ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅՈՒՆ ՎԻՐՏՈՒԱԼ ՀԱԿԱՌԱԿՈՐԴԻ ՀԵՏ․ ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՔԱՐՈԶՉՈՒԹՅԱՆ ՅՈՒՐԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Սամվել Մարտիրոսյան
«Նորավանք» ԳԿՀ Տեղեկատվական կենտրոնի փորձագետ
Ապրիլի 2-ից Ադրբեջանի սանձազերծած մարտական գործողությունները Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դեմ ուղեկցվում էին տեղեկատվական գործողություններով, որոնց ընթացքում ակնհայտ դարձավ, որ ադրբեջանական քարոզչությունը ներքին լսարանի համար յուրահատուկ մեթոդներով է գործում։ Լրատվամիջոցների վերահսկելիությունն այնքան մեծ է, որ իշխանությունները կարողանում են իրականացնել լիարժեք վիրտուալ պատերազմ վիրտուալ հաղթանակներով։
Ադրբեջանի ներքին հասարակական, քաղաքական կյանքն այսօր փաստացի գտնվում է այն վիճակում, երբ ընդդիմությունը բացակայում է, լրատվամիջոցները նախագահականի կողմից վերջնականորեն վերցվել են վերահսկողության տակ, հասարակական կազմակերպությունների մեծ մասը նրանից անմիջականորեն ղեկավարվող կառույցներ են։
Այս վիճակում ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերվա ադրբեջանական ագրեսիան Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դեմ առաջին ժամերին բացարձակապես չէր ուղղորդվում տեղեկատվական ոլորտում։ Այն դեպքում, երբ ապրիլի 2-ի առավոտյան արդեն ոչ միայն հայաստանյան, այլ նաև միջազգային մամուլն էր իրավիճակն ակտիվորեն ներկայացնում որպես պատերազմական, Ադրբեջանում լրատվամիջոցները մինչև կեսօր ընդհանրապես լռում էին, կարծես ոչինչ չէր կատարվում։ Փաստացի, օրվա երկրորդ կեսին միայն ադրբեջանական մամուլը և պետական կառույցները սկսեցին արձագանքել։ Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը նույնիսկ հայտարարեց, որ ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովից է իմացել, որ շփման գծում վիճակը սրվել է։
Ադրբեջանական լրատվամիջոցների, պետական կառույցների լռությունը հարձակման առաջին ժամերին, ամենայն հավանականությամբ, կապված է հենց տեղեկատվական հոսքերի գերվերահսկելիության հետ։ Քանի որ Ադրբեջանում մամուլը վերջին տարիներին դարձել է գրեթե լիովին վերահսկելի Ալիևի ռեժիմի կողմից, ապա լրատվամիջոցները գերադասում են ինքնուրույն չլուսաբանել ռազմական թեմաները1։ Այդ պատճառով, երբ ապրիլի 2-ին ադրբեջանական պլաններն արդեն ձախողվել էին, մամուլը չուներ հստակ հրահանգ, թե ինչպես լուսաբանել իրավիճակը։ Այդ պատճառով էլ լուսաբանում չէր իրականացվում, մինչև որ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ընտրեց մոտեցումներ և դրանք հրապարակեց, ինչն էլ ուղեցույց դարձավ նաև լրատվամիջոցների համար։
Պատերազմական գործողությունների ընթացքում Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը շարունակում էր նույն գործը, որը որդեգրվել էր վերջին երկու տարիների ընթացքում․ հնարավորինս թաքցնել սեփական կորուստները, չհրապարակել զոհված զինվորականների անձնական տվյալները։ Որպես հետևանք՝ ներքին լսարանի համար ստեղծվում էր այնպիսի տպավորություն, թե հիմնականում կորուստներ կան միայն հայկական կողմից։ Կորուստների մասին տեղեկատվություն սոցիալական ցանցերի միջոցով փորձում էին գտնել ընդդիմադիր Meydan TV լրատվամիջոցի (աշխատում է Բեռլինից) լրագրողները։
Ընդհանուր պատերազմական հաղթող ներկայանալու ցանկությունն Ալիևի ռեժիմի կողմից սկսեց դրսևորվել արդեն հրադադարի հայտարարման պահից՝ վերահսկելի լրատվամիջոցներով։ Լրագրողների միջոցով բանակը սկսեց ներկայացնել բացարձակ հորինված, թատերականացված նյութեր, որտեղ ցուցադրվում էին Լեռնային Ղարաբաղի գյուղեր և քաղաքներ, որոնք, իբր, գտնվում են ադրբեջանական զինուժի վերահսկողության տակ։ Այսպես, ANS PRESS հեռուստաընկերությունը ռեպորտաժներ է ներկայացրել իբր Թալիշ գյուղից, չնայած արտասահմանյան լրագրողները հայկական կողմից արդեն այցելել էին բնակավայր՝ համոզվելով, որ այն հայկական կողմի վերահսկողության տակ է2 (տե՛ս Նկար 1)։
Հետագայում մամուլով սկսեցին տարածվել նյութեր, որոնք կոչված էին ապացուցելու, թե, իբր, ադրբեջանական բանակը գրավել է Ֆիզուլի, Ջաբրայիլ քաղաքները (տե՛ս Նկար 2)։ Որպես փաստեր կեղծելու գործիք օգտագործվում էին ադրբեջանական կողմում գտնվող մարզային ցուցանակները։ Չնայած սոցցանցերի մոնիթորինգը ցույց է տալիս, որ ադրբեջանական օգտատերերի մեծամասնությունն էյֆորիայի մեջ է, սակայն արդեն կարելի է տեսնել օգտատերերի, որոնք սկսել են հասկանալ սեփական մամուլի և ՊՆ մանիպուլյացիաների ոճը (տե՛ս Նկար 3)։
Ընդհանուր առմամբ, այսօր Ադրբեջանի հասարակության վրա տոտալ վերահսկվող լրատվամիջոցներով իրականացվող մանիպուլյատիվ ազդեցությունը թույլ է տալիս Ալիևի վարչակազմին լուծել կարճաժամկետ խնդիրներ և որպես լուրջ ռազմական հաղթանակ ներկայացնել իրավիճակը։ Երկարաժամկետ ընթացքում նման գործողությունները կարող են հակառակ արդյունք տալ և բնակչությանը թերահավատ դարձնել բոլոր տիպի ռազմական նորությունների հանդեպ։
1 Details about Azerbaijan. Reporters Without Borders, https://index.rsf.org/#!/index-details/AZE
2 Ağdarə rayonu Talış kəndinin ünvanını göstərən lövhə basdırıldı, https://www.youtube.com/watch?v=HmxVL2dk87s
դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր
- ԸՍՏ ՕՐԻՆԱԳԾԻ «ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿԸ» ՀԱՆԳԻՍՏ ԿԱՐՈՂ Է ԴԻՏԱՐԿՎԵԼ ՈՐՊԵՍ ԱՆԱՆՈՒՆ ՀՂՈՒՄ. Սամվել Մարտիրոսյան[20.10.2021]
- ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ԻՆՏԵՐՆԵՏԻ ՏՐԱՆՍՖՈՐՄԱՑԻԱՆԵՐԸ[27.09.2018]
- ՈՒՂԻՂ ԵԹԵՐՆԵՐԻ ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ (ինչպես ձևափոխվեց տեղեկատվական դաշտը)[08.06.2018]
- ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴԵՄ ՀԱՔԵՐԱՅԻՆ ՀԱՐՁԱԿՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ[05.04.2018]
- ՀԱՄԱՑԱՆՑԻ ԵՎ ԲՋՋԱՅԻՆ ԿԱՊԻ ՆԵՐԹԱՓԱՆՑՈՒՄԸ, ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՄԵԴԻԱՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ (2017Թ.)[07.12.2017]
- ՀԱՅԱՍՏԱՆԸ ԿԻԲԵՌԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՎԱՐԿԱՆԻՇԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ[06.10.2017]
- ՀԱՄԱՑԱՆՑԻ ԵՎ ԲՋՋԱՅԻՆ ԿԱՊԻ ՆԵՐԹԱՓԱՆՑՈՒՄԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ 2016Թ.[26.07.2017]
- ՀԱՅԱՍՏԱՆԻ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԿՐԻՏԻԿԱԿԱՆ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԸ[31.05.2017]
- ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀՈՍՔԵՐԻ ՍՂՈՒԹՅՈՒՆԸ՝ ԿՐԻՏԻԿԱԿԱՆ ԽՆԴԻՐ[10.05.2017]
- ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՀԱՔԵՐՆԵՐԸ ԹԻՐԱԽԱՎՈՐՈՒՄ ԵՆ ՀԱՅ ՕԳՏԱՏԵՐԵՐԻՆ[29.03.2017]
- ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԿԻԲԵՌԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ․ ԻՐԱՎԻՃԱԿԸ 2016Թ.[30.01.2017]