• am
  • ru
  • en
Версия для печати
15.11.2016

ԹՈՒՐՔԻԱՅԻ ՆԵՐՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ (2016Թ. ՀՈԿՏԵՄԲԵՐ)

Руский

   

Հայկ Գաբրիելյան
Թուրքագետ

Բռնություններ, գյուլենականների դեմ պայքար. Հոկտեմբերին Թուրքիայի խորհրդարանը ձայների մեծամասնությամբ ևս 90 օրով երկարաձգեց արտակարգ դրության ռեժիմը, որը սահմանվել էր հուլիսի 15-ի ռազմական հեղաշրջման փորձից (ՌՀՓ) հետո: Բացի այդ, շարունակվեցին ուժային կառույցների ներկայացուցիչների պաշտոնանկություններն ու ձերբակալությունները։ Թուրքական մամուլը գրեց, որ ՌՀՓ-ն ծրագրած իսլամական քարոզիչ Ֆեթհուլա Գյուլենի կազմակերպությունը (FETÖ) Թուրքիայից դուրս է բերել $20 մլրդ, իսկ վերջին 3 տարվա կտրվածքով այդ ցուցանիշը հասնում է $100 մլրդ-ի։ Ընդգծվեց, որ այդ գործընթացը մեկնարկել է 2013թ. դեկտեմբերի 17-25-ին Թուրքիան ցնցած «Մեծ կաշառք» գործից հետո։ Գումարները Թուրքիայից ուղարկվել են աշխարհի տարբեր երկրներ՝ Մեծ Բրիտանիայից մինչև Նիգերիա, Սուդանից մինչև Մալթա։ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հայտարարեց, որ ներկայում ՌՀՓ կազմակերպիչները, որոնց ձեռքերին 241 սպանված քաղաքացու և 2194 վիրավորի արյուն է, թաքնվելու տեղ են փնտրում, սակայն ուր էլ որ փախչեն նրանք, իրենք կհետապնդեն նրանց: Էրդողանի խոսքերով՝ FETÖ-ն սպառնալիք է ոչ միայն Թուրքիայի, այլև համայն աշխարհի համար: Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմն իր հերթին հայտարարեց, որ իրենք թույլ չեն տա, որպեսզի մոռացության տրվի ՌՀՓ-ն՝ հավելելով, որ վերջին օրերին Թուրքիայում խոսակցություններ են շրջանառվում նոր ՌՀՓ հնարավորության մասին։

Հոկտեմբերին Թուրքիայի նախագահի մամլո քարտուղար Իբրահիմ Քալընը «Թյուրքալեզու երկրներն անկախության 25 տարում» սիմպոզիումի ժամանակ հայտարարեց, որ FETÖ-ն սպառնալիք է ներկայացնում ոչ միայն Թուրքիայի, այլև բոլոր այն երկրների համար, որտեղ նա ներկայացված է. «Գյուլենի կողմնակիցները փորձում են իրենց նպատակների համար օգտագործել մշակութային ընդհանուր արժեքները և այդպիսով ներթափանցել թյուրքալեզու երկրների պետական համակարգ։ Հուսով ենք, որ թյուրքալեզու երկրների պետական կառույցներն ու ՀԿ-ները խնդրի լուծման համար կհամագործակցեն Թուրքիայի հետ»։

Թուրքիայում անցկացվեց ՌՀՓ մանրամասները հետազոտելու համար ստեղծված խորհրդարանի հանձնաժողովի անդրանիկ նիստը, որը նախագահեց իշխող Արդարություն և զարգացումկուսակցությունը (ԱԶԿ) ներկայացնող պատգամավոր Ռեշաթ Փեթեքը՝ որպես խորհրդարանի նախագահական դիվանի ամենատարեց անդամ: Նիստի արդյունքներով ընտրվեցին հանձնաժողովի փոխնախագահ, խոսնակ և քարտուղար: Այդ բոլոր պաշտոններն էլ բաժին են ընկել ԱԶԿ ներկայացուցիչներին: Նիստի ժամանակ Փեթեքը խստապես դատապարտել է ՌՀՓ-ն և հայտարարել է, որ հանձնաժողովի անդամներն իրականացնելու են պատմական առաքելություն: Հաղորդվեց, որ Թուրքիայի խորհրդարանի այդ նորաստեղծ հանձնաժողովը լսելու է Թուրքիայի զինված ուժերի Գլխավոր շտաբի հինգ նախկին պետերին՝ Հիլմի Օզքյոք, Յաշար Բույուքանըթ, Ըշըք Քոշաներ, Իլքեր Բաշբուղ և Նեջդեթ Օզել, ինչպես նաև Գլխավոր շտաբի պետի նախկին տեղակալ Ումիթ Դյունդարին, ներքին գործերի նախկին նախարարներ Իդրիս Նաիմ Շահինին և Էֆքան Ալային:

ՌՀՓ հետաքննման շրջանակներում տեղի ունեցավ աննախադեպ իրադարձություն. առաջին անգամ ազատ արձակվեցին բարձրաստիճան զինվորականներ: Խոսքը գեներալներ Վելի Յըլդըրըմի, Շեներ Յազըջըօղլուի և Ալի Աքյուրեքի, ինչպես նաև ծովակալ Օմեր Մեսութ Աքի մասին է, որոնց հանդեպ եղած կասկածները չեն հաստատվել, ինչի համար էլ որոշվել է նրանց ազատ արձակել: Բարձրաստիճան այդ զինվորականները կալանավորվել էին ՌՀՓ-ից հետո:

Թուրքիայի խորհրդարանի ներքին գործերի հանձնաժողովը հաստատեց այն օրինագիծը, ըստ որի՝ հեղաշրջման անհաջող փորձի օրը՝ հուլիսի 15-ը, հայտարարվեց Ժողովրդավարության և ազատության օր, որը կլինի ոչ աշխատանքային։ Օրինագծի տակ իրենց ստորագրություններն են դրել երկրի վարչապետ Բինալի Յըլդըրըմը, ընդդիմադիր Ժողովրդա-հանրապետական կուսակցության (ԺՀԿ) նախագահ Քեմալ Քըլըչդարօղլուն և Ազգայնական շարժում կուսակցության (ԱՇԿ) նախագահ Դևլեթ Բահչելին։

Թուրքիայում դրամ հատվեց՝ ի հիշատակ ՌՀՓ-ի ժամանակ զոհվածների ու վիրավորների։ Բացի այդ, այն նվիրված էր ՌՀՓ-ի նկատմամբ հաղթանակ տարածներին։ Նոր դրամն առանձին-առանձին ներկայացրին Ռեջեփ Էրդողանն ու Բինալի Յըլդըրըմը, որոնք ընդգծեցին, որ հուլիսի 15-ին թուրք ժողովուրդը հայտնեց իր կամքը՝ դուրս գալով տանկերի դեմ և թույլ չտալով հույսեր կապել «մեկ ազգ, մեկ դրոշ, մեկ հայրենիք, մեկ պետություն» սկզբունքը խաթարելու հետ։

ՌՀՓ հետաքննության շրջանակներում կալանքի տակ վերցված գրող, լրագրող Ահմեթ Ալթանին ներկայացվեց նոր մեղադրանք: Նրան մեղադրեցին 2015թ. ապրիլի 13-ին կայքերից մեկում նախագահ Ռեջեփ Էրդողանին վիրավորելու համար: Համապատասխան մեղադրականը պատրաստել է Ստամբուլի հանրապետական դատախազությունը՝ Ալթանի համար պահանջելով 4 տարի 8 ամիս ազատազրկում:

Բացի այդ, թուրքական դատախազությունը հոկտեմբերին պատրաստեց ԺՀԿ առաջնորդի դեմ մեղադրական ակտը՝ կապված Ռեջեփ Էրդողանի որդու՝ Բիլալ Էրդողանի վերաբերյալ նրա հայտարարությունների հետ: Հաղորդվեց, որ Քեմալ Քըլըչդարօղլուն 2014թ. օգոստոսի 5-ին՝ նախագահական ընտրություններից 5 օր առաջ, ԶԼՄ-ի միջոցով վիրավորանք հասցնելու համար կարող է դատապարտվել 4 ամսից մինչև 2 տարի 8 ամիս ազատազրկման: Քըլըչդարօղլուն մեղադրվել էր նաև ԶԼՄ-ի միջոցով Թուրքիայի նախագահին վիրավորանք հասցնելու համար, սակայն Ռեջեփ Թայիփ Էրդողանը ՌՀՓ-ից հետո՝ հուլիսի 27-ին, որոշում էր ընդունել հետ վերցնել ընդդիմադիր կուսակցությունների առաջնորդների դեմ իր ներկայացրած բոլոր հայցերը՝ որոշակի ջերմացում նախաձեռնելով ընդդիմության առաջնորդների հետ: Բիլալ Էրդողանը, սակայն, չէր ներել Քըլըչդարօղլուին և հետ չէր վերցրել իր հայցը:

Քրդամետ Ժողովուրդների դեմոկրատիա կուսակցության (ԺԴԿ) հայ պատգամավոր Գարո Փայլանը դիմեց Ստամբուլի հանրապետական դատախազությանը՝ կապված հոկտեմբերի 15-ին Տրապիզոնում Ռեջեփ Էրդողանի ելույթի ժամանակ «Հայ բիճերը չեն վախեցնի մեզ» կարգախոսը հնչեցնելու հետ։ Փայլանը վկայակոչել է Թուրքիայի քրեական օրենսգրքի 216-րդ հոդվածը՝ «Ժողովրդի շրջանում քենի և թշնամանքի սերմանում»։ Նա դատապարտել է ատելություն սերմանելու նմանատիպ փորձը՝ ափսոսանքով նշելով, որ առաջին անգամ չէ, երբ Թուրքիայում հայերի հանդեպ գրանցվում են նման դեպքեր։ Իր հայցում Փայլանը նշել է, որ Տրապիզոնում անցկացված հանրահավաքի ժամանակ հայերի հանդեպ նման վիրավորական հայտարարություններ հնչեցվել են Էրդողանի, նախարարների և նրանց պատվիրակության ներկայությամբ, որոնք, սակայն, չեն փորձել սաստել նման կարգախոսներ հնչեցնողներին։ Փայլանը կարևորել է Թուրքիայի կողմից միջազգային համաձայնագրերի պահպանումը։ Էրդողանը, տրապիզոնյան հանդիպման ժամանակ դիմելով հավաքվածներին, հայտարարել էր. «Հիշե՛ք, թե ինչ էի ասում ձեզ: Մի օր մահանալու ենք: Բայց տղամարդու պես մահանալ էլ կա, մադամի պես մահանալ էլ»: Էրդողանի այս խոսքերն ուղեկցվել էին հավաքվածների «Հայ բիճերը չեն վախեցնի մեզ» վանկարկումներով։ Էրդողանը չի փորձել սաստել նրանց, փոխարենը ժպտացել է: Դա հարուցել էր Գարո Փայլանի զայրույթը, որը Twitter-ի իր միկրոբլոգում գրել էր. «Տրապիզոնում նախագահի ելույթի ժամանակ «ազգը» հայհոյում է հայերին, սակայն ոչ մի միջամտություն էլ չկատարվեց»:

Դիարբեքիրի հանրապետական դատախազությունը հետաքննություն սկսեց ԺԴԿ երեք պատգամավորների նկատմամբ։ Սիբել Յիղիթալփը, Զիյա Փիրը և Ֆելեքանս Ուջան մեղադրվում են «ահաբեկչական խմբավորման օգտին քարոզչություն անելու» մեջ այն բանի համար, որ մասնակցել են PKK չորս անդամի հուղարկավորության արարողությանը և այդ արարողության ժամանակ PKK-ի օգտին հայտարարություններ են արել: Ապա կալանավորվեցին Դիարբեքիրի քաղաքապետ Գյուլթան Քըշանաքը և ավագանու անդամ Ֆըրաթ Անլըն, ինչը տեղի ունեցավ Դիարբեքիրի հանրապետական դատախազության կողմից ահաբեկչության (PKK) հետաքննության շրջանակներում։ Բացի այդ, Դիարբեքիրի հանրապետական դատախազությունը 4 առանձին մեղադրանքով հետաքննություն սկսեց ԺԴԿ համանախագահ Սելահաթթին Դեմիրթաշի նկատմամբ։ Դեմիրթաշը մեղադրվում է «Ժողովրդական օրենքներին չհնազանդվելու», «Թուրքիայի Հանրապետություն պետությանը և պետական դատական մարմիններին հրապարակավ նվաստացնելու», «Նախագահին վիրավորելու» և «Հանցանքը գովելու» համար։

Ամսվա վերջերին ձերբակալվեց «Ջումհուրիյեթ» ընդդիմադիր թերթի գլխավոր խմբագիր Մուրաթ Սաբունջուն։ Իրավապահները խուզարկություն անցկացրին թերթի ղեկավարության մի շարք անդամների տներում՝ ձերբակալելով սյունակագիր Գուրայ Օզին։ Սաբունջուն մեղադրվում է PKK-ի և FETÖ-ի հետ կապեր ունենալու համար։ Դրանից հետո խմբագրությունում սկսվեց նոր ձերբակալությունների շարք, ձերբակալվեց 15 մարդ: Թերթի լրագրողների տներում իրականացվեց խուզարկություն, առգրավվեցին համակարգիչներ։ Դատարանի որոշման մեջ նշվում է, որ թերթն ու նրա աշխատակիցները PKK-ի և գյուլենականների օգտին քարոզչություն են իրականացրել: Խուզարկություն իրականացվեց նաև թերթի նախկին գլխավոր խմբագիր, հայտնի լրագրող Ջան Դյունդարի տանը, որը երկրի տարածքում չէ և որին դատարանը կալանավորելու որոշում է կայացրել:

Հարկ է նշել, որ «Ջումհուրիյեթ» ազդեցիկ թերթը հայտնի է ընդդիմադիր կեցվածքով և, բնականաբար, վաղուց է հայտնվել Էրդողանի թիրախում, հատկապես երբ բացահայտվեց, որ Թուրքիայի Ազգային հետախուզական կազմակերպությունը (MIT) բեռնատարներով գաղտնի զենք է մատակարարում Սիրիայի նախագահ Բաշար Ասադի հակառակորդներին։ Չպետք է բացառել, որ թերթը շուտով կփակվի` կիսելով մեկ այլ հանրահայտ ընդդիմադիր թերթի՝ «Զամանի» ճակատագիրը։

Սահմանադրություն. Էրդողանն ամառային արձակուրդից հետո երկրի խորհրդարանի առաջին նիստի բացման ժամանակ հայտարարեց երկրում նոր Սահմանադրության ընդունելու անհրաժեշտության մասին. «Մենք պետք է կարճ ժամանակում ընդունենք նոր Սահմանադրություն: Նվազագույնն անհրաժեշտ է կատարել բազմաթիվ շտկումներ հիմնական օրենքում»։ Բինալի Յըլդըրըմն իր հերթին հայտարարեց, որ ԱԶԿ-ն ավարտել է աշխատանքը նոր սահմանադրության նախագծի վրա և շուտով այն կներկայացնի Թուրքիայի խորհրդարանին. «ԱԶԿ խմբակցությունը նոր Սահմանադրության նախագիծը կներկայացնի խորհրդարանի հաստատմանը՝ հաշվի առնելով այն 60 հոդվածները, որոնք արդեն իսկ համաձայնեցված են ընդդիմադիր կուսակցությունների հետ: Խորհրդարանը կարող է նախագիծը հաստատել 367 քվեով կամ այն դնել հանրաքվեի, եթե դրա օգտին քվեարկի առնվազն 330 պատգամավոր»: Յըլդըրըմն ընդգծել է, որ իրենք համաձայն են ընդդիմադիր կուսակցապետ Դևլեթ Բահչելիի այն հայտարարությանը, որ այդ հարցում վերջնական որոշումը պատկանում է ժողովրդին:

Թուրքիայի արդարադատության նախարար Բեքիր Բոզդաղը հայտարարեց, որ Թուրքիայում նոր Սահմանադրության ընդունման հարցով հանրաքվեն կարող է անցկացվել 2017թ. սկզբին: Իսկ ԱԶԿ փոխնախագահ Հայաթի Յազըջըն հայտարարեց, որ նոր Սահմանադրության վերաբերյալ հանրաքվեն կարող է անցկացվել 2017թ. ապրիլին։ Նա չի բացառել, որ Թուրքիայի խորհրդարանում նոր Սահմանադրության նախագիծը կարող է քննարկվել հունվարին, և եթե ստանա 330-366 քվե, ապա կարող է ապրիլին դրվել հանրաքվեի։ Իշխող կուսակցությունը խորհրդարանում 317 մանդատ ունի։

ԺՀԿ առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն հոկտեմբերին Էրդողանին մեղադրեց իր սահմանադրական լիազորությունները գերազանցելու համար. «Չեմ հասկանում, թե ինչու է արտաքին քաղաքական թեմաներով արտահայտվում երկրի նախագահը: Դրա համար գոյություն ունի արտգործնախարար: Եթե նա էլ չի խոսում, ապա խոսում է վարչապետը: Էներգետիկ համաժողով է անցկացվում (Ստամբուլում 23-րդ Համաշխարհային էներգետիկ կոնգրես), սակայն վարչապետը չկա այնտեղ: Թուրքիայում գոյություն ունի երկու վարչապետ: Մեկը իրական, պաշտոնական վարչապետ Բինալի Յըլդըրըմն է, իսկ մյուսը՝ ստվերային վարչապետ Բերաթ Ալբայրաքը (Էրդողանի փեսան)»։ Քըլըչդարօղուն Յըլդըրըմին կոչ է արել սեփական իրավունքները, լիազորությունները չզիջել մյուսներին:

Նշենք, որ չնայած 2007թ. հոկտեմբերի 21-ին և 2010թ. սեպտեմբերի 12-ին (ամենաարյունալի ռազմական հեղաշրջումից ուղիղ 30 տարի անց) ԱԶԿ նախաձեռնությամբ իրականացված սահմանադրական բարեփոխումների հանրաքվեների արդյունքում զգալի փոփոխություններ էին կատարվել սահմանադրությունում՝ Էրդողանը նախընտրեց ընդունել նոր Սահմանադրություն, որն առաջին հերթին ենթադրում է կառավարման խորհրդարանական համակարգից անցում կատարել կառավարման նախագահական համակարգի («մեկ մարդու» ռեժիմի)։ Հենց այդ հանգամանքը (մեծ լիազորություններով նախագահի հեռանկար) հաշվի առնելով էլ Էրդողանը որոշեց 2014թ. դառնալ Թուրքիայի նախագահ, որն իր լիազորություններով զիջում է երկրի վարչապետին։ Էրդողանին այդ քայլին մղեց նաև ԱԶԿ ներքին կանոնակարգը, ըստ որի՝ նրա ներկայացուցիչը չէր կարող պատգամավոր ընտրվել 3 անգամից ավելի (Էրդողանն արդեն 3 անգամ դարձել էր պատգամավոր)։ Ի դեպ, Էրդողանն ի սկզբանե փորձել է ցույց տալ նախագահի պաշտոնում իր «բացառիկությունը»՝ հայտարարելով, որ ժողովրդի կողմից ընտրված Թուրքիայի առաջին նախագահն է (մինչ այդ նախագահին ընտրում էր երկրի խորհրդարանը) և, հետևաբար, «չի կարող ունենալ» նույնպիսի գործառույթներ, ինչպես որ խորհրդարանի ընտրած նախագահների դեպքում էր։ Իր այդ «բացառիկությունն» Էրդողանը ցույց տվեց նաև «Չանքայա» նախագահական նստավայրը լքելով և «թուրքական Սպիտակ տուն» տեղափոխվելով, որը, տարբեր տվյալներով, ունի 1000-2200 սենյակ։

Ահաբեկչություններ, PKK. Թուրքիայի տարածքում ամսվա ընթացքում հնչեցին մի շարք պայթյուններ։ Դրանցից մեկը հոկտեմբերի սկզբներին գրանցվեց Ստամբուլում՝ Յենիբոսնա մետրոպոլիտենի կայարանի մոտ գտնվող ոստիկանատան առջև: Պայթուցիկով լի մոտոցիկլի պայթեցման հետևանքով տուժեցին շրջակա շենքերը, վիրավորվեց 10 մարդ։ Դրանից հետո թուրքական իշխանությունները Աքսարայ քաղաքում կալանավորեցին Ստամբուլի պայթյունի ենթադրյալ կասկածյալին՝ Քրդստանի աշխատավորական կուսակցության (PKK) անդամի: Սակայն ավելի ուշ պայթյունի պատասխանատվությունը ստանձնեց Քրդստանի ազատության բազեներ արմատական խմբավորումը։

Հոկտեմբերի կեսին Գազիանթեփում անցկացված ոստիկանական գործողության ժամանակ երկու մահապարտ ահաբեկիչներ պայթեցրին իրենց, ինչի հետևանքով զոհվեց 3 ոստիկան, վիրավորվեց 9 մարդ, որոնցից 4-ը սիրիացի փախստականներ էին։ Միևնույն ժամանակ, պայթյուններ հնչեցին Անթալիայի նահանգում. հրթիռներն ընկան Անթալիա-Քեմեր ավտոճանապարհի մոտ գտնվող ձկնորսական կացարանի վրա: Հրթիռներից մեկը հարվածել է ձկնորսական խանութին: Որոշ տվյալներով՝ մոտակա լեռներից արձակվել է ոչ թե 2, այլ 3 հրթիռ, որոնց թիրախում եղել է ձկնորսական կացարանի մոտ գտնվող լցանավը: Դրանից մոտ 10 օր հետո պայթյուն որոտաց Անթալիա քաղաքի Առևտրաարդյունաբերական պալատի շենքի մոտ։ Պայթեցվել էր շենքի մոտ կայանված ավտոմեքենան։ Պայթյունի հետևանքով կոտրվել են շենքի ապակիները։

Պայթուցիկ հայտնաբերվեց Մուշի նահանգով անցնող երկաթուղում, որով և կանխվեց երկաթուղու պայթեցումը: Անվտանգության մարմինները երկաթուղու ռելսերի տակ հայտնաբերել էին 40 կգ պայթուցիկ: Սիիրթի (Սղերթ) նահանգում անվտանգության ուժերն իրենց հերթին առգրավել են 150 կգ պայթուցիկ: Թուրքիայի զինված ուժերի Գլխավոր շտաբի հայտարարության համաձայն՝ օգոստոսի 29-ից PKK-ի դեմ իրականացվող գործողություններում սպանվել է անվտանգության ուժերի 88 ներկայացուցիչ։

Բինալի Յըլդըրըմը ԱԶԿ խորհրդարանական խմբակցության նիստում հայտարարեց, որ PKK-ն վերջին օրերին որպես թիրախ է ընտրել երկրի շրջաններում ԱԶԿ մասնաճյուղերը՝ սպանելով մի շարք ներկայացուցիչների: Յըլդըրըմն ընդգծել է, որ 2016թ. Թուրքիայում վնասազերծվել է 269 մահապարտ ահաբեկիչ. «Եթե 2014թ. 4500 երիտասարդ է բարձրացել լեռները և PKK, ապա 2016թ. առաջին 10 ամսում այդ ցուցանիշը կազմել է շուրջ 400 երիտասարդ: Վերջին 14 տարում Թուրքիան եռապատկել է տնտեսական ցուցանիշները։ Օրինակ, 2002թ. մեր հարավարևելյան 23 նահանգներում, ուր պայքար է տարվում ահաբեկչության դեմ, մեկ շնչին բաժին ընկնող եկամուտը կազմում էր $750, իսկ ողջ Թուրքիայում՝ միջինը $3200: Այժմ Թուրքիայում մեկ շնչին բաժին ընկնող տարեկան ազգային եկամուտը կազմում է $9000-10000, իսկ այդ 23 նահանգում՝ $5700»:

ԺՀԿ առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն, սակայն, կուսակիցների հետ հանդիպման ժամանակ քննադատել է Թուրքիայի իշխանություններին՝ կապված բազմաթիվ ահաբեկչությունների գրանցման հետ. «2002թ. ստացաք Թուրքիա առանց ահաբեկչության, մինչդեռ ներկայում Թուրքիայում մոլեգնում է ահաբեկչությունը: Վերջին 6-7 ամսում ահաբեկչությունների հետևանքով զոհվել է ավելի քան 500 մարդ: Ո՞վ է ահաբեկչական կազմակերպության (PKK) հետ նստել բանակցային սեղանի շուրջ: Նախկինում ահաբեկչական կազմակերպությունը PKK-ն էր: Ապա դրան ավելացավ ԻՊ-ը, իսկ վերջերս էլ՝ FETÖ-ն: Ո՞վ է առաջացրել նրանց, ո՞վ է 14 տարի եղել իշխանության ղեկին: Մեր կուսակցությունն աջակցել է ահաբեկչության կանխմանն ուղղված յուրաքանչյուր օրինագծի: Խոչընդոտներ չեն եղել»։

Մի շարք լրատվամիջոցներ հայտնեցին, որ Թուրքիայի ռազմաօդային ուժերի F-16 կործանիչը խոցվել է Իրաքյան Քրդստանում, Իրաքի հյուսիս-արևելքում՝ Ղանդիլ լեռան վրա հարվածներ հասցնելիս (Իրանի սահմանի մոտ): Թեև այս տեղեկատվությունը չհաստատվեց պաշտոնապես, սակայն կարելի է հավատալ դրան՝ հաշվի առնելով PKK ներկայիս հնարավորությունները։ PKK-ն վերջին շրջանում սկսել է աչքի ընկնել հակաօդային և հակատանկային հրթիռներով մարտական ուղղաթիռներ ու տանկեր կործանելով, ինչն ինքնին Թուրքիայում PKK-ի դեմ պայքարը դուրս է բերում նոր մակարդակի։ Դա էլ ավելի ակնառու կդառնա, եթե PKK-ն սկսի (կարողանա) կործանել օդում գտնվող F-16 կործանիչները, որոնք կանոնավորապես ավիահարվածներ են հասցնում Թուրքիայի և Հյուսիսային Իրաքի տարածքներում PKK դիրքերին։

Պատրիարքարան. Պաշտոնաթող արվեց Պոլսո Հայոց պատրիարք Մեսրոպ II Մութաֆյանը։ Համապատասխան որոշումը կայացրել է Պոլսո Հայոց պատրիարքարանի հոգևոր խորհուրդը, որի նիստը նախագահել է եպիսկոպոս Սահակ Մաշալյանը։ Պոլսո Հայոց պատրիարքարանում հոկտեմբերի 26-ին կայացած եկեղեցական ժողովի ժամանակ Մեսրոպ Բ Մութաֆյանը համարվել է «հանգստյան կոչված պատրիարք»։ Մութաֆյանը ծանր հիվանդության պատճառով արդեն մի քանի տարի է, ինչ չի կարողանում կատարել իր գործառույթները, և եկեղեցական օրենքների համաձայն՝ որոշվել է պաշտոնաթող անել նրան և սկսել պատրիարք ընտրելու գործընթաց։ Նիստում հաշվի է առնվել, որ չկան Մութաֆյանի առողջական վիճակի բարելավման մասին լավատեսական կանխատեսումներ։

Պոլսո Հայոց պատրիարքի փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը հայտարարել է, որ իրենք դիմելու են իշխանություններին՝ պատրիարքի ընտրությունները թույլատրելու համար։ Աթեշյանն ընդգծել է, որ հայտնի չէ, թե երբ կստացվի թույլտվությունը, որի համար կարող է պահանջվել մեկ կամ երեք ամիս։ Սահակ Մաշալյանն իր հերթին հայտարարել է, որ պատրիարքի ընտրությունների անցկացման թույլտվության համար դիմելու են նոյեմբերին։

Հիշեցնենք, որ Պոլսո Հայոց պատրիարք Մեսրոպ Բ Մութաֆյանը, որը 84-րդ պատրիարք էր ընտրվել 1998թ. (ներկա դրությամբ նա Թուրքիայի Հանրապետությունում ընտրված 5-րդ պատրիարքն է), 2008-ից անբուժելի հիվանդության պատճառով անգիտակից վիճակում գտնվում է Սուրբ փրկիչ հիվանդանոցում՝ չկարողանալով կատարել իր գործառույթները։ Ըստ եկեղեցական օրենքների, եթե պատրիարքը 8 տարի փաստացի չի պաշտոնավարում, խորհուրդն իրավունք ունի նոր պատրիարքի ընտրություն անցկացնել։ Ներկա դրությամբ շրջանառվում է Պոլսո Հայոց պատրիարքի պաշտոնի 4 թեկնածուի անուն՝ Պոլսո Հայոց պատրիարքի ներկայիս փոխանորդ, արքեպիսկոպոս Արամ Աթեշյանը, Պոլսո Հայոց պատրիարքարանի հոգևոր խորհրդի նախագահ, եպիսկոպոս Սահակ Մաշալյանը, Գերմանիայի հայ համայնքի հոգևոր առաջնորդ, արքեպիսկոպոս Գարեգին Բեկչյանը և Գուգարքի թեմի առաջնորդ, արքեպիսկոպոս Սեպուհ Չուլջյանը։

Կարելի է կարծել, որ Թուրքիայի իշխանությունների համար ցանկալի տարբերակը Արամ Աթեշյանն է, որը քանիցս հանդես է եկել հայերի շահերին, մեղմ ասած, չհամապատասխանող հայտարարություններով, նախաձեռնություններով, որոնցից մեկը 2016թ. հունիսի 2-ին Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունումից 5 օր հետո Էրդողանին նամակ հղելն էր, որում ափսոսանք էր հայտնել տվյալ բանաձևի ընդունման համար։ Այդ ամենի հետևանքով բավական ցածր է նրա վարկանիշը Թուրքիայի հայ համայնքի և Հայաստանի Հանրապետությունում (Էրդողանին հղած հայտնի նամակից հետո չեղարկվել էր Աթեշյանի այցը Հայաստան՝ կապված նրա գործունեությունից առկա մեծ դժգոհությունների հետ)։

Դրա համար էլ Թուրքիայի իշխանությունները կարող են ձգձգել 85-րդ պատրիարքի ընտրության գործընթացը (համապատասխան թույլտվությունը պետք է տա Թուրքիայի ՆԳՆ-ն) կամ էլ հետագայում ճնշումներ գործադրել բուն ընտրական գործընթացի վրա։ Ընտրական գործընթացը ձգձգելու համար կարող են օգտագործվել Ստամբուլի հայ համայնքի որոշ շրջանակների դժգոհությունները, որոնք պահանջում են հարգել պատրիարքարանի օրենքները, ըստ որոնց՝ պատրիարքը կառավարում է ցմահ, և նպատակահարմար չէ Մեսրոպ Բ Մութաֆյանի կենդանության օրոք նոր պատրիարք ընտրել:

Հայաստանի Հանրապետության և ընդհանրապես Թուրքիայի հայ համայնքի համար լավագույն տարբերակը, թերևս, Սեպուհ Չուլջյանն է, որը Պոլսո Հայոց աթոռակից-պատրիարքի երեք թեկնածուներից մեկն էր 2010թ. (2009թ. պատրիարքական կրոնական խորհուրդը Թուրքիայի կառավարությունից համապատրիարքի ընտրություններ անցկացնելու թույլտվություն էր խնդրել)։ Այն ժամանակ հայաստանցի թեկնածուն դարձել էր աթոռակից պատրիարքի ընտրությունների հավանական ֆավորիտը՝ ընդգծելով, որ Պոլսո Հայոց պատրիարքարանը պետք է հոգևոր և մշակութային կամուրջ դառնա Երևանի, Անկարայի և հայկական սփյուռքի միջև՝ հատկապես կարևորելով հայերի և թուրքերի երկխոսությունը։ Սեպուհ Չուլջյանը, շարունակելով Հրանտ Դինքի ուղին, պնդում էր, որ Հայոց պատրիարքարանը պետք է քաղաքականությունից զերծ մնա։ Սակայն 2010թ. հունիսի 29-ին Թուրքիայի կառավարությունը հայտարարեց, որ նպատակահարմար չի գտնում ո՛չ պատրիարքի, ո՛չ էլ աթոռակից պատրիարքի ընտրությունները և միայն թույլ է տալիս ընտրել պատրիարքի տեղապահ, որն էլ արդյունքում դարձավ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը։ Ըստ ամենայնի՝ այս անգամ էլ Սեպուհ Չուլջյանը կդառնա ֆավորիտ։


դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր