• am
  • ru
  • en
Версия для печати
01.02.2010

ԱՖՂԱՆՍՏԱՆ. ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԿԻ ՀՍՏԱԿԵՑՈՒՄ

EnglishРуский

   

Գագիկ Հարությունյան

Հարավային Ասիայում ընթացող զարգացումներն այսօր զգալի չափով պայմանավորում են գլոբալ քաղաքականության տրամաբանությունը։ Այնպես որ, զարմանալի չէ, որ նախորդ տարվա դեկտեմբերի 1-ին ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի` աֆղանական խնդիրներին նվիրված ելույթը Վեստ Փոյնթի ռազմական ակադեմիայում վերլուծաբանների և լրագրողների մեծ ուշադրությանն արժանացավ։

Նախագահի որոշումները. Բարաք Օբամայի ելույթի առանցքային դրույթները հետևյալներն էին.

  • Հայտարարվեց Աֆղանստանից ամերիկյան զորքերի դուրսբերման ժամկետը. ենթադրվում է այդ գործընթացը սկսել 2011-ի հուլիսից։
  • Միևնույն ժամանակ, մինչև զորքերի դուրսբերումը ենթադրվում է ռազմական հաղթանակի հասնել և ջախջախել «Ալ-Քաիդայի»1 զինյալներին և այդպիսով թույլ չտալ ահաբեկիչներին սպառնալ ԱՄՆ-ին և նրա դաշնակիցներին. այդ նպատակով նախագահ Օբաման Աֆղանստան լրացուցիչ 30 հազար նոր զինծառայող ուղարկելու և աֆղանական զինված ուժերը զորեղացնելուն ուղղված միջոցներ ձեռնարկելու մասին հրաման ստորագրեց` թալիբներին ինքնուրույն դիմակայելու համար։
  • Զորքերի դուրսբերմանը զուգահեռ, ենթադրվում է իշխանության բոլոր լծակները հանձնել աֆղանական իշխանություններին և իրավիճակը հանդարտեցնելու նպատակով սկսել բանակցություններ այսպես կոչված «չափավոր թալիբների» հետ։
  • Հատուկ շեշտվել են Պակիստանի կարևորությունը և այդ երկրի հետ շարունակական «աշխատանքներ վարելու» անհրաժեշտությունը։

Մեկնաբանները նշում են, որ ԱՄՆ նախագահի աֆղանական «ճանապարհային քարտեզը» էությամբ շատ նման է Իրաքից ամերիկյան զինուժի դուրսբերման ծրագրին։ Միևնույն ժամանակ, զինուժի դուրսբերման ժամկետների ամրագրումը որոշակի հավաստիացումն է այն բանի, որ ամերիկյան «լիցքաթափման» նոր քաղաքականությունը2 շարունակվում է, և այդ առումով ելույթը որոշակի քարոզչական նպատակներ էր հետապնդում։

Քարոզչական տարրեր. Հատկանշական է, որ խոսելով 2001թ. սեպտեմբերի 11-ի ահաբեկչության և Աֆղանստանում ընթացող պատերազմի պատճառների և մեղավորների մասին` Միացյալ Նահանգների նախագահը վերջիններիս շարքում, «Ալ-Քաիդայի» և «Թալիբանի» հետ միասին, նշեց նաև ԽՍՀՄ-ը։ Ըստ Օբամայի, «Ալ-Քաիդան» իշխանության եկավ Աֆղանստանում 1979-1989թթ. ԽՍՀՄ վարած պատերազմի արդյունքում։ Մինչդեռ հայտնի է, որ «Ալ-Քաիդան» և Ուսամա Բեն-Լադենը «ստեղծվել» են ամերիկյան և պակիստանյան հատուկ ծառայությունների կողմից խորհրդային բանակի դեմ վարվող պատերազմի (1979-1989թթ.) վերջին փուլում, երբ այդ բանակի դուրսբերումը Աֆղանստանից արդեն կասկած չէր հարուցում։ Նախագահի անդրադարձը ԽՍՀՄ-ին, թերևս, պայմանավորված էր այն հանգամանքով, որ ներկայումս ԶԼՄ-ում հաճախ կարելի է հանդիպել համեմատությունների ԽՍՀՄ և ԱՄՆ աֆղանական պատերազմների միջև։ Մասնավորապես, որոշ մեկնաբաններ իրենց հրապարակումներում ներկայացնում են արևմտյան սոցիոլոգիական գործակալությունների տվյալները, համաձայն որոնց` Աֆղանստանի նախագահ Նաջիբուլլային (վերջինս խորհրդային դրածո էր և ընդամենը 2 տարի էր կառավարել երկիրը, երբ 1992թ. մոջահեդները Քաբուլում մահապատժի ենթարկեցին նրան) աֆղանները համարում են 20-րդ դարի իրենց լավագույն ղեկավար։ Դա այնքան էլ տարօրինակ չէ, եթե հաշվի առնենք, որ «սովետները», բացի դաժան ռազմական գործողություններից, այդ երկրում իրագործում էին նաև լայնածավալ տնտեսական ու կրթական ծրագրեր, և այդ առումով զուգահեռները ԽՍՀՄ-ի և ԱՄՆ-ի միջև միշտ չէ, որ հօգուտ վերջինի են։ Սակայն երկու դեպքում էլ անհրաժեշտ է արձանագրել, որ գերտերություններն այդ յուրահատուկ երկրում հանդիպում են զարմանալի ուժեղ դիմադրության։

Իրադրությունն Աֆղանստանում. Իր ելույթում ԱՄՆ նախագահը Աֆղանստանում տիրող իրավիճակը ներկայացրեց որպես բավական ծանր. աֆղանական զինյալները գերակայում են երկրի 34 գավառներից 11-ում, և զուտ ռազմական առումով զարգացումները խիստ մտահոգիչ են ԱՄՆ-ՆԱՏՕ զինված ուժերի համար։ Հատկանշական է, որ Օբաման շեշտեց, որ չնայած բացասական միտումներին, Աֆղանստանը դեռևս չի կարելի կորսված համարել Միացյալ Նահանգների համար, ինչը բնութագրում է խնդրի վերաբերյալ ամերիկյան պատկերացումները։

Հոռետեսական են նաև հատուկ ծառայությունների կանխատեսումները։ Համաձայն Աֆղանստանում ԿՀՎ ռեզիդենտուրայի նախկին ղեկավար և Հետախուզության ազգային խորհրդի նախագահի նախկին տեղակալ Գրեմ Ֆուլերի, ռազմական գերակայության հասնելու և հետո «փափուկ» Աֆղանստանից դուրս գալու Օբամայի ծրագրերը գրեթե անիրագործելի են, և ուղարկվող նոր զորամիավորումներն ընդամենը «պաշտպանելու են արդեն այնտեղ գտնվող զորամիավորումներին»։ «Քաղաքական իսլամի ապագան» գրքի հեղինակ Ֆուլերը, որը տարածաշրջանի գիտակներից է, համոզված է, որ ոչ մի կերպ չի կարելի համոզել փուշտուններին, «որ ամերիկացիները բարեկամներ են, իսկ թալիբանը՝ թշնամի»։

ԱՄՆ և ՆԱՏՕ զինվորական համակազմի նոր գլխավոր հրամանատար, գեներալ ՄաքՔրիստալը ստեղծված իրավիճակը նույնպես գնահատում է խիստ ծանր և դրությունը շտկելու համար լրացուցիչ մինչև 80 հազար զինծառայող է պահանջում. ինչպես գիտենք, արդյունքում՝ որոշում կայացվեց Աֆղանստան ուղարկել 30 հազար զինծառայող։ Սակայն հաշվի առնելով, որ այդ երկրում արդեն մոտ 70 հազար զինծառայող կա, իսկ աֆղանական ազգային բանակի թվաքանակը շուրջ 100 հազար է, պետք է փաստել, որ աֆղան զինյալների դեմ ռազմական գործողություններին մասնակցողների թիվն արդեն ավելին է, քան 1979-1989թթ. պատերազմում։ Նշենք նաև, որ Աֆղանստանում, ինչպես և Իրաքում, աուտսորսինգային հիմունքներով գործում են անվտանգություն, սպասարկում, կապ և հաղորդակցություն ապահովող մի շարք ընկերություններ` բավական ստվար աշխատակազմերով։

Ի լրումն ռազմական խնդիրների, խիստ մտահոգիչ է նաև այդ երկրում տիրող քաղաքական իրավիճակը։ Համաձայն տեղեկատվական աղբյուրների` նախագահ Համիդ Քարզայը, «վերընտրվելով» և ամրապնդելով իր դիրքերը, սկսել է ավելի ինքնուրույն պահելաձև ցուցաբերել։ Նա իր ելույթներում արտահայտում է այն միտքը, թե միայն ռազմական ճանապարհով անհնարին է հաջողության հասնել ու փորձում է ավելի իրատեսական քաղաքականություն վարել։ Մասնավորապես, 2009թ. դեկտեմբերի 3-ին AP գործակալությանը տված հարցազրույցում Քարզայը մտադրություն է հայտնել ընդհանուր եզրեր գտնել «Թալիբան» շարժման հոգևոր առաջնորդ, մոլլա Մոհամեդ Օմարի հետ։

Ինչպես նշել ենք, նման քաղաքականությունն այսօր ընդունվում է Վաշինգտոնում, սակայն տպավորությունն այնպիսին է, թե ամերիկյան վարչակազմը դեմ է, որ նմանօրինակ գործընթացները կատարվեն առանց իր կոշտ վերահսկման։ Արդյունքում` Քարզայի նկատմամբ սկսել են կիրառվել ամերիկյան ավանդական «զսպման» տեխնոլոգիաները. ամերիկյան հեղինակավոր հրատարակություններում այսօր հաճախ կարելի է հանդիպել նյութերի, որոնցում նախագահ Քարզայը և նրա բարձրաստիճան եղբայրը մեղադրվում են թմրանյութերի առևտրի և տարաբնույթ կոռուպցիոն գործողությունների մասնակցելու մեջ, կասկածի տակ են առնվում նաև նախագահական ընտրությունների արդյունքները։ Ինչպես հայտնի է, վարկաբեկված դաշնակիցներն իրենց միշտ ավելի խելամիտ են պահում։

Միևնույն ժամանակ, ստեղծված իրադրությունում դժգոհությունները խմորվում են ոչ միայն Աֆղանստանում, այլև սեփական քաղաքական դաշտում։

Տրամադրությունները Միացյալ Նահանգներում. Համաձայն սոցհարցումների` այսօր ամերիկացիների 51%-ը գտնում է, որ նպատակահարմար չէ աֆղանական պատերազմի վրա այնքան մարդկային և ֆինանսական ռեսուրսներ ծախսել, որքան ԱՄՆ-ն է անում։ Մոտ 42%-ը դեմ է, որ Աֆղանստան նոր զորամիավորումներ ուղարկվեն, և ընդամենը 26%-ն է համաձայն նման որոշմանը։

Նկատենք, որ հոռետեսական տրամադրությունների ձևավորմանը նպաստում է ԱՄՆ հետճգնաժամային (խիստ հարաբերական իմաստով) տնտեսական իրավիճակը։ Բավական է նշել, որ ԱՄՆ բյուջեի դեֆիցիտը 2009-ին կազմել է $1.4 տրիլիոն, իսկ պետական պարտքը հասել է գրեթե ֆանտաստիկ մակարդակի՝ $12 տրիլիոնի։ Ավելացնենք, որ Պենտագոնի 2010թ. բյուջեն կազմում է $636 մլրդ, իսկ Աֆղանստան նշված 30 հազար զինծառայողներ ուղարկելը հարկատուների վրա լրացուցիչ $3 մլրդ կնստի, այսինքն` մեկ զինծառայողի վրա տարեկան կծախսվի $1 մլն։

Ստեղծված իրավիճակում աֆղանական պատերազմը ֆինանսավորելու համար ամերիկյան որոշ օրենսդիրներ առաջարկում են հարկերն ավելացնել 1%-ով։ Նման նախագծերն ամերիկյան հանրությունում, բնականաբար, խանդավառություն չեն առաջացնում։ Դրան զուգահեռ, մի շարք փորձագետներ ապացուցում են, որ եղած միջոցներն էլ միշտ չէ, որ օպտիմալ են ծախսվում. տեղեկատվական դաշտում հայտնվում են փաստեր, որ Աֆղանստան առաքվող հումանիտար օգնության մի զգալի մասը յուրացնում են հենց թալիբները։ Ընդհանրական ռեսուրսների սղությունն ինչ-որ չափով փոխհատուցելու նպատակով ամերիկյան վարչակազմն այսօր փորձում է «միջազգայնացնել» հիմնախնդիրը։

Խնդրի միջազգայնացումը. Լրատվական գործակալությունները նշում են, որ նախագահ Օբաման ելույթին նախորդող օրերին հեռախոսազրույցներ է ունեցել բրիտանական, ֆրանսիական և ռուսաստանյան գործընկերների հետ։ ԱՄՆ-ը ձգտում է Աֆղանստանում ստեղծված իրադրությունը ներկայացնել որպես միջազգային հանրության հիմնախնդիր և փորձում է ռազմաքաղաքական գործընթացներում լրացուցիչ ներգրավել այլ երկրների։ Միևնույն ժամանակ, Հարավային Ասիայում տիրող իրավիճակը, իրոք, դարձել է տարածաշրջանային երկրների մտահոգության առարկա, իսկ Աֆղանստանից ամերիկացիների դուրս գալու հեռանկարը միայն սաստկացնում է այդ մտահոգությունները։ Սակայն այդ երկրներից յուրաքանչյուրը յուրովի է արձագանքում հիմնախնդրին։

Չինացիները, որոնք Հարավային Ասիան դիտարկում են որպես իրենց «ազգային շահերի տարածք», հետևողականորեն ուժեղացնում են իրենց ներկայությունն Աֆղանստանում։ «Չինաստանի մետալուրգիական խումբ» ընկերությունն այսօր իրագործում է Քաբուլից ոչ հեռու գտնվող Այնակի պղնձահանքային համալիրի մշակման և շահագործման աշխատանքները։ Դրանց նախահաշիվը կազմում է $3.4 մլրդ, այն այսօր Աֆղանստանում իրագործվող ամենախոշոր ներդրումային ծրագիրն է։ Վաշինգտոնի Միջին Ասիայի և Կովկասի ինստիտուտի տնօրեն Ֆրեդերիկ Սթարի կարծիքով` «ԱՄՆ-ը և ՆԱՏՕ-ն համատեղ կատարել են նախապատրաստական աշխատանք, որպեսզի Չինաստանը տնտեսապես նվաճի Աֆղանստանը»։ Ավելացնենք, որ դատելով ԶԼՄ-ում հայտնված նյութերից` Չինաստանի պլանները չեն սահմանափակվում զուտ տնտեսական հարցերով։

Որոշակի քայլեր է կատարում նաև Հնդկաստանը. բացի «փափուկ» ռազմավարությունից (Քաբուլում պառլամենտի շենքի կառուցում, մշակութային կապերի ձևավորում և այլն), Դելիում հնչում են նաև առաջարկներ Աֆղանստանի հյուսիսային և արևմտյան սահմանների պաշտպանությունն ուժեղացնելու վերաբերյալ։ Ակնհայտ է, որ հիմնական մտահոգությունը ծայրահեղ իսլամական միավորումներից պաշտպանվելն է։ Հավանաբար, նման մտահոգություններ պետք է ունենա նաև Ռուսաստանը, որն օգտագործելով իր, թերևս, մասամբ պահպանված հնարավորություններն Աֆղանստանում, պետք է որ փորձի բուֆերային գոտիներ ձևավորել միջինասիական հանրապետությունների սահմանամերձ գոտիներում։

Այս ամենը վկայում է այն մասին, որ կարծես թե առկա է աֆղանական հիմնախնդիրը գլոբալ հարթությունից դուրս բերելու և տարածաշրջանային խնդրի վերածելու միտում։ Եթե այդ միտումը նյութականացվի և տարածաշրջանի երկրները սկսեն վճռական դերակատարում ցուցաբերել հիմնախնդիրների լուծման գործում, ապա դա կլինի, թերևս, այն միակ հնարավորությունը, որը թույլ կտա ինչ-որ չափով կարգավորել Հարավային Ասիայում տիրող խիստ քաոտիկ և պայթյունավտանգ իրադրությունը։

1«Ալ-Քաիդա» և «Թալիբան» անվանումները բովանդակային առումով փոքր-ինչ պայմանական բնույթ են կրում. ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի դեմ գործող զինյալները միավորված չեն որևէ հոգևոր-գաղափարախոսական հենքի վրա և տարաբնույթ ցեղա-էթնիկական միավորումներ են ներկայացնում։

2ԱՄՆ նախագահին Խաղաղության Նոբելյան մրցանակ շնորհելն (փոքր-ինչ շտապողական) ինչ-որ չափով այդ քաղաքականության տեղեկատվական սպասարկման բաղադրիչն է հանդիսանում։


դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր