• am
  • ru
  • en
Версия для печати
28.11.2016

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԻՆՏԵՐՆԵՏԻ ՄԻՋԻՆ ՕԳՏԱՏԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ԽՈՑԵԼԻ ՄՆԱԼ ՀԱՐՁԱԿՈՒՄՆԵՐԻՑ

Руский

   

Սամվել Մարտիրոսյան
«Նորավանք» ԳԿՀ Տեղեկատվական հետազոտությունների կենտրոնի փորձագետ

Հասարակության կիբեռանվտանգության ամենախոցելի հանգույցներից մեկը հենց հասարակությունն է։ Հայաստանում հանրությունը համակարգչային տեխնիկայից, ինտերնետից օգտվելու տեսանկյունից մնում է խիստ խոցելի, ինչը բարձրացնում է ընդհանուր կիբեռանվտանգության հետ կապված խնդիրներից բխող վտանգների հնարավորությունը։

Հայաստանը դեռ չունի հստակեցված և հաստատված կիբեռանվտանգության հայեցակարգ։ Սակայն արդեն կարելի է գնահատական տալ․ հանրային իրազեկման կենտրոնների, կրթական ծրագրերում տեղեկատվական անվտանգության, տեղեկատվական հիգիենայի հետ կապված դրույթների բացակայությունը հասարակությունը դարձնում են խիստ խոցելի զանգվածային կիբեռհարձակումների տեսանկյունից։ Մեծահասակներին համակարգչային տեխնիկայից օգտվելու գրագիտությանն ուղղված լայնածավալ ծրագրեր նույնպես չկան, ինչի պատճառով Հայաստանում ինտերնետի միջին օգտատերը բավական խոցելի վիճակում է գտնվում։

Կասպերսկի լաբորատորիայի տարեկան զեկույցների տվյալների ուսումնասիրությունը թույլ է տալիս գնահատել Հայաստանում իրական վիճակը կիբեռանվտանգության տեսանկյունից։

Այսպես, 2015թ. Կասպերսկի լաբորատորիայի Kaspersky Security Bulletin զեկույցից երևում է, որ ինտերնետում վարակվելու վտանգը սպառնում է Հայաստանից ցանց մտնող այցելուների 36,63%-ին, այսինքն՝ ամեն երրորդ համակարգիչը հարձակման է ենթարկվում1։ Եվ այս ցուցանիշով Հայաստանն աշխարհում ութերորդ տեղն է գրավում (տե՛ս Նկար 1

Սակայն այս ցուցանիշով, 2014թ. համեմատ, Հայաստանը բարելավել է իր վիճակը․ այդ տարի երկիրը գտնվում էր հինգերորդ տեղում, և հարձակման վտանգը սպառնում էր ինտերնետից օգտվողների մոտ կեսին՝ 48,66%-ին (տե՛ս Նկար 2)2։

Համակարգիչների վարակվածության տեսանկյունից Հայաստանը նույնպես վտանգավոր վիճակում է գտնվում։ Ամեն երեք համակարգչից երկուսը վարակված է, այդ ցուցանիշը 2015թ. հասնում էր 65,61%-ի, և Հայաստանը զբաղեցնում էր հինգերորդ հորիզոնականը (տե՛ս Նկար 3)3։

Իրավիճակը մտահոգիչ է նաև սմարթֆոնների օգտագործման դեպքում․ վնասակար ծրագրային ապահովման տեղադրման քանակով նույնպես Հայաստանն առաջատար երկրների ցանկում է (տե՛ս Նկար 4)4։

Փաստացի, Հայաստանի հասարակությունը շարունակում է վտանգված մնալ կիբեռհանցագործների զանգվածային հարձակումների իմաստով։ Կիբեռանվտանգության պատասխանատու մարմին ստեղծելու, լայն հասարակության շերտերին կրթելու ծրագրերի բացակայությունն աստիճանաբար ավելի է խորացնելու պոտենցիալ վտանգները Հայաստանի համար։

1 Kaspersky Security Bulletin 2015. Overall statistics for 2015, https://securelist.com/analysis/kaspersky-security-bulletin/73038/kaspersky-security-bulletin-2015-overall-statistics-for-2015/

2 Kaspersky Security Bulletin 2014. Overall statistics for 2014, https://securelist.com/analysis/kaspersky-security-bulletin/68010/kaspersky-security-bulletin-2014-overall-statistics-for-2014/

3 Kaspersky Security Bulletin 2015. Overall statistics for 2015, https://securelist.com/analysis/kaspersky-security-bulletin/73038/kaspersky-security-bulletin-2015-overall-statistics-for-2015/

4 Kaspersky Security Bulletin 2014. Overall statistics for 2014, https://securelist.com/analysis/kaspersky-security-bulletin/68010/kaspersky-security-bulletin-2014-overall-statistics-for-2014/


դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր