ՎՐԱՍՏԱՆՅԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՈՐՈՇ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԱՍՊԵԿՏՆԵՐ
Օգտագործվել են Էքստրեմալ լրագրության կենտրոնի ղեկավար Օլեգ Պանֆիլովի անձնական բլոգում հրապարակված նյութերը (http://oleg-panfilov.livejournal.com)։
Վրաստանում կայացած նախագահական ընտրությունները չափազանց հետաքրքիր էին իրենց տեղեկատվական բաղադրիչի առումով: Մի կողմից՝ ընտրություններն ինքնին արդեն սովորական չէին, քանզի արտահերթ էին և անցկացվեցին ընդդիմության հետ ընդհարումներից և արտակարգ իրավիճակ մտցնելուց հետո: Բացի դրանից, պետք է հաշվի առնել, որ ընտրությունները տեղի ունեցան Ամանորի տոներին, երբ տեղեկատվական հոսքն աշխարհում նվազում է, ինչի հետ կապված վրացական ընտրությունները հայտնվեցին ԶԼՄ ուշադրության կենտրոնում:
Այդ ընտրությունների շուրջ իսկական տեղեկատվական պատերազմ ծավալվեց, որի մեջ ներգրավվեցին ինչպես երկրի ներքին, այնպես էլ արտաքին (հատկապես ռուսական) ուժերը: Անհրաժեշտ է առանձնացնել այդ տեղեկատվական պատերազմի 3 փուլեր՝ ընդդիմության հետ ընդհարումների, նախընտրական և հետընտրական:
Այն շրջանում, երբ Թբիլիսիում տեղի էին ունենում հուզումներ և սեպտեմբերի սկզբին արտակարգ իրավիճակ մտցվեց, արգելվեց երկրի բոլոր լրատվամիջոցների գործունեությունը, բացի հանրային հեռուստատեսությունից: Ընդդիմադիր «Իմեդի» հեռուստաընկերությունը փակվեց, իսկ սարքավորումները ջարդուխուրդ արեց ՄՀՕՋ-ը: Վրաստանում տեղի ունեցող իրադարձությունների միակ տեղեկատվական աղբյուրը տեղի բլոգերներն էին, որոնք օպերատիվ կերպով լուսաբանում էին երկրում տիրող իրավիճակը: Այսպես, ամենից շատ ընթերցվող բլոգերը Հրանտն էր Թբիլիսիից (http://athanatoi.livejournal.com/): Իր օրագրում տեղեկատվություն էր հաղորդում նաև «Նորություններ-Վրաստան» կայքի խմբագիրը (http://elenaim. livejournal.com/), ինչպես նաև նույն կայքի աշխատակից Ալեքսանդրը (http:// geoinlaz.livejournal.com/): Հետաքրքիր է, որ նոյեմբերի 8-ից սկսած elenaim օրագիրն այլևս չէր թարմացվում, իսկ geoinlaz բլոգը կայքից ամբողջովին հանվեց:
Ընտրություններին նախորդած մի քանի օրերին տեղեկատվական պատերազմը վարվում էր թեկնածուների վարկանիշերի իրարից խիստ տարբերվող հրապարակումների մակարդակով:
Դրա մասին կարելի է դատել հանրությանը ներկայացված հետևյալ վարկանիշային հրապարակումներից.
Սահակաշվիլի – 41.7%, Գաչեչիլաձե – 11.1%, Պատարկացիշվիլի – 6.5%,
Սահակաշվիլի – 61,1%, Գաչեչիլաձե – 5.2%, Պատարկացիշվիլի – 2.9%,
Սահակաշվիլի – 20,4%, Գաչեչիլաձե – 16.4%, Պատարկացիշվիլի – 2.3%,
Գաչեչիլաձե – 22,1%, Սահակաշվիլի – 16,4%, Պատարկացիշվիլի – 13,8%,
Գաչեչիլաձե – 22,1%, Սահակաշվիլի – 20,3%, Պատարկացիշվիլի – 19,1%,
Գաչեչիլաձե – 21,9%, Սահակաշվիլի – 21%, Պատարկացիշվիլի – 20,3%,
Գաչեչիլաձե – 18,04%, Սահակաշվիլի – 16,05%, Պատարկացիշվիլի – 6,34%,
Ուշագրավ է Իվան Շերստյուկի ղեկավարած «Ժողովրդավարության զարգացման երկխոսություն» եվրոպական հիմնադրամի գործունեությունն ընտրությունների նախօրեին: Դեկտեմբերի վերջին այդ հիմնադրամը ներկայացրեց Վրաստանում անցկացված հասարակական կարծիքի հարցման արդյունքները, որոնք հետևյալ տեսքն ունեին.
Լևան Գաչեչիլաձե – 21.1%
Միխայիլ Սահակաշվիլի – 20.3%
Բադրի Պատարկացիշվիլի – 19.1%
Շալվա Նաթելաշվիլի – 6.5%
Դավիթ Գամկրելիձե – 4.9 %
Գեորգի Մաիսաշվիլի – 1.1%
Իրինա Սարիշվիլի – 0.2%
Իվան Շերստյուկը բավական հետաքրքիր անձնավորություն է, նա հասցրել էր «երևակվել» Ղազախստանի և Ուկրաինայի ընտրությունների ժամանակ: Ընդ որում, մշտապես հանդես էր գալիս տարբեր կազմակերպություններ ներկայացնող դիտորդի դերում. 2005թ. Ղազախստանում` որպես ուկրաինական, բելառուսական և լեհական անկախ ԶԼՄ-ի միջազգային դիտորդական առաքելության ներկայացուցիչ, 2007թ. Ուկրաինայում՝ որպես լեհական և ուկրաինական համալսարանների եվրոպական կոլեգիումի (Լեհաստան) համակարգող։ Իսկ 2006թ. նա նաև «Տարածաշրջանային նախաձեռնությունների հիմնավորում» հասարակական կազմակերպության միջազ¬գային քարտուղարն էր։
Ընտրությունների մյուս ինտրիգը մի շարք ընդդիմադիր թեկնածուներին ներկայացված մեղադրանքն էր պետական հեղաշրջման փորձ կատարելու մեջ։ Այն բանից հետո, երբ ծագեց պաշտպանության նախկին նախարար Ի.Օքրուաշվիլու հետ կապված պատմությունը, նմանատիպ մեղադրանքներ առաջադրվեցին Բադրի Պատարկացիշվիլու դեմ։ Մամուլում հրապարակվեցին Պատարկացիշվիլու ընտրական շտաբի ղեկավար Վալերի Գելբախիանու խոսակցությունների սղագրությունները, ինչից հետևում էր, որ Վրաստանի սահմանադրական կարգը բռնի ուժով փոխելուն ուղղված դավադրություն գոյություն ունի։
Ընտրություններից հետո ամենահետաքրքիրն այն սկանդալն էր, որը ծագեց գերմանական Frankfurter Rundschau թերթի թղթակից Ֆլորիան Հասելի հոդվածի հրապարակումից հետո։ ԵԱՀԿ դիտորդական առաքելության ղեկավար Դիտեր Բոդենից վերցված հարցազրույցում վերջինս նշում է, որ հետզհետե ավելի ակնհայտ է դառնում, որ Վրաստանում ընտրությունների ժամանակ տեղի են ունեցել «կոպիտ խախտումներ, քվեները հաշվելիս անփութորեն, նաև դիտավորյալ կեղծիքներ են թույլ տրվել», և ընտրություններին ԵԱՀԿ կողմից տրված սկզբնական, ընդհանուր առմամբ դրական գնահատականն արդեն չի համապատասխանում իրականությանը։
Անմիջապես դրանից հետո Վրաստանում ԵԱՀԿ դիտորդական առաքելությունը հանդես եկավ հայտարարությամբ, որում ասվում է, որ Բոդենի խոսքերն աղավաղված են։ Ինքը՝ Բոդենը, հայտարարեց, որ Ֆլորիան Հասելը «սխալ ենթատեքստով է օգտագործել իր խոսքերը Վրաստանում կայացած ընտրությունների մասին»։ ԵԱՀԿ ժողովրդավարական ինստիտուտների և մարդու իրավունքների (ԺԻՄԻ) հարցերով գրասենյակի քարտուղար Ուրդուր Գունարսդոտիրը «Էխո Մոսկվի» ռադիոկայանին տված հարցազրույցում պարզաբանել է, որ դա, ըստ էության, նորմալ պրակտիկա է։ Կազմակերպության դիտորդական առաքելությունը շարունակում է իր աշխատանքը և նոր տեղեկություններ է ստանում։ Եվ եթե նոր տվյալների քանակը մեծ լինի, ապա բացառված չէ, որ ԵԱՀԿ-ն նոր զեկույց հրապարակի։ Թեև, ինչպես նշել է Գունարսդոտիրը, քիչ հավանական է, որ կազմակերպությունը կտրուկ կփոխի իր վերաբերմունքը քվեարկությանը։
Այնուհետև Վրաստանում ԵԱՀԿ/ԺԻՄԻ գրասենյակի ներկայացուցիչ Ռաստո Կուժելը հայտարարեց հետևյալը. «Պարոն Բոդենի ասածն ամբողջությամբ չի հրապարակվել. ենթատեքստից որոշ դրույթներ են հանվել, և մենք դեռ կպարզենք այդ հարցը։ Ինչ վերաբերում է ընտրություններին տրված մեր գնահատականին, ապա մենք չենք փոխել մեր դիրքորոշումը, որն արտահայտել ենք ընտրություններից հետո երկրորդ օրը տված մեր նախնական գնահատականներով»։
Ամեն դեպքում, վերոնշյալն իր ազդեցությունն է թողել արևմտյան մամուլի կողմից ընտրությունների ընկալման վրա, ինչի մասին արդեն իսկ կարելի է դատել հոդվածների վերնագրերից. «Թառամած վարդը» (The Times, Մեծ Բրիտանիա), «Պյուռոսի հաղթանակը» (Newsweek, ԱՄՆ), «Ժամանակն է ավելի ըմբռնող լինել և քիթը քիչ տնկել» (The Financial Times, Մեծ Բրիտանիա)։
դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր
- ԸՍՏ ՕՐԻՆԱԳԾԻ «ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿԸ» ՀԱՆԳԻՍՏ ԿԱՐՈՂ Է ԴԻՏԱՐԿՎԵԼ ՈՐՊԵՍ ԱՆԱՆՈՒՆ ՀՂՈՒՄ. Սամվել Մարտիրոսյան[20.10.2021]
- ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ԻՆՏԵՐՆԵՏԻ ՏՐԱՆՍՖՈՐՄԱՑԻԱՆԵՐԸ[27.09.2018]
- ՈՒՂԻՂ ԵԹԵՐՆԵՐԻ ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ (ինչպես ձևափոխվեց տեղեկատվական դաշտը)[08.06.2018]
- ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴԵՄ ՀԱՔԵՐԱՅԻՆ ՀԱՐՁԱԿՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ[05.04.2018]
- ՀԱՄԱՑԱՆՑԻ ԵՎ ԲՋՋԱՅԻՆ ԿԱՊԻ ՆԵՐԹԱՓԱՆՑՈՒՄԸ, ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՄԵԴԻԱՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ (2017Թ.)[07.12.2017]
- ՀԱՅԱՍՏԱՆԸ ԿԻԲԵՌԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՎԱՐԿԱՆԻՇԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ[06.10.2017]
- ՀԱՄԱՑԱՆՑԻ ԵՎ ԲՋՋԱՅԻՆ ԿԱՊԻ ՆԵՐԹԱՓԱՆՑՈՒՄԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ 2016Թ.[26.07.2017]
- ՀԱՅԱՍՏԱՆԻ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԿՐԻՏԻԿԱԿԱՆ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԸ[31.05.2017]
- ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀՈՍՔԵՐԻ ՍՂՈՒԹՅՈՒՆԸ՝ ԿՐԻՏԻԿԱԿԱՆ ԽՆԴԻՐ[10.05.2017]
- ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՀԱՔԵՐՆԵՐԸ ԹԻՐԱԽԱՎՈՐՈՒՄ ԵՆ ՀԱՅ ՕԳՏԱՏԵՐԵՐԻՆ[29.03.2017]
- ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԿԻԲԵՌԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ․ ԻՐԱՎԻՃԱԿԸ 2016Թ.[30.01.2017]