
ԹՈՒՐՔԻԱ. ՆԵՐՔԱՂԱՔԱԿԱՆ ԻՐԱՎԻՃԱԿՆ ՕԳՈՍՏՈՍԻՆ

Հայկ Գաբրիելյան
Թուրքագետ
Բռնություններ. Թուրքիայում ընդլայնվեց ֆինանսական ոլորտում իսլամական քարոզիչ Ֆեթհուլա Գյուլենի «ահաբեկչական» կազմակերպության (FETÖ) դեմ պայքարը. փակվեցին 322 ընկերություն, ավելի քան 4000 ընկերության հաշվեհամար: Բացի այդ, ստեղծվեց հատուկ հանձնաժողով՝ հետաքննելու համար FETÖ-ի հետ թուրքական մի շարք ընկերությունների կապերը: Թուրքիայի իշխանությունները ծրագրել են առգրավել նաև 187 գործարարի ակտիվներ և վերահսկել 627 ընկերության գործունեությունը, որոնք, նրանց կարծիքով, կապված են Գյուլենի հետ: Գյուլենականների դեմ պայքարի շրջանակներում ձերբակալվեց Բանկային վերահսկողության և կարգավորման գործակալության (BDDK) 29 տեսուչ՝ ոչ պատշաճ ստուգումների համար:
Առևտրի և մաքսային հարցերով նախարար Բյուլենթ Թուֆենքչին հայտարարեց, որ Թուրքիան ռազմական հեղաշրջման փորձի պատճառով կորցրել է առնվազն 300 մլրդ թուրքական լիրա (մոտ $100 մլրդ), սակայն այդ թիվը կարող է աճել մանրակրկիտ հաշվարկների դեպքում. «Օրինակ՝ շատ օտարազգիներ չեղյալ են հայտարարել իրենց այցերը մեր երկիր: Դժբախտաբար, դավադիրները Թուրքիայի համար ստեղծեցին երրորդ աշխարհի երկրի իմիջ: Նրանք, ովքեր տեսել են փողոցներով երթևեկող տանկեր ու խորհրդարանի շենքի ռմբակոծում, չեն գա Թուրքիա: Այդ ամենը միջնաժամկետ հեռանկարում կավելացնի կորուստները»: Թուրքիայի Կենտրոնական բանկի տվյալների համաձայն՝ Թուրքիայի քաղաքացիները ռազմական հեղաշրջման փորձին հաջորդած երկու շաբաթվա ընթացքում վաճառել են $10 մլրդ 825 մլն։
Օգոստոսին Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն խոստացավ, որ Թուրքիան արտերկրում կշարունակի պայքարել FETÖ-ի դեմ: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հայտարարեց, որ FETÖ կողմնակիցները բազում տարիներ Թուրքիայում հաջողությամբ քողարկել են իրենց դեմքը, անգամ մի շարք նախարարներ ընդհուպ մինչև 2012թ. խրախուսել են նրա գործունեությունը մի շարք հարցերում: Էրդողանն ափսոսանք հայտնեց, որ ավելի վաղ չի հաջողվել պարզել FETÖ իրական մտադրությունները, որը քողարկվել է կրոնական կարգախոսների շղարշով: Էրդողանը ներողություն խնդրեց ժողովրդից՝ նախապես ռազմական հեղաշրջման փորձը կանխել չկարողանալու համար. «Եթե 2013թ. դեկտեմբերի 17-ից հետո («Մեծ կաշառք» գործ) չլինեին մեր ձեռնարկած միջոցները, հատկապես դատական համակարգում, ապա ռազմական հեղաշրջման փորձը կլիներ ավելի մասշտաբային: Չնայած դրան՝ ես վշտացած եմ, որ դավաճանների իրական դեմքը չի հաջողվել պարզել ավելի վաղ: Դա մեր թերությունն է, և թող ժողովուրդը ների մեզ դրա համար: Մեր պարտքն է պետական կառույցներն ու բանակը մաքրել FETÖ-ից: Հուլիսի 15-ին ողջ թուրք ժողովուրդը՝ անկախ ծագումից, քաղաքական հայացքներից ու համոզմունքներից, բոլոր 79 միլիոնը հանձնեց պատմական քննություն»:
Մեկ այլ դեպքում Էրդողանը հայտարարեց, որ PKK-ն, FETÖ-ն, PYD-ը, DAİŞ-ն ու YPG-ն ահաբեկչական կազմակերպություններ են, որոնք «կապված» են միմյանց հետ և Թուրքիայի դեմ գործում են նույն ձեռագրով: Չավուշօղլուն հայտարարեց, որ FETÖ անդամներն արդեն մեկ տարի է, ինչ սերտ կապեր են հաստատել PKK անդամների հետ և նրանց են փոխանցել պետական գաղտնիքները: Չավուշօղլուի խոսքերով՝ 3 գեներալ և 60 սպա, որոնք մեղադրվում են ռազմական հեղաշրջմանը մասնակից լինելու համար, փախել են Հյուսիսային Իրաք: Օգոստոսին Էրդողանն այցելեց Գլխավոր շտաբ, ինչը նրա առաջին այցն էր ռազմական հեղաշրջման փորձից հետո:
Վարչապետ Բինալի Յըլդըրըմը հայտարարեց, որ հուլիսի 15-ին Թուրքիան անդունդի եզրին էր, իսկ խորհրդարանի նախագահ Իսմայիլ Քահրամանը հայտարարեց, որ Թուրքիան արդեն դադարում է հեղաշրջումների երկիր լինելուց: Յըլդըրըմը հետ վերցրեց իրեն վիրավորելու մասին մոտ 1500 դատական հայց, որոնք ներկայացված էին ընդդիմադիր քաղաքական գործիչների, գրողների, լրագրողների դեմ: Ընդդիմադիր Ժողովրդա-հանրապետական կուսակցության (ԺՀԿ) առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն հետ վերցրեց բոլոր հայցերն ու բողոքները, որոնց նա դատարան էր ներկայացրել ընդդեմ Էրդողանի: Ավելի վաղ Էրդողանը հետ էր վերցրել ընդդիմադիր կուսակցապետերի (Քեմալ Քըլըչդարօղլու, Դևլեթ Բահչելի) դեմ իր բոլոր հայցերը:
Թուրքիայում ձերբակալությունների ալիքը հասավ Գիտատեխնիկական հետազոտությունների կենտրոնին (TÜBİTAK) և Türk Telekom-ին. ձերբակալվեցին TÜBİTAK-ի և Türk Telekom-ի բազմաթիվ անդամներ, առգրավվեցին որոշ փաստաթղթեր: TÜBİTAK-ը մեծ կարևորություն ունի թե՛ բանակի, թե՛ տնտեսության զարգացման համար:
Գումարվեց Թուրքիայի Կրոնական խորհրդի արտահերթ նիստը, որի ժամանակ կրոնական գործերի նախարար Մեհմեթ Գյորմեզը հայտարարեց, որ անհնար է կրոնական կառույց անվանել FETÖ-ն. «FETÖ-ն բազում տարիներ շահագործել է կրոնական զգացմունքները, փորձել է խեղաթյուրել մեր կրոնի հիմնական արժեքները և հայեցակարգը, հակաիսլամական ու անբարոյական գործողությունների, սադրանքների ու կեղծիքի օգնությամբ հավաքագրել է կողմնակիցների ու ընդլայնել իր հնարավորությունները՝ ներթափանցելով պետական բոլոր կառույցներ։ FETÖ-ն փորձել է պատանդ վերցնել ազգի ապագան և նրա իրականացրած հեղաշրջման փորձի ժամանակ բացահայտվել է ժողովրդի կողմից։ Անհնար է այդ կազմակերպության ղեկավարին ընկալել որպես կրոնական գործիչ»։ Թուրքիայի Կրոնական խորհուրդը սովորաբար հավաքվում է 5 տարին մեկ անգամ։ Վերջին անգամ այն հավաքվել էր 2014թ.։
Ֆեթհուլա Գյուլենն Արևմուտքին կոչ արեց միջամտել Թուրքիայում տիրող իրավիճակին. «Թուրքիայում մեծապես խախտվում են մարդու իրավունքները: Արևմուտքը պետք է հրատապ միջամտի Թուրքիայում ստեղծված իրավիճակին: Թուրքիան գնում է դեպի քաղաքացիական պատերազմ»: Մեկնաբանելով ստամբուլյան դատարանի կողմից իրեն հեռակա կարգով կալանավորելու մասին որոշումը՝ Գյուլենը հայտարարեց, որ այդ որոշումը վկայում է, որ Էրդողանը ձգտում է հաստատել ավտորիտար իշխանություն, և ընդգծեց, որ Թուրքիա կվերադառնա միայն այն դեպքում, եթե անհերքելի ապացույցներ ներկայացվեն ռազմական հեղաշրջման փորձին իր մասնակցության մասին: Թուրքիայի Գլխավոր դատախազությունը Ֆեթհուլա Գյուլենի համար պահանջեց երկու ցմահ և 1900 տարվա ազատազրկում: Քրեական գործը հարուցվել է 2015թ. սեպտեմբերին և առնչվում է Գյուլենի կազմակերպության ֆինանսական գործունեությանը: Մեղադրականը կազմում է 2.527 էջ: Տվյալ գործով ընդհանուր առմամբ անցնում է 111 մեղադրյալ:
Աննախադեպ իրադարձություն գրանցվեց ռազմական հեղաշրջման փորձի հետաքննության շրջանակներում. առաջին անգամ ձերբակալվեց նախկին պատգամավոր: Խոսքը Այդըն Բըյըքօղլուի մասին է, որին ձերբակալեցին Անկարայում: Բըյըքօղլուն ավելի վաղ Տրապիզոնից պատգամավոր էր ընտրվել իշխող Արդարություն և զարգացում կուսակցությունից (ԱԶԿ): Թուրքիայում նշեցին ԱԶԿ ստեղծման 15-ամյակը, որը Թուրքիայում իշխանության է եկել 2002թ. նոյեմբերյան խորհրդարանական ընտրությունների արդյունքներով: Հաղորդվեց, որ ԱԶԿ-ում սկսվում է «մաքրման» գործընթաց՝ կապված ռազմական հեղաշրջման փորձի հետ: ԱԶԿ նախագահ Բինալի Յըլդըրըմը հայտարարեց, որ Թուրքիայի ղեկավարությունը ծրագրում է ամբողջովին վերացնել FETÖ-ն. «Մեր կուսակցությունը 15 տարեկան է, և ներկայումս՝ հուլիսի 15-ի հեղաշրջման փորձից հետո, մենք տեսանք, որ այլևս ոչինչ չի լինի նախկինի նման: Մենք գլուխ չենք խոնարհել, պարտություն չենք կրել»:
FETÖ գործի հետաքննման շրջանակներում ձերբակալվեցին նաև նախկին դեսպաններ։ Խոսքը Կանադայում և Կոստա Ռիկայում Թուրքիայի նախկին դեսպաններ Թունջայ Բաբալըի ու Ալի Ֆընդըքի մասին է: Թուրքիայում ձերբակալվեց ևս մեկ նախկին դեսպան՝ Գյուրջան Բալըքը, որը ժամանակին, երբ Թուրքիայի ԱԳՆ-ն գլխավորում էր Ահմեթ Դավութօղլուն, արտգործնախարարի քարտուղարն ու հատուկ խորհրդականն էր և համարվել է նրա «աջ ձեռքը»: Մևլյութ Չավուշօղլուի խոսքերով՝ Թուրքիայի ԱԳՆ-ից պաշտոնանկ է արվել 332 աշխատակից, հրաժարական է տվել 89 աշխատակից. «Հետ կանչվածներից 31-ը չի վերադարձել Թուրքիա»։
Ստամբուլում տեղի ունեցավ իշխանությունների նախաձեռնած «Ժողովրդավարության ու նահատակների համար» հանրահավաքը, որի 5 մլն մասնակիցները կողմ արտահայտվեցին ժողովրդավարության զարգացմանը և դեմ արտահայտվեցին ռազմական հեղաշրջման փորձերին: Նման ակցիաներ անցկացվեցին Թուրքիայի տարբեր նահանգներում, որոնց ընդհանուր առմամբ մասնակցեց 25 մլն մարդ: Էրդողանը Ստամբուլի Յենիքափը հրապարակում անցկացված հանրահավաքի ժամանակ հայտարարեց. «Ռազմական հեղաշրջման փորձի կանխումը ցույց տվեց, որ այս երկիրն անպարտելի է և չի շեղվի իր ուղուց: Թուրքիային չես կոտրի»:
Թուրքական դատարանն արտոնեց թուրքական ֆուտբոլի լեգենդար հարձակվող Հաքան Շուքյուրին և նրա հորը՝ Սելմեթ Շուքյուրին կալանքի տակ վերցնելը՝ կապված ռազմական հեղաշրջման փորձի հետ: Թուրքիայի ֆուտբոլի հավաքականի և ստամբուլյան «Գալաթասարայ» ակումբի նախկին հարձակվողը մեղադրվում է «ահաբեկչական զինված խմբավորման անդամ» լինելու մեջ: Հաքան Շուքյուրն իր ֆուտբոլային կարիերայի ավարտից հետո դարձել է պատգամավոր իշխող ԱԶԿ-ից, սակայն 2013թ. դեկտեմբերին «Մեծ կաշառք» գործից հետո դարձել է ընդդիմադիր, իսկ 2015թ. լքել է Թուրքիան: Նրա հորն արդեն կալանավորել են:
Թուրքական դատախազությունը պատրաստեց Թուրքիան ցնցած «Մեծ կաշառք» գործը քննած դատախազների հանդեպ մեղադրականը: Տվյալ գործը քննած նախկին դատախազ Զեքերիա Օզի համար պահանջվում է ցմահ ազատազրկում և 72 տարի, նախկին դատախազ Ջելալ Քարայի համար՝ ցմահ ազատազրկում և 62 տարի, նախկին դատախազ Մեհմեթ Յուզգեչի համար՝ ցմահ ազատազրկում և 38 տարի: Մեղադրականը բաղկացած է 557 էջից: Նրանք մեղադրվում են «Թուրքիայի Հանրապետության կառավարությունը տապալելու, նրա գործունեությանն ամբողջովին կամ մասնակի խոչընդոտելու» համար: Հիշեցնենք, որ Զեքերիա Օզն ու Ջելալ Քարան Թուրքիայից փախել էին Գերմանիա: Բացի այդ, թուրքական դատարանն արտոնեց Գյուլենի 14 փաստաբանի կալանքի տակ վերցնելը։ Կալանքի տակ դրվեց նաև Գյուլենի ու նրա շարժման մի շարք անդամներին պատկանող գույքը:
Թուրքիայի ներքին գործերի նախարար Էֆքան Ալան հայտարարեց, որ գյուլենականների դեմ պայքարի շրջանակներում աշխատանքից հեռացվել է 76.100 պետծառայող, կալանավորվել է 16.899 մարդ, արդարադատության վերահսկողության պայմանով ազատ է արձակվել 7173 մարդ, պարզապես ազատ է արձակվել 3601 մարդ: Ալայի խոսքով՝ փախուստի մեջ է 190 զինվորական, որոնցից 9-ը գեներալ է, 96-ը՝ ոստիկան, որոնցից 47-ը՝ ոստիկանապետ. «Կալանքի տակ վերցված անձանցից 3083-ը ոստիկան է, 7248-ը՝ զինվորական, 2888-ը՝ դատավոր-դատախազ, 119-ը՝ վարչական ղեկավար, 4161-ը՝ քաղաքացիական անձինք»: Ավելի ուշ Բինալի Յըլդըրըմը հայտարարեց, որ Թուրքիայում ռազմական հեղաշրջման փորձից հետո պաշտոնանկ արվածների թիվը կազմել է 81.494 մարդ, ձերբակալվել է ավելի քան 40.000 մարդ, որոնցից ավելի քան 20.000-ը կալանավորվել է։
Թուրքիայի արդարադատության նախարար Բեքիր Բոզդաղը հայտարարեց որ առաջիկայում Թուրքիայի բանտերից ազատ կարձակվի 38.000 բանտարկյալ, իսկ ընդհանուր առմամբ ծրագրված է ազատ արձակել 93.000 բանտարկյալ: Այն չի տարածվում սպանության, բռնության, բռնաբարության և ահաբեկչության համար դատապարտվածների վրա։ Թուրքական իշխանությունները չգիտեն, թե որտեղ պահեն ռազմական հեղաշրջման փորձին աջակցելու համար կալանքի տակ վերցված անձանց:
Թուրքիայում փակվեց քրդական Özgür Gündem հայտնի թերթը: Ստամբուլի հանրապետական դատախազությունը թերթին մեղադրեց «PKK-ի օգտին քարոզչություն իրականացնելու և նրա տպագիր օրգանը դառնալու» համար: Թերթը մեղադրվեց նաև «պետության միասնությունն ու ամբողջականությունը խաթարելու» և մի շարք այլ բաների համար: Թուրքիայի ռադիոյի և հեռուստատեսության բարձրագույն խորհուրդը (RTÜK) կասեցրեց Kanal 35 հեռուստաալիքի հեռարձակումը: Ընդհանուր առմամբ, ռազմական հեղաշրջումից հետո Թուրքիայում փակվել է 131 ԶԼՄ, որոնց 2308 աշխատակից դարձել է գործազուրկ:
Թուրքական դատարանն արտոնեց վարչապետական ապարատի 18 աշխատակցի կալանքի տակ առնելը։ Ռազմական հեղաշրջման փորձի ավարտից հետո վարչապետական ապարատի ավելի քան 250 աշխատակից պաշտոնանկ է արվել: Թուրքիայի դատավորների ու դատախազների բարձրագույն խորհուրդը (HSYK) ռազմական հեղաշրջման փորձից հետո պաշտոնանկ է արել 2847 դատավորի ու դատախազի: Թուրքիայում ռազմական հեղաշրջման փորձի հետաքննության շրջանակներում 7500 մարդու արգելվել է մեկնել արտերկիր:
Թուրքիայում գյուլենականների դեմ պայքարի շրջանակներում ձերբակալվեց ԱԶԿ նախկին պատգամավոր Իդրիս Նաիմ Շահինը: Հիշեցնենք, որ Իդրիս Նաիմ Շահինը 2011-2013թթ. զբաղեցրել է Թուրքիայի ներքին գործերի նախարարի պաշտոնը: Դրանից շատ չանցած հաղորդվեց, որ հրաժարական է տվել Թուրքիայի ներքին գործերի նախարար Էֆքան Ալան, որն այդ պաշտոնը զբաղեցնում էր 2015թ. նոյեմբերի 24-ից։ Նրա փոխարեն ՆԳՆ ղեկավարի պաշտոնում նշանակվեց զբաղվածության և սոցիալական պաշտպանության նախարար Սուլեյման Սոյլուն։ Սոյլուին իր հերթին փոխարինեց նրա տեղակալ Մեհմեթ Մուեզինօղլուն։ Էֆքան Ալայի հրաժարականի պատճառները պաշտոնապես չեն հաղորդվել: Թուրքական մամուլում տարբեր տեղեկություններ եղան այդ մասին: Մասնավորապես, նշվեց, որ դա կապված է նրա աշխատանքից Էրդողանի դժգոհության հետ: Ռազմական հեղաշրջման փորձից հետո Ալան ընդգծել էր, որ երկրի հետախուզության 7000 աշխատակցից մոտ 6500-ը Ֆեթհուլա Գյուլենի շարժման համակիր է, ինչը բացասաբար էր ընդունվել Թուրքիայի կառավարության կողմից: Թերթի տվյալներով՝ Ալայի հրաժարականի մեկ այլ պատճառն այն է, որ ռազմական հեղաշրջման փորձի օրն անհնար է եղել նրա հետ կապ հաստատելը, որ նա այդ օրը գտնվել է Էրզրումի նահանգում և ոչ թե Անկարայում: Ադրբեջանական մամուլն իր հերթին ուշադրություն հրավիրեց, որ Ալայի պաշտոնանկությունը տեղի է ունեցել Ադրբեջանի ներքին գործերի նախարար Ռամիլ Ուսուբովի հետ հանդիպումից անմիջապես հետո: Բացի այդ, թուրքական մամուլը հիշեցրեց, որ Էֆքան Ալայի պաշտոնավարման 2 տարի և 8 ամիս ժամանակահատվածում (Էֆքան Ալան Թուրքիայի ՆԳՆ-ն գլխավորել է նաև 2013թ. դեկտեմբեր-2015թ. մարտ ժամանակահատվածում) Թուրքիայում կատարվել է 17 ահաբեկչական խոշոր հարձակում, որոնց հետևանքով զոհվել է առնվազն 580 մարդ։
Ահաբեկչություններ. Անհայտ անձինք Թուրքիայի հյուսիս-արևելքում գտնվող Արտվին նահանգի Շավշատ շրջանում գնդակոծեցին Քեմալ Քըլըչդարօղլուի ավտոշարասյունը: Քըլըչդարօղլուի թիկնապահները պատասխան կրակ բացեցին, և կողմերի միջև սկսվեց փոխհրաձգություև: Քըլըչդարօղլուն և նրա թիմակիցները չտուժեցին միջադեպից: PKK-ն ստանձնեց հարձակման պատասխանատվությունը՝ հայտարարելով, որ իր թիրախում չի գտնվել Քըլըչդարօղլուն:
Մարդինի նահանգի Քըզըլթեփե շրջանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվեց 3 մարդ, որոնցից 1-ը՝ ոստիկան, իսկ 2-ը՝ քաղաքացիական անձ, վիրավորվեց 54 մարդ: Դրանից շատ չանցած պայթյուն տեղի ունեցավ Դիարբեքիրի Սուր շրջանում, որի հետևանքով զոհվեց 10 մարդ, որոնցից 5-ը՝ ոստիկան, 5-ը՝ քաղաքացիական անձ, 13 մարդ վիրավորվեց: Շըրնաք նահանգի Ջիզրե շրջանի ոստիկանատան մոտ տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվեց 11 և վիրավորվեց 86 մարդ: Թուրքական կողմի պնդմամբ՝ այդ պայթյուններն իրականացրել են PKK զինյալները:
Դրանից մոտ մեկ շաբաթ հետո մեկ օրվա տարբերությամբ երեք պայթյուն հնչեց Վանի, Էլյազըղի ու Բիթլիսի նահանգներում, որոնց հետևանքով զոհվեց 12 և վիրավորվեց 287 մարդ։ Վանի ոստիկանատան մոտ գրանցված պայթյունի հետևանքով զոհվեց 3 և վիրավորվեց մոտ 70 մարդ։ Երկրորդ հարձակումը գրանցվեց Էլյազըղում, որը նրա պատմության մեջ ամենաարյունալին էր: Տեղի ոստիկանատան մոտ պայթեցվեց 8 տոննա պայթուցիկով լի միկրոավտոբուս։ Զոհվեց 3 ոստիկան, վիրավորվեց 217 մարդ, որոնցից 85-ը՝ ոստիկան։ Բիթլիսի նահանգի Հիզան շրջանում զինվորական փոխադրամիջոցն այստեղ պայթեց քուրդ զինյալների կողմից նախապես ճանապարհին տեղադրված պայթուցիկի վրա։ Զոհվեցին 5 զինվորական և 1 գյուղական պահապան։
Դրանից հետո Բինալի Յըլդըրըմը հայտարարեց Թուրքիայում ահաբեկչական սպառնալիքի մակարդակի բարձրացման մասին. «PKK ահաբեկիչների համար գոյություն չունի այնպիսի հասկացություն, ինչպիսին «քրդերի հարցն» է: Այդ էթնիկ քրդերը, որոնք Թուրքիայի քաղաքացիներ են, ունեն PKK անվանումով խնդիր, և մեր առաջադրանքն է վերացնել այդ խնդիրը, այդ ահաբեկչական կազմակերպությունը»: Բինալի Յըլդըրըմը բացառեց քուրդ ապստամբների հետ խաղաղության բանակցությունների անցկացման հնարավորությունը. «Ո՛չ, չկա խաղաղության նոր գործընթաց: Մենք մտադիր չենք երկխոսության մեջ մտնել ահաբեկչական կազմակերպության հետ: PKK ակտիվությունը չի թուլացնի նրա դեմ Թուրքիայի պայքարը»: Էրդողանը տվյալ ահաբեկչությունները շաղկապեց ռազմական հեղաշրջման փորձի հետ. «Այդ ահաբեկչությունները հուլիսի 15-ին տեղի ունեցածի վրեժխնդրությունն են: Պետք չէ գուշակ լինել՝ հասկանալու համար, որ PKK այդ հարձակումների հետևում կանգնած է Գյուլենի կազմակերպությունը»: Թուրքիայի իշխանություններն օգոստոսին երկրի արևելյան մի շարք նահանգներում (Վան, Էլյազըղ, Բաթման) իրենց համակիրներին դուրս բերեցին փողոցներ, որոնք մասնակցեցին PKK-ի (ահաբեկչության) դեմ երթերին:
Թուրքիայի պաշտպանության նախարար Ֆիքրի Ըշըքը, խոսելով ռազմական հեղաշրջման փորձից հետո զինված ուժերում իրականացվող մասշտաբային մաքրումների մասին, հայտարարեց. «PKK-ն պետք է այժմ իմանա, որ Թուրքիան այսօր շատ ավելի ուժեղ է, քան հուլիսի 15-ի գիշերը: Համենայնդեպս, ներկայումս Թուրքիայի զինված ուժերի շարքերը մաքրվել են դավաճանների մեծ մասից, և այդպիսով վերացվել է ներքին աջակցություն ստանալու հնարավորությունը: Թող PKK ղեկավարները մտածեն այդ մասին»:
Օգոստոսի 20-ին՝ Սիրիայի հյուսիսում «Եփրատի վահան» գործողության մեկնարկից 4 օր առաջ, խոշոր ահաբեկչություն տեղի ունեցավ Սիրիային սահմանակից Գազիանթեփ նահանգում, որի հետևանքով զոհվեց 53 մարդ: Էրդողանը դրա պատասխանատվությունը դրեց ԻՊ-ի վրա, սակայն ավելի ուշ Բինալի Յըլդըրըմը խոստովանեց, որ իրենք չեն կարող հաստատել դա: Պետք է նշել, որ ԻՊ-ը նախկինում երբևէ չի ստանձնել Թուրքիայում իրականացված ահաբեկչությունների պատասխանատվությունը՝ չնայած Թուրքիայի իշխանությունները տարբեր ահաբեկչությունների պատասխանատվությունը քանիցս դրել են նրա վրա: Կարելի է կարծել, որ Գազիանթեփի ահաբեկչությունը պատահական չէր. Թուրքիայի իշխանությունները դրանից հետո ստացան միջազգային լայն աջակցություն, ինչն էլ պարարտ հող և «օրինական հիմք» ստեղծեց Սիրիայի հյուսիս թուրքական ռազմական ներխուժման համար:
Թուրքական մամուլը գրեց, որ քրդական քաղաքական շարժման ներկայացուցիչներն անժամկետ և անբեկանելի հացադուլ սկսելու որոշում են կայացրել, որը մեկնարկելու է սեպտեմբերի 5-ին: Նրանք պահանջում են հանդիպում քուրդ առաջնորդ Աբդուլա Օջալանի հետ, որը 1999-ից ցմահ ազատազրկում է կրում Մարմարա ծովի Իմրալը կղզու բանտում։ Ընդգծվում է, որ արդեն 510 օր է, ինչ քուրդ գործիչները չեն հանդիպել Օջալանի հետ։ Հացադուլի որոշման մասին քրդական քաղաքական ուժերի (DTK, BDP, HDK, KJA) անունից հայտարարել է քուրդ ականավոր գործիչ Հաթիփ Դիջլեն։ Նրանց չեն գոհացնում Օջալանի բանտային պայմանները, և որ արդեն 510 օր է, ինչ ամենափոքր իսկ լուր չունեն Օջալանից։ Նրա առողջական և անվտանգության վիճակի վերաբերյալ մտավախություններն ուժգնացել են հուլիսի 15-ի ռազմական հեղաշրջման փորձի պատճառով, քանի որ որոշակի տվյալներով՝ դրա ժամանակ բախում է տեղի ունեցել Իմրալը կղզում։
Ընտրություններ. ԱԶԿ-ն առաջարկեց 2019թ. չանցկացնել միանգամից 3 ընտրություն՝ ՏԻՄ, խորհրդարանական և նախագահական: Ավելի վաղ հաղորդվել էր, որ դա լինելու է Թուրքիայի Հանրապետության պատմության մեջ առաջին դեպքը, որ մեկ տարում անցկացվի միանգամից երեք ընտրություն: ԱԶԿ-ն առաջարկում է ՏԻՄ ընտրություններն անցկացնել 6 ամիս շուտ՝ 2018թ. հոկտեմբերին, նախագահական ընտրությունները՝ 3 ամիս ուշ՝ 2019թ. հոկտեմբերին, իսկ խորհրդարանական ընտրությունների համար առաջարկվում է դրանք 2019թ. նոյեմբերի փոխարեն անցկացնել 2020թ. հոկտեմբերին: Այդպիսով, խորհրդարանական հաջորդ ընտրությունները տեղի կունենան ոչ թե 4, այլ 5 տարի անց՝ չնայած պատգամավորների լիազորությունների ժամկետը 4 տարի է: ԱԶԿ-ն իր առաջարկները հիմնավորում է մեկ տարում 3 ընտրություն անցկացնելու դեպքում բյուջեն հավելյալ ծանրաբեռնվածությամբ, ինչպես նաև նախընտրական արշավների համար անբարենպաստ կլիմայական պայմաններով: Մասնավորապես, ՏԻՄ ընտրությունները պետք է անցկացվեն 2019թ. գարնանը, իսկ դրա նախընտրական արշավը հարմար չէ անցկացնել ձմեռային ամիսներին: ԱԶԿ այդ առաջարկից հետո ԺՀԿ-ն հայտարարեց, որ պատրաստ է ամեն տիպի վաղաժամ ընտրությունների՝ անկախ նրանից՝ դրանք կանցկացվեն վաղը, վաղը չէ մյուս օրը, 15 օր հետո, թե ավելի ուշ:
դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր
- ՔՐԴԱԿԱՆ ԳՈՐԾՈՆԸ ԹՈՒՐՔԻԱՅԻ ԱՐՏԱՀԵՐԹ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ[05.06.2018]
- «ՁԻԹԵՆՈՒ ՃՅՈՒՂ» ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԹՈՒՐՔԻԱՅԻ ՀԵՌԱՀԱՐ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ[18.04.2018]
- ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ ՍՏԱՄԲՈՒԼԻ ՋՐԱՆՑՔԻ ԿԱՌՈՒՑՄԱՆ ՇՈՒՐՋ[26.03.2018]
- ԿԱՐՄԻՐ ԾՈՎՈՒՄ ԹՈՒՐՔԻԱՅԻ ՌԱԶՄԱԿԱՆ ՆԵՐԿԱՅՈՒԹՅԱՆ ՀԱՍՏԱՏՄԱՆ ԽՆԴՐԻ ՇՈՒՐՋ[21.03.2018]
- 21-ՐԴ ԴԱՐԸ՝ «ՔՐԴԱԿԱ՞Ն ԴԱՐ»[19.12.2017]
- ԲԱՔՈՒ-ԹԲԻԼԻՍԻ-ԿԱՐՍ ԵՐԿԱԹԳԾԻ ԲԱՑՄԱՆ ՇՈՒՐՋ[13.12.2017]
- «ՆՈՐ ԹՈՒՐՔԻԱ». ՊԱՏՄԱԿԱՆ ՋՐԲԱԺԱՆՆԵՐ[10.11.2017]
- ԿԱՏԱՐԻ ՇՈՒՐՋ ՃԳՆԱԺԱՄԸ ԵՎ ԹՈՒՐՔԻԱՆ[21.07.2017]
- «ԻՆՋԻՐԼԻՔԻ» ԹՆՋՈՒԿԸ ԳԵՐՄԱՆԻԱՅԻ ԵՎ ԹՈՒՐՔԻԱՅԻ ՄԻՋԵՎ[27.06.2017]
- ԹՈՒՐՔԻԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ՀԱՆՐԱՔՎԵԻՑ ՀԵՏՈ[11.05.2017]
- ԹՈՒՐՔԻԱՅԻ «ԵՓՐԱՏԻ ՎԱՀԱՆ» ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆԸ[04.04.2017]