• am
  • ru
  • en
Версия для печати
20.09.2016

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ 2016Թ. ՀՈՒԼԻՍԻՆ (ԱՐՏԱՔԻՆ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ)

   

Հրայր Փաշայան
Արցախի պետական համալսարանի փիլիսոփայության և քաղաքագիտության ամբիոնի դասախոս, քաղաքական գիտությունների թեկնածու

Ղարաբաղյան հակամարտություն. Չնայած հուլիսին Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման նպատակով հակամարտության կողմերի միջև հանդիպումներ տեղի չունեցան, այդուհանդերձ, այն շարունակում էր գտնվել ինչպես Ադրբեջանի, Արցախի և Հայաստանի հասարակական-քաղաքական շրջանակների, այնպես էլ տարածաշրջանում իրենց շահերը հետապնդող երկրների ուշադրության կենտրոնում:

Սանկտ Պետերբուրգում կայացած Սարգսյան-Պուտին-Ալիև եռակողմ հանդիպումից հետո ԵԱՀԿ Մինսկի խմբի նախագահությունը նախանշեց, որ Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հերթական հանդիպումը կանցկացվի օգոստոսին Փարիզում, իսկ դրան հաջորդողը, ըստ նախնական տեղեկությունների, միջնորդները նախատեսել են սեպտեմբեր-հոկտեմբերին ԱՄՆ-ում: Այս հանդիպումների նախապատրաստական աշխատանքների համատեքստում հուլիսի սկզբին կայացավ Գերմանիայի արտաքին գործերի նախարար, ԵԱՀԿ գործող նախագահ Ֆրանկ-Վալտեր Շթայնմայերի երևանյան այցը: ՀՀ և ԼՂՀ նախագահների հետ ունեցած զրույցների առանցքում խաղաղության պահպանման և հակամարտ զորքերի շփման գծում միջադեպերի հետաքննության մեխանիզմների ստեղծման թեման էր: Միջնորդական ջանքերի նպատակաուղղվածության մասին է վկայում ամերիկյան կողմի նախաձեռնությամբ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի և ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի միջև կայացած հեռախոսազրույցը, որի ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի հանդիպումների ժամանակ ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման ընթացքին:

ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին հուլիսին Երևանում հայտարարեց, որ Վիեննայում ձեռք բերված պայմանավորվածությունները պետք է իրականացվեն, որովհետև դրանք այս գործընթացում կառուցում են դրական փոփոխության ճանապարհը, միաժամանակ հրաժարվելով մեկնաբանել Ադրբեջանի նախագահի՝ միջադեպերի հետաքննության մեխանիզմների ներդրումից հրաժարվելու հայտարարությունները: Ղարաբաղյան հակամարտության թեման քննարկման առարկա դարձավ հուլիսի 8-9-ը Վարշավայում կայացած ՆԱՏՕ գագաթաժողովում: Շարունակելով իր ապակառուցողական քաղաքականությունը՝ Ադրբեջանի նախագահը փորձեց այն որպես հարթակ օգտագործել սեփական քարոզչության, դաշինքի սատարումը ստանալու և ամփոփիչ հայտարարության մեջ ադրբեջանամետ դիրքորոշում ձևակերպելու համար: ՆԱՏՕ գլխավոր քարտուղարը կողմերին կոչ արեց նվազեցնել լարվածությունն ու շարունակել բանակցությունների ճանապարհով հակամարտության կարգավորման ուղիների որոնումը՝ հավելելով, որ դաշինքն աջակցում է այն ջանքերին, որոնք ուղղված են բանակցությունների ճանապարով հակամարտության խաղաղ կարգավորման ապահովմանը: Ղարաբաղյան հակամարտության թեման ընկած էր նաև ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի Բաքու կատարած այցի օրակարգում:

Հուլիսի 14-ին Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը, այնուհետև՝ արտգործնախարար Կարեն Միրզոյանն ընդունել են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպրչիկին: Հանդիպումների ընթացում քննարկվել են Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում տիրող իրավիճակին վերաբերող մի շարք հարցեր: Անդրադարձ է կատարվել ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի ընդլայնման հարցին:

Հուլիսի 16-ին, Ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ շրջանառվող տեղեկատվության համատեքստում, Շուշիում հայտարարություն են տարածել մի խումբ հասարակական-քաղաքական գործիչներ, որում մասնավորապես նշվում է. «Բացարձակապես անընդունելի է ցանկացած պատճառով, պատճառաբանությամբ, պատրվակով կամ ձևով Արցախի սահմանադրությամբ ամրագրված, հայկական զինված ուժերի կողմից 2016թ. ապրիլի 1-ի դրությամբ վերահսկվող որևէ տարածքի զիջումը, փոխանցումը կամ հանձնումը այլ երկրի, ուժի կամ կառույցի, ինչպես նաև այդ նպատակով իրականացվող քարոզչությունը: Նման արարքը կդիտարկվի պետական հանցագործություն, և մեղավորները ենթակա կլինեն համարժեք պատասխանատվության»:

Հուլիսի 21-ին ԼՂՀ իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ ԵԱՀԿ առաքելությունը Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է իրականացրել Մարտակերտի հյուսիսային ուղղությամբ: Դիտարկումն անցել է ըստ նախատեսված ժամանակացույցի, կրակի դադարեցման ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել: Սակայն ադրբեջանական կողմը ԵԱՀԿ առաքելությունը դուրս չի բերել իր առաջապահ դիրքեր:

Արցախ-Հայաստան. Հուլիսի 1-ին Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի պատվիրակությանը՝ կառույցի ղեկավար Արտակ Շաբոյանի գլխավորությամբ, ընդունել է Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը: Մինչ այդ կայացել էր ԼՂՀ գործընկերների հետ համատեղ նիստ, որի ընթացքում քննարկվել են ոլորտին առնչվող խնդիրները, ներկայացվել են համագործակցության համաձայնագրի շրջանակներում կատարված աշխատանքները, հաստատվել է 2016թ. հուլիսի 1-ից մինչև 2017թ. հուլիսի 1-ը հանձնաժողովների համատեղ աշխատանքների ծրագիրը:

Հուլիսի 8-ին Արցախում էին համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահ Իշխան Զաքարյանը, ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանն ու կառույցի մի շարք ներկայացուցիչներ: ԼՂՀ նախագահի, օրենսդիր և գործադիր իշխանության ղեկավարների հետ հանդիպումների ընթացում քննարկվել են 2019թ. Արցախում տեղի ունենալիք Համահայկական 7-րդ խաղերի կազմակերպմանն առնչվող հարցեր: Երկուստեք կարևորվել է Համահայկական խաղերի անցկացումն Արցախում մարզամշակութային կյանքի զարգացման և Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնության ամրապնդման տեսանկյուններից՝ ընդգծելով, որ կարվի հնարավորը խաղերն ամենաբարձր մակարդակով կազմակերպելու համար:

Հուլիսի 8-ին Արցախում էր ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի պատվիրակությունը՝ կառույցի ղեկավար Ռոբերտ Նազարյանի գլխավորությամբ: ԼՂՀ նախագահի և հանրային ծառայություններն ու տնտեսական մրցակցությունը կարգավորող հանձնաժողովի ներկայացուցիչների հետ հանդիպումներում քննարկվել են ոլորտում երկու հայկական պետությունների համագործակցության խորացմանը վերաբերող հարցեր:

Հուլիսի 12-ին Արցախ ժամանած ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովն ու ՀՀԿ մի շարք պատգամավորներ ընդունելության են արժանացել ԼՂՀ նախագահականում և Ազգային ժողովում: Հանդիպումների ընթացքում քննարկվել են երկու հայկական հանրապետությունների միջխորհրդարանական կապերի հետագա խորացմանն ու ընդլայնմանն ուղղված հարցեր:

Հուլիսի 14-17-ը Արցախում էր Երևանի քաղաքապետարանի պատվիրակությունը՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանի գլխավորությամբ: ԼՂՀ նախագահի, վարչապետի և բարձրաստիճան այրերի հետ հանդիպումների ընթացքում կարևորվել է Երևանի քաղաքապետարանի և վարչական շրջանների ու Ստեփանակերտ քաղաքի, ԼՂՀ շրջանների միջև ձևավորված արդյունավետ համագործակցությունը, որը լուրջ հեռանկարներ է բացում նոր ծրագրերի իրականացման և գործնականում ավելի բարձր արդյունքներ արձանագրելու համար: Հայկական երկու հանրապետությունների մայրաքաղաքների համագործակցության արդյունքների վերաբերյալ զեկուցմամբ հանդես է եկել Ստեփանակերտի քաղաքապետ Սուրեն Գրիգորյանը: Այնուհետև Երևան քաղաքի վարչական շրջանների ղեկավարներն առանձին-առանձին հաշվետվության կարգով ներկայացրել են Ստեփանակերտի և ԼՂՀ շրջանների հետ վերջին երեք տարիներին իրենց համագործակցության արդյունքները:

Հուլիսի 16-ին տեղի է ունեցել Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի և նույն օրն աշխատանքային այցով Ստեփանակերտ ժամանած Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի հանդիպումը: Քննարկվել են հայկական երկու պետությունների փոխգործակցությանը և դրա ընդլայնմանը վերաբերող մի շարք հարցեր:

ԼՂՀ-Սփյուռք. Ապրիլյան իրադարձություններից հետո համայն հայության օգնությունն Արցախին դարձել է շարունակական: Հայ օգնության միության (ՀՕՄ) կողմից շարունակվեց դրամական և նյութական օգնության ցուցաբերումը պատերազմից տուժած ընտանիքներին ու ՊԲ զինծառայողներին: Հուլիսի 3-6-ը Արցախում էին «Լույս» հիմնադրամի կրթաթոշակներով աշխարհի լավագույն տասը համալսարաններում սովորող հայ ուսանողները՝ հիմնադրամի գործադիր տնօրեն Ժաքլին Կարաասլանյանի գլխվորությամբ: «Լույս» կրթական հիմնադրամն Արցախում ազդարարեց «Զարգացնենք Հայաստանը միասին» 2016թ. ծրագրի մեկնարկը: Այցի շրջանակներում «Լույսի» ներկայցուցիչները հանդիպել են ԼՂՀ վարչապետի, պետական և հասարակական գործիչների հետ, այցելել Արցախի պատմամշակութային վայրեր և կրթօջախներ:

Հուլիսի 4-ին Արցախի Հանրապետության ԱԳ նախարարն ընդունել է ամառային կամավորական ծրագրի շրջանակներում ճանաչողական այցով Արցախ ժամանած Ամերիկայի Հայկական համագումարի (ԱԱՀ) փորձնակներին: Կարեն Միրզոյանը ներկայացրել է ԼՂՀ արտաքին քաղաքականության հիմնական ուղղություններն ու առաջնահերթությունները, արտաքին քաղաքական խնդիրների լուծմանն ուղղված ԱԳՆ գործունեության առանձնահատկությունները, պատասխանել Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացին և ԼՂՀ միջազգային ճանաչման հեռանկարներին վերաբող մի շարք հարցերի:

Արցախի Հանրապետության նախագահը հուլիսի 12-ին ընդունել է բարերար Կարեն Խաչատրյանին և նրա հետ քննարկել Արցախում մի շարք ծրագրերի իրականացման հետ կապված հարցեր: Բարձր գնահատելով նրա հայրենանվեր գործունեությունը՝ Բակո Սահակյանը բարերարին է հանձնել «Վաչագան Բարեպաշտ» մեդալ:

Հուլիսի 18-ին ԼՂՀ արտաքին գործերի նախարարն ընդունել է ԱՄՆ Թաֆթս համալսարանի Ֆլեթչեր իրավունքի և դիվանագիտության դպրոցի «Տավիթյան» հիմնադրամի կրթաթոշակի շրջանավարտներին՝ հիմնադրամի փոխնախագահ Ջոյս Բարսամի գլխավորությամբ: Կարեն Միրզոյանը բարձր է գնահատել հիմնադրամի գործունեությունը, որի շնորհիվ պետական ծառայողները հնարավորություն են ստանում սովորելու և կատարելագործելու իրենց մասնագիտական գիտելիքները:


դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր