• am
  • ru
  • en
Версия для печати
14.10.2016

ՆԵՐՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԼՂՀ-ՈՒՄ 2016Թ. ՍԵՊՏԵՄԲԵՐԻՆ

Руский

   

Հրայր Փաշայան
Արցախի պետական համալսարանի փիլիսոփայության և քաղաքագիտության ամբիոնի դասախոս, քաղաքական գիտությունների թեկնածու

Արցախի Հանրապետությունը 25 տարեկան է. Սեպտեմբերի 2-ին լրացավ ԼՂՀ հռչակման 25-ամյակը: Արցախահայության՝ սեփական ճակատագիրը տնօրինելուն ուղղված այս քայլով ազդարարվեցին հիրավի պատմական և համազգային նշանակություն ունեցող հայկական երկրորդ պետականության ծնունդը և ազատ ու անկախ ապրելու արցախցու դարավոր երազանքը: ԼՂՀ հռչակման 25-ամյակը հանդիսավորությամբ նշվեց ողջ հանրապետությունում: Բարի ավանդույթի համաձայն՝ միջոցառումների պաշտոնական մեկնարկը տրվել է սահմանից՝ դիրքապահ զինծառայողներին պետական այրերի այցելությամբ և ԼՂՀ հռչակմանը նվիրված Անկախության դասով։ Սեպտեմբերի 1-ին նախագահ Բակո Սահակյանի անունից տեղի է ունեցել տոնական ընդունելություն: Իր խոսքում երկրի ղեկավարը նշել է, որ ԼՂՀ հռչակումը կարևոր և շրջադարձային իրադարձություն էր, որը նոր ու փառահեղ էջ բացեց մեր ժողովրդի պատմության մեջ: «Արցախի Հանրապետության կայացումը ողջ հայ ժողովրդի ընդհանուր ձեռքբերումն է, նրա մեծագույն հաղթանակներից մեկը: Նրա անկախությունն ու անվտանգությունը բացառիկ արժեքներ են և ենթակա չեն շահարկումների ու սակարկության: Մեզ համար չկա վերադարձ անցյալին: Յուրաքանչյուր նման փորձ հղի է անկանխատեսելի հետևանքներով և դատապարտված է ձախողման: Մենք նայում ենք միայն դեպի ապագան, որը մեր ժողովրդի և պետության համար անպայման լինելու է պայծառ ու լուսավոր»,- ընդգծել է ԼՂՀ նախագահը: Ընդունելությանը մասնակցում էին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, Արցախի և Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաներ, ներկայացուցիչներ Սփյուռքից, հյուրեր արտերկրից:

Սահմանադրական բարեփոխումներ. Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովը սեպտեմբերի 9-ին հրավիրել է հերթական նիստ՝ շարունակելով սահմանադրական բարեփոխումների նախագծի քննարկումները: Հանձնաժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը որոշ նկատառումներ է ներկայացրել՝ կապված գործողությունների ժամանակացույցի հետ: Հաշվի առնելով գործընթացի սկզբում սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի ներկայացման ժամկետների փոփոխությունները և մասնագիտական հանձնաժողովի առաջարկությունը՝ ԼՂՀ նախագահի սեպտեմբերի 6-ի հրամանագրով սահմանադրական բարեփոխումների նախագծի ներկայացման վերջնաժամկետ է սահմանվել ս.թ. նոյեմբերի 20-ը:

«ԼՂՀ (Արցախի) 25-ամյա պետականության ձեռքբերումներն ու արդի մարտահրավերները». Արցախի երիտասարդ գիտնականների և մասնագետների միավորում ՀԿ նախաձեռնությամբ սեպտեմբերի 15-18-ը կայացավ «ԼՂՀ (Արցախի) 25-ամյա պետականության ձեռքբերումներն ու արդի մարտահրավերները» թեմայով միջազգային երիտասարդական գիտաժողով, որը նվիրված էր Արցախի Հանրապետության հռչակման 25-րդ տարեդարձին: Գիտաժողովի բացման հանդիսավոր արարողությանը, որը տեղի ունեցավ ԼՂՀ Ազգային ժողովի նիստերի դահլիճում, ներկա էին նախագահ Բակո Սահակյանը, ԱԺ խոսնակ Աշոտ Ղուլյանը, կառավարության անդամներ, մասնակիցներ ՀՀ-ից ու արտերկրից: Ողջունելով մասնակիցներին` ԼՂՀ նախագահը կարևորեց ղարաբաղյան հիմնախնդիրն ավելի խոր ուսումնասիրելու և այն աշխարհին ներկայացնելու երիտասարդ գիտնականների նախաձեռնությունը: Գիտաժողովի աշխատանքները շարունակվեցին իրավագիտության, քաղաքագիտության, հոգեբանության, պատմության և տնտեսագիտության բաժանմունքներում: Ներկայացվեց շուրջ 7 տասնյակ զեկույց: Ընդունվեց նաև հայտարարություն, որով մասնակիցները պատրաստակամություն հայտնեցին շարունակել հետագա համագործակցությունը` ԼՂՀ պետականության հետագա զարգացման և Ղարաբաղյան հակամարտության արդարացի կարգավորմանը հասնելու համար:

Միջազգային փառատոներ. Մշակութային ինքնության պահպանման, ազգային և ավանդական արժեքների վերարտադրության և հանրահռչակման, ինչպես նաև միջազգային համագործակցության խթանման քաղաքականության շրջանակներում ԼՂՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության կազմակերպմամբ սեպտեմբերի 15-17-ը Շուշիում կայացավ «ԱրցախԷթնոֆեստ» առաջին միջազգային փառատոնը: Ըստ կազմակերպիչների, փառատոնն անցկացվելու է ամեն տարի՝ տարբեր երկրների ներկայացուցիչների մասնակցությամբ: Յուրաքանչյուր փառատոն կունենա իր նշանաբանը և կներկայացնի ազգային մշկույթի մեկ ուղղություն: Այս տարի փառատոնն անցավ «Երկրի համը» խորագրի ներքո: Փառատոնին իրենց մասնակցությունը բերեցին Ֆրանսիայից, Ռումինիայից, Մոլդովայից, Հարավային Կորեայից, Սիրիայից, Վրաստանից, Հայաստանից ու Արցախից ներկայացած մի շարք հմուտ խոհարարներ: Նույն նպատակն էր հետապնդում սեպտեմբերի 17-ին ԼՂՀ էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության և պատմական միջավայրի պահպանության վարչության նախաձեռնությամբ արդեն ավանդույթ դարձած Գինու փառատոնի կազմակերպումը, որն ամեն տարի անց է կացվում պատմական Տող գյուղում:

ԼՂՀ 2017-2019թթ. պետական միջնաժամկետ ծախսերի ծրագիր. Սեպտեմբերի 27-ին տեղի է ունեցել Արցախի Հանրապետության կառավարության հերթական նիստը՝ վարչապետ Ա.Հարությունյանի նախագահությամբ: Օրակարգային հարցերի շուրջ ելույթով հանդես է եկել ԼՂՀ ֆինանսների նախարար Սպարտակ Թևոսյանը, որը, մասնավորապես, ներկայացրել է «ԼՂՀ 2017-2019թթ. պետական միջնաժամկետ ծախսերի ծրագիրը», ինչպես նաև «ԼՂՀ 2016թ. պետական բյուջեի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու վերաբերյալ առաջարկները: Առաջին հարցի կապակցությամբ ԼՂՀ ֆինանսների նախարարը նշել է, որ 2017թ. կանխատեսվող մակրոտնտեսական ցուցանիշները ՀՆԱ մասով կլինեն 254.2 մլրդ դրամ (իրական աճը` 8.0%), 2018թ.` 280.1 մլրդ դրամ (իրական աճը` 8.0%), իսկ 2019թ.` 308.6 մլրդ դրամ (իրական աճը` 8.0%): Պետական բյուջեի սեփական եկամուտներն առաջիկա երեք տարիներին պլանավորվում են տարեկան միջինը շուրջ 8% աճի շրջանակներում: Պետական բյուջեի ծախսերը 2017թ. կկազմեն 88,880.7 մլն դրամ (2016թ. 87,928.2 մլն դրամի դիմաց, աճը` 1.1%), 2018թ.` 88,858.6 մլն դրամ (նվազումը` 0.1%) և 2019թ.` 89,233.3 մլն դրամ (աճը` 0.4%): Ծրագրով նախատեսվում է նույն ժամանակահատվածում նվազեցնել սղաճի չափը և 2019թ. պետական բյուջեն կատարել 7,681.0 մլն դրամ հավելուրդով, որը, վարչապետի խոսքով, կարող է ուղղվել սոցիալական ծախսերի չնախատեսված ավելացմանը: Նախարարի ելույթից հետո վարչապետը կառավարության քննարկմանն է դրել «ԼՂՀ 2017-2019թթ. պետական միջնաժամկետ ծախսերի ծրագիրը», որը հաստատվել է գործադիր մարմնի անդամների կողմից: «ԼՂՀ 2016թ. պետական բյուջեի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու վերաբերյալ Ս.Թևոսյանը նշել է, որ նախատեսվում է 3 մլրդ դրամով նվազեցնել ԼՂՀ 2016թ. պետական բյուջեով նախատեսված հարկային եկամուտները: Առաջարկվող փոփոխությունը պայմանավորված է ԼՂՀ հարկատուների տնտեսական գործունեության արդյունքների վրա ս.թ. ապրիլին տեղի ունեցած ռազմական գործողությունների հետևանքների ազդեցությամբ (մոտ 1.1 մլրդ դրամի չափով), փոքր և միջին ձեռնարկատիրությանը հարկային արտոնությունների տրամադրմանն ուղղված օրենսդրական փոփոխություններով (մոտ 0.3 մլրդ դրամի չափով), ինչպես նաև խոշոր հարկատու` «Բեյզ Մեթըլս» ՓԲԸ-ի կողմից վճարվող հարկային եկամուտների գծով 2016թ. պետական բյուջեի ձևավորման ժամանակ իրենց իսկ կատարած կանխատեսումների պակասեցմամբ (մոտ 1.6 մլրդ դրամի չափով): Օրինագծով նախատեսվում է 2 մլրդ դրամով նվազեցնել ԼՂՀ 2016թ. պետական բյուջեի մի շարք հատկացումներ: Առաջարկվող նվազեցումները սահմանվել են` հիմնականում հաշվի առնելով ընթացիկ տարվա՝ այս պահի դրությամբ իրականացված ծախսերը: Բացի դրանից, առաջարկվել է 2.7 մլրդ դրամով ավելացնել ԼՂՀ 2016թ. պետական բյուջեով նախատեսված կապիտալ ներդրումների ծրագրի հատկացումները: Օրենքի նախագիծը կուղարկվի խորհրդարանի քննարկմանը:

Մեկնարկել են ԱԺ 4-րդ նստաշրջանի աշխատանքները. Սեպտեմբերի 29-ին ԼՂՀ Ազգային ժողովի ղեկավար Աշոտ Ղուլյանի նախագահությամբ մեկնարկել են ԼՂՀ 6-րդ գումարման ԱԺ 4-րդ նստաշրջանի աշխատանքները: Կանոնակարգ օրենքի համաձայն՝ խորհրդարանը քննարկել և առաջին ընթերցմամբ ընդունել է «Էկոլոգիական կրթության և դաստիարակության մասին» ԼՂՀ օրենքը, որը միտված է բարձրացնել էկոլոգիական կրթության դերը ԼՂՀ կրթական հաստատություններում, հատկապես նախադպրոցական և հանրակրթական մակարդակներում; «Թափոնների մասին» ԼՂՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Ընդերքի մասին ԼՂՀ օրենսգրքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» ԼՂՀ օրենքները, որոնցով կատարելագործվում են նշված օրենքների առանձին բաժինների և հոդվածների դրույթները՝ իրավակիրարկման համար ավելի արդյունավետ դարձնելով դրանք; «Շահութահարկի մասին» ԼՂՀ օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» ԼՂՀ օրենքը, որն ուղղված է նշված օրենքի 38-րդ հոդվածով նախատեսված արտոնությունից օգտվողների շրջանակի ընդլայնմանը: Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ ընդունել է «Բնապահպանական վճարների դրույքաչափերի մասին» ԼՂՀ օրենքը: Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 2016թ. առաջին կիսամյակի պետական բյուջեի կատարման մասին տեղեկատվություն է ներկայացրել ԼՂՀ ֆինանսների նախարար Սպարտակ Թևոսյանը: Ընդմիջումից հետո խորհրդարանը վերսկսել է աշխատանքները, և տեղի է ունեցել օրենսդիր-գործադիր հարցուպատասխանի ընթացակարգ: Կառավարության անդամները՝ փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանի գլխավորությամբ, պատասխանել են ԱԺ պատգամավորների՝ բյուջեում կատարված փոփոխություններին, «Արցախկապ» և «Ղարաբաղ-տելեկոմ» ընկերությունների ծառայություններին, դպրոցների ծանրաբեռնվածությանը, հատուկ կատեգորիայի մարդկանց համար բնակարանաշինությանը, Շահումյանի շրջանի բնակավայրերից երկուսում դպրոցի և հիվանդանոցի շինարարությանը, Պաշտպանության բանակին առնչվող խնդիրներին, ինչպես նաև արտաքին քաղաքականությանը վերաբերող հարցերին:


դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր