• am
  • ru
  • en
Версия для печати
14.12.2017

ՄԵՐ ԱԶԳԱՅԻՆ ՇԱՀԸ

Руский

   

«Հայաստանի հարաբերությունները Եվրոպայի հետ պետք է զարգանան, առաջին հերթին, գիտատեխնոլոգիական կոնտենտի շեշտադրմամբ»,- հարցազրույցում ասաց «Նորավանք» գիտակրթական հիմնադրամի տնօրեն Գագիկ Հարությունյանը։

- Պարոն Հարությունյան, Հայաստանը դարձավ ԵԱՏՄ և ՀԱՊԿ առաջին երկիրը, որը շրջանակային համաձայնագիր ստորագրեց Եվրամիության հետ։ Ի՞նչ եք կարծում, սա զուտ թղթի վրա «նշում» արվելու համա՞ր էր (թեև բավական նշանակալի), որը կարելի է գրանցել մեր արտաքին քաղաքականության ակտիվում, թե՞ խոսքը պոտենցիալ գործուն համագործակցության մասին է։

- Իհարկե, ԵՄ-ի հետ համաձայնագրի ստորագրումը հատկանշական փաստ է Հայաստանի արտաքին քաղաքականությունում, և հարկ է պատշաճը մատուցել նրանց, ովքեր կարողացան իրագործել դա։ Ելնելով ստեղծված իրողություններից՝ բավականաչափ քաղաքական իմաստնություն, ճկունություն և համբերություն է պահանջվել, որպեսզի ԵՄ-ի հետ նման պայմանագիրն իրականություն դառնա։ Միևնույն ժամանակ, ակնհայտ է, որ խոսքը պարզապես թղթի մասին չէ, որի վրա բարի մտադրություններ են գրված։ Համաձայնագիրը մեզ որոշ առավելություններ է տալիս և, առաջին հերթին, որոշակի դիվանագիտական գերակշռություն Ղարաբաղի վերաբերյալ բանակցություններում։ Այսօր շատ է խոսվում այն մասին, որ ԵՄ-ի հետ համաձայնագրի ստորագրումը Հայաստանին հնարավորություն է ընձեռում դառնալ մի յուրատեսակ կամուրջ ԵԱՏՄ երկրների (և, մասնավորապես, Ռուսաստանի) ու Եվրամիության միջև. սա նույնպես շատ կարևոր շեշտադրում է։ Այսօր ԵՄ- ում փոփոխություններ են տեղի ունենում, և մենք տեսնում ենք, որ եվրոպական առաջնորդները երկխոսություն են փնտրում Ռուսաստանի հետ։

- Նույնը կարելի է ասել նաև Ռուսաստանի մասին Եվրոպայի առնչությամբ...

- Իհարկե։ Հիշենք բարձր մակարդակով բանակցությունները Չեխիայի նախագահի, հունգարացի գործընկերների հետ, որոշակի շարժ կա Ֆրանսիայի, Գերմանիայի և այլոց հետ Ռուսաստանի փոխհարաբերություններում։ Նման միտումները հուսադրող են այն իմաստով, որ քաղաքական կամքի առկայության և հմտության պարագայում Հայաստանն իրոք կարող է դառնալ կապող օղակ ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի միջև։ Ինչն, ի դեպ, նշվեց նաև «Միասնական Ռուսաստան» կուսակցության ներկայացուցիչների կողմից Հայաստան կատարած այցի ժամանակ։ Նրանց կողմից նշվեց նաև, որ ԵՄ-ի հետ Հայաստանի համաձայնագիրը Ռուսաստանին որոշակի առավելություն է տալիս ոչ միայն քաղաքական, այլև տնտեսական առումով. մասնավորապես՝ երկու կողմից գործող տնտեսական պատժամիջոցների իրողությունների պարագայում Հայաստանի միջնորդությունը կարող է նպաստավոր դեր խաղալ։ Միևնույն ժամանակ, կարևորելով, անշուշտ, քաղաքական և տնտեսական գործոնները, անձամբ ես կարծում եմ, որ մեր հարաբերությունները Եվրոպայի հետ պետք է զարգանան, առաջին հերթին, գիտատեխնոլոգիական կոնտենտի շեշտադրմամբ։ Եվրոպան հայտնի է իր համալսարաններով, գիտական կենտրոններով, նրա բարեկեցությունն, ըստ էության, պայմանավորված է այդ համալսարանների, գիտելիքների, տեխնոլոգիաների առկայությամբ, որոնց կարիքն այսօր մենք շատ ունենք։ Եվ եթե հաջողվի Եվրոպայի հետ գործընկերության շրջանակներում նաև գիտատեխնոլոգիական համագործակցություն հաստատել, դա, անշուշտ, օգտակար կլինի Հայաստանի համար։

- Իսկ ի՞նչ շահ ունի Եվրոպան Հայաստանի հետ կապված։

- Շատ կարևոր հարց է։ Ակնհայտ է, որ ներկայիս Եվրոպան բնավ նման չէ այն Եվրոպային, որի հետ պատրաստվում էինք համաձայնագիր կնքել 2013-ին։ Այսօրվա Եվրոպան միգրանտների հետ հարցերի պատճառով գտնվում խոր ճգնաժամի մեջ, որն իր հերթին հանգեցնում է քաղաքական ուժերի շերտավորմանը ԵՄ-ում։ Մենք դա տեսնում ենք Գերմանիայի, Ֆրանսիայի և այլոց օրինակով։ Սաստկացել են կենտրոնախույս ուժերը, և դրա ցայտուն օրինակը Մեծ Բրիտանիայի դուրս գալն է ԵՄ կազմից (Բրեքսիթ)։ Փոխվել են նաև ԱՄՆ-ի հետ Եվրոպայի հարաբերությունները, այսպես ասենք՝ Թրամփի Ամերիկայի հետ։ Մենք կարող ենք փաստել, որ «միասնական Արևմուտք» հասկացությունն այսօր այլևս գոյություն չունի, և որ ԵՄ և անգլոսաքսոնական հանրության շահերն այսօր միշտ չէ, որ համընկնում են... Պատահական չէ, որ Թրամփի իշխանության գալը հաճախ անվանում են «Բրեքսիթ-2»։ Կարելի է փաստել նաև կենտրոնախույս միտումների առկայությունը հենց եվրոպական երկրների ներսում։ Դրա օրինակն են Կատալոնիան, Կորսիկան (որը նույնպես ցանկանում է ավելի շատ ինքնավարություն ստանալ) և Իտալիայի մի շարք նահանգները։ Բնական է, որ այս ամենը խարխլում է Եվրոպայի քաղաքական կամքը և խափանում նրա տնտեսական հնարավորությունները։ Եվ այս մասին ասում են իրենք՝ եվրոպացիները։ Ես վերջերս վերադարձա Ռոդոսի «Քաղաքակրթությունների երկխոսություն» միջազգային համաժողովից, որին մասնակցում էին եվրոպական պետությունների ղեկավարները, Եվրահանձնաժողովի բարձրաստիճան պաշտոնյաները, քաղաքական գործիչներ։ Եվ նրանք բոլորն էլ խոսում էին հետլիբերալ աշխարհի ու լիբերալ գաղափարախոսության ճգնաժամի մասին, որի իրականացնողն էր մայրցամաքային Եվրոպան անգլոսաքսերի հետ միասին։ Այդ ճգնաժամի ցայտուն դրսևորումն է իրավիճակը Մերձավոր Արևելքում, որտեղ լիբերալ գաղափարների բռնի ներդրումը քաղաքակրթական այլ կոդ ունեցող հասարակություններում հանգեցրեց ողբերգության, միլիոնավոր մարդկային զոհերի և միլիոնավոր փախստականների։ Այսօր արդեն հասկանալի է, որ հաջողության հասնում են այն երկրները, որոնք կարողանում են համատեղել տարբեր գաղափարախոսական հոսանքները։ Անշուշտ, ինչպես լիբերալիզմը, այնպես էլ սոցիալիզմը ունիվերսալ գաղափարախոսություններ են, սակայն դրանց մենաշնորհային արտահայտությունները, ինչպես ցույց տվեց ԽՍՀՄ օրինակը, իսկ ներկայում՝ արևմտյան երկրների սպառողական հասարակություններում իշխող ճգնաժամը, վկայում է այն մասին, որ մենատիրությունը գաղափարախոսական ոլորտում հանգեցնում է տոտալիտարիզմի (այսօր տեղեկատվական շրջանառության մեջ է մտել «տոտալիտար լիբերալիզմ» եզրը), ինչն էլ իր հերթին կարող է հանգեցնել ծանր հետևանքների ինչպես սեփական, այնպես էլ այլոց հասարակություններում։ Թերևս, ակնհայտ է, որ օպտիմալ կառավարման համակարգը ենթադրում է լիբերալ և սոցիալիստական գաղափարախոսությունների համատեղում, և դրանց հետ միասին պետք է գործեն նաև պահպանողական մոտեցումները, որոնք բնորոշ են կոնկրետ հենց այդ հասարակությանը։

- Այսինքն՝ ազգային գաղափարախոսություն...

- Այո՛։ Չինաստանում, օրինակ, կարողացան համատեղել այդ գաղափարախոսական տրիադան։ Իսկ Եվրոպան ընկավ խոր ճգնաժամի մեջ՝ իր այդ բոլոր գենդերային ծրագրերով և օրենքներով, որոնք փորձում է պարտադրել ողջ աշխարհին, և որոնք, անտարակույս, կարելի է անվանել հակաքրիստոնեական։ Եվ այդ օրենքներն «առաջ են մղվում» այդ թվում նաև Հայաստանում։ Մինչդեռ, ակնհայտ է, որ գիտատեխնոլոգիական առաջընթացը կարող է տեղի ունենալ բացառապես հասարակությունում բարոյական հիմքերի առկայության պարագայում։ Գերմանիայում մինչև Երկրորդ համաշխարհային պատերազմի սկիզբը ապրում էր ավելի քան 30 Նոբելյան մրցանակակիր, նացիստների իշխանության գալը լիովին փոխեց իրավիճակը։ Գաղափարախոսության և գիտելիքների հակադրությունը հանգեցրեց ողբերգության, որի զոհ դարձան տասնյակ միլիոնավոր մարդիկ։ Մոտավորապես նման մի բան է տեղի ունենում այսօր Եվրոպայի որդեգրած և մյուս երկրներում ագրեսիվորեն ներդրվող լիբերալ գաղափարախոսության համատեքստում։ Մենք պետք է բոլորս հասկանանք սա՝ մեծ բարեկամության գնալով եվրոպացիների հետ։ Այո, Եվրոպան հսկայական գիտական, մշակութային, տեխնոլոգիական ռեսուրս ունի, և մենք պետք է փորձենք վերցնել հենց այն, ինչը մեզ հարկավոր է։ Եվ, մեր հերթին, կամուրջ ծառայել Եվրոպայում ավելի ռացիոնալ, կառուցողական գաղափարախոսական հասկացությունների ներդրման համար, որոնց կարիքը նա ակնհայտորեն ունի։ Վերջերս ես կարդացի եվրոպացի ինտելեկտուալների, մտավորականների մի շատ հեղինակավոր խմբի հայտարարությունը, ովքեր գիտակցում են, որ Եվրոպան անդունդ է գլորվում։ Եվ նրանց մեջ ընդվզում է հասունանում այն բանի դեմ, ինչն այսօր կատարվում է Եվրոպայում, ընդվզում, որը շատ է հիշեցնում խորհրդային այլախոհների ելույթները կոմունիստական տոտալիտարիզմի դեմ։

- Իսկ Եվրոպայում այսօր նկատվո՞ւմ է լիբերալ, ավելի ճիշտ՝ հետլիբերալ ամբողջատիրություն։

- Դա փաստ է։ Եվ հասկանալով իրավիճակը՝ մենք պետք է գործենք համապատասխան ձևով՝ ելնելով Հայաստանի և առհասարակ հայկական հանրության շահերից։ ԵՄ-ի հետ պայմանագրի կնքումն իսկապես կարելի է համարել հայկական դիվանագիտության մեծ հաջողություն. զարմանալի չէ, որ Մոլդովայի նախագահը գալիս է այստեղ և խնդրում փորձով կիսվել։ Եթե մենք կարողանանք Եվրոպայի հետ համագործակցությունից վերցնել այն ամենալավը, որը նա կարող է, մեր հերթին առաջարկելով կառուցողական գաղափարներ, ապա դա հիրավի արգասավոր բարեկամություն կլինի։ Դա շահավետ է մեզ համար։ Եվ Եվրոպայի ու Ռուսաստանի միջև առճակատման նվազման ձգտումը նույնպես համընկնում է մեր շահերի հետ...

- Իսկ ինչպե՞ս կմեկնաբանեք հակահայկական տրամադրությունները ռուսաստանյան տեղեկատվական դաշտում՝ վիրավորական հրապարակումներ, հեռուստահաղորդումներ, թոք-շոուներ, որոնք ուղեկցեցին ԵՄ-ի հետ մեր համաձայնագրի կնքմանը։

- Իհարկե, այդ փաստը ցավալի է։ Ռուսաստանյան տեղեկատվական դաշտը, ցավոք, այնքան էլ անկողմնակալ չէ։ Սակայն կարելի է բացատրել կատարվածի մեխանիզմը։ Մեր հակառակորդները մեծ փողեր են ծախսում՝ ակտիվորեն «գնելով» մարդկանց և տեղեկատվական ինտերվենցիա կազմակերպելով Հայաստանի դեմ։ Ի դեպ, դա բնորոշ է ոչ միայն այն համատեքստում, ինչը տեղի էր ունենում ռուսաստանյան ԶԼՄ-ում։ Վերջերս ամերիկյան Forbes-ում տեղեկատվություն հայտնվեց, թե, իբր, ԱՄՆ-ում գործող հայկական հասարակական կազմակերպությունները՝ բոլորն անխտիր, Կրեմլի գործակալներն են Ամերիկայում։ Ինչն ակնհայտ անհեթեթություն է։ Բայց և միաժամանակ, հստակ նկատվում է ԱՄՆ հայերի և ամերիկյան հասարակության միջև սեպ խրելու ձգտումը, որտեղ ուժեղ են հակառուսական տրամադրությունները։ Ասել, թե ամերիկահայերը Կրեմլի գործակալներն են, նշանակում է՝ նրանց Ամերիկայի դավաճան հայտարարել։ Մոտավորապես նման մի բան տեղի է ունենում նաև Ռուսաստանում, որտեղ հայերին մեղադրում են արևմտամետ տրամադրություններ ունենալու մեջ։ Համոզված եմ, որ դա ադրբեջանական ծառայությունների աշխատանքն է տեղեկատվական պատերազմի հարթությունում։ Ես համոզված եմ, որ ԱՄՆ-ում և ՌԴ-ում կատարված տեղեկատվական գործողությունները փոխկապակցված են, և այստեղ ակտիվ գործում են մեր հարևանները։ Այ, մենք խոսում էինք Եվրոպայի մասին. սակայն հիշենք Եվրախորհրդարանի՝ Ադրբեջանից կաշառքներ ստացող պատգամավորներին։ Ինչո՞վ են ռուսաստանյան լրատվամիջոցների որոշ ներկայացուցիչներ «ավելի վատը», քան «կոռուպցիայի դեմ գլոբալ պատերազմ» հայտարարած կաշառակեր եվրապատգամավորները։ Միևնույն ժամանակ, մենք էլ պետք է շատ կշռադատված, մտածված գործենք։ Գաղտնիք չէ, որ մեր տեղեկատվական տարածքն էլ է առատ հակառուսական նյութերով։ Կարծում եմ, որ բոլոր դեպքերում չարժե չափազանցել նման հրապարակումների ազդեցությունն ինչպես մեկ, այնպես էլ մյուս կողմից։ Ցանկացած նման դրսևորման պետք է ընտրովի մոտեցում ցուցաբերել և՝ առանց ավելորդ հույզերի։ Ի դեպ, ռուսաստանյան լրատվամիջոցներում հակահայկական տրամադրությունների բռնկումից առանձնապես ուրախացել էին նրանք, ովքեր այստեղ հակառուսական տրամադրություններ են հրահրում։ Սա՝ իմիջիայլոց, տեղեկատվություն խորհրդածելու համար...

Զրուցեց Զարա Գևորգյանը



դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր