• am
  • ru
  • en
Версия для печати
08.12.2016

ԱՆԳԼՈ-ԱՄԵՐԻԿՅԱՆ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՊԱՏԵՐԱԶՄՆԵՐՈՒՄ

Руский

   


Գագիկ Հարությունյան

«Նորավանք» ԳԿՀ գործադիր տնօրեն

Արդի ժամանակաշրջանում ընթացող տեղեկատվական պատերազմներում կիրառվող գործողությունների մեթոդներից շատերը մշակվել են դեռևս նախորդ դարում։ Այդ խնդրում կարևոր դերակատարում ունեցան տեղեկատվական գործողություններ իրագործող կառույցները, որոնք ձևավորվեցին համաշխարհային երկու պատերազմների ընթացքում։ Կարելի է արձանագրել, որ այդ ոլորտում ամենաարդյունավետ գործում էին Մեծ Բրիտանիան և Միացյալ Նահանգները։ Այդ իսկ պատճառով նրանց փորձի համառոտ ներկայացումը, թերևս, հրատապ է նաև այսօր։

Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում առաջին անգամ ստեղծվեցին հատուկ պետական կառույցներ, որոնց գլխավոր խնդիրն էր մշակել և իրականացնել տեղեկատվա–հոգեբանական գործողություններ։ Այս ոլորտում առաջատարը Մեծ Բրիտանիան էր, որտեղ ստեղծվեցին երկու նման կառույցներ։ Առաջինը ձևավորվեց Պատերազմի նպատակներին հասնելու աջակցության Ազգային կոմիտեն, որի գործառույթները հիմնականում ուղղված էին ներքին լսարանին և որի նպատակն էր վարել ագիտացիոն-պրոպագանդիստական աշխատանքներ սեփական բնակչության հետ։ Դրան զուգահեռ՝ հիմնվեց նաև Տեղեկատվության նախարարություն՝ լորդ Բիվերբրուքի ղեկավարությամբ, որի խնդիրն էր ակտիվ տեղեկատվական գործողություններ վարել Գերմանիայի, Ավստրո-Հունգարիայի և նրանց դաշնակից պետությունների դեմ։ Այս նախարարության գործունեությունում խիստ կարևորվում էին հետախուզական բաժնի կողմից մատակարարվող տվյալների վերլուծումը և դրանց մտածված կիրառումը: Այսինքն, ինչպես Ոդիսևսի կամ Նապոլեոնի ժամանակաշրջաններում, այնպես էլ XX դարում, հատուկ և տեղեկատվական ծառայությունները գործել են համատեղ, և այդ համագործակցությունը ժամանակի հետ ինստիտուցիոնալ բնույթ է ստացել։

Հատկանշական է, որ չնայած պատերազմական տարիներին բնորոշ կարգապահական խստություններին, բրիտանական տեղեկատվական հաղորդումների պատասխանատուները մասնագիտական և բյուրոկրատական տեսանկյունից բավական ազատ էին։ Դա նաև պայմանավորված էր այն հանգամանքով, որ այդ գործողություններում ներգրավվել էին հանրահայտ գրողներ Ռեդյարդ Քիփլինգը, Հերբերտ Ուելսը, Արթուր Կոնան Դոյլը և այլք, որոնց շնորհիվ պրոպագանդիստական կառույցներում ձևավորվեց ազատ ստեղծագործական մթնոլորտ։

Նրանց կազմած տեքստերն անմիջապես հայտնվում էին մամուլում կամ ռադիոհաղորդումներում՝ խուսափելով երկար համաձայնություններ անցնելու գործառույթից։ Այսինքն՝ բրիտանացիները լավագույնս ըմբռնել էին այն իրողությունը, որ տեղեկատվական գործողությունների մշակումը գիտելիքներ, ընդունակություններ և երևակայություն պահանջող ստեղծագործական աշխատանք է, իսկ նման գործունեությունն արդյունավետ է միայն այն դեպքում, երբ անձն ազատ գործելու հնարավորություն ունի:

Մասնավորապես, Տեղեկատվության նախարարությունը լայնորեն կիրառում էր ապատեղեկատվական գործողություններ՝ ելնելով, իհարկե, Բրիտանական կայսրության շահերից։ Թերևս, այս վերջին հանգամանքի շնորհիվ այդ գերատեսչությունը դարձավ անգլիացի հանճարեղ գրող Ջորջ Օրուելի «1984» հակաուտոպիստական վեպի «Ճշմարտության նախարարության» նախատիպը։ Ինչպես հիշում ենք, այդ նախարարությունը գործում էր «ճշմարտությունը՝ դա սուտն է» նշանաբանով։ Հատկանշական է, որ Օրուելը կանխատեսել էր նաև համակարգիչների ի հայտ գալը. նրա գրքում նկարագրված են սարքեր, որոնց օգնությամբ «Ճշմարտության նախարարության» աշխատակիցները պարբերաբար խմբագրում էին պատմությունը՝ ելնելով քաղաքական նոր զարգացումների տրամաբանությունից։ Այդ առիթով նշենք, որ պատմության (և՛ սեփական, և՛ այլոց) վերաշարադրման և խեղաթյուրման մեթոդը հատկապես կարևորվում է մեր ժամանակաշրջանում և առաջնային դիրք է գրավում որոշ երկրների կողմից վարվող տեղեկատվական պատերազմներում:

Բոլոր պարագաներում պետք է արձանագրել, որ բրիտանական տեղեկատվական ծառայությունները պատերազմի ժամանակ լայն գործունեություն ծավալեցին։ Բազմացվում և տարածվում էին տարաբնույթ բովանդակություն ունեցող պաստառներ, թռուցիկներ ու անգամ կանոնավոր կերպով տպվող շաբաթաթերթեր (դրանցից մեկը կոչվում էր «Օդային սուրհանդակ» և նախատեսված էր Եվրոպայի օկուպացված տարածքներում գտնվող բնակչությանը համապատասխանորեն իրազեկելու և գոտեպնդելու համար) և այլ տպագիր արտադրանք։ Դրանք հիմնականում հետապնդում էին հետևյալ նպատակները.

- ամրապնդել սեփական բնակչության հոգեբանական վիճակը և բարձրացնել ժողովրդի ռազմական ոգին;

- հորդորել հակառակորդին հանձնվել. այս ուղղվածությունն ունեցող թռուցիկներում (որոնք միաժամանակ հանդիսանում էին անցաթուղթ հանձնվելու մտադրություն ունեցող զինվորականների համար) պատկերվում էին, օրինակ, թե որքան լավ են վերաբերվում ռազմագերիներին Անգլիայում;

- բարոյալքել հակառակորդի զինվորներին. մասնավորապես տարածվում էին բացիկներ, որոնցում պատկերազարդ ներկայացվում էին թիկունքում տիրող ցոփ բարքերն այն ժամանակ, երբ զինվորները կռվում են ռազմաճակատում;

- տեղեկացնում էին հակառակորդի զինծառայողներին այն քաղաքական և ռազմական իրողությունների և փաստերի մասին, որոնց վերաբերյալ լռում էին գերմանական իշխանությունները։

Բրիտանացիներն անընդհատ կատարելագործում էին իրենց տեղեկատվական գործողությունները և կիրառում նոր մեթոդներ։ 1918-ից նրանք սկսեցին հրատարակել թերթեր, որոնք առաջին հայացքից դժվար էր տարբերել գերմանական մամուլից։ Օրինակ, առաջին էջում տեղակայված էր լինում կայսր Վիլհելմի դիմանկարը, և անգամ նշված էր գինը՝ 10 փֆենինգ։ Սակայն, անշուշտ, նման «գերմանական թերթերը» պետք է փոքր-ինչ այլ բովանդակություն և ուղղվածություն ունենային, քան նրանք, որոնք իրոք հրատարակվում էին Գերմանիայում:

Համաձայն որոշ գնահատականների, պատերազմական գործողությունների ընթացքում բրիտանացիները տպագրել և տարածել են շուրջ 30 միլիոն ագիտացիոն նյութ։ Նման զանգվածային տեղեկատվական հարձակումը բավական արդյունավետ էր և, բնականաբար, խիստ անհանգստացնում էր գերմանացիներին։ Վերջիններն անգամ սպառնում էին գնդակահարել այն օդաչուներին, որոնք թռուցիկներ էին սփռում ինքնաթիռներից (եթե, իհարկե, հաջողեին խոցել նրանց ինքնաթիռը, իսկ օդաչուն կենդանի մնար)։ Դա, իր հերթին, դրդեց անգլիացիներին ստեղծել հատուկ անօդաչու օդապարիկներ, որոնք ավտոմատ կերպով բաց էին թողնում թռուցիկները որոշակի բնակավայրերի և տարածքների վրա։ Համաձայն անգլիական աղբյուրների, պատերազմի ընթացքում ընդհանուր առմամբ պատրաստվել էր մոտ 33 հազար նման օդապարիկ։

Մեծ Բրիտանիայի և նրա դաշնակից ԱՄՆ տեղեկատվական քաղաքականությունը որակական վերելք ապրեց Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին: Հատուկ ծառայություններում ստեղծվեցին բաժիններ, որոնք մասնագիտացել էին տեղեկատվական գործողություններ կազմակերպելու մեջ ամենատարբեր բնագավառներում: Այսօր դասական են համարվում անգլո-ամերիկյան դաշնակիցների լայնածավալ ապատեղեկատվական գործողությունները, որոնց նպատակն էր մոլորեցնել գերմանական զինված ուժերի հրամանատարությանը` կապված դաշնակիցների ուժերի ափհանման հետ Սիցիլիայում և հետագայում նաև Նորմանդիայում` 1944թ. ամռանը:

Հաջողությունները նման լայնամասշտաբ, ռազմավարական նշանակություն ունեցող գործողություններում գրեթե անհնար կլինեին, եթե դաշնակիցները չունենային ստույգ տեղեկություններ հակառակորդի պլանների և մտադրությունների վերաբերյալ։ Այս խնդրում խիստ կարևոր էր այն հանգամանքը, որ անգլիացիներն ունեին մեծ առավելություն տեղեկատվա-տեխնիկական ոլորտում, քանի որ կարողացել էին բացահայտել գերմանական հրամանատարության հրամանների և հրահանգների գաղտնագրերի բանալին, որոնք ծածկագրվում էին «Էնիգմա» (հունարեն՝ հանելուկ) կոչվող հատուկ էլեկտրամեխանիկական սարքերի միջոցով։

Գերմանացիների ռադիոհաղորդումների ռադիոորսումը և գաղտնազերծումը, ստացված տեղեկատվությունը համապատասխան կառույցներին և պատասխանատու անձանց հասցնելը անգլիացիներն իրականացնում էին մանրակրկիտ մշակված սխեմայի համաձայն։ Այդ համակարգում խիստ կարևորվում էր այն հանգամանքը, որ ստացված տեղեկատվությունը պետք է օգտագործվեր այնպես, որպեսզի գերմանացիները ոչ մի դեպքում չհասկանային, որ իրենց գաղտնագրումները կարդացվում են։ Այլ պարագայում նրանք կփոխեին իրենց ծածկագրման մեթոդները, ինչն էապես կդժվարացներ և գուցե անգամ անհնարին կդարձներ դրանց ծածկագրման բանալու բացահայտումը։ Գաղտնազերծված տեղեկատվություն ստանալու այդ համակարգը բրիտանացիներն անվանեցին «Ուլտրա»։ Այս ամենի համատեքստում ամենևին էլ չափազանցություն չի կարելի համարել Անգլիայի վարչապետ Ուինսթոն Չերչիլի խոսքերն այն մասին, թե «հաղթանակը պատերազմում ձեռք բերվեց «Ուլտրա»-ի շնորհիվ»։

Երկրորդ համաշխարհայինում դաշնակիցները բավական նուրբ էին կազմակերպում իրենց աշխատանքը նաև ագիտացիոն-պրոպագանդիստական ոլորտում: Այս հարցում դաշնակիցները հենվում էին այն սկզբունքի վրա, որ հաղթանակի գրավականը հակառակորդի վերաբերյալ հնարավորինս շատ տեղեկատվություն ունենալն է, այլ խոսքով՝ նրան «ճանաչելը» (հիշենք Սուն Ցզիի ասույթները)։ Ելնելով իրենց կատարած ուսումնասիրությունների արդյունքներից՝ անգլո-ամերիկյան դաշնակիցները մշակել էին հակահիտլերյան գրականությունը Գերմանիայում տարածելու շատ հնարամիտ ձև, որի հենքում դրված էր գերմանացիների հոգեկերտվածքի իմացությունը:

Երբ դաշնակիցների ինքնաթիռները ռմբակոծում էին գերմանական գնացքները, նրանք ռումբերի հետ միասին նետում էին հակահիտլերյան բովանդակությամբ թերթերով լի ծրարներ: Ծրարների վրա դրված էին լինում համապատասխան գերմանական ծառայությունների կնիքները, և գրված էին լինում հասցեներ, որոնք հետախուզական ծառայությունները ձեռք էին բերում հեռախոսային տեղեկատուներից և գործակալական ցանցերից ստացված տվյալների միջոցով: Ռմբակոծություններից հետո բծախնդիր և հետևողական գերմանացիները հավաքում էին այդ ծրարները և ուղարկում հասցեատերերին: Ազդեցությունը կրկնակի էր: Թիկունքում գտնվող գերմանացիների վրա ազդում էին և՛ թերթերի հակահիտլերյան բովանդակությունը, և՛ հատկապես այն փաստը, որ այդ թերթերը նրանք ստանում էին իրենց լավ ծանոթ փոստատարների միջոցով։

Հոգեբանական-տեղեկատվական ազդեցության մեթոդները, որոնցում լայնորեն օգտագործվում էին նաև վերոնշյալ «Ուլտրա» համակարգից ստացված տվյալները, կիրառվում էին գերմանական սուզանավերի դեմ պայքարում։ Օրինակ, անգլիացիները ցուցակով հրապարակեցին բոլոր սուզանավերի հրամանատարների անուն-ազգանունները՝ դրանց կցելով տեղեկություններ նրանց ընտանիքների անդամների և անգամ վերջինների բնավորության գծերի ու թուլությունների մասին։ Արդյունավետ էր նաև անհատական ազդեցության մեթոդը, երբ ռադիոյով դիմում էին կոնկրետ սուզանավի հրամանատարին՝ տեղեկացնելով, որ նրա կինը դավաճանում է նրան իր իսկ ընկերոջ հետ, և դա կարող է հաստատել անգամ նրանց հարևանուհին՝ նշելով վերջինների անունները։ Նման լուրը պետք է որ նվազեցներ ծովային սպայի՝ պարտականությունները կատարելու արդյունավետությունը։

Բրիտանական տեղեկատվական գործողություններում առանձնահատուկ տեղ էին գրավում ռադիոհաղորդումները, հատկապես BBC-ի (Բրիտանական հեռահաղորդման կորպորացիա), որը պատերազմի տարիներին վարում էր հաղորդումներ 7 լեզուներով։ Այդ հաղորդումները լսում և պատերազմական գործողությունների մասին իրական պատկերացում էին կազմում ինչպես օկուպացված երկրներում, այնպես էլ Գերմանիայի տարածքում։ Նկատենք, որ Գերմանիայում, ելնելով որոշակի նկատառումներից, իշխանությունները չէին բռնագրավել բնակչության ռադիոընդունիչները, ինչպես արվել էր պատերազմի տարիներին ԽՍՀՄ-ում։ Սակայն գերմանական ծառայությունները տեխնիկական միջոցներով մասամբ «խլացնում» էին այդ հաղորդումները, իսկ «թշնամական ձայն» լսողներին բացահայտելիս ձերբակալում, որոշ դեպքերում էլ անգամ գնդակահարում էին վերջիններին։

BBC-ի հաղորդումները կարևոր էին ոչ միայն ագիտացիոն-պրոպագանդիստական տեսանկյունից։ Այդ հաղորդումներում տեղ էին գտնում թվում է, թե սովորական դարձվածքներ և տեքստեր, որոնց իրական նշանակությունը և բովանդակությունը կարող էին հասկանալ և գաղտնազերծել միայն եվրոպական երկրներում նացիստների դեմ պայքարող ընդհատակյա պարտիզանական շարժման մասնակիցները և անգլո-ամերիկյան հատուկ գործակալները։ Թերևս, արժանի է հիշատակման նաև այն փաստը, որ BBC-ի հաղորդումները հաճախ վարում էր վերը նշված «1984» գրքի հեղինակ Ջորջ Օրուելը։

Մեծ Բրիտանիայից ավելի ուշ Երկրորդ համաշխարհայինում վարվող տեղեկատվական–հոգեբանական պատերազմին միացավ նաև Միացյալ Նահանգները1։ Ամերիկացիները չունեին հատուկ գործողությունների կատարման այն փորձը և ավանդույթները, որ ձեռք էին բերել բրիտանացիները նախորդ հինգ դարերում։ Սակայն ունեին զգալի մարդկային և տեխնոլոգիական ռեսուրսներ, ինչը նրանց թույլ տվեց արագ ձեռք բերել անհրաժեշտ մասնագիտական և կազմակերպչական հմտություններ։ Որպես խոշոր հաջողություն պետք է արձանագրել 1943թ. նրանց իրագործած բազմաքայլ և բազմաշերտ տեղեկատվական գործողությունը, երբ հաջողվեց Իտալիայի ռազմական հրամանատարությանը դրդել, որպեսզի նրանք չաջակցեն իրենց դաշնակից գերմանացիներին Միջերկրական ծովում, երբ անհրաժեշտություն էր ծագել տարհանելու գերմանական էքսպեդիցիոն կորպուսը Հյուսիսային Աֆրիկայից։ Ամերիկացիները կարողացել էին համոզել իտալացիներին, թե իբր գերմանացիները պատրաստվում են իրենց էվակուացիայից հետո ոչնչացնել իտալական ռազմածովային ուժերը։

Ամերիկացիներն արդյունավետ էին գործում նաև Ճապոնայի դեմ պատերազմում։ Այդ ուղղությամբ տեղեկատվական գործողությունները ղեկավարող սպան նախկինում աշխատել էր Ճապոնիայում և գիտեր այդ երկրում կարևոր դիրքեր գրավող անձանցից շատերին։ Նա նաև ծանոթ էր ճապոնացիներին բնորոշ կենսակերպին և բարքերին, մասնավորապես՝ նրանց աշխատանքային բարձր կարգապահությանը և ստացած հրամանները բծախնդրորեն կատարելու սովորությանը։ Այդ պատճառով նա իր ագիտացիոն ռադիոհաղորդումներում «պահանջում» էր, որպեսզի ուղերձի բովանդակությունն անպայման զեկուցվի այս կամ այն կարևոր ճապոնացի պաշտոնյային (նշելով վերջինների ազգանունները), ինչն էլ պետական կամ զինվորական ծառայողները կատարում էին։ Նման գործողությունները հոգեբանորեն ներազդում էին հաղորդագրություններում նշված պաշտոնյաների վրա և բարոյալքում նրանց, ինչն էլ հենց ամերիկյան ագիտացիայի նպատակն էր։

Բնորոշ է նաև, որ եթե տոտալիտար հասարակարգ ունեցող երկրներում՝ Գերմանիայում և ԽՍՀՄ-ում, ագիտացիոն և պրոպագանդիստական աշխատանքի հիմքում ընկած էին սեփական կարգերի գովերգումն ու հակառակորդի ուժի և հնարավորությունների նսեմացումը՝ հաճախ նրանց որպես խեղկատակներ ներկայացնելու միջոցով, ապա անգլո-ամերիկացիները վարում էին միանգամայն այլ քաղաքականություն: Նրանք լուրջ էին մոտենում հակառակորդին, իրենց քաղաքացիներին ներշնչում էին ավելի շուտ գերագնահատել թշնամուն, քան թերագնահատել նրան։ Դա, անշուշտ, չէր խանգարում բրիտանացիներին երբեմն մամուլում սպանիչ սարկազմով ներկայացնել Գերմանիայի ֆյուրերին և նրա աջակիցներին։

Նշենք, որ ամերիկացիները և անգլիացիներն իրենց բնորոշ մտավոր կապիտալի և ավանդույթների հանդեպ հոգատար վերաբերմունքից ելնելով՝ ոչ միայն պահպանեցին համաշխարհային պատերազմներում ձեռք բերված ավանդույթները, այլև էապես զարգացրին տեղեկատվա-հոգեբանական ներգործության մեթոդները։ Գիտելիքների կարևորումն անգլո-ամերիկացիների կողմից փոքր-ինչ յուրովի արտահայտվեց պատերազմից հետո, երբ նրանք որպես ռազմավար Գերմանիայից դուրս կրեցին գիտատեխնիկական բնույթի փաստաթղթերի մի քանի հարյուր էշելոն։ Այս ամենի արդյունքում նրանք այսօր առաջատար դիրք են զբաղեցնում աշխարհում, և պատահական չէ, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ի տվյալների համաձայն՝ Միացյալ Նահանգների բաժինը XXI դարի սկզբում համաշխարհային տեղեկատվական հաղորդակցման հոսքերում կազմում է մինչև 65%։

1 ԱՄՆ-ը պատերազմի մեջ մտավ 1941թ. դեկտեմբերի 7-ին, երբ ճապոնացիներն օդային հարձակում գործեցին Հավայան կղզիների Փըրլ Հարբոր նավահանգստում տեղակայված ամերիկյան ռազմածովային ուժերի վրա։


դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր