• am
  • ru
  • en
Версия для печати
19.12.2016

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ 2016Թ. ՆՈՅԵՄԲԵՐԻՆ (ներքին իրադարձությունների տեսություն)

Руский

   

Հրայր Փաշայան
Արցախի պետական համալսարանի փիլիսոփայության և քաղաքագիտության ամբիոնի դասախոս, քաղաքական գիտությունների թեկնածու

Նոր նշանակումներ. Արցախի Հանրապետության նախագահը նոյեմբերի 3-ին հրավիրել է Անվտանգության խորհրդի նիստ, որի օրակարգում ընդգրկված էին բանակաշինությանը վերաբերող հարցեր: Համապատասխան զեկույցով հանդես է եկել ԼՂՀ պաշտպանության նախարար Լևոն Մնացականյանը: Բակո Սահակյանը մի շարք հանձնարարականներ է տվել քննարկված հարցերի պատշաճ լուծման ուղղությամբ՝ ընդգծելով, որ բանակաշինությունը և պաշտպանության բանակի մարտունակության շարունակական բարձրացումը եղել են և կմնան մեր ամենակարևոր առաջադրանքներից մեկը: Նույն օրը նախագահը ստորագրել է հրամանագիր, համաձայն որի` Վիկտոր Քոչարյանը նշանակվել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալ` ազատվելով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնից: Բակո Սահակյանի ստորագրած մեկ այլ հրամանագրով ԼՂՀ ԱԺ պատգամավոր, Արցախի հերոս Վիտալի Բալասանյանը նշանակվել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Անվտանգության խորհրդի քարտուղար: Նախագահի հրամանագրով՝ գնդապետ Արթուր Հարությունյանը նշանակվել է ԼՂՀ պաշտպանության բանակի N 32964 զորամասի հրամանատար: Նոյեմբերի 12-ին երկրի ղեկավարն այցելել է զորամաս և ստորաբաժանման հրամկազմին ներկայացրել նորանշանակ հրամանատարին: Վարչապետ Արայիկ Հարությունյանի որոշմամբ՝ Արթուր Հարությունյանն ազատվել է ԼՂՀ կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրենի պաշտոնից: Այդ պաշտոնում նշանակվել է Կոմիտաս Կարապետյանը:

Զորավարժություններ. Նոյեմբերի 4-8-ը Պաշտպանության բանակի մի շարք զորամասերի հետ ԼՂՀ պաշտպանության նախարար, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լ.Մնացականյանի ղեկավարությամբ անց է կացվել քառափուլ գնդային-մարտավարական զորավարժություն: Զորախաղերի եզրափակիչ` մարտական հրաձգության փուլին, որը խաղարկվեց բանակի «Տիգրանակերտ» զորավարժարանում, հետևում էին նախագահ Բակո Սահակյանը, ուժային կառույցների ղեկավարներ, բարձրաստիճան զինվորականներ և պաշտոնյաներ: Պայմանական գործողությունները մեկնարկեցին հակառակորդի դիվերսիոն-հետախուզական խմբերի գործողություններով, որոնց հաջողվեց հասնել որոշակի հաջողության: Պաշտպանության բանակի առաջապահ ստորաբաժանումները կարողանում են հստակորեն անցնել պաշտպանության, կատարել վերախմբավորումներ և օգնության եկած տանկային ու մոտոհրաձգային ուժերի հետ միասին, հզոր կրակային ազդեցության ենթարկելով հակառակորդին, ստիպել նրան նահանջել, ինչից հետո վերականգնում են առաջնագիծը և դիրքերն առավել բարելավելու նպատակով անցնում հարձակման` փայլուն կատարելով առաջադրված մարտական խնդիրները: Զորախաղերի ընթացքում կիրառվեցին նաև նոր զինատեսակներ և սպառազինություն, նորագույն տեխնիկական միջոցներ, խաղարկվեցին մարտավարական նոր դրվագներ, որոնք, արտացոլելով ՊԲ-ում իրականացվող բարեփոխումների պատկերը, կոչված են առավել կատարելագործելու հակառակորդի զսպման ու հակազդման մեխանիզմները: Առաջին անգամ խաղարկվեցին նաև դրվագներ հանրապետությունում գործող և հավատարմագրված զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչների ներգրավմամբ՝ ռազմական իրավիճակի պահանջներին առավելագույնս մոտեցված պայմաններում: Զորախաղերի ավարտին առավել աչքի ընկած զորամասերն ու զինծառայողները խրախուսվեցին հանրապետության նախագահի և պաշտպանության նախարարի կողմից, ինչից հետո մասնակից անձնակազմին ուղղված խոսք ասաց ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը: Գնդային-մարտավարական զորախաղերը եզրափակվեցին մասնակից անձնակազմի հանդիսավոր շքերթով:

Զորակոչ և զորացրում. Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 16-ին ստորագրել է հրամանագիր 2017 թվականի ձմեռային զորակոչ անցկացնելու և զորացրում կատարելու մասին: Ըստ հրամանագրի` 2017 թվականի հունվարին կանցկացվի ԼՂՀ արական սեռի այն քաղաքացիների պարտադիր զինվորական ծառայության ձմեռային զորակոչը, որոնց 18 տարին լրանում է մինչև 2016 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ, ինչպես նաև այն քաղաքացիների, որոնց նախկինում տրված պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետման իրավունքը դադարել է մինչև 2016 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ: Հրամանագրի համաձայն` 2017 թվականի հունվար-փետրվար ամիսներին կզորացրվեն օրենքով սահմանված ժամկետում պարտադիր զինվորական ծառայությունն անցած զինծառայողները:

Ներդրումների միջին տարեկան աճն Արցախում 2007–2015թթ. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության տրամադրած տվյալների համաձայն՝ Արցախում ներդրումների միջին տարեկան աճը 2007-2015թթ. կազմել է շուրջ 30%: Միայն 2015թ. ներդրումների գումարը 5.8 անգամ գերազանցել է 2007-ին կատարված ներդրումները, օտարերկրյա ներդրումները գերազանցել են 2.8 անգամ: 2007-2015թթ. կատարված օտարերկրյա ներդրումների ընդհանուր արժեքը կազմել է 54,4 մլրդ դրամ: Այդ տարիներին իրական ակտիվներում իրականացված ներդրումների ավելի քան 31,7%-ն իրականացվել է արդյունաբերության ոլորտում, իսկ ներդրումներ-ՀՆԱ հարաբերակցությունը տարեկան կտրվածքով կազմում է շուրջ 33%: Օտարերկրյա ներդրումների տեսակարար կշիռն ընդհանուրի մեջ դիտարկված ժամանակահատվածում կազմում է շուրջ 13%: Տարբեր են օտարերկրյա ներդրումների ոլորտներն ու աշխարհագրությունը: ԼՂՀ-ում գործող առևտրային բանկերի (մասնաճյուղերի) վարկային ներդրումները 2016թ. հունվարի 1-ի դրությամբ կազմել են $206.3 մլն, իսկ ավանդների գումարը՝ մոտ $127 մլն, որոնք համապատասխանաբար մոտ 7 և 13 անգամ գերազանցում են 2007թ. հունվարի 1-ի դրությամբ արձանագրված ցուցանիշները: Ըստ նախարարության՝ 2016թ. հունվարի 1-ի դրությամբ ԼՂՀ պետական ռեգիստրում գրանցված է 3521 առևտրային կազմակերպություն, 885 ոչ առևտրային կազմակերպություն և 8141 անհատ ձեռնարկատեր: Սկսած 2007-ից՝ առևտրային կազմակերպությունների թիվն ավելացել է 876-ով, ոչ առևտրային կազմակերպությունների քանակը՝ 478-ով, իսկ անհատ ձեռնարկատերերի քանակը՝ 5546-ով (ընդամենը տնտեսվարող սուբյեկտների թիվն աճել է 6900-ով կամ 2,2 անգամ): ԼՂՀ արդյունաբերության ոլորտում արձանագրվել են էական կառուցվածքային փոփոխություններ: Եթե 2007 թվականին արդյունաբերական արտադրանքի 46.3%-ը բաժին էր ընկնում հանքագործական արտադրությանը, 34,9%-ը՝ մշակող արդյունաբերությանը, 18,8%-ը՝ էլեկտրաէներգիայի, գազի, ջրի արտադրությանը և բաշխմանը, 2015-ին ունենք միանգամայն այլ պատկեր: Գրեթե 2 անգամ նվազել է հանքագործական արտադրության բաժինը՝ կազմելով 24,2%: Հակառակ դրան՝ նույն համամասնությամբ (գրեթե 2 անգամ) աճել են էլեկտրաէներգիայի, գազի, ջրի արտադրությունը և բաշխումը՝ հասնելով մինչև ՀՆԱ 35,7%-ի: Նման ցուցանիշներ հնարավոր է եղել ապահովել փոքր հէկերի կառուցման ծրագրի իրականացման շնորհիվ: 12 նոր հէկերի կառուցումը հնարավորություն է ընձեռել գրեթե հասնել էլեկտրաէներգիայով ինքնապահովման մակարդակին: 2016թ. 9 ամիսների արդյունքներով՝ արտադրված էլեկտրաէներգիայի ծավալը գերազանցել է սպառումը, և շուրջ 5.0 մլն կվտ էլեկտրաէներգիա արտահանվել է ՀՀ: Զգալիորեն աճել է նաև մշակող արդյունաբերության մասնաբաժինը ՝ կազմելով 40.1%:

Պետբյուջե 2017-ի նախագիծը. Նոյեմբերի 18-ին տեղի ունեցավ Արցախի Հանրապետության կառավարության հերթական նիստը՝ վարչապետ Արայիկ Հարությունյանի նախագահությամբ: Կառավարության անդամները հավանության են արժանացրել «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 2017 թվականի պետական բյուջեի մասին» ԼՂՀ օրենքի նախագիծը: Ըստ դրա՝ Արցախի Հանրապետության 2017թ. համախմբված բյուջեն եկամուտների գծով կկազմի ավելի քան 89 մլրդ 789 մլն դրամ (առանց միջբյուջետային փոխանցումներից ստացվող մուտքերի)՝ ներառյալ Հայաստանի Հանրապետությունից ստացվող միջպետական վարկի գումարը: Բյուջետային ծախսերը գալիք տարի նախատեսվում են ավելի քան 95 մլրդ 299 մլն դրամ (առանց բյուջետային փոխանցումների), իսկ պակասուրդը կկազմի 5 մլրդ 509 մլն դրամ: Պետբյուջեի նախագիծը պլանավորում է նաև Արցախի Հանրապետության համայնքների՝ 2017թ. բյուջեները, որոնք եկամուտների գծով կկազմեն՝ 3 մլրդ 937 մլն դրամ (ներառյալ պետական բյուջեից ստացվող պաշտոնական դրամաշնորհները), ծախսերի գծով՝ ևս 3 մլրդ 937 մլն դրամ: Ըստ նախագծի՝ 2017-ին կանխատեսվում է ավելի քան 254 մլրդ դրամ համախառն ներքին արդյունք, որը կգերազանցի ընթացիկ տարվա ՀՆԱ-ն շուրջ 8%-ով: Ֆինանսների նախարար Սպարտակ Թևոսյանն ըստ ոլորտների ներկայացրել է որոշ մանրամասներ՝ հատկանշելով հիմնական փոփոխությունները և ավելացումները գործող պետբյուջեի համեմատ: Նիստում հավանության արժանացած օրինագծերը և բյուջեի նախագծին ուղեկցող փաստաթղթերը կներկայացվեն ԱԺ քննարկմանը:

Սահմանադրական բարեփոխումներ. Նոյեմբերի 18-ին և 19-ին ԼՂՀ նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի նիստերում ամփոփվել են Արցախի Հանրապետության Սահմանադրության նախագծի նախնական տարբերակի հանրային քննարկումների արդյունքները: Մայրաքաղաքում և բոլոր շրջաններում քննարկումներ անցկացրած հանձնաժողովի անդամները ներկայացրել են նախագծի վերաբերյալ ազգաբնակչության առաջարկություններն ու դիտողությունները: Մասնագիտական հանձնաժողովը ստացված առաջարկությունների և կարծիքների հիման վրա նախագիծը ենթարկել է որոշակի լրամշակման: Նիստերի ընթացքում անդրադարձ է կատարվել նաև Սահմանադրության նախաբանի նախագծային տեքստին: Այնուհետև Սահմանադրության նախագծի նախնական տարբերակը ներկայացվել է հանրապետության նախագահին: Նոյեմբերի 24-ից Բակո Սահակյանը սկսել է մասնագիտական հանձնաժողովի կողմից իրեն ներկայացված նոր Սահմանադրության նախագծի շուրջ խորհրդատվությունները: Նույն օրը նախագահը հանդիպում է ունեցել Արցախյան շարժման մի խումբ ակտիվիստների հետ, նոյեմբերի 28-ին և 29-ին՝ Ազատ հայրենիք, Արցախի ժողովրդավարական և Հայ հեղափոխական դաշնակցություն կուսակցությունների ներկայացուցիչների հետ: Նախագահ Սահակյանն այդ հանդիպումներն ու քննարկումները համարել է բովանդակալից և առարկայական՝ երախտագիտություն հայտնելով ներկաներին ազնիվ և սկզբունքային դիրքորոշման համար: Քննարկումների ավարտից հետո Սահմանադրության նախագիծը կներկայացվի համաժողովրդական քվեարկության, որի նախնական ժամկետ է սահմանվել փետրվարի 20-ը:

Նոյեմբերի 30-ին ԼՂՀ Ազգային ժողովը գումարել է 4-րդ նստաշրջանի հերթական լիագումար նիստը: Խորհրդարանը քննարկել և հավանության է արժանացրել «Հողի հարկի մասին» ԼՂՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին», «Գույքահարկի մասին» ԼՂՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» և «Հարկերի մասին» ԼՂՀ օրենքում լրացում կատարելու մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքների փաթեթը: Առաջին ընթերցմամբ ընդունվել է ԱԺ պատգամավորներ Վահրամ Բալայանի և Ալյոշա Գաբրիելյանի համահեղինակած «Գյուղատնտեսական կոոպերատիվների մասին» ԼՂՀ օրենքը: Խորհրդարանականները երկրորդ ընթերցմամբ հավանության են արժանացրել նաև «Էկոլոգիական կրթության և դաստիարակության մասին», ինչպես նաև «Սնանկության մասին», «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ԼՂՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին», «Պետական տուրքի մասին» ԼՂՀ օրենքում լրացում կատարելու մասին» և «Հարկերի մասին» ԼՂՀ օրենքում լրացում և փոփոխություն կատարելու մասին» ԼՂՀ օրենքները: ԼՂՀ 2016թ. 9 ամսվա պետական բյուջեի կատարման տեղեկատվությամբ հանդես է եկել ԼՂՀ ֆինանսների նախարար Սպարտակ Թևոսյանը: Նրա ներկայացմամբ՝ 9 ամսվա ընթացքում երկրի համախառն ներքին արդյունքը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ աճել է 7,4%-ով և կազմել 145,6 մլրդ դրամ: Ընդհանուր առմամբ, այդ նույն ժամանակաշրջանում ծախսերը կազմել են 53 մլրդ 460 մլն դրամ, որը նախորդ տարվանից ավելի է 342 մլն-ով: 9 ամսվա կտրվածքով առաջնահերթ ծախսերի մասով բոլոր պարտավորությունները կատարված են: Ընդմիջումից հետո, ԱԺ կանոնակարգի համաձայն, նիստը շարունակվել է գործադիր իշխանության մասնակցությամբ: ԼՂՀ վարչապետ Արայիկ Հարությունյանը և նախարարները պատասխանել են պատգամավորների՝ Հայաստանի և Արցախի հանրապետությունների միջև պայմանագրի կնքմանը, ՏԻՄ ընտրություններին, ձմռան ամիսներին ծախսած էլեկտրաէներգիայի և գազի դիմաց վճարումներին, հեռուստատեսության թվայնացման պատճառով ալիքների անջատումներին, որոշ շրջաններում տրանսպորտի ուղեվարձի բարձրացմանը, որոշ գյուղերում հեղուկ գազի մատակարարմանը, և այլ ոլորտներին վերաբերող մի շարք հարցերի: Այնուհետև լիագումար նիստում հրապարակվել է ԼՂՀ հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի 2017թ. տարեկան գործունեության ծրագիրը, որը ներկայացրել է կառույցի նախագահ Հակոբ Ղահրամանյանը:


դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր