• am
  • ru
  • en
Версия для печати
16.06.2016

ԹՈՒՐՔԻԱՅԻ ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ (2016թ. մայիս)

Руский

   

Հայկ Գաբրիելյան
Թուրքագետ

Թուրքիա-Ռուսաստան

Տնտեսական. Մայիսին Ռուսաստանի տրանսպորտի նախարարության միջգերատեսչական հանձնաժողովը դիտարկումից հանեց Թուրքիա կանոնավոր չվերթների թույլտվություն ստանալու մասին ռուսական ավիաընկերությունների հայտերը: Nordwind Airlines ավիաընկերությունը թույլտվություն էր խնդրել Օմսկ, Չելյաբինսկ, Պերմ, Սամարա, Ուֆա, Կազան, Նիժնի Նովգորոդ, Վորոնեժ, Վոլգոգրադ քաղաքներից շաբաթական 7 անգամ թռչել Ստամբուլ և Անթալիա: Իսկ Pegas Fly ավիաընկերությունը խնդրել էր շաբաթական 2 անգամ Անթալիա թռչել Կրասնոյարսկ, Իրկուտսկ, Խաբարովսկ, Սամարա, Պերմ, Ուֆա քաղաքներից:

Մայիսին հաղորդվեց, որ 2016թ. առաջին 4 ամիսներին Անթալիայում ռուսաստանցի զբոսաշրջիկների հոսքը նվազել է 90%-ով՝ 2015թ. նույն ժամանակահատվածի համեմատ։ 2016թ. ապրիլին Թուրքիա այցելած օտարազգի զբոսաշրջիկների թիվը նախորդ տարվա ապրիլի համեմատ կրճատվել է 28%-ով՝ մինչև 1.75 միլիոն մարդու: Ռուսաստանցի զբոսաշրջիկների պարագայում անկումը կազմել է 79.28%: Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարարության տվյալներով՝ ապրիլին գրանցվել է վերջին 17 տարվա ամենամեծ անկումը, երբ (1999թ.) հայտարարվեց քուրդ առաջնորդ Աբդուլա Օջալանի կալանավորման մասին (այն ժամանակ դա բողոքի մեծ ալիք էր բարձրացրել Թուրքիայում, և եվրոպացի զբոսաշրջիկներին խորհուրդ չէին տվել այցելել Թուրքիա):

Մայիսին հաղորդվեց, որ 2016թ. առաջին եռամսյակում «Գազպրոմը» Թուրքիային գազի մատակարարումների ծավալը 2015թ. նույն ժամանակահատվածի համեմատ կրճատել է 18%-ով՝ մինչև 6.41 մլրդ մ3-ի: 2015թ. Թուրքիա ռուսական գազի մատակարարումների ծավալը կազմել է 27 մլրդ մ3: Թուրքիայի փոխվարչապետ Մեհմեթ Շիմշեքը հայտարարեց, որ երկրի համար մեծ ռիսկ է գազի հարցում Ռուսաստանից ունեցած կախվածության ներկայիս աստիճանի պահպանումը. «Թուրքիան հարկադրված է երկրում սպառվող բնական գազի 97%-ը ներկրել արտերկրից, ընդ որում՝ գազի 58%-ը ստացվում է Ռուսաստանից, և բնականաբար, Ռուսաստանից նման կախվածության մեջ մնալը մեծ ռիսկ է»:

Մայիսին «Ռոսսելխոզնադզորը» վիրուս հայտնաբերելու պատճառով ժամանակավոր սահմանափակումներ մտցրեց Թուրքիայից դդմիկների, դդումների, հազարի մատակարարման վրա, ինչը տարածվում է նաև երրորդ երկրներից Ռուսաստան մատակարարումների վրա: Դրա հետ կապված` Ռուսաստանի նախագահի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը հերքեց, թե «Ռոսսելխոզնադզորը» զբաղվում է քաղաքականությամբ, և որ նա զբաղվում է միայն իր գործով։ Այդպիսով, Ռուսաստանը գրեթե ամբողջովին կասեցրեց Թուրքիայից մրգերի և բանջարեղենի ներկրումը։ Գյուղմթերքի ոլորտում Թուրքիայի դեմ Ռուսաստանի սահմանած պատժամիջոցներն ուժի մեջ են մտել 2016թ. հունվարի 1-ից:

Քաղաքական. Մայիսին շարունակվեցին Ռուսաստանի և Թուրքիայի բարձրաստիճան ներկայացուցիչների փոխադարձ քննադատությունները, մեղադրանքները: ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարեց, թե Ռուսաստանին մտահոգում են Թուրքիայի կողմից Սիրիայի տարածքի հրետակոծումները, Սիրիայում անվտանգության գոտիներ ստեղծելու պահանջները, ինչպես նաև Թուրքիայի կողմից Սիրիայի տարածքում ռազմական գործողություն պատրաստելու մասին ավելի հաճախակիացող խոսակցությունները: Դրա հետ մեկտեղ, Լավրովը նշեց, որ Մոսկվան կասկածում է, թե որևէ մեկը կհամարձակվի Սիրիայում իրականացնել ցամաքային գործողություն՝ հաշվի առնելով այնտեղ Ռուսաստանի օդատիեզերական ուժերի առկայությունը:

Թուրքիայի նախկին վարչապետ Ահմեթ Դավութօղլուն մինչ այդ հայտարարել էր, թե Թուրքիան կարող է միայնակ ցամաքային ռազմական գործողություն իրականացնել Սիրիայի հյուսիսում: Ս.Լավրովը նաև բարձրացրեց Թուրքիայի և ահաբեկիչների միջև նավթային և անտիկ իրերի մաքսանենգ բիզնեսի հարցը` ընդգծելով, որ Թուրքիայի ղեկավարությունը ոչ միայն ոչինչ չի ձեռնարկել դա կանխելու համար, այլև «ձեռքերն է տաքացրել» այդ բիզնեսով: Ս.Լավրովը նաև հայտարարեց թուրք-սիրիական սահմանը շուտափույթ փակելու անհրաժեշտության մասին և Թուրքիայից պահանջեց Իրաքից հանել իր զորքը:

ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն իր հերթին հայտարարեց, որ «Ջաբհաթ ալ-Նուսրա» և ԻՊ ահաբեկչական խմբավորումների զինյալների կողմից թուրք-սիրիական սահմանի անարգել հատումը ապակայունացնում է իրավիճակը Սիրիայում, որ դա ահաբեկիչներին թույլ է տալիս իրենց ջոկատները համալրել զինյալներով, փոխհատուցել սպառազինության և ռազմատեխնիկայի կորուստները, նպաստում է նրանց ռազմական հնարավորությունների աճին ու նորանոր տարածքներ զավթելու փորձեր ձեռնարկելուն:

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը Ստամբուլի գրավման 563-րդ տարեդարձի կապակցությամբ ունեցած ելույթում դատապարտեց Սիրիայում Ռուսաստանի և Իրանի գործողությունները. «Ի՞նչ գործ ունեն Ռուսաստանն ու Իրանը Սիրիայում: Ինչո՞վ են նրանք զբաղված այնտեղ»:

Մայիսին ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարեց, որ Ռուսաստանն արել է ամեն հնարավոր բան, որպեսզի Թուրքիայի հետ տարաձայնությունները լուծի բանակցային սեղանի շուրջ, սակայն ամեն ինչ կախված է Թուրքիայի ղեկավարության դիրքորոշումից, որը, սակայն, ցանկանում է վերականգնել Օսմանյան կայսրության երբեմնի հզորությունը. «Մենք բոլորս գիտենք, թե ինչ ավարտ ունեցավ Օսմանյան կայսրությունը: Մենք շատ բան ենք հանդուրժել, մենք հիանալի իմացել ենք Ղրիմի և Սիրիայի հարցում Թուրքիայի վարած քաղաքականության մասին»: Խոսելով այն մասին, որ Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն հայտարարել էր հրաժարական տալու պատրաստակամության մասին, եթե Ռուսաստանը կարողանա ներկայացնել Անկարայի կողմից ԻՊ-ին աջակցելու վերաբերյալ գեթ մեկ ապացույց, Մ.Զախարովան հայտարարեց, որ Չավուշօղլուն պետք է հրաժարական տար թուրքական օդուժի կողմից Սիրիայի երկնքում ռուսական ռմբակոծիչը խոցելուց հետո, իսկ ԻՊ-ի հետ կապերի համար ոչ թե հրաժարական են տալիս, այլ բանտ նստում: Մ.Զախարովան դատապարտեց նաև Թուրքիայում խոսքի ազատության շուրջ տիրող իրավիճակը, ուր մարդկանց կալանավորում, ահաբեկում և արտաքսում են ամենափոքր քննադատության, հեգնանքի կամ երգիծանքի փորձի համար:

Մայիսին ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը հայտարարեց, որ Իրաքի Տիկրիտ քաղաքում իսլամականների օգտագործած պայթուցիկ խառնուրդների քիմիական վերլուծությունը ցույց է տվել, որ դրանք արտադրված են եղել Թուրքիայում: Ռուսաստանի փոխարտգործնախարար Գենադի Գատիլովը Թուրքիայի իշխանություններին մեղադրեց Ժնևում միջսիրիական բանակցությունների ընթացքը խոչընդոտելու համար:

Մայիսին թուրքական դատախազությունը եզրակացրեց, որ չկան բավականաչափ հանցանշաններ, որոնք կապացուցեին, որ ռուսական «Սու-24»-ի օդաչուի ենթադրյալ մարդասպան Ալփարսլան Չելիքն է սպանել Օլեգ Պեշկովին: Ապա Ռուսաստանի իրավապահ մարմինները քրեական գործ հարուցեցին Պեշկովի սպանության փաստի կապակցությամբ:

Մայիսին Թուրքիայի ԱԳՆ-ն հայտարարություն տարածեց Ղրիմի թաթարների բռնագաղթի 72-րդ տարելիցի կապակցությամբ` այն որակելով որպես մարդկության պատմության «սև էջ». «Ղրիմի ավելի քան 100 հազ. թաթար այսօր էլ բնակվում է հայրենի հողից հեռու: Ռուսաստանի կողմից Ղրիմի ապօրինի բռնակցումը բացել է ավելի քան 70-ամյա վաղեմության բռնագաղթի վերքերը: Թուրքիան մշտապես կգտնվի Ղրիմի թաթարների կողքին»: Ի պատասխան` Մ.Զախարովան հայտարարեց, որ Թուրքիան փորձում է շահարկել Ղրիմի թաթարների արտաքսումը, նրանց ներկայիս դրությունը և Թուրքիայի իշխանություններին հրավիրեց Ղրիմ` ամեն ինչ սեփական աչքերով տեսնելու համար:

Բացի այդ, Թուրքիայի ԱԳՆ-ն հայտարարություն տարածեց Ռուսաստանում չերքեզների զանգվածային արտաքսման հերթական տարելիցի կապակցությամբ` այն որակելով որպես «մարդկության պատմության ամենազանգվածային հանցագործություններից մեկը». «19-րդ դարում տեղի ունեցած մարտերի ժամանակ ցարական Ռուսաստանը մուտք է գործել Կովկաս, որտեղ հետապնդումների և հալածանքների հետևանքով սպանվել են այդ տարածաշրջանի հարյուր հազարավոր բնակիչներ: Իսկ նրանք, ովքեր ողջ են մնացել, վերաբնակեցվել են Անատոլիայում: Չերքեզների զանգվածային արտաքսումը խորապես մխրճվել է Կովկասի ժողովուրդների հիշողության մեջ և խոր հետք է թողել նրանց սրտերում»:

Մայիսին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը չմեկնեց Ստամբուլ՝ մասնակցելու Համաշխարհային հումանիտար գագաթաժողովին: Դ.Պեսկովը դա պատճառաբանեց Վ.Պուտինի աշխատանքային գրաֆիկի ծանրաբեռնվածությամբ: Վ.Պուտինն իր հերթին հայտարարեց, որ չնայած «Սու-24-ի» միջադեպին` Ռուսաստանը ցանկանում է վերականգնել Թուրքիայի հետ հարաբերությունները. «Բայց Ռուսաստանը Թուրքիայից լսել է ոչ թե ներողություն խնդրելու, ինչպես նաև վնասը փոխհատուցելու պատրաստակամության, այլ միայն հարաբերությունները վերականգնելու ցանկության մասին հայտարարություններ: Մենք նույնպես ցանկանում ենք հարաբերությունների վերականգնում, որոնք մենք չենք փչացրել: Ես ցայժմ չեմ հասկանում, թե ինչու է դա արվել: Հարաբերությունների վերականգնման համար Անկարան, հայտարարություններից բացի, պետք է կոնկրետ քայլեր ձեռնարկի»:

Ապա Էրդողանը հայտարարեց, թե Թուրքիան ցանկանում է վերականգնել հարաբերությունները Ռուսաստանի հետ, սակայն չի հասկանում, թե ինչից է պետք սկսել. «Ես չեմ հասկանում, թե մեզանից ինչպիսի առաջին քայլ են սպասում: Մենք այնպիսի երկիր չենք, որը նստում է մեղադրյալի աթոռին: Չենք ուզում վիճել Ռուսաստանի հետ, ընդհակառակը, ցանկանում ենք զարգացնել հարաբերությունները նրա հետ: Պուտինի հետ եղել ենք ընկերներ, և երբ սխալ գործած օդաչուի կամ այլ պատճառով զոհաբերում են Թուրքիայի նման մեծ երկրի, դա մտածելու տեղիք է տալիս»:

Մայիսին Չավուշօղլուն հայտարարեց, որ Անկարան Մոսկվային առաջարկում է ստեղծել աշխատանքային խումբ՝ կարգավորմանը միտված ապագա քայլերի քննարկման համար: Դ.Պեսկովը, սակայն, հայտարարեց, որ ոչ մի աշխատանքային խումբ ի զորու չէ լուծել երկու երկրների միջև առկա խնդիրները, և որ դա կարող է անել միայն Թուրքիայի ղեկավարությունը` կատարելով Ռուսաստանի նախապայմանները: Ս.Լավրովն էլ հայտարարեց, որ Ռուսաստանը մտադիր չէ առաջինը հանդես գալ Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման նախաձեռնությամբ, սակայն պատրաստ է դիտարկել Անկարայի համապատասխան դիմումները: Նա ընդգծեց, որ դա նոր առաջարկ չէ, և որ աշխատանքային խմբի մասին առաջարկը ստացվել է 2015թ. դեկտեմբերին Բելգրադում ԵԱՀԿ շրջանակներում Թուրքիայի արտգործնախարարի հետ իր հանդիպման ժամանակ:

Մայիսին Թուրքիայի փոխվարչապետ Նուման Քուրթուլմուշը նույնպես հայտարարեց, որ Անկարան հուսով է շուտափույթ կարգավորել ռուս-թուրքական հարաբերություններն ու չի տեսնում անլուծելի խնդիրներ. «Ո՛չ Ռուսաստանը, ո՛չ Թուրքիան չեն կարող զոհաբերել դրանք»: Չնայած դրան` Էրդողանը շարունակեց Ռուսաստանին քննադատելն ու մեղադրելը: Մեկնաբանելով Հաքքարի նահանգի Չուքուրջա շրջանում PKK զինյալների կողմից ռուսական արտադրության «Իգլա» շարժական զենիթահրթիռային համալիրով թուրքական «Կոբրա» մարտական ուղղաթռի ոչնչացումը, որի 2 օդաչուները զոհվել են, Էրդողանը հայտարարեց. «Այո՛, մենք գիտենք, որ Ռուսաստանը զենք է տվել ահաբեկչական կազմակերպությանը: Ներկայումս ահաբեկիչներն (PKK) օգտագործում են Ռուսաստանի տված ՀՕՊ զենք և հրթիռներ, որոնք հատկացվել են Սիրիայի և Իրաքի միջոցով»: Դա ռուս-թուրքական հարաբերությունների վատթարացումից հետո առաջին դեպքն էր, երբ Թուրքիան Ռուսաստանին մեղադրում է PKK-ին զենք մատակարարելու համար: Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Բոգդանովն Էրդողանից պահանջեց ներկայացնել համապատասխան ապացույցներ:

Մայիսին Թուրքիայի նոր վարչապետ Բինալի Յըլդըրըմը խորհրդարանին ներկայացրեց իր կառավարության արտաքին քաղաքականության ծրագիրը, որում նշված էր, որ Անկարան մտադիր է շարունակել Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավորումը: Դրա հետ կապված` Մ.Զախարովան հայտարարեց, որ Մոսկվան Թուրքիայի նոր կառավարության աշխատանքի մասին դատողություններ կանի՝ ելնելով նրա կատարած գործերից, և որ խնդիրը ոչ թե Թուրքիայի կառավարության կազմն է, այլ նրա կուրսը: Ռուսաստանի Դաշնության խորհրդի՝ միջազգային հարցերով հանձնաժողովի ղեկավար Կոնստանտին Կոսաչևը հայտարարեց, որ Թուրքիայի վարչապետի պաշտոնում Բինալի Յըլդըրըմի նշանակումը տեխնիկական հարց էր, որով Էրդողանն ապահովեց կառավարման խորհրդարանական համակարգից նախագահական համակարգի անցնելու հարցը:

Մայիսին Էրդողանը քննադատեց ՆԱՏՕ-ին՝ Սև ծովում ոչ բավարար ներկայության համար. «Անհրաժեշտ է Սև ծովը դարձնել կայունության ծով: Ես խոսել եմ ՆԱՏՕ գլխավոր քարտուղարի հետ, ասել եմ, որ դուք ներկայացված չեք Սև ծովում, ինչի համար էլ այն գրեթե վերածվել է ռուսական լճի: Մենք պետք է կատարենք մեր պարտքը՝ որպես Սև ծովում ափ ունեցող երկիր: Եթե մենք միջոցներ չձեռնարկենք, պատմությունը չի ների մեզ»: Էրդողանը կոչ արեց ուժեղացնել Սևծովյան տարածաշրջանում համագործակցությունն ու համակարգումը և հույս հայտնեց, որ կոնկրետ արդյունքներն ի հայտ կգան արդեն ՆԱՏՕ գագաթաժողովից հետո, որը Վարշավայում անցկացվելու է հուլիսի 8-9-ը:

Թուրքիա-ԱՄՆ

Մայիսին Սպիտակ տան մամլո քարտուղար Ջոշ Էրնեսթը հայտարարեց, որ Ահմեթ Դավութօղլուի հրաժարականը չի ազդի ԱՄՆ և Թուրքիայի համագործակցության, այդ թվում նաև ԻՊ-ին թուլացնելու և ոչնչացնելու համատեղ ռազմավարության վրա: Նրա խոսքով` Անկարան մի շարք կարևոր քայլեր է գործադրել Սիրիայի հետ սահմանային հսկողությունն ուժեղացնելու և Սիրիա օտար զինյալների հոսքը կրճատելու ուղղությամբ:

Մայիսին ԱՄՆ պետդեպարտամենտի խոսնակ Մարկ Թոները հայտարարեց, որ ԱՄՆ-ը շարունակելու է Սիրիայի քրդերի ուժերի (YPG) հետ համագործակցությունը: Թոների խոսքով` ԱՄՆ-ը Սիրիայում համագործակցելու է YPG-ի, իսկ Իրաքում՝ Փեշմերգայի հետ, որոնք ԻՊ-ի դեմ պայքարում ազդեցիկ ուժեր են: Թոները հաստատեց, որ ԱՄՆ-ը Ռաքքան ԻՊ-ից ազատագրելու հարցով աշխատում է Սիրիայի հյուսիսում գործող բազում խմբերի, այդ թվում նաև YPG-ի հետ: Թոները հայտարարեց նաև, որ ԱՄՆ-ում հասկանում են Սիրիայի քրդերի հետ կապված՝ Թուրքիայի մտահոգությունները և դեմ են Սիրիայի քրդերի ինքնավարության կամ կիսաինքնավարության հռչակմանը:

Մայիսին Եվրոպայում ՆԱՏՕ միացյալ ուժերի հրամանատար, ամերիկացի գեներալ Կուրտիս Սկապարոտին ժամանեց Անկարա։ Նա հանդիպեց Թուրքիայի զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ, բանակի գեներալ Հուլուսի Աքարի հետ: Նրանք քննարկեցին Ռաքքայի ազատագրման հարցը (Սիրիայի քրդերն արդեն հայտարարել են, որ ազատագրումից հետո Ռաքքան պետք է մտնի իրենց հիմնած դաշնային միության կազմում): Չավուշօղլուի խոսքով` Անկարան ԱՄՆ-ին առաջարկել է միավորել ջանքերը՝ Սիրիայում «երկրորդ ճակատ» բացելու համար՝ պայմանով, որ դրան չի մասնակցի YPG-ն:

Մայիսին Չավուշօղլուն քննադատեց ամերիկացի զինծառայողներին` YPG տարբերանշաններ կրելու համար. «Թուրքիայի դաշնակից ներկայացող, ահաբեկչության դեմ պայքարի պատրաստակամություն հայտնող երկրի (ԱՄՆ) զինծառայողները չեն կարող օգտագործել ահաբեկչական կազմակերպության խորհրդանիշով հանդերձանք: Դա անընդունելի է: Նրանց (ԱՄՆ) խորհուրդ ենք տալիս Սիրիայում կրել ԻՊ-ի, «Ջաբհաթ ալ-Նուսրայի», իսկ Աֆրիկայում` «Բոկո Հարամի» տարբերանշանները»: Դրանից առաջ Պենտագոնի ներկայացուցիչ Փիթեր Քուկը հրաժարվել էր մեկնաբանել ամերիկացի զինծառայողների լուսանկարները, որոնցում առկա էին YPG տարբերանշանները` հայտարարելով, որ ամերիկացի զինվորականները նախկինում էլ օգտագործել են դաշնակիցների խորհրդանիշները:

Ամերիկացի զինվորականների պահվածքը դատապարտեց նաև Էրդողանը. «Մեզ բարեկամ ասողները, մեզ հետ ՆԱՏՕ-ում միասին գտնվողների զինվորներն իրենց թևերին կրում են YPG տարբերանշաններ։ Դրանից բացի, նրանք հայտարարում են, որ կշարունակեն աջակցել YPG-ին։ Նրանց, ովքեր ասում են, թե YPG-ը կապ չունի PKK-ի հետ, մենք ասում ենք, եկեք ու դասեր ստացեք, մենք ձեզ կներկայացնենք ահաբեկչական կազմակերպության վերաբերյալ բոլոր փաստաթղթերը»։

Չավուշօղլուն նաև հայտարարեց, որ ԱՄՆ-ը չի կատարում Թուրքիայի առջև ստանձնած պարտականությունները՝ Սիրիայի հետ սահմանին ամերիկյան HIMARS համազարկի կրակի ռեակտիվ համակարգեր տեղակայելու համար: Ավելի վաղ Չավուշօղլուն հայտարարել էր, որ Թուրքիան ԱՄՆ-ի հետ պայմանավորվել է մայիսին Սիրիայի հետ սահմանին HIMARS համակարգեր տեղակայելու շուրջ՝ Սիրիայի հյուսիսում ԻՊ-ի դեմ արդյունավետ պայքարի համար: Ներկայում Սիրիայի հետ սահմանի մոտ տեղակայված թուրքական հրետանու առավելագույն հեռահարությունը 40 կմ է, իսկ HIMARS-ինը՝ 90 կմ:

Մայիսին Պենտագոնը հայտնեց, որ նոր սերնդի F-35 ինքնաթիռների վերջնական փորձարկումները տեղի չեն ունենա մինչև 2018թ.` թեև ավելի վաղ ծրագրված էր դա անել 2017թ. կեսերին: Խնդիրներ են ծագել 23 ինքնաթիռների հարցում, որոնք նախատեսված էր փորձարկել: Թուրքական մամուլը դա որակեց «վատ լուր Թուրքիայի համար»` հիշեցնելով, որ Թուրքիան ընդհանուր առմամբ պատվիրել է 100 հատ F-35 մարտական ինքնաթիռ, որոնցից առաջին երկուսը պետք է ստացվեին 2017թ.:

Մայիսին հաղորդվեց, որ Թուրքիան ԱՄՆ-ից այլևս չի գնի հարվածային անօդաչու թռչող սարքեր (ԱԹՍ)՝ կապված ԱՄՆ Կոնգրեսի դիրքորոշման հետ, որը հաճախ դեմ է արտահայտվել Թուրքիային հարվածային ԱԹՍ-ներ ու սպառազինության մի շարք տեսակներ վաճառելուն: Ի պատասխան ամերիկյան իշխանությունների այդ դիրքորոշման՝ Թուրքիան այլևս ԱՄՆ-ից չի գնի հարվածային ԱԹՍ-ներ և սկսել է լուրջ քայլեր ձեռնարկել սեփական հարվածային ԱԹՍ արտադրելու ուղղությամբ:

Թուրքիա-ԵՄ

Մայիսին Թուրքիայում վավերացվեց հետընդունման մասին ԵՄ-ի հետ ստորագրված համաձայնագիրը, ինչն անհրաժեշտ է Շենգենյան գոտու հետ վիզաների չեղյալ հայտարարման համար: Եվրոպական հանձնաժողովը ԵՄ Խորհրդին և Եվրախորհրդարանին առաջարկել էր Թուրքիայի համար սահմանել ոչ վիզային ռեժիմ, ինչի համար Թուրքիան պետք է մինչև հունիսի վերջ կատարի մնացյալ 5 պահանջները (72-ից): Խոսքը կոռուպցիան կանխելու միջոցների, Եվրոպոլի հետ օպերատիվ համաձայնագրի մասին բանակցություններ անցկացնելու և ԵՄ անդամ բոլոր երկրների հետ դատական համագործակցության մասին է: Բացի այդ, Անկարան եվրոպական չափորոշիչներին պետք է համապատասխանեցնի տվյալների պաշտպանության կանոններն ու վերանայի ահաբեկչության դեմ օրենսդրությունը: Էրդողանը, սակայն, քննադատեց եվրոպական իշխանություններին՝ վիզաների չեղյալ հայտարարման հարցում կոշտ չափանիշներ սահմանելու համար: Նա հայտարարեց նաև, որ ԵՄ-ին անդամակցելն իր երկրի ռազմավարական նպատակն է, և հույս հայտնեց, որ ԵՄ-ի կողմից վիզային ռեժիմի վերացումն իր հերթին կօգնի արագացնել Թուրքիայի անդամակցության գործընթացը: Էրդողանը վերստին հայտարարեց, որ ԵՄ-ը չի հատկացրել սիրիացի փախստականների համար խոստացված 3 մլրդ եվրոն. «Այդ միջոցները դեռ չեն ստացվել: Մենք ծախսել ենք արդեն 20 մլրդ դոլար, իսկ միջազգային հանրությունը մեզ տվել է 450 մլն դոլար: Եվրոպան այժմ պետք է Թուրքիայի հետ կիսի փախստականների խնդրի լուծման բեռը»:

Մայիսին Եվրահանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերը հայտարարեց, որ Թուրքիայի հետ ոչ վիզային ռեժիմի մասին ԵՄ պայմանագիրը կարող է խափանվել, եթե Անկարան չկատարի ստանձնած բոլոր պարտավորությունները. «Էրդողանն այդ բարեփոխումների հակառակորդն է, և եթե նա որոշի Թուրքիայի քաղաքացիներին չտրամադրել Եվրոպայում ազատ տեղաշարժվելու հնարավորություն, ապա այդ որոշումը պետք է բացատրի թուրք ժողովրդին։ Դա ոչ թե իմ, այլ նրա խնդիրն է»: Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը հայտարարեց, որ Թուրքիան պետք է կատարի ԵՄ-ի հետ վիզային ռեժիմի վերացման համար ավելի վաղ նախատեսված պայմանները, և որ գնդակը Թուրքիայի դաշտում է: Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը Թուրքիայի իշխանություններին կոչ արեց ԵՄ-ի հետ հարաբերություններում «խաղալ կանոններով, այլ ոչ թե կանոնների հետ»:

Միևնույն ժամանակ, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը պաշտպանեց ԵՄ-ի և Թուրքիայի միջև ձեռք բերված միգրացիոն համաձայնագիրը` հայտարարելով, որ այն օգնում է փրկել մարդկային կյանքեր. «Տարեսկզբից մինչև միգրացիոն գործարքի ուժի մեջ մտնելը Եվրոպա մեկնելիս զոհվել է ավելի քան 350 մարդ, մինչդեռ դրանից հետո՝ 7 մարդ»: Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը նույնպես արդար և անհրաժեշտ որակեց ԵՄ-Թուրքիա միգրացիոն գործարքը:

Մայիսին Էրդողանը սպառնաց ԵՄ-ին, որ Թուրքիան դուրս կգա միգրացիոն համաձայնագրից, եթե ԵՄ-ը երկրի քաղաքացիներին չհատկացնի ոչ վիզային ռեժիմ: Ի պատասխան` Ժան Կլոդ Յունկերը հայտարարեց. «Սպառնալիքները լավագույն դիվանագիտական գործիքը չեն, յուրաքանչյուր ոք պետք է հրաժարվի դրանք կիրառելուց, որովհետև դրանք ընդհանրապես որևէ արդյունքի չեն հանգեցնում: Եվրախորհրդարանը վիզային ռեժիմի վերացման հարցը չի քննարկի այնքան ժամանակ, մինչև Թուրքիայի իշխանությունները չկատարեն բոլոր 72 պայմանները»:

Մայիսին Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը խորհրդարանում հայտարարեց, որ Թուրքիայի անդամակցումը ԵՄ-ին առաջիկա տասնամյակում քիչ հավանական է: Մեկ այլ դեպքում խոսելով ԵՄ-ին անդամակցելու շուրջ բանակցությունների ներկա տեմպերի մասին` Քեմերոնը հայտարարեց, որ դրանց պահպանման դեպքում Թուրքիան 3000 թվականից շուտ չի դառնա ԵՄ անդամ:

Չավուշօղլուն, մեկնաբանելով վիզային ռեժիմի վերացման համար հակաահաբեկչական օրենսդրությունը վերանայելու մասին Թուրքիային ԵՄ ներկայացրած նախապայմանը, հայտարարեց, թե ԵՄ-ը պետք է գիտակցի, որ Թուրքիայի հետ անկարելի է խոսել այն վերջնագրային ձևով, որը ԵՄ-ը կիրառում է Ուկրաինայի և Վրաստանի հանդեպ («կա՛մ դուք մեզ հետ եք, կա՛մ՝ ոչ»:):

Մայիսի վերջին Ժան Կլոդ Յունկերը հայտարարեց. «Թուրքիան վիզային ռեժիմի վերացման համար պետք է կատարի բոլոր 72 պահանջները: Այսօր կատարվել է 69-70 պահանջ: Բաց է մնում, թե արդյոք Թուրքիան կհամաձայնի փոխել իր հակաահաբեկչական օրենքները, ինչը ԵՄ սկզբունքային պահանջ է»:

Մայիսին Մարտին Շուլցը և Ժան Կլոդ Յունկերը հույս հայտնեցին, որ Թուրքիայի նոր վարչապետ Բինալի Յըլդըրըմը կշարունակի ԵՄ-ի հետ կառուցողական համագործակցությունը, իսկ ԵՄ դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին և Եվրոպական հարևանության քաղաքականության հարցերով հանձնակատար Յոհաննես Հահնը լուրջ մտահոգություն հայտնեցին Թուրքիայում պատգամավորներին անձեռնմխելիությունից զրկելու մասին օրինագծի ընդունման կապակցությամբ:

Մայիսին Եվրոպական հանձնաժողովը Թուրքիային հատկացրեց հավելյալ 47 մլն եվրո՝ սիրիացի փախստականների խնդիրները հոգալու համար: 20 մլն եվրոն հատկացվելու է Թուրքիայի առափնյա պահպանության ծառայության պոտենցիալի մեծացմանը, իսկ 27 մլն եվրոն՝ սիրիացի փախստականների համար կրթության մատչելիությանը: Այդպիսով սիրիացի փախստականների կարիքներն ապահովելու համար ԵՄ-ի կողմից Թուրքիային հատկացված գումարի չափը հասավ մոտ 240 մլն եվրոյի:

Մայիսին Թուրքիայի ԱԳՆ-ն և Էրդողանը մտահոգություն հայտնեցին և դատապարտեցին Փարիզում ցուցարարների հանդեպ ոստիկանների գործողությունները` ամոթալի որակելով արևմտյան մամուլի կողմից այդ լուրջ դեպքերն անտեսելը: Դրանք համեմատելով 2013թ. Ստամբուլի Գեզի այգու համար անցկացված ցույցերի հետ` Էրդողանը հայտարարեց. «Գեզի այգու դեպքերի համար մտահոգություններ հայտնածները լռություն են պահպանում Փարիզի դեպքերի կապակցությամբ, ինչը վշտացնում է մեզ: Այսօր այրվում են Փարիզն ու Բրյուսելը, լուրջ բողոքներ, ակցիաներ և նման դեպքեր են տեղի ունենում արևմտյան այլ քաղաքներում: 3 տարի առաջ Ստամբուլի դեպքերն ուղիղ եթերով հեռարձակած մեդիա ընկերությունները կույր, խուլ և անլեզու գտնվեցին այս դեպքերի կապակցությամբ»:

Մայիսին Թուրքիան տարբեր մակարդակներով բազմիցս զգուշացրեց, սպառնաց Գերմանիային, որպեսզի նրա խորհրդարանը հունիսի 2-ին չընդունի Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձև:

Թուրքիա-Ադրբեջան, Վրաստան

Մայիսի սկզբին Ադրբեջան ժամանեց Թուրքիայի ժանդարմերիայի հրամանատար, բանակի գեներալ Գալիբ Մենդին, որը հանդիպումներ ունեցավ Ադրբեջանի ռազմական կառույցների ղեկավարների, այդ թվում նաև պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի հետ, քննարկեց երկու երկրների միջև ռազմական համագործակցության զարգացման հեռանկարները:

Մայիսին Գաբալայում տեղի ունեցավ Ադրբեջանի, Թուրքիայի և Վրաստանի պաշտպանության նախարարներ Զաքիր Հասանովի, Իսմեթ Յըլմազի և Թինաթին Խիդաշելու հանդիպումը, որոնք քննարկեցին տարածաշրջանային և երկկողմ համագործակցությանն առնչվող հարցեր: Հանդիպման արդյունքներով հայտարարվեց, որ Ադրբեջանը, Թուրքիան և Վրաստանը կանցկացնեն համատեղ զորավարժություններ` միտված երեք երկրների զինված ուժերի մարտունակության և մարտական պատրաստականության բարձրացմանը (դրանք կարող են 2017թ. ամռանն անցկացվել Վրաստանում): Կողմերն ընդգծեցին կիբեռանվտանգության ոլորտում սերտ համագործակցության անհրաժեշտությունը, կարևորեցին նավթագազային խողովակաշարերի պաշտպանությունը և պայմանավորվեցին եռակողմ ձևաչափով հաջորդ հանդիպումն ամռանը անցկացնել Բաթումում:

Մայիսին Զաքիր Հասանովի պատվիրակությունը մեկնեց Թուրքիա՝ ներկա գտնվելու Իզմիրում անցկացվող Efes-2016 միջազգային վարժանքների եզրափակիչ փուլին: Այստեղ նա բարձրաստիճան դիտորդների հետ միասին այցելեց Զորավարժությունների ղեկավարման կենտրոն և զենքի ցուցահանդես: Efes-2016 զորավարժություններին ընդհանուր առմամբ մասնակցել է 9 երկիր, Ադրբեջանն այդ զորավարժություններում ներգրավվել է 30 զինծառայողով:

Մայիսի 30-ին Քոնիայում մեկնարկեցին Anadolu Kartalı-2016 («Անատոլիական արծիվ») զորավարժությունները, որոնց մասնակցում են 7 երկրների (Իտալիա, Նիդերլանդներ, Ավստրալիա, Սաուդյան Արաբիա, Պակիստան, Թուրքիա, Ադրբեջան) զինված ուժերի ներկայացուցիչներ: Ադրբեջանի ՊՆ-ը հայտնել է, որ Ադրբեջանը դրանցում ներկայացված է ռազմաօդային ուժերի 3 օդաչուով:

Մայիսին Թուրքիայի խորհրդարանի արտաքին հարցերով հանձնաժողովը հայտարարություն տարածեց, որում ընդգծեց Թուրքիա-Վրաստան հարաբերությունների ռազմավարական և օրինակելի լինելը, ինչպես նաև եվրատլանտյան տարածաշրջանի կայունության և անվտանգության ապահովման գործընթացում Վրաստանի կարևոր դերը: Հանձնաժողովն աջակցություն հայտնեց Վրաստանի տարածքային ամբողջականությանը, Վրաստան-ՆԱՏՕ էական փաթեթի ամբողջական իրագործմանը և կոչ արեց Վարշավայում կայանալիք ՆԱՏՕ գագաթաժողովում անել ուժեղ հայտարարություններ:

Մայիսին Էրդողանը հայտարարեց, թե Թուրքիան մտադիր է կտրուկ մեծացնել Ադրբեջանից գնվող գազի ծավալը. «Ներկայումս մենք գնում ենք 6-7 մլրդ մ3, սակայն մտադիր ենք այդ ծավալը հասցնել մինչև 20-30 մլրդ մ3-ի: Մենք արագացրել ենք Անդրանատոլիական գազատարի (TANAP) նախագծի աշխատանքները, իսկ Բաքու-Թբիլիսի-Կարս (ԲԹԿ) երկաթուղին շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ»: Թուրքիայի տրանսպորտի նախարար Ահմեթ Արսլանը հույս հայտնեց, որ ԲԹԿ կառուցումը կավարտվի այս տարի. «ԲԹԿ կառուցման նախագիծը կարևոր է Թուրքիայի և ողջ տարածաշրջանի համար: ԲԹԿ-ն կնպաստի Կարսը Թուրքիայի առևտրի կենտրոնի վերածելուն: ԲԹԿ-ն իր ներդրումը կունենա ոչ միայն Կարսի, այլև Արդահանի ու Իգդիրի նահանգների համար: Կարսը ճեպընթաց գնացքով կկապվի Անկարայի, (Իգդիրի միջոցով) Նախիջևանի և Արդահանի հետ։ Ավտոճանապարհների զարգացման հետ մեկտեղ դա կփոխի տարածաշրջանի դեմքը»:

Մայիսին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը մեկնեց Ստամբուլ՝ մասնակցելու ՄԱԿ մարդասիրական հարցերով գագաթաժողովին: Իր ելույթում նա արծարծեց ԼՂ և Մեծամորի ատոմակայանի հարցերը: Գագաթաժողովին մասնակցել է նաև Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին, որը հանդիպել է Էրդողանի հետ: Թուրքիայի նախագահը հերթական անգամ աջակցություն է հայտնել Վրաստանի տարածքային ամբողջականությանը և անկասկած է համարել, որ Վրաստանը կդառնա ՆԱՏՕ անդամ: Քննարկվել է նաև ԲԹԿ հարցը:

Ալիևի թուրքական այցից հետո հասարակական-քաղաքական հարցերով նրա օգնական Ալի Հասանովը հայտարարեց, որ Բաքուն պատրաստ է նպաստել Ռուսաստանի և Թուրքիայի հարաբերությունների բարելավմանը, որոնց միջև լարվածությունը չի կարող չանհանգստացնել Ադրբեջանին։ Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը հայտարարեց, որ Հարավային Կովկասի տարածաշրջանում և նրա սահմաններից դուրս կայունության և անվտանգության պահպանման համար կարևոր դեր խաղացող Ռուսաստանի և Թուրքիայի հարաբերությունների ներկա վիճակը ցանկալի չէ Ադրբեջանի համար, և որ Ադրբեջանը նախկինի նման հետաքրքրված է երկու երկրների հետ իր հարաբերությունների ընդլայնմամբ։


դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր