• am
  • ru
  • en
Версия для печати
14.12.2009

ԳԱԶԱՏԱՐՆԵՐԻ ԱՇԽԱՐՀԱՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՍԵՎԾՈՎՅԱՆ-ԿԱՍՊՅԱՆ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆՈՒՄ Մաս 3. Գազ արտադրողները և սպառողները

Руский

   

Սերգեյ Սարգսյան

Գազատարների շուրջ վարվող քաղաքականության հեռանկարները, խողովակաշարային ցանցի փոխդասավորությունը որոշակի չափով կախված են հումքի պաշարների առկայությունից, տարածաշրջանի երկրների միջև դրանց բաշխումից, այդ երկրների տնտեսությունների գազարդյունահանող և վերամշակող ճյուղերի գործառնության կայունությունից, արդեն կնքված պայմանագրերի բովանդակությունից: Ի՞նչ ծավալների են տիրապետում և ինչպե՞ս են դրանք տնօրինում մերձկասպյան պետություններն այսօր:

Թուրքմենստան

2007թ. հուլիսին չինական China National Petroleum (CNPC) ընկերությունը ձեռք բերեց Թուրքմենստանի ամենահեռանկարային գազահանքերից մեկի` Բախտիարի գործարկման արտոնագիրը: Դրա պաշարները, չինական և թուրքմենական փորձագետների կարծիքով, պետք է բավականացնեն դեպի Չինաստան (Թուրքմենստան-Ուզբեկստան-Ղազախստան-Ուրումչի-Շանհայ) տանող նոր գազատարը լիցքավորելու համար, որով, սկսած 2009թ., Աշգաբադը 30 տարվա ընթացքում տարեկան 30 մլրդ մ3 գազ է արտահանելու Չինաստան: Դրանով իսկ Թուրքմենստանը պարտավորվել է գազ մատակարարել.

  • Ռուսաստանին, 2003թ. 25 տարով կնքված պայմանագրի համաձայն, տարեկան 50 մլրդ մ3` արտահանումն աստիճանաբար ավելացնելով և արդեն 2028թ. հասցնելով 90 մլրդ մ3-ի:
  • Իրանին, մինչև 2018թ. տարեկան 8 մլրդ մ3 (ծրագրվում է մատակարարումներն աստիճանաբար հասցնել մինչև 12-14 մլրդ մ3-ի, իսկ հետագայում` տարեկան 20 մլրդ մ3-ի):
  • Չինաստանին, սկսած 2009թ.` 30 տարի ժամկետով, տարեկան 30 մլրդ մ3 ծավալով:

ՉԺՀ-ի հետ պայմանագրի կնքումը որոշակի ինտրիգ մտցրեց ոչ միայն հենց Թուրքմենստանից, այլ նաև Կենտրոնաասիական ողջ տարածաշրջանից գազարտահանման հեռանկարների և գազամատակարարման առկա պարտավորությունների կայունության հարցում, ինչն ամենաանմիջական ձևով կարող է անդրադառնալ տարածաշրջանից ձգվող նոր գազատարների (առաջին հերթին` երկուսն էլ տարեկան 30 մլրդ մ3 հզորություն ունեցող Անդրկասպյան և Nabucco գազատարների) կառուցման պլանների կենսունակության վրա:

Աղյուսակ1
Բնական գազի արտադրությունն ու սպառումը Թուրքմենստանում1, մլրդ մ3

2006թ. 2007թ. 2008թ.
Գազի արդյունահանումը 60,4 65,4 66,1
Ներքին սպառումը 18,4 21,3 19,0
Հաշվեկշիռը + 42,0 + 44,1 + 47,1

Ինչպես ռուսաստանյան, այնպես էլ արևմտյան փորձագետների գնահատականներով` Թուրքմենստանի գազահանքերի ընդհանուր պոտենցիալը չի գերազանցում 15,5 տրլն մ3-ը (նկատի են առնված ընդհանուր` հաստատված, հետախուզված և կանխատեսվող պաշարները), թեև 2007թ. վերջին նախագահ Գ.Բերդիմուհամեդովը հայտարարեց 42-44 տրլն պաշարների առկայության մասին: Թուրքմենստանում գազի պաշարների վերաբերյալ անկախ, ամբողջական և օբյեկտիվ տեղեկատվություն չկա։ Ս.Նիյազովի պատվերով 2005թ. ամերիկյան DeGolyer & MacNaughton ընկերության (Դավլեթաբադի հանքավայրի վերաբերյալ) և բրիտանական Gaffney, Cline & Associates-ի (երկրի արևելյան հատվածի հանքավայրերի վերաբերյալ) անցկացրած աուդիտի արդյունքներն այդպես էլ չհրապարակվեցին, այլ հնչեցվեցին միայն պաշտոնական անձանց հայտարարություններում: Այդ տվյալներով` Դավլեթաբադի հանքավայրի պաշարները սկզբնապես կազմել են մոտ 4,5 տրլն մ3, հետագայում այդ թիվն իջեցվել է մինչև 1,3 տրլն-ի: Իսկ որոշ փորձագետներ հակված են դրանք գնահատել 500-600 մլրդ մ3-ի սահմաններում:

Քանի որ հանքավայրը միջազգային սերտիֆիկացում չուներ, հերթական անգամ հետաձգվեցին տարածաշրջանից ձգվող ևս մեկ գազատարի` Անդրաֆղանականի (Թուրքմենստան-Աֆղանստան-Պակիստան-Հնդկաստան, ԹԱՊՀ) շինարարության հեռանկարների վերաբերյալ 2008թ. հոկտեմբերին նախատեսվող բանակցությունները:

2008թ. Գ.Բերդիմուհամեդովի հանձնարարությամբ Gaffney Cline & Associates խորհրդատվական ընկերությունը գնահատեց երկրի հարավ-արևելքում գտնվող «Գունորթա Յոլոթեն», «Օսման» և «Յաշլար» հանքավայրերի պաշարները, ինչը թույլ տվեց խոսել դրանց հսկայական պոտենցիալի մասին` 4,5-14 տրլն մ3 գազ, այսինքն` Թուրքմենստանը Ռուսաստանից հետո երկրորդն էր դառնում գազի համաշխարհային պաշարների գծով: Սակայն այդ թվերը ճշգրտման կարիք ունեն, իսկ հանքավայրերը` վերահետախուզման:

Իսկ Ջիմ Գիլեթի (Jim Gillett)` Gaffney Cline & Associates ընկերության բիզնեսի զարգացման գծով տնօրենի հայտարարությունը, թե այդ հանքավայրերից արդյունահանվող գազը տարեկան կարող է հասնել 70 մլրդ մ3-ի, կարող է հանգստացնել արդեն կնքված պայմանագրերով գազ ստացողներին, բայց բավարար հիմք չէ (տնտեսական տեսակետից) նոր խոշոր պայմանագրեր կնքելու համար:

Սակայն թուրքմենական գազահանքերի վարկանիշի բարձրացման հեռանկարը, անշուշտ, էլ ավելի կմեծացնի աշխարհաքաղաքական բոլոր դերակատարների ուշադրությունն Աշգաբադի նկատմամբ:

Թուրքմենստանի էներգետիկ ոլորտի հիմնախնդիրներից է նաև այն, որ երկրի գազարդյունահանող ճյուղը մշտապես չի կատարում գազի արտադրությունն ավելացնելու ծրագրված խնդիրը, ինչը հանգեցրել է, մասնավորապես, 2007թ. արդյունահանման պլանների էական կրճատման. արդյունահանված 67,4 մլրդ-ից արտահանվել է 45,5 մլրդ մ3: 2009թ. պլանային արդյունահանման մակարդակը հասցվել է 2007թ. ցուցանիշներին` 75 մլրդ մ3:

Աղյուսակ 2
Թուրքմենստանում գազի արտադրության թերակատարումը, մլրդ մ3

2006թ. 2007թ. 2008թ.
Պլանը 80 75 81,5
Արդյունահանված է 62,2 67,4 66,1
Հաշվեկշիռը -17,8 -7,6 -15,4

Նոր գազատարների (Թուրքմենստան-ՉԺՀ` 2009-ից, Մերձկասպյան` 2010-ից) գործարկման պահին Աշգաբադը պետք է տարեկան առնվազն 35 մլրդ մ3-ով (ներկայում արդյունահանվող ծավալի ավելի քան 50%-ով), իսկ հետագայում` միայն ռուսական ու չինական նախագծերով, ևս 40-50 մլրդ մ3-ով ավելացրած լինի արդյունահանումը:

Ղազախստան

Ղազախստանում ևս գազի լրացուցիչ ծավալների արդյունահանման հեռանկարների հետ կապված (հյուսիսային` ռուսական և արևելյան` չինական ուղղություններում) խնդիրներ են առաջացել:

Աղյուսակ 3
Բնական գազի արտադրությունը և սպառումը Ղազախստանում2, մլրդ մ3

2006թ. 2007թ. 2008թ.
Գազի արդյունահանումը 23,9 26,4 30,2
Ներքին սպառումը 20,3 19,5 20,6
Հաշվեկշիռը +3,6 +6,9 +9,6

Ղազախստանը պարտավորվել է Մերձկասպյան գազատարն ապահովել տարեկան 10 մլրդ մ3 գազով և այդ ծավալն ուղղել դեպի Չինաստան տանող գազատարը (Բեյնեու-Շիմքենդ):

Ներկայումս, բացի Կարաչագանակ հանքավայրից, որն արտահանվող գազի հիմնական աղբյուրն է, առավել հեռանկարային նախագիծ է համարվում Քաշագանի հանքավայրը. 2010թ. այն կարող է ապահովել 10 մլրդ մ3 հզորություն, իսկ 2015-ին` հասնել առավելագույն արտադրողականության` 25 մլրդ մ3-ի:

Սակայն Ղազախստանը բավական լուրջ խնդիրներ ունի գազի արտադրության ծավալների ավելացման հետ կապված:

Նախ` երկրում արդյունահանվող գազի մոտ 70%-ը «ուղեկից» է համարվում. արդյունահանվում է Կարաչագանակի, Քաշագանի և Թենգիզի նավթահանքերից: Այն ապրանքային տեսքի բերելու համար պահանջվում է լրացուցիչ զտում, ինչը հանգեցնում է ոչ միայն արտադրության ինքնարժեքի թանկացման, այլև դրա իրական ծավալների նվազման:

Բացի այդ, «ուղեկից» գազն ավելի շահավետ է հետ մղել հորատանցքերը` դրանց արտադրողականությունը բարձրացնելու նպատակով:

Երկրորդ`տարեկան 4 մլրդ մ3 գազ վերամշակվելով վերածվում է հեղուկ բնական գազի:

Երրորդ` Ղազախստանն ինքն է Ուզբեկստանից տարեկան ավելի քան 2 մլրդ մ3 գազ ներմուծում երկրի հարավային շրջաններն ապահովելու համար (մինչճգնաժամային կանխատեսումներով` 2008թ. ներմուծման ծավալը պետք է ավելացվեր մինչև 3,5 մլրդ մ3-ի): Այս շրջաններին ղազախական գազի մատակարարման ծրագրի կատարման համար, ինչը նախատեսված է, մասնավորապես, դեպի Չինաստան տանող գազատարի շինարարության նախագծի շրջանակներում, կպահանջվի գազի լրացուցիչ ծավալների «շեղում»:

Չորրորդ` մյուս առավել խոշոր, զուտ գազահանքերն անդրսահմանային են. Իմաշևյան գազակոնդենսատային հանքավայրը գտնվում է Ղազախստանի` Ռուսաստանի Աստրախանի մարզին սահմանակից Ատիրաուի մարզում, Խվալինյանը և Կենտրոնականը` ՌԴ և Ղազախստանի` Հյուսիսային Կասպիայի կենտրոնական մասի ծովային սահմանին:

Այս հանքավայրերը և´ Մոսկվայի, և´ Աստանայի համար շահավետ է համատեղ մշակել` արտադրանքի բաժանման շուրջ համաձայնության հիման վրա: Բայց ռուսական և ղազախական ընկերությունների մասնակցության փոխդասավորությունը դեռ վերջնականապես որոշված չէ, և չի բացառվում, որ Մոսկվան գիտակցաբար է ձգձգում հանքավայրերի գործարկման շուրջ պայմանագրերի կնքումը` սպասելով ավելի շահեկան տնտեսական և քաղաքական իրավիճակի:

Ադրբեջան

Աստանային և Աշգաբադին «եվրոպական» գներով գազ գնելու համանման առաջարկով 2008թ. հունիսի սկզբին Մոսկվան դիմեց նաև Բաքվին: Այս առաջարկը տնտեսական տեսակետից.

  • Բավական հրապուրիչ է. առաջարկությունն արվելու պահին Ադրբեջանի պետական նավթային ընկերությունը (ԱՊՆԸ) Թուրքիային Բաքու-Թբիլիսի-Էրզրում (ԲԹԷ) գազատարով մատակարարվող գազը վաճառում էր հազար մ3-ն ընդամենը $120-ով, այն դեպքում, երբ «Գազպրոմը» գազը Եվրոպայում վաճառում էր $350-370-ով:
  • Տեխնիկական առումով դա լիովին իրականանալի է` «ռևերսային ռեժիմով» աշխատեցնելով դատարկ (2006թ. հետո, երբ Բաքուն հրաժարվել էր գնել ռուսաստանյան գազը նոր, ավելի բարձր սակագներով և անցել սեփական հանքավայրերի գազն օգտագործելուն), տարեկան 5 մլրդ մ3 թողունակություն ունեցող Մոզդոկ-Բաքու գազատարը, որն աննշան ներդրումների պարագայում կարելի է ավելացնել մինչև 8 մլրդ մ3-ի:

Շահ Դենիզ հանքավայրի գազի արդյունահանման «Փուլ-1»-ի շրջանակներում 2006թ. աշնանը գնման պայմանագրեր կնքեցին Թուրքիան` տարեկան 6,3 մլրդ, Ադրբեջանը` 1,5 մլրդ և Վրաստանը` 0,8 մլրդ մ3: 2006թ. ռուսաստանյան գազի գների բարձրացումից և այն բանից հետո, երբ 2007թ. Ադրբեջանը հրաժարվեց գազ ներմուծել, բոլոր կողմերի համաձայնությամբ ադրբեջանական քվեն թուրքականի հաշվին ավելացավ մինչև տարեկան 3 մլրդ մ3-ի:

Աղյուսակ 4
Ադրբեջանում բնական գազի արտադրությունը և սպառումը3, մլրդ մ3

2006թ. 2007թ. 2008թ.
Գազի արդյունահանումը 6,1 9,8 14,7
Ներքին սպառումը 9,1 8,0 9,3
Հաշվեկշիռը - 3,0 + 1,8 + 5,4

Ըստ կանխատեսումների` Շահ Դենիզ4 նախագծի «Փուլ-2»-ի իրականացումից հետո, 2012թ. գազի արդյունահանումը երկրում կհասնի տարեկան 20 մլրդ մ3-ի (առավել լավատեսական գնահատականներով` տարեկան 25 մլրդ մ3): Ադրբեջանի ընդհանուր արտահանական պոտենցիալն այդ ընթացքում կհասնի տարեկան 10-12 մլրդ մ3-ի, ինչն, այնուամենայնիվ, բավարար չի լինի Բաքու-Թբիլիսի-Էրզրում գազատարի լիակատար բեռնման համար (16 մլրդ մ3):

Ադրբեջանի համար գազի գները բարձրացնելով` Ռուսաստանը ոչ միայն ստիպեց Բաքվին հրաժարվել դրա ներմուծումից, այլև փաստորեն նվազեցրեց նրա արտահանական պոտենցիալը, ինչը թույլ չտվեց Բաքվին հասնել Բաքու-Թբիլիսի-Էրզրում գազատարը բեռնել նախագծային` 16 մլրդ մ3 հզորությամբ: Դա ոչ այնքան տնտեսական, որքան քաղաքական նշանակություն կունենար, սակայն դրական դեր պետք է խաղար դրա ներդրումային գրավչության հետագա բարձրացման առումով:

ԲԹԷ-ն Ադրբեջանի համար քաղաքական մեծ նշանակություն ունի, և Մերձկասպյան բոլոր պետություններից ռուսաստանյան առաջարկին (էական, այլ ոչ թե զուտ խորհրդանշական ծավալներով5) դրական պատասխանելու ամենաքիչ շանսը հենց Բաքուն ունի:

Նշենք, որ միայն Եվրոպան և Ռուսաստանը չեն, որ հավակնություններ ունեն Ադրբեջանի գազի նկատմամբ. Շահ Դենիզի գազը գնելու ցանկություն ունի նաև Թեհրանը, որը 10% մասնաբաժին ունի այս նախագծում6:

***

Կասպյան տարածաշրջանի գազի համար «եվրոպական գին» առաջարկելով` Ռուսաստանը վերացրեց դրա արտահանման ուղղության ընտրության տնտեսական բաղադրիչը և հարցը տեղափոխեց քաղաքական հարթություն: Թեև գազ արտադրող երկրները հասկանում են Մոսկվայի ռազմավարական մտադրությունը` պահպանել տարածաշրջանի գազատար ցանցի հիմնական փոխդասավորությունը, նրանք իրենց համար քաղաքական որոշ առավելություններ ձեռք բերելու իրական հնարավորություն են ստացել, ընդ որում` շահագրգիռ բոլոր կողմերից.

  • Մոսկվայի հետաքրքրությունն ադրբեջանական գազով կարող է երևալ առաջին հերթին Ղարաբաղյան հակամարտության նկատմամբ Ռուսաստանի դիրքորոշման շտկմամբ: Ինչ վերաբերում է Nabucco գազատարին, ապա Ադրբեջանի գազը կարող է ունենալ միայն լրացուցիչ լցարկողի դեր, ինչը խոցելի է դարձնում նրա դիրքը շահագրգիռ կողմերի հետ բանակցություններում և այն կախման մեջ դնում կենտրոնաասիական մատակարարների որոշումից:
  • Թուրքմենական գազի գործոնը կարող է խթանել ԵՄ և ԱՄՆ հանդուրժողական վերաբերմունքը Աշգաբադի ավտորիտար իշխանության, պետության քաղաքացիների իրավունքների և ազատությունների խախտումների նկատմամբ: Միևնույն ժամանակ, չի բացառվում, որ Աշգաբադը, առաջին հերթին Չինաստանի կողմից իր գազի բարձր պահանջարկի պայմաններում, կարող է հարկադրված լինել (եթե ոչ քաղաքական, ապա տեխնիկական պատճառներով), այնուամենայնիվ, մասնակիորեն վերանայել մինչ այդ կնքված պայմանագրերը, և առաջին հերթին` Ռուսաստանի հետ: Դրա առիթ կարող է հանդիսանալ, օրինակ, հերթական միջադեպը գազարտահանման համակարգում, ինչպես խողովակաշարի պայթյունն էր ս.թ. ապրիլին7: Եվ թվում է, թե Թուրքմենստանում իշխանափոխության և Սափարմուրադ Նիյազովի ողջ «ժառանգության» վերանայման հետ կապված` բացասական իմիջային կորուստներն Աշգաբադի համար` որպես գործընկերոջ, առանձնակի նշանակություն չեն ունենա:

Ռուսաստանը որոշակի խնդիրներ կարող է ունենալ նաև Կենտրոնական Ասիայի առավել ինքնուրույն և ինքնաբավ պետության` Ղազախստանի հետ, սակայն այստեղ ևս Մոսկվայի գործերը հեռու են անհուսալի լինելուց:

Նախ` Ղազախստանի նախագահ Ն.Նազարբաևը, լավ գիտենալով Չինաստանի ախորժակը (և ոչ միայն էներգակիրների մատակարարման բնագավառում), հասկանում է իր երկու հարևանների` Ռուսաստանի և Չինաստանի շահերի միջև զգույշ հավասարակշռվելու անհրաժեշտությունը:

Երկրորդ` նկատի ունենալով Ն.Նազարբաևի անձնական բարձր ակտիվությունը աշխարհաքաղաքական (Եվրասիական տնտեսական ընկերակցություն) և աշխարհատնտեսական (սիբիրյան գետերի շրջումը դեպի Կենտրոնական Ասիա) խոշոր նախագծերում` ներկայումս նրա համար բացառիկ կարևորություն է ներկայացնում ոչ միայն 2010թ. ԵԱՀԿ-ում Ղազախստանի նախագահության հեռանկարի հարցը, այլև Ռուսաստանի հետ համատեղ «Եվրասիա» ջրանցքի կառուցման նախագծի իրականացումը, որն ուղղակիորեն կմիացներ Կասպից և Սև ծովերը, որի հեռանկարային շահավետությունն անպայմանորեն կհետաքրքրի Մոսկվային:

Այս նախագծի իրականացումը թույլ կտար Ղազախստանին սպառողներին անմիջականորեն մատակարարել ոչ միայն էներգակիրներ և նավթամթերքներ, այլ նաև երկրի արտահանական արտադրանքի ողջ տեսականին: Այս դեպքում Ղազախստանը հավելյալ գրավչություն ձեռք կբերի առաջին հերթին Հարավային և Հարավարևելյան երկրների ու Չինաստանի համար` որպես անընդհատ աճող բեռնահոսքերի տարանցման երկիր:

Ռուսաստանն, իր հերթին, որոշակի տնտեսական շահաբաժիններին զուգընթաց, այդ տրանսպորտային տարանցման հոսքերը կպահպանի իր համար կարևոր ռազմավարական հսկողության տակ:

Բացի այդ, Ղազախստանի և Ուզբեկստանի միջև առկա ոչ միայն տնտեսական, այլ նաև աճող քաղաքական մրցակցությունը տարածաշրջանային առաջատարության համար Մոսկվային թույլ է տալիս Տաշքենդն օգտագործել ինքնատիպ սահմանափակիչի դերում, որպեսզի Կենտրոնական Ասիայի պետությունները չափից ավելի ինքնուրույն քաղաքականություն չվարեն: Ամենանշանակալի մարդկային պոտենցիալ (մոտ 27 մլն մարդ) և գրեթե բոլոր հարևանների հետ տարածքային վեճեր ու խնդիրներ ունեցող Ուզբեկստանը միանգամայն հարմար է այդ դերին:

Վերջին ժամանակներս Իսլամ Քարիմովին անթաքույց զայրացնում է այն, որ Նուրսուլթան Նազարբաևը ջանում է, շրջանցելով Ուզբեկստանն ու անտեսելով Թուրքմենստանի պասիվությունը8, ստեղծել Կենտրոնաասիական պետությունների միություն, դրանում շահագրգիռ Տաջիկստանի և Ղրղըզստանի մասնակցությամբ:

Միևնույն ժամանակ, Կասպից ծովի գազի արտահանման երթուղիների աշխարհաքաղաքական խաղը պետք է հաշվի առնի նաև համեմատաբար ինքնուրույն բազմաթիվ դերակատարների` Ղազախստանի, Թուրքմենստանի, Ուզբեկստանի9, Ադրբեջանի, Իրանի և Թուրքիայի դիրքերը:

Գազ արտահանող երկրների առավել համաձայնեցված դիրքորոշումների նպատակով Ռուսաստանը, ինչպես «մաքուր էջից», այնպես էլ Եվրասիական տնտեսական ընկերակցության և ՇՀԿ շրջանակներում, շարունակում է մի ինչ-որ վերազգային խորհրդակցական կամ համակարգող մարմնի ստեղծմանն ուղղված ջանքերը: Ուստի, գազի ոլորտում միասնական գնային քաղաքականության ձևավորումը, ինչն էլ փաստորեն այն է, ինչ Մերձկասպյան երկրներին առաջարկում է Ռուսաստանը «եվրոպական գների» հետ կապված, կարող է Մոսկվայի համար ևս մեկ քայլ հանդիսանալ այդ ուղղությամբ:

Թե որքանով կհաջողվի այդ քաղաքականությունը, կախված է, առաջին հերթին, Իրանի շուրջ ռազմաքաղաքական իրավիճակից, երկրորդ` Ղազախստան-Թուրքմենստան-Ուզբեկստան եռանկյունու միջպետական հարաբերություններից, և երրորդ` Ռուսաստանի հետ նրանց հարաբերություններից:

1Statistical Review of World Energy. http://www.bp.com, 2009.

2Statistical Review of World Energy. http://www.bp.com, 2009.

3Statistical Review of World Energy. http://www.bp.com, 2009.

4Շահ Դենիզ նախագծի «Փուլ-2»-ով գազարդյունահանումը նախատեսվում էր 2012թ., սակայն տնտեսական և քաղաքական պատճառներով դա կարող է հետաձգվել մի քանի տարով` ընդհուպ մինչև 2016թ.:

52009թ. հունիսին «Գազպրոմը» համաձայնագիր ստորագրեց ԱՊՆԸ-ի հետ ադրբեջանական գազի մատակարարումների վերաբերյալ: 2010թ. հունվարի 1-ից գնումների ծավալը կկազմի տարեկան 500 մլն մ3: http://www.oilcapital.ru/news/2009/09/151518_144149.shtml

6Շահ Դենիզ հանքավայրի վերաբերյալ պայմանագիրը կնքվել է 1996թ. հունիսի 4-ին և ուժի մեջ մտել նույն թվականի հոկտեմբերի 17-ին: Մասնակիցներն են բրիտանական BP Amoco-ն` 25,2% մասնակցությամբ, Statoil-ը (25,5%), Ադրբեջանի պետական նավթային ընկերությունը (10%), ռուսաստանյան Lukoil -ը (10%), ֆրանսիական Elf-ը (10%) և թուրքական TРAO-ն (9%):

72009թ. ապրիլի 8-ի լույս 9-ի գիշերը Թուրքմենստանում, «Միջին Ասիա-Կենտրոն» (ՄԱԿ) գազատարի 487 կիլոմետրում տեղի ունեցած պայթյունի հետևանքով դադարեցվեց գազի մատակարարումը Ռուսաստանին: Թուրքմենստանի ԱԳՆ-ն իր տարածած հայտարարության մեջ մեղադրեց «Գազպրոմի» դուստր` «Գազպրոմ էքսպորտ» ընկերությանը պայթյունի համար պայմաններ ստեղծելու մեջ: Թուրքմենական կողմի կարծիքով` «Գազպրոմ էքսպորտը» կրճատել էր ՄԱԿ-ից վերցվող գազի ծավալները, ինչն էլ հանգեցրել էր գազաբաշխիչ ցանցի բեռնվածության աճի: http://www.lenta.ru/news/2009/04/10/gas/

8Ինքնամեկուսացումից Թուրքմենստանի աստիճանական դուրս գալու համատեքստում Աշգաբադը վերջին ժամանակներս նույնպես հետաքրքրություն է ցուցաբերում Աստանայի այս նախաձեռնության նկատմամբ:

9Տարեկան բավական մեծ ծավալի գազ` 10 մլրդ մ3, արտահանելով` Ուզբեկստանը, այնուամենայնիվ, հնարավորություն չունի ակտիվ դերակատար դառնալու անմիջականորեն Հարավային Կովկասի տարածաշրջանին առնչվող ծավալների վերաբաշխման և արտահանման ուղղությունների հարցերում:


դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր