• am
  • ru
  • en
Версия для печати
29.06.2009

ԹՈՒՐՔԻԱ. ՊԱՀԱՆՋՎԱԾ ԿԼԻՆԻ՞ ԱՐԴՅՈՔ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ՀԵՂԱՇՐՋՈՒՄՆԵՐԻ ՓՈՐՁԸ

Руский

   

Սերգեյ Սարգսյան

Turkey (original)Թուրքիայի բանակը, որն իրեն համարում է Թուրքիայի Հանրապետության հիմնադիր Մուստաֆա Քեմալի ժառանգության պահապանը, երկրում կայունությունը պահպանելու և աշխարհիկ կարգի գոյությունը վտանգող սպառնալիքները կանխելու համար անցյալում բազմիցս հարկադրված է եղել միջամտել քաղաքականությանը, ընդհուպ մինչև 1960, 1971 և 1980թթ. զինվորական հեղաշրջումներն իրականացնելը: Նրա այս դերը երկրի քաղաքական գործընթացի զարգացման ներկա միտումների պայմաններում հերթական հեղաշրջման սպասելու տեղիք է տալիս: Սակայն այսօր իրավիճակն ինչպես Թուրքիայում, այնպես էլ նրա շուրջ արմատապես տարբերվում է այն ժամանակվանից, երբ բանակը որոշեց ամենաարմատական ձևով միջամտել երկրի ներքաղաքական կյանքին:

Իսլամի վերականգնումը հասարակության մեջ, որն սկսվեց անմիջապես Աթաթյուրքի մահվանից հետո, աստիճանաբար, բայց էլ ավելի հաստատուն կերպով անդրադարձավ ընտրազանգվածի քաղաքական նախընտրությունների վրա. եթե 70-ականների սկզբին իսլամամետ կուսակցություններին աջակցում էր բնակչության 11%-ը, ապա 90-ականների կեսերին այդ ցուցանիշն արդեն կազմում էր 21.5%: Դա թույլ տվեց Նեջմեթդին Էրբաքանին` «Ռեֆախ» («Բարօրություն») կուսակցության առաջնորդին, 1996թ. հուլիսին գլխավորել կոալիցիոն կառավարությունը, որի իշխանության գալը, գործունեությունը և անկումը բանակի ճնշմամբ վճռական ազդեցություն է թողել, ինչպես այսօր երևում է, Թուրքիայում հաջորդ տասնամյակի քաղաքական գործընթացների զարգացման, Արդարություն և զարգացում կուսակցության գաղափարախոսության ձևավորման և վարքագծի ու հատկապես բանակի հետ նրա փոխհարաբերության վրա: Մինչև 1997թ. հունիսի հարկադրական հրաժարականը` այդ կառավարությունը հասցրեց ընդունել և խորհրդարանով անցկացնել մի շարք օրենքներ և որոշումներ, մասնավորապես` պաշտոնապես թույլատրեց կանանց պետական և ուսումնական հաստատություններ հաճախել գլխաշորով, իսլամական ինստիտուտների շրջանավարտների դիպլոմները հավասարեցրեց աշխարհիկ հաստատությունների շրջանավարտների դիպլոմներին, կրճատեց աշխատանքային ժամերը սրբազան ռամադան ամսին և այլն:

Ն.էրբաքանի կառավարման տարիներին իսլամամետ տրամադրությունները խորացան Թուրքիայի մի քանի ուժային կառույցներում, որոնք հետագայում լուրջ ազդեցություն գործեցին ուժերի դասավորվածության և երկրի ռազմաքաղաքական իրադրության վրա: Հենց այդ ժամանակներից էլ, թուրքական զինվորական աղբյուրների համաձայն, իսլամիստների ազդեցության տակ է գտնվում ՆԳՆ Անվտանգության տնօրինությունը (SD), որը զբաղվում է կազմակերպված հանցավորության դեմ պայքարով. նման միտումներ կային նաև ոստիկանությունում (այդ թվում և նրա հետախուզությունում և հակահետախուզությունում` JITEM), որի վրա է դրված երկրի գյուղական վայրերի անվտանգության ապահովումը:

1997թ. փետրվարին Ն.Էրբաքանի և նրա ղեկավարած կուսակցության դիրքերին ուժգին հարված հասցրեց Թուրքիայի նախագահ Ս.Դեմիրելը, ով պաշտոնական նամակով դիմեց ԹՀ ԶՈւ Գլխավոր սպայակույտին, որում կառավարությունը բնութագրում էր որպես երկրի աշխարհիկ կարգի և կայունության համար վտանգ պարունակող: Նախագահի համբերության բաժակը լցվեց այն բանից հետո, երբ Թուրքիայում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանը, որը սերտ կապեր էր պահպանում «Ռեֆախի» առաջնորդների հետ, Անկարայի Սինջան արվարձանում անցկացվող «Երուսաղեմի երեկոյում» հրապարակավ կոչ արեց երկրում հաստատել շարիաթի օրենքները:

Այդ կոչի հետևանքը դարձան զինվորականների, այսպես կոչված, «20 պահանջները» կառավարությանը, որոնց մեջ էին, մասնավորապես, մուսուլմանական նորամուծություններից հրաժարումը, պայքարը իսլամական ֆունդամենտալիզմի դեմ, Ն.Էրբաքանը պետք է ընդուներ պետության զուտ աշխարհիկ բնույթը և այլն:

1997թ. հունիսին նախագահի, Արդյունաբերողների և ձեռներեցների թուրքական միության (ԱՁԹՄ) և բանակի ճնշմամբ Էրբաքան-Չիլեր կոալիցիոն կառավարությունը հարկադրված էր հրաժարական տալ: Իսկ 1998թ. հունվարին Թուրքիայի Սահմանադրական դատարանը որոշում կայացրեց Բարօրություն կուսակցությունը ցրելու մասին: Ռեջեփ Էրդողանը` «Ռեֆախի» առաջնորդներից մեկը, ով այն ժամանակ զբաղեցնում էր Ստամբուլի քաղաքապետի պաշտոնը, ստիպված էր բանտում 4 ամիս անցկացնել իսլամիստական տրամադրություններ արտահայտելու համար, այն է` ցույցի ժամանակ արտասանել էր. «Մինարեները մեր սվիններն են, գմբեթները` մեր սաղավարտները, մզկիթները մեր զորանոցներն են, իսկ հավատացյալները` մեր զինվորները»:

Թ.Չիլերի արևմտամետ «Ճշմարիտ ուղի» և ծայրահեղ աջ Ազգային շարժում («Գորշ գայլեր») կուսակցությունների շուրջ ծագած կոռուպցիոն և քրեական սկանդալները, թերևս, ջախջախիչ հարված հասցրին Թուրքիայի «աշխարհիկ» կուսակցությունների իմիջին: Իսկ «20 պահանջների» հրապարակային ընդունումը թեև թույլ տվեց Ն.Էրբաքանին ևս մի քանի ամիս մնալ իշխանությունում, բայց նրա կուսակցության ժողովրդականությունը կտրուկ նվազել էր, իսկ հետագայում արդեն նրա քաղաքական գործունեությունն ավարտվեց: 2001թ. մայիսին «Ռեֆախի» ճակատագրին արժանացավ նաև նրա հաջորդ` «Ֆազիլեթ» («Առաքինություն») կուսակցությունը:

Արդյունքում` ընտրազանգվածն արդեն պատրաստ էր նոր քաղաքական ուժերին ընտրելու մտքին, որոնցից մեկն էլ դարձավ 2001թ. օգոստոսի 14-ին «Ռեֆախի» և «Ֆազիլեթի» բեկորներից ստեղծված նոր` իսլամամետ ուղղության Արդարություն և զարգացում կուսակցությունը (ԱԶԿ): Հաշվի առնելով նախորդների` պետության աշխարհիկ ինստիտուտների, և առաջին հերթին` բանակի հետ առճակատման հարցում թույլ տված սխալները, կուսակցությունն իր առաջին նախընտրական ծրագրում համարյա կրոնական թեմայով հարցեր չէր բարձրացրել:

Կազմավորման պահից սկսած` ԱԶԿ-ն ներկայանում է որպես «մուսուլմանական ժողովրդավարության» կամ «պահպանողական ուղղության» կուսակցություն: Հասարակությանը ժողովրդավարության և հանուն մարդու իրավունքների պայքարի կոչելով` այն ստեղծում է քաղաքական կենտրոնին մերձավորության տպավորություն: Ահա այն հիմնական դրույթները, որոնք նրան թույլ տվեցին պահել և նույնիսկ ընդլայնել «Ռեֆախի» հիմնական ընտրազանգվածին.

  • ռազմավարական նպատակներից է հայտարարվել Թուրքիայի մուտքը Եվրամիություն (դրանով իսկ այս հարցում նախաձեռնությունը վերցվել է ավանդաբար «արևմտամետ» կուսակցություններից և բանակից),
  • Արդյունաբերողների և ձեռներեցների անկախ միության (ԱՁԱՄ) շուրջ խմբավորված թուրքական բիզնեսի նոր` արտաօլիգարխիական կապիտալի ծրագրային աջակցություն:

ԱԶԿ-ի և «աշխարհիկ» կուսակցությունների ծրագրերի տարբերությունների վերացումը լրացուցիչ ձայներ ապահովեց տատանվող ընտրազանգվածի շարքերից, իսկ զարգացման եվրոպական վեկտորը և կոռուպցիայի դեմ պայքարի կոչերը` մանր ու միջին բիզնեսի ներկայացուցիչներից: Որպես հետևանք` կուսակցությունը համոզիչ հաղթանակ տարավ 2002թ. խորհրդարանական ընտրություններում (34,3%) և ընտրողների աջակցությունն ստացավ 2004թ. իշխանության տեղական մարմինների ընտրություններում (43,4%):

ԱԶԿ իսլամամետ նախընտրական խոստումների և Եվրամիությանը Թուրքիայի անդամակցության վերաբերյալ ծրագրային դրույթների կատարման գործընթացում բանակը, որ այդ գործընթացի վաղեմի և հետևողական կողմնակիցն էր, հայտնվեց «եվրածուղակում». ԵՄ պահանջով երկրում իրականացվող իշխանական ուղղահայացի կառուցվածքային փոփոխությունների և ռազմա-քաղաքացիական հարաբերությունների բարեփոխման ընթացքում, գործող սահմանադրության շրջանակներում, գործի դրվեց երկրի ներքաղաքական կյանքում բանակի դերի աստիճանական նվազեցման մեխանիզմը: Դրա տարրերից են.

  • Ազգային անվտանգության խորհրդում (ԱԱԽ) զինվորականներին հատկացվող տեղերի կրճատում,
  • դրույթ, ըստ որի` ԱԱԽ քարտուղարը նշանակվում է վարչապետի և հաստատվում նախագահի կողմից,
  • սահմանադրական լրացում ԱԱԽ կայացրած որոշումների ոչ թե իրավաբանորեն պարտադիր, այլ ընդամենը խորհրդակցական բնույթի մասին,
  • հնարավորություն դատարանում բողոքարկելու զինվորական դիկտատուրայի ժամանակների օրենքները,
  • Թուրքիայի ԶՈւ, ինչպես նաև պետական այլ գերատեսչությունների բյուջեի ձևավորում և հաստատում խորհրդարանի կողմից:

Թուրքական բանակի քաղաքական մանևրման դաշտը զգալիորեն նեղացնող ևս մեկ գործոն է այն, որ հին դպրոցի լիդերների ղեկավարած` ավանդաբար սեկուլյար կուսակցությունները դեռևս գաղափարախոսական ճգնաժամ են ապրում և ի վիճակի չեն ոչ ընդլայնել իրենց ընտրազանգվածը, ոչ էլ միավորվել` անգամ խորհրդարան չանցնելու սպառնալիքին դեմ հանդիման:

Բացի այդ, անհրաժեշտ է նշել նաև թուրքական սպայակույտի և ազգային ուղղվածության կուսակցությունների, օրինակ` ԱՇԿ-ի, միջև վերջին ժամանակներս նկատվող որոշ սառնության մասին: Կուսակցության հիմնադիր և առաջնորդ Ալփարսլան Թուրքեշը, զինվորական լինելով, սերտ կապերի մեջ էր սպայակույտի հետ, և այդ կապերը խզել չկարողացան անգամ ԱՇԿ ակտիվիստների ձերբակալությունները 1980թ. զինվորական հեղաշրջումից հետո: Սակայն 1997թ. Ա.Թուրքեշի մահից հետո կուսակցության ղեկավար օղակ մտան շատ ֆունկցիոներներ, ովքեր հեռու էին բանակից: Վերջին ժամանակներս սպայակույտի հետ նրանց հարաբերությունների վրա սկսել են ազդեցություն գործել նաև կուսակցական ակտիվիստների ազգայնական և իսլամիստական հայացքները:

2007թ. հուլիսյան ընտրությունների արդյունքներով` ընդդիմությունը խորհրդարանում ներկայացվեց միայն ձախ կենտրոնամետ Ժողովրդա-հանրապետական կուսակցությամբ (ԺՀԿ, առաջնորդն է Դենիզ Բայքալը) և ծայրահեղ աջ Ազգային շարժում կուսակցությամբ (ԱՇԿ, առաջնորդն է Դևլեթ Բահչելին), որոնք ստացան ձայների համապատասխանաբար 20,9 և 14,3%-ը, իսկ իշխող Արդարություն և զարգացում կուսակցությունը, առաջին անգամ թուրքական պատմության մեջ, էլ ավելի ամրապնդեց դիրքերը. եթե 2002թ. նրան տրվել էր ընտրողների ձայների 34,3%-ը, ապա 2007-ին այդ ցուցանիշն արդեն 46,7 էր:

Զարգացմանն ուղղված ծրագրով աշխատող իշխող կուսակցությունը մեծ ուշադրություն էր հատկացնում երկրի` տնտեսական առումով հետամնաց գավառներին ու շրջաններին: Այժմ այդ շրջանների ընտրողների համար «ԱԶԿ» և «տնտեսական աճ» հասկացությունները փոխկապակցված են:

Թեև ԱԶԿ-ն 550 տեղանոց խորհրդարանում չապահվեց որակյալ մեծամասնություն (367-ի փոխարեն ընդամենը 341 մանդատ), ինչն անհրաժեշտ էր աշխատանքային քվորումի և նախագահական ընտրությունների հենց առաջին փուլում նախագահի ընտրության համար, այնուամենայնիվ, կուսակցությունը հնարավորություն ստացավ այդ պաշտոնին անցկացնել իր թեկնածուին երրորդ փուլի արդյունքներով, որտեղ հաղթելու համար արդեն պահանջվում էր խորհրդարանի պատգամավորների ձայների միայն պարզ մեծամասնությունը (ընդամենը 276):

Այսպիսով, 2007թ. Թուրքիայում անցկացված խորհրդարանական և նախագահական ընտրություններից հետո նախագահի, վարչապետի, խորհրդարանի նախագահի պաշտոնները զբաղեցրին իշխող Արդարություն և զարգացում կուսակցության ներկայացուցիչները:

Միևնույն ժամանակ, ԱԶԿ-ի համար նման աջակցությունը ինքնըստինքյան արգելք չի կարող հանդիսանալ զինվորականների համար, եթե նրանք որոշեն միջամտել «սողացող» իսլամացման գործընթացին: Թուրքիայի պատմության մեջ նման նախադեպ արդեն եղել է. 1957թ. ընտրություններում Ժողովրդավարական կուսակցությունը ստացել էր ընտրողների 53%-ի վստահությունը, սակայն դա չկանգնեցրեց բանակին, որն, այնուամենայնիվ, որոշեց 1960թ. հեղաշրջում կատարել` կասեցնելու համար հասարակության իսլամացման և երկրի տնտեսության մեջ պետության դերի նվազեցման քաղաքականությունը:

2007թ. ընտրություններից հետո ուժերի դասավորությունը խորհրդարանում թույլ տվեց ԱԶԿ-ին առանց լուրջ դժվարությունների օրենսդիր մարմնի միջոցով անցկացնել իր բոլոր լրացումները, առաջարկություններն ու նախաձեռնությունները: Սակայն, օգտվելով իր համար բարենպաստ քաղաքական պահից` կուսակցությունը փորձում էր, որքանով որ դա հնարավոր էր, առավելագույնս իրեն «հարմարեցնել» Թուրքիայի սահմանադրությունը: 2007թ. հոկտեմբերի 21-ին ԱԶԿ նախաձեռնությամբ անցկացվեց հանրաքվե սահմանադրությունում լրացումներ կատարելու օրինագծի շուրջ: Հանրաքվեին մասնակցածների 69%-ը պաշտպանեցին առաջարկված փոփոխությունները, որոնք, մասնավորապես, նախատեսում էին.

  • նախագահի ընտրություն համաժողովրդական քվեարկությամբ,
  • նրա լիազորությունների ժամկետի կրճատում` 7-ից հասցնելով 5 տարվա, բայց երկրորդ ժամկետում վերընտրվելու իրավունքով,
  • խորհրդարանի լիազորությունների կրճատում 5-ից 4 տարվա,
  • ցանկացած օրենսդրական որոշում կայացնելու համար պահանջվող պատգամավորների նվազագույն թվի կրճատում:

Նման լրացումները փաստորեն հանգեցրին իշխանության ճյուղերի միջև լիազորությունների էական վերաբաշխման, իսկ բանակի հանդեպ, ինչը պնդում էր ԵՄ-ը, ուժեղացվեց քաղաքացիական վերահսկողությունը, ինչն էլ ավելի նվազեցրեց նրա կշիռը երկրի ներքին քաղաքականության մեջ:

Այնուամենայնիվ, Թուրքիայի բանակը, լինելով իշխանության այն ինստիտուտը, որն ավանդաբար բնակչության շրջանում ամենամեծ հեղինակությունն է վայելում, ընդ որում` անկախ իր քաղաքական կամ կրոնական նախապատվություններից, առայժմ իրեն ի վիճակի է զգում վերականգնել (ինչպես մեկ անգամ չէ, որ պատահել է) երկրում ողջ իշխանական ուղղահայացի նկատմամբ լիակատար վերահսկողությունը: Թեև ստեղծված իրավիճակում այն կարող է նման բանի համարձակվել միայն խոր քաղաքական կամ ֆինանսատնտեսական ճգնաժամի զարգացման պարագայում, եթե ԱԶԿ-ն կորցնի բնակչության աջակցության այն մակարդակը, որն ունի:

Անցած տարվա հոկտեմբերի 20-ից Թուրքիայում «Էրգենեքոնի» (ազգայնական ուղղության գաղտնի կազմակերպություն, որին վերագրվում է գործող իշխանությունը տապալելու նախապատրաստություն, որի ընթացքում արդեն մոտ 200 մարդ է ձերբակալվել` տարբեր հոսանքների քաղաքական և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, արհմիութենական առաջնորդներ և ակտիվիստներ, պաշտոնաթող զինվորականներ, լրագրողներ, համալսարանների դասախոսներ և ռեկտորներ) գործով սկսված դատավարությունը թեև դարձել է ԱԶԿ վարկանիշի անկման (իշխանության տեղական մարմինների ընտրություններում զգալիորեն ավելի քիչ ձայներ է հավաքել, քան սպասվում էր) պատճառներից մեկը` տնտեսական ճգնաժամին զուգահեռ, նրա ձայների 39,1%-ը դեռ բավական չէ այդ դերին հավակնելու համար:

Իշխող կուսակցության կողմից ազգայնական «պետություն պետության մեջ» կազմակերպության դեմ լայնամասշտաբ պայքարը վկայում է այն մասին, որ ԱԶԿ-ն անցել է ավելի ակտիվ և վստահ, հարձակողական գործողությունների իր բոլոր ընդդիմախոսների դեմ: Չնայած շատերն են Թուրքիայում «Էրգենեքոնի» դեմ դատավարությունը դիտարկում որպես իսլամական կուսակցության պատասխան հարված աշխարհիկ ուժերին քեմալականության հիմքերը խարխլելու մեջ ԱԶԿ-ին մեղադրելու համար, որն, ի դեպ, 2008թ. մարտին չստացավ երկրի Սահմանադրական դատարանի աջակցությունը, ակնհայտ է Թուրքիայի քաղաքացիների վերաբերմունքի աստիճանական փոփոխությունը քաղաքական այդ աղմկալի դատավարության հանդեպ:

Այսպես, Metro Poll Scientific and Strategic Research Center-ի 2009թ. հունվարին անցկացրած հարցախույզի տվյալներով` «Էրգենեքոնի» դավադրությանը հավատում էր հարցվածների 62,5 %-ը, այն դեպքում, երբ գործը սարքված էր համարում ընդամենը 27,2%-ը:

Եթե դեռևս 2008թ. հուլիսին այս կազմակերպությունը ահաբեկչական էր համարում հարցվածների ընդամենը 37,4%-ը, ապա նոյեմբերին այդ կարծիքին էր արդեն 67,9%-ը:

2009թ. հունվարին անցկացված հարցախույզի մասնակիցների մոտ 60%-ը համոզված էր, որ ԱԶԿ-ն ճիշտ է վարվել` սկսելով դատավարությունը, ընդ որում` այդպես են կարծում ոչ միայն իշխող կուսակցության համար քվեարկածները (նրանց մոտ 90%-ը), այլ նաև Ժողովրդա-հանրապետական (ավելի քան 20%) և Ազգային շարժում (մոտ 40%) կուսակցությունների կողմնակիցները: Նման աջակցությունը իշխող կուսակցությանը ստիպում է Թուրքիայի սպայակույտին խիստ զգուշորեն քննադատել իշխող կուսակցության գործողությունները:

«Էրգենեքոնի» դատավարության հետ կապված` անհրաժեշտ է մի քանի նկատառում հայտնել:

Նախ` իրենց շարքերի մաքրության համար ուժային նախարարությունների և հատուկ ծառայությունների պայքարում հեռացվել են սպաներ, ովքեր կասկածվել են ինչպես իսլամիստական տրամադրություններ, այնպես էլ ազգայնական ուղղության կազմակերպությունների, ինչպես «Էրգենեքոնն» է, հետ կապեր ունենալու մեջ, և վերջին տարիներին նրանց թիվը մոտավորապես նույնն է եղել (2007թ., օրինակ, 10 մարդ):

Երկրորդ` «Էրգենեքոն» ճյուղավորված ցանցի բացահայտումը, որը, ըստ տարբեր տվյալների, միավորում է 20-25 ընդհատակյա և կիսաընդհատակյա կառույցներ, վկայում է այն մասին, որ իշխող կուսակցությունը հուսալի հենարան է ձեռք բերել Թուրքիայի հատուկ ծառայություններում, առաջին հերթին` հանձին Ազգային հետախուզության և ոստիկանական կառույցների:

Երրորդ` ԱԶԿ վարած քաղաքականության շատ ասպեկտներ վայելում են բանակի լիակատար աջակցությունը և նրա համար շատ գրավիչ են: Այսպես, սպայակույտը հաճույքով ընդունեց պանթյուրքական վեկտորի ակտիվացումը Թուրքիայի արտաքին քաղաքականությունում, որն արժանի ուշադրության չէր արժանանում նախագահ Աբդուլա Գյուլի նախորդի` Ահմեդ Նեջդեթ Սեզերի կողմից: Գործող կառավարության մի շարք ծրագրեր, մասնավորապես` երկրի հարավարևելյան գավառների և Հյուսիսային Իրաքի քրդերի հարցի լուծման մեջ Թուրքիայի ԶՈւ դերի ու տեղի, կոալիցիոն ռազմական գործողություններում և խաղաղարար գործունեությունում մասնակցության մասշտաբների և աշխարհագրության ընդլայնման, և ամենագլխավորը` ամենահաջող զուգակշռված բյուջեներից մեկի (անգամ չնայած գլոբալ տնտեսական ճգնաժամին, որը հանգեցրել է $19,5 մլրդ-ի ռազմական նշանակության 32 պայմանագրերի և ծրագրերի սառեցմանը)` լայնամասշտաբ վերազինմանը և ուժային կառույցների բարեփոխմանը, դրանք արդի, բարձրշարժունակ զորամասերի վերածելուն կողմնորոշված լինելու վերաբերյալ, բանակում ընդունվում են անթաքույց խանդավառությամբ:

Բացի այդ, սպայական անձնակազմի հիմնական մասը միջին դասի ներկայացուցիչներ են, ովքեր հիմնականում սատարում են ԱԶԿ ծրագրերին և որոնց տրամադրությունների հետ սպայակույտը ստիպված է հաշվի նստել: ԱԶԿ ժողովրդայնության պահպանման և Թուրքիայի միջին դասի կողմից աջակցություն ստանալու հիմնական պատճառը իշխող կուսակցության համար բարենպաստ տնտեսական գործոնների զուգադիպությունն է, որոնք էլ կայուն և նկատելի տնտեսական աճ են ապահովել Թուրքիայի համար: Այսպես, 1993-2002թթ. տնտեսության աճը կազմել է 2,6%, իսկ ԱԶԿ իշխանության տարիների ընթացքում` 7,6%:

Այնուամենայնիվ, ներկայում ԱԶԿ-ի համար մարտավարական առումով ճիշտ կլիներ սպայակույտի հետ նախնական պայմանավորվածությամբ «արգելակել» այդ աղմկալի դատավարությունը զորամասերում, որ վնասում է մի կողմից` իսլամամետ, իսլամական կուսակցություններին և շարժումներին (քանի որ հնարավոր չէ, որ դրանք ընդգրկված չլինեն «Էրգենեքոնի» գործունեությունում` հաշվի առնելով նրա թափը, տարածվածությունը գրեթե բոլոր քաղաքական, հասարակական և կիսառազմական կազմակերպությունների «վերնամասում», ինչպես նաև Քրդստանի բանվորական կուսակցությունում), մյուս կողմից` Թուրքիայի ԶՈւ և ոստիկանության գործող գեներալներին և ավագ սպայակազմին: Դա թույլ կտա զինվորականներին և իսլամամետ ուժերին հասնել իշխանության և ազդեցության ոլորտների` ուժերի իրական դասավորությանը համապատասխան բաշխման:

Եվ արդեն ԶՈւ հետագա բարեփոխումների ընթացքում, երբ ցամաքային զորքերի թվաքանակը պլանավորվածի համաձայն կկրճատվի, իսկ ոստիկանությանը` կավելանա, գործադիր իշխանությունը կարող է փորձել (իր համար ավելի քիչ ռիսկեր պարունակելով) ձեռնամուխ լինել համեմատաբար ինքնուրույն (բանական սահմաններում) ուժային երկու` զինվորական և ժանդարմա-ոստիկանական կառույցների ստեղծմանը:

Դա զգալիորեն կկրճատի իշխանության կենտրոնացման հնարավորությունն ուժային կառույցներում, կնվազեցնի ազդեցության աստիճանը քաղաքացիական իշխանության վերին էշելոնների վրա և, ընդհանրապես, զինվորական հեղաշրջումներ իրականացնելու հավանականությունը:


դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր