• am
  • ru
  • en
Версия для печати
15.06.2016

ԹՈՒՐՔԻԱՅԻ ՆԵՐՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ (2016Թ. ՄԱՅԻՍ)

Руский

   

Հայկ Գաբրիելյան
Թուրքագետ

Պայթյուններ. Մայիսին Թուրքիայում շարունակվեց «պայթյունների շքերթը»: Նախ պայթյուն տեղի ունեցավ Թուրքիայի հարավ-արևելքում գտնվող Գազիանթեփ քաղաքում: Տեղի ոստիկանական բաժանմունքի մոտ պայթեցվեց պայթուցիկով լեցուն ավտոմեքենա, ինչի հետևանքով զոհվեց 2 ոստիկան, վիրավորվեց ևս 19 մարդ, որոնցից 15-ը՝ ոստիկան: Մայիսին ևս մեկ պայթյուն հնչեց Գազիանթեփում: ԻՊ ենթադրյալ զինյալը ոստիկանության ստուգայցի ժամանակ պայթեցրեց իրեն: Պայթյունից առաջ նաև կրակոցներ էին հնչել:

Մայիսին ավտոմեքենա պայթեցվեց Ստամբուլի Սանջաքթեփե շրջանում գտնվող զորանոցի մոտ, որի հետևանքով տուժեց 8 մարդ, այդ թվում նաև 3 քաղաքացիական և 5 զինվորական անձինք: Ստամբուլի Մալթեփե շրջանում նույնպես պայթյուն գրանցվեց, ինչի հետևանքով տուժեց 4 մարդ: Տուժածները վիրավորվել էին մետաղական տարրերի հարվածներից, որոնց ներսում եղել է փաթեթավորված պայթուցիկ սարք: Փաթեթն անհայտ անձը թողել էր հետիոտնի անցման մոտ:

Մայիսի 10-ին Դիարբեքիրի Բաղլար շրջանում ավտոմեքենայի պայթեցման հետևանքով զոհվեց 3 և վիրավորվեց 45 մարդ: 45 վիրավորներից 33-ը ոստիկաններ էին, 12-ը՝ քաղաքացիներ: Ավտոմեքենան պայթեցվել էր ոստիկանական ավտոբուսի անցնելու ժամանակ: Մայիսի 12-ին 15 տոննա պայթուցիկով լի բեռնատար պայթեցվեց Դիարբեքիրի Սուր շրջանում, ինչի հետևանքով զոհվեց 16 և վիրավորվեց 23 մարդ: Մայիսին Թուրքիայի փոխվարչապետ Նուման Քուրթուլմուշը հայտարարեց, թե հատուկ ծառայությունները 2016թ. 85 խոշոր ահաբեկչություն են կանխել, որոնցից 49-ը կապված էր ահաբեկիչ մահապարտների կամ պայթուցիկով լի ավտոմեքենաների հետ:

Բռնություններ, Կառավարման նախագահական համակարգ

Պատգամավորների անձեռնմխելիություն. Մայիսի սկզբին Թուրքիայի խորհրդարանական սահմանադրական հանձնաժողովն ընդունեց մի շարք պատգամավորների անձեռնմխելիությունից զրկելու մասին որոշում: Այդպիսով պատգամավորների անձեռնմխելիության օրենքը, որը հիշատակվում է 83-րդ հոդվածում և արգելում է պատգամավորներին «կալանավորել, հարցաքննել, դատապարտել առանց խորհրդարանի թույլտվության», համարվում է անվավեր: Դրան «կողմ» քվեարկեցին իշխող Արդարության և զարգացում կուսակցությունը (ԱԶԿ), Ժողովրդա-հանրապետական կուսակցությունը (ԺՀԿ) և Ազգայնական շարժում կուսակցությունը (ԱՇԿ), մինչդեռ քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության (ԺԴԿ) անդամները լքեցին նիստերի դահլիճը:

Դրա շուրջ բանավեճերն անցան լարված պայմաններում, ինչի մասին վկայեց այն փաստը, որ հանձնաժողովի 26 անդամի փոխարեն նիստին մասնակցել է մոտ 100 պատգամավոր, որոնց 2/3-ը բաժին է ընկել ԱԶԿ-ին և 1/3-ը՝ ընդդիմությանը: Նիստը դարձյալ ուղեկցվել է զանգվածային ծեծկռտուքով, որը սկսվել է ԱԶԿ-ական պատգամավոր Մեհմեթ Մեթիների և ԺԴԿ-ական հայ պատգամավոր Գարո Փայլանի արձագանքներից, ինչին միացել են նրանց կուսակիցները: Փայլանն ակնհայտ է համարել, որ եղել է թիրախում, նա հայտարարել է, որ 10-15 մարդ ցանկացել է Լինչի դատաստանի ենթարկել իրեն, և որ այդ հարձակումը եղել է ծրագրված, հաշվի է առնվել իր հայկական ծագումը: Փայլանն ընդգծել է, որ միայն իր անհամաձայնությունն է հայտնել ԱԶԿ-ական պատգամավորներին, ինչից հետո նրանք հարձակվել են իր վրա՝ 20-30 վայրկյանում հասցնելով մոտ 100 հարված և կիրառելով ռասիստական, ատելություն քարոզող արտահայտություններ: Փայլանը հիշեցրել է, որ ծեծկռտուքի ժամանակ ԱԶԿ-ական պատգամավորները շարունակ վանկարկել են՝ «Գարոն այստեղ է, Գարոն այստեղ է…», և դրանով մյուս պատգամավորներին կոչ արել գալ և հարվածել իրեն:

Նշենք, որ մայիսին Փայլանը շահեց ազգայնամոլ Թոլգա Ադըգյուզելի դեմ հայցը, որը սպառնացել էր Կարսի փողոցներում «հայերի որս» սկսել: Թուրքական դատարանը Ադըգյուզելին դատապարտեց 7 ամիս 15 օր ազատազրկման և պարտավորեցրեց վճարել 11.240 թուրքական լիրա (շուրջ $3800) տուգանք: Պատժի կրումը, սակայն, հետաձգվել է` հաշվի առնելով այն հանգամանքը, որ Ադըգյուզելը նախկինում դատված չի եղել:

Սահմանադրական հանձնաժողովից հետո պատգամավորներին անձեռնմխելիությունից զրկելու մասին օրինագիծը քննարկվեց Թուրքիայի խորհրդարանի լիագումար նիստում: Խորհրդարանը նախ աջակցություն հայտնեց տվյալ հարցի քննարկմանը. կողմ քվեարկեց 348 պատգամավոր (անհրաժեշտ էր առնվազն 330 քվե), դեմ՝ 155-ը, ձեռնպահ՝ 8-ը, իսկ 25 քվե ճանաչվեց անվավեր: Օրինագիծն առնչվում է 148 պատգամավորի անձեռնմխելիությունից զրկելուն, որոնց հանդեպ դատախազությունից ստացվել է ընդհանուր 787 դիմում, որոնցից 682-ը գտնվում է խորհրդարանում, իսկ 105-ը` արդարադատության նախարարությունում: Դիմումներն առնչվում են ԱԶԿ-ական 29, ԺՀԿ-ական 55, ԺԴԿ-ական 53, ԱՇԿ-ական 10 պատգամավորի և միակ անկախ (նախկին ԺՀԿ-ական) պատգամավոր Այլին Նազլըաքային:

Ընդգծվում է, որ ամենամեծ թղթապանակն ունի ԺԴԿ համանախագահ Սելահաթթին Դեմիրթաշը` 87 դիմում, որը մեղադրվում է «հանցավոր կազմակերպություն հիմնելու», «ահաբեկչական զինված կազմակերպության անդամ հանդիսանալու և դրա անվան տակ հանցանք գործելու» համար: ԺՀԿ նախագահ Քեմալ Քըլըչդարօղլուի ցուցանիշը կազմում է 48 դիմում, նա մեղադրվում է «նախագահին վիրավորելու», «ժողովրդին ատելության ու թշնամանքի մղելու» համար: «Նախագահին վիրավորելու և սպառնալու» համար մեղադրվող ԱՇԿ նախագահ Դևլեթ Բահչելիի դեմ ստացվել է 10 դիմում:

Օրեր անց Թուրքիայի խորհրդարանն ընդունեց պատգամավորներին անձեռնմխելիությունից զրկել նախատեսող օրինագիծը: Քվեարկությանը մասնակցած 531 պատգամավորներից 373-ը կողմ քվեարկեց դրան, 138-ը` դեմ: 8 պատգամավոր ձեռնպահ է մնացել, 9 քվե դատարկ է եղել, իսկ 3-ը` անվավեր: Սահմանադրական փոփոխությունը պետք է ուժի մեջ մտնի Էրդողանի կողմից վավերացվելուց հետո, որն արդեն պատմական է որակել խորհրդարանի կողմից օրինագծի ընդունումը. «Այսօր տեղի ունեցավ պատմական քվեարկություն: Իմ ժողովուրդը չի ցանկանում խորհրդարանում տեսնել պատգամավորների, որոնք աջակցում են (PKK) անջատողական, ահաբեկչական կազմակերպությանը»:

Դավութօղլուի հրաժարականը. Մայիսի սկզբին ԱԶԿ նախագահ, երկրի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն մոտ 2 ժամանոց հանդիպում ունեցավ Էրդողանի հետ, ինչից հետո հայտարարեց, որ որոշել է մայիսի 22-ին անցկացնել ԱԶԿ արտահերթ համագումար և դրանում չառաջադրել իր թեկնածությունը կուսակցության նախագահ ընտրվելու համար: ԱԶԿ նախագահի և Թուրքիայի վարչապետի պաշտոններին հրաժեշտ տալիս Ահմեթ Դավութօղլուն իր այդ քայլը պայմանավորեց կուսակցության միասնության պահպանմամբ և խոստացավ, որ մշտապես կլինի Էրդողանի կողքին: Դավութօղլուն Թուրքիայի 26-րդ վարչապետ է դարձել 2014թ. օգոստոսի 28-ին՝ օգոստոսի 27-ին տեղի ունեցած ԱԶԿ համագումարում կուսակցության նախագահ ընտրվելու հաջորդ օրը՝ 17-ամյա ընդմիջումից հետո դառնալով պրոֆեսորի կոչում ունեցող Թուրքիայի առաջին վարչապետը Նեջմեթթին Էրբաքանից հետո:

Մեկնաբանելով Դավութօղլուի հրաժարականը՝ Էրդողանը հայտարարեց, որ դա եղել է նրա որոշումը, որ Դավութօղլուի հեռանալը խնդիրներ չի ստեղծի պետական կառավարման համար և ուղղակիորեն չի ազդի երկրի տնտեսության վրա: Էրդողանը նաև հավաստիացրեց, որ կառավարման նախագահական համակարգին անցում կատարելն «անհրաժեշտություն է», և որ դա բխում է ոչ թե իր անձնական, այլ Թուրքիայի ժողովրդի շահերից. «Նոր սահմանադրությունն ու նախագահական համակարգը նախագահի անձնական ցանկությունը չեն: Դա Թուրքիայի համար անհրաժեշտություն է դարձել զարգացման ներկա փուլում: Պետք չէ վախենալ այդ փոփոխություններից: Մենք ակնկալում ենք, որ բոլորը կաջակցեն դրանց: Նոր սահմանադրությունը չի ծառայի մեկ կուսակցության կամ մեկ մարդու շահերին: Գործող խորհրդարանական ձևը հանգեցնում է ճգնաժամերի: Հունիսի 7-ի և նոյեմբերի 1-ի (խորհրդարանական ընտրություններ) անորոշության ժամանակաշրջանը ճգնաժամի չվերաճեց շնորհիվ նախագահական լիազորությունների ուժի: Դա Թուրքիան կդարձնի ուժեղ պետություն»:

Թուրքիայի ՍԴ նախկին ղեկավար, ընդդիմադիր հայացքներով հայտնի Հաշիմ Քըլըչը կտրուկ արտահայտվեց վարչապետ Ահմեթ Դավութօղլուի պաշտոնանկությանը՝ «մեծ ներկայացում» որակելով վարչապետների նշանակման հետ կապված բոլոր մանիպուլյացիաները՝ 2014թ. օգոստոսին վարչապետի պաշտոնում Դավութօղլուին նշանակելը, դրանից 2 տարուց էլ պակաս ժամանակ անց նրա պաշտոնանկությունը, ինչպես նաև վարչապետի պաշտոնում նախագահ Էրդողանի հավատարիմ կողմնակից Բինալի Յըլդըրըմի նշանակումը:

Քեմալ Քըլըչդարօղլուն իր հերթին հայտարարեց, որ 2016թ. մայիսի 4-ին Թուրքիայում իրականացվեց պալատական հեղաշրջում, որն իր տեսակով գերազանցեց անգամ (1997թ.) հետմոդեռնիստական (թավշյա) հեղաշրջումը. «Պարոն Դավութօղլուն զբաղեցրած պաշտոնից հեռանում է ոչ թե 23 մլն մարդու, այլ մեկ մարդու կամքով: Այդ մեկ մարդը մայիսի 4-ին պալատական հեղաշրջում իրականացրած անձն է, որը չի ցանկանում, որ երկրում լինի ժողովրդավարություն և ցանկանում է բռնապետական ռեժիմ»: Հիշեցնենք, որ Ահմեթ Դավութօղլուի գլխավորած ԱԶԿ-ն 2015թ. նոյեմբերի 1-ին Թուրքիայում անցկացված կրկնական խորհրդարանական ընտրությունների արդյունքում հավաքել է ողջ քվեների 49.49%-ը՝ 23.673.541 քվե: Ի դեպ, դրանով իսկ Դավութօղլուն գերազանցել է Էրդողանի ռեկորդը, որի գլխավորած ԱԶԿ-ն 2011թ. հունիսի 12-ի խորհրդարանական ընտրություններում ստացել էր 2 մլն քվե պակաս: Թուրքական մամուլն ընդգծեց, որ Դավութօղլուն դարձավ քվեների 49.5%-ը հավաքած և 550 հոգանոց խորհրդարանում 317 պատգամավորական մանդատ ունեցող իշխանությունից հեռացված առաջին վարչապետը Թուրքիայում:

ԺԴԿ համանախագահ Սելահաթթին Դեմիրթաշը հայտարարեց, որ 2015թ. հունիսի 7-ի խորհրդարանական ընտրություններից հետո Թուրքիայում ցայժմ իրականացվում է պալատական հեղաշրջում. «Պալատական հեղաշրջումն ավարտված գործընթաց չէ, այն շարունակվում է: Արդեն ամեն ինչ վճռելու է նախագահական պալատը, կառավարությունն իր կամքով որոշում չի կայացնի: Թե ով կլինի ԱԶԿ նախագահը, երկրի վարչապետը, ռեկտորները, որ թերթերի սյունակներում ովքեր կգրեն՝ այդ ամենն արդեն որոշելու է նախագահական պալատը: Այս՝ «Մեկ մարդու համակարգի» ձևավորման մեջ ամենամեծ ներդրում ունեցած անձը Ահմեթ Դավութօղլուն է, որը չի պաշտպանել խորհրդարանին և հավատարիմ է գտնվել նախագահական պալատին: Սակայն նախագահական պալատին չի գոհացնում անգամ 99.9%-անոց հավատարմությունը: Դավութօղլուի բացթողումը հենց սա է»:

ԱԶԿ և ԱՇԿ համագումարներ. Մայիսի 22-ին Անկարայում տեղի ունեցավ ԱԶԿ կուսակցության 2-րդ արտահերթ համագումարը, որին մասնակցեցին նաև Թուրքիայի խորհրդարանում ներկայացված մյուս 3 ուժերից 2-ի (ԺԴԿ-ն հրավեր չէր ստացել) ներկայացուցիչները: Համագումարի արդյունքներով՝ տրանսպորտի նախարար Բինալի Յըլդըրըմը դարձավ ԱԶԿ 3-րդ նախագահը (Էրդողանից և Դավութօղլուից հետո): Քվեարկությանը մասնակցեց 1470 պատվիրակներից 1411-ը, որոնցից 1405-ը քվեն տվեց Բինալի Յըլդըրըմի օգտին, մնացյալ 6 քվեն ճանաչվեց անվավեր: Բինալի Յըլդըրըմն այդպիսով դարձավ 20 տարի անց Թուրքիայի առաջին ինժեներ վարչապետը: Վերջին անգամ Թուրքիան ինժեներ վարչապետ ունեցել է 1996-1997թթ., երբ այդ պաշտոնը զբաղեցնում էր Նեջմեթթին Էրբաքանը:

Համագումարի ժամանակ ուշագրավ միջադեպ գրանցվեց. ԱԶԿ նախագահի և երկրի վարչապետի պաշտոններին հրաժեշտ տվող Ահմեթ Դավութօղլուն իր կնոջ` Սարե Դավութօղլուի հետ հերթով ողջունել է նախարարներին, և երբ Սարե Դավութօղլուն մոտեցել է էներգետիկայի և բնական պաշարների նախարար Բերաթ Ալբայրաքին՝ Էրդողանի փեսային, և պարզել է իր ձեռքը, Ալբայրաքը նրա ձեռքը թողել է օդում` փոխարենը ողջունելով գլխի շարժումով: Դրա հետ կապված՝ ընդդիմադիր մամուլը հիշեցրեց, որ Ալբայրաքը նման պահվածք չէր դրսևորել 2015թ. սեպտեմբերի 12-ին տեղի ունեցած ԱԶԿ նախորդ համագումարի ժամանակ, երբ նա դեռ նախարար չէր. այն ժամանակ Ալբայրաքն օդում չէր թողել Դավութօղլուի կնոջ ձեռքը:

ԱԶԿ երկրորդ արտահերթ համագումարի արդյունքներով մեծ փոփոխություններ կատարվեցին կուսակցության Կենտրոնական գործադիր կոմիտեի խորհրդում (MKYK): Մասնավորապես, նրանից դուրս մնացին 6 նախարար և կուսակցության 8 փոխնախագահ: Դա վերաբերում է Թուրքիայի փոխվարչապետներ Նուման Քուրթուլմուշին և Յալչըն Աքդողանին, զբաղվածության և սոցիալական անվտանգության նախարար Սուլեյման Սոյլուին, գյուղատնտեսության և անասնապահության նախարար Ֆարուք Չելիքին, ֆինանսների նախարար Նաջի Աղբալին արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուին: Ցուցակից դուրս են մնացել նաև կուսակցության երկրորդ անձ Մեհմեթ Ալի Շահինը, կուսակցության խոսնակ Օմեր Չելիքը և կուսակցության փոխնախագահներ Մեհմեթ Օզհասեքին, Դողան Քուբաթը, Ֆաթմա Բեթուլ Սայան Քայան, Ռեջեփ Աքդաղը, Այհան Սաֆեր Ուսթունը և Սելչուք Օզդաղը: Թուրքիայի խորհրդարանի նախագահ Ջեմիլ Չիչեքն իր պահանջով չի ընդգրկվել MKYK-ում: Փոխարենը նոր անուններ են հայտնվել MKYK-ում, այդ թվում նաև Ստամբուլից ընտրված ԱԶԿ-ական պատգամավոր Մարգար Եսայանը:

ԱԶԿ համագումարից հետո Թուրքիայի նոր վարչապետ Բինալի Յըլդըրըմը հրապարակեց 65-րդ կառավարության կազմը, որում (նաև MKYK-ում) տեղ չգտնվեց Դավութօղլուի (64-րդ) կառավարությունում փոխվարչապետ Յալչըն Աքդողանի համար, ինչը որակվեց որպես շոկային նորություն: Եվրամիության հարցերով նախկին նախարար Վոլքան Բոզքըրն այս անգամ չի ընդգրկվել կառավարության կազմում: Նոր կառավարությունն ունի իգական սեռի մեկ ներկայացուցիչ, ընդ որում՝ գլխաշոր կրող. ընտանեկան և սոցիալական քաղաքականության հարցերով նախարար է նշանակվել Ֆաթմա Բեթյուլ Սայան Քայան, որն առաջին անգամ զբաղեցրեց նախարարի պաշտոն: Բացի այդ, կառավարության կազմում առաջին անգամ են ընդգրկվել Ֆարուք Օզլյուն (գիտության և արդյունաբերության նախարար), Վեյսի Քայնաքը (փոխվարչապետ), Մեհմեթ Օզհասեքին (շրջակա միջավայրի և քաղաքաշինության նախարար), Ահմեթ Արսլանը (տրանսպորտի, հաղորդակցությունների և նավագնացության նախարար): Թուրքիայի խորհրդարանը վստահության քվե հայտնեց Բինալի Յըլդըրըմի գլխավորած նոր կառավարությանը. կողմ քվեարկեց 550 պատգամավորներից 315-ը: 65-րդ կառավարության կազմում ընդգրկվածների մեծ մասը Էրդողանին մոտ կանգնած անձինք են: Կուլիսների հետևում Բինալի Յըլդըրըմի կառավարությունն անվանում են «Էրդողանի կառավարություն» (արդարադատության նախարար Բեքիր Բոզդաղը ԱԶԿ արտահերթ համագումարի արդյունքներով հայտարարեց, որ ԱԶԿ կուսակցության ժողովրդական անվանումը «Թայիփի կուսակցություն» է):

Մայիսին Թուրքիայի Վճռաբեկ դատարանը թույլատրեց անցկացնել ԱՇԿ համագումար, որի նախաձեռնությամբ հանդես են եկել կուսակցության մի շարք աչքի ընկնող անդամներ, ովքեր պահանջում են նախագահ Դևլեթ Բահչելիի արտահերթ ընտրություններ: Բահչելին, որը կուսակցությունը ղեկավարում է 1997թ., մեղադրվում է վերջին՝ 2015թ. նոյեմբերի ընտրությունները ձախողելու մեջ, երբ կուսակցությունը կորցրել է խորհրդարանում տեղերի ուղիղ կեսը: Բահչելին համաձայնեց անցկացնել կուսակցության նախագահի արտահերթ ընտրություններ և խոստացավ վերստին առաջադրել իր թեկնածությունը: ԱՇԿ արտահերթ մեծ համագումարն անցկացվելու է 2016թ. հունիսի 19-ին:

Հալածանքներ. Մայիսին Անկարայի գլխավոր դատախազությունը հետաքննություն նախաձեռնեց Քեմալ Քըլըչդարօղուի դեմ, ինչի համար հիմք ծառայեցին քաղաքական գործչի խոսքերը: Քըլըչդարօղլուն ավելի վաղ հայտարարել էր, որ ԱԶԿ-ն չի կարող կառավարման նախագահական համակարգին անարյուն անցում կատարել. «Մեկ մարդ կխոսի, Թուրքիան կլռի: Մեկ մարդը կխոսի և ում ցանկանա՝ կնստեցնի բանտ: Դուք չեք կարող անցում կատարել նման նախագահական համակարգի՝ առանց արյուն թափելու: Նախագահը նման ժողովրդավարությունը կարող է իրականացնել միայն մեր դիակների վրայով: Հերիք չէ, որ ձեր ձեռքերը մինչև արմունկն արյան մեջ են, այժմ արյան մեջ են նաև ձեր ատամները»: Քըլըչդարօղլուն ԱԶԿ արտահերթ համագումարը համեմատել է 36-ամյա ընդմիջումից հետո անցկացված ԿԺԴՀ Աշխատավորական կուսակցության համագումարի, իսկ Էրդողանին՝ այդ երկրի առաջնորդ Կիմ Չեն Ինի հետ՝ նրանց երկուսին էլ անվանելով բռնապետներ, որոնց վրա ծիծաղում է ողջ աշխարհը:

Մայիսին Թուրքիայում հետաքննություն սկսվեց Էրդողանին «մտավոր հետամնաց» անվանած ԺՀԿ պատգամավոր Օքան Գայթանջըօղլուի նկատմամբ, որը Քեմալ Քըլըչդարօղլուի գլխավոր խորհրդականն է: Մեկնաբանելով Էրդողանի ցուցումով Թուրքիայի խորհրդարանում պատգամավորներին անձեռնմխելիությունից զրկելու շուրջ քննարկումները՝ Գայթանջըօղլուն ասել էր. «Այստեղից դիմում եմ մտավոր հետամնաց, նախագահ կոչվող չստացված բռնապետին: Թող հանկարծ չփորձի Թուրքիայում լարվածություն ստեղծել»: Դրանից հետո դատախազությունը «Թուրքիայի նախագահին վիրավորելու» պնդումով հետաքննություն սկսեց Գայթանջըօղլուի նկատմամբ: Ընդհանուր առմամբ, Թուրքիայում Էրդողանին «վիրավորելու» մեղադրանքով դատական գործեր են հարուցվել մոտ 2000 մարդու դեմ:

Մայիսին հրապարակվեց Press For Freedom թուրք-բրիտանական նախագծի շրջանակներում պատրաստված զեկույցը, ըստ որի՝ Թուրքիայում տարեսկզբից հեռացվել է 894 լրագրող, որոնցից առնվազն 160-ը՝ ապրիլին: Զեկույցում նաև նշված էր, որ երկու ԶԼՄ «խլացվել» է հոգաբարձուների նշանակումից հետո (Cihan լրատվական գործակալությունը և Zaman թերթը), որոնց կասկածում էին ԱՄՆ-ում բնակվող Ֆեթհուլա Գյուլենի շարժման հետ կապերի համար (մայիսին Իզիմիրում կալանավորվեց Ֆեթհուլա Գյուլենի զարմիկ Մեհմեթ Մեզհեր Գյուլենը, որը պատասխանատու էր Թուրքիայում գյուլենական դպրոցների և ուսումնական կենտրոնների գործունեության համար): Զեկույցի համաձայն՝ այս տարի ձերբակալվել է 33 թուրք լրագրող, 12-ը կանգնել է դատարանի առջև, ևս 12-ին մեղադրանք է ներկայացվել «Թուրքիայի նախագահին վիրավորելու համար», արգելափակվել է 104.904 կայք: Մայիսին Էրդողանը Գյուլենի կրոնական շարժումը որակեց որպես «ահաբեկչական խմբավորում»՝ հավելելով, որ Թուրքիայի իշխանությունները նրա անդամներին պատասխանատվության կենթարկեն օրենքով սահմանված կարգով՝ կառավարությանը տապալելու փորձերի համար:

Մայիսին «պետական գաղտնի փաստաթղթեր հրապարակելու» համար ընդդիմադիր Cumhuriyet թերթի գլխավոր խմբագիր Ջան Դյունդարը դատապարտվեց 5 տարի 10 ամիս, իսկ Անկարայում թերթի բյուրոյի ղեկավար Էրդեմ Գյուլը՝ 5 տարի ազատազրկման: Վերջիններս պարզել էին, որ Թուրքիայի Ազգային հետախուզական կազմակերպությունը (MİT) բեռնատարներով զենք է ուղարկել Սիրիայի ջիհադականներին: Դատախազը «պետական անվտանգությանը վնասելու և գաղտնի տեղեկություններ հրապարակելու համար» պահանջել էր Դյունդարին դատապարտել 25, իսկ Գյուլին՝ 10 տարվա ազատազրկման: Ընդ որում՝ նրանց վրայից հանվել է լրտեսության մասին մեղադրանքը: Ի դեպ, Ստամբուլի դատարանի շենքի մոտ անհայտ անձը մահափորձ կատարեց Ջան Դյունդարի նկատմամբ, երբ նա դատական նիստի ընդմիջման ժամանակ դուրս էր եկել փողոց: Այդ պահին անհայտ անձը 3 անգամ կրակել էր նրա վրա, սակայն Դյունդարը չէր տուժել, իսկ դատական գործընթացը լուսաբանող NTV հեռուստաալիքի մեկնաբան Յագիզ Շենկալը թեթևակի վիրավորվել էր:

Մայիսին Դիարբեքիրի հանրապետական դատախազությունը պատրաստեց քուրդ նախկին (Ստամբուլից ընտրված) պատգամավոր Սեբահաթ Թունջելի դեմ մեղադրականը, որում Թունջելի համար պահանջվում էր 8.6-20 տարվա ազատազրկում՝ «ահաբեկչական կազմակերպության անդամ հանդիսանալու» և «ահաբեկչական կազմակերպության օգտին քարոզչություն կատարելու» համար: Մեղադրականում նշված էր, որ Թունջելն աշխատել է Քրդստանի համայնքների միությունում (KCK), որը Թուրքիայում համարում են Քրդստանի աշխատավորական կուսակցության (PKK) քաղաքացիական թև: Սեբահաթ Թունջելը հայտնի է նրանով, որ 2011թ. մարտի 21-ին (Նովրուզ) Շըրնաքի նահանգի Սիլոփի շրջանում ապտակել էր թուրք ոստիկանապետ Մուրաթ Չեթիներին, իսկ 2015թ. ամռանը հայտարարել էր, թե շատերը ցանկացել են համբուրել իր ձեռքը, որով նա ապտակ է հասցրել ոստիկանապետին։ Իր այդ արարքի համար դատարանը մայիսին Թունջելին մեղավոր ճանաչեց «պաշտոնատար անձին դիմադրություն ցույց տալու» համար և նրան դատապարտեց 1 տարվա ազատազրկման ու տուգանեց 8500 լիրայով ($3000-ից էլ պակաս):

Մայիսին Թուրքիայի խորհրդարանի նախագահ Իսմայիլ Քահրամանը վերստին հանդես եկավ աշխարհիկության վերաբերյալ սկանդալային հայտարարությամբ: Քահրամանը հայտարարեց, որ լաիցիզմը (աշխարհիկություն) հանրապետության հիմքերից չէ, և որ նոր սահմանադրությունում չպետք է լինի լաիցիզմի մասին հոդված: Դրանից առաջ էլ նա հայտարարել էր, որ Թուրքիան պետք է ունենա կրոնական սահմանադրություն: Հիշեցնենք, որ լաիցիզմը Թուրքիայի Հանրապետության հիմնադիր Մուսթաֆա Քեմալ Աթաթուրքի ընդունած 6 սկզբունքներից մեկն է, որը կրոնն անջատում է պետությունից, հանգում է նրան, որ իսլամը դուրս չգա մզկիթի դարպասներից:

Մայիսի սկզբին Էրդողանը գումարեց կառավարության նիստ, որը Թուրքիայի նախագահի պաշտոնը զբաղեցնելուց հետո նմանատիպ արդեն վեցերորդ դեպքն էր: Էրդողանն իր նախագահության ընթացքում առաջին անգամ կառավարության նիստ գումարել է 2015թ. հունվարի 19-ին: Թեև սահմանադրության համաձայն՝ երկրի նախագահն իրավունք ունի գումարել կառավարության նիստեր, սակայն Թուրքիայի նախկին նախագահները հազվադեպ են օգտվել այդ իրավունքից: Մայիսի վերջին աննախադեպ իրադարձություն գրանցվեց բազմակուսակցական համակարգին (1946թ.) անցում կատարած Թուրքիայի Հանրապետությունում: Թուրքիայի 65-րդ կառավարության առաջին նիստում նախագահել է ոչ թե Բինալի Յըլդըրըմը, այլ Էրդողանը: Դա բազմակուսակցական համակարգով Թուրքիայում նմանատիպ առաջին դեպքն էր:

Բինալի Յըլդըրըմը Թուրքիայի վարչապետ դառնալուց հետո հայտարարեց, թե նորմալ է համարում, որ Էրդողանն զբաղվում է երկրի կառավարման հարցերով. «Ասում են, թե նախագահը միջամտում է երկրի կառավարման հարցերին, թող մի կողմ քաշված մնա, ինչպես որ նախորդ նախագահների դեպքում էր: Սակայն ընտրությունների ժամանակ 21.5 միլիոն քաղաքացու աջակցություն ստացած նախագահը, որը պարտավորություններ ունի ընտրողների առջև, կրում է քաղաքական պատասխանատվություն, և դա միջամտություն չէ: Մեր նախագահը կատարում է իրենից պահանջվածը: Նա հանրապետության պատմության մեջ առաջին անգամ միլիոնավոր մարդկանց կողմից ընտրված մեր նախագահն է»: Ի դեպ, Յըլդըրըմը ԱԶԿ երկրորդ արտահերթ համագումարի ժամանակ հայտարարել էր, թե Ստամբուլի երրորդ օդանավակայանը շահագործման կհանձնվի 2018թ. փետրվարի 26-ին` Էրդողանի ծննդյան օրը:

PKK. Մայիսին Թուրքիայի հարավ-արևելքում շարունակվեցին թեժ բախումները թուրքական անվտանգության ուժերի և PKK զինյալների միջև, որոնք ուղեկցվեցին նաև թուրքական ավիացիայի կողմից այդ շրջանները, ինչպես նաև Հյուսիսային Իրաքը ռմբահարելով: Մայիսին թուրքական մամուլը, վկայակոչելով ռազմական աղբյուրները, հայտնեց, որ 2015թ. հուլիսի 24-ից մինչև 2016թ. մայիսի 23-ն ընկած ժամանակահատվածում սպանվել է PKK 7078 զինյալ: Թուրքիայի ներսում վնասազերծվել է 3637 զինյալ, որոնցից 2583-ը սպանվել է, 109-ը՝ վիրավոր վիճակում կալանավորվել, 731-ը կալանավորվել է, 214-ը՝ հանձնվել: Թուրքիայից դուրս վնասազերծված PKK-ականների թիվը հասնում է 3441-ի: Հաղորդվեց նաև, որ միևնույն ժամանակ PKK-ի դեմ պայքարում սպանվել է անվտանգության ուժերի 483 և վիրավորվել 2859 ներկայացուցիչ: Սպանվածներից 296-ը զինվորականներ են, 178-ը՝ ոստիկաններ, 9-ը՝ գյուղական պահապաններ: Վիրավորներից 1568-ը զինվորականներ են, 1257-ը՝ ոստիկաններ, 34-ը՝ գյուղական պահապաններ:

Մայիսին Նուման Քուրթուլմուշը հայտարարեց, որ Թուրքիայի հարավ-արևելքում` Սուր, Սիլոփի, Ջիզրե, Իդիլ և Յուքսեքովա շրջաններում, PKK-ի դեմ հատուկ գործողությունների ժամանակ ավերվել է 6320 շենք՝ մոտ 11.000 բնակարան, որոնց վերականգնումը կարժենա մոտ $300 մլն:

Մայիսին Human Rights Watch միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը հայտարարեց, որ Թուրքիայից քաղաքական ներգաղթյալների թիվն աճելու է այդ երկրում մարդու իրավունքների խախտումների շարունակման պատճառով. «Լուրջ մտահոգություն է հարուցում այն փաստը, որ թուրքական բանակի և քրդերի միջև կոնֆլիկտը դրամատիկ ձևով ձգձգվում է: Հարավ-արևելքի քրդերը, ինչպես նաև մտավորականներն ու ընդդիմադիրները, զանգվածաբար կլքեն Թուրքիան»:

Մայիսին ՄԱԿ մարդու իրավունքների գծով գերագույն հանձնակատարի վարչությունը հայտարարեց, որ Թուրքիայի իշխանություններից դեռ չեն պատասխանել դիմումին, որն առնչվում է վարչության փորձագետների խմբին Թուրքիա մուտք գործելու թույլտվությանը, որպեսզի խումբն անկախ հետաքննություն անցկացնի Թուրքիայի հարավարևելյան քրդաբնակ շրջաններում՝ կապված անզեն խաղաղ բնակչության, ինչպես նաև ծանր սպառազինությամբ քրդաբնակ քաղաքների վրա կանխամտածված կրակելու տեղեկությունների ստուգման հետ:

Մայիսին PKK առաջնորդներից Ջեմիլ Բայըքը հայտարարեց, որ PKK-ն թուրքական քաղաքներում օգնում է երիտասարդներից բաղկացած YPS (քաղաքացիական պաշտպանության քրդական ստորաբաժանումներ) ջոկատներին, այդ թվում նաև զենքով, սակայն ամեն դեպքում նրանք գործում են ինքնուրույն. «PKK-ն անմիջականորեն չի մասնակցում թուրքական քաղաքներում մղված մարտերին: Երիտասարդությունը գործում է սեփական նախաձեռնությամբ: Նրանք այն գյուղերի երեխաներն են, որոնք ոչնչացվել են 1990-ական թթ.: Այդ երիտասարդությունը վերապրել է այդ ամենը և մեծացել է դրա հետ միասին: Դա նրանց իրավունքն է: Մենք է՛լ ավելի շատ կօգնենք նրանց արդար պայքարում, քանի որ մենք էլ ենք սերում ժողովրդից: Պատերազմը մենք չենք սկսել»:

Մայիսին PKK առաջնորդներից Դուրան Քալքանը հայտարարեց, որ նախագահական աթոռը սկսել է ճոճվել Ռեջեփ Թայիփ Էրդողանի տակ, քանի որ քրդական դիմադրությունն ուժեղ հարված է հասցրել իրեն սուլթան պատկերացնող, հավակնոտ քաղաքական գործչի կառավարմանը. «2015թ. ամռանը, ձգտելով ամրապնդել իր իշխանությունը, Էրդողանը հրաժարվեց կարգավորման գործընթացից և վերստին սանձազերծեց կառավարական զորքերի և PKK-ի միջև արյունալի դիմակայություն, որը շրջվեց նրա դեմ: Պատերազմի մեջ մտնելով «Ես կոչնչացնեմ PKK-ն» հայտարարությամբ՝ նա գնաց սպանությունների և գազանությունների, սակայն չկարողացավ հասնել հաջողության, պարտվեց և մեն-մենակ մնաց աղետի հետ: Գործնականում նա պարզապես պարտություն է կրել»:


դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր