ՀԱՅԱՍՏԱՆԻ ՑԱՆՑԱՅԻՆ ՏԻՐՈՒՅԹԻ ԽՆԴԻՐՆԵՐԸ
Սամվել Մարտիրոսյան
«Նորավանք» ԳԿՀ Տեղեկատվական հետազոտությունների կենտրոնի փորձագետ
Հայաստանի ցանցային տիրույթում մի շարք ոլորտներ զարգանում են միջազգային տեմպերին զուգահեռ։ Այսպես, օրինակ, բջջային կամ ինտերնետ կապի ներթափանցումը Հայաստանում լավագույններից է ԱՊՀ երկրներում և մոտ է միջազգային միջին վիճակագրական տվյալներին։ Սակայն կապի անվտանգության, դոմենային տիրույթի և հոսթինգային հնարավորությունների տեսանկյունից Հայաստանն ունի սկզբունքային խնդիրներ։
Ինտերնետ կապի խափանման ռիսկերը
Այսօր ամենալուրջ խնդիրներից է Հայաստանի կապի հնարավոր մեկուսացումը (իզոլյացիան), որը կարող է մի քանի պատճառներ ունենալ։ Հայաստանն իր աշխարհաքաղաքական դիրքի պատճառով այն երկրներից է, որտեղ ինտերնետ կապը կարող է խափանվել օբյեկտիվ ֆիզիկական պատճառներով։ Ըստ Renesys կազմակերպության, Հայաստանը մտնում է ինտերնետ կապի հնարավոր խզումների մեծ ռիսկայնության գոտի, ինչը պայմանավորված է երկրին արտաքին աշխարհի հետ կապ տրամադրող կազմակերպությունների սահմանափակ քանակով (տե՛ս Նկար 1)։ Հայաստանի դեպքում այդ կազմակերպությունների թիվը 4-ն է, մինչդեռ Renesys փորձագետների գնահատմամբ՝ հուսալի կապ ունենալու համար երկրի մատակարարողների թիվը պետք է գերազանցի տասը1։
Հիմնական ինտերնետ կապը Հայաստանից դեպի դուրս գնում է Վրաստանի տարածքով։ Բացի այդ, գոյություն ունի Իրանի ուղղությունը, որն ավելի շուտ պահեստային դեր ունի այսօրվա դրությամբ։ Փաստացի, Թուրքիայի և Ադրբեջանի ուղղություններն արգելափակված են Հայաստանի համար ընդհանուր շրջափակման պատճառով։ Ուստի, Վրաստանի տարածքում մալուխի հետ կապված խնդիրները բերում են ինտերնետ կապի հիմնավոր կամ մասնակի խաթարման։ Մալուխների ֆիզիկական վնասվածքները պարբերաբար զրկում են Հայաստանը ինտերնետ կապից։ Կարելի է բերել մի շարք օրինակներ՝ 2006թ. մայիսին2, 2010թ. հուլիսին3, 2011թ. մարտին4, 2011թ. ապրիլին5 և այլն։
Ինտերնետ կապի խաթարման նկարագրված դեպքերը կապ ունեին տեխնիկական վթարների հետ։ Սակայն, հաշվի առնելով քաղաքական իրավիճակը, նաև հնարավոր են հայաստանյան ինտերնետ կապի դեմ դիվերսիոն գործողություններ Ադրբեջանի գաղտնի ծառայությունների կողմից։ Նման վտանգի հավանականությունն աճում է՝ քաղաքական և ռազմական իրավիճակի սրմանը զուգահեռ։ Պատերազմական գործողությունների վերսկսումը հայ-ադրբեջանական սահմանին մեծ հավանականությամբ կարող է հանգեցնել Ադրբեջանի գաղտնի ծառայությունների դիվերսիոն գործողությունների Հայաստանն ապահովող մալուխների դեմ՝ ինչպես Վրաստանի, այնպես էլ Իրանի տարածքում։
Բացի այդ, սահմանափակ մալուխային հնարավորությունները կարող են հանգեցնել կապի մասնակի կամ ընդհանուր խաթարման հաքերային հարձակումների պատճառով։ Արդեն իսկ վերջին տարիներին արձանագրվել են մի շարք նմանատիպ հզոր հարձակումներ, որոնք, հնարավոր է, նաև էլ ավելի հզորանան6։
Հայաստանյան ցանցային տիրույթի զարգացածությունը
Հայաստանի ցանցը մի շարք ցուցանիշներով բավական թույլ է զարգացած։ Այսպես, կայքերի տեղակայման տեսանկյունից Հայաստանը չի համարվում բարենպաստ տարածք։ Չնայած լայնամասշտաբ ուսումնասիրություններ այս ոլորտում չեն կատարվում, սակայն մասնակի տվյալներից կարելի է տեսնել, որ կայքերը գերադասում են տեղակայել արտերկրի հոսթինգային կազմակերպություններում։ Այսպես, 89 ամենաընթերցվող հայաստանյան լրատվական կայքերից ընդամենը 17-ն էին տեղակայված հայաստանյան հոսթինգների վրա7։
Նաև դանդաղ է զարգանում .am տիրույթը: 2015թ. սեպտեմբերի 10-ի տվյալներով՝ այս տիրույթում գրանցված էր մոտ 23.400 դոմենային անուն: Հաշվի առնելով, որ Հայաստանի բնակչության կեսից ավելին ինտերնետից օգտվողներ են, սա կազմում է չնչին տոկոս: Համեմատության համար նշենք, որ Գերմանիայի .de դոմենային տիրույթում այդ նույն ժամանակ կար մոտ 16.000.000 գրանցված անվանում8: Ռուսաստանի Դաշնությունում .ru տիրույթում կա մոտ 4.930.000 գրանցված անվանում, ինչպես նաև մոտ 864.000 անվանում ռուսալեզու .рф տիրույթում9:
Իրավիճակն ինչ-որ առումով կարող է փոխել նորաստեղծ հայալեզու .հայ դոմենային տիրույթը, որի նախնական գրանցումները սկսվեցին 2015թ. սեպտեմբերի 1-ին: Սակայն ակնհայտ է, որ ցանցային ինքնուրույն ակտիվությունը, տնտեսական ակտիվությունը Հայաստանում ցածր են, ինտերնետից միջին օգտվողը շարունակում է այցելել ոչ հայաստանյան հարթակներ, իսկ տեղական այցելվող, սպառվող կայքերը կամ ցանցային ծառայությունները հիմնականում լրատվական տիպի կայքեր են10:
1 Could It Happen In Your Country? http://research.dyn.com/2012/11/could-it-happen-in-your-countr/
2 Հայաստանը անորոշ ժամանակով զրկվել է ինտերնետային կապից, http://www.azatutyun.am/content/article/1583388.html
3 Վրաստանը Հայաստանին զրկել է ինտերնետ մուտք գործելու հնարավորությունից, http://news.am/arm/news/24498.html
4 Հայաստանը զրկվել էր կապից. Վրաստանը կիբեռհանցագործ է դարձրել 75-ամյա Հայաստան Շաքարյանը, http://news.am/arm/news/54563.html
5 Հայաստանի բնակչության 80 տոկոսը զրկվել է կապից. Վրաստանում դարձյալ մալուխ է վնասվել, http://www.panorama.am/am/society/2011/05/20/without-internet-connection/
6 Սամվել Մարտիրոսյան, DDOS հարձակումները Հայաստանի վրա դառնում են մտահոգիչ, http://www.noravank.am/arm/articles/detail.php?ELEMENT_ID=12704
7 Technical Aspects of Armenian News Media Sites, http://media.am/en/Armenian-online-media-technical-characteristic
8 DENIC http://www.denic.de/en/homepage.html
10 http://www.similarweb.com/country/armenia
դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր
- ԸՍՏ ՕՐԻՆԱԳԾԻ «ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿԸ» ՀԱՆԳԻՍՏ ԿԱՐՈՂ Է ԴԻՏԱՐԿՎԵԼ ՈՐՊԵՍ ԱՆԱՆՈՒՆ ՀՂՈՒՄ. Սամվել Մարտիրոսյան[20.10.2021]
- ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ԻՆՏԵՐՆԵՏԻ ՏՐԱՆՍՖՈՐՄԱՑԻԱՆԵՐԸ[27.09.2018]
- ՈՒՂԻՂ ԵԹԵՐՆԵՐԻ ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ (ինչպես ձևափոխվեց տեղեկատվական դաշտը)[08.06.2018]
- ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴԵՄ ՀԱՔԵՐԱՅԻՆ ՀԱՐՁԱԿՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ[05.04.2018]
- ՀԱՄԱՑԱՆՑԻ ԵՎ ԲՋՋԱՅԻՆ ԿԱՊԻ ՆԵՐԹԱՓԱՆՑՈՒՄԸ, ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՄԵԴԻԱՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ (2017Թ.)[07.12.2017]
- ՀԱՅԱՍՏԱՆԸ ԿԻԲԵՌԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՎԱՐԿԱՆԻՇԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ[06.10.2017]
- ՀԱՄԱՑԱՆՑԻ ԵՎ ԲՋՋԱՅԻՆ ԿԱՊԻ ՆԵՐԹԱՓԱՆՑՈՒՄԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ 2016Թ.[26.07.2017]
- ՀԱՅԱՍՏԱՆԻ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԿՐԻՏԻԿԱԿԱՆ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԸ[31.05.2017]
- ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀՈՍՔԵՐԻ ՍՂՈՒԹՅՈՒՆԸ՝ ԿՐԻՏԻԿԱԿԱՆ ԽՆԴԻՐ[10.05.2017]
- ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՀԱՔԵՐՆԵՐԸ ԹԻՐԱԽԱՎՈՐՈՒՄ ԵՆ ՀԱՅ ՕԳՏԱՏԵՐԵՐԻՆ[29.03.2017]
- ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԿԻԲԵՌԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ․ ԻՐԱՎԻՃԱԿԸ 2016Թ.[30.01.2017]