բաց աղբյուրներից» մեթոդով: Ռադիոկայանների աշխատակիցները պարբերաբար վերլուծություններ էին ներկայացնում Կենտրոնական հետախուզական վարչությանը (ԿՀՎ) ԽՍՀՄ ռազմական, տնտեսական, սոցիալական վիճակի մասին5:

Նմանատիպ ռադիոկայանների ստեղծմանը նախորդել էին տեղեկատվա-հոգեբանական ազդեցության բազմաթիվ ուսումնասիրություններն ու գիտափորձերը: 1950-ականներին հոգեբանական պատերազմի ոլորտի ուսումնասիրություններով զբաղվում էին ԱՄՆ-ի մոտ 150 կազմակերպություն և 200 համալսարանական ամբիոններ6:

«Ազատությունն» իրականացնում էր նաև այլ ոճի հետախուզական գործունեություն` որսալով Խորհրդային Միության ոչ լարային կապի խոսակցությունները, գաղտնալսելով կապը ԽՍՀՄ նավատորմի, սուզանավերի հետ: Միջազգային հեռարձակումն ամենասկզբից ընդունեց ռազմավարություն, որով մինչ այժմ աշխատում են «Ազատություն» ռադիոկայանն ու նմանատիպ այլ ԶԼՄ-ներ: Ռազմավարությունը ենթադրում էր` սկզբում հավատի ներշնչում ռադիոկայանի նկատմամբ: Այդ պատճառով երկար ժամանակ թաքցվում էին «Ազատության» և «Ամերիկայի ձայնի»` ԱՄՆ կառավարությունից ֆինանսավորման և ԿՀՎ-ի հետ նրանց կապի մասին փաստերը: Իրենց գործունեության նկատմամբ հավատը չկորցնելու համար այս ռադիոկայաններն աշխատում են ճշմարտության հիման վրա, բայց վարպետորեն դրան խառնելով չափազանցությունը, ասեկոսեները, երբեմն նաև սուտը7:

«Ազատություն» և «Ազատ Եվրոպա» ռադիոկայանները պարբերաբար հաղորդում էին լոզունգներ, որոնք լրտեսների և «հինգերորդ շարասյան» համար կատարում էին գաղտնաբառերի դեր. դրանց հիման վրա նրանք ծրագրավորում էին իրենց գործունեությունը8:

Սկզբում այս ռադիոկայանները հող են նախապատրաստում որևէ գործողություն կատարելու համար, հետո գործի է անցնում հինգերորդ շարասյունը (թշնամու համար գործող քաղաքագետներ, իրավապաշտպաններ, լրագրողներ և այլն): Նպատակին չհասնելու դեպքում խառնվում են միջազգային ուժերը, այդ թվում նաև` ռազմական:

Նմանատիպ ռադիոկայանները հնարավորություն ունեն տեղեկատվա-հոգեբանական ազդեցության միջոցով հավատ ներշնչել և ձևավորել կարիք իրենց եթերի նկատմամբ, որից հետո գրեթե անհնար է ձերբազատվել նրանց ազդեցությունից: Եթե նույնիսկ Հայաստանի ողջ բնակչությանը ներկայացվեն «Ազատություն» ռադիոկայանի իրական գործունեությունը և նպատակները, մարդիկ, միևնույն է, կշարունակեն հավատալ և լսել այն: Դա տասնամյակներով ստեղծած իմիջի և դաստիարակչության արդյունք է («Ազատություն» ռադիոկայանի և նրա քարոզած գաղափարներով արդեն դաստիարակվել է երեք սերունդ):

Միջազգային հեռարձակումն ուղեկցվում էր պետությունների` այն արգելելու կամ թույլ չտալու փորձերով, քանի որ իդեալական պայմաններ էին ստեղծվում թշնամի պետությունների կողմից քարոզչության և այլ պետությունների ներքին գործերին միջամտելու համար:

1920-ական թվականների վերջին եվրոպական երկրներում սկսվեցին քննարկումներ ԽՍՀՄ ռադիոհեռարձակումը կանխելու մեթոդների վերաբերյալ: 1930-ին այդ խնդիրը քննարկման դրվեց Բրիտանական պառլամենտում9: 1930-ականների վերջից օգտագործվեց ռադիոհաճախականությունների խլացման մեթոդը: Իտալիան խլացնում էր բրիտանական ԲիԲիՍի-ն, Գերմանիան` ԽՍՀՄ հեռարձակումը, Ավստրիան` գերմանականը և այլն:

Պատմական փորձը ցույց է տալիս, որ ամեն անգամ, երբ ԽՍՀՄ-ը դադարեցնում էր այլ երկրների ռադիոկայանների խլացումը, ներքին խնդիրներ էին առաջանում ԽՍՀՄ ազդեցության տարածքում: Օրինակ, 1970թ. Լեհաստանը դադարեց խլացնել արևմտյան հեռարձակումները: Կարճ ժամանակ անց այնտեղ սկսվեցին զանգվածային անկարգություններ ընդդեմ խորհրդային կարգերի, և խլացումը վերսկսվեց: 1987թ. ԽՍՀՄ-ը դադարեց խլացնել ԲիԲիՍի-ն և «Ամերիկայի ձայնը», որին հետևեց 1990-92թթ. զանգվածային անկարգություններն ու ԽՍՀՄ մասնատումը: (Մենք ամենևին նկատի չունենք, որ մասնատման միակ պատճառը ռադիոկայաններն էին, բայց դրանց ներդրումն այդ գործում մեծ էր, և այն թերագնահատել չի կարելի):

Որոշ մասնագետներ համարում են, որ ամերիկյան քարոզչության արդյունավետությունը նրա «սոցիոլոգիական քարոզչության» ուղղվածության մեջ է։ Այն ենթադրում է հնարավորինս խուսափելով քաղաքական փաստարկներից` անհրաժեշտ քարոզչական ազդեցություն իրականացնել սոցիալական ոլորտի լուսաբանման միջոցով: Նման քարոզչության նպատակը զգացմունքներ առաջացնելն է: Դա իրականացվում էր Արևմուտքի բարեկեցության քարոզի միջոցով10: Իսկ խորհրդային քարոզչությունը շեշտը դնում էր «լուսավորության քարոզչության» վրա, որը ենթադրում էր տրամաբանական համոզում խորհրդային կարգերի առավելության վերաբերյալ, և նպատակակետը գիտակցությունն էր, ոչ թե զգացմունքները: Պատմությունն ապացուցեց «սոցիալական քարոզչության»` զգացմունքների վրա ազդեցության առավելությունը:

Հաղորդակցության ոլորտի ամերիկացի գիտնականների կարծիքով` այլ երկրների լսարանների վրա ռադիոհեռարձակման եղանակները բաժանվում են երեք խմբի11.

  1. Ազգային, պետական ռադիոհեռարձակման կազմակերպություններ, որոնք ֆինանսավորվում են պետության կամ նրա ստեղծած կազմակերպությունների և կուսակցությունների կողմից և այլ երկրների բնակչության շրջանում քարոզչական կոնկրետ խնդիրներ են լուծում: Ներկայումս նման գործունեություն իրականացնում են աշխարհի մոտ 80 երկրներ:
  2. Կոմերցիոն ռադիոհեռարձակում. նման ռադիոկայանները ժամանցային բնույթ ունեն և այլ երկրներում ունեցած մեծ լսարանի շնորհիվ իրականացնում են կոմերցիոն գործունեություն` հիմնականում գովազդի հաշվին:
  3. Կրոնական ռադիոհեռարձակում. միջազգային ռադիոհեռարձակման այս տեսակը համեմատաբար նոր է ձևավորվել և կրոնական քարոզչության նպատակ է հետապնդում:

Նման ռադիոկայաններ շատ ունեն կրոնական աղանդները:

1Г.С. Джоуэтт, В.О'Доннел: “Пропаганда и внушение”, http://psyfactor.org/lib/propaganda13.htm

2Беспалова А.Г., Коронилов Е.А., Короченский А.П., Луинский Ю.В., Станько А.И, “История мировой журналистики”, “Старые русские”, Растов На-Дану 2000г. С. 292.

3Նույն տեղում, էջ 294։

4М.Матоуш, “Чехословакия в борьбе против идеологической диверсии”, Москва, ИПЛ. 1977г. С. 18.

5Н.Н. Яковлев, “ЦРУ против СССР”, М. 1983г. С. 142.

6Панфилов А.Ф, “Радио США в психологической войне”. М. 1968г. С. 35.

7Н.Н. Яковлев, “ЦРУ против СССР”, М. 1983г. С. 143 .

8М.Матоуш, “Чехословакия в борьбе против идеологической диверсии”, Москва, ИПЛ. 1977г. С. 21.

9Беспалова А.Г., Коронилов Е.А., Короченский А.П., Луинский Ю.В., Станько А.И, “История мировой журналистики”, “Старые русские”, Растов На-Дану 2000г. С. 296.

10Шпиркин И.В. “Роль информационно-психологической войны в международных отношениях” (на примере "холодной войны") http://www.history.pu.ru/biblioth/novhist/mono/vinogr/96.htm

11Г.С. Джоуэтт, В. О'Доннел: “Пропаганда и внушение”, http://psyfactor.org/lib/propaganda13.htm. Книга американских исследователей Гарта Джоуэтта (Хьюстонский университет) и Виктории О'Доннел (Северо-Техасский университет) посвящена анализу пропаганды и феномена внушения в современном мире.


դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր