• am
  • ru
  • en
Версия для печати
04.12.2009

ԱՖՂԱՆԱԿԱՆ ՊԱՏԵՐԱԶՄ. ԻՐՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐ

EnglishРуский

   

Գագիկ Հարությունյան

Բազմաբևեռ աշխարհակարգի հաստատումը երկարատև գործընթաց է և, չնայած համակարգային փոփոխություններին, միաբևեռ աշխարհակարգից ժառանգություն մնացած իրողությունները դեռևս բավական ժամանակ գերակայելու են ռազմաքաղաքական և տնտեսական զարգացումներում։ Այդ հանգամանքն առավել ակնառու է իրաքյան և աֆղանական պատերազմների համատեքստում։ Սակայն եթե Իրաքի խնդիրը, հաշվի առնելով պատերազմի արդյունքում այդ երկրում տեղի ունեցած անհակադարձելի փոփոխություններն, այս կամ այն չափով մոտ է ինչ-որ փուլային մի հանգուցալուծման, ապա նույնը դժվար է ասել Աֆղանստանի մասին։

«Գորշ պատերազմ»

Գլոբալ հարթությունում կան երկրներ և տարածաշրջաններ, որտեղ ընթացող զարգացումները, որոշակի նկատառումներով և պատճառներով, տեղեկատվական դաշտում լիարժեք չեն լուսաբանվում։ Վերլուծաբանական հանրությունում նման տարածքներն ընդունված է անվանել «գորշ»։ ԽՍՀՄ քաղաքացիների համար երկար ժամանակ դասական «գորշ» երկիր էր, օրինակ, Աֆղանստանը։ Այդ երկրում «ինտերնացիոնալ օգնության» և «սոցիալիզմի հաստատման» կարգախոսների ներքո խորհրդային բանակի վարած ու մոտ 10 տարի տևած (1979-1989թթ.) պատերազմի մասին (որի ընթացքում զոհվեց մոտ 15 հազար զինծառայող, իսկ աֆղանցիների կորուստները՝ ներառյալ խաղաղ բնակչությունը, կազմեցին նվազագույնը մի քանի հարյուր հազար1), ԽՍՀՄ քաղաքացիները երկար ժամանակ գրեթե տեղեկացված չէին։ Այն տարիներին դա վերագրում էին (հատկապես հասարակության այն հատվածը, որն ինչ–որ չափով իրազեկվում էր պատերազմի մասին «Ամերիկայի ձայն», «Բի-Բի-Սի» և այլ ռադիոկայանների միջոցով) «սովետական փակ ռեժիմի» առանձնահատկություններին։ Նկատենք նաև, որ Աֆղանական պատերազմի տեղեկատվական բլոկադան վերացվեց միայն 1988–1989թթ., գորբաչովյան «պերեստրոյկայի» ժամանակ, որին և հետևեց խորհրդային զորքերի դուրսբերումն այդ երկրից։

Որոշ զուգահեռներ

Անցել է մոտ 20 տարի և նույն Աֆղանստանում արդեն 8 տարի է, ինչ ընթանում է հերթական հակամարտությունը։ Այս անգամ ԽՍՀՄ-ի դերը ստանձնել են ԱՄՆ-ը և նրա ՆԱՏՕ–ի դաշնակիցները։ Շատ չեն փոխվել նաև կարգախոսները. պատերազմն այժմ ընթանում է «ահաբեկչության դեմ պայքարի» և «ժողովրդավարության հաստատման» համատեքստում։ Անշուշտ, միջազգային հանրությունը ներկայումս ավելի է իրազեկված Աֆղանստանում ընթացող զարգացումների մասին, քան նախկինում խորհրդային քաղաքացիները։ Սակայն մինչև վերջերս լրատվական հոսքերի դիտարկումները ցույց էին տալիս, որ նոր աֆղանական պատերազմն, այնուամենայնիվ, անհամեմատ ավելի սակավ է լուսաբանվում ԶԼՄ-ում, քան, օրինակ, մերձավորարևելյան տարածաշրջանի գործընթացները։ Այսինքն՝ տարածաշրջանը և դրա հետ միասին ընթացող հակամարտությունը վերստին ձեռք էին բերել «գորշ» կարգավիճակ։ Տեղեկատվական (և ոչ միայն տեղեկատվական) առումով ստեղծված իրավիճակն ինչ-որ չափով կարելի էր նմանեցնել խորհրդային տարիների «լրատվական սովին», չնայած որ ԱՄՆ-ին և նրա դաշնակիցներին, թերևս, դժվար է անվանել տոտալիտար, «փակ» երկրներ։

Միևնույն ժամանակ 2009-ից սկսած տեղեկատվական դաշտում անդրադարձներն Աֆղանստանի խնդիրներին սկսեցին անհամեմատ աճել, ինչը հիշեցնում է «պերեստրոյկայի» ժամանակատվածը։ Այս առումով նկատենք, որ այսօր ԱՄՆ-ում, «լիցքաթափման» ռազմավարության համատեքստում,2 նույնպես ընթանում է յուրօրինակ «պերեստրոյկա»։ Ուշագրավ է նաև, որ 1988–1989թթ. իրավիճակն Աֆղանստանում գրեթե դուրս էր եկել խորհրդային զորքերի վերահսկումից, ինչը նույնպես բավական մոտ է ներկայումս ձևավորված իրադրությանը։

Դա պայմանավորված է նրանով, որ ամերիկացիների և նրանց դաշնակիցների դեմ գործում են ոչ միայն Թալիբանի և Ալ-Քաիդայի զինյալները. ռազմական գործողություններին ներգրավվում են նորանոր էթնիկական խմբեր և տարաբնույթ միավորումներ, որոնք զգալիորեն ակտիվացրել են իրենց գործողությունները։ Լայնացել է նաև այդ գործողությունների աշխարհագրությունը. այսօր մարտերն ընթանում են ոչ միայն Աֆղանստանում, այլև Պակիստանում։

Փոխվել է զինյալների մարտավարությունը. հատկապես հրթիռների օգտագործումը և մահապարտների միջոցով ահաբեկչությունների իրագործումը (դրանք բացակայում էին խորհրդային օկուպացիայի տարիներին) նոր և բարդ իրավիճակ է ստեղծել։ Ռազմական գործողություններն այսօր «տեղափոխվել» են նախկինում համեմատաբար հանգիստ խոշոր քաղաքները (բավական է հիշել վերջերս Քաբուլում ՄԱԿ-ի նստավայրի վրա կատարված հարձակումը և Փեշավարի (Պակիստան) հրթիռակոծումը)։ Նման մարտավարության դեմ արևմտյան զինուժը, ինչպես ցույց է տալիս նաև Իրաքի նախադեպը, արդյունավետ հակամիջոցներ դեռևս չի մշակել։

Արդյունքում՝ ԱՄՆ-ի և ՆԱՏՕ–ի զինծառայողների կորուստները զգալիորեն աճում են և միայն այս տարվա հոկտեմբերին ամերիկյան բանակը կորցրել է մոտ 60 մարդ։ Չնայած Միացյալ Նահանգները 2009-ին լրացուցիչ 17 հազար զինծառայող է ուղարկել Աֆղանստան և ընթացող պատերազմի հիմնավորումով $30 մլրդ-ով ավելացրել է 2010թ. ռազմական բյուջեն, մնացած դաշնակիցների մոտ նկատվում են բարոյալքման միտումներ։ Որոշ երկրներ (օրինակ՝ Իտալիան) մտադիր են դուրս բերել այդ երկրից իրենց զորամիավորումները3, այլ երկրներում (օրինակ՝ Գերմանիայում) աճում է հասարակական բողոքը վարվող պատերազմի դեմ։ Ընդհանրապես, պետք է արձանագրել, որ այդ պատերազմի նկատմամբ բացասական վերաբերմունքը միջազգային հանրությունում աճում է. արևմտյան ԶԼՄ-ում կարելի է հանդիպել բազմաթիվ նյութերի, որտեղ զուգահեռներ են տարվում Աֆղանական և Վիետնամական պատերազմների միջև։ Վերջինում, ինչպես հայտնի է, ԱՄՆ-ը կրեց պարտություն, որն ամերիկյան մեկնաբանները հաճախ որակում են որպես «ամոթալի»4։

Ինչպես հայտնի է, նման պարագաներում լուծումները փորձում են գտնել քաղաքական հարթությունում։

Հստակ անորոշություն

Այս տարվա մարտին նախագահ Օբաման հրապարակեց Աֆղանստանում և Պակիստանում ամերիկյան գործողությունների AfPak (Afganistan և Pakistan բառակապակցությունից) անվանումը ստացած ծրագիրը։ Համաձայն փաստաթղթի, Հարավային Ասիայում Միացյալ Նահանգների հիմնական նպատակներն են զինված ահաբեկչական խմբավորումների վերացումը և արդյունավետ անվտանգության համակարգի ձևավորումը։ Վերլուծաբանական հանրությունում, ինչպես նաև ամերիկյան բարձր սպայակազմի որոշ շրջանակներում, զեկույցը մեկնաբանվեց հիմնականում այն ոգով, թե ԱՄՆ-ի նոր վարչակազմը, այլ ոլորտներում վերախմբագրելով Ջ.Բուշի գլոբալ ռազմավարությունը, Աֆղանստանի խնդրում առայժմ սկզբունքորեն չի փոխում դիրքորոշումը։ Մասնավորապես, համաձայն Միջազգային հարաբերությունների խորհուրդի (Council on Foreign Relations, CFR) փորձագետ Դենիել Մարկի5, Վաշինգտոնի քաղաքականությունը վերոնշյալ երկրների հանդեպ շարունակում է մնալ անորոշ։ Ըստ փորձագետի, նոր վարչակազմի ծրագրում հստակեցված չեն ռազմական, հետախուզական և դիվանագիտական ռեսուրսների մակարդակը ու դրանց բաշխումը։ Խիստ կարևորվում է նաև այն հանգամանքը, որ անորոշ են մնացել նաև AfPak–ի իրագործման ժամկետները։ CFR-ի փորձագետի կարծիքով՝ Միացյալ Նահանգները պետք է փոխի իր գերակայությունները տարածաշրջանում՝ ռազմաքաղաքական օգնության և ֆինանսական հատկացումների հիմնական մասն ուղղելով ոչ թե Աֆղանստան, այլ Պակիստան, որի կայունության (հատկապես միջուկային զենքի ոլորտում) պահպանումն առավել կարևոր է6։ Դ.Մարկը նշում է նաև, որ նյութական ռեսուրսների ներկա սղության պայմաններում, Պակիստանի հետ ավելի սերտ համագործակցությունը ռազմաքաղաքական ոլորտում պակաս ծախսատար է, քան պատերազմի վարումն Աֆղանստանում։ Համարվում է, որ բոլոր պարագաներում էլ շեշտադրումները երկու երկրներում պետք է դնել զինուժի և հատուկ ծառայությունների գործողությունների, այլ ոչ «պետական շինարարության» և «սոցիալ – տնտեսական զարգացման» խնդիրների վրա։

Հատկանշական է նաև, որ ըստ CFR-ի փորձագետի, ամերիկյան ներկայությունը Աֆղանստանում ոչ միայն չի նպաստում իրավիճակի բարելավմանը, այլև միջազգային հանրությունում տպավորություն է ստեղծում, թե «ԱՄՆ–ը ունի գաղտնի պատճառներ» այդ երկրում մնալու համար։ Նկատենք, որ վերջին հարցադրումն իրոք ակտուալ է և պետք է ընդունել, որ ներկայիս բանավեճերը AfPak-ի շուրջ չեն շոշափում պատերազմի իրական նպատակները։

Ռազմավարական նպատակները

Գաղտնիք չէ, որ «ահաբեկչության դեմ պայքարը» և «ժողովրդավարության հաստատումն» Աֆղանստանում կամ Պակիստանում սոսկ PR-ային կարգախոսներ են7։ Եվ դա, անշուշտ, առաջին հերթին հայտնի է ամերիկյան արտաքին քաղաքականության ոլորտի «ուղեղային կենտրոնի»՝ CFR-ի փորձագետներին։ Պատերազմը Հարավային Ասիայում վարվում է բացառապես ռազմավարական–աշխարհաքաղաքական հարթությունում և CFR-ը, խորհուրդ տալով Օբամայի վարչակազմին «թեթև» նայել «պետական շինարարության» և «սոցիալ–տնտեսական զարգացման» խնդիրներին, փաստորեն կոչ է անում չմոռանալ այդ պատերազմի իրական նպատակները։ Տարածաշրջանի աշխարհագրությունը գրեթե իդեալական է ԱՄՆ հիմնական մրցակիցների՝ Չինաստանի և Ռուսաստանի (իսկ որոշ պարագաներում՝ նաև Իրանի) դեմ գործողություններ ծավալելու տեսանկյունից։ Աֆղանստանում արդեն իսկ ստեղծվել է 12 ռազմակայանից բաղկացած ամերիկյան զինուժի զարգացած ենթակառուցվածք իր օդանավակայաններով և այլ կառույցներով։ Սակայն խնդիրը միայն այն չէ, որ պատերազմական իրադրությունում հնարավորություն ունենալ արդյունավետ օդային և հրթիռային հարվածներ հասցնել ախոյաններին։

Գերակայումն այդ տարածաշրջանում թույլ է տալիս անմիջականորեն ազդել նախկին խորհրդային միջինասիական հանրապետությունների վրա։ Ռադիկալ իսլամական գաղափարախոսության տարածումը և ահաբեկչական խմբավորումների ձևավորումն այդ հանրապետություններում նպաստում են «գունավոր հեղափոխությունների» ու այլ գործողությունների միջոցով «անկայունության գոտի» ձևավորել Ռուսաստանի հարավային սահմաններում։ Նույնատիպ նկատառումներ կան նաև Չինաստանի հանդեպ։

Համաձայն բազմաթիվ աղբյուրների, դեռ մինչև 2001թ. սեպտեմբերի 11-ի ահաբեկչությունը ԿՀՎ-ն ձգտում էր ուղղորդել իսլամական ծայրահեղականներին ավելի ակտիվորեն աջակցելու ույղուրական անջատողականությանը և վերջին անկարգությունները Սինցզյանի ինքնավար շրջանում վկայում են, որ այդ ուղղությամբ որոշակի «առաջընթաց» է նկատվում։

Խիստ կարևոր է նաև աշխարհատնտեսական–էներգետիկ գործոնը։ Աֆղանստանով պետք է անցնի Կասպից-Հնդկական օվկիանոս նախատեսվող նավթամուղը, իսկ Թուրքմենստանից Հնդկաստան տանող գազամուղը (որում շահագրգռված են ամերիկյան Unocal, Enron և Halliburton ընկերությունները), ըստ դեռ չհաստատված վերջնական նախագծի, նույնպես անցնելու է Աֆղանստանով և Պակիստանով։

Սակայն, համաձայն որոշ փորձագետների, ԱՄՆ-ի ծրագրերը չեն սահմանափակվում միայն աշխարհաքաղաքական և աշխարհատնտեսական նկատառումներով։

Գլոբալ օպիումային պատերազմ

Համաձայն գերմանացի քաղաքագետ Վիլյամ Էնգդհալի վարկածի8, ԱՄՆ-ի զինուժը գտնվում է Աֆղանստանում նաև նրա համար, որպեսզի վերահսկի աշխարհի ամենախոշոր օպիումի աճեցման և առաքման աֆղանական շուկան, և օգտագործի թմրանյութերը հատկապես Ռուսաստանի դեմ, իսկ ստացված գերշահույթներն ուղղի ճգնաժամից տուժած ամերիկյան ֆինանսական համակարգի վերականգնմանը։

Նման վարկածը կարող է և լուրջ չթվալ, սակայն փաստերը խոսում են հօգուտ գերմանացի քաղաքագետի։ Համաձայն տարբեր աղբյուրների (այդ թվում՝ ԱՄՆ նախագահի աշխատակազմի «Թմրանյութերի ոլորտում ազգային քաղաքականության» վարչության ղեկավարի), վերջին 1-2 տարում Աֆղանստանը մատակարարում է համաշխարհային օպիատների սև շուկայի շուրջ 90%: Ըստ ՄԱԿ-ի թմրանյութերի և հանցագործությունների վարչության (UNODOC) 2009թ. հրապարակած տվյալների, Ռուսաստանը դարձել է հերոինի խոշորագույն շուկա՝ սպառելով այդ թմրանյութի տարեկան արտադրանքի 20%9։ Համաձայն ՄԱԿ-ի տվյալների, վերջին 10 տարում թմրամոլների թիվն այդ երկրում աճել է 10 անգամ և այժմ կազմում է 1,5 մլն։ Ռուսաստանում տարեկան օգտագործում են 75-80տ հերոին (այսինքն՝ ավելի շատ, քան Չինաստանը՝ 45տ, և ԱՄՆ-ը ու Կանադան միասին վերցրած՝ 20տ), իսկ թմրանյութերի գնման համար ծախսվում է $13 մլրդ։

ՌԴ Պետդումայի Միջազգային հարաբերությունների կոմիտեի անդամ Սեմյոն Բաղդասարովը10, որը Կենտրոնական Ասիայի ամենաընդունված գիտակներից է, նույնպես պնդում է, որ ԱՄՆ-ը և ՆԱՏՕ-ն ոչ թե պայքարում, այլ փաստացի նպաստում են թմրանյութերի աճեցմանը Աֆղանստանում։ Ս.Բաղդասարովը մասնավորապես նշում է, որ 2001թ. Թալիբանի վարչախմբի իշխանության օրոք այդ երկրում հավաքում էին ընդամենը 185տ օպիում, իսկ ներկայումս 43 անգամ ավելի՝ 8000տ։ Այս ամենին հավելենք, որ համաձայն Վիլիամ Էնգդհալի տվյալների, թմրանյութերի աճեցման և սպառման գլխավոր հովանավորը Աֆղանստանի ղեկավար Համիդ Կարզայն է։

Հարկ է նշել, որ «օպիումային» հոգեբանական զենքը հայտնի է դեռևս 17-րդ դարից։ Հոլանդացիներն այդ թմրանյութը վաճառում էին Ինդոնեզիային համեմունքների դիմաց՝ նպատակ ունենալով այդպիսով նաև բարոյալքել ինդոնեզացիներին, որոնք դիմադրում էին հոլանդական պլանտացիաների տարածմանն իրենց երկրում։ Հետագայում այդ տեխնոլոգիան իրենց համար մեծ հաջողությամբ կիրառեցին նաև բրիտանացիները Չինաստանի դեմ։ Առաջին (1840-1842թթ.) և Երկրորդ (1856–1860թթ.) օպիումային պատերազմների ընթացքում, թեյի ներկրման առևտրում փոխարինելով արծաթը օպիումով, նրանք կարողացան չինացիների գրեթե կեսին դարձնել թմրամոլ և այդպիսով փաստացի գրավել այդ երկիրը։

Հատկանշական է, որ այն դարաշրջանում Չինաստանի առևտրային հաշվեկշիռը պրոֆիցիտային էր, իսկ բրիտանականն ուներ խոշոր դեֆիցիտ։ Օպիումային պատերազմների արդյունքում պատկերը փոխվեց։ Նկատենք, որ այսօր իրավիճակը գրեթե նույնն է. ամերիկյան տնտեսությունը գտնվում է դժվարին փուլում, մինչդեռ չինականը, չնայած գլոբալ ճգնաժամին, շարունակում է աճել։

Հնարավոր հեռանկարներ

Այսօր քաղաքական դաշտում աֆղանական խնդրի շուրջ ընթացող բանավեճերը վկայում են այն մասին, որ Միացյալ Նահանգները դեռևս չի հստակեցրել իրենց հետագա քայլերն այդ տարածաշրջանում։ Նկատենք, որ Ջ.Բուշի անունը կրող «հիպերպրեվենտիվ-գերկանխարգելիչ» գործողությունների դոկտրինի շրջանակներում առայսօր գործող ռազմավարությունը մշակվել էր միաբևեռ աշխարհակարգի պայմաններում, երբ ԱՄՆ-ի գերակայությունը գլոբալ հարթությունում որևիցե կասկած չէր հարուցում։ Ներկայումս իրադրությունն այլ է, ինչը և թելադրում է նոր մոտեցումների մշակում։ Ստեղծված իրավիճակում հնարավոր են զարգացումների մի քանի սցենարներ, որոնցից նշենք հետևյալները.

  • «CFR-ի տարբերակ». ԱՄՆ-ը պահպանում է ներկայիս դիրքերը գլոբալ հարթությունում և կարողանում է բավարար չափով վերահսկել իրադրությունը Հարավային Ասիայում։ Այդ պայմաններում Միացյալ Նահանգները, համաձայն CFR-ի դեղատոմսերի, ամրապնդվելով արդեն ստեղծված հենակայաններում, կարողանում է բանակի և հատուկ ծառայությունների միջոցով շարունակել, ըստ էության, նախկին ռազմավարությունը։ Միևնույն ժամանակ գործողությունների ամերիկյան ծրագիրը կլինի նախկինի համեմատ ավելի համեստ և առանց հավակնոտ «ժողովրդավարական» կամ «գլոբալ հակաահաբեկչական» նախագծերի։ Այս տարբերակում ԱՄՆ-ը, պահպանելով հնարավորությունների մի զգալի մասը, կփորձի իրագործել (գուցե և ոչ թե AfPak, այլ PakAf ձևաչափով) վերոնշյալ «ռազմավարական նպատակները» և կշարունակի «գլոբալ օպիումային պատերազմը»։
  • «Վիետնամական սցենար». Միացյալ Նահանգները շարունակում է զիջել քաղաքական և տնտեսական դիրքերը գլոբալ հարթությունում ու դրան զուգահեռ իրադրությունը Հարավային Ասիայում անհակադարձելիորեն դուրս է գալիս վերահսկողությունից։ Ամերիկյան վարչակազմը (գուցե անգամ՝ հաջորդ, իսկ նշված սխեմայով զարգացումների պարագայում, այն, հնարավոր է, կգլխավորի նույն Բարակ Օբաման, որի առաքելություններից է ԱՄՆ-ի արժանավայել «դիրքավորումը» բազմաբևեռ աշխարհակարգում), ստեղծված իրադրությունում որոշում է դուրս բերել զինված ուժերը տարածաշրջանից11։

Այս վերջին սցենարի պարագայում տարածաշրջանում կարող է ստեղծվել ոչկառավարելի քաոտիկ իրավիճակ և զարգացումները կարող են ընթանալ ամենատարբեր և անկանխատեսելի տարբերակներով։ Հատկանշական է, որ նման պարագայում ռուսաստանյան փորձագետներին12 ամենից շատ անհանգստացնում է Աֆղանստանի և Պակիստանի միավորումն իսլամական ծայրահեղականների ղեկավարությամբ։ Նման զարգացումը կարող է մեծացնել նաև Հնդկաստանի հետ միջուկային հակամարտության հավանականությունը։ Չպետք է նաև բացառել, որ նման սցենարը կարող է անգամ նախընտրելի լինել ԱՄՆ-ի համար13։

1ԶԼՄ-ում երբեմն կարելի է հանդիպել մոտ մեկ միլիոն զոհերի մասին հիշատակումների, սակայն կարծում ենք, որ նման տեղեկատվությունն ավելի շուտ պրոպագանդիստական նպատակներ է հետապնդում։

2Տե՛ս, մասնավորապես, Գագիկ Հարությունյան, «ՀՀ-Թուրքիա հարաբերությունների համատեքստը», Գլոբուս. ազգային անվտանգություն, #5 (9), էջ 3, 2009։

3Այդ համատեքստում բնութագրական է իտալական զորամիավորման հետ կապված միջադեպը։ Բացահայտվել էր, որ այդ երկրի հատուկ ծառայությունները կաշառել էին աֆղան զինյալներին, որպեսզի վերջիններս ակտիվ ռազմական գործողություններ չվարեն իտալացիների դեմ։ Տե՛ս http://www.infox.ru/accident/incident/2009/10/15/Italyanskiye_spyecsl.phtml

4Կարծում ենք, որ նման զուգահեռները, գուցե և արդարացի են պատերազմի հնարավոր ավարտին վերաբերող սցենարների տեսակետից, սակայն, ըստ հակամարտությունների էության, այնքան էլ հիմնավորված չեն։ ԱՄՆ-ԽՍՀՄ հակամարտության մաս հանդիսացող Վիետնամական պատերազմում, անշուշտ, առկա էին աշխարհաքաղաքական և աշխարհատնտեսական հայտնի նպատակներ, բայց ընդհանրական տպավորությունն այնպիսինն է, որ այն պատերազմն ավելի շուտ կրում էր մրցակցային բնույթ։ Այսինքն՝ չնայած ռազմավարական խնդիրներին և հակամարտության լայն մասշտաբներին, պատերազմող կողմերը (ԱՄՆ, ԽՍՀՄ) գլխավորապես փորձում էին լուծել ընթացիկ, օպերատիվ մակարդակի հարցեր։ Մինչդեռ աֆղանական այդ պատերազմը ձեռնարկելիս ամերիկացիներն անվիճելի գերակայություն ունեին գլոբալ հարթություններում ու մրցակցության խնդիրները այլ տերությունների հետ եթե և դիտարկվում էին, ապա միայն այս տարիներին ԱՄՆ-ում իշխող «հիպերպրեվենտիվ– գերկանխարգելիչ» դոկտրինայի համատեքստում։

5Daniel Markey, From AfPak to PakAf: A Response to the New U.S. Strategy for South Asia. A Policy Options Paper, http://www.cfr.org/publication/19125

6Այդ կապակցությամբ Դենիել Մարկն առաջարկում է ծրագիրը վերանվանել PakAf։

7Նույնը վերաբերում է նաև խորհրդային էքսպանսիային։ Զարգացումներն Աֆղանստանի շուրջ գլխավորապես ընթացել են (մտաբերելով մասնավորապես 19-րդ դարում այդ երկրի դեմ Մեծ Բրիտանիայի վարած պատերազմները) դասական աշխարհաքաղաքական պատկերացումների շրջանակներում։

8F.William Engdhal The Geopolitics behind the phoney US war in Afghanistan, http://engdahl.oilgeopolitics.net./Geopolitics_Eurasia/Afghanistan/afghanistan.html

9http://pda.lenta.ru/news/2009/10/22/drugs

10http://echo.msk.ru/programs/razvorot/581516-echo.phtml

11Նման տարբերակը դեռևս չի նշանակում, որ ԱՄՆ-ը այդպիսով կորցնում է ռազմական հնարավորությունները Չինաստանին և Ռուսաստանին «զսպելու» տեսանկյունից։ Լինելով անվիճելի առաջատար ռազմական տեխնոլոգիաների ոլորտում՝ ամերիկացիները ձգտում են աշխարհաքա-ղաքական պատկերացումները փոխարինել տիեզերական հրթիռային ուժերի ձևավորումով (դա ֆանտաստիկա չէ և մոտ է իրողությանը), ինչը թույլ կտա նախկինի պես «հարվածի տակ պահել» հիմնական մրցակիցներին (տե՛ս, օրինակ, Элвин Тоффлер. Война и антивойна, Транзиткнига, Москва, 2005).

12Александр Храмчихин, Как может взорваться Южная Азия, Три сценария индо-пакистанской войны Политический класс, #57, 2009.

13Տե՛ս, օրինակ, Գագիկ Տեր-Հարությունյան, Բազմաբևեռ աշխարհի մարտահրավերները, http://www.noravank.am/am/?page=analitics&nid=1572


դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր