• am
  • ru
  • en
Версия для печати
30.08.2016

ԹՈՒՐՔԻԱ-ԻՍՐԱՅԵԼ. ՆՈՐ ԺԱՄԱՆԱԿԱՇՐՋԱՆ

   

Հայկ Գաբրիելյան
Թուրքագետ

2010թ. մայիսի 31-ին տեղի ունեցավ Գազայի հատված մեկնող «Ազատության տորմիղի» միջադեպը, որի ժամանակ իսրայելցի հատուկջոկատայինները տորմիղի դրոշակակիր թուրքական «Մավի Մարմարա» նավում սպանեցին 9 թուրքի (2014թ. մահացավ նաև միջադեպի ժամանակ ծանր վիրավորվածներից մեկը), ինչը հանգեցրեց Թուրքիայի և Իսրայելի միջև հարաբերությունների կտրուկ վատթարացմանը: Միջադեպից հետո Թուրքիան 3 նախապայման ներկայացրեց Իսրայելին` ներողություն խնդրել, փոխհատուցում վճարել և վերացնել Գազայի հատվածի շրջափակումը՝ ընդգծելով, որ առանց այդ 3 կետի իրագործման թուրք-իսրայելական հարաբերությունների կարգավորում տեղի չի ունենա և Թուրքիայի դեսպանը չի վերադառնա Իսրայել:

2016թ. հունիսի 26-ին հայտնի դարձավ, որ Իսրայելը և Թուրքիան հասել են հարաբերությունների կարգավորման համաձայնության, որը ձեռք է բերվել Հռոմում Իսրայելի և Թուրքիայի ԱԳՆ-ների ներկայացուցիչներ Դորե Գոլդի և Ֆերիդուն Սինիրլիօղլուի հանդիպման ժամանակ1: Համաձայնագիրը ստորագրվեց հունիսի 28-ին: Դրանից առաջ թուրքական մամուլում արդեն հրապարակումներ եղել էին, որ երկու երկրները վերջնական համաձայնության են գալու հունիսի 26-ին: Հունիսի 27-ին Թուրքիայի և Իսրայելի վարչապետներ Բինալի Յըլդըրըմը և Բենիամին Նեթանյահուն Հռոմում ներկայացրին համաձայնագրի մանրամասները:

Յըլդըրըմը հայտարարեց. «Իսրայելը $20 մլն-ի փոխհատուցում է վճարելու «Մավի Մարմարայի» միջադեպի ժամանակ զոհվածների ընտանիքներին: Սակայն ամենակարևորն այն է, որ Իսրայելը ներողություն է խնդրել Թուրքիայից միջադեպի համար: Իսրայելը համաձայնել է թույլատրել Գազայի հատված թուրքական հումանիտար օգնություն հասցնելը, և առաջին նավն Իսրայելի Աշդոդ նավահանգիստ կմեկնի օրեր անց՝ իր հետ տանելով 11.000 տոննա մարդասիրական օգնություն: Շուտով աշխատանքը կվերսկսեն դեսպանատները: Հարաբերությունների կարգավորումն օգտակար կլինի թե՛ Թուրքիայի, թե՛ Իսրայելի, ինչպես նաև տարածաշրջանի համար: Մենք հավատում ենք դրան»: Յըլդըրըմի խոսքերով՝ Իսրայելն «ընդունել» է Թուրքիայի բոլոր նախապայմանները2: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը նույնպես հայտարարեց, թե Իսրայելը «կատարել» է իրենց բոլոր նախապայմանները3: Դա, բնականաբար, այդպես չէ:

Առաջին նախապայմանի մասով նշենք, որ 2013թ. մարտի 22-ին Բենիամին Նեթանյահուն (ԱՄՆ ճնշման ներքո) զանգահարեց Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանին և ներողություն խնդրեց «Մավի Մարմարայի» միջադեպի համար` իր այդ քայլը պատճառաբանելով տարածաշրջանում և, մասնավորապես, Սիրիայում ստեղծված նոր իրավիճակով և կարևորելով Սիրիայի հարևաններ Իսրայելի և Թուրքիայի միջև համագործակցությունը: Ի դեպ, դրանով իսկ Թուրքիան դարձավ առաջին պետությունը, որից Իսրայելը ներողություն է խնդրել իր պատմության ընթացքում: Այստեղ անհրաժեշտ է մեջբերել թուրքական ընդդիմադիր Ժողովրդա-հանրապետական կուսակցության (ԺՀԿ) առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուի խոսքերը, որը համաձայնագրից հետո հայտարարեց, թե Իսրայելը ցայժմ գրավոր ներողություն չի խնդրել Թուրքիայից, մինչդեռ Էրդողանը Պուտինին նամակ է գրում և (գրավոր) ներողություն խնդրում4:

Երկրորդ նախապայմանի կատարման մասով հատկանշական է, որ կողմերը ոչինչ չեն հաղորդում փոխհատուցման վճարման կարգավիճակի շուրջ: Դժվար է պատկերացնել, որ Իսրայելի կողմից առաջին նախապայմանի կատարմանը հաջորդած 3 տարիների ընթացքում երկու երկրները չեն կարողացել հստակեցնել փոխհատուցման չափը. մի քանի միլիոն դոլարը այստեղ չէր կարող որոշիչ դեր խաղալ` հաշվի առնելով, թե Իսրայելն ու Թուրքիան որքան շատ են զգում միմյանց կարիքը: Իրականում խնդիրը եղել է ոչ թե փոխհատուցման չափի, այլ կարգավիճակի հստակեցումը: Դեռևս 2013թ. հուլիսին (Նեթանյահուի ներողությունից հետո) Թուրքիայի փոխվարչապետ Բյուլենթ Արընչը հայտարարել էր. «Իսրայելը չի ցանկանում իրեն մեղավոր ճանաչել կատարած հանցանքում և պահանջում է, որ փոխհատուցման վճարումը գնահատվի որպես գթասրտության կամավոր ակտ և ոչ թե որպես հակաիրավական գործունեության համար վնասի փոխհատուցում, ինչպես որ պահանջում է Թուրքիան: Իսրայելը պետք է «Մավի Մարմարայի» գրավումը ճանաչի որպես հանցանք»:

Թուրքիայի երրորդ նախապայմանն էլ ընդհանրապես չի կատարվել, ինչի մասին վկայում է Նեթանյահուի այն հայտարարությունը, թե Իսրայելը շարունակելու է Գազայի հատվածի ծովային շրջափակումը. «Դա մեզ համար անվտանգության շատ կարևոր խնդիր է: Մենք պատրաստ չենք զիջումների գնալ այդ թեմայով: Դա, ՀԱՄԱՍ-ի ուժը չմեծացնելու հետ մեկտեղ, անհրաժեշտ և առաջնահերթ հարց է մեզ համար: Թուրքիան խոչընդոտելու է իր տարածքներից Իսրայելի դեմ ամեն տիպի ահաբեկչությունների իրականացմանը»5:

Մենք տեսնում ենք, որ Իսրայելը, ինչպես և կանխատեսվում էր, չի վերացնելու Գազայի հատվածի ծովային շրջափակումը, քանի որ այն առնչվում է իր ազգային անվտանգությանը, և այդ երկիրը պարզապես չի կարող իրեն թույլ տալ չիմանալ, թե ինչ բեռներ են ուղարկվում Գազայի հատված: Թուրքիայի ներկայացրած այս նախապայմանն իրագործման առումով ամենաբարդն էր, և եթե Թուրքիան այս հարցում հետևողականություն ցուցաբերեր, ապա կողմերի միջև հարաբերությունները դեռ երկար տարիներ կմնային չլուծված:

Թուրքիան հայտարարում է, թե Իսրայելը «թուլացրել» է Գազայի հատվածի շրջափակումը, թույլատրել է, որ թուրքական հումանիտար օգնությունը հասնի Գազայի հատված: Այստեղ թուրքական կողմը չի բարձրաձայնում այն մասին, որ իր հումանիտար օգնությունը նախ պետք է զննման ենթարկվի Իսրայելի նավահանգիստներում և հետո նոր ուղարկվի Գազայի հատված: Երկրորդ` «Մավի Մարմարայի» միջադեպից առաջ, երբ թուրք-իսրայելական հարաբերությունները բարձր մակարդակի վրա էին (բացառությամբ վերջին մեկ տարվա), Թուրքիան կարող էր Գազայի հատված հումանիտար բեռներ ուղարկելու հարցով դիմել Իսրայելին և մերժում չէր ստանա:

Անդրադառնանք Թուրքիային Իսրայելի ներկայացրած նախապայմաններին: ԶԼՄ հաղորդմամբ` Իսրայելը պահանջում էր, որ Թուրքիայի տարածքում կասեցվի ՀԱՄԱՍ-ի գործունեությունը: Սակայն Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն հերքել է, թե Իսրայելն առաջ է քաշել նման նախապայման6: Էրդողանի մամլո քարտուղար Իբրահիմ Քալընի խոսքերով՝ ՀԱՄԱՍ-ը գրասենյակ չունի Ստամբուլում, իսկ նրա առաջնորդ Հալիդ Մաշալը երբեմն գալիս է Թուրքիա, և ճիշտ չի լինի նրա հետ հանդիպումների վայրը փոխելը7: Չնայած դրան` Իսրայելի համաձայնությունից առաջ Էրդողանը Ստամբուլում հանդիպեց ՀԱՄԱՍ-ի քաղաքական բյուրոյի ղեկավար Հալիդ Մաշալին և քննարկեց թուրք-իսրայելական հարաբերությունների կարգավորման հարցը8: Նեթանյահուի վերոնշյալ հայտարարությունը նույնպես վկայում է, որ Թուրքիան պարտավորություններ է ստանձնել ՀԱՄԱՍ-ի մասով (համաձայնագրից օրեր առաջ լրատվամիջոցները հայտնեցին, թե Թուրքիան ու Իսրայելը լուծել են բոլոր խնդիրները՝ բացառությամբ Թուրքիայի տարածքում ՀԱՄԱՍ-ի գործունեությանը վերջ դնելու խնդրի):

Բացի այդ, Իսրայելը պահանջում էր, որ Թուրքիան վերջ դնի իսրայելցի բարձրաստիճան զինվորականների դատական գործընթացներին, որի շուրջ համապատասխան որոշում պետք է ընդունի Թուրքիայի խորհրդարանը: 2014թ. մայիսի 26-ին Ստամբուլի՝ ծանր հանցագործությունները քննող 7-րդ դատարանը «Մավի Մարմարայի» միջադեպի կապակցությամբ որոշեց հեռակա կարգով կալանքի տակ առնել Իսրայելի Գլխավոր շտաբի տվյալ ժամանակվա պետ Գաբի Աշքենազիին, Իսրայելի ռազմածովային ուժերի հրամանատար Էլիեզեր Ալֆրեդ Մարոմին, Իսրայելի ռազմական հետախուզության վարչության ղեկավար Ամոս Յադլինին և Իսրայելի ռազմաօդային ուժերի հետախուզության հրամանատար Ավիշայ Լևիին: 2012թ. մայիսին թուրքական դատախազությունը պահանջել էր իսրայելցի զինվորականներից յուրաքանչյուրին դատապարտել 8578-18.032 տարվա ազատազրկման: Համաձայնագրի ձեռքբերումից հետո Ստամբուլում Իսրայելի գլխավոր հյուպատոս Շաի Քոհենը հայտարարեց, որ իսրայելցի զինվորականների հանդեպ դատական այդ հայցերը չպետք է վերածվեն պատժամիջոցների9։

Իսրայելը նաև պահանջում էր, որ Թուրքիան հրաժարվի միջազգային ասպարեզում իր հակաիսրայելական քայլերից և մասնավորապես ՆԱՏՕ-ի հետ հրեական պետության համագործակցությունը տորպեդահարելուց: Նեթանյահուն Հռոմում հայտարարեց, որ հարաբերությունների կարգավորման մասին համաձայնագիրը Թուրքիային պարտավորեցնում է աջակցել Իսրայելի ինտեգրմանն այն միջազգային կառույցներին, որոնց անդամ է նա: Նեթանյահուն հասկանալ տվեց, որ երկու երկրների մերձեցումն արդեն հանգեցրել է նրան, որ Անկարան դադարեցրել է Բրյուսելում ՆԱՏՕ շտաբ-բնակարանին կից իսրայելական ներկայացուցչության բացման դեմ առարկությունները (Թուրքիան իր վետոն հանել է 2016թ. մայիսի սկզբին10): Փաստորեն, Թուրքիան հետքայլ է կատարել այս հարցում:

Եվ վերջապես, ԶԼՄ-ի համաձայն, Իսրայելը Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորելու շուրջ բանակցությունների ժամանակ առաջ է քաշել նաև նրա կողմից իրեն շարունակ քննադատելու հարցը` կապված Գազայի հատվածի, Արևելյան Երուսաղեմի, Հորդանան գետի Արևմտյան ափի տարատեսակ դեպքերի հետ, որոնք թուրքական կողմն ընկալում է որպես մուսուլմանների իրավունքների ոտնահարում: Հաշվի առնելով, որ մուսուլմանների իրավունքների ինքնահռչակ պաշտպան Թուրքիան նախկինում նման դեպքերի և հատկապես 2014թ. ամռանը Գազայի հատվածի հետ 50-օրյա ռազմական գործողությունների պատճառով բազմիցս խստապես քննադատել է Իսրայելին` կարելի է կարծել, որ այն «պարզապես դատապարտված» է հետագայում նույնպես ամեն անգամ քննադատել Իսրայելին, ինչը չի կարող ապահովել դրական մթնոլորտ:

Իսկ ո՞ր գործոնները երկու երկրներին մղեցին գնալու երկկողմ հարաբերությունների կարգավորմանը: Դրանք բազմաթիվ են` տնտեսական, քաղաքական, ռազմական:

Տնտեսական. Չնայած վերջին 6 տարում թուրք-իսրայելական հարաբերությունները եղել են բավական սրված, դա չի խանգարել, որ կրկնապատկվի երկու երկրների միջև ապրանքաշրջանառության ծավալը11: Վերջին շրջանում երկու երկրների համար հրատապ էր դարձել գազի խնդիրը: Թուրքիայում նախկինում էլ շարունակ հայտարարություններ էին անում, որ երկրի համար վտանգավոր է Ռուսաստանից գազային մեծ կախվածության մեջ մնալը. Ռուսաստանը Թուրքիայի թիվ մեկ (55%) գազամատակարարն է: Այստեղ նման հայտարարություններն ավելի ուժգնացան 2015թ. աշնանը՝ ռուս-թուրքական հարաբերությունների սրացման ֆոնին: Անգամ խոսակցություններ եղան, թե Ռուսաստանը կարող է դադարեցնել գազի մատակարարումը Թուրքիային: Եթե դա տեղի ունենար, ապա դա կնշանակեր Թուրքիայի տնտեսության փլուզում, քանի որ այս փուլում այդ երկիրը պարզապես հնարավորություն չունի խողովակաշարով այլընտրանք գտնել ռուսական գազին. Ադրբեջանից ու Իրանից եկող գազատարները գործում են գրեթե ողջ ծանրաբեռնվածությամբ, մնացյալ բոլոր խողովակաշարերը գտնվում են կա՛մ կառուցման, կա՛մ նախագծման փուլում: Բացի այդ, Թուրքիան ունի գործող մեկ ստորգետնյա գազապաստարան և գազի հեղուկացման երկու տերմինալ, որոնց հզորությունը թույլ չի տա փոխհատուցել ռուսական գազի հնարավոր կորուստը:

Եվ ահա այս ֆոնին այդ երկրի համար էլ ավելի արդիականացավ իսրայելական գազ ներկրելու հարցը, որը որոշակի այլընտրանք կլինի ռուսական գազին և թուրքական մամուլի համաձայն` ավելի էժան կլինի ռուսական գազից: Նախ Նեթանյահուն հայտարարեց, որ իսրայելական գազը կարող է Եվրոպային մատակարարվել Թուրքիայի տարածքով, ապա Իսրայելի էներգետիկայի նախարար Յուվալ Շտեյնիցը հայտարարեց, որ իսրայելական գազը կարող է 3 տարում հասնել Թուրքիա, որտեղից էլ՝ TANAP գազատարով հասնել Եվրոպա, ինչը լավ կլինի թե՛ Իսրայելի, թե՛ Թուրքիայի համար: Նա ընդգծել է, որ իսրայելական գազը կարող է Թուրքիա հասնել Միջերկրական ծովում կառուցվելիք գազատարով, որի երկարությունը կազմելու է 500-550 կմ, սակայն Թուրքիան դեռ չի տվել համապատասխան թույլտվություն12:

Փաստորեն, Թուրքիան կարող է ավելացնել գազամատակարարների թիվը` հանձին Իսրայելի, մեծացնելով տվյալ ոլորտում այլընտրանքային դաշտը (իսրայելական գազը պետք է հասցվի Մերսին նահանգ, որտեղ Քրդստանի աշխատավորական կուսակցության (PKK) զինյալները քանիցս աչքի են ընկել պայթեցումներ իրականացնելով): Բացի այդ, Թուրքիան կարող է դառնալ տարանցիկ երկիր իսրայելական գազը Եվրոպա հասցնելու համար` դրանից բխող դրական բոլոր արդյունքներով (եկամուտներ, սեփական պահանջարկի բարձրացում և այլն): Հեռանկարում Իսրայելից Թուրքիա խողովակաշարի կառուցման դեպքում դրան կարող է միանալ Կիպրոսը, որի գազը նույնպես այդպիսով կհասցվի Թուրքիա, ապա Եվրոպա:

Իսկ ի՞նչն է Իսրայելին մղում իր գազն արտահանել Եվրոպա և դա անել Թուրքիայի տարածքով: Պետք է նշել, որ վերջին տարիներին Իսրայելը գազի խոշոր պաշարներ է հայտնաբերել Միջերկրական ծովում` իր բացառիկ տնտեսական գոտում (ԲՏԳ), ինչը ոչ միայն ապահովել է նրա գազային պահանջարկը, այլև հնարավորություն է ընձեռել իրականացնելու մեծ ծավալներով գազի արտահանում: Սակայն այստեղ Իսրայելը բախվել է գնորդ գտնելու խնդրին: Իսրայելի, ինչպես նաև Կիպրոսի համար թիվ մեկ գնորդ էր համարվում Եգիպտոսը (Իսրայելն ու Կիպրոսն այդ հարցում դարձել էին մրցակիցներ), սակայն 2015թ. օգոստոսի վերջին իտալական ENI ընկերությունը հայտարարեց Եգիպտոսի ԲՏԳ-ում «Զոհր» գազահանքի հայտնաբերման մասին (850 մլրդ մ3), որը խոշորագույնն է Միջերկրական ծովի արևելյան հատվածի համար (մինչ այդ խոշորագույնն իսրայելական «Լևիաֆան» գազային հանքավայրն էր` 500 մլրդ մ3):

Դրանից հետո Եգիպտոսը հրաժարվեց իսրայելական (նաև կիպրական) գազ գնելու պլաններից` դառնալով գազի առումով անկախ երկիր (հետագայում Եգիպտոսը նոր հանքավայրեր գտնելու դեպքում ինքը կարող է դառնալ գազ արտահանող երկիր): Դա մեծ հարված հասցրեց Իսրայելի ծրագրերին, և Իսրայելում սկսեցին այլընտրանքներ փնտրել: Տարածաշրջանում Թուրքիայից բացի գազի խոշորագույն այլ գնորդ չկա, էլ ավելի կարևորվեց իսրայելական գազը Եվրոպա հասցնելը: Այստեղ Իսրայելն ունի 3 հիմնական տարբերակ.

ա) իր գազը հեղուկացված վիճակում հասցնել Եվրոպա: Սակայն ներկայում Իսրայելը (Կիպրոս) չունի գազի հեղուկացման տերմինալ, որտեղից այն լցանավերով կարող էր հասցվել Իտալիայի և Իսպանիայի գազի հեղուկացման տերմինալներ, իսկ դրանց կառուցումը թանկ արժե: Իսրայելը կարող է դա անել իր գազը Եգիպտոս հասցնելով, որն ունի գազի հեղուկացման տերմինալներ: Սակայն այստեղ էլ խնդիրն իսրայելական գազը Եգիպտոս հասցնելն է. «Զոհրի» հայտնաբերումից հետո արդիականությունը կորցրեց Իսրայելից և/կամ Կիպրոսից Միջերկրական ծովով դեպիԵգիպտոս խողովակաշար անցկացնելը, իսկ գործող ցամաքային գազատարը տասնյակ անգամ պայթեցվել է Սինայի թերակղզում գործող զինյալների կողմից:

բ) Իսրայելն ու Կիպրոսը կարող են իրենց գազը Եվրոպա հասցնել ծովային խողովակաշար կառուցելով (Իսրայել-Կիպրոս-Հունաստան): Սակայն պետք է նկատել, որ այդ դեպքում խողովակաշարը կանցնի սեյսմիկ ակտիվ գոտով, և բացի այդ, Թուրքիան կարող է խոչընդոտել խողովակաշարի անցկացմանը` օգտագործելով ինքնահռչակ Հյուսիսային Կիպրոսի թուրքական հանրապետության (ՀԿԹՀ) և Էգեյան հակամարտությունները:

գ) Իսրայելը կարող է իր գազը Եվրոպա հասցնել Թուրքիայի տարածքով, ինչը նրա համար ամենակարճ ճանապարհն է, այդ թվում նաև կիպրական գազի արտահանման համար:

Քաղաքական. Թուրքիան նախորդ ընթացիկ տասնամյակի սկզբին անցում կատարեց նեոօսմանյան քաղաքականությանը, նրան նման հնարավորություն ընձեռեց երկրի տվյալ ժամանակվա արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուի առաջ քաշած «զրո խնդիր հարևանների հետ» քաղաքականության հաջողությունը: Թուրքիան «զրո խնդիր հարևանների հետ» քաղաքականության շնորհիվ կարողացավ կարգավորել, բարելավել, էլ ավելի սերտացնել հարաբերությունները հարևան երկրների (Հունաստան, Բուլղարիա, Իրան, Սիրիա) հետ, անգամ քայլեր ձեռնարկվեցին Հայաստանի ուղղությամբ: Այդ ամենի շնորհիվ 2010թ. ամերիկյան Foreign Policy հեղինակավոր պարբերականը Դավութօղլուին ճանաչեց տարվա լավագույն դիվանագետներից մեկը` «Նոր Քիսինջեր», որի խոսքերն են. «Երբ մենք հասնենք մեր հարևանների հետ զրո խնդիր մակարդակի, այդ ժամանակ արտաքին քաղաքականություն վարելու առումով կստանանք վերին աստիճանի լայն մանևրելու դաշտ»: Թուրքիան, Դավութօղլուի ջանքերի շնորհիվ մեծապես կարգավորելով հարևանների հետ հարաբերությունները, նախ ստացավ լայն մանևրելու դաշտ, ապա ընթացիկ տասնամյակում անցում կատարեց նեոօսմանիզմին (տարիներ առաջ Դավութօղլուն հայտարարել էր, որ Թուրքիան հարկադրված է զբաղվել իր հարևաններով, քանի որ քարտեզի վրա Թուրքիայի շուրջ 1000 կմ տրամագծով շրջանագիծ գծելու դեպքում դրա ներսում կհայտնվի 20 երկիր, իսկ 3000 կմ տրամագծով շրջանագիծ գծելու դեպքում՝ 70 երկիր):

Այդպիսով, Թուրքիան մեծացրեց իր հանդեպ անբարյացակամ տրամադրված երկրների թիվը, որոնք սկսեցին նրան էլ ավելի շատ մեղադրել իրենց ներքին գործերին միջամտելու համար: Դրան նպաստեց նաև «Արաբական գարունը», և տարածաշրջանային գերտերության դերին հավակնող Թուրքիան պարզապես չէր կարող անտեսել այդ դեպքերը, չարտահայտվել դրանց կապակցությամբ, ինչն էլ ենթադրում էր հարաբերությունների բարելավում կամ վատթարացում այդ երկրների հետ` կախված նրանց ներքին զարգացումներից:

Այժմ հասունացել է Թուրքիայի արտաքին քաղաքականությունը որոշակիորեն փոխելու և գոնե ժամանակավորապես «զրո խնդիր հարևանների հետ» քաղաքականությանը վերադառնալու ժամանակաշրջանը` վերականգնելու համար քաղաքական մանևրի դաշտը (Սիրիայում գործող ահաբեկչական խմբավորումներին մեծապես աջակցող Թուրքիան «հաջողացրել» է ուղղակիորեն և անուղղակիորեն «ահաբեկչությանն աջակցելու մեջ» մեղադրել թե´Ռուսաստանին (PKK-ին զենքի մատակարարում), թե´ ԱՄՆ-ին (Սիրիայի քրդերի «ահաբեկչական» Դեմոկրատական միություն կուսակցության հետ համագործակցում), թե´ ԵՄ-ին (սեփական հակաահաբեկչական օրենսդրությունը փոխելու պահանջը հավասարեցնել ահաբեկչությանն աջակցելուն) և հետագայում արտաքին ակտիվ քաղաքականությանը վերստին անցում կատարելու համար:

Եթե նախկինում Թուրքիան լավ հարաբերությունների մեջ էր Իսրայելի հետ և դրանով հարուցում էր արաբական աշխարհի դժգոհությունը, ապա նեոօսմանիզմին անցում կատարելու շրջանակներում որոշվեց ստանալ հակառակ պատկերը` վատթարացնել հարաբերություններն Իսրայելի հետ և շահել արաբական աշխարհի համակրանքը: Այդ նպատակին ծառայեցին 2009թ. Դավոսի միջադեպը (Էրդողանի բոյկոտը), 2010թ. հունվարին «աթոռային ճգնաժամը» (Իսրայելում թուրք դեսպանին ավելի ցածր աթոռի վրա նստեցնելը) և «Մավի Մարմարայի» միջադեպը: Նախկինում թուրքական մամուլը գրել է, որ Էրդողանը մասնակցել է Գազա «Ազատության տորմիղի» ուղարկմանը, ինչը պետք է նպաստեր Իսրայելի հետ հարաբերությունների վատթարացմանը և Թուրքիայի՝ իսլամական աշխարհի առաջնորդ դառնալուն: Իսրայելի հետ համաձայնագրից հետո թուրքական մամուլը գրեց, որ Էրդողանը «Մավի Մարմարայի» միջադեպի հարցում հակասել է իրեն. 2016թ. հունիսի 29-ին նա հայտարարել է, որ իրենք կապ չեն ունեցել Գազայի հատված «Մավի Մարմարայի» ուղարկման հետ և չեն տվել նման թույլտվություն: Մինչդեռ 2014թ. հուլիսի 17-ին Էրդողանը (Թուրքիայի վարչապետ) հայտարարել էր, որ այն ժամանակ իշխանությունն իրենք էին և «Մավի Մարմարային» տվել են նման թույլտվություն13:

Թուրքիայի նոր վարչապետ Բինալի Յըլդըրըմն արդեն մի քանի անգամ հայտարարել է, որ իրենք ձգտելու են նվազեցնել թշնամի երկրների և ավելացնել բարեկամ երկրների թիվը՝ ընդգծելով, որ հավերժ թշնամիներ չեն լինում: Թվում է, թե Թուրքիայի արտաքին քաղաքականությունում կատարվող փոփոխությունները (Ռուսաստանի, Իսրայելի, ինչպես նաև Եգիպտոսի ու Իրաքի մասով) պայմանավորված են Յըլդըրըմի անձով, սակայն իրականում ամեն ինչ որոշում է Էրդողանը, որը վերջապես հասկացավ, որ իր երկրի համար ընտրել է սխալ և կործանարար ուղի, որ պետք է ընդունել սխալները, որոշ հարցերում հետքայլ կատարել և հրաժարվել հետևողական քաղաքականությունից` այն փոխարինելով ճկուն քաղաքականությամբ:

Այս ամենը հիշեցնում է Իրանի օրինակը, որտեղ նման փոփոխություններ գրանցվեցին նախագահի պաշտոնում Հասան Ռոհանիի ընտրվելուց հետո. Իրանը սկսեց զիջումների գնալ իր միջուկային ծրագրի հարցում, զերծ մնալ նախկին կոշտ հայտարարություններից, ինչը դժվար է կապել Ռոհանիի անվան հետ, քանի որ նման հարցերը որոշում է երկրի գերագույն և հոգևոր առաջնորդ, այաթոլա Ալի Խամենեին, որը, ըստ ամենայնի, հասկացել էր, որ ավելի օգտակար է միջուկային զենք ստեղծելուց թեկուզ ժամանակավորապես հրաժարվելը և փոխարենը պատժամիջոցների վերացում ստանալը, ինչի շնորհիվ Իրանը կկարողանա զարգացնել իր տնտեսությունը և էլ ավելի մեծ ակտիվություն ցուցաբերել տարածաշրջանում:

Թուրքիան վերջին շրջանում հարաբերությունները վատթարացրել է արաբական աշխարհի կարկառուն ներկայացուցիչների` Եգիպտոսի, Սիրիայի, ինչպես նաև Իրաքի հետ, Լիբիայում քաոսային իրավիճակ է, Կատարի ու Սաուդյան Արաբիայի հետ հարաբերությունները շարունակում են մնալ բարձր մակարդակի վրա, որոնց համար Իրանն ավելի մեծ խնդիր է, քան Իսրայելը: Այս ամենը նույնպես նպաստում է, որ Թուրքիան գնա Իսրայելի հետ հարաբերությունների կարգավորմանը և նրանց միջև սկսվի լիովին նոր ժամանակաշրջան:

Թուրքիան ու Իսրայելն այժմ կարող են համատեղ գործել ընդդեմ Իրանի և Սիրիայի (Մոսադի նախկին ղեկավար Իբրահիմ Հալևին գարնանը հայտարարեց, որ «Ջաբհաթ ան-Նուսրայի» զինյալները բուժում են ստանում Իսրայելի հիվանդանոցներում), ինչպես նաև PKK-ի դեմ: Այժմ Էրդողանը կկարողանա կատարել վաղեմի ցանկությունը և Իսրայելի թույլտվությամբ այցելել Գազայի հատված (ավելի վաղ Էրդողանը ցանկանում էր Գազա մեկնել Եգիպտոսի տարածքով, սակայն այդ երկրի նախագահ Մոհամեդ Մուրսիին իշխանությունից հեռացնելը խաչ քաշեց այդ ծրագրերի վրա): Թուրքիան այժմ կփորձի Իսրայելի միջոցով ազդել Սիրիայի քրդերի հարցում ԱՄՆ դիրքորոշման վրա, որոնց հաղթարշավը շատ է վախեցնում Անկարային:

Հետաքրքիր կլինի հետևել նաև թուրք-իսրայելական հարաբերությունների կարգավորման համատեքստում Իսրայելի հետ սերտ հարաբերություններ ունեցող Հունաստանի ու Կիպրոսի արձագանքներին և Թուրքիայի հետ սերտ հարաբերություններ ունեցող արաբական աշխարհի արձագանքներին (համարվում է, որ Թուրքիան արաբական աշխարհին առաջին անգամ դավաճանել է 1949թ.` ճանաչելով Իսրայելը, իսկ երկրորդ անգամ` 1990-ականներին` Իսրայելի հետ հարաբերությունների բավական սերտացմամբ): ԱՄՆ-ում հրեական լոբբին նույնպես կարող է օգտակար լինել Թուրքիային, այդ թվում նաև Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևերի դեմ պայքարի համար: Բացի այդ, Թուրքիան կփորձի Նեթանյահուի կառավարության միջոցով ազդել Քնեսեթի վրա` Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձև չընդունելու համար:

Ռազմական. Չնայած վերջին տարիներին թուրք-իսրայելական հարաբերությունների կտրուկ վատթարացմանը` երկու երկրների ռազմական գերատեսչությունների և հատուկ ծառայությունների շփումները շարունակվել են: 2013թ. ամռանն Իսրայելի ՊՆ Զենքի արտահանման վարչության (SIBAT) պետ Շեմայա Ավիելիին, խոսելով թուրք-իսրայելական ճգնաժամի մասին, հայտարարեց. «Մեր կողմից Թուրքիա զենքի արտահանումը երբեք կանգ չի առել, այն շարունակվել է` Իսրայել պետության շահերի պաշտպանությամբ: Միանգամայն ճիշտ է, որ նախորդ տարիների հարաբերությունները նույն կերպ չեն շարունակվում, սակայն, եթե հայացք նետենք թվերին, ապա կտեսնենք, որ Թուրքիա կատարվող զենքի արտահանումը երբեք 0 չի եղել: Զենքի արտահանումն այդ երկիր շարունակվում է նախկին պայմանագրերի շրջանակներում: Զենքի գնման այլ առաջարկներ էլ կան Թուրքիայից, դրանք ուսումնասիրվում են»14:

Հարաբերությունների վատթարացման ժամանակ շարունակվել են Թուրքիայի Ազգային հետախուզական կազմակերպության (MIT) և իսրայելական «Մոսադ» արտաքին հետախուզության միջև շփումները: Օրինակ, 2013թ. հունիսին «Մոսադի» նախկին ղեկավար Թամիր Փարդոն այցելել է Թուրքիա և հանդիպել է MIT ղեկավար Հաքան Ֆիդանի հետ15: Բացի այդ, հաղորդվել էր, որ «Մոսադի» նոր ղեկավար Յոսի Քոհենը պետք է այս տարվա գարնանը ժամաներ Ստամբուլ՝ հանդիպելու Թուրքիայի, Սաուդյան Արաբիայի և Կատարի արտգործնախարարների հետ, որոնք պետք է մասնակցեին ԻՀԿ 13-րդ գագաթաժողովին16:

Թուրքիայի և Իսրայելի միջև հարաբերությունների կարգավորումը դրականորեն կանդրադառնա նաև ռազմական ոլորտում նրանց համագործակցության վրա: Թուրքիան կարող է Իսրայելի օգնությամբ զգալիորեն մեծացնել իր հետախուզական պոտենցիալը: Ընդ որում` խոսքը ոչ միայն Իսրայելից նոր անօդաչու թռչող սարքեր (ԱԹՍ), էլեկտրոնային պայքարի սարքեր գնելու (նախորդ տարեվերջին հաղորդվել էր, որ Թուրքիան շահագրգռված է Իսրայելից գնել նոր ԱԹՍ-ներ), այլև հետախուզական տվյալներ փոխանակելու մասին է: 2012թ. «Թյուրքսամ» միջազգային հարաբերությունների և ռազմավարական վերլուծությունների կենտրոնի փոխնախագահ, դոկտոր, պրոֆեսոր Ջելալեթթին Յավուզը հայտարարել էր, որ Թուրքիան PKK-ի դեմ պայքարում զգում է «Մոսադի» կարիքը: Թուրքիան և Իսրայելը կարող են վերսկսել համատեղ զորավարժությունները, որոնց կարող է միանալ նաև Ադրբեջանը: Թուրքիան կարող է կապող օղակ դառնալ Իսրայելի և Ադրբեջանի միջև և էլ ավելի նպաստել նրանց հարաբերությունների խորացմանը («Իսրայել-Թուրքիա-Ադրբեջան» եռանկյունի):

1 Türkiye ile İsrail anlaştı, Sözcü gazetesi, 26.06.2016.

2 Binali Yıldırım: İsrail, 20 milyon dolar tazminat ödeyecek, Star gazetesi, 27.06.2016.

3 Erdoğan'dan İsrail anlaşmasına ilk yorum, Türkiye gazetesi, 27.06.2016.

4 Kılıçdaroğlu: İsrail'den yazılı bir resmi özür gelmedi, Yeni Hayat gazetesi, 29.06.2016.

5 İsrail Başbakanı Netanyahu: Gazze'ye deniz ablukası sürecek, Hürriyet gazetesi, 27.06.2016.

6 Çavuşoğlu: İsrail ile normalleşmede 'Hamas' diye bir şart yoktur, Posta gazetesi, 22.06.2016.

7 İbrahim Kalın'dan flaş İsrail ve Rusya açıklaması, Milliyet gazetesi, 22.06.2016.

8 Cumhurbaşkanı Erdoğan Halid Meşal ile görüştü, CNN Türk, 24.06.2016.

9 İsrail Başkonsolosu Cohen: Açılan davaların sonunda yaptırım olmayacak, Hürriyet gazetesi, 04.07.2016.

10 'Türkiye, İsrail vetosunu kaldırdı!' NATO'dan da onay çıktı, Milliyet gazetesi, 04.05.2016.

11 Türkiye-İsrail ticareti iki kat arttı, Samanyolu Haber, 26.11.2015.

12 İsrail Enerji Bakanı: İsrail Gazı En Erken 3 Yıla Türkiye'ye Gelecek, Haberler.com, 01.07.2016.

13 Erdoğan'dan 2014: Mavi Marmara'ya izni biz verdik, T24, 30.06.2016.

14 İsrail'in Türkiye'ye silah satışı hiçbir zaman durmadı!, Radikal gazetesi, 24.07.2013.

15 MOSSAD Başkanı Tamir Pardo İstanbul'a geldi, En Son Haber, 12.06.2013.

16 Mossad Başkanı Türkiye'de kimle görüşecek, Tasnim haber ajansı‎, 14.04.2016.


դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր